Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Тип
Исходный акт (19.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
04.10.2006
Дата вступления в силу
19.07.2007

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջեվ եվրոպական եվ եվրատլանտյան համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

շահագրգռված լինելով խորացնել երկու արտաքին գործերի նախարարությունների միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը 1991 թ. դեկտեմբերի 17-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մասին արձանագրության հիման վրա,

նշելով Միավորված ազգերի կազմակերպությունում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում և կոնֆերանսներում համագործակցության բարձր մակարդակը և արդյունքները,

նպատակ ունենալով խրախուսել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդել գոյություն ունեցող համագործակցությունը Եվրոպայի միության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետ,

ընդունելով Ռումինիայի կարգավիճակը որպես Եվրոպայի միության ապագա անդամի 2007 թ. հունվարի 1-ից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ,

հաշվի առնելով Ռումինիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության ձգտումը՝ զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. ներառյալ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի միջոցով,

արտահայտեցին իրենց պարտավորվածությունը հետևյալի վերաբերյալ.

 

Հոդված 1

 

Կողմերը կզարգացնեն քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ որպես աջակցություն տարածաշրջանային և եվրատլանտյան կայունությանը:

Այդ նպատակով Կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել իրենց ակտիվ համագործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում և ամրապնդել ԵԱՀԿ դերը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման միջոց. ներառյալ Հարավային Կովկասը:

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը եվրոպական ինտեգրացիայի բնագավառում` ուղղված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի միության միջև գործընկերության հաջող զարգացմանը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար Հայաստանի Հանրապետությանը աջակցելուն:

Կողմերը նաև կզարգացնեն երկխոսությունը և համագործակցությունը որևէ այլ բնագավառում` վերոհիշյալ նպատակին հասնելու հետ կապված, ինչպես, օրինակ.

- ժողովրդավարության ամրապնդում և օրենքի գերակայություն, ներառյալ` Եվրոպայի խորհրդի միջոցով,

- տարածաշրջանային համագործակցություն,

- էներգետիկ անվտանգություն:

 

Հոդված 2

 

Կողմերը կհամագործակցեն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հնարավորությունների լիարժեք օգտագործմանն ուղղված գործողությունները դյուրացնելու գործում:

Կողմերը կհամագործակցեն եվրոպական ստանդարտների ընդունման և իրականացման բնագավառում, մասնավորապես.

1. ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների համար.

2. էներգետիկայի ոլորտում համագործակցության և Եվրոպայի հետ ենթակառուցվածքային կապերի համար.

3. Եվրոպայի միության մասին հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար` տեղեկացնելով ողջ հասարակությանը Եվրոպայի միության և Եվրոպական ինտեգրացիայի շրջանակներում կատարվող գործընթացների մասին.

4. խրախուսելու համար համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների միջև համագործակցությունը, կապերը և մարդկանց միջև շփումները:

 

Հոդված 3

 

Եվրոպայի միության հետ կապված, Ռումինիայի ստանձնած պարտավորությունների համաձայն, Կողմերը կհամագործակցեն վիզային քաղաքականության, փաստաթղթերի անվտանգության, սահմանային հսկողության և միգրացիայի բնագավառներում:

 

Հոդված 4

 

Կողմերը կհամագործակցեն` նպատակ ունենալով ամրապնդել եվրատլանտյան գործընկերությունը և իրականացնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Այս համագործակցությունը կիրականացվի.

1. եվրատլանտյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող խնդիրների և եվրատլանտյան ու տարածաշրջանային անվտանգության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ կանոնավոր համատեղ խորհրդակցությունների միջոցով.

2. Հայաստանի Հանրապետությանը Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն իրականացնելուն աջակցելու համար երկկողմ համագործակցության բնագավառները սահմանելու միջոցով.

3. պաշտպանության ոլորտի բարեփոխման բնագավառում և հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում փորձի փոխանակում` համատեղ հանդիպումներ, խորհրդակցություններ, վերապատրաստում կազմակերպելու միջոցով.

4. միջազգային անվտանգության և եվրատլանտյան համագործակցության հարցերի վերաբերյալ հասարակությանը իրազեկելու միջոցով.

5. այդ բնագավառներում աշխատող համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների միջև համագործակցությունը/շփումները խրախուսելու միջոցով:

 

Հոդված 5

 

2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված բնագավառներում համագործակցությունը կիրականացվի՝ օգտագործելով հետևյալ միջոցները և մեթոդները.

1. քաղաքական երկխոսություն բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների մակարդակով՝ այն հաճախականությամբ, որը կհամաձայնեցվի համատեղ.

2. համատեղ միջոցառումների կազմակերպում. երկու Կողմերի փորձագետների և պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություններ, հանդիպումներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ և այլ ժողովներ.

3. վերապատրաստում եվրոպական և եվրատլանտյան համագործակցության վերաբերյալ սեմինարներ կազմակերպելու միջոցով և մյուս Կողմի կազմակերպած միջազգային ու ազգային սեմինարներին յուրաքանչյուր Կողմից փորձագետների մասնակցության խրախուսում.

4. համատեղ համագործակցության նախաձեռնում և նախագծերի մշակում, ինչպես, օրինակ` միացյալ մեխանիզմներ և ուսումնական ծրագրեր, ընդգրկելով երկու երկրների համապատասխան գերատեսչությունների պետական պաշտոնյաներին.

5. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձագետների փոխանակում:

 

Հոդված 6

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի իրականացման համար Կողմերը կարող են մշակել ամենամյա ծրագրեր:

 

Հոդված 7

 

Յուրաքանչյուր Կողմ սույն Փոխըմբռնման հուշագիրը կիրականացնի իր ազգային իրավական և վարչական դրույթների համաձայն, իր հնարավորությունների սահմաններում և առկա ռեսուրսներին համապատասխան:

 

Հոդված 8

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցման օրվանից, որով Կողմերը միմյանց կտեղեկացնեն իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերի ավարտի մասին:

 

Հոդված 9

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմնա երեք տարի: Դրա գործողության ժամկետը այնուհետև կարող է երկարաձգվել լրացուցիչ երեք տարի ժամկետով՝ Կողմերի գրավոր փոխադարձ համաձայնությամբ:

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թվականի հոկտեմբերի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հուլիսի 19-ից: