Գլխավոր տեղեկություն
Номер
N 225-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.30/20(392) Հոդ.360
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2005
Дата вступления в силу
31.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2005 թվականի N 225-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի 2005 թվականի զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մարտի 14
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 17-ի N 225-Ն որոշման




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 
2005 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

«ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման ծրագրի կենսագործման համար նախատեսվել է 1,500.15 մլն դրամ գումար: Նշված գումարի բաշխումը՝ ըստ ծախսային ուղղությունների և համամասնությունների կատարվել է հաշվի առնելով մարզում օրակարգային ամենաառաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնց լուծմամբ էապես կբարելավվի մարզի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Վերոգրյալ գումարով նախատեսվում է 2005 թվականի ընթացքում իրականացնել հետևյալ աշխատանքները`

1. «Զույգաղբյուր-Մուխութուրյան» ջրագծի կառուցում, որի համար «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման ծրագրի» շրջանակներում նախատեսվում է առանձնացնել 480,000.0 հազար դրամ գումար: Հայջրտնտպետկոմի առաջարկությամբ և «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի հաշվարկներով անհրաժեշտ է կառուցել կապտաժներ և շուրջ 20 կմ երկարությամբ 530 մմ տրամագծի պողպատե ջրատար, որով արմատապես կբարելավվի Գորիս քաղաքի տարածաշրջանի 14 և Սիսիանի տարածաշրջանի 11 գյուղերի ջրամատակարարումը:

Ներկայումս Գորիս քաղաքը և տարածաշրջանի մի շարք գյուղեր ինքնահոս եղանակով խմելու ջուր են ստանում «Ակներ» համակարգից /պաշարը՝ 85 լ/վրկ/ և «Մուխութուրյան» համակարգից /պաշարը՝ 200 լ/վրկ/, որոնք կառուցվել են 25-30 տարի առաջ և ներկայումս ենթակա են հիմնանորոգման: Համաձայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տվյալների՝ ջրի կորուստները համակարգերում կազմել են 50-60%:

Խորհրդային տարիներին գործել է նաև «Զոր-Զոր» աղբյուրներից ջրամատակարարման համակարգը, որով 198 լ/վրկ ջուր է տրվել պոմպակայաններով: Էլեկտրաէներգիայի ճգնաժամի տարիներին պոմպակայանները ապամոնտաժվել են և չեն գործում առ այսօր:

Գորիսի ջրամատակարարման նպատակով 1995 թվականից շարունակվել է «Մուխութուրյան»-«Սիսիան» կիսակառույց ջրատարի շինարարությունը մինչև Գորիսի ՕԿՋ:

 «Մուխութուրյան- Գորիս» ջրատարը անցնում է Սիսիանի և տարածաշրջանի մի շարք գյուղերի տարածքով, որոնք ջրատարից վերցնում են 150 լ/վրկ ջուր և փաստացի Գորիսի ՕԿՋ մուտք է գործում ընդամենը 10 լ/վրկ ջուր:

Տեխնիկատնտեսական հաշվարկով Գորիս քաղաքի ջրապահանջը կազմում է 400 լ/վրկ և գյուղերինը՝ 154 լ/վրկ, ընդամենը՝ 556 լ/վրկ: Ծրագրով նախատեսվում է Զույգաղբյուրի հանքավայրի աղբյուրների ջրերը ինքնահոս տարբերակով միացնել Մուխութուրյանի ջրատարին` կառուցելով ընդամենը 17,5 կմ d= 530x7մմ-426x7մմ տրամաչափի ջրատար, որով կբարելավվի Գորիս քաղաքի, տարածաշրջանի 14 և Սիսիանի տարածաշրջանի 11 գյուղերի ջրամատակարարման խնդիրները:

2. «Զույգաղբյուր»-«Մուխութուրյան» ջրագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, որի համար համաձայն «Կոմմուննախագիծ» ՓԲԸ-ի անհրաժեշտ գումարը կազմում է 14,0 մլն  դրամ: Աշխատանքներն ավարտված են: Ֆինանսական միջոցները փոխատվական կարգով տրամադրվել են «Սյունիք-Զանգեզուր» ԲՀ-ի կողմից:

3. Կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանում փախստականների բնակարանային խնդիրների լուծումը: Սյունիքի մարզում ներկայումս հաշվառված են ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների 145 ընտանիք, որոնցից 84-ը՝ Գորիսում: ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի գրասենյակի միջոցով Գորիս քաղաքում փախստական ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է կառուցել 40 բնակարանանոց բնակելի շենք՝ համաֆինանսավորման սկզբունքով: Աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է 224.1 մլն դրամ, որից պայմանագրի համաձայն 60.0 մլն դրամը (26.7%) կազմում է Սյունիքի մարզպետարանի ներդրման չափը: Մարզպետարանի մասով նախատեսված գումարի ներդրումը փոխատվական կարգով իրականացվել է «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամի կողմից:

4. Առաջնային է մարզի քաղաքների ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման խնդիրը: Ռազմական գործողությունների, ինչպես նաև քաղաքային համայնքների կողմից ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման համար ֆինանսական միջոցների չտրամադրման պատճառով ճանապարհները դարձել են խիստ անբարեկարգ և դժվար երթևեկելի, որը խանգարում է հասարակական տրանսպորտի աշխատանքների նորմալ կազմակերպմանը: Ծրագրով նախատեսվում է պահպանված ասֆալտբետոնյա ծածկի փոսային նորոգում և նոր ծածկի կառուցում:

 ք. Կապան - 30.0 մլն դրամ (ընդհանուր երկարությամբ 66.7 կմ ճանապարհներից 40.2 կմ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներից կվերանորոգվի 7.5 հազ. քմ ճանապարհահատված)

 ք. Գորիս - 80.0 մլն դրամ (ընդհանուր երկարությամբ 65 կմ ճանապարհներից 60 կմ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներից կվերանորոգվի 20 հազ. քմ ճանապարհահատված)

 ք. Սիսիան - 80.0 մլն դրամ (ընդհանուր երկարությամբ 37 կմ ճանապարհներից 32 կմ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներից կվերանորոգվի 20 հազ. քմ ճանապարհահատված)

. Մեղրի - 30.0 մլն դրամ (ընդհանուր երկարությամբ 13 կմ ճանապարհներից 10.2 կմ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներից կվերանորոգվի 7.5 հազ. քմ ճանապարհահատված):

5. ՀՀ Սյունիքի մարզպետարանի վարչական շենքը կառուցվել է 1963 թվականին և հիմնանորոգման չի ենթարկվել: Ծրագրով նախատեսվում է 70.0 մլն դրամ գումարով հիմնանորոգել շենքի տանիքը, սանհանգույցները, աշխատասենյակների և միջանցքների հատակները և իրականացնել ներքին հարդարման աշխատանքները:

6. ՀՀ Սյունիքի մարզում առկա 649 բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը, հատկապես դրանց ընդհանուր սեփականություն հանդիսացող մասերը /տանիք, աստիճանավանդակներ, մուտքեր, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցեր/ 30 տարուց ավելի է, ինչ հիմնանորոգման չեն ենթարկվել և գտնվում են խիստ անբարվոք վիճակում: Շենքերի մեծ մասում անձրևաջրերը թափանցում են ներս, թուլացնելով կրող պատերի ու կոնստրուկցիաների ամրությունը:

Մինչև 2004 թվականը բնակֆոնդի հիմնանորոգման համար ֆինանսական միջոցներ չեն տրամադրվել: ՀՀ 2004 թվականի պետական բյուջեով 30,0 մլն դրամ է հատկացվել Կապան քաղաքի 16 բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների հիմնանորոգման համար: Ծրագրով նախատեսվում է 64.8 մլն  դրամ գումարով վերանորոգել Կապան և Մեղրի քաղաքների բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները:

Հիմնավորում /ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցելու մասին» N 86-Ա որոշում»/:

7. Ծրագրով նախատեսվում է ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով հասցված վնասի վերացման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցները, նախակրթական օբյեկտները, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի տարբեր նշանակության շենքերը և շինությունները ապահովել ապակիով: Այդ նպատակով պետք է առանձնացվի 4,15 մլն դրամ:

8. Սյունիքի մարզի բուսաբուծության հիմնական ուղղություն է հանդիսանում հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը: Սակայն մարզում տարիներ շարունակ սերմնաբուծության զարգացմանն ուղղված էական միջոցառումներ չեն իրականացվել, ինչի պատճառով ներկայումս գյուղացիական տնտեսությունների մեծ մասի կողմից հիմնականում օգտագործվում են 4-5-րդ վերարտադրության սերմեր: Արդյունքում տարեցտարի արձանագրվում է միջին բերքատվության տատանումներ և աստիճանական անկում:

Էլիտար սերմացուի ներկրման շնորհիվ մարզում կվերականգնվի սերմարտադրության գործընթացը, հետևաբար նաև կբարելավվի բերքատվության մակարդակը:

Նշված խնդրի լուծման համար Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է 470 տ էլիտար սերմացու: Ֆինանսական միջոցները փոխատվական կարգով տրամադրվել են «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամի կողմից՝ 90,0 մլն դրամի չափով:

9. Վերջին տարիներին մարզային նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքներ չեն կատարվել, որի պատճառով դրանք դարձել են խիստ անբարեկարգ և դժվար երթևեկելի: Մարզային նշանակության ավտոճանապարհների ասֆալտբետոնյա ծածկը հիմնականում քայքայված է, բացակայում են կողային առուները, խողովակների մեծ մասը լցված է և չի ապահովում ջրահեռացում: Ճանապարհի վրա առաջացել են նստվածքներ և փլվածքներ, բացակայում են ճանապարհային նշանները, ազդանշանային սյուները, արգելափակոցները:

Ճանապարհների վերականգնման համար անհրաժեշտ է կատարել հողային պաստառի վերականգնում /նստվածքների և փլվածքների վերականգնում, թափվածքների մաքրում, շեպերի հարթեցում, կողային առուների ակոսահանում և մաքրում, կողնակների վերականգնում/, պահպանված ասֆալտբետոնային ծածկի փոսային նորոգում: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 496,0 մլն  դրամ գումար:

 Պետխճուղի-Ուժանիս /3 կմ, 120.0 մլն դրամ/

Սահմանամերձ Պետխճուղի Սյունիք-Եղվարդ-Ուժանիս տանող ճանապարհի առանձին հատվածներ պատերազմական գործողությունների և ռազմական տեխնիկայի հաճախակի տեղաշարժերից դարձել են խիստ դժվարանցանելի, որը խոչընդոտում է հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպմանը: 19,6 կմ ընդհանուր երկարության ճանապարհը վերանորոգման խիստ կարիք ունի: Նախատեսվում է հիմնանորոգել 3 կմ ավտոճանապարհ:

 Պետխճուղի-Դավիթբեկ /1 կմ, 30.0.0 մլն դրամ/

Սահմանամերձ Պետխճուղի-Դավիթբեկ տանող ճանապարհի առանձին հատվածներ պատերազմական գործողությունների և ռազմական տեխնիկայի հաճախակի տեղաշարժերից դարձել են խիստ դժվարանցանելի, որը խոչընդոտում է հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպմանը: 5.5 կմ ընդհանուր երկարության ճանապարհը վերանորոգման խիստ կարիք ունի: Նախատեսվում է հիմնանորոգել 1 կմ ավտոճանապարհ:

 Պետխճուղի-Խնածախ-Վաղատուր-Խոզնավար /10 կմ, 130.0 մլն դրամ/

Սահմանամերձ այս լեռնային գյուղեր տանող 36 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհը պատերազմական գործողություններից դարձել է անբարեկարգ ու դժվարանցանելի: Նախատեսվում է հիմնանորոգել 10 կմ ավտոճանապարհ /իրականացնել փոսային նորոգում, կողային առուների մաքրում և ակոսահանում, թափվածքների մաքրում/:

 Պետխճուղի-Հարժիս /6 կմ, 48.0մլն դրամ/

Լեռնային 6.5 կմ ընդհանուր երկարության ճանապարհը երկար տարիներ չվերանորոգվելու պատճառով դարձել է խիստ անբարեկարգ: Նախատեսվում է հիմնանորոգել 6 կմ ավտոճանապարհ /իրականացնել փոսային նորոգում, կողային առուների մաքրում և ակոսահանում, թափվածքների մաքրում/:

 Սիսիան-Աշոտավան-Հացավան-Սալվարդ-Թասիկ-Թանահատ-Արևիս /3 կմ, 100.0 մլն դրամ/

Լեռնային և ծայրամասային 28 կմ ընդհանուր երկարության ճանապարհը երկար տարիներ չվերանորոգվելու և տեղի ունեցած հեղեղումների պատճառով դարձել է խիստ անբարեկարգ: Նախատեսվում է հիմնանորոգել 3 կմ ավտոճանապարհ:

 Սիսիան-Պետխճուղի-Իշխանասար /2 կմ, 20.0 մլն դրամ/

Լեռնային և ծայրամասային 5.6 կմ ընդհանուր երկարության ճանապարհը երկար տարիներ չվերանորոգվելու և տեղի ունեցած հեղեղումների պատճառով դարձել է խիստ անբարեկարգ: Նախատեսվում է հիմնանորոգել 2 կմ ավտոճանապարհ /իրականացնել փոսային նորոգում, կողային առուների մաքրում և ակոսահանում, թափվածքների մաքրում/:

 Պետխճուղի-Լեհվազ-Վահրավար-Գուդեմնիս /4 կմ, 30.0 մլն դրամ/

Ծայրամասային, լքման և քայքայման եզրին հայտնված գյուղերի 13 կմ ընդհանուր երկարության ճանապարհը երկար տարիներ չվերանորոգվելու պատճառով դարձել է խիստ անբարեկարգ:

Նախատեսվում է հիմնանորոգել 4 կմ ավտոճանապարհ /իրականացնել փոսային նորոգում, կողային առուների մաքրում և ակոսահանում, թափվածքների մաքրում/:

 Պետխճուղի-Լիճք-Տաշտուն / 2 կմ, 18.0 մլն դրամ/

Ծայրամասային գյուղերի 7.0 կմ ընդհանուր երկարության ճանապարհը երկար տարիներ չվերանորոգվելու պատճառով դարձել է խիստ անբարեկարգ: Նախատեսվում է հիմնանորոգել 2 կմ ավտոճանապարհ /իրականացնել փոսային նորոգում, կողային առուների մաքրում և ակոսահանում, թափվածքների մաքրում/:

10. Մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն իրականացվել է «Հայճաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից:

Ֆինանսական միջոցները 1.2 մլն դրամի չափով փոխատվական կարգով տրամադրվել են «Սյունիք-Զանգեզուր» ԲՀ-ի կողմից:

    
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան