ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2005 թվականի N 43-Ն
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի և 2004 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի գործընկերային համաձայնագրի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 25 |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մարգարյան |
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Վ. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ա. Վարդանյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Գ. Մխեյան |
- ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Յու. Շուքուրյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ (համաձայնությամբ) |
Ա. Ղազարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Հարությունյան |
- Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Պետրոսյան |
- Ապարանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության անդամ (համաձայնությամբ) |
Վ. Սողոմոնյան |
- ֆերմերների ազգային միության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Ներսիսյան |
- «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Մանուկյան |
- «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Ջավադյան |
- Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Դանիելյան |
- «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հայր Թորգոմ աբեղա Տոնիկյան |
- Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:
2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) և 2004 թվականի հոկտեմբերի 30-ին գործընկերների միջև կնքված ծրագրի իրականացման գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) իրականացման աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու համակարգումն է:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
3. Խորհրդի խնդիրներն են՝
ա) ծրագրի և համաձայնագրի դրույթների իրականացումը, ինչպես նաև դրանց մոնիտորինգի և գնահատման աշխատանքների համակարգումը.
բ) ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքների համակարգումը.
գ) ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքների համակարգումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
դ) համաձայնագրով սահմանված միջնաժամկետ գերակայություններից բխող քաղաքականության ուղղությունների մշակման աշխատանքների համակարգումը.
ե) ծրագրի իրականացման տարեկան և միջնաժամկետ միջոցառումների ծրագրերի մշակման համակարգումը.
զ) ծրագրի աշխատանքային խմբի և ծրագրի բաց ֆորումի գործունեության ղեկավարումը.
է) ծրագրի իրականացման գործընթացում միջազգային համագործակցության համակարգումը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն 3 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնակարգի 5-րդ կետին համապատասխան:
5. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի և համաձայնագրի իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները լուծելու համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
7. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
8. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից առնվազն 2 օր առաջ:
9. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:
10. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
11. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությամբ:
12. Խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի նախագահի տեղակալը:
13. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարը, ծրագրի բաց ֆորումի պատասխանատուն և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
14. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
15. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
16. Խորհրդի նախագահն ապահովում է խորհրդի աշխատանքների կազմակերպումը և ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
17. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
18. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
19. Խորհրդի քարտուղարություն է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:
20. Խորհրդի քարտուղարությունը`
ա) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
բ) ապահովում է խորհրդի նիստի որոշման նախագծերի կազմումը.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումներն ուղարկում է համապատասխան կազմակերպություններ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |