Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Тип
Исходный акт (17.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
20.03.2018
Дата подписания
20.03.2018
Дата вступления в силу
17.07.2018

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետև՝ Հայաստան մի կողմից,

և

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, այսուհետև՝ Հանձնաժողով՝ ի դեմս Եվրոպական միության, մյուս կողմից,

 

միասին` Կողմերը, հաշվի առնելով, որ.

 

1. մի կողմից` Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների, մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության միջև Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր»)1, որը ստորագրվել է 1996 թ. ապրիլի 22-ին, հաստատում է գործընկերություն՝ մի կողմից` Եվրոպական համայնքների ու նրանց անդամ պետությունների, մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության միջև,

2. «Հայաստանի Հանրապետության, մի կողմից, և, Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների մյուս կողմից, միջև «Գործընկերության և համագործակցության համաձայնագրի»՝ Եվրոպական միության ծրագրերին2 Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Շրջանակային համաձայնագրի, այսուհետև՝ «Շրջանակային համաձայնագիր» մասին» արձանագրությունն, ուժի մեջ է մտել 2014 թ. մարտի 1-ին: Շրջանակային համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հանձնաժողովին և Հայաստանի իրավասու մարմիններին սահմանելու յուրաքանչյուր ծրագրին իր մասնակցության հատուկ դրույթներ և պայմաններ, մասնավորապես՝ կատարվելիք ֆինանսական ներդրումների և հաշվետվությունների ներկայացման ու գնահատման ընթացակարգերի վերաբերյալ՝ նշված ծրագրով սահմանված չափանիշների հիման վրա,

3. Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը մշակութային և ստեղծագործ ոլորտների համար մշակվել է Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի (ԵՄ) թիվ 1295/2013 կանոնակարգով3 (այսուհետև՝ 1295/2013 Կանոնակարգ)։ Այս Կանոնակարգը հաստատում է եվրոպական մշակութային և ստեղծագործ ոլորտներին աջակցելու համար «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը՝ 2014 թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 30-ը:

4. Հայաստանում ստեղծված հիմնարկները պետք է իրավասու լինեն մասնակցելու պարբերաբար անցկացվող միջոցառումներին, որոնք կարող են սկսվել նախքան սույն Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելը: Հետևաբար, 2018 թվականից սկսվող նման միջոցառումների իրականացման ծախսերը կարող են համարվել թույլատրելի նույն պայմաններով, որոնք կիրառելի են անդամ պետություններում ստեղծված հիմնարկների ծախսերի նկատմամբ, պայմանով, որ սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի նախքան տվյալ միջոցառումը հաղթող ճանաչելու մասին համապատասխան որոշման ընդունումը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Ծրագիր

 

1. Հայաստանը մասնակցելու է մշակութային ենթածրագրին և մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի (այսուհետև՝ Ծրագիր) միջոլորտային հարթակին` սույն Փոխըմբռնման հուշագրի և Շրջանակային համաձայնագրում շարադրված պայմաններին համաձայն:

 

Հոդված 2

 

Ծրագրի մասնակցության և համագործակցության դրույթներն ու պայմանները

 

1. Հայաստանը կմասնակցի.

(a) մշակութային ենթածրագրին,

(b) Ծրագրի միջոլորտային հարթակին՝ բացառությամբ Մշակութային և ստեղծագործական ոլորտների երաշխավորման գործիքի, ինչպես նշված է (ԵՄ) թիվ 1295/2013 կանոնակարգի 14-րդ հոդվածում, և համաձայն դրա 8(4)-րդ հոդվածի:

2. Հայաստանի մասնակցությունը ծրագրի միջոցառումներին պետք է համահունչ լինի (ԵՄ) թիվ 1295/2013 կանոնակարգով սահմանված նպատակներին, չափանիշներին, ընթացակարգերին և վերջնաժամկետներին:

3. Դիմումների ներկայացման, գնահատման ու ընտրության և Հայաստանից իրավասու հիմնարկների կողմից միջոցառումների իրականացման դրույթները և պայմանները պետք է լինեն այն նույն պայմանները, որոնք կիրառվում են Եվրոպական միության անդամ պետությունների և Ծրագրին մասնակցող այլ երկրների իրավասու հիմնարկների նկատմամբ:

4. Ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանը ներպետական մակարդակով կստեղծի համապատասխան կառույցներ ու մեխանիզմներ և կձեռնարկի բոլոր այլ անհրաժեշտ միջոցներն աշխատանքների ներպետական համակարգման և կազմակերպման համար՝ համաձայն 1295/2013 կանոնակարգի համապատասխան դրույթների: Մասնավորապես, Հայաստանը կձեռնարկի «Ստեղծագործ Եվրոպա» հարթակի ստեղծումը՝ Կանոնակարգի 16-րդ հոդվածի և Հանձնաժողովի կողմից տրամադրված ուղեցույցի համաձայն:

5. Ծրագրին մասնակցության նպատակով Հայաստանը յուրաքանչյուր տարի ֆինանսական հատկացում կկատարի Եվրոպական միության ընդհանուր բյուջե՝ համաձայն 3-րդ հոդվածի,

6. Հայաստանի ֆինանսական ներդրումը՝ կապված Ծրագրին իր մասնակցության և Ծրագրի իրականացման հետ, որպես հանձնառությունից բխող հատկացումներ ավելացվելու է Եվրոպական միության ընդհանուր բյուջեին յուրաքանչյուր տարի հատկացվող գումարին, որպեսզի բավարարվեն ֆինանսական այն պարտավորությունները, որոնք առաջանում են Ծրագրի իրականացման, կառավարման և աշխատանքների համար անհրաժեշտ տարբեր տեսակի միջոցառումների ընթացքում:

7. Հայտերին, պայմանագրերին ու հաշվետվություններին, ինչպես նաև Ծրագրի վարչական այլ ասպեկտներին առնչվող ընթացակարգերի համար կօգտագործվի Եվրոպական միության պաշտոնական լեզուներից մեկը:

 

Հոդված 3

 

Ֆինանսական հատկացում

 

Հայաստանի ֆինանսական հատկացումը կարգավորող կանոնները սահմանված են I Հավելվածում:

 

Հոդված 4

 

Հաշվետվությունների ներկայացում և գնահատում

 

1. Չհակասելով Հանձնաժողովի և Աուդիտորների եվրոպական դատարանի պատասխանատվությանը՝ կապված Ծրագրի մշտադիտարկման և գնահատման հետ, Հայաստանի մասնակցությունը Ծրագրին շարունակաբար կմշտադիտարկվի գործընկերային հիմքի վրա՝ Կողմերի մասնակցությամբ: Հայաստանը համապատասխան զեկույցներ կներկայացնի Հանձնաժողովին և կմասնակցի այս համատեքստում Եվրոպական միության կողմից աջակցվող այլ կոնկրետ աշխատանքներին:

2. Ֆինանսական վերահսկողության, փոխհատուցման և խարդախության դեմ ուղղված այլ միջոցառումներին առնչվող կանոնները շարադրված են II Հավելվածում:

 

Հոդված 5

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի գրավոր ծանուցում ստանալու օրվանից, որով Հայաստանը Հանձնաժողովին դիվանագիտական ուղիներով կծանուցի, որ դրա ուժի մեջ մտնելու համար իր ներպետական իրավական ընթացակարգերն ավարտվել են:

2. Սույն Փոխըմբռնման հուշագիրը կարող է փոփոխվել միայն գրավոր՝ Կողմերի ընդհանուր գրավոր համաձայնությամբ:

3. Հավելվածները կազմում են սույն Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը:

4. Սույն Փոխըմբռնման հուշագիրը գործում է Ծրագրի տևողության ընթացքում:

5. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Փոխըմբռնման հուշագիրը ցանկացած ժամանակ՝ տասներկու ամիս առաջ գրավոր ծանուցելով։ Դադարեցման ժամանակ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը և աշխատանքները շարունակվելու են մինչև դրանց ավարտը՝ ըստ սույն Փոխըմբռնման հուշագրում շարադրված պայմանների, ինչպես նաև այդ ծրագրերի և աշխատանքների նկատմամբ կիրառվող պայմանագրային կետերի և հավելվածների դրույթների:

 

Կատարված է Բրյուսելում, 2018 թվականի մարտի 20-ին, երկու բնօրինակով, հայերեն և անգլերեն լեզուներով: Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ I

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին և միջոլորտային հարթակին մասնակցելու համար (բացառությամբ մշակութային և ստեղծագործ ոլորտների երաշխավորման գործիքի, ինչպես նշված է 1295/2013 Կանոնակարգի 14-րդ հոդվածում և համաձայն դրա 8(4) հոդվածի) Եվրոպական միության ընդհանուր բյուջեին Հայաստանի կողմից կատարվող տարեկան ֆինանսական հատկացումը կազմելու է 52,000 եվրո:

Հետագա տարիների համար Հայաստանի կողմից կատարվելիք ֆինանսական հատկացումը կվերագնահատվի և կարող է տարեկան կտրվածքով փոփոխվել Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Ուղևորությունների հետ կապված ծախսերը և օրապահիկի վճարումները, որոնք կառաջանան Հայաստանի ներկայացուցիչների և փորձագետների՝ դիտորդի կարգավիճակով մասնակցության արդյունքում 1295/2013 Կանոնակարգի 23-րդ hոդվածում նշված հանձնաժողովի աշխատանքներին կամ Ծրագրի իրականացմանն առնչվող այլ հանդիպումներին մասնակցելու նպատակով, կփոխհատուցվեն Հանձնաժողովի կողմից՝ նույն հիմքով և այն ընթացակարգերի համաձայն, որոնք ներկայումս կիրառվում են Եվրոպական միության անդամ պետությունների և Ծրագրին մասնակցող այլ երկրների ներկայացուցիչների նկատմամբ:

«Ստեղծագործ Եվրոպա» հարթակի միջոցառումների համար Ծրագրի կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության առավելագույն գումարը չի կարող գերազանցել այդ միջոցառումների ընդհանուր բյուջեի 50 տոկոսը և չպետք է գերազանցի երկրի ֆինանսական հատկացման երկու երրորդը, ինչպես նշված է I Հավելվածում: Հարթակին ոչ մի ֆինանսական օժանդակություն չի տրվի, եթե երկիրը Ծրագրին որևէ ֆինանսական հատկացում չանի:

Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի՝ 2012 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 966/2012 կանոնակարգը (ԵՄ, Եվրատոմ), որը վերաբերում է Եվրոպական միության ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառելի ֆինանսական կանոններին և փոխարինում է Խորհրդի թիվ 1605/20024 կանոնակարգը (Ֆինանսական կանոնակարգ), կկիրառվի Հայաստանի հատկացման կառավարման նկատմամբ:

Երբ սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի, և յուրաքանչյուր հետագա բյուջետային տարվա սկզբին Հանձնաժողովը Հայաստանին կուղարկի այն հիմնադրամներին հատկացումներ կատարելու առաջարկությունը՝ սույն Փոխըմբռնման հուշագրով սահմանված ծախսերին իր հատկացմանը համապատասխան:

Հատկացումը պետք է կատարվի եվրոյով՝ Հանձնաժողովի՝ եվրոյով բացված բանկային հաշվին:

Հայաստանն իր հատկացումը տարեկան ծախսերին պետք է կատարի ոչ ուշ, քան առաջարկությունը ստանալու ամսաթվից երեք ամիս հետո՝ պայմանով, որ հիմնադրամներին հատկացումներ կատարելու առաջարկությունը Հանձնաժողովի կողմից կուղարկվի մինչև մարտի 1-ը կամ ամենաուշը՝ հիմնադրամների առաջարկությունն ուղարկելուց մեկ ամիս հետո, եթե այն ավելի ուշ է ուղարկվել: Հատկացման կատարման ցանկացած ձգձգում կհանգեցնի Հայաստանի կողմից տույժերի վճարման՝ սահմանված ամսաթվին չմարված գումարի նկատմամբ: Տոկոսադրույքը լինելու է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից իր հիմնական վերաֆինանսավորման աշխատանքների նկատմամբ կիրառվող դրույքաչափը, ինչպես հրապարակված է Եվրոպական միության պաշտոնական ամսագրի C շարքում, որն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրացուցային օրը, որում վերջնաժամկետն ավարտվում է՝ ավելացնելով 3.5 տոկոսային կետերով: Եթե հատկացման կատարման ձգձգումն այնպիսին է, որ այն կարող է էականորեն վտանգել Ծրագրի իրականացումն ու կառավարումը, և Հանձնաժողովի կողմից Հայաստանին ուղարկված պաշտոնական հիշեցում-նամակից 20 աշխատանքային օր հետո վճարումը դեռ չի կատարվել, ապա Հայաստանի մասնակցությունը Ծրագրին տվյալ տարվա համար դադարեցվում է:

 

ՀԱՎԵԼՎԱԾ II

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

I. ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Ֆինանսական կանոնակարգի և սույն Փոխըմբռնման հուշագրում նշված այլ կանոնների համաձայն` Հայաստանում հիմնված՝ Ծրագրի շահառուների հետ կնքված պայմանագրերը և դրամաշնորհային համաձայնագրերը ապահովելու են, որ անցկացվեն ֆինանսական կամ այլ աուդիտներ ցանկացած ժամանակ՝ պայմանագրի կամ դրամաշնորհային համաձայնագրի իրականացման ընթացքում և 5 տարվա կտրվածքով՝ սկսած հաշվեկշռի վճարման օրվանից, բացառությամբ 60 000 եվրոյին համարժեք կամ դրանից ցածր դրամաշնորհների, որոնց համար այդ ժամկետը կսահմանափակվի մինչև 3 տարվա կտրվածքով: Ֆինանսական կամ այլ աուդիտներն անցկացվելու են Հանձնաժողովի գործակալների կամ Հանձնաժողովի լիազորած այլ անձանց կողմից՝ կապալառուների ու նրանց ենթակապալառուների և շահառուների ու նրանց կապալառուների տարածքներում:

2. Հանձնաժողովի գործակալները կամ Հանձնաժողովի լիազորած այլ անձինք պետք է ունենան պատշաճ հասանելիություն կայքերին, աշխատանքներին ու փաստաթղթերին և ամբողջ այն տեղեկատվությանը, որը պահանջվում է նման աուդիտ իրականացնելու համար, ներառյալ էլեկտրոնային տարբերակները: Հասանելիության այս իրավունքը պետք է հստակ շարադրված լինի պայմանագրերի և դրամաշնորհային համաձայնագրերի մեջ, որոնք կկնքվեն՝ իրականացնելու համար սույն Փոխըմբռնման հուշագրում նշված գործիքները: Աուդիտորների Եվրոպական դատարանն ունենալու է այն նույն իրավունքները, որն ունի Հանձնաժողովը:

3. Սույն Փոխըմբռնման հուշագրի շրջանակում Հանձնաժողովը/OLAF (խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակ), համաձայն Խորհրդի՝ Եվրոպական համայնքների ֆինանսական շահերը խարդախությունից և այլ խախտումներից պաշտպանելու նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումների և տեսչական աշխատանքների վերաբերյալ 1996 թ. նոյեմբերի 11-ի թիվ 2185/96 կանոնակարգի (Եվրատոմ, ԵԽ) ընթացակարգային դրույթների5, լիազորվելու է՝ Հայաստանի տարածքում իրականացնելու համար օպերատիվ ստուգումներ և տեսչական աշխատանքներ:

 Այս ստուգումներն ու տեսչական աշխատանքները պետք է պատրաստվեն մշակվեն և անցկացվեն Հայաստանի իշխանությունների կողմից նշանակված՝ Հայաստանի իրավասու մարմինների հետ սերտ համագործակցությամբ, որոնք պետք է ժամանակին ծանուցվեն ստուգումների և տեսչական աշխատանքների առարկայի, նպատակի և իրավական հիմքի վերաբերյալ, որպեսզի կարողանան տրամադրել պահանջված ամբողջ աջակցությունը:

Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան, օպերատիվ ստուգումները և տեսչական աշխատանքները կարող են կատարվել նրանց հետ միասին:

Եթե Ծրագրի մասնակիցները դեմ լինեն օպերատիվ ստուգումներին կամ տեսչական աշխատանքներին, Հայաստանի իշխանությունները, գործելով ներպետական կանոններին համապատասխան, Հանձնաժողովի/OLAF տեսուչներին կտրամադրեն այնպիսի օգնություն, ինչը նրանց թույլ կտա կատարելու օպերատիվ ստուգումների կամ տեսչական աշխատանքների իրենց պարտականությունը:

Հանձնաժողովը/OLAF Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ կզեկուցի ցանկացած փաստի կամ կասկածի վերաբերյալ, որն առնչվում է օպերատիվ ստուգում կամ տեսչական աշխատանք կատարելիս իր նկատած կանոնի խախտմանը: Ցանկացած դեպքում Հանձնաժողովից/OLAF պահանջվելու է վերոնշյալ մարմնին տեղեկացնել նման ստուգումների և տեսչական աշխատանքների արդյունքի մասին:

 

II. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Հավելվածի պատշաճ իրականացման նպատակով Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինները պարբերաբար տեղեկություն են փոխանակելու և, Կողմերից մեկի խնդրանքով, անցկացնելու են խորհրդակցություններ:

2. Հայաստանի իրավասու մարմինները առանց ձգձգման Հանձնաժողովին տեղեկացնելու են իրենց նկատած ցանկացած փաստի և կասկածի մասին, որը վերաբերում է խախտման՝ կապված պայմանագրերի և դրամաշնորհային համաձայնագրերի կնքման և իրականացման հետ, որոնք կնքվել են սույն Փոխըմբռնման հուշագրում նշված գործիքներն իրականացնելու համար:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

 

Առանց Հայաստանի քրեական օրենսդրության դրույթներին հակասելու՝ վարչական միջոցներ և տուգանքներ կարող են կիրառվել Հանձնաժողովի կողմից՝ համաձայն ֆինանսական կանոնակարգի:

 

IV. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կայացրած Հանձնաժողովի որոշումները, որոնք դրամական պարտավորություն են սահմանում պետությունից բացի նաև ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք Հայաստանում ենթակա են կատարման: Կատարումը պետք է կարգավորվի այն պետության քաղաքացիական ընթացակարգի գործող կանոններով, որի տարածքում իրականացվում է: Կատարման հանձնարարականը պետք է կցվի որոշմանը՝ առանց որևէ այլ ֆորմալ պահանջի, բացի որոշման իսկության հաստատումից այն ազգային մարմնի կողմից, որին Հայաստանի Կառավարությունը կնշանակի այս նպատակով և այդ մասին կտեղեկացնի Հանձնաժողովին: Երբ Հանձնաժողովի դիմումով այս ֆորմալ պահանջները կատարվեն, վերջինս կարող է հանձն առնել կիրարկումը՝ համաձայն ներպետական օրենսդրության, հարցը պատկան մարմնի առջև ուղղակիորեն բարձրացնելով: Հանձնաժողովի որոշման օրինականությունը ենթակա է վերահսկման Եվրոպական միության Արդարադատության դատարանի կողմից:

Եվրոպական միության Արդարադատության դատարանի կայացրած դատավճիռները, համաձայն սույն Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում պայմանագրի և դրամաշնորհային համաձայնագրի արբիտրաժային դրույթների, կիրարկելի են նույն պայմաններով:

 

V. ՈՒՂԻՂ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հանձնաժողովն ուղիղ հաղորդակցվելու է մշակույթին և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակիցների հետ, որոնք հիմնված են Հայաստանում: Նրանք կարող են անմիջապես Հանձնաժողովին տրամադրել իրենցից պահանջվող ամբողջ համապատասխան տեղեկությունն ու փաստաթղթերը սույն Փոխըմբռնման հուշագրում նշված գործիքների և դրանց իրականացման համար կնքված պայմանագրերի և դրամաշնորհային համաձայնագրերի հիման վրա:

__________________

1 OJ L 239, 9.9.1999, էջ 3։

2 OJ L 174, 13.6.2014, էջ 3։

3 Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի՝ 2013 թ. դեկտեմբերի 11-ի (ԵՄ) թիվ 1295/2013 կանոնակարգ՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը (2014-ից մինչև 2020 թվականը) հաստատելու և թիվ 1718/2006/EC, թիվ 1855/2006/EC և թիվ 1041/2009/EC) որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ (OJ L 347, 20.12.2013, էջ. 221)։

4 OJ L 298, 26.10.2012, էջ 1։

5 OJ L 292, 15.11.1996, էջ 2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան