Գլխավոր տեղեկություն
Номер
N 995-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2005-12.02.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.952
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Дата вступления в силу
20.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.09.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 995-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը` համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 15
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 995-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

1. Քաղաքացիական կացության ակտերի (այսուհետ` ակտ) գրառումների վերականգնումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային մարմինների կողմից` այդ գրանցումները կորսվելու դեպքում:

2. Ակտի գրառումը վերականգնելու մասին դիմումը ներկայացվում է դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ-ի տարածքային մարմին:

Դիմումին կցվում են նաև՝

ա) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

բ) կորած ակտի գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ-ի համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքն ակտերի գրանցման գրքերում գրանցում չլինելու մասին.

գ) դիմողի ինքնակենսագրությունը (հոր, մոր, եղբայրների, քույրերի, երեխաների մասին տվյալների մանրամասն նշումով).

դ) դիմողի բնակության վայրի մասին տեղեկանք` նշելով նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամներին (հորը, մորը, եղբայրներին, քույրերին, երեխաներին) և նրանց մասին տեղեկություններ (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ծննդավայրը).

ե) ակտի գրառումը վերականգնելու համար անհրաժեշտ տեղեկությունները հաստատող փաստաթղթեր (զինվորական գրքույկի, աշխատանքային գրքույկի, կրթությանը վերաբերող փաստաթղթերի, ամուսնության, ամուսնալուծության, երեխաների, եղբայրների, քույրերի ծննդյան վկայականների պատճենները, ինչպես նաև տեղեկանք` տրված աշխատանքի վայրից և այլն).

զ) լուսանկար` 2 հատ, 3 x 4 չափսի։

Դիմումին կարող են կցվել ծննդի մասին բժշկական տեղեկանքը, բուժական հիմնարկների, մանկապարտեզների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների կողմից տրված տեղեկանքները, ինչպես նաև տեղեկանքներ` տրված նախկին աշխատանքի և բնակության վայրերից, դիմողի ծննդյան ժամանակը հաստատող և այլ փաստաթղթեր: Անհրաժեշտության դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը կարող է հարցումների միջոցով ստանալ այլ անհրաժեշտ փաստաթղթեր։

3. Ակտի գրանցման կորուստը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության հանրապետական արխիվի կողմից, որը, ի պատասխան դիմողի կամ ՔԿԱԳ-ի համապատասխան մարմնի հարցման, տալիս է այդ գրանցման բացակայության մասին սահմանված ձևի տեղեկանք:

Ակտի գրանցման կորուստը հաստատող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության հանրապետական արխիվը պարտավոր է ակտի գրանցման առկայությունն ստուգել դիմումում նշված ծննդյան վայրի ակտերի գրանցման գրքերով: Ստուգումը կատարվում է 7 տարվա գրքերում (այն տարվա համար, որը նշված է դիմումում, ինչպես նաև` դրան նախորդող 3 տարվա համար և դրան հաջորդող 3 տարվա համար):

4. Օտարերկրյա պետություններում ծնված քաղաքացիների (բացառությամբ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթածների) վերաբերյալ հարցումները կատարվում են նրանց դիմումներում նշված ակտերի գրանցման 1-ին և 2-րդ օրինակների գտնվելու վայրերի ՔԿԱԳ-ի համապատասխան մարմիններից։

5. Որդեգրման, հայրության որոշման, ազգանվան, անվան, հայրանվան փոխման, ամուսնության, ամուսնալուծության, մահվան մասին գրառումները վերականգնվում են միայն այն դեպքում, երբ առկա են հաստատող փաստաթղթեր այն մասին, որ համապատասխան ակտի գրանցում նախկինում եղել է (ակտերի գրանցման վերաբերյալ վկայականներ կամ այդ վկայականների հաստատված պատճեններ, անձը հաստատող փաստաթղթերում ակտերի գրանցման վերաբերյալ դրոշմակներ և այլն):

6. Ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումները տրվում են այն անձանց կողմից, որոնց վերաբերում են այդ գրանցումները:

7. 18 տարին չլրացած երեխաներին վերաբերող ակտերի գրառումները վերականգնվում են նրանց ծնողների, որդեգրողների, խնամակալների ու հոգաբարձուների, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների դիմումների հիման վրա, որոնց դաստիարակությանն են հանձնված եղել այդ անչափահասները:

Սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ ակտերի գրառումները վերականգնվում են նրանց խնամակալների դիմումների հիման վրա:

Այն անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ, ըստ նրանց առողջական վիճակի, հոգաբարձություն է սահմանված, ակտերի գրառումները կարող են վերականգնվել հոգաբարձուների դիմումների հիման վրա:

Ըստ անհրաժեշտության, ակտերի գրառումների վերականգնման մասին դիմումներով ՔԿԱԳ-ի տարածքային մարմիններ կարող են դիմել սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված` 16 տարին լրացած անչափահասները:

8. Ստացված դիմումը և դրան կից փաստաթղթերը մանրազնին ուսումնասիրվում, համեմատվում են ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից: Այն փաստերը, ինչպես նաև փաստաթղթերում առկա գրանցումները, որոնց հավաստի լինելը կասկած է հարուցում, ստուգվում են ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից՝ համապատասխան կազմակերպությունից, ՔԿԱԳ-ի այլ տարածքային մարմիններից հարցումներ կատարելու միջոցով:

9. Ծննդի մասին ակտի վերականգնվող գրառման մեջ անձի ծննդյան ժամանակը նշվում է առկա փաստաթղթերի հիման վրա (անձնագիր, անձնագիրը փոխարինող փաստաթղթեր, զինվորական գրքույկ, աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող  փաստաթղթեր, դիմողի ամուսնության, ամուսնալուծության, նրա երեխաների, ծնունդների գրանցումների պատճեններ և այլն), եթե ներկայացված փաստաթղթերում ծննդյան ժամանակի տարբերություններ չկան:

10. Երբ ներկայացված փաստաթղթերում նշված է միայն ծննդյան տարեթիվը, առանց նշելու ամիսը, ամսաթիվը, ապա ծննդյան ամիս և ամսաթիվ է ընդունվում տվյալ տարվա հուլիսի 1-ը:

Եթե ծննդյան ժամանակը սահմանված է տարվա առաջին կեսը, ապա ծննդյան ամիս և ամսաթիվ են ընդունվում տվյալ տարվա ապրիլի 1-ը, եթե` երկրորդ կեսը, ապա` նույն տարվա հոկտեմբերի 1-ը:

Եթե ծննդյան ժամանակի վերաբերյալ փաստաթղթում նշված են ծննդյան տարեթիվը և ամիսը՝ առանց ամսաթվի, ապա ծննդյան ամսաթիվն ընդունվում է համապատասխան ամսվա 15-ը:

11. Եթե բժշկական հիմնարկում մինչև 16 տարեկան երեխաների ծննդի մասին տվյալներ չկան, ապա ակտերի գրառումը վերականգնելու մասին դիմումը սույն կարգով սահմանված դեպքերում մերժվում է:

12. Ըստ անհրաժեշտության` նյութերն ստուգման համար ուղարկվում են դիմումն ընդունող ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի գտնվելու վայրի ոստիկանություն, որն այն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում վերադարձնում է ՔԿԱԳ-ի տարածքային մարմին՝ ստուգման արդյունքների մասին եզրակացության հետ միասին:

13. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը ակտի գրառման վերականգնման վերաբերյալ քաղաքացու խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին եզրակացության հետ միասին կազմում է գործ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալություն։

14. Ակտերի գրառման վերականգնումը մերժելու դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացության մեջ պետք է նշվեն մերժման հիմքերը:

15. Ակտերի գրառումը վերականգնելու կամ այն մերժելու մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետի կողմից, որի մասին նշվում է եզրակացության վերին աջ անկյունում՝ «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:

Ակտերի գրառումը վերականգնելու մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացությունը կազմվում է 2 օրինակից:

16. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը մերժում է ակտերի գրառման վերականգնման մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից տրված եզրակացությունը, եթե ակտերի գրառման վերականգնման գործը կազմվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ, ակտերի գրառման վերականգնում կատարելու պահանջը հիմնավորված չէ, փաստաթղթերում առկա են տեղեկությունների ակնհայտ անհամապատասխանություններ։

Ակտի գրառման վերականգնումը մերժելու մասին դիմողին տրվում է գրավոր պարզաբանում մերժման հիմքերի մասին, բացատրվում է գրառման վերականգնման մերժումը բողոքարկելու կարգը և, նրա խնդրանքով, նրա կողմից ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են նրան, բացի դիմումից: Բոլոր վերադարձվող փաստաթղթերի լուսապատճենները և դիմումը պահվում են ՔԿԱԳ-ի համապատասխան մարմնում։

17. Ակտերի վերականգնված գրառման մասին արձանագրվում է ընթացիկ գրանցման գրքում, իսկ ծննդի մասին վերականգնված գրառումը` ծննդի մասին վերականգնված գրառումների արձանագրման գրքում:

Ծննդի մասին վերականգնված գրառումների համարակալումն սկսվում է 1-ին համարից, այնուհետև տարվա ընթացքում` ըստ հաջորդականության: Մյուս ակտերի գրանցման վերաբերյալ վերականգնված գրառումները համարակալվում են նախկին գրառման համարով` ավելացնելով «Վ» տառը և վերականգնված գրառման հերթական համարը:

Վերականգնված գրառման երկրորդ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության հանրապետական արխիվ:

18. Ակտի գրանցման փաստը դատական կարգով հաստատվելու դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմինն ակտի գրանցումն արձանագրում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ առանց եզրակացություն կազմելու: Դիմողը դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնում է իր մշտական բնակության վայրի ՔԿԱԳ-ի տարածքային մարմին՝ ակտի գրառումը վերականգնելու մասին դիմումի հետ միասին:

19. Ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ-ի տարածքային մարմիններում գրանցած` օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումները ներկայացնում են անձամբ կամ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով:

20. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ակտերը Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ-ի տարածքային մարմիններում գրանցած օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց ակտերի գրառումների վերականգնումը կատարվում է ընդհանուր կարգով:

21. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետն իրավունք ունի ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ներկայացրած նյութերը ոչ լրիվ լինելու դեպքում դրանք վերադարձնելու լրացուցիչ ուսումնասիրության` գրավոր նշելով գործում առկա թերությունները, փաստաթղթերում առկա տեղեկությունների անհամապատասխանությունները և այլն։

22. Ակտերի գրառումները վերականգնելու վերաբերյալ հարցերի քննարկումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում՝ հաշված ՔԿԱԳ-ի տարածքային մարմնում դիմումն ստանալու օրվան հաջորդող օրվանից: Ըստ անհրաժեշտության` այդ ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 2 ամիս՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետի կողմից համապատասխան մակագրություն կատարվելու միջոցով: Յուրաքանչյուր առանձին դեպքում ժամկետը որոշվում է` ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից: ՔԿԱԳ-ի համապատասխան տարածքային մարմինը ժամկետի երկարաձգման մասին տեղեկացնում է դիմողին:

23. Ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումների, ինչպես նաև սահմանված ժամկետի բացթողմամբ ծնունդների գրանցման մասին դիմումները գրանցվում են դիմումների հաշվառման հատուկ մատյանում՝ ըստ սահմանված ձևի:

24. ՔԿԱԳ-ի տարածքային մարմիններն ակտերի գրառումների վերականգնումներ կատարելու մասին տեղեկացնում են իրենց գտնվելու վայրի ոստիկանության մարմիններին, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիության չունեցող անձանց վերաբերող ակտերի գրառումներում վերականգնումներ կատարելու մասին` նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

25. Ակտի վերականգնված գրառման հիման վրա դիմողին տրվում է ակտի պետական գրանցման վկայական:

Ակտի վերականգնված գրառման հիման վրա տրվող վկայականների վրա դրվում է դրոշմակ՝ «Գրանցումը վերականգնված է» մակագրությամբ: Տրված վկայականի սերիան և համարը նշվում են վերականգնված ակտի գրանցման 2 օրինակի վրա:

26. Ակտի գրառման վերականգնման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան