Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Тип
Исходный акт (14.01.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.1
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
21.06.2009
Дата подписания
21.06.2009
Дата вступления в силу
14.01.2010

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջԵՎ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

 

ցանկանալով աջակցել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցությանը,

 

հայտնելով դիվանագիտական անձնագրեր ունեցող երկու երկրների քաղաքացիներին մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու իրենց պատրաստակամությունը,

 

հաշվի առնելով 1961 թ. «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիան և 1963 թ. «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիան,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

Հոդված 1

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի համաձայն` մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրների վավերական դիվանագիտական անձնագրերը:

 

Հոդված 2

 

1. Կողմերը կթույլատրեն դիվանագիտական անձնագրեր ունեցող իրենց քաղաքացիներին մուտք գործել, լքել և տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքներով` առանց մուտքի արտոնագրի և վճարի:

2. Կողմերի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով:

 

Հոդված 3

 

1. Կողմերը պետք է դիվանագիտական ուղիներով փոխանակեն իրենց դիվանագիտական անձնագրերի նմուշները:

2. Ցանկացած Կողմի կողմից իր դիվանագիտական անձնագրերում ցանկացած փոփոխություն կատարվելու դեպքում մի Կողմը պետք է մյուս Կողմին փոխանցի իր նոր անձնագրերի նմուշը դրանց ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ:

 

Հոդված 4

 

1. Կողմերի քաղաքացիները պետք է մուտք գործեն մյուս Կողմի տարածք միմիայն միջազգային ուղևորափոխադրումների համար նախատեսված սահմանային անցակետերով:

2. Դիվանագիտական անձնագիր ունեցող՝ երկու Կողմերի քաղաքացիները պետք է պահպանեն մյուս Կողմի տարածքում գործող օրենքներն ու կանոնները այնտեղ իրենց գտնվելու ամբողջ ընթացքում:

 

Հոդված 5

 

1. Կողմերն իրավունք ունեն մերժելու դիվանագիտական անձնագիր ունեցող մյուս Կողմի ցանկացած քաղաքացու մուտքը իրենց տարածք կամ այնտեղ գտնվելը, որը համարվում է persona non grata կամ անցանկալի անձ:

2. Եթե Կողմերից մեկի քաղաքացին իր անձնագիրը կորցնում է մյուս Կողմի տարածքում, նա պետք է այդ մասին տեղեկացնի տվյալ Կողմի համապատասխան մարմիններին` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը իր քաղաքացուն տրամադրում է նոր անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և այդ մասին տեղեկացնում է հյուրընկալ պետության համապատասխան մարմիններին:

 

Հոդված 6

 

1-ին հոդվածում նշված՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց չի թույլատրվում աշխատել կամ ընդգրկվել որևէ մասնագիտական գործունեության մեջ՝ առանց պահպանելու այդ գործունեություններին առնչվող` երկու երկրներում կիրառվող կանոններն ու նորմերը:

 

Հոդված 7

 

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը երաշխավորել կեղծիքներից` անձնագրերի և ճամփորդական փաստաթղթերի պաշտպանության ամենաբարձր մակարդակը: Նրանք պետք է ստուգեն դրանց համապատասխանությունը անվտանգության նվազագույն չափանիշներին ԻԿԱՕ-ի կողմից առաջարկված՝ ճամփորդական փաստաթղթերի մեքենայով կարդացվող եղանակով:

 

Հոդված 8

 

Փոխըմբռնման հուշագիրը չի ազդում միջազգային կոնվենցիաներից և համաձայնագրերից, որոնց կողմ են երկու երկիրն էլ կամ դրանցից որևէ մեկը, բխող՝ Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա:

 

Հոդված 9

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում Կողմերի միջև ծագած ցանկացած անհամաձայնություն լուծվում է դիվանագիտական ուղիներով՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 10

 

1. Սույն Փոխըմբռնման հուշագրում լրացումներ և փոփոխություններ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և իրականացվել դիվանագիտական ուղիներով պաշտոնական ծանուցումների փոխանակման միջոցով:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Փոխըմբռնման հուշագրի կիրառումը ամբողջությամբ կամ մասնակիորեն` ելնելով ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությունից: Մյուս Կողմը պետք է այդ մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվի:

 

Հոդված 11

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում սույն Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելու համար երկու երկրների օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերից վերջին ծանուցումը ստանալու օրվանից 30 օր հետո:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը մնում է ուժի մեջ անորոշ ժամկետով, եթե Կողմերից մեկը դիվանագիտական խողովակներով գրավոր չհայտնի մյուս Կողմին սույն Փոխըմբռնման հուշագիրը դադարեցնելու վերաբերյալ իր մտադրության մասին:

Սույն Փոխըմբռնման հուշագիրը դադարում է գործել դադարեցման մասին Կողմերից մեկի գրավոր ծանուցումը ստանալու օրվանից 30 օր հետո:

Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի հունիսի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հունվարի 14-ին: