Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (03.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
26.06.1990
Дата подписания
26.06.1990
Дата вступления в силу
03.10.2018

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Ժամանակավոր ներմուծման մասին

 

(Ստամբուլ, 26-ը հունիսի 1990 թ.)

 

Կոնվենցիայի հիմնական տեքստ

 

Հավելվածներ Ա, Բ.1-ից Բ.9, Գ, Դ և Ե

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն Կոնվենցիայի ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԸ` հաստատված Մաքսային համագործակցության խորհրդի հովանու ներքո,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ ժամանակավոր ներմուծման մասին միջազգային մաքսային կոնվենցիաների տարածմանն ու տարակենտրոնացված բնույթին առնչվող ներկա վիճակն անբավարար է,

ՀԱՄԱՐԵԼՈՎ, որ դրությունը կարող է վատթարանալ ապագայում, երբ անհրաժեշտ լինի միջազգայնորեն կարգավորել ժամանակավոր ներմուծման նոր կատեգորիաները,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ առևտրի ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի ցանկություններն առ այն, որպեսզի ժամանակավոր ներմուծման ձևակերպումներ կատարելը դյուրացվի,

ՀԱՄԱՐԵԼՈՎ, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումն ու ներդաշնակեցումը և, մասնավորապես, ժամանակավոր ներմուծման մասին առկա կոնվենցիաները միավորող մեկ միջազգային փաստաթղթի ընդունումը կարող է դյուրացնել ժամանակավոր ներմուծումը կարգավորող միջազգային դրույթների հասանելիությունը և արդյունավետ կերպով նպաստել միջազգային առևտրի և միջազգային այլ փոխանակումների զարգացմանը,

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ ժամանակավոր ներմուծման վերաբերյալ միասնական դրույթներ առաջարկող միջազգային փաստաթուղթը կարող է զգալի օգուտ բերել միջազգային փոխանակումներին և ապահովել մաքսային ընթացակարգերի պարզեցման ու ներդաշնակեցման բարձր աստիճան, ինչը Մաքսային համագործակցության խորհրդի կարևոր նպատակներից է,

ՎՃՌԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՎ դյուրացնել ժամանակավոր ներմուծումը` պարզեցնելով և ներդաշնակեցնելով ընթացակարգերը, հետամուտ լինելով տնտեսական, մարդասիրական, մշակութային, սոցիալական կամ զբոսաշրջային նպատակներին,

ՀԱՄԱՐԵԼՈՎ, որ ժամանակավոր ներմուծման փաստաթղթերի տիպային մոդելի ընդունումը, որպես միջազգային երաշխիքով ապահովված միջազգային մաքսային փաստաթղթեր, նպաստում է ժամանակավոր ներմուծման ընթացակարգի դյուրացմանն այն դեպքերում, երբ մաքսային փաստաթուղթ և երաշխիք է պահանջվում,

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ներքոնշյալի մասին:

 

ԳԼՈՒԽ I

 

Ընդհանուր դրույթներ

 

Սահմանումներ

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով՝

ա) «ժամանակավոր ներմուծում» եզրույթը նշանակում է`

մաքսային ընթացակարգ, որով որոշակի ապրանքներ (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) կարող են բերվել մաքսային տարածք՝ պայմանականորեն ազատվելով ներմուծման տուրքեր ու հարկեր վճարելուց՝ և առանց տնտեսական բնույթի ներմուծման արգելքների կամ սահմանափակումների կիրառման: Այդ ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) պետք է ներմուծվեն հատուկ նպատակով և նախատեսված լինեն սահմանված ժամկետում վերաարտահանման համար՝ առանց որևէ փոփոխության ենթարկվելու` բացառությամբ դրանց օգտագործման հետևանքով առաջացած բնական մաշվածության.

բ) «ներմուծման տուրքեր և հարկեր» եզրույթը նշանակում է`

մաքսային տուրքերը և բոլոր այլ տուրքերը, հարկերը, վճարները կամ այլ գանձումները, որոնք գանձվում են ապրանքների (ներառյալ տրանսպորտային միջոցների) ներմուծման ժամանակ կամ դրա առնչությամբ, սակայն չեն ներառում այն վճարներն ու գանձումները, որոնց գումարը սահմանափակվում է մատուցված ծառայությունների մոտավոր արժեքով.

գ) «երաշխիք» եզրույթը նշանակում է`

մաքսային մարմինների կողմից ընդունվող, մաքսային մարմնի նկատմամբ պարտավորությունների կատարման ապահովում: Երաշխիքը բնութագրվում է որպես «ընդհանուր երաշխիք», եթե դրանով ապահովվում է մի քանի գործողություններից բխող պարտավորությունների կատարումը.

դ) «ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր» եզրույթը նշանակում է`

միջազգային մաքսային փաստաթուղթ, որն ընդունվում է որպես մաքսային հայտարարագիր և հնարավոր է դարձնում ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) նույնականացումը, և որը ներառում է ներմուծման տուրքերն ու հարկերը ծածկող` միջազգայնորեն վավեր երաշխիք.

ե) «Մաքսային կամ Տնտեսական միություն» եզրույթը նշանակում է`

միություն, որը հիմնադրվել է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետում նշված անդամների կողմից և կազմված է նրանցից, և որն իրավասու է սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ ընդունել իր օրենսդրությունը, որը պարտադիր է իր անդամների համար, ինչպես նաև իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ իրավասու է որոշում կայացնել սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ դրան միանալու վերաբերյալ.

զ) «անձ» եզրույթը նշանակում է`

ֆիզիկական և իրավաբանական անձ, եթե համատեքստով այլ բան չի ենթադրվում.

է) «Խորհուրդ» եզրույթը նշանակում է`

կազմակերպություն՝ ստեղծված Մաքսային համագործակցության խորհուրդը հիմնադրող կոնվենցիայով, որը ստորագրվել է Բրյուսելում՝ 1950 թ. դեկտեմբերի 15-ին.

ը) «վավերացում» եզրույթը նշանակում է`

վավերացում, ընդունում կամ հաստատում:

ԳԼՈՒԽ II

 

Կոնվենցիայի կիրառման ոլորտը

 

Հոդված 2

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, պարտավորվում է ժամանակավոր ներմուծման ռեժիմ տրամադրել սույն Կոնվենցիայի հավելվածներում նշված ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) համար:

2. Չխախտելով Ե հավելվածի դրույթները՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմ է տրամադրվում ներմուծման տուրքերի և հարկերի վճարումից ամբողջական պայմանական ազատումով և առանց տնտեսական բնույթի ներմուծման արգելքների կամ սահմանափակումների կիրառման:

 

Հավելվածների կառուցվածքը

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր հավելված հիմնականում բաղկացած է.

ա) հավելվածում օգտագործվող հիմնական մաքսային եզրույթների սահմանումներից.

բ) հավելվածի առարկա հանդիսացող ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) նկատմամբ կիրառելի հատուկ դրույթներից:

 

ԳԼՈՒԽ III

 

Հատուկ դրույթներ

 

Փաստաթուղթ և երաշխիք

 

Հոդված 4

 

1. Եթե հավելվածում այլ բան նախատեսված չէ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի թույլ տալ ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) ժամանակավոր ներմուծում՝ մաքսային փաստաթուղթ և երաշխիք ներկայացնելու դեպքում:

2. Եթե (վերոնշյալ 1-ին կետի համաձայն) պահանջվում է երաշխիք, ապա ժամանակավոր ներմուծման ընթացակարգից կանոնավոր կերպով օգտվող անձանց կարող է թույլատրվել ներկայացնել ընդհանուր երաշխիք:

3. Եթե հավելվածում այլ բան նախատեսված չէ, երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ներմուծման տուրքերի և հարկերի այն գումարը, որից ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) պայմանականորեն ազատվել են:

4. Ազգային օրենսդրությամբ ներմուծման արգելքների կամ սահմանափակումների ենթակա ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) համար կարող է պահանջվել լրացուցիչ երաշխիք՝ ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:

 

Ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր

 

Հոդված 5

 

Չխախտելով ժամանակավոր ներմուծման գործողությունների վերաբերյալ Ե հավելվածով սահմանված դրույթները՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր ազգային մաքսային փաստաթղթերի փոխարեն և որպես Ա հավելվածի 8-րդ հոդվածում նշված գումարների մասով սահմանված երաշխիք, ընդունում է իր տարածքում վավեր համարվող ժամանակավոր ներմուծման փաստաթղթերը, որոնք սույն հավելվածում սահմանված պայմանների համաձայն` տրվում և օգտագործվում են այն ապրանքների համար (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները), որոնք ժամանակավոր ներմուծվել են Պայմանավորվող կողմի ընդունած` սույն Կոնվենցիայի մյուս հավելվածների համաձայն:

 

Նույնականացումը

 

Հոդված 6

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է իրականացնել ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) ժամանակավոր ներմուծում՝ պայմանով, որ դրանք հնարավոր լինի նույնականացնել, երբ ժամանակավոր ներմուծումն ավարտվի:

 

Վերաարտահանման ժամանակահատվածը

 

Հոդված 7

 

1. Ժամանակավոր ներմուծման իրավունք ստացած ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) պետք է վերաարտահանվեն որոշակի ժամանակահատվածում, որը բավարար է համարվում ժամանակավոր ներմուծման նպատակին հասնելու համար: Այդ ժամանակահատվածը առանձին սահմանված է յուրաքանչյուր հավելվածում:

2. Մաքսային մարմինները կարող են տրամադրել յուրաքանչյուր հավելվածում սահմանված ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված կամ երկարացնել սկզբնական ժամանակահատվածը:

3. Եթե ժամանակավոր ներմուծման իրավունք ստացած ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) չեն կարող վերաարտահանվել առգրավման հետևանքով, բացառությամբ մասնավոր անձանց հայցի հիման վրա կատարված առգրավման, ապա վերաարտահանումը կասեցվում է առգրավման ժամանակահատվածով:

 

Ժամանակավոր ներմուծման փոխանցումը

 

Հոդված 8

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է, այդպիսի պահանջի առկայության դեպքում, թույլատրել ժամանակավոր ներմուծման ընթացակարգի արտոնության փոխանցումը որևէ այլ անձի՝ պայմանով, որ այդ անձը.

ա) բավարարում է սույն Կոնվենցիայում սահմանված պահանջները և

բ) ստանձնում է ժամանակավոր ներմուծման ընթացակարգի առաջին շահառուի պարտավորությունները:

 

Ժամանակավոր ներմուծման դադարեցումը

 

Հոդված 9

 

Ժամանակավոր ներմուծումը սովորաբար դադարեցվում է այն ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) վերաարտահանմամբ, որոնց համար ժամանակավոր ներմուծման թույլտվություն է տրվել:

 

Հոդված 10

 

Ժամանակավոր ներմուծված ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) կարող են վերաարտահանվել մեկ կամ մեկից ավելի խմբաքանակներով:

 

Հոդված 11

 

Ժամանակավոր ներմուծված ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) կարող են վերաարտահանվել դրանց ներմուծման մաքսատնից բացի այլ մաքսատնից:

 

Դադարեցման հնարավոր այլ դեպքեր

 

Հոդված 12

 

Ժամանակավոր ներմուծումը կարող է դադարեցվել իրավասու մարմինների համաձայնությամբ՝ ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) ազատ նավահանգստում կամ ազատ գոտում, մաքսային պահեստում տեղավորելու կամ տարանցիկ փոխադրում մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով՝ դրանք հետագայում արտահանելու կամ այլ կերպ տնօրինելու նպատակով:

 

Հոդված 13

 

Ժամանակավոր ներմուծումը կարող է դադարեցվել բացթողում՝ ներքին սպառման համար ընթացակարգով ձևակերպմամբ, եթե դա արդարացված է՝ հանգամանքներով պայմանավորված և թույլատրվում է ազգային օրենսդրությամբ` այդպիսի դեպքերում կիրառելի պայմանների և ձևակերպումների կատարման պայմանով:

 

Հոդված 14

 

1. Ժամանակավոր ներմուծումը կարող է դադարեցվել, եթե ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) լուրջ վնաս են կրել վթարի կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հետևանքով և, մաքսային մարմինների որոշմամբ`

ա) ենթարկվում են ներմուծման այն տուրքերին և հարկերին, որոնց վճարմանը դրանք ենթակա են վնասված վիճակում մաքսակետ ներկայացվելիս` ժամանակավոր ներմուծումը դադարեցնելու նպատակով.

բ) բոլոր ծախսերից ազատված` թողնվում են ժամանակավոր ներմուծման տարածքի իրավասու մարմիններին, ինչի դեպքում ժամանակավոր ներմուծումից օգտվող անձը չի վճարում ներմուծման տուրքեր և հարկեր. կամ

գ) ոչնչացվում են պաշտոնական հսկողության ներքո` շահագրգիռ կողմերի հաշվին, իսկ փրկված մասերը կամ նյութերը, ներքին սպառման համար բաց թողնելու դեպքում, ենթարկվում են ներմուծման այն տուրքերին և հարկերին, որոնց վճարմանը դրանք ենթակա են այն ժամանակ և այն վիճակում, երբ ներկայացվում են մաքսային մարմնին վթարից կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) գործելուց հետո:

2. Ժամանակավոր ներմուծումը կարող է նաև դադարեցվել, եթե, շահագրգիռ անձի խնդրանքով, ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) տնօրինվում են վերոնշյալ 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված եղանակներից մեկով, ինչպես կարող է որոշվել մաքսային մարմինների կողմից:

3. Ժամանակավոր ներմուծումը կարող է նաև դադարեցվել շահագրգիռ անձի խնդրանքով, եթե այդ անձը մաքսային մարմիններին ապացուցում է, որ ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) ոչնչացվել կամ ամբողջովին կորսվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հետևանքով: Նման դեպքում ժամանակավոր ներմուծումից օգտվող անձն ազատվում է ներմուծման տուրքեր և հարկեր վճարելու պարտականությունից:

 

ԳԼՈՒԽ IV

 

Այլ դրույթներ

 

Ձևակերպումների կրճատում

 

Հոդված 15

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նվազագույնին հասցնի սույն Կոնվենցիայով նախատեսված պայմանների առնչությամբ պահանջվող մաքսային ձևակերպումները: Այդ ձևակերպումներին առնչվող բոլոր կանոնակարգերը պետք է անհապաղ հրապարակվեն:

 

Նախնական թույլտվություն

 

Հոդված 16

 

1. Եթե ժամանակավոր ներմուծումը ենթակա է նախնական թույլտվության, ապա այն պետք է հնարավորինս շուտ տրվի իրավասու մաքսային մարմնի կողմից:

2. Բացառիկ դեպքերում, երբ պահանջվում է թույլտվություն, որը տրվում է ոչ մաքսային մարմնի կողմից, ապա այն պետք է տրվի հնարավորինս շուտ:

 

Նվազագույն պայմաններ

 

Հոդված 17

 

Սույն Կոնվենցիայի դրույթները սահմանում են համաձայնեցման ենթակա նվազագույն պայմանները: Դրանք չեն արգելում ավելի լայն պայմանների կիրառումը, որոնք Պայմանավորվող կողմերը տրամադրում են կամ հետագայում կարող են տրամադրել միակողմանի դրույթների կամ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի հիման վրա:

 

Մաքսային կամ Տնտեսական միություններ

 

Հոդված 18

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար Մաքսային կամ Տնտեսական միություն կազմող Պայմանավորվող կողմերի տարածքները կարող են դիտվել որպես մեկ տարածք:

2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի արգելում Մաքսային կամ Տնտեսական միություն կազմող Պայմանավորվող կողմերին ընդունել տվյալ Միության տարածքում ժամանակավոր ներմուծման գործողություններին վերաբերող հատուկ դրույթներ` պայմանով, որ այդ դրույթները չեն նվազեցնում սույն Կոնվենցիայով նախատեսված հնարավորությունները:

 

Արգելքներ և սահմանափակումներ

 

Հոդված 19

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում ազգային օրենքներով և կանոնակարգերով նախատեսված արգելքների կամ սահմանափակումների կիրառումը այնպիսի ոչ տնտեսական նկատառումների հիմքով, ինչպիսիք են հանրային բարքերը կամ հասարակական կարգը, հանրային անվտանգությունը, հիգիենան կամ առողջությունը, անասնաբուժական կամ ֆիտոսանիտարական նկատառումները, վայրի կենդանական ու բուսական աշխարհի վտանգված տեսակներին կամ հեղինակային իրավունքի և արդյունաբերական սեփականության օբյեկտների պաշտպանությանն առնչվող նկատառումները:

 

Խախտումներ

 

Հոդված 20

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթների ցանկացած խախտում կհանգեցնի այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցների կիրառմանը, որի տարածքում կատարվել է այդ օրինախախտումը:

2. Եթե հնարավոր չէ որոշել, թե որ տարածքում է տեղի ունեցել խախտումը, ապա համարվում է, որ այն կատարվել է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ իրավախախտումը հայտնաբերվել է:

 

Տեղեկությունների փոխանակում

 

Հոդված 21

 

Պայմանավորվող կողմերը, համապատասխան պահանջի դեպքում և ազգային օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով միմյանց տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ:

 

Տվյալների մշակման էլեկտրոնային համակարգեր

 

Հոդված 21

 

Սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկման համար անհրաժեշտ բոլոր ձևակերպումները կարող են իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ Պայմանավորվող կողմի կողմից հաստատված տվյալների մշակման էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ:

 

ԳԼՈՒԽ V

 

Եզրափակիչ դրույթներ

 

Վարչական կոմիտե

 

Հոդված 22

 

1. Ստեղծվում է Վարչական կոմիտե՝ սույն Կոնվենցիայի կիրարկման հետ կապված հարցերը, դրա մեկնաբանման և կիրառման միասնականության ապահովմանն ուղղված ցանկացած միջոցառումները և Կոնվենցիայում առաջարկվող փոփոխությունները քննարկելու նպատակով: Վարչական կոմիտեն որոշում է կայացնում սույն Կոնվենցիայում նոր հավելվածներ ներառելու վերաբերյալ:

2. Վարչական կոմիտեի անդամները Պայմանավորվող կողմերն են: Կոմիտեն կարող է որոշում կայացնել, որ սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմ չհանդիսացող որևէ անդամի, պետության կամ մաքսային տարածքի իրավասու վարչակազմերը կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել Կոմիտեի նիստերին որպես դիտորդներ, երբ քննարկվում են իրենց հետաքրքրող հարցեր:

3. Խորհուրդը Կոմիտեին տրամադրում է Քարտուղարության ծառայությունները:

4. Յուրաքանչյուր նիստի համար Կոմիտեն ընտրում է նախագահ և փոխնախագահ:

5. Պայմանավորվող կողմերի իրավասու վարչակազմերը Խորհրդին են ներկայացնում սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները և դրանց հիմնավորումները՝ Կոմիտեի նիստերի օրակարգում դրանք ներառելու խնդրանքի հետ միասին: Խորհուրդը դրանք ներկայացնում է Պայմանավորվող կողմերի և սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածում նշված` Պայմանավորվող կողմեր չհանդիսացող անդամների, պետությունների կամ մաքսային տարածքների իրավասու վարչակազմերի ուշադրությանը:

6. Խորհուրդը Կոմիտեի նիստ է գումարում Կոմիտեի կողմից որոշված օրը, ինչպես նաև առնվազն երկու Պայմանավորվող կողմերի իրավասու վարչակազմերի դիմումի հիման վրա: Խորհուրդը օրակարգի նախագիծը շրջանառության մեջ է դնում՝ այն ուղարկելով Պայմանավորվող կողմերին և սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածում նշված` Պայմանավորվող կողմեր չհանդիսացող անդամների, պետությունների կամ մաքսային տարածքների իրավասու վարչակազմերին՝ Կոմիտեի հանդիպումից առնվազն վեց շաբաթ առաջ:

7. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների ուժով Կոմիտեի ընդունած որոշման հիման վրա Խորհուրդը սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածում նշված` Պայմանավորվող կողմեր չհանդիսացող անդամների, պետությունների կամ մաքսային տարածքների իրավասու վարչակազմերին և շահագրգիռ միջազգային կազմակերպություններին հրավիրում է իրենց ներկայացուցիչների միջոցով որպես դիտորդ մասնակցելու Կոմիտեի նիստերին:

8. Առաջարկությունները դրվում են քվեարկության: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը ներկայացված է հանդիպմանը, ունի մեկ քվե: Այն առաջարկությունները, որոնք չեն վերաբերում սույն Կոնվենցիայում փոփոխություններ անելուն, Կոմիտեի կողմից ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող անդամների ձայների մեծամասնությամբ: Սույն Կոնվենցիայում փոփոխություններ անելու վերաբերյալ առաջարկություններն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:

9. Սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 7-րդ կետի կիրառման դեպքում, սույն Կոնվենցիայի կողմեր հանդիսացող Մաքսային կամ Տնտեսական միությունները քվեարկության դեպքում ունեն քվեների միայն այն քանակը, որը հավասար է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր հանդիսացող իրենց անդամներին հատկացված քվեների ընդհանուր քանակին:

10. Նախքան նիստի ավարտը Կոմիտեն ընդունում է զեկույցը:

11. Սույն հոդվածում համապատասխան դրույթների բացակայության դեպքում կիրառվում են Խորհրդի ընթացակարգային կանոնները, եթե Կոմիտեն այլ որոշում չի կայացնում:

 

Վեճերի կարգավորումը

 

Հոդված 23

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի միջև ծագած ցանկացած վեճ պետք է հնարավորինս կարգավորվի բանակցությունների միջոցով:

2. Ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմերը ներկայացնում են Վարչական կոմիտե, որն այնուհետև քննարկում է վեճը և առաջարկություններ ներկայացնում դրա կարգավորման համար:

3. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմերը կարող են նախապես համաձայնել, որ ընդունելու են Վարչական կոմիտեի առաջարկությունները որպես պարտադիր ուժ ունեցող:

 

Ստորագրում, վավերացում և միացում

 

Հոդված 24

 

1. Խորհրդի ցանկացած անդամ և Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված գործակալությունների ցանկացած անդամ կարող են դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ`

ա) ստորագրելով Կոնվենցիան՝ առանց վավերացման վերաբերյալ վերապահման.

բ) վավերացման պայմանով ստորագրելուց հետո՝ վավերագիրն ի պահ հանձնելով. կամ

գ) միանալով Կոնվենցիային:

2. Սույն Կոնվենցիան բաց է սույն հոդվածի 1-ին կետում նշված անդամների ստորագրման համար կա՛մ Խորհրդի նիստերին, որոնց ընթացքում այն ընդունվել է, կա՛մ, այնուհետև, Խորհրդի՝ Բրյուսելում գտնվող գլխամասային գրասենյակում` մինչև 1991 թվականի հունիսի 30-ը: Այդ օրվանից հետո այն բաց է անդամների միանալու համար:

3. Պայմանավորվող կողմի կողմից առաջադրված որևէ առանձին մաքսային տարածք ներկայացնող ցանկացած պետություն կամ կառավարություն, որը պատասխանատու է իր դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական վարման համար, որը, սակայն, չլինելով սույն հոդվածի 1-ին կետում նշված կազմակերպությունների անդամ, անկախ է իր երկրի առևտրային հարաբերություններն իրականացնելիս և որին, Վարչական կոմիտեի խնդրանքով, ավանադապահն անդամակցության նպատակով հրավեր է ուղարկել, կարող է դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ՝ միանալով Կոնվենցիային՝ ուժի մեջ մտնելուց հետո:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ կետերում նշված ցանկացած անդամ, պետություն կամ մաքսային տարածք սույն Կոնվենցիան առանց վավերացման վերաբերյալ վերապահման ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս պետք է նշի այն հավելվածները, որոնք նա ընդունում է` պարտադիր ընդունելով Ա հավելվածը և առնվազն մեկ այլ հավելված: Նա կարող է հետագայում ավանդապահին ծանուցել մեկ կամ ավելի հավելվածներ ընդունելու մասին:

5. Այն Պայմանավորվող կողմերը, որոնք ընդունում են Վարչական կոմիտեի որոշմամբ սույն Կոնվենցիայում ներառվող որևէ նոր հավելված, այդ մասին պարտավոր են ծանուցել ավանդապահին՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

6. Պայմանավորվող կողմերն ավանդապահին հաղորդում են սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի և 24-րդ հոդվածի 7-րդ կետի, Ա հավելվածի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Ե հավելվածի 4-րդ հոդվածի կիրառման պայմանները կամ դրանցով պահանջվող տեղեկությունները: Նրանք պետք է նաև տեղեկացնեն այդ դրույթների կիրառման ցանկացած փոփոխության մասին:

7. Ցանկացած Մաքսային կամ Տնտեսական միություն կարող է դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ` սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերին համապատասխան: Այդ Մաքսային կամ Տնտեսական միությունը տեղեկացնում է ավանդապահին սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ իր իրավասության մասին: Սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող Մաքսային կամ Տնտեսական միությունն իր իրավասության շրջանակում գտնվող հարցերի առնչությամբ իր անունից իրականացնում է իրավունքներ և կատարում պարտավորություններ, որոնք սույն Կոնվենցիայով դրվում են այն անդամների վրա, որոնք սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր են: Նման դեպքում այս անդամները իրավասու չեն առանձին իրականացնելու այդ իրավունքները՝ ներառյալ քվեարկության իրավունքը:

 

Ավանդապահը

 

Հոդված 25

 

1. Սույն Կոնվենցիան, դրա վավերացման վերաբերյալ վերապահմամբ կամ առանց այդ վերապահման բոլոր ստորագրությունները, ինչպես նաև վավերացման կամ միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ի պահ են հանձնվում Խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Ավանդապահը`

ա) ստանում է սույն Կոնվենցիայի բնօրինակները և ապահովում է դրանց պահպանումը,

բ) պատրաստում է սույն Կոնվենցիայի բնօրինակների հաստատված պատճենները և դրանք փոխանցում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերում նշված անդամներին և Մաքսային կամ Տնտեսական միություններին,

գ) ստանում է վավերացման վերաբերյալ վերապահմամբ կամ առանց այդ վերապահման, սույն Կոնվենցիան վավերացնելու կամ դրան միանալու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, ինչպես նաև ստանում և ապահովում է սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած փաստաթղթի, ծանուցման և հաղորդագրության պահպանումը,

դ) ստուգում է, ստորագրության կամ սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդագրության՝ սահմանված կարգով և պատշաճ ձևով կատարված լինելը և անհրաժեշտության դեպքում այդ մասին տեղեկացնում է համապատասխան Պայմանավորվող կողմին,

ե) ծանուցում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերին, այլ ստորագրող կողմերին, Խորհրդի այն անդամներին, որոնք սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր չեն, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին`

- սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածին համապատասխան` հավելվածների ընդունման, ստորագրման, վավերացման և դրանց միանալու մասին,

- այն նոր հավելվածների մասին, որոնք Վարչական կոմիտեն որոշել է ներառել սույն Կոնվենցիայում,

- սույն Կոնվենցիայի և յուրաքանչյուր հավելվածի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին՝ սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն,

- սույն Կոնվենցիայի 24-րդ, 29-րդ, 30-րդ և 32-րդ հոդվածների համաձայն ստացված ծանուցումների մասին,

- սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածով նախատեսված դադարեցման մասին,

- սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության և դրա ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

3. Պայմանավորվող կողմի և ավանդապահի միջև վերջինիս գործառույթների կատարման կապակցությամբ առաջացած տարաձայնությունների դեպքում ավանդապահը կամ այդ Պայմանավորվող կողմը հարցը ներկայացնում են մյուս Պայմանավորվող կողմերի և սույն Կոնվենցիան ստորագրած կողմերի կամ, համապատասխան դեպքերում, Խորհրդի ուշադրությանը:

 

Ուժի մեջ մտնելը

 

Հոդված 26

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերում նշված հինգ Անդամների կամ Մաքսային կամ Տնտեսական միությունների կողմից սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահումով ստորագրելուց կամ վավերացման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

2. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որն ստորագրում է սույն Կոնվենցիան` առանց վավերացման մասին վերապահումով, վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան հինգ Անդամների կամ Մաքսային կամ Տնտեսական միությունների կողմից սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահմամբ ստորագրելուց կամ վավերացնելուց կամ միանալու մասին իրենց վավերագրերն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան տվյալ Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ է մտնում` սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրելուց կամ վավերացման կամ միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս անց:

3. Սույն Կոնվենցիայի ցանկացած հավելված ուժի մեջ է մտնում երեք ամիս հետո՝ սկսած այն պահից, երբ հինգ Անդամներ կամ Մաքսային կամ Տնտեսական միություններ ընդունեն տվյալ հավելվածը:

4. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որն ընդունում է հավելվածը հինգ Անդամների կամ Մաքսային կամ Տնտեսական միությունների կողմից այն ընդունելուց հետո, տվյալ Պայմանավորվող կողմի համար այդ հավելվածն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին ծանուցելուց հետո երեք ամիս անց: Այնուամենայնիվ, որևէ հավելված Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ չի մտնում նախքան այդ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելը:

 

Չեղյալ հայտարարելու վերաբերյալ դրույթ

 

Հոդված 27

 

Սույն Կոնվենցիայի՝ չեղյալ հայտարարելու վերաբերյալ դրույթ պարունակող հավելվածն ուժի մեջ մտնելուց հետո այդ հավելվածով ուժը կորցրած են ճանաչվում կամ փոխարինվում են այն Կոնվենցիաները կամ Կոնվենցիաների այն դրույթները, որոնք չեղյալ հայտարարելու վերաբերյալ դրույթի առարկան են և վերաբերում են այն Պայմանավորվող կողմերին, որոնք ընդունել են տվյալ հավելվածը և այդ Կոնվենցիաների Պայմանավորվող կողմեր են:

 

Կոնվենցիան և հավելվածները

 

Հոդված 28

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, Պայմանավորվող կողմի համար պարտադիր ուժ ունեցող բոլոր հավելվածները կազմում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը և այդ Պայմանավորվող կողմի առնչությամբ՝ ցանկացած հղում Կոնվենցիային համարվում է հղում այդ հավելվածներին։

2. Վարչական կոմիտեում քվեարկության նպատակների համար յուրաքանչյուր հավելված դիտարկվում է որպես առանձին Կոնվենցիա:

 

Վերապահումներ

 

Հոդված 29

 

1. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որն ընդունում է որևէ հավելված, համարվում է, որ ընդունում է դրանում ներառված բոլոր դրույթները, եթե հավելվածն ընդունելու պահին կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, Պայմանավորվող կողմը ավանդապահին չի ծանուցում այն դրույթների մասին, որոնց վերաբերյալ վերապահումներ է անում, եթե այդպիսի հնարավորությունը նախատեսված է տվյալ հավելվածում՝ նշելով իր ազգային օրենսդրության դրույթների և տվյալ դրույթների միջև առկա տարաձայնությունների մասին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ վերանայում է այն դրույթները, որոնց վերաբերյալ վերապահումներ է արել, համեմատում է դրանք իր ազգային օրենսդրության դրույթների հետ և ավանդապահին ծանուցում է այդ վերանայման արդյունքների մասին:

3. Վերապահում արած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ չեղյալ հայտարարել տվյալ վերապահումը` այդ մասին ավանդապահին ծանուցելով և նշելով չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

 

Տարածքային կիրառելիությունը

 

Հոդված 30

 

1. Ցանկացած Պայմանավորվող կողմ սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրելիս կամ վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է ավանդապահին ծանուցելու միջոցով հայտարարել այն մասին, որ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է բոլոր կամ ցանկացած առանձին այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար այդ կողմը պատասխանատվություն է կրում: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այն ստանալու օրվանից երեք ամիս հետո: Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիան չի կիրառվում ծանուցման մեջ նշված տարածքների նկատմամբ՝ նախքան այդ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելը:

2. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցել է այն տարածքի նկատմամբ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածելու մասին, որի միջազգային հարաբերությունների համար այդ կողմը պատասխանատվություն է կրում, կարող է սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան ծանուցել ավանդապահին, որ տվյալ տարածքում սույն Կոնվենցիան այլևս չի կիրառվելու:

 

Դադարեցումը

 

Հոդված 31

 

1. Սույն Կոնվենցիան ունի գործողության անսահմանափակ ժամկետ, սակայն ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է այն դադարեցնել ցանկացած ժամանակ՝ սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Դադարեցման մասին ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որն ի պահ է տրվում ավանդապահին:

3. Դադարեցումն ուժի մեջ է մտնում դադարեցման մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից վեց ամիս հետո:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև սույն Կոնվենցիայի հավելվածների նկատմամբ, որոնք ընդունելու իր համաձայնությունը ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է, սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել մեկ կամ մեկից ավելի հավելվածների ընդունումը: Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հետ է վերցնում բոլոր հավելվածներն ընդունելու վերաբերյալ իր համաձայնությունը, համարվում է, որ այդ Պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարել սույն Կոնվենցիան: Ավելին, եթե Պայմանավորվող կողմը հետ է վերցնում Ա հավելվածն ընդունելու վերաբերյալ իր համաձայնությունը, սակայն շարունակում է ընդունել մյուս հավելվածները, համարվում է, որ այդ Պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարել սույն Կոնվենցիան:

 

Փոփոխությունների ընթացակարգը

 

Հոդված 32

 

1. Սույն Կոնվենցիայի 22-րդ հոդվածին համապատասխան նիստեր գումարող Վարչական կոմիտեն կարող է փոփոխություններ առաջարկել սույն Կոնվենցիայում և դրա հավելվածներում:

2. Այս կերպ առաջարկվող փոփոխության տեքստը ավանդապահի կողմից ուղարկվում է սույն Կոնվենցիայի բոլոր Պայմանավորվող կողմերին, այլ ստորագրող կողմերին և Խորհրդի այն անդամներին, որոնք սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր չեն:

3. Նախորդ կետի համաձայն ներկայացված փոփոխություն անելու վերաբերյալ ցանկացած առաջարկություն բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում առաջարկվող փոփոխության մասին հաղորդելու օրվան հաջորդող տասներկու ամսվա ժամկետը լրանալու օրվանից վեց ամիս հետո, եթե որևէ Պայմանավորվող կողմ այդ ժամանակահատվածում ավանդապահին չի ծանուցել առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկության մասին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված տասներկու ամսվա ժամկետը լրանալուց առաջ որևէ Պայմանավորվող կողմ ծանուցել է ավանդապահին առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկության մասին, ապա փոփոխությունը համարվում է չընդունված և որևէ ուժ չունի:

5. Առարկության վերաբերյալ ծանուցում ներկայացնելու նպատակներով, յուրաքանչյուր հավելված դիտարկվում է որպես առանձին Կոնվենցիա:

 

Փոփոխությունների ընդունումը

 

Հոդված 33

 

1. Համարվում է, որ սույն Կոնվենցիան վավերացնող կամ Կոնվենցիային միացող ցանկացած Պայմանավորվող կողմ ընդունել է դրա մեջ կատարված բոլոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ են եղել վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվա դրությամբ:

2. Սույն Կոնվենցիայի որևէ հավելված ընդունող Պայմանավորվող կողմ, եթե սույն Կոնվենցիայի 29-րդ հոդվածին համապատասխան վերապահումներ չի արել, համարվում է, որ ընդունում է այդ հավելվածում արված ցանկացած փոփոխություն, որն ուժի մեջ է Պայմանավորվող կողմի կողմից ավանդապահին ընդունման մասին ծանուցելու օրվա դրությամբ:

 

Գրանցումը և տեքստերի հավասարազորությունը

 

Հոդված 34

 

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիան ենթակա է գրանցման Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում՝ ավանդապահի դիմումի հիման վրա:

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ստամբուլում՝ հազար ինը հարյուր իննսուն թվականի հունիսի քսանվեցին, մեկ բնօրինակով` անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերը հավասարազոր են: Ավանդատուին խնդրանք է ներկայացվում պատրաստել և շրջանառել սույն Կոնվենցիայի արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն պաշտոնական թարգմանությունները:

 

Հավելվածներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան