«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2005 թվականի N 1285-Ն
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումների իրականացման կարգը, որի նպատակը մանուկների և պատանիների առողջության ամրապնդումն է, նրանց բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, առողջ ապրելակերպի ձևավորումը, ֆիզիկական կարողությունների բարելավումը և ընդհանուր մարզական պատրաստության մակարդակի բարձրացումը, հայրենասիրության ոգով դաստիարակումն ու հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստումը:
2. Մանուկների և պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական միջոցառումներն իրականացվում են մանկապատանեկան մարզադպրոցների խմբերում, մարզական կազմակերպությունների հավաքական թիմերում և մարզաձևերի սեկցիաներում ուսումնամարզական պարապմունքների միջոցով, ընդ որում՝
ա) ուսումնամարզական պարապմունքները ղեկավարում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները.
բ) ուսումնամարզական պարապմունքներին կարող են մասնակցել բժշկի մասնագիտական եզրակացություն և ծնողի կամ օրինական ներկայացուցչի (որդեգրող, խնամակալ, հոգաբարձու) գրավոր համաձայնություն ունեցող մանուկներն ու պատանիները.
գ) ուսումնամարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունը և ծանրաբեռնվածությունը կախված են մանուկների ու պատանիների տարիքից, ընտրած մարզաձևի առանձնահատկություններից.
դ) ամռան ամիսներին ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում են ուսումնամարզական ճամբարներում` մեկ կամ երկամսյա տևողությամբ, որոնց հաջորդում են օրգանիզմի վերականգնման ու ամրապնդման միջոցառումները.
ե) հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում, մարզական կազմակերպությունների` ըստ մարզաձևերի` սեկցիաներում ընդգրկված մանուկների և պատանիների ուսումնամարզական պարապմունքներն ու այլ մարզական միջոցառումները կազմակերպվում են մարզակառույցներում` ըստ բնակության վայրի, իսկ ամռան ամիսներին՝ բակային ճամբարներում:
3. Հանրապետության տարբեր մարզաձևերի պատանեկան հավաքական թիմերի (այսուհետ` հավաքական թիմեր), մարզական կազմակերպությունների և մարզադպրոցների պատանեկան հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների կազմակերպումը նախատեսում է`
ա) հավաքական թիմերի հավաքների կազմակերպում` ըստ նախօրոք հաստատված ծրագրերի` 12-24 օր տևողությամբ.
բ) հավաքական թիմերի հավաքների ժամանակ կազմակերպվող, առաջադրանքներով պայմանավորված ուսումնամարզական պարապմունքների որոշակի քանակ (շաբաթական 6-9 անգամ, յուրաքանչյուրը` 1,5-2,5 ժամ տևողությամբ, չհաշված ամենօրյա առավոտյան լիցքային վարժությունները և կրոսավազքերը).
գ) ուսումնամարզական հավաքների կազմակերպում` հավաքական թիմերի մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ, որոնք ընտրվում են մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի կողմից՝ փորձառու և վաստակաշատ մարզիչ-մանկավարժների կազմից:
4. Մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական պարապմունքների և հավաքների իրականացման ու առաջադրված խնդիրների ամբողջական լուծման անհրաժեշտ պայմաններն են`
ա) մանուկների ու պատանիների առաջիկա մրցումներին նախապատրաստելու և հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով նախամրցակցային ժամանակահատվածում մրցումային, մրցակցային գործընթացին ուսումնամարզական միջոցառումների մոտեցումը,
բ) հաշվի առնելով պատանի մարզիկների ֆիզիկական կարողությունների կատարելագործման, նրանց տեխնիկատակտիկական և հատկապես հոգեբանական պատրաստականության բարելավման կարևորությունը` հավաքական թիմի` մարզչական խորհրդի կողմից մշակված ծրագրով ուսումնամարզական հավաքների կազմակերպումը,
գ) գործնական պարապմունքներին հաջորդող` ըստ մշակված ծրագրերի` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնական դերին ու նշանակությանը, մարզաձևի մրցումների անցկացման կանոնակարգերին և մրցավարությանը, առողջ ապրելակերպի, սննդի ու քնի, հիգիենայի, հակադոպինգային հսկողության նպատակներին և խնդիրներին վերաբերող տեսական պարապմունքները, որոնք ուղեկցվում են տեսաժապավենների ցուցադրմամբ, անվանի մարզիկների, մարզիչների, մարզական գործիչների և գիտնականների հետ հանդիպումներով, համաշխարհային սպորտի նվաճումների մասին տեղեկատվությամբ և այլ միջոցառումներով,
դ) մանուկների և պատանիների համար նախատեսված ժամանակակից մարզագույքով ու սարքավորումներով, հարմարավետ հանդերձարաններով, սանհանգույցներով ու լոգարաններով հագեցված, ջեռուցվող մարզակառույցների առկայությունը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|