Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 306
Տիպ
Կանոնադրություն
Тип
Исходный акт (06.08.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
06.08.1996
Дата подписания
06.08.1996
Дата вступления в силу
06.08.1996

Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարության
1996 թ.օգոստոսի 6-ի թիվ 306 հրամանով

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական բյուջեի կատարման վերահսկողության-վերստուգման վարչության եվ պետական բյուջեի կատարման վերահսկողության տեղական մարմինների

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը մշակվել է ՀՀ վարչապետի 1996 թ. մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու» թիվ 312 որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական բյուջեի կատարման վերահսկողության-վերստուգման վարչությունը (այսուհետ` վարչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանում է, որը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական բյուջեի կատարման վերահսկողության տեղական մարմինների հետ միասին իրականացնում է վերահսկողություն` պետական բյուջեի եկամուտների հավաքագրման աշխատանքների իրականացման, պետական բյուջեով նախատեսված հատկացումների (ծախսերի) օգտագործման ճշտության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ:

Պետական բյուջեի կատարման վերահսկողության տեղական մարմիններն են Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ստեղծված մարզային գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ ապարատները (այսուհետ` վերահսկիչ-վերստուգիչ ապարատներ), որոնք անմիջականորեն ենթարկվում են վարչությանը:

2. Վարչությունը և վերահսկիչ-վերստուգիչ ապարատներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններով, հրահանգներով և սույն կանոնադրությամբ:

3. Վերահսկիչ-վերստուգիչ ապարատներն իրավաբանական անձինք են, ունեն ծախսերի ինքնուրույն նախահաշիվ, բյուջետային և արտաբյուջետային հաշիվներ բանկում, պետական զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ: Դրանց պահպանման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Վարչության և վերահսկիչ-վերստուգիչ ապարատների հիմնական խնդիրներն են.

ա) պետական բյուջեով նախատեսված`

- եկամուտների հավաքագրման աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը,

- հատկացումների (ծախսերի) օգտագործման ճշտության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ ստուգումների իրականացումը և վերահսկողությունը.

բ) պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից ձեռնարկություններին (անկախ նրանց սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) և կազմակերպություններին տրամադրված հատկացումների, վարկերի և փոխատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ վերահսկողության իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական կառավարման հանրապետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը:

5. Իր հիմնական խնդիրներին համապատասխան, վարչությունը`

ա) իրականացնում է վերահսկողություն

- ՀՀ հարկային և մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի եկամուտների ճիշտ հաշվարկման և ժամանակին գանձման նկատմամբ,

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի հարկային և մաքսային մարմինների կողմից բյուջեի փաստացի մուտքերի, ապառքների, կատարված ստուգումների քանակի, հայտնաբերված գումարների, կիրառված պատժամիջոցների և պահանջվող այլ տեղեկությունների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների վերլուծության և դրանց կազմման ճշտության ուղղությամբ,

- մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների իրացումից բյուջե գանձման ենթակա գումարների հաշվարկման ճշտության և ժամանակին բյուջե փոխանցման նկատմամբ.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հանձնարարությամբ իրականացնում է վերահսկողություն`

- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից առանձին հարկատուների մոտ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների գծով կատարված ստուգումների արդյունքների ճշտության ուղղությամբ,

- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված սխալների և խախտումների վերաբերյալ ընդունված որոշումների կատարման նկատմամբ,

- Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և առարկաների տեղափոխման ժամանակ դրանց մաքսային արժեքի որոշման, մաքսասակագնային մեխանիզմի կիրառման, մաքսատուրքերի ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի հաշվարկման ճշտության և ժամանակին բյուջե փոխանցման նկատմամբ.

գ) իր իրավասության սահմաններում իրականացնում է`

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի, նրա պետական կառավարման հանրապետական մարմինների և նրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև նրանց տեղական մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ գանգատների սահմանված կարգով ուսումնասիրությունը և քննարկումը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

- քաղաքացիների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների նամակների, առաջարկների, դիմումների և գանգատների սահմանված կարգով քննարկումը.

6. Իրենց հիմնական խնդիրներին համապատասխան, վարչությունը և վերահսկիչ-վերստուգիչ ապարատները`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են ստուգումներ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության նախարարություններում, վարչություններում, գերատեսչություններում, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.

բ) իրականացնում են վերահսկողություն իրենց խնդիրների և գործառույթների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանների, հրահանգների, ցուցումների և հանձնարարականների կատարման ուղղությամբ.

գ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և սույն կանոնադրությամբ իրենց իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:

 

 III. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Վարչությունը և վերահսկիչ-վերստուգիչ ապարատներն իրավունք ունեն`

ա) ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման հարցերով ստուգել ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում դրամական և հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, հաշվետվությունները, նախահաշիվները, դրամական միջոցների և մյուս ապրանքանյութական արժեքների ծախսը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ներգրավել պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համապատասխան մարմիններին` ստուգումներին ու վերստուգումներին որպես փորձագետներ մասնակցելու համար.

բ) ստուգում (վերստուգում) կատարելու հրամանի (որոշման) մեջ նշված հարցերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում պահանջել ստուգվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներից` անցկացնել հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և հաշվարկների գույքագրումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բանկերից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից պահանջել ստուգվող օբյեկտի գործարքների, հաշիվների վիճակի ու շարժի մասին տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն, սահմանված կարգով կատարել հանդիպակաց ստուգումներ.

դ) տալ հանձնարարականներ` ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներով հայտնաբերված խախտումների վերացման, պետական բյուջե և արտաբյուջետային ֆոնդեր լրացուցիչ հաշվարկված գումարների վճարումը կատարելու ուղղությամբ.

ե) ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ` պատճառված նյութական վնասի փոխհատուցման և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ստանալ առաջարկությունների կատարումը հաստատող փաստաթղթեր:

8. Ստուգումների և վերստուգումների արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների մասին վարչությունը երկշաբաթյա ժամկետում տեղյակ է պահում համապատասխան պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարներին:

9. Վարչությունը, իր իրավասության սահմաններում իրականացնում է`

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգում կատարվող ստուգումների  (այդ թվում տեսչական) և վերստուգումների մեթոդական ղեկավարումն ու համակարգումը,

- ստուգումների, այդ թվում տեսչական, արդյունքների հիման վրա ներկայացնում է համապատասխան առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, իրականացնում է ստուգման և վերստուգման աշխատանքների վերաբերյալ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի գործնական կիրառման արդյունքների ամփոփումը և դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստումը,

- ստուգումների և վերստուգումների արդյունքների ամփոփման և վերլուծության, թույլ տրված խախտումների բնույթին համապատասխան դասակարգման, խախտումներ ծնող պատճառների ուսումնասիրության հիման վրա համապատասխան առաջարկությունների և կանխարգելող միջոցառումների մշակումը:

11. Վարչությունը, իր խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով, սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի մյուս ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգի համապատասխան ծառայությունների հետ:

12. Վարչությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի համապատասխան ծառայությունների աշխատողների որակավորման բարձրացման միջոցառումներ, մասնակցում նրանց մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջների սահմանման, կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքներին:

13. Վարչության կողմից ստուգումները (վերստուգումները) իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով: Վերահսկիչ-վերստուգիչ ապարատների կողմից ստուգումները (վերստուգումները) իրականացվում են.

- աշխատանքային ծրագրերի շրջանակներում` գլխավոր վերահսկիչ-վերստուգիչի հրամանով,

- աշխատանքային ծրագրերից դուրս` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:

14. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից: Վարչության պետը`

1. Իրականացնում է վարչության գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, պատասխանատվություն է կրում վարչության խնդիրների ու գործառույթների ժամանակին և որակով կատարման համար,

2. ապահովում է ստուգումների և վերստուգումների նյութերի ամփոփումն ու վերլուծությունը, դրանց արդյունքներով զեկուցագրերի, տեղեկանքների և այլ տեղեկատվության նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կոլեգիայի քննարկմանը,

3. սահմանում է վարչության ստորաբաժանումների գործառույթների շրջանակները, իր տեղակալների և մյուս աշխատողների պաշտոնային պարտականությունները, ստեղծում է գործառույթներն ու պարտականությունները հաջողությամբ կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, վերահսկողություն իրականացնում դրանց ժամանակին և ճիշտ կատարման նկատմամբ,

4. առաջարկություններ է ներկայացնում վարչության կառուցվածքի բարեփոխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողներին այլ աշխատանքի տեղափոխման, աշխատանքից ազատման, խրախուսման և կարգապահական տույժերի ենթարկման մասին,

5. վարչության անունից, առանց լիազորագրերի հանդես է գալիս պետական մարմիններում ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում,

6. նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատանքային ծրագրերը, դրանց հիման վրա հաստատում է վերահսկիչ-վերստուգիչ ապարատների աշխատանքային ծրագրերը:

15. Վարչության , վերահսկիչ-վերստուգիչ ապարատների աշխատողներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

16. Վարչության կառուցվածքը, ինչպես նաև վերահսկիչ-վերստուգիչ ապարատների պահպանման ծախսերի նախահաշիվները և հաստիքային ցուցակները հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
21.08.1996 թ.
պետական գրանցման թիվ  20960045