Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Тип
Исходный акт (07.04.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԽՍՀԳԽՏ 1990.07.31/14(970)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
07.04.1999
Дата вступления в силу
07.04.1999

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը և Կանադայի տրանսպորտի դեպարտամենտը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով զարգացնել տրանսպորտի բնագավառում տեխնիկական համագործակցությունը այնպիսի գործողությունների միջոցով, որոնք կարող են ներառել ռազմավարական և տեխնիկական բնույթի խորհրդատվություն, սեմինարների և համաժողովների անցկացում, ինչպես նաև տրանսպորտի բոլոր երեք տեսակի միջոցների (օդային, ծովային, ցամաքային) բնագավառներում վերապատրաստման կազմակերպում և զարգացման ապահովում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1. Նպատակը

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը նպատակ է հետապնդում ծախսերի փոխհատուցման սկզբունքով նպաստել օդային, ծովային և ցամաքային տրանսպորտի բնագավառներում տեխնիկական համագործակցության զարգացմանը:

 

Հոդված 2. Տեխնիկական համագործակցություն

 

Տեխնիկական համագործակցությունը կիրագործվի շահագործման և կառավարման բնագավառներում և կներառի հատուկ համաձայնագրեր` նպատակաուղղված տեխնիկական խորհրդատվության, տեսական և գործնական ուսուցման, սեմինարների և դասընթացների կազմակերպման օդային, ծովային և ցամաքային տրանսպորտի որոշակի բնագավառներում` նոր տեխնոլոգիաների և միջոցների կիրառման միջոցով: Սույն գործողությունները կարող են նախաձեռնվել կամ Հայաստանում, կամ Կանադայում` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 3. Կիրառման շրջանակները

 

ա) Կողմերից յուրաքանչյուրը կնշանակի պատասխանատու անձանց, որոնք այսուհետ կսահմանեն հետագա համագործակցության բնագավառները:

բ) Հնարավոր համագործակցության բնագավառները սահմանելիս պատասխանատու անձինք կհաղորդակցվեն միմյանց հետ հնարավորության սահմաններում էլեկտրոնային կապի միջոցներով:

գ) Համագործակցությունը կարող է ներառել ռազմավարական և տեխնիկական բնույթի խորհրդատվություն, սեմինարների և համաժողովների անցկացում, ինչպես նաև վերապատրաստում տրանսպորտի բնագավառը համակարգող քաղաքականության և կանոնակարգման ոլորտներում:

դ) Կողմերը կբանակցեն միմյանց հետ յուրաքանչյուր ծրագիրը իրականացնելուց առաջ: Ծրագիրը կներառի գործողությունների ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև վճարման ժամանակացույցը և պայմանները:

ե) Գործողությունները իրականացնելիս Կողմերը հնարավորության սահմաններում պետք է առաջնորդվեն ինքնածախսածածկման գաղափարով:

 

Հոդված 4. Այլ հաստատությունների և կազմակերպությունների մասնակցություն

 

ա) Սույն Փոխըմբռնման հուշագիրը իրագործելիս Կողմերը կխրախուսեն այլ հաստատությունների, կազմակերպությունների, գիտական և մասնավոր ոլորտների, կառավարական այլ մարմինների մասնակցությունը:

բ) Կողմերը հնարավորություններ կփնտրեն տեխնիկական համագործակցության զարգացման և ուսուցման ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերի որոշ կամ ամբողջ մասը ֆինանսավորելու համար` հեղինակավոր մարմինների (ինչպիսին են` Համաշխարհային բանկը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը) և հիմնավորված առաջարկությունների ներկայացման միջոցով:

 

Հոդված 5. Խորհրդատվություն

 

ա) Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված որևէ տարաձայնություն կլուծվի Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

բ) Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված որևէ տարաձայնություն կլուծվի Կողմերի նշանակած պատասխանատու պաշտոնյաների կամ լիազորված անձանց փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 6. Միջազգային օրենսդրություն

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը նպատակ չի հետապնդում միջազգային օրենսդրությամբ նախատեսված որևէ պարտավորության ստանձնում:

 

Հոդված 7. Ուժի մեջ մտնելը, ժամկետները և դադարեցումը

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ կմտնի ստորագրման պահից և կգործի անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ կասեցնել սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը, հատուկ ծրագրերը կամ համաձայնագրերը մյուս Կողմին 60 օր առաջ գրավոր ծանուցում ուղարկելուց հետո:

 

Հոդված 8.

Փոփոխություններ

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը և նրանից բխող ծրագրերը կարող են փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվեն գրավոր` նշելով այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետները:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի ապրիլի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 7-ից: