«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 1134-Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 14-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման նախնական համաձայնությունը տալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է ընդերքօգտագործման իրավունքի գրավի (այսուհետ` գրավ) դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու գործընթացը:
2. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է գրավադրվել մինչև դրա գործողության ժամկետի ավարտը, ինչպես նաև` անժամկետ:
3.Գրավի նախնական համաձայնության ստացման համար ընդերքօգտագործման իրավունք կրողը (այսուհետ` դիմումատու) լիազոր մարմին է ներկայացնում դիմում:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) ընդերքօգտագործման իրավունքը սահմանող փաստաթղթերի պատճենները.
բ) իրավաբանական անձանց դեպքում գրավառու համարվող կողմի պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) գրավառու համարվող կողմի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած և գործող այլ ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնք ներառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով տրված լիցենզիաների, պայմանագրերի, թույլտվությունների և գրավոր համաձայնությունների համարները, տալու ամսաթվերը և տարեթվերը.
դ) գրավառու համարվող կողմի` կառավարմանը մասնակցող անձանց և բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերի անունները, ազգանունները և անձնագրի տվյալները.
ե) տեղեկանք գրավի նպատակի և գրավադրման ժամկետի մասին.
զ) այլ տեղեկություններ դիմումատուի ցանկությամբ:
4. Ներկայացված դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը և պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցվում է գրանցամատյանում:
5. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում քննարկում է դիմումը և դիմումատուին գրավոր հայտնում է իր նախնական համաձայնության կամ դիմումը մերժելու մասին: Եթե սույն կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ գրավոր չի հայտնում դիմումատուին, ապա նախնական համաձայնությունը համարվում է տրված:
6. Լիազոր մարմինը կարող է մերժել դիմումը, եթե՝
ա) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
բ) լիազոր մարմնի կողմից դադարեցվել է գրավառուի` նախկինում ունեցած որևէ ընդերքօգտագործման իրավունքը.
գ) գրավադրման նպատակն ընդերքօգտագործման իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը չէ.
դ) դիմումատուի ներկայացված փաստաթղթերը թերի են:
Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն նշված թերությունները վերացնելուց հետո կրկին կարող է դիմել լիազոր մարմին։
Դիմումի մերժման դեպքում որոշման մեջ նշվում են մերժման պատճառները: Դիմումատուն կարող է դիմումի մերժման վերաբերյալ գրության մեջ նշված թերությունները վերացնելուց հետո կրկին դիմում ներկայացնել լիազոր մարմին:
7. Դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավի պայմանագրի կնքումից հետո 10-օրյա ժամկետում պայմանագրի մեկ օրինակը ներկայացվում է լիազոր մարմին։
9. Ներկայացված պայմանագրի տվյալները լիազոր մարմնի կողմից գրանցվում են սույն կարգի 4-րդ կետում նշված գրանցամատյանում։
10. Դիմումատուի կողմից ընդերքօգտագործման գրավի պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում դիմումատուի` ընդերքօգտագործման իրավունքներն անվերապահորեն անցնում են գրավառուին։ Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացնում է 10-օրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |