Գլխավոր տեղեկություն
Номер
N 548
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.1997-13.09.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.28/26
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.11.1997
Дата вступления в силу
08.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

041.0548.20.11.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 1997 թվականի N 548
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի անդամների թիվը` 11 մարդ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 219 4 1»:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 487 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
նոյեմբերի 20-ի N 548 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ագրոպարենային ոլորտում (այսուհետև` ոլորտ) իրականացնում է պետական քաղաքականությունը և իր իրավասության սահմաններում կառավարում այն:

2. Նախարարությունը պատասխանատու է ոլորտում տիրող վիճակի և իր առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար:

3. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության իրականացումը.

բ) ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների ու համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրագործումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին մասնակցելը.

գ) Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերին համապատասխան` համակարգի պետական ձեռնարկությունների և պետական պահուստային ֆոնդի հողերի ու չսեփականաշնորհված տնտեսությունների հողերի սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացների շարունակումը.

դ) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, տնտեսավարող այլ սուբյեկտների արդյունավետ գործունեությանը նպաստող համալիր ծրագրերի մշակումը և իրականացումը, իր իրավասության սահմաններում գյուղատնտեսական մթերքների, հումքի արտադրության և պարենի իրացման գործում դրանց աջակցումը.

ե) ոլորտում մրցակցային միջավայրի ձևավորումն ու հակամենաշնորհային քաղաքականության իրականացման միջոցառումների իրագործումը.

զ) մրցույթների, աճուրդների, տոնավաճառների, գյուղատնտեսական մթերքների ու հումքի մեծածախ շուկաների կազմակերպումը, ինչպես նաև մարքեթինգային գործունեության ծավալման հիման վրա գյուղատնտեսական և պարենային մթերքների տարածաշրջանային, միջազգային ցուցահանդեսներում, աճուրդներում, բորսաներում և տոնավաճառներում տնտեսավարող սուբյեկտների մասնակցության ապահովման միջոցառումների իրականացումը.

է) հանրապետությունում հացաթխման կազմակերպման և բնակչության հացամատակարարման ապահովման համար միջոցների ձեռնարկումը, հացահատիկի, ալյուրի և հացամթերքների տարեկան ու ընթացիկ հաշվեկշռի կազմումը, դրանց պաշարների կազմավորման նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելը և հացահատիկի ներկրումների կազմակերպումը.

ը) ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերով կատարվող կապիտալ ներդրումների հաշվին շինարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև այդ նպատակով ներդրումների ծրագրերի մշակումն ու իրականացումը.

թ) բյուջետային միջոցների օգտագործման ուղղությունների որոշումը, համապատասխան պետական մարմիններին ու բանկերին գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, տնտեսավարող մյուս սուբյեկտների վարկավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ձևավորման և դրա գործունեության ծավալմանն աջակցումը.

ժ) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ արտադրական, առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցությանն ուղղված միջազգային ծրագրերի մշակումը և իրագործումը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ու միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին), կոնվենցիաներին միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.

ժբ) գյուղատնտեսության նյութատեխնիկական մատակարարումների, արտադրական ու ջրատնտեսական սպասարկումների բարեփոխման միջոցառումների իրականացումը: Գյուղատնտեսական մթերքների, հումքի, պարենի և ոլորտում օգտագործվող նյութատեխնիկական միջոցների, մատուցվող հիմնական ծառայությունների ու սպասարկումների գների, սակագների, տեսականու մշտական դիտարկումը և համապատասխան վերլուծությունների ու կանխատեսումների հիման վրա շուկայի ձևավորման ու ապրանքային հագեցվածության վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը և դրանց իրականացման աշխատանքներին մասնակցելը.

ժգ) ոլորտի գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունների որոշումը, համակարգի գիտահետազոտական հաստատությունների, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և այլ ուսումնական հաստատությունների միջոցով գիտակրթական սպասարկումը, գիտահետազոտական աշխատանքների պատվերների ձևավորումը, առաջավոր փորձի և նվաճումների ուսումնասիրումը և ներդրումը.

ժդ) պետական պատվերի տեղադրումը, ոլորտի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման կազմակերպումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը.

ժե) ոլորտի գործունեությունը կարգավորող ագրարային պետական տեսչությունների հրահանգների, նորմատիվների մշակումն ու հաստատումը, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ու մյուս տնտեսավարող սուբյեկտների կողմից դրանց կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական վերահսկողության իրականացումը.

ժզ) իր իրավասության սահմաններում հանրապետության հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը և իրագործումը, դրանց արդյունավետ օգտագործման ու պահպանման վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, հողային հաշվեկշռի նախագծի կազմումը, գյուղատնտեսական հողերի վիճակի համակարգված դիտարկումը, հողաշինարարական աշխատանքների կազմակերպումը, գյուղատնտեսական հողերի կադաստրի վարումը, մարզերի և համայնքների հողօգտագործման սխեմաների կազմումը, հողօգտագործման սահմանների ճշտումը, հողի շուկայի ձևավորման և հողերի առուծախի, կազմակերպման միջոցառումների իրականացումը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող հողօգտագործման և հողահատկացման փաստաթղթերի նախապատրաստումը, հողային վեճերի լուծման ու հողային օրենսդրության խախտումների վերացմանը մասնակցելը.

ժէ) իր իրավասության սահմաններումուղղ. ջրի օգտագործման ու պահպանման պետական կառավարումը և վերահսկողությունը, միջպետական, միջմարզային ու միջհամայնքային ջրաբաշխման իրականացումը, ջրօգտագործման թույլտվություն տալը, նորմատիվ փաստաթղթերի կազմումը, ջրօգտագործողների միջև ջրի բաշխման աշխատանքների վերահսկումը, ջրատնտեսական համակարգերի (ոռոգում, ցամաքեցում, ջրարբիացում) կառուցվածքների կազմակերպումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի և բազմաբնույթ ջրային կադաստրի վարումը, հանրապետության ջրատնտեսական համակարգերի, ջրամբարների ու դրանց վրա գտնվող կառուցվածքների շահագործումը, գետերի ափապաշտպան կառուցվածքների պահպանումն ու նորոգումը, ինչպես նաև մերձափնյա ոռոգելի հողերը ողողումից պաշտպանման, ոռոգման ջրի մատակարարման և ջրավարձի գանձման աշխատանքների կազմակերպումը.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը, ինչպես նաև համակարգի ձեռնարկություններում արտադրվող արտադրանքի որակի ու դրա ստանդարտներին համապատասխանության նկատմամբ հսկողության ապահովումը.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:

7. Նախարարությունը`

ա) ոլորտին վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը.

բ) մյուս նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` ոլորտին վերաբերող հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորությունները.

դ) ապահովում է համակարգի պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունը.

ե) անհրաժեշտության դեպքում մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու հրահանգներ.

զ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

է) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների ընդունած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները.

ը) ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման սկզբունքի հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության ճշտորոշ սահմանումով.

թ) կազմակերպում է նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում ու որակավորման ստուգում, մասնակցում ոլորտի աշխատողների մասնագիտական համապատասխանության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման ու մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

ժ) թույլտվություն է տալիս համակարգի պետական ձեռնարկություններին` սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ, մասնաճյուղեր և այլ առանձնացված ստորաբաժանումներ հիմնադրելու (լուծարելու) և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար.

ժա) համաձայնություն է տալիս համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար.

ժբ) թույլտվություն է տալիս համակարգի պետական ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին` իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժդ) իրականացնում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և դրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը.

ժե) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, ապահովում այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

8. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետև` նախարար), որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար.

գ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների ու բաժինների պետերի և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

զ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) սահմանված կարգով աշխատանքային կոնտրակտներ է կնքում նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների ղեկավարների հետ.

ժ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, ենթակա հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին:

10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, և նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեությանն առնչվող այլ հարցեր, քննարկում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, դրանց գործունեության ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

13. Նախարարության կոլեգիայի նիստ գումարվում է առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, նախարարի հաստատած` կոլեգիայի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:

14. Կոլեգիայի նիստերին դրա անդամների ներկայությունը պարտադիր է: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

15. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

16. Նախարարությունը գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելու և տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ստեղծում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

17. Նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
նոյեմբերի 20-ի N 548 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Նախարարի աշխատակազմ

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Ծրագրերի մշակման և համակարգման վարչություն

Բուսաբուծության, սերմնաբուծության և տնկարանային տնտեսության կազմակերպման վարչություն

Անասնաբուծության տոհմային աշխատանքի կազմակերպման վարչություն

Հողաշինարարության, կադաստրի և մոնիտորինգի վարչություն

Ջրային տնտեսության և մելիորացիայի վարչություն

Պարենի և մարքեթինգի վարչություն

Ագրոպարենային ոլորտի սպասարկումների վարչություն

Գյուղի սոցիալական հարցերի և շինարարության վարչություն

Բարեփոխումների, գյուղացիական տնտեսությունների և միավորումների վարչություն

Գիտության և կրթության վարչություն

Որակի, ստանդարտների և լիցենզավորման վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Իրավաբանական վարչություն

Հաշվապահական հաշվառման և վիճակագրության վարչություն

Հողային պետական տեսչություն

Երկրագործության պետական տեսչություն

Անասնաբուժության և անասնապահության պետական տեսչություն

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

Կադրերի և հատուկ հարցերի բաժին

Լրատվության և համակարգչավորման բաժին

Գործերի կառավարչություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2002, N 797-Ն 08.01.2003, N 548
10.11.1998, N 629 10.12.1998, N 548
31.08.1998, N 525 13.09.1998, N 548
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան