Գլխավոր տեղեկություն
Номер
N 398
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.1998-23.11.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.07.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.07.1998
Дата вступления в силу
06.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.11.1999

041.0398.08.07.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 1998 թվականի N 398
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վԱրչապետի 1998 Թ.
ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 398 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ճյուղի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը:

Վարչությունը պատասխանատվություն է կրում ճյուղում տիրող վիճակի և դրա հետագա զարգացման, գիտատեխնիկական զարգացման քաղաքականության, ոլորտում շուկայական հարաբերությունների անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ու սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) օդային փոխադրումների զարգացման պետական ծրագրերի մշակումն ու իրագործումը.

բ) ավիացիայի համակարգում գիտատեխնիկական զարգացման քաղաքականության իրականացումը.

գ) իր իրավասության սահմաններում` թռիչքների ապահովման համակարգերի և միջոցների, օդանավակայանների շահագործման միասնական նորմերի և կանոնների մշակումն ու սահմանումը.

դ) թռիչքների անվտանգության նորմաների, օդաչվական (ավիացիոն) տեխնիկայի, օդանավակայանների, օդային երթևեկության միջոցների, համակարգերի և կապի շահագործման բնագավառում սահմանված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահպանման վերահսկումը.

ե) սահմանված կարգով օդանավերին, օդանավակայաններին, ավիաընկերություններին, ավիաձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), օդաչվական (ավիացիոն) այլ գործառույթներ իրականացնողներին համապատասխան հավաստագրեր տալը.

զ) օդային երթևեկության կառավարման մարմինների կողմից օդանավերի, վերգետնյա սարքավորումների, ռադիոտեխնիկական միջոցների և օդանավակայանների շահագործման կանոնների կատարման վերահսկումը.

է) հանրապետության տարածքում օդաչվական (ավիացիոն) պատահարների քննությունը, իսկ հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած քաղաքացիական օդաչվական (ավիացիոն) պատահարների քննություն անցկացնող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար մասնագետների առանձնացումը.

ը) բոլոր քաղաքացիական օդաչվական (ավիացիոն) պատահարների հաշվառումը.

թ) օդաչվական մասնագետների պատրաստումը, օդանավերի անձնակազմերին որակավորման կարգերի շնորհումը, օդանավերի հրամանատարների պատրաստման կարգի մշակումն ու հաստատումը և նրանց տվյալ պաշտոնում նշանակումը.

ժ) քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ օրենսդրական ակտերի նախագծերի պատրաստումը.

ժա) քաղաքացիական ավիացիայի օդանավերի և օդանավակայանների պետական մատյանի վարումը.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի ճյուղում սակագնային քաղաքականության իրականացումը.

ժգ) օդային հաղորդակցության բնագավառում միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստումը.

ժդ) քաղաքացիական ավիացիայի ճյուղի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը.

ժե) օդային տրանսպորտում կիրառվող գների, սակագների, օդանավակայանային և օդագնացության կոպարների, զեղչերի մասին առաջարկությունների մշակումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման, տնտեսական գործունեության լիցենզիաների տրման չափանիշների սահմանումը և լիցենզիաներ, ինչպես նաև շահագործողի վկայական տալը.

ժէ) աղետի մեջ գտնվող կամ աղետի ենթարկված օդանավերի որոնման աշխատանքների վերաբերյալ կանոնների հաստատումը և այդ աշխատանքների ղեկավարումը.

ժը) իր իրավասության սահմաններում իրականացնում է օդային տարածքի օգտագործման պետական կարգավորումը:

3. Վարչությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտեր.

բ) դադարեցնում է օդանավերին, օդանավակայաններին, օդային ուղիներին, ավիաընկերություններին, թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին, օդային երթևեկության կառավարման մարմիններին տրված հավաստագրերի գործողությունը` սահմանված պահանջներին դրանց անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնում է օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման, տնտեսական գործունեության լիցենզիաների, ինչպես նաև շահագործողի վկայականի գործողությունը.

դ) սահմանված կարգով դադարեցնում է օդաչվական (ավիացիոն) անձնակազմի վկայականների գործողությունը.

ե) համաձայնություն է տալիս օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք բարձրահարկ շենքերի ու կառույցների շինարարական նախագծերին.

զ) իր ներկայացուցչին, որպես ստուգող, մասնակից է դարձնում Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերությունների անձնակազմերի թռիչքներին.

է) թույլատրում (արգելում) է քաղաքացիական օդանավերի մուտքը Հայաստանի օդային տարածք, ինչպես նաև դրանց վայրէջքը Հայաստանի օդանավակայաններում:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Վարչության համակարգն ընդգրկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

5. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

6. Վարչությունն իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

7. Վարչությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և դրանց հիման վրա իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի ծառայություններից օգտվող բոլոր իրավաբանական անձանց և քաղաքացիների համար.

բ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի հետ` մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է ճյուղում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի միջոցով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի, նախագծերի մշակմանը և քննարկմանը:

8. Վարչությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

9. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի հետ:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի և վարչության պետի հետ:

10. Վարչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է վարչության պետի տեղակալների, բաժինների պետերի և կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

գ) վարչության պետի տեղակալների միջև կատարում է պարտականությունների բաշխում.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը և խորհրդի անհատական կազմը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի համաձայնությամբ.

ե) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին առաջարկություններ է ներկայացնում համակարգի ձեռնարկությունների ղեկավարներին նշանակելու կամ ազատելու մասին.

զ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի թույլտվությամբ ստեղծում կամ լուծարում է նոր ձեռնարկություններ.

է) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը:

Վարչության պետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

11. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), նրա տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:

12. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է վարչության, կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում, պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին, դրանց չլուծվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարն իրավունք ունի վարելու վարչության խորհրդի հերթական նիստերը` ըստ եռամսյա ժամկետացանկի (գրաֆիկի), ինչպես նաև հրավիրելու և վարելու վարչության խորհրդի արտահերթ նիստեր:

14. Վարչության խորհրդի նիստերի անցկացման եռամսյա ժամկետացանկը կից նամակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի պահանջով անցկացվող վարչության խորհրդի նիստի օրակարգն առաջարկում է նախարարը:

15. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի կողմից անցկացված վարչության խորհրդի նիստերում ընդունված որոշումները և դրանց հիման վրա արձակված հրամանները վավերացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարը:

16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի և վարչության խորհրդի միջև ծագած տարաձայնությունների վերաբերյալ երկուստեք կարող են տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Վարչությունը ճյուղում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, դրանց մշակումն ու տարածումը, զարգացնում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների հետ:

18. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ճյուղում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու նպատակով վարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:

19. Վարչությունը մասնակցում է ճյուղի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման աշխատանքները:

20. Վարչությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի համաձայնությամբ, ստեղծում, վերակազմում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

21. Վարչությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի համաձայնությամբ, թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին հիմնադրել դուստր ձեռնարկություններ և անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:

22. Վարչությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի համաձայնությամբ, թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

23. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

24. Վարչությունը վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ նաև հիմնական փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականությունը:

25. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

26. Վարչության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վԱրչապետի 1998 Թ.
ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 398 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Թռիչքների անվտանգության տեսչություն

Օդանավակայանի շինարարության և շահագործման վարչություն

Միջազգային կապերի և լիցենզավորման վարչություն

Գլխավոր վարչության աշխատակազմ

Թռիչքների կազմակերպման բաժին

Ինժեներաավիացիոն բաժին

Օդային երթևեկության կառավարման բաժին

Ավիացիոն անվտանգության բաժին

Զինվորական մոբիլիզացիոն բաժին

Օդանավակայանների շահագործման և զարգացման բաժին

Պետական գույքի կառավարման բաժին

Հաշվապահական հաշվառման բաժին

Միջազգային իրավական բաժին

Հավաստագրման և լիցենզավորման բաժին

Շուկայի ուսումնասիրության և տարիֆիկացիայի բաժին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.11.1999, N 678 23.11.1999, N 398
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան