Գլխավոր տեղեկություն
Номер
N 1862-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.135
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.01.2005
Дата вступления в силу
05.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 հունվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1862-Ն

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետի 7-րդ ենթակետի և 6-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հիմնական ցուցանիշները` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ պետական հատուկ նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 14-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը սահմանելու մասին» N 686-Ն որոշմամբ սահմանված կարգի:

3. Սահմանել պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների և հիդրոտեխնիկական կառուցվածքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի, որոնց աշխատանքի դադարեցումը կամ վթարը կարող է հանգեցնել մարդկային կամ նյութական խոշոր վնասների:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Երևանի քաղաքապետին` եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել պետական հատուկ նշանակության յուրաքանչյուր հիդրոհանգույցի օգտագործման առանձնահատկությունները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 

 

2005 թ. հունվարի 10
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1862-Ն որոշման


ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Հիդրոտեխնիկական կառուցվածքների գործունեության կայունության, շահագործման հուսալիության ապահովման ռիսկերի գործոնների նվազեցման և կանխատեսման տեսակետից, ջրամբարների, ոռոգման ու խմելու ջրի պոմպակայանների, խորքային և շատրվանող հորերի կապտաժային, ջրառ ու կարգավորող կառուցվածքների, ոռոգման և էներգետիկ նշանակության ջրանցքների, ճնշումային ջրատարների ու թունելների համար անվտանգության հիմնական ցուցանիշներն են`

1. Հիդրոհանգույցի ջրհեռ կառուցվածքներով հաշվարկային առավելագույն ելքերի անարգել հեռացման ապահովումը

2. Հիդրոհանգույցի չափիչ, հսկիչ սարքավորումներով և կապի միջոցներով կահավորվածությունը

3. Անվտանգության մասին հայտարարագրերի և պահակային ծառայության առկայությունը

4. Սանիտարական գոտու պահպանվածության համար իրականացվող միջոցառումները

5. Էլեկտրամատակարարման պահուստային աղբյուրի առկայությունը

6. Խմելու և ոռոգման ջրի մեխանիկական համակարգերում պահուստային պոմպի առկայությունը

7. Հիդրոհանգույցի օտարման գոտում կողմնակի շինությունների ու կառուցվածքների անթույլատրելիությունը

8. Հակահրդեհային միջոցառումների ապահովումը

9. Խմելու և ոռոգման նպատակով պահանջվող ջրի որակի ապահովումը

10. Հիդրոհանգույցի շրջակա տարածքում գերխոնավացման, կորուստների և դիմհարային երևույթների առաջացման պատճառների կանխարգելումը

11. Բերվածքների կուտակման, հեռացման և լվացման գործընթացների ապահովումը

12. Ճնշումային ջրատարների հերմետիկության ու ամրության և դրանց շարժական հենարանների կայունության ապահովումը

13. Թունելների օդափոխիչ հորանների առկայությունը և դրանց աշխատունակությունը

14. Հիդրոտեխնիկական կառուցվածքների օտարման գոտիներ կողմնակի անձանց մուտքն արգելող կառույցների առկայությունը

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1862-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

1. Հատուկ նշանակության (24) ջրամբարներ`

Ախուրյանի, Ապարանի, Հալավարի, Սևաբերդի, Դավիթ Բեկի, Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Կառնուտի, Մանթաշի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Հերհերի, Արփի լճի, Թավշուտի, Ազատի, Զանգակատան, Սպանդարյանի, Երևանի, Տոլորսի, Մարմարիկի, Գեղիի, Կեչուտի

2. Որոտան-Արփա և Արփա-Սևան թունելներ

3. Առինջի հեղեղակարգավորիչը` Գետառ հեղեղատարով

4. Ջրամատակարարման օրվա կարգավորման ջրամբարներ

5. Արաքս գետի վրա Կարա-Կալայի հիդրոհանգույցը

6. Ջրամատակարարման նպատակով օգտագործվող հատուկ, պետության կողմից պահպանվող ստորգետնյա և այլ ջրառ կառուցվածքներ

7. Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքներ

8. Ոռոգման և էներգետիկ նշանակության 5.0 խոր. մ/վրկ-ում և ավելի թողունակությամբ ջրանցքներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան