Գլխավոր տեղեկություն
Номер
N 381
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.1996-08.01.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.07.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.1996
Дата вступления в силу
02.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 1996 թվականի N 381

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի մասին» N 168 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
հուլիսի 2-ի  N 381 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) պետական կառավարման հանրապետական մարմին է` գերատեսչական կարգավիճակով, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարին (այսուհետև` նախարար):

Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր իրավասության սահմաններում ընդերքի ոլորտում տիրող վիճակի և նրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար: Հանձնաժողովը կոչված է պաշտպանելու պետության շահերն ընդերքի երկրաբանական հետախուզման, ռացիոնալ օգտագործման և պահպանման բնագավառում, մասնակցում է հանրապետության էկոնոմիկայի հաշվեկշռված զարգացմանը նպաստող երկրաբանահետախուզական աշխատանքների առաջնային ուղղությունների հիմնավորմանը և հանքահումքային հենքի օպտիմալ օգտագործման ծրագրերի մշակմանը:

Հանձնաժողովն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Հանձնաժողովի կրճատ անվանումն է` ՀՀ ՊՊՀ:

 

II. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

2. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզական աշխատանքների փուլերում և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերի քննարկումն ու համապատասխան կոնդիցիաների հաստատումը.

բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման և վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի քննարկումը և այլ պաշարների հաստատումն ու վերահաստատումը.

գ) արդյունաբերական նշանակությունը կորցրած, արդյունահանված, ինչպես նաև արդյունահանման ընթացքում կորսված կամ հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական և մշակման աշխատանքների ընթացքում չարդարացված օգտակար հանածոների պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի քննարկումն ու հաստատումը.

դ) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դասակարգման, տարբեր հանքատեսակների նկատմամբ այդ դասակարգման կիրառման հրահանգների մշակման աշխատանքների համակարգումն ու սահմանված կարգով նշված փաստաթղթերի հաստատումը.

ե) օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման մեթոդական ու հրահանգչական փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգումը և նշված փաստաթղթերի հաստատումը.

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստելը.

է) հանրապետության հանքահումքային հենքի վերաբերյալ տվյալների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքներին մասնակցելը.

ը) օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների ու գործառույթների իրականացումը:

 

III. Հանձնաժողովի աշխատանքի կազմակերպումը

 

3. Հանձնաժողովի համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Հանձնաժողովն ընդերքի ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

5. Հանձնաժողովը, նախարարի համաձայնությամբ, իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

6. Հանձնաժողովը`

ա) ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների համար: Գերատեսչական նորմատիվ ակտերի նախագծերը նախապես համաձայնեցվում են նախարարի հետ.

բ) համաձայնեցնելով նախարարի հետ` մյուս գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ընդերքի ոլորտում, առաջարկություններ մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք նախարարի միջոցով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր ոլորտին վերաբերող հարցերով կնքում է միջգերատեսչական պայմանագրեր` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով նախարարի հետ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները.

է) իր արտաբյուջետային ֆոնդերն օգտագործում է նախարարի հետ համաձայնեցված նախահաշիվներին համապատասխան.

ը) իր ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցը նախապես համաձայնեցնում է նախարարի հետ.

թ) իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է նախարարին.

ժ) իր կողմից իրականացվող փորձաքննություններին վճարովի հիմունքներով ներգրավում է այլ բարձրորակ մասնագետների (փորձագետների).

ի) իր կողմից փորձաքննվող աշխատանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով դիմում է համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին.

լ) իր ոլորտում կազմակերպում է հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, մշակում և տարածում, զարգացնում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների հետ.

խ) իրականացնում է ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը.

ծ) նախարարի համաձայնությամբ թույլատրում է համակարգի ձեռնարկություններին հիմնադրել դուստր ձեռնարկություններ և անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին.

կ) նախարարի համաձայնությամբ համակարգի ձեռնարկություններին և կազմակերպություններին թույլատրում է իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

7. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին, առանձին:

8. Հանձնաժողովը իր ոլորտի կառավարման բոլոր հարցերը լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

9. Հանձնաժողովն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննարկում է`

ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզական աշխատանքների փուլերում և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերը.

բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման և դրանց վերագնահատման արդյունքներով պաշարների հաշվարկման նյութերը.

գ) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դուրսգրման նյութերը.

դ) իր իրավասության սահմաններում օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և արդյունաբերական գնահատման հետ առնչվող մեթոդական, հրահանգչական ու նորմատիվային փաստաթղթերի նախագծերը.

ե) հանրապետության հանքահումքային հենքի պատրաստվածության առկա վիճակի և դրա հետագա զարգացման գնահատման հարցերը.

զ) հանձնաժողովի գործունեությանն առընչվող ընթացիկ և այլ հարցեր:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների ընդհանուր թվի 2/3-ը:

11. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի ընդունած որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ստորագրում են նախագահը և հանձնաժողովի համապատասխան անդամը:

12. Եթե հանձնաժողովի առանձին անդամներ համաձայն չեն որոշման ընդունմանը, ապա նրանց հատուկ կարծիքները կցվում են նիստի արձանագրությանը: Եթե հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ն ունի կարծիք, ապա այդ մասին հայտնվում է նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել հանձնաժողովի արտագնա նիստեր` անմիջականորեն հանքավայրերում և ձեռնարկություններում:

14. Հանձնաժողովին ներկայացվող նյութերի քննարկման տարեկան պլանը ձևավորվում է` հաշվի առնելով հանքավայրերի հետախուզական աշխատանքներով, արդյունաբերական գնահատմամբ և շահագործմամբ զբաղվող իրավաբանական ու ֆիզիկական անձանց հայտերը:

15. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում միայն ներկայացվող նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության ու արժանահավատության համար:

16. Հանձնաժողովը հանքավայրերի պաշարների հաշվարկման և արդյունաբերական գնահատման նյութերի անլիարժեքության ու անորակության դեպքում դրանք վերադարձնում է լրամշակման` տալով առաջարկություններ լրացուցիչ աշխատանքների կատարման և նշված թերությունների վերացման վերաբերյալ:

17. Հանձնաժողովը հանքավայրերի արդյունաբերական գնահատման նյութերի քննարկման արդյունքներով` տնտեսական աննպատակահարմարության կամ այլ հիմնավոր նկատառումներով առաջարկում է այդ օբյեկտներում դադարեցնել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքները:

18. Իր իրավասության սահմաններում հանձնաժողովի ընդունած որոշումները պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում երկրաբանահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ կատարող ձեռնարկությունների համար:

19. Հանձնաժողովը գլխավորում է նախագահը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Հանձնաժողովի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի ու հանձնաժողովի նախագահի հետ:

20. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նախագահի պարտականությունները կատարում է նրա տեղակալը:

21. Հանձնաժողովի նախագահը`

ա) պատասխանատվություն է կրում հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) կատարում է իր տեղակալի, հանձնաժողովի աշխատակիցների պարտականությունների բաշխումն ու սահմանում նրանց պատասխանատվության աստիճանը.

գ) նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի աշխատակիցների թվաքանակը և հանձնաժողովի անդամների անհատական կազմը.

դ) կազմակերպում ու վարում է հանձնաժողովի նիստերը.

ե) հաստատում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

զ) հաստատում է հանձնաժողովի նիստերում ընդունված մեթոդական, հրահանգչական և նորմատիվային փաստաթղթերը.

է) հաստատում է հանձնաժողովի փորձագետների անհատական կազմը և փորձագետների մասին կանոնադրությունը.

ը) հանձնաժողովի աշխատակիցներին գործուղում է ԱՊՀ անդամ պետություններից դուրս` համաձայնեցնելով նախարարի հետ.

թ) նախարարի հետ համաձայնեցնելով` ստեղծում, վերակազմավորում և լուծարում է ենթակա ձեռնարկությունները և կազմակերպությունները, հաստատում դրանց կանոնադրությունները, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դրանց ղեկավարներին.

ժ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
հուլիսի 2-ի  N 381 որոշմամբ


Ներմուծեք նկարագրությունը_13894