«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2004 թվականի N 1779-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66, 74 ու 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի Մհեր Մկրտչյան փողոցին հարող՝ Սուրենյանց և Դեղատան փողոցներով սահմանափակված տարածքի՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները՝ 1500.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի:
Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման՝ ըստ գույքագրման պայմանագրերի:
2. Երևանի քաղաքապետին՝
ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան՝ սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտու, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն օտարման գոտու տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը՝ կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջների կատարումն ապահովելուց հետո «Էն Դաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր՝ առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով՝ Երևանի Մհեր Մկրտչյան փողոցին հարող՝ Սուրենյանց և Դեղատան փողոցներով սահմանափակված 1500 քառ. մետր մակերես ունեցող տարածք՝ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 1500 քառ. մետր տարածք:
4. Սահմանել, որ՝
ա) սույն որոշման 3-րդ կետով կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը համապատասխան հողամասում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք է բերում այդ հողամասի վարձակալության իրավունք՝ 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով, սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.
բ) հողամասը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից ու շինություններից ազատվում, և ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողների միջոցների հաշվին:
5. Վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողի կողմից նոր ստեղծվող գույքի՝ կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառ. մետրի հաշվարկով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԳ) հաշվին փոխանցման պարտավորություն՝ 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|