Գլխավոր տեղեկություն
Номер
N 1479-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2005-20.02.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.10.05/62(434) Հոդ.1193
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2005
Дата вступления в силу
06.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1479-Ն

ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սերմերի հավաստագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
       վարչապետ             
 Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 14
            Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 1479-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սերմերի հավաստագրման կարգը (այսուհետ` կարգ) ընդունվում է «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմերի որակի գնահատման և շուկայահանման գործընթացներն ու ընթացակարգերը:

2. Հայաստանի Հանրապետությունում սերմերի հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):


II. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

3. Սերմերի հավաստագրման նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և շուկայահանվող սերմերի բարձր որակի (սորտային մաքրություն, սորտային պատկանելություն, ծլունակություն, հիվանդությունների ու վնասատուների հարուցիչներից զերծ, մոլախոտերով և այլ (չեզոք) նյութերով ցածր աղտոտվածություն) երաշխավորումը,

բ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի հավաստագրման, սերմերի որակի գնահատման, շուկայահանման հետ կապված ընթացակարգերի համապատասխանեցումը միջազգային կազմակերպությունների (ԻՍՏԱ, ՕԵՍԴ, ՖԻՍ) պահանջներին և օտարերկրյա պետությունների համանման համակարգերին,

գ) Հայաստանի Հանրապետությունում բարձրորակ և միջազգային շուկայում
մրցունակ սերմերի արտադրությանը նպաստելը և դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում սերմեր արտադրող, վերամշակող ու իրացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության, ինչպես նաև սերմերի միջազգային շուկայում նրանց մասնակցությունն ապահովելու համար արդյունավետ պայմանների ստեղծումը:

4. Սերմերի հավաստագրման խնդիրներն են`

ա) պետության և սպառողների շահերի պաշտպանությունն անբարեխիղճ սերմնարտադրողներից, վերամշակողներից ու իրացնողներից,

բ) սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին սերմերի որակի համապատասխանության հավաստումը,

գ) սերմերի արտադրության, պահպանության, իրացման և շուկայահանման գործընթացների նկատմամբ արդյունավետ պետական վերահսկողության իրականացումը:


III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

ա) սերմերի խմբաքանակ` ծագմամբ և որակով միատարր, մեկ սորտի (տեսակի) սերմերի որոշակի քանակություն.

բ) սերմերի խառը խմբաքանակ` տարբեր տեղերից ստացված, միևնույն սորտի սերմերի խմբաքանակ: Սերմերի խառը խմբաքանակի բաղադրիչները կարող են լինել տարբեր բերքերից ստացված սերմեր, հավաստագրման ներկայացված սերմերի խմբաքանակներ կամ դրանց համակցությունը.

գ) սերմերի խառնուրդ` սերմերի խմբաքանակ, որը բաղկացած է սերմերի երկու և ավելի տեսակներից կամ սորտերից.

դ) սերմնարտադրող` լիազորված պետական մարմնի կողմից հաշվառված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իր կողմից տնօրինվող հողատարածքում իր հսկողությամբ իրականացնում է սերմերի բազմացման աշխատանքներ: Սերմնարտադրողը կարող է նաև վերամշակել, փաթեթավորել իր սեփական արտադրության սերմերը.

ե) սորտը պահպանող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հաշվառված է սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում որպես տվյալ սորտի պահպանման համար պատասխանատու անձ.

զ) փաթեթավորող, վերամշակող`  ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը փաթեթավորում, վերամշակում է հավաստագրված սերմերը.

է) նմուշառու` հավաստագրման ներկայացվող սերմերից նմուշներ վերցնելու համար պետական մարմնի կողմից լիազորված պատասխանատու անձ.

ը) պատասխանատու անձ` սերմնարտադրողի, վերամշակողի, վաճառողի կամ փաթեթավորողի կողմից լիազորված անձ, որը պատասխանատու է սերմերի հավաստագրման կանոնակարգերի և ընթացակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար: Սերմերի հավաստագրմանը վերաբերող բոլոր փաստաթղթերն ստորագրում է պատասխանատու անձը.

թ) դաշտային հետազոտող (ապրոբատոր)` սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող.

ժ) հայտատու` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը դիմում է լիազորված պետական մարմնին սերմերի հավաստագրման նպատակով.

ժա) ստուգիչ հողամաս` հատուկ հողակտոր, որտեղ սերմերի ցանքերի միջոցով լիազորված պետական մարմինը որոշում է սերմերի սորտային պատկանելությունը, մաքրությունը և սերմերի որակական հատկանիշները.

ժբ) նախահիմնային (ՆՀՄ - PB) սերմեր`  ընտրասերողի կամ սորտը պահպանողի կողմից արտադրված, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.

ժգ) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) (ՀՄ - BS) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխանող նախահիմնային սերմերից ստացված սերմեր.

ժդ) հավաստագրված (ՀՍ - CS) սերմեր` հիմնային սերմերից ստացված սերմեր, որոնք նախատեսված են բերքի ստացման կամ արդյունաբերական նպատակներով օգտագործման համար և համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին.

ժե) առաջին սերնդի հավաստագրված (ՀՍ1 - C1) սերմեր` հիմնային սերմերից ստացված սերմեր, որոնք նախատեսված են երկրորդ սերնդի հավաստագրված սերմերի (ՀՍ2 - C2) արտադրության, բերքի ստացման կամ արդյունաբերական նպատակներով օգտագործման համար և համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին.

ժզ) երկրորդ սերնդի հավաստագրված (ՀՍ2 - C2) սերմեր` հիմնային սերմերից կամ առաջին սերնդի հավաստագրված (ՀՍ1 - C1) սերմերից ստացված սերմեր, որոնք նախատեսված են բերքի ստացման կամ արդյունաբերական նպատակներով օգտագործման համար և համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:

 

IV. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Հավաստագրման պետք է ենթարկվեն օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցված բոլոր սորտերի սերմերը: Օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված սորտերի սերմերը չեն կարող հավաստագրվել` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլատրում է Հայաստանի Հանրապետության տարածքում շուկայահանել (իրացնել) նշված ցանկում չգրանցված սորտի սերմեր:

7. Հայաստանի Հանրապետությունում սերմերը հավաստագրվում են ըստ հետևյալ դասերի`

ա) նախահիմնային (նաև ընտրասերողի) սերմեր,

բ) հիմնային սերմեր,

գ) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):

8. Լիազորված պետական մարմինը սերմերի տվյալ խմբաքանակին հավաստագիր է տրամադրում, եթե`

ա) սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերի խմբաքանակները (տնկանյութը) գրանցված են լիազորված պետական մարմնի կողմից` համաձայն N 1 ձևի.

բ) լիազորված պետական մարմին հայտ է ներկայացվել` համաձայն N 2 ձևի, որում նշված են սերմնարտադրության նպատակով օգտագործվող սերմերի և սերմնադաշտերի մասին տեղեկությունները.

գ) կատարված հետազոտությունների արդյունքում սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերը (որոնցից ստացվել է հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակը) հաստատվել են համապատասխան դասում.

դ) սերմերի խմբաքանակից վերցված նմուշի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սերմերը համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

9. Նախահիմնային սերմերին հավաստագիր տրվում է սերմերի խմբաքանակից վերցված նմուշի փորձաքննության արդյունքների հիման վրա: Նախահիմնային սերմերի հավաստագրման համար մաքրության և ծլունակության փորձաքննություն չի պահանջվում:

10. Լիազորված պետական մարմինը կարող է սերմերի խմբաքանակի համար հավաստագիր չտրամադրել, եթե պարզվում է, որ`

ա) սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերից նմուշառումը կատարվել է սահմանված կարգի խախտմամբ.

բ) ստուգիչ հողամասում կատարված փորձարկման արդյունքում պարզվել է, որ սերմացուն չի համապատասխանում սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

գ) հավաստագրվող սերմերի խմբաքանակից նմուշառումը, դաշտային հետազոտությունները, սերմերի փորձաքննությունը կամ հավաստագրման գործընթացի որևէ այլ գործողություն կատարվել է սահմանված կարգի խախտմամբ:


V. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԻՏԱԿՆԵՐԸ

11. Սերմերի հավաստագրման նպատակով օգտագործվող ձևաթղթերը ներկայացված են համաձայն NN 1-12 ձևերի:

12. Բոլոր դասերի սերմերի պիտակները տրամադրում է լիազորված պետական մարմինը` ներկայացված հայտի հիման վրա: Պիտակների ձեռքբերման համար հայտ են ներկայացնում սերմնարտադրողները, վերամշակողներն ու փաթեթավորողները: Պիտակներն օգտագործվում են միայն տվյալ հայտատուի կողմից:

13. Պիտակների ձեռքբերման մասին հայտը ներկայացվում է լիազորված պետական մարմին` համաձայն N 11 ձևի: Յուրաքանչյուր սերմնադաշտի կամ գրանցված սերմացուի խմբաքանակի համար լրացվում է առանձին ձևաթուղթ, որում հայտատուն նշում է պահանջվող պիտակների մոտավոր թիվը` ըստ սերմերի դասերի և տեսակների:

14. Սերմերի պիտակները հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Լիազորված պետական մարմինը հաշվառում է պատվիրված, ստացված և օգտագործված պիտակները, պահպանում տեղեկություններ պիտակներում նշվող սերմերի դասերի, պիտակների հերթական (սերիական) թվերի, ինչպես նաև պիտակների կորստի և փչացման մասին:

15. Վերամշակողներն ու փաթեթավորողները լիազորված պետական մարմնին տեղեկացնում են պիտակների զգալի թվի կորստի կամ փչացման մասին: Չօգտագործված պիտակները վերադարձվում են լիազորված պետական մարմին:

16. Սերմերի խմբաքանակի հղման թիվը կազմելու և պիտակները լրացնելու համար օգտագործվում են սերմերի հետևյալ դասերը, դասերի ծածկագրերն ու պիտակների գույները`

Դասը 

Ծածկագիրը  

Պիտակի գույնը  

Ընտրասերողի 

ԸՍ - BR 

մանուշակագույն   
Նախահիմնային

ՆՀՄ - PB 

 սպիտակ` անկյունագծով անցնող մանուշակագույն շերտով   
Հիմնային

ՀՄ - BS 

 սպիտակ   
Առաջին սերնդի հավաստագրված 

ՀՍ1 - C1 

կապույտ  
Երկրորդ սերնդի հավաստագրված 

ՀՍ2 - C2 

կարմիր 

 

17. Մինչև արտաքին պիտակների տրամադրումը` լիազորված պետական մարմինը դրանց վրա տպագրում է հետևյալ տեղեկությունները`

ա) մշակաբույսի տեսակը,

բ) սորտը,

գ) սերմերի խմբաքանակի հղման թիվը,

դ) սերմերի տարայի կնքման (կամ վերակնքման) տարեթիվը, ամիսն ու օրը,

ե) տարայում առկա սերմերի քաշը,

զ) տեղեկություն սերմերի քիմիական մշակման մասին:

18. Սերմերի յուրաքանչյուր տարայի համար տրամադրվում է 2 նույնական պիտակ: Պիտակներից մեկը տեղադրվում է տարայի ներսում, իսկ մյուսն ամրացվում է տարայի արտաքին մակերեսին: Կպչուն կամ չպատռվող պիտակների օգտագործման դեպքում չի պահանջվում ներքին պիտակ:

19. Նոր սորտի նախահիմնային սերմերի համար պիտակների ստացման մասին հայտի հետ միասին ներկայացվում է փաստաթուղթ, որով հաստատվում է սերմի տվյալ խմբաքանակի կապն այն սերմերի հետ, որոնք ներկայացվել են լիազորված պետական մարմին` տարբերիչ առանձնահատկության, միատարրության կայունության փորձարկումներ անցկացնելու համար (օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի ցանկում ընդգրկելու նպատակով): Եթե սորտն արդեն գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում, ապա այդ փաստաթուղթը պետք է հավաստի սերմերի տվյալ խմբաքանակի ծագումը:

20. Հավաստագրման համար անհրաժեշտ ձևաթղթերն ու պիտակներն ստանում, պահպանում, հաշվառում, տրամադրում, չօգտագործված և վնասված ձևաթղթերն ու պիտակները դուրս է գրում ու ոչնչացնում  լիազորված պետական մարմինը:


VI. ՀԱՎԱՍՏԱԳՐՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

21. Հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի
խմբաքանակը ենթակա է հաշվառման` լիազորված պետական մարմնի կողմից: Սերմնարտադրության նպատակով օգտագործվող սերմերի խմբաքանակի հաշվառման համար սերմնարտադրողը լիազորված պետական մարմնին նախապես ծանուցում է սերմերի տվյալ խմբաքանակը բազմացնելու իր մտադրության մասին և այդ խմբաքանակից  անհատույց տրամադրում է նմուշ` ստուգիչ հողամասում փորձարկման համար:

22. Սերմերի տվյալ խմբաքանակը բազմացնելու մտադրության մասին ծանուցումը ներկայացվում է N 1 ձևով` մինչև համապատասխան ժամկետի ավարտը: Ձևում նշվում են հայտատուի անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), հեռախոսահամարը, հաշվառման թիվը, ինչպես նաև տվյալներ պատասխանատու անձի մասին: Եթե հայտատուն այդ պահին դեռևս հաշվառման թիվ չունի, ապա լիազորված պետական մարմինը հաշվառում է նրան և տալիս համապատասխան հաշվառման թիվ:

23. Սերմերի խմբաքանակը հաշվառելու և սերմնարտադրության նպատակով դրանց հետագա բազմացումը թույլատրելու համար լիազորված պետական մարմինն ուսումնասիրում է սերմերի ծագումն ու որակը հավաստող փաստաթղթերը: Լիազորված պետական մարմինը փաստաթղթերում անճշտություններ և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում մերժում է հայտը և եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում հայտատուին:

24. Հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի
խմբաքանակից նմուշառման նպատակով հայտատուն լիազորված պետական մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 6 ձևի: Ստուգիչ հողամասում փորձարկման համար սերմերի յուրաքանչյուր խմբաքանակից վերցված նմուշը (նմուշները) ներկայացվում է (են) լիազորված պետական մարմին` մինչև սահմանված ժամկետի ավարտը:

25. Ստուգիչ հողամասում փորձարկման համար նախահիմնային սերմերից նմուշ վերցնելու դեպքում N 6 ձևի «Պահանջվող լրացուցիչ փորձաքննություն» բաժնում կատարվում է «Միայն հավաստիացման համար. փորձաքննություն չի պահանջվում» նշումը: Նմուշառվող սերմերը պետք է պիտակավորված լինեն` համաձայն սույն կարգի: Պիտակի վրա պետք է նշված լինի սերմերի խմբաքանակի հղման թիվը:

26. Լիազորված պետական մարմինը սերմնաբուծության հերթագայության համաձայն արտադրված հիմնային կամ առաջին վերարտադրության հավաստագրված ՀՍ-1 սերմերի նմուշներն ստանալուն պես դրանք ուղարկում է ստուգիչ հողամաս` փորձարկման համար:

27. Սերմերի այն խմբաքանակներից, որոնք պահվել են հետագա տարիներին բազմացման համար, նոր նմուշներ չեն վերցվում: Իրացման դեպքում` սերմերի նշված խմբաքանակները տվյալ պահին պետք է համապատասխանեն սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Հետագա տարիներին բազմացման համար պահված սերմերի հաշվառման և դրանց տնօրինման մասին գրանցումները կատարվում են սույն կարգին համապատասխան:

28. Հայաստանի Հանրապետությունում հետագա բազմացման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված սերմերի խմբաքանակից նմուշառման մասին հայտը ներկայացվում է` համաձայն սահմանված կարգի, այն տարբերությամբ, որ N 6 ձևի «Պահանջվող լրացուցիչ փորձաքննություն» բաժնում կատարվում է «Միայն հավաստիացման համար. փորձաքննություն չի պահանջվում» նշումը: Նմուշառուն սերմերի յուրաքանչյուր խմբաքանակից վերցնում է մեկ պիտակ` լիազորված պետական մարմին ներկայացնելու համար, այն փոխարինելով համապատասխան հայերեն  պիտակով: Փոխարինող հայերեն պիտակի վրա նշվում է նաև սերմերի ծագման երկիրը: Նմուշը պիտակի հետ միասին ներկայացվում է լիազորված պետական մարմին` մինչև սահմանված ժամկետի ավարտը:

29. Հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի
խմբաքանակի հաշվառման նպատակով հայտատուն մինչև համապատասխան վերջնաժամկետի ավարտը N 2 ձևով լիազորված պետական մարմին է ներկայացնում տեղեկություններ սերմերի և սերմնադաշտերի մասին: Ձևում տեղեկություններ են ներկայացվում նախկինում հաշվառված սերմերի յուրաքանչյուր սերմնադաշտի ճշգրիտ տեղի մասին: Սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի կամ խմբաքանակների համակցության (եթե նույն սերմնադաշտում ցանվել են մեկից ավելի խմբաքանակի սերմեր) համար օգտագործվում է առանձին ձևաթուղթ: Եթե մեկ խմբաքանակի սերմեր են ցանվել մեկից ավելի սերմնադաշտերում, և N 2 ձևի տողերը չեն բավականացնում այդ տեղեկությունը նշելու համար, ապա օգտագործվում է երկրորդ ձևաթուղթը` հերթական թվով:

30. Հաջորդականությամբ թվագրված ձևերը խմբավորվում են ըստ արտադրվող սերմերի դասերի և ներկայացվում լիազորված պետական մարմին` համաձայն N 3 ձևի:

31. Լիազորված պետական մարմինը սերմնարտադրության նպատակով օգտագործվող սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար հայտ է ընդունում միայն մեկ հայտատուից:


VII. ՍՏՈՒԳԻՉ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ

 

32. Ստուգիչ հողամասերում կատարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված պետական մարմինը: Ստուգիչ հողամասերում փորձաքննությունների անցկացման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:


VIII. ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

 

33. Հայտատուն պարտավոր է երաշխավորել, որ սերմնարտադրության համար նախատեսված սերմացու մշակաբույսն աճեցվի նախորդի ճիշտ ընտրությամբ և մեկուսացման պահանջներին համապատասխանող դաշտերում:

34. Լիազորված պետական մարմինը սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սերմերի արտադրության յուրաքանչյուր փուլում իրականացնում է սերմնադաշտերի հետազոտություններ: Սերմնադաշտերի հետազոտություններն իրականացնում են դաշտային հետազոտողները (ապրոբատորները)` լիազորված պետական մարմնի կողմից հաստատված մեթոդիկայով:

35. Լիազորված պետական մարմինը N 2 ձևից N 4 ձևի մեջ նախապես փոխանցում է տեղեկություններ ցանված սերմերի մասին: Ձևերը տրամադրվում են համապատասխան դաշտային հետազոտողին:

36. Լիազորված պետական մարմինն ստուգիչ հողամասում կատարված փորձարկումների արդյունքների մասին տեղեկացնում է սերմնարտադրողին և համապատասխան դաշտային հետազոտողին, որպեսզի նրանք նախքան դաշտային հետազոտություններ անցկացնելը տեղյակ լինեն բազմացվող սերմացուի որակի հետ կապված խնդիրների մասին:

37. Սերմնադաշտերի նույնականացումն ապահովելու նպատակով սերմնարտադրողը ցանքից հետո սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար ցուցանակ է տեղադրում սերմնադաշտի երևացող տեղում: Ցուցանակի վրա փակցվում է սերմերի տվյալ խմբաքանակի պիտակը` ապահովելով դրա անջրանցիկությունը: Սերմնարտադրողը մինչև բերքահավաքի ավարտը յուրաքանչյուր սերմնադաշտի համար ունենում է թղթապանակ (որի վրա նշում է սերմնադաշտի թիվը կամ անվանունը), որում պահվում է սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար առնվազն մեկ պիտակ: Պիտակները պետք է մատչելի լինեն դաշտային հետազոտողներին:

38. Սերմնարտադրողը և (կամ) դաշտային հետազոտողը հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի խմբաքանակի հաշվառման մասին տեղեկություններում անճշտությունների և անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնում է լիազորված պետական մարմնին:

39. Լիազորված պետական մարմինը սերմնադաշտերի հետազոտությունների ավարտից հետո ուսումնասիրում է հետազոտությունների մասին հաշվետվությունները և հայտատուին տեղեկացնում սերմնադաշտի ընդունման կամ խոտանման մասին` հաշվի առնելով ստուգիչ հողամասում անցկացված փորձարկումների արդյունքները և այլ տեղեկություններ:

40. Եթե նախքան դաշտային հետազոտությունների անցկացումը հայտատուին հայտնի է, որ հավաստագրվող սերմերի արտադրության համար հաշվառված սերմերը չեն օգտագործվելու այդ նպատակով, ապա հայտատուն դրա մասին տեղեկացնում է լիազորված պետական մարմնին: Այդ դեպքում վերջինս սերմերը հանում է հաշվառումից:

41. Հայտատուն ստացված սերմերը պահեստավորում է այլ սերմերից առանձին և պիտակավորում դրանք: Պիտակի վրա նշվում են սերմի տեսակը, սորտը, ինչպես նաև հաշվառված սերմերի նույնականացման թիվը կամ արտադրողի անունը (անվանումը) և սերմնադաշտը: Այդ նպատակով կարող են օգտագործվել նաև հայտատուի սեփական պիտակները: Սերմերի տեղափոխման համար օգտագործվում են միայն նոր կամ լիովին մաքուր պարկեր: Հայտատուն սերմերի տեղափոխման և վերամշակման ժամանակ երաշխավորում է սերմերի սորտային պատկանելությունն ու մաքրությունը:

42. Սերմնարտադրողը կարող է միևնույն սորտի սերմերը կուտակել իր տնտեսությունում` իր հայեցողությամբ և պատասխանատվությամբ: Սերմնարտադրողը դաշտային հետազոտողին տեղեկացնում է սերմերի կուտակման և պահեստավորման մասին: Տարբեր դասերի սերմերի կուտակման դեպքում դրանց տրվում է ամենացածր դաս ունեցող բաղադրիչի դասը:

43. Հայտատուն լիազորված պետական մարմին է ներկայացնում ծանուցում սերմերի կուտակման մասին` համաձայն N 5 ձևի: Ծանուցումը ներկայացվում է սերմերի կուտակումից կամ դաշտային հետազոտությունների վերջնական արդյունքները հայտնի դառնալուց անմիջապես հետո (եթե հետազոտությունները կատարվել են ավելի ուշ): Որպես կուտակված սերմերի նույնականացման թիվ` վերցվում է սերմերի ամենացածր դաս ունեցող բաղադրիչի նույնականացման թիվը: Կուտակված սերմերի հավաստագրումն իրականացվում է սերմերի մեկ խմբաքանակի հավաստագրման համար սահմանված կարգով:


IX. ՄԱՔՐԱԾ (ԶՏԱԾ) ՍԵՐՄԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿՆՔՈՒՄԸ

44. Վերամշակողը երաշխավորում է իր արտադրական տարածքում կամ իր պատասխանատվության տակ գտնվող բոլոր սերմերի լիարժեք և պատշաճ նույնականացումը: Եթե ստացված սերմերի մասերը նախքան հավաստագրումը վերամշակվում են տարբեր եղանակներով, ապա յուրաքանչյուր մաս դիտարկվում է որպես սերմերի առանձին խմբաքանակ, որը պետք է ունենա սերմերի խմբաքանակի առանձին հղման թիվ:

45. Հավաստագրման համար սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ պիտակավորվում և կնքվում է նմուշառուի կողմից: Անցքով պիտակներ օգտագործելիս օգտվում են ձեռքի կապարակնքիչից: Այդ դեպքում պարկում դրվում են նաև ներքին պիտակներ: Պարկին մեկ կարով ամրացվող արտաքին և ներքին պիտակների օգտագործման դեպքում կնիք չի պահանջվում: Կպչուն պիտակներն ամրացվում են միայն թղթե կամ պլաստիկ պարկերին: Կպչուն պիտակները փակցվում են պարկի վերևի մասում և կարվում մեկ կարով կամ փակցվում են պարկի վրա: Առաջին դեպքում կնիք չի պահանջվում, իսկ երկրորդ դեպքում պարկի վերևի կարը կնքվում է: Չպատռվող պիտակների օգտագործման դեպքում կնիք և (կամ) ներքին պիտակ չեն պահանջվում:

46. Սերմերը կարող են հավաստագրվել նաև մեծածավալ տարաներով: Այդ դեպքում կուտակված սերմերի մեծածավալ տարան այնպես է պիտակավորվում և կնքվում, որ անհնար լինի այն բացելը` առանց կնիքը խախտելու: Մեծածավալ տարայից նմուշառումը կարող է կատարվել նախքան դրա պիտակավորումը և կնքումը, եթե նմուշառուն տարողությունը պիտակավորում ու կնքում է նմուշ վերցնելուց անմիջապես հետո: Պոկված պիտակները ենթակա չեն կրկնակի օգտագործման:


X. ՄԱՔՐԱԾ (ԶՏԱԾ) ՍԵՐՄԵՐԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

47. Հավաստագրման նպատակով բոլոր դասերի սերմերից նմուշառումը կատարում է նմուշառուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

48. Նմուշառման և սերմերի տարայի կնքման համար հայտ է ներկայացվում նմուշառուին: Հայտը ներկայացվում է համաձայն N 6 ձևի: Եթե, բացի հավաստագրման նպատակով սովորաբար իրականացվող փորձաքննություններից, պահանջվում են հավաստագրման համար վերցված նմուշի այլ փորձաքննություններ, ապա պահանջվող փորձաքննության մասին նշվում է N 6 ձևի «Լրացուցիչ փորձաքննություններ» բաժնում: Եթե նմուշառումը կատարվում է քիմիական մշակման ենթարկված սերմերից, ապա N 6 ձևում նշվում է սերմերի լրիվ ապրանքային նշանը:

49. Հայտատուն նմուշառման մասին հայտը ներկայացնում է նմուշառուին` դրա համար սահմանված ժամկետում: Նմուշները ներկայացնելու ժամկետները սահմանում է լիազորված պետական մարմինը:

50. Սերմերի խմբաքանակի առավելագույն քաշը և նմուշի նվազագույն քաշը սահմանում է լիազորված պետական մարմինը: Սահմանված առավելագույն քաշը գերազանցող սերմերի խմբաքանակը  չի հավաստագրվում:

51. Լիազորված պետական մարմինը մերժում է սերմերի խմբաքանակի հավաստագրումը, եթե պարզվում է, որ այն միատարր չէ:

52. Նմուշառման համար սերմի խմբաքանակները տեղակայվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի նմուշառումը կատարել սահմանված կարգով:

 

XI. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ

 

53. Սերմերի հավաստագրման մասին հայտը ներկայացվում է լիազորված պետական մարմին: Սերմերի հավաստագրման համար կարող են հայտ ներկայացնել գրանցված սերմնարտադրողը, հաշվառված վերամշակողը, փաթեթավորողը:

54. Սերմերի խմբաքանակի հավաստագրման համար հայտը ներկայացվում է համաձայն N 7 ձևի կամ սերմերի (խառը խմբաքանակի դեպքում)` համաձայն N 10 ձևի: Հայտին կից` ներկայացվում է N 8 ձևը` 2 օրինակից: Հայտատուն սերմերի հավաստագրման մասին հայտը ներկայացնելու հետ միաժամանակ նմուշառուին ներկայացնում է հայտ` համաձայն N 6 ձևի:

55. Սերմերի խմբաքանակին հավաստագիր է տրվում, եթե այն բավարարում է սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները: Հավաստագրի տրամադրման համար հիմք են հանդիսանում սերմերի հավաստագրման մասին հայտը (N 7 ձև կամ N 10 ձև) և սերմերի փորձաքննության մասին հաշվետվությունը (N 12 ձև): Հավաստագիրը տրամադրվում է համաձայն N 9 ձևի:

56. Հավաստագրի տրամադրումը մերժելու դեպքում լիազորված պետական մարմինը դրա մասին տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման պատճառները, դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում:

57. Սերմերի տվյալ խմբաքանակին կարող է սերմերի որոշակի դաս վերագրվել միայն սերմերի հավաստագրի առկայության դեպքում:


XII. ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ

 

58. Սերմերի խմբաքանակը վերագրանցվում է, եթե այդ խմբաքանակը վերափորձաքննության է ենթարկվում կամ որևէ պատճառով փոփոխվում այնպես, որ պահանջում է վերապիտակավորում: Վերագրանցում պահանջվում է սերմերի հավաստագրման հետևյալ գործողությունների համար`

ա) վերափորձաքննություն (ոչ էական անհամապատասխանություն ունեցող սերմերի խմբաքանակից կրկնակի նմուշառում և կրկնակի փորձաքննություն),

բ) վերամաքրում (մաքրության հետ կապված թերությունների վերացում),

գ) սերմերի խմբաքանակի դասի իջեցում:

Նշված երեք գործողությունները կարող են կատարվել միաժամանակ: Վերագրանցվող սերմերի խմբաքանակին տրվում է սերմերի խմբաքանակի հղման նոր թիվ` բացի լիարժեք վերափորձաքննությունից:

59. Վերափորձաքննության համար սերմերի խմբաքանակից վերցվում է նոր նմուշ, կատարվում փորձաքննություն, որոնց համար լրացուցիչ վճարներ չեն պահանջվում:

60. Վերամաքրման համար սերմերի խմբաքանակից վերցվում է նոր նմուշ, կատարվում փորձաքննություն, որոնց համար պահանջվում են լրացուցիչ վճարներ:

61. Դասի իջեցման համար սերմերի խմբաքանակից նոր նմուշ չի վերցվում, փորձաքննություն չի կատարվում, և լրացուցիչ վճարներ չեն պահանջվում:

62. Բոլոր վերագրանցումների համար պահանջվում են առանձին հայտեր (N 7 ձև):


XIII. ՎԵՐԱՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

63. Սերմերի տվյալ խմբաքանակից (առանց սերմերի խմբաքանակի հետագա վերամշակման) վերանմուշառում կատարելու համար վերամշակողը ներկայացնում է հայտ` համաձայն N 6 ձևի, դրա վրա կատարելով «Վերանմուշառում» նշումը:

64. Եթե վերանմուշառման մասին հայտ է ներկայացվում սերմերի խմբաքանակի առանձին մասերի համար, ապա յուրաքանչյուր առանձին մասը վերապիտակավորվում և վերակնքվում է սերմի խմբաքանակի հղման նոր թվով:

65. Յուրաքանչյուր վերանմուշառման համար լրացուցիչ N 7 ձև է լրացվում և ներկայացվում լիազորված պետական մարմին` ձևի համապատասխան մասում կատարելով «Վերանմուշառում» նշումը: Սերմերի ամբողջ խմբաքանակից վերանմուշառման դեպքում պահպանվում են սկզբնական պիտակներն ու սերմի խմբաքանակի հղման թիվը:

66. Առանձին մասերի բաժանված սերմերի խմբաքանակի յուրաքանչյուր մասի համար տրվում է հղման նոր թիվ, և N 7 ձևում նոր թվի հետ միասին նշվում է նաև սերմերի սկզբնական խմբաքանակի հղման թիվը, և կատարվում է «Վերանմուշառում» նշումը:

67. Սկզբնապես որպես խառը խմբաքանակ գրանցված սերմերի խմբաքանակների համար N 7 ձևում չի նշվում սերմացու մշակաբույսի նույնականացման թիվը: N 7 ձևով ներկայացված յուրաքանչյուր հայտին համապատասխան` N 8 ձևում կատարվում է նշում` առանց լրացուցիչ վճարի:


XIV. ԽՈՏԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱՄԱՔՐՈՒՄԸ (ՎԵՐԱԶՏՈՒՄԸ)

 

68. Եթե վերամաքրման ենթակա է սերմերի այնպիսի խմբաքանակ, որի հավաստագրումը մերժվել է սերմերի համար սահմանված չափորոշիչները չբավարարելու պատճառով, ապա այն համարվում է ամբողջովին նոր սերմերի խմբաքանակ, վերապիտակավորվում է, և դրան տրվում է սերմերի խմբաքանակի հղման նոր թիվ: Այդ դեպքում N 7 ձևում նշվում է սերմերի սկզբնական խմբաքանակի հղման թիվը, և կատարվում է «Վերամաքրում» նշումը:

 

XV. ՍԵՐՄԵՐԻ ԴԱՍԵՐԻ ԻՋԵՑՈՒՄԸ

 

69. Սերմերի դասերը կարող են իջեցվել ավելի ցածր դասերի` հետևյալ կարգով`

ա) հիմնային սերմերի դասերը կարող են իջեցվել մինչև ՀՍ-1 և (կամ), սորտը պահպանողի թույլտվությամբ, ՀՍ-2 դասերի,

բ) սերմերի ՀՍ-1 դասը կարող է իջեցվել մինչև ՀՍ-2 դասի:

70. Դասի իջեցման ենթակա սերմերի խմբաքանակի համար ներկայացվում է հավաստագրման նոր հայտ` համաձայն N 7 ձևի, սերմերի խմբաքանակի նոր հղման թվով: Ձևի համապատասխան բաժնում նշվում է սերմերի խմբաքանակի սկզբնական հղման թիվը, և կատարվում է «Դասի իջեցում» նշումը: Դասն իջեցված սերմերի խմբաքանակի համար նշում է կատարվում N 8 ձևում` առանց լրացուցիչ վճարման:

71. Նախահիմնային սերմերի դասը չի իջեցվում։

 

XVI. ՍԵՐՄԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

 

72. Եթե սերմերի խմբաքանակից նմուշ է վերցվել և այն փորձաքննության է ենթարկվել նախքան սերմերի քիմիական մշակումը, ապա այդ սերմերի խմբաքանակի նկատմամբ առաջին անգամ կիրառված հղման թիվը հետագայում որևէ վերամշակողի կողմից սերմերի քիմիական մշակման ընթացքում չի փոխվում: Եթե սերմերը քիմիական մշակման են ենթարկվել փորձաքննության նպատակով կատարված նմուշառումից հետո, ապա դրա մասին տեղեկացվում է սերմերի գնորդին:

73. Եթե սերմերի խմբաքանակի տարբեր մասերը նախքան սերմերի հավաստագրումը քիմիական մշակման են ենթարկվել տարբեր եղանակներով, ապա յուրաքանչյուր առանձին մասը համարվում է սերմերի առանձին խմբաքանակ, որին տրվում է սերմերի խմբաքանակի հղման առանձին թիվ: Սերմերի քիմիական մշակումները համարվում են տարբեր, եթե դրանք կատարվում են տարբեր եղանակներով, և դրանց արդյունքում փոփոխվում է սերմերի ապրանքային նշանը:

 

XVII. ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ

 

74. Պիտակավորված սերմերի վերափաթեթավորման բոլոր գործողություններն իրականացնում է լիազորված պետական մարմնի կողմից հաշվառված վերամշակողը կամ փաթեթավորողը: Նմուշառուն գրառում է սկզբնական պիտակների վրա եղած տեղեկությունները։ Փաթեթավորողը և (կամ) վերամշակողը հեռացնում են պիտակները և ոչնչացնում դրանք: Սերմերը կարող են վերափաթեթավորվել ցանկացած չափի տարաներում, որոնց վրա ամրացվում են նոր պիտակներ: Վերամշակողը կամ փաթեթավորողը նոր պիտակների ձեռքբերման համար սահմանված կարգով հայտ է ներկայացնում լիազորված պետական մարմին:


XVIII. ՍԵՐՄԵՐԻ ԽԱՌԸ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

75. Վերամշակողն իր հայեցողությամբ կամ պատասխանատվությամբ կարող է խառնել միևնույն սորտի սերմերը և ստանալ սերմերի խառը խմբաքանակ: Եթե խառնվում են տարբեր դասերի սերմեր, ապա խառնուրդը դասակարգվում է ըստ ամենացածր դաս ունեցող բաղադրիչի դասի:

76. Եթե վերամշակողը պահում է սերմերի խմբաքանակը կամ այն փոխանցում այլ վերամշակողի` նախքան հավաստագրումն այլ սերմերի հետ խառնելու նպատակով, ապա փոխանցվող սերմերի խմբաքանակը նույնականացվում է վերամշակողի սեփական պիտակներով:

77. Սերմերի խառը խմբաքանակի հավաստագրման համար կիրառվում է սերմի մեկ խմբաքանակի համար սահմանված կարգը: Սերմերի բոլոր դասերի խառը խմբաքանակների հավաստագրման նպատակով սկզբնական հայտը ներկայացվում է N 10 ձևով` N 7 ձևի փոխարեն:

78. Վերամշակողն իր հայեցողությամբ կամ պատասխանատվությամբ կարող է խառնել միևնույն սորտի սերմերի հավաստագրված խմբաքանակները: Եթե խառնվում են տարբեր դասերի սերմեր, ապա խառնուրդը դասակարգվում է ըստ ամենացածր դաս ունեցող բաղադրիչի դասի:

79. Սերմերի բոլոր խառը խմբաքանակներից կատարվում է վերանմուշառում, և դրանք ենթարկվում են վերափորձաքննության:

80. Խառնման ենթակա սերմերի խմբաքանակների պիտակները հեռացվում և ոչնչացվում են, իսկ դրանց թվերը` գրանցվում: Սերմերի խառը խմբաքանակները պիտակավորվում են նոր պիտակներով, և դրանց տրվում է սերմի խմբաքանակի հղման նոր թիվ:

81. Սերմերի խառը խմբաքանակի ստացման ժամանակ դրա բաղադրիչ մասերը խառնվում են այնպես, որպեսզի  ապահովվի խառնուրդի միատարրությունը:

82. Արգելվում է տարբեր եղանակներով քիմիական մշակման ենթարկված սերմերից խառը խմբաքանակի ստացումը:

83. Սերմերի խառը խմբաքանակի նկատմամբ կատարվող բոլոր վերափորձաքննությունների, դասի իջեցումների կամ վերամաքրումների մասին ծանուցումները ներկայացվում են N 7 ձևով: Ձևի համապատասխան բաժնում նշվում է սերմերի խմբաքանակի սկզբնական հղման թիվը, սակայն սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերի նույնականացման թիվը չի նշվում:


XIX. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

84. Սերմերի խմբաքանակի հավաստագրման նպատակով` լիազորված պետական մարմին ներկայացված յուրաքանչյուր հայտին կցվում է N 8 ձևը` 2 օրինակից, որում նշվում են վճարման ենթակա գումարները: N 8 ձևի մեկ օրինակում կարող են ամփոփվել մինչև 20 տարբեր հայտերի մասին տվյալներ: Սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի հավաստագրման մասին հայտի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում N 8 ձևում` անկախ այն բանից, թե սերմերի խմբաքանակի համար վճարում պահանջվում է, թե ոչ:

85. Սերմերի հավաստագրման գործընթացում վճարումներ կատարվում են`

ա) հավաստագրման նպատակով առաջին անգամ ներկայացված բոլոր հայտերի համար,

բ) սերմերի բոլոր խառը խմբաքանակների համար,

գ) բոլոր վերամաքրված սերմերի խմբաքանակների համար:


XX. ՀԱՎԱՍՏԱԳՐՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀՂՄԱՆ ԹԻՎԸ

 

86. Հավաստագրվող սերմերի արտադրության նպատակով օգտագործվող սերմերի նույնականացման թիվը նշվում է N 2 ձևում` հայտատուի կողմից սերմերի մասին տեղեկությունների մուտքագրման ժամանակ: Այդ թվով նույնականացվում են սերմնադաշտը և արտադրվող սերմերը` նախքան դրանց վերամշակումը: Հայաստանի Հանրապետության տարածքում հավաստագրվող սերմերի արտադրության նպատակով օգտագործվող սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ունենա իր եզակի նույնականացման թիվը:
Սերմերի նույնականացման թիվը կազմվում է հետևյալ ձևով` նշվում են բերքահավաքի տարեթվի վերջին թվանշանը, հայտատուի հաշվառման թիվը, տվյալ ձևի էջի թիվը, տողի թիվը:
Հայտատուն և լիազորված պետական մարմինը պարտադիր պահպանում են ձևի մեկական օրինակ:

87. Շուկայահանվող սերմերի խմբաքանակները կրում են սերմերի խմբաքանակի հղման եզակի թիվ: Հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակի հղման թիվը կազմվում է հետևյալ ձևով`

ա) բերքահավաքի տարեթվի վերջին թիվը,

բ) սերմերի խմբաքանակի դասի ծածկագիրը,

գ) վերամշակողի գրանցման թիվը,

դ) տվյալ տարվա բերքահավաքից ստացված սերմերի խմբաքանակի հերթական թիվը։

88. Սերմերի խառը խմբաքանակի հղման թիվը կազմվում է այնպես, ինչպես սերմերի խմբաքանակի թիվը, սակայն`

ա) սերմերի խառը խմբաքանակի հղման թվի սկզբում ավելացվում է «Խ» տառը,

բ) եթե սերմերի խառը խմբաքանակի բոլոր բաղադրիչների բերքահավաքի տարին նույնն է, ապա նշվում է այդ տարեթվի վերջին թվանշանը: Եթե բերքահավաքների տարեթվերը տարբեր են, ապա նշվում է վերջին տարեթիվը,

գ) տվյալ տարվա տարբեր բերքերից ստացված սերմեր խառնելու դեպքում օգտագործվում են հերթական թվեր:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՐՄԵՐԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏ

Ձև N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ՄԱՍԻՆ (ԱՌԱՆՁԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱՐ)

Ձև N 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ

Ձև N 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(ԱՌԱՆՁԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱՐ)

Ձև N 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐՄԵՐԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ԿՈՒՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ձև NÝ6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՍԵՐՄԵՐԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ձև N 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ձև N 8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
ՍԵՐՄԵՐԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ

Ձև N 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Ձև N 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՍԵՐՄԵՐԻ ԽԱՌԸ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ձև N 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՅՏ (ՍԵՐՄԵՐԻ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ)

Ձև N 12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ