Գլխավոր տեղեկություն
Номер
N 410
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.07.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.1996
Дата вступления в силу
12.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 1996 թվականի N 410

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատողների հաշվարկային թվաքանակը` 27 միավոր:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողով ստեղծելու մասին» N 241 որոշման 2, 3, 4, 5 և 6-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
հուլիսի 12-ի N 410 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը (այսուհետև` ԲՈՀ) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է գիտնականների որակավորման համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

ԲՈՀ-ը պատասխանատվություն է կրում գիտնականների որակավորման համակարգի վիճակի, նրա հետագա զարգացման համար:

ԲՈՀ-ն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի և իր անվամբ կնիք, դրոշմակնիք:

 

II. ԲՈՀ-ի խնդիրներն ու գործառույթները

 

2. ԲՈՀ-ի խնդիրներն են`

ա) գիտնականների որակավորման պետական չափանիշների մշակումը.

բ) գիտնականների որակավորման համակարգի գործունեության կարգավորումը.

գ) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը, դրանց աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը:

3. ԲՈՀ-ն իր խնդիրներին համապատասխան`

ա) մշակում է գիտական աստիճանաշնորհման կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) կազմում և հաստատում է այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ.

գ) մշակում և հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքների կանոնակարգը.

դ) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդները, հաստատում այդ խորհուրդների կազմը և այն գիտական մասնագիտությունների ցանկը, որոնց գծով տվյալ խորհուրդը կարող է գիտական աստիճաններ շնորհել.

ե) սահմանում է ատենախոսությունների թեմաների հաստատման և ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների հանձնման կարգը.

զ) պարբերաբար ստուգում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների աշխատանքը.

է) հանձնում է գիտական աստիճանի վկայագիր` հիմք ընդունելով գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի եզրակացությունը և որակավորման գործի ուսումնասիրության արդյունքը.

ը) վերադարձնում է որակավորման գործը գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդ` կրկնական քննարկման, եթե որակավորման գործի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է գիտական աստիճանաշնորհման կանոնադրության խախտում.

թ) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.

ժ) համապատասխանեցնում է օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին.

ի) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.

լ) համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական, գիտակրթական հաստատություններում գիտնականների որակավորման գործը.

խ) սահմանված կարգով կազմում է գիտնականների որակավորման համակարգի զարգացման ծրագրերը, մասնակցում գիտական կադրերի պատրաստման ծրագրերի մշակմանը.

ծ) կազմակերպում է խորհրդակցություններ, գիտական համաժողովներ.

կ) սահմանված կարգով մասնակցում է գիտնականների որակավորման համակարգի գործունեության համար անհրաժեշտ բյուջետային հատկացումների բաշխմանը.

հ) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանության գործը.

ձ) վերլուծում և ամփոփում է գիտնականների որակավորման համակարգի գործունեության վերաբերյալ տվյալները և սահմանված կարգով համապատասխան տեղեկանքներ ու առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) հրատարակում է տեղեկագրեր:

 

III. ԲՈՀ-ի աշխատանքի կազմակերպումը

 

4. ԲՈՀ-ի համակարգն ընդգրկում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդները:

5. ԲՈՀ-ը գիտնականների որակավորման համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդներին գիտական աստիճանաշնորհման կանոնադրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

6. ԲՈՀ-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

7. ԲՈՀ-ն ապահովում է իր տնօրինության տակ գտնվող պետական սեփականության պահպանությունը:

8. ԲՈՀ-ը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է գիտնականների որակավորման համակարգի գիտական և գիտակրթական հաստատությունների համար.

բ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ` մյուս նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է ԲՈՀ-ի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր ոլորտի իրավասության հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ.

զ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի համաձայնեցմանն է ներկայացնում տարեկան և կիսամյակային աշխատանքային ծրագրերը.

է) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հաստատմանն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները.

ը) իր աշխատողների որակավորման հետ կապված աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ նախապես համաձայնեցնելով.

թ) ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերը նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ.

ժ) իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

9. ԲՈՀ-ի գիտնականների որակավորման համակարգի կառավարման բոլոր հարցերը քննարկում և լուծում է կոլեգիայության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված բնագավառում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց ճշտորոշ սահմանումով:

10. ԲՈՀ-ը ղեկավարում է նախագահը, որին աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ:

ԲՈՀ-ի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և ԲՈՀ-ի նախագահի հետ:

11. ԲՈՀ-ի նախագահը`

ա) ղեկավարում է ԲՈՀ-ի գործունեությունը և պատասխանատվություն կրում նրա առջև դրված խնդիրների կատարման համար.

բ) սահմանում է ԲՈՀ-ի նախագահի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը.

գ) հաստատում է ԲՈՀ-ի խորհրդի աշխատանքի կանոնակարգի և կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

դ) կազմակերպում ու ղեկավարում է ԲՈՀ-ի խորհրդի նիստերը.

ե) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում ԲՈՀ-ի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

զ) առաջարկում է ԲՈՀ-ի խորհրդի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, ստուգում դրանց կատարումը:

12. ԲՈՀ-ի նախագահի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը:

13. ԲՈՀ-ն ունի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են ԲՈՀ-ի նախագահը, նրա տեղակալը` ի պաշտոնե, ԲՈՀ-ի այլ ղեկավար աշխատողները, ինչպես նաև գիտնականների որակավորման համակարգի ներկայացուցիչներ:

14. ԲՈՀ-ի խորհուրդը իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի զարգացման հիմնական խնդիրները և համակարգի գործունեության այլ հարցեր, քննարկում գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների գործնական ղեկավարման, աշխատանքի ստուգման, կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում կառուցվածքային ստորաբաժանումների, գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների հաշվետվությունները:

ԲՈՀ-ի խորհրդի որոշումներն իրագործվում են, որպես կանոն, նախագահի հրամաններով: Նախագահի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և այդ կապակցությամբ վերջինիս որոշման հետ չհամաձայնվելու դեպքում` Հայաստանի հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

15. ԲՈՀ-ի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

16. ԲՈՀ-ը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը:

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
հուլիսի 12-ի N 410 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_13956

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան