ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 66265/17
ՀՐԱՆՏ ՄԱԶՄԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի ապրիլի 7-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2017 թվականի օգոստոսի 23-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատու պրն Հրանտ Մազմանյանը ծնվել է 1970 թվականին։ Նրան թույլատրվել է Դատարանում վարույթի ընթացքում ներկայացնել իր շահերը։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ դիմումատուի՝ վկային իր անունից հարցաքննելու անհնարինության վերաբերյալ ներկայացված բողոքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է բողոքի ընդունելիության և այն ըստ էության քննելու վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին առաջարկել են ներկայացնել սեփական դիտարկումները: Ի պատասխան՝ 2021 թվականի հունիսի 18-ի իր գրությամբ դիմումատուն պարզապես ներկայացրել է արդարացի փոխհատուցման իր պահանջները։
2021 թվականի սեպտեմբերի 28-ի գրությամբ, պատվիրված նամակ ուղարկելու միջոցով դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ իր դիտարկումները ներկայացնելու համար թույլատրված ժամկետը լրացել է 2021 թվականի մայիսի 25-ին, և որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին։ Այնուամենայնիվ, որևէ պատասխան չի ստացվել։
Քարտուղարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի գրությունը 2022 թվականի մարտի 2-ին վերադարձվել է Դատարան որպես չպահանջված փոստային առաքանի, մինչդեռ Դատարանը հասցեն փոխելու վերաբերյալ դիմումատուից նախապես որևէ գրություն չի ստացել։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքի նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության պարագայում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ։
Հետևաբար գործը պետք է հանվի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել գործերի ցուցակից։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մայիսի 5-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝ Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Յոլիեն Շուկինգ՝ |