Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (20.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2013.10.23/17(25)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
05.09.1997
Дата подписания
05.09.1997
Дата вступления в силу
20.08.2013

ԱՇԽԱՏԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

 

 
 ՆԱԽԱԲԱՆ  
 ԳԼՈՒԽ 1 ՆՊԱՏԱԿՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
   ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 3. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
 ԳԼՈՒԽ 2 ԱՇԽԱՏԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
   ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 5. ԱՌԿԱ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 6. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 7. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 8. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 9. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 10. ԱՇԽԱՏԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԹԱՂՈՒՄ
 ԳԼՈՒԽ 3 ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
   ՀՈԴՎԱԾ 11. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 12. ԱՌԿԱ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐ
   ՀՈԴՎԱԾ 13. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 14. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 15. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 16. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 17. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
 ԳԼՈՒԽ 4 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 18. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 19. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՇՐՋԱՆԱԿ
   ՀՈԴՎԱԾ 20. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
   ՀՈԴՎԱԾ 21. ԼԻՑԵՆԶԱՌՈՒՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
   ՀՈԴՎԱԾ 22. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 23. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 24. ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 25. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ
   ՀՈԴՎԱԾ 26. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄ
 ԳԼՈՒԽ 5 ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 27. ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
   ՀՈԴՎԱԾ 28. ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՓԱԿ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
 ԳԼՈՒԽ 6 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՆԻՍՏԵՐ
   ՀՈԴՎԱԾ 29. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՆԻՍՏ
   ՀՈԴՎԱԾ 30. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՆԻՍՏԵՐ
   ՀՈԴՎԱԾ 31. ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐ
   ՀՈԴՎԱԾ 32. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
   ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԻՍՏԵՐԻՆ
   ՀՈԴՎԱԾ 34. ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 35. ԼԵԶՈՒՆԵՐ
   ՀՈԴՎԱԾ 36. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
 ՀՈԴՎԱԾ 37. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
 ԳԼՈՒԽ 7 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 ՀՈԴՎԱԾ 38. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
 ՀՈԴՎԱԾ 39. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ, ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՄԻԱՑՈՒՄ
 ՀՈԴՎԱԾ 40. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
 ՀՈԴՎԱԾ 41. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ
 ՀՈԴՎԱԾ 42. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
 ՀՈԴՎԱԾ 43. ԱՎԱՆԴԱՊԱՀ
   ՀՈԴՎԱԾ 44. ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՏԵՔՍՏԵՐ

            

 ՆԱԽԱԲԱՆ

Պայմանավորվող կողմերը,

 

i) գիտակցելով, որ միջուկային ռեակտորի շահագործման արդյունքում առաջանում են աշխատած վառելիք ու ռադիոակտիվ թափոններ, և որ միջուկային տեխնոլոգիաների այլ կիրառումները նույնպես ռադիոակտիվ թափոններ են առաջացնում,

 

ii) գիտակցելով, որ անվտանգության նույն նպատակներն են կիրառվում թե՛ աշխատած վառելիքի, թե՛ ռադիոակտիվ թափոնների կառավարման նկատմամբ,

 

iii) վերահաստատելով աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության համար ողջամիտ գործելակերպերի ծրագրման և իրականացման կարևորությունը միջազգային հանրության համար,

 

iv) գիտակցելով աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության խնդիրների վերաբերյալ հանրությանն իրազեկելու անհրաժեշտությունը,

 

v) ցանկանալով ողջ աշխարհում խթանել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթը,

 

vi) վերահաստատելով, որ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությունն ապահովելու վերջնական պատասխանատվությունը կրում է պետությունը,

 

vii) գիտակցելով, որ վառելիքի ցիկլի քաղաքականությունը սահմանվում է պետության կողմից, և որ որոշ պետություններ աշխատած վառելիքը համարում են արժեքավոր ռեսուրս, որը կարելի է վերամշակել, իսկ մյուսները գերադասում են այն թաղել,

 

viii) գիտակցելով, որ աշխատած այն վառելիքը և ռադիոակտիվ թափոնները, որոնք ներառված չեն սույն Կոնվենցիայում, քանի որ դրանք ռազմական և պաշտպանության ծրագրերի առարկա են հանդիսանում, պետք է կառավարվեն սույն Կոնվենցիայում ամրագրված նպատակներին համապատասխան,

 

ix) հաստատելով երկկողմ և բազմակողմ մեխանիզմների, ինչպես նաև սույն՝ խթանող Կոնվենցիայի միջոցով աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կարևորությունը,

 

x) մտահոգվելով զարգացող երկրների և, մասնավորապես, ամենաքիչ զարգացում ունեցող երկրների և անցումային փուլում գտնվող տնտեսությամբ երկրների կարիքներով և առկա մեխանիզմները դյուրացնելու անհրաժեշտությամբ, ինչը կաջակցի սույն՝ խթանող Կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքների և պարտականությունների կատարմանը,

 

xi) համոզված լինելով, որ ռադիոակտիվ թափոնները, այնքանով, որքանով դա համատեղելի է այդ նյութերի կառավարման անվտանգության հետ, պետք է թաղվեն այն պետության տարածքում, որտեղ դրանք առաջացել են, միևնույն ժամանակ գիտակցելով, որ որոշ հանգամանքներում աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների անվտանգ ու արդյունավետ կառավարմանը կարող են նպաստել Պայմանավորվող կողմերի միջև համաձայնագրերը` կիրառելու մի կողմի տարածքում գտնվող տեղակայանքները հօգուտ մյուս կողմերի, մասնավորապես այն դեպքերում, երբ այդ թափոնները առաջացել են համատեղ նախագծերի արդյունքում,

 

xii) գիտակցելով, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի արգելելու իր տարածք օտարերկրյա՝ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների ներմուծումը,

 

xiii) հաշվի առնելով «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիան (1994), «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիան (1986), «Միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադարձության դեպքում օգնության մասին» Կոնվենցիան (1986), «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիան (1980), «Թափոններով և այլ նյութերով ծովի աղտոտումը կանխելու մասին» կոնվենցիան` փոփոխություններով (1994), և միջազգային համապատասխան այլ փաստաթղթեր,

 

xiv) հաշվի առնելով «Իոնացնող ճառագայթումից պաշտպանության և ճառագայթման աղբյուրների անվտանգության համար անվտանգության հիմնական միջազգային ստանդարտներ» միջգերատեսչական փաստաթղթում (1996), ԱԷՄԳ-ի՝ «Ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության սկզբունքներ» վերնագրով հիմնարար փաստաթղթում (1995) և ռադիոակտիվ նյութերի փոխադրման անվտանգության վերաբերյալ՝ գոյություն ունեցող միջազգային ստանդարտներում ամրագրված սկզբունքները,

 

xv) վկայակոչելով Ռիո դե Ժանեյրոյում 1992 թ. Միավորված ազգերի կազմակերպության՝ Շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսի կողմից ընդունված «Օրակարգ 21»-ի 22-րդ բաժինը, որը վերահաստատում է ռադիոակտիվ թափոնների անվտանգ և բնապահպանական տեսանկյունից ողջամիտ կառավարման խիստ կարևորությունը,

 

xvi) գիտակցելով, որ ցանկալի է ամրապնդել միջազգային վերահսկողության համակարգը, որն առանձնահատուկ կերպով կիրառվում է ռադիոակտիվ նյութերի նկատմամբ, ինչպես նշված է «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան կոնվենցիայի (1989) 13-րդ հոդվածում,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1. ՆՊԱՏԱԿՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

Սույն Կոնվենցիայի նպատակներն են.

 

i) հասնել աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում անվտանգության բարձր մակարդակի և պահպանել այն ողջ աշխարհում` ազգային միջոցների և միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով` ներառյալ, համապատասխան դեպքերում, անվտանգությանն առնչվող տեխնիկական համագործակցությունը,

 

ii) ապահովել, որ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման բոլոր փուլերի ընթացքում առկա լինեն պաշտպանական արդյունավետ միջոցներ հնարավոր վտանգների դեմ, որպեսզի անձինք, հասարակությունն ու շրջակա միջավայրը պաշտպանված լինեն իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցություններից ներկա պահին և ապագայում այնպես, որ ներկա սերնդի կարիքներն ու ձգտումները բավարարվեն` չվտանգելով ապագա սերունդների` իրենց կարիքներն ու ձգտումները բավարարելու կարողությունը,

 

iii) կանխել ռադիոլոգիական հետևանքներով վթարները և մեղմել դրանց հետևանքները, եթե վթարը տեղի է ունեցել աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման ցանկացած փուլում:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

 Սույն Կոնվենցիայի նպատակների համար`

 

ա) «փակում» նշանակում է` որոշակի պահի դրությամբ աշխատած վառելիքը կամ ռադիոակտիվ թափոնները թաղման տեղակայանք տեղափոխելուց հետո բոլոր գործողությունների ավարտ: Սա ներառում է նաև եզրափակիչ ինժեներական կամ այլ բնույթի աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են տեղակայանքը երկար ժամկետով անվտանգ վիճակում պահելու համար,

 

բ) «շահագործումից հանում»-ը ներառում է բոլոր այն քայլերը, որոնք տանում են միջուկային կայանի, բայց ոչ թաղման տեղակայանքի, ազատմանը կարգավորող վերահսկողությունից: Այս քայլերը ներառում են ապաակտիվացման և ապամոնտաժման գործընթացները,

 

գ) «արտանետումներ» նշանակում է` հեղուկ կամ գազային ռադիոակտիվ այնպիսի նյութերի ծրագրված և վերահսկվող արտանետումներ շրջակա միջավայր, որոնք առաջացել են կարգավորվող միջուկային կայանի բնականոն շահագործման ընթացքում` իբրև օրինական գործելակերպ, կարգավորող մարմնի թույլտվության սահմաններում,

 

դ) «թաղում» նշանակում է` աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայում համապատասխան տեղակայանքում` առանց դրանք հանելու մտադրության,

 

ե) «լիցենզիա» նշանակում է` ցանկացած թույլտվություն, լիազորություն կամ վկայական, որը շնորհվել է կարգավորող մարմնի կողմից` աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնելու համար,

 

զ) «միջուկային տեղակայանք» նշանակում է` քաղաքացիական նշանակության տեղակայանք և դրան հարակից հողատարածքը, շինություններն ու սարքավորումները, որտեղ արտադրվում, մշակվում, օգտագործվում, պահեստավորվում կամ թաղվում են ռադիոակտիվ նյութերը այնպիսի մասշտաբով, որի դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության գործոնը,

 

է) «շահագործման ժամկետ» նշանակում է` այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքը շահագործվում է նախատեսված նպատակով: Թաղման տեղակայանքի դեպքում այդ ժամանակահատվածը սկսվում է, երբ աշխատած վառելիքը կամ ռադիոակտիվ թափոնները առաջին անգամ տեղակայվում են այնտեղ, և ավարտվում է տեղակայանքի փակումով,

 

ը) «ռադիոակտիվ թափոն» նշանակում է` գազային, հեղուկ կամ պինդ վիճակի ռադիոակտիվ նյութ, որի համար Պայմանավորվող կողմը կամ ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը, որի որոշումներն ընդունելի են Պայմանավորվող կողմի համար, չեն նախատեսում հետագա օգտագործում, և որը վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից` որպես ռադիոակտիվ թափոն, Պայմանավորվող կողմի իրավական և կարգավորող շրջանակներում,

 

թ) «ռադիոակտիվ թափոնների կառավարում» նշանակում է` բոլոր այն գործողությունները, ներառյալ շահագործումից հանելու միջոցառումները, որոնք վերաբերում են ռադիոակտիվ թափոնների տնօրինմանը, նախնական մշակմանը, մշակմանը, որոշակի վիճակի բերմանը, պահեստավորմանը կամ թաղմանը` բացառությամբ կայանից դուրս փոխադրման: Այն կարող է ներառել նաև արտանետումները,

 

ժ) «ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանք» նշանակում է` ցանկացած տեղակայանք կամ կառույց, որի հիմնական նպատակը ռադիոակտիվ թափոնների կառավարումն է` ներառյալ շահագործումից հանելու փուլում գտնվող միջուկային տեղակայանքը միայն այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմն այն նշանակել է` ծառայելու որպես ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանք,

 

ժա) «կարգավորող մարմին» նշանակում է` ցանկացած մարմին կամ մարմիններ, որոնց Պայմանավորվող կողմը իրավաբանորեն լիազորել է՝ կարգավորելու համար աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության հետ կապված ցանկացած խնդիր` ներառյալ լիցենզիաների շնորհումը,

 

ժբ) «վերամշակում» նշանակում է` մշակման գործընթաց, որի նպատակն է աշխատած վառելիքից հանել ռադիոակտիվ իզոտոպները` հետագա օգտագործման նպատակով,

 

ժգ) «փակ աղբյուր» նշանակում է` ռադիոակտիվ նյութ, որը մշտապես փակված է պարկուճի մեջ կամ խտացված է և գտնվում է պինդ վիճակում` բացառությամբ ռեակտորի ջերմանջատիչ տարրերի,

 

ժդ) «աշխատած վառելիք» նշանակում է` միջուկային վառելիք, որը ճառագայթվել և մշտապես հանվել է ռեակտորի ակտիվ գոտուց,

 

ժե) «աշխատած վառելիքի կառավարում» նշանակում է` բոլոր այն գործողությունները, որոնք առնչվում են աշխատած վառելիքը տնօրինելու կամ այն պահեստավորելու հետ` բացառությամբ կայանից դուրս փոխադրման: Այն կարող է ներառել նաև արտանետումները,

 

ժզ) «աշխատած վառելիքի կառավարման տեղակայանք» նշանակում է՝ ցանկացած տեղակայանք կամ կառույց, որի հիմնական նպատակը աշխատած վառելիքի կառավարումն է,

 

ժէ) «նշանակման պետություն» նշանակում է` պետություն, որի տարածք ծրագրվում է իրականացնել կամ իրականացվում է անդրսահմանային տեղափոխություն,

 

ժը) «ծագման պետություն» նշանակում է` պետություն, որտեղից ծրագրվում է իրականացնել կամ իրականացվում է անդրսահմանային տեղափոխություն,

 

ժթ) «տարանցիկ պետություն» նշանակում է` ցանկացած պետություն, որը նշանակման կամ ծագման պետություն չէ, որի տարածքով ծրագրվում է իրականացնել կամ իրականացվում է անդրսահմանային տեղափոխություն,

 

ի) «պահեստավորում» նշանակում է` աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների պահպանում այնպիսի տեղակայանքում, որն ապահովում է դրանց մեկուսացումը` դուրս բերելու մտադրությամբ,

 

իա) «անդրսահմանային տեղափոխություն» նշանակում է` աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների ցանկացած տեղափոխություն ծագման երկրից դեպի նշանակման պետություն:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է աշխատած վառելիքի կառավարման անվտանգության նկատմամբ, եթե աշխատած վառելիքը առաջացել է քաղաքացիական նշանակության միջուկային ռեակտորների շահագործման արդյունքում: Սույն Կոնվենցիան չի տարածվում այն աշխատած վառելիքի վրա, որը պահվում է վերամշակման տեղակայանքներում` որպես վերամշակման գործընթացի մաս, եթե Պայմանավորվող կողմը չի հայտարարել, որ վերամշակման գործընթացը աշխատած վառելիքի կառավարման մաս է կազմում:

 

2. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության նկատմամբ, եթե ռադիոակտիվ թափոնները առաջացել են քաղաքացիական գործունեության արդյունքում: Սակայն Կոնվենցիան չի տարածվում այն թափոնների վրա, որոնք պարունակում են միայն բնական ռադիոակտիվ նյութեր և չեն առաջացել միջուկային վառելիքի ցիկլի արդյունքում, եթե այդ թափոնները օգտագործումից հանված փակ աղբյուր չեն, կամ Պայմանավորվող կողմը չի հայտարարել, որ դրանք ռադիոակտիվ թափոններ են` սույն Կոնվենցիայի նպատակների համար:

 

3. Սույն Կոնվենցիան չի կիրառվում ռազմական կամ պաշտպանական ծրագրերով նախատեսված աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության նկատմամբ, եթե Պայմանավորվող կողմը չի հայտարարել, որ դրանք աշխատած վառելիք և ռադիոակտիվ թափոններ են` սույն Կոնվենցիայի նպատակների համար: Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիան կիրառվում է ռազմական և պաշտպանական ծրագրերով նախատեսված՝ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության նկատմամբ, եթե այդ նյութերը մշտապես փոխանցվում և կառավարվում են բացառապես քաղաքացիական ծրագրերի շրջանակներում:

 

4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև արտանետումների նկատմամբ, ինչպես նախատեսված է 4-րդ, 7-րդ, 11-րդ, 14-րդ, 24-րդ և 26-րդ հոդվածներով:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՇԽԱՏԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր` ապահովելու համար, որ աշխատած վառելիքի կառավարման բոլոր փուլերում անձինք, հասարակությունը և շրջակա միջավայրը պատշաճ կերպով պաշտպանված լինեն ռադիոլոգիական վտանգներից:

Այդ առումով յուրաքանչյուր Կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում`

 

i) ապահովելու համար, որ աշխատած վառելիքի կառավարման ընթացքում առաջացած կրիտիկական վիճակն ու մնացորդային ջերմության հեռացման հարցերը պատշաճ արձագանք ստանան,

 

ii) ապահովելու համար, որ աշխատած վառելիքի կառավարման հետ կապված ռադիոակտիվ թափոնների գոյացումը պահպանվի գործնականում հնարավոր նվազագույն մակարդակի վրա` վառելիքի ցիկլի ընդունված քաղաքականությանը համապատասխան,

 

iii) հաշվի առնելու համար աշխատած վառելիքի կառավարման տարբեր փուլերի փոխադարձ կախվածությունը,

 

iv) ապահովելու համար անձանց, հասարակության և շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանություն` ազգային մասշտաբով կիրառելով կարգավորող մարմնի կողմից հաստատված համապատասխան պաշտպանական մեթոդներ, պետական օրենսդրության շրջանակներում, որոնցում պատշաճ կերպով հաշվի են առնվում միջազգայնորեն ընդունված չափանիշներն ու ստանդարտները,

 

v) հաշվի առնելու համար կենսաբանական, քիմիական և այլ վտանգները, որոնք կարող են առնչվել աշխատած վառելիքի կառավարման հետ,

 

vi) խուսափելու համար այնպիսի գործողություններից, որոնց ողջամտորեն կանխատեսելի հետևանքներն ավելի լուրջ կլինեն ապագա սերունդների համար` ներկա սերնդի համար թույլատրելի հետևանքների համեմատ,

 

vii) խուսափելու համար ապագա սերունդների վրա չափից ավելի բեռ դնելուց:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՌԿԱ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ուսումնասիրելու համար աշխատած վառելիքի կառավարման ցանկացած տեղակայանքի անվտանգությունը, որը գոյություն ունի տվյալ Պայմանավորվող կողմի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահին, և ապահովելու համար, որ անհրաժեշտության դեպքում իրականացվեն այդ տեղակայանքի անվտանգությունը բարձրացնող՝ ողջամտորեն կիրառելի բոլոր բարելավումները:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ աշխատած վառելիքի կառավարման առաջարկվող տեղակայանքի նկատմամբ սահմանվեն և իրականացվեն միջոցառումներ՝

 

i) գնահատելու համար տեղանքին վերաբերող այն գործոնները, որոնք կարող են ազդել այդ տեղակայանքի անվտանգության վրա դրա շահագործման ժամկետի ընթացքում,

 

ii) գնահատելու համար այդ տեղակայանքի հնարավոր ազդեցությունները անձանց, հասարակության և շրջակա միջավայրի անվտանգության վրա,

 

iii) հասանելի դարձնելու համար այդ տեղակայանքի անվտանգության վերաբերյալ տեղեկությունները հանրությանը,

 

iv) խորհրդակցելու համար այդ տեղակայանքի մերձակայքում գտնվող Պայմանավորվող Կողմերի հետ այն չափով, որքանով նրանք կկրեն այդ տեղակայանքի ազդեցությունը, և, ըստ նրանց պահանջի, տրամադրելու համար ընդհանուր տեղեկություններ տեղակայանքի վերաբերյալ` հնարավորություն տալով Կողմերին գնահատելու այդ տեղակայանքի հնարավոր ազդեցությունը իրենց տարածքների անվտանգության վրա:

 

2. Այս առումով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ այդ տեղակայանքները, տեղակայվելով 4-րդ հոդվածի ընդհանուր անվտանգության պահանջների համաձայն, չունենան անընդունելի ազդեցություն մյուս Պայմանավորվող կողմերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

 Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում` ապահովելու համար, որ.

 

i) աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի նախագծմամբ և կառուցմամբ նախատեսվեն համապատասխան միջոցներ` սահմանափակելու համար անձանց, հասարակության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ռադիոլոգիական ազդեցությունները, ներառյալ արտանետումների և չվերահսկվող արտանետումների ազդեցությունները,

 

ii) նախագծման փուլում հաշվի առնվեն աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքը շահագործումից հանելու հայեցակարգային նախագծերը և, անհրաժեշտության դեպքում, տեխնիկական դրույթները,

 

iii) աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի նախագծման և կառուցման տեխնոլոգիաները հիմնված լինեն փորձի, փորձարկումների կամ վերլուծությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում` ապահովելու համար, որ.

 

i) նախքան աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի կառուցումը` իրականացվեն անվտանգության պարբերական գնահատումներ և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն` տեղակայանքից բխող ռիսկերին համապատասխան, շահագործման ժամկետի ողջ ընթացքի համար,

 

ii) նախքան աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի շահագործումը` պատրաստվեն անվտանգության գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության լրամշակված և մանրամասն տարբերակներ այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է համալրել i պարբերությունում նշված գնահատումը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում` ապահովելու համար, որ.

 

i) աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի լիցենզիան հիմնված լինի 8-րդ հոդվածում նշված համապատասխան գնահատման վրա և պայմանավորված լինի տեղակայանքի շահագործման ծրագրի ավարտով, որը հաստատում է, որ կառուցումից հետո տեղակայանքը համապատասխանում է նախագծման և անվտանգության պահանջներին,

 

ii) սահմանվեն և անհրաժեշտության դեպքում վերանայվեն փորձարկումների, շահագործման փորձի և գնահատման հիման վրա սահմանված՝ շահագործման սահմանափակումներն ու պայմանները, ինչպես նշված է 8-րդ հոդվածում,

 

iii) աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի շահագործումը, սպասարկումը, վերահսկումը, ստուգումներն ու փորձարկումները իրականացվեն սահմանված ընթացակարգերի համաձայն,

 

iv) աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքի շահագործման ժամկետի ընթացքում անվտանգության հետ կապված բոլոր ոլորտներում հասանելի լինի ինժեներական և տեխնիկական աջակցությունը,

 

v) լիցենզառուն անվտանգության տեսակետից կարևոր միջադեպերի մասին ժամանակին զեկուցի կարգավորող մարմնին,

 

vi) մշակվեն շահագործման փորձի մասին տվյալների հավաքման և վերլուծության ծրագրեր, և ստացված արդյունքների հիման վրա անհրաժեշտության դեպքում իրականացվեն միջոցառումներ,

 

vii) մշակվեն և, ըստ անհրաժեշտության, թարմացվեն աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքները շահագործումից հանելու պլանները` կիրառելով այդ տեղակայանքի շահագործման ժամկետի ընթացքում ստացված տեղեկությունները, և վերանայվեն կարգավորող մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՇԽԱՏԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԹԱՂՈՒՄ

 

 Եթե Պայմանավորվող կողմը, իր օրենսդրական և կարգավորող շրջանակի համաձայն, նախատեսել է աշխատած վառելիքը թաղել, ապա աշխատած վառելիքի թաղման գործընթացը կատարվում է 3-րդ գլխում ռադիոակտիվ թափոնների թաղման համար սահմանված պահանջներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 3. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 11. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է համապատասխան քայլեր` ապահովելու համար, որ ռադիոակտիվ թափոնների կառավարման բոլոր փուլերում անձինք, հասարակությունը և շրջակա միջավայրը պատշաճ կերպով պաշտպանված լինեն ռադիոլոգիական և այլ վտանգներից:

 

Այդ առումով յուրաքանչյուր Կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում`

 

i) ապահովելու համար, որ ռադիոակտիվ թափոնների կառավարման ընթացքում առաջացած կրիտիկական վիճակն ու մնացորդային ջերմության հեռացման հարցերը պատշաճ արձագանք ստանան,

 

ii) ապահովելու համար, որ ռադիոակտիվ թափոնների գոյացումը պահպանվի գործնականում հնարավոր նվազագույն մակարդակի վրա,

 

iii) հաշվի առնելու համար ռադիոակտիվ թափոնների կառավարման տարբեր փուլերի փոխադարձ կախվածությունը,

 

iv) ապահովելու համար անձանց, հասարակության և շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանություն` պետական օրենսդրության շրջանակներում ազգային մասշտաբով կիրառելով կարգավորող մարմնի կողմից հաստատված համապատասխան պաշտպանական մեթոդներ, որոնցում պատշաճ կերպով հաշվի են առնվում միջազգայնորեն ընդունված չափանիշներն ու ստանդարտները,

 

v) հաշվի առնելու համար կենսաբանական, քիմիական և այլ վտանգները, որոնք կարող են առնչվել ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ,

 

vi) խուսափելու համար այնպիսի գործողություններից, որոնց՝ ողջամտորեն կանխատեսելի հետևանքներն ավելի լուրջ կլինեն ապագա սերունդների համար` ներկա սերնդի համար թույլատրելի հետևանքների համեմատ,

 

vii) խուսափելու համար ապագա սերունդների վրա չափից ավելի բեռ դնելուց:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԱՌԿԱ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պատշաճ ժամանակին ձեռնարկում է համապատասխան քայլեր` ուսումնասիրելու համար.

 

i) աշխատած վառելիքի կառավարման ցանկացած տեղակայանքի անվտանգությունը, որը գոյություն ունի տվյալ Պայմանավորվող կողմի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահին, և ապահովելու համար, որ անհրաժեշտության դեպքում իրականացվեն այդ տեղակայանքի անվտանգությունը բարձրացնող՝ ողջամտորեն կիրառելի բոլոր բարելավումները,

 

ii) նախկին գործելակերպերի արդյունքները` որոշելու համար, թե արդյոք անհրաժեշտ է միջամտություն ճառագայթային պաշտպանության տեսակետից՝ հաշվի առնելով, որ դոզայի նվազեցումից բխող վնասակար ազդեցության նվազումը պետք է բավարար լինի միջամտության վնասը և ծախսերը, ներառյալ սոցիալական ծախսերը, հիմնավորելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ ռադիոակտիվ թափոնների կառավարման՝ առաջարկվող տեղակայանքի նկատմամբ սահմանվեն և իրականացվեն միջոցառումներ`

 

i) գնահատելու համար տեղանքին վերաբերող այն գործոնները, որոնք կարող են ազդել այդ տեղակայանքի անվտանգության վրա դրա շահագործման ժամկետի ընթացքում, ինչպես նաև՝ թաղման տեղակայանքի վրա` փակումից հետո,

 

ii) գնահատելու համար այդ տեղակայանքի հնարավոր ազդեցությունները անձանց, հասարակության և շրջակա միջավայրի անվտանգության վրա` հաշվի առնելով փակումից հետո թաղման տեղակայանքի պայմանների հնարավոր զարգացումները,

 

iii) հասանելի դարձնելու համար այդ տեղակայանքի անվտանգության վերաբերյալ տեղեկությունները հանրությանը,

 

iv) խորհրդակցելու համար այդ տեղակայանքի մերձակայքում գտնվող Պայմանավորվող Կողմերի հետ այն չափով, որքանով դրանք կկրեն այդ տեղակայանքի ազդեցությունը, և, ըստ նրանց պահանջի, տրամադրելու համար ընդհանուր տեղեկություններ տեղակայանքի վերաբերյալ` հնարավորություն տալով Կողմերին գնահատելու այդ տեղակայանքի հնարավոր ազդեցությունը իրենց տարածքների անվտանգության վրա:

 

2. Այս առումով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ այդ տեղակայանքները, տեղակայվելով 11-րդ հոդվածի ընդհանուր անվտանգության պահանջների համաձայն, չունենան անընդունելի ազդեցություն մյուս Պայմանավորվող կողմերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում` ապահովելու համար, որ.

 

i) ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի նախագծմամբ և կառուցմամբ նախատեսվեն համապատասխան միջոցներ` սահմանափակելու համար անձանց, հասարակության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ռադիոլոգիական ազդեցությունները, ներառյալ արտանետումների և չվերահսկվող արտանետումների ազդեցությունները,

 

ii) նախագծման փուլում հաշվի առնվեն ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքը, բացառությամբ թաղման տեղակայանքի, շահագործումից հանելու հայեցակարգային նախագծերը և, անհրաժեշտության դեպքում տեխնիկական դրույթները,

 

iii) նախագծման փուլում պատրաստվեն թաղման տեղակայանքի փակման համար անհրաժեշտ տեխնիկական դրույթները,

 

iv) ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի նախագծման և կառուցման տեխնոլոգիաները հիմնված լինեն փորձի, փորձարկումների կամ վերլուծությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում` ապահովելու համար, որ.

 

i) նախքան ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի կառուցումը` իրականացվեն անվտանգության պարբերական գնահատումներ և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն` տեղակայանքից բխող ռիսկերին համապատասխան, շահագործման ժամկետի ողջ ընթացքի համար,

 

ii) ի հավելումն. նախքան թաղման տեղակայանքի կառուցումը` իրականացվեն անվտանգության պարբերական գնահատումներ և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն փակմանը հաջորդող ժամանակահատվածի համար, և գնահատվի արդյունքների համապատասխանությունը կարգավորող մարմնի կողմից սահմանված չափանիշներին,

 

iii) նախքան ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի շահագործումը` պատրաստվեն անվտանգության գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝ լրամշակված և մանրամասն տարբերակներ այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ է համալրել i պարբերությունում նշված գնահատումը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում` ապահովելու համար, որ.

 

i) ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի լիցենզիան հիմնված լինի 15-րդ հոդվածում նշված համապատասխան գնահատման վրա և պայմանավորված լինի տեղակայանքի շահագործման ծրագրի ավարտով, որը հաստատում է, որ կառուցումից հետո տեղակայանքը համապատասխանում է նախագծման և անվտանգության պահանջներին,

 

ii) սահմանվեն և անհրաժեշտության դեպքում վերանայվեն փորձարկումների, շահագործման փորձի և գնահատման հիման վրա սահմանված՝ շահագործման սահմանափակումներն ու պայմանները, ինչպես նշված է 15-րդ հոդվածում,

 

iii) ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի շահագործումը, սպասարկումը, վերահսկումը, ստուգումներն ու փորձարկումները իրականացվեն սահմանված ընթացակարգերի համաձայն: Թաղման տեղակայանքի համար այս կերպ ստացված արդյունքները կօգտագործվեն` ստուգելու և ուսումնասիրելու համար կատարված ենթադրությունների հիմնավորվածությունը և լրամշակելու համար 15-րդ հոդվածում նշված գնահատումների արդյունքները փակմանը հաջորդող ժամանակահատվածի համար,

 

iv) ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի շահագործման ժամկետի ընթացքում անվտանգության հետ կապված բոլոր ոլորտներում հասանելի լինի ինժեներական և տեխնիկական աջակցությունը,

 

v) կիրառվեն ռադիոակտիվ թափոնների բնութագրման և մեկուսացման ընթացակարգեր,

 

vi) լիցենզառուն անվտանգության տեսակետից կարևոր միջադեպերի մասին ժամանակին զեկուցի կարգավորող մարմնին,

 

vii) մշակվեն շահագործման փորձի մասին տվյալների հավաքման և վերլուծության ծրագրեր, և ստացված արդյունքների հիման վրա անհրաժեշտության դեպքում իրականացվեն միջոցառումներ,

 

viii) մշակվեն և, ըստ անհրաժեշտության, թարմացվեն ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքները, բացառությամբ թաղման տեղակայանքների, շահագործումից հանելու պլանները` կիրառելով այդ տեղակայանքի շահագործման ժամեկտի ընթացքում ստացված տեղեկությունները, և վերանայվեն կարգավորող մարմնի կողմից,

 

ix) մշակվեն և, ըստ անհրաժեշտության, թարմացվեն թաղման տեղակայանքների փակման պլանները` կիրառելով այդ տեղակայանքի շահագործման ժամեկտի ընթացքում ստացված տեղեկությունները, և վերանայվեն կարգավորող մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում` թաղման տեղակայանքի փակումից հետո ապահովելու համար, որ.

 

i) պահպանվեն այդ տեղակայանքի տեղակայման վայրի, նախագծի և գույքի վերաբերյալ նյութերը, որոնք պահանջվում են կարգավորող մարմնի կողմից,

 

ii) անհրաժեշտության դեպքում իրականացվի ինստիտուցիոնալ պասիվ կամ ակտիվ վերահսկողություն, օրինակ` մոնիտորինգ կամ մուտքի սահմանափակում, և

 

iii) եթե ինստիտուցիոնալ ակտիվ վերահսկողության որևէ փուլում բացահայտվի ռադիոակտիվ նյութերի չծրագրված արտանետում շրջակա միջավայր, անհրաժեշտության դեպքում միջամտություն կատարվի:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 18. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետական օրենսդրության շրջանակներում ձեռնարկում է օրենսդրական, կարգավորող, վարչական միջոցներ և այլ քայլեր, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՇՐՋԱՆԱԿ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սահմանում և պահպանում է իրավական և կարգավորող շրջանակ` աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությունը կարգավորելու նպատակով:

 

2. Իրավական և կարգավորող այդ շրջանակով ապահովվում է.

 

i) ճառագայթային անվտանգության համար անվտանգության ազգային պահանջների և կանոնակարգերի սահմանում,

 

ii) աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման գործունեության լիցենզավորման համակարգ,

 

iii) աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքն առանց լիցենզիայի առկայության շահագործման կանխելու համակարգ,

 

iv) պատշաճ ինստիտուցիոնալ վերահսկողության, կարգավորող ստուգումների և փաստաթղթերի ու հաշվետվությունների ներկայացման համակարգ,

 

v) կիրառելի կանոնակարգերի և լիցենզիաների պայմանների հարկադիր կատարում,

 

vi) աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման տարբեր փուլերում ներգրավված մարմինների պարտականությունների հստակ բաշխում:

 

3. Ռադիոակտիվ նյութերը որպես ռադիոակտիվ թափոններ կարգավորելու հարցը դիտարկելիս Պայմանավորվող կողմերը պատշաճ կերպով հաշվի են առնում սույն Կոնվենցիայի նպատակները:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հիմնում կամ նշանակում է կարգավորող մարմին, որին հանձնարարվում է իրականացնել 19-րդ հոդվածում նշված՝ օրենսդրական և կարգավորող շրջանակի իրականացումը, և որին տրամադրվում են պատշաճ լիազորություններ, իրավասություններ, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ` ստանձնած պարտականությունները կատարելու համար:

 

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր օրենսդրական և կարգավորող շրջանակում ձեռնարկում է համապատասխան քայլեր` ապահովելու համար կարգավորող գործառույթների անկախությունն այլ գործառույթներից այն դեպքերում, երբ կազմակերպությունները ներգրավված են թե՛ աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման, թե՛ դրանց նկատմամբ կարգավորում իրականացնելու մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԼԻՑԵՆԶԱՌՈՒՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության հիմնական պատասխանատվությունը կրի համապատասխան լիցենզառուն, և համապատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի լիցենզառուն կատարի իր պարտականությունները:

 

2. Եթե գոյություն չունի այդպիսի լիցենզառու կամ պատասխանատու այլ կողմ, ապա պատասխանատվությունը կրում է այն Պայմանավորվող կողմը, որն ունի աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների նկատմամբ իրավասություն:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ.

 

i) աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի շահագործման ժամկետի ընթացքում անվտանգության հետ կապված միջոցառումները իրականացվեն որակավորված անձնակազմի կողմից, ինչպես հարկն է,

 

ii) աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքների շահագործման ժամկետի և շահագործումից հանելու ընթացքում անվտանգությունն ապահովելու համար առկա լինեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ,

 

iii) նախատեսված լինեն ֆինանսական միջոցներ, որոնք թույլ կտան իրականացնելու համապատասխան ինստիտուցիոնալ վերահսկողություն և մոնիտորինգ` թաղման տեղակայանքը փակելուց հետո անհրաժեշտ համարվող ժամանակահատվածում:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

 Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ հաստատվեն և իրականացվեն աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությանը վերաբերող՝ որակի ապահովման պատշաճ ծրագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի շահագործման ժամանակահատվածում`

 

i) տեղակայանքից առաջացող ճառագայթումը անձնակազմի և հանրության նկատմամբ պահպանվի ողջամտորեն հասանելի ցածր մակարդակի վրա` հաշվի առնելով տնտեսական և սոցիալական գործոնները,

 

ii) ոչ մի անձ նորմալ իրավիճակներում չպետք է ենթարկվի ճառագայթային այնպիսի դոզաների, որոնք գերազանցում են դոզաների սահմանափակման պետական հրահանգները, որոնցում պատշաճ կերպով հաշվի են առնված ճառագայթումից պաշտպանության՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտները, և

 

iii) որ միջոցներ ձեռնարկվեն` կանխելու համար ռադիոակտիվ նյութերի՝ չպլանավորված և չվերահսկվող արտանետումները շրջակա միջավայր:

 

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ արտանետումները սահմանափակվեն, որպեսզի`

 

i) ճառագայթման աստիճանը պահպանվի ողջամտորեն հասանելի ցածր մակարդակի վրա` հաշվի առնելով տնտեսական և սոցիալական գործոնները, և

 

ii) ոչ մի անձ նորմալ իրավիճակներում չենթարկվի ճառագայթային այնպիսի դոզաների, որոնք գերազանցում են դոզաների սահմանափակման պետական հրահանգները, որոնցում պատշաճ կերպով հաշվի են առնված ճառագայթումից պաշտպանության՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտները:

 

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ կարգավորվող միջուկային տեղակայանքի շահագործման ժամանակահատվածում, ռադիոակտիվ նյութերի՝ շրջակա միջավայր չպլանավորված կամ չվերահսկվող արտանետման դեպքում իրականացվեն համապատասխան ուղղիչ միջոցներ` արտանետումները վերահսկելու և դրանց հետևանքները մեղմելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքի շահագործումից առաջ և շահագործման ընթացքում տեղակայանքում և, անհրաժեշտության դեպքում, դրանից դուրս առկա լինեն համապատասխան վթարային պլաններ: Վթարային այդպիսի պլանները պետք է փորձարկվեն պատշաճ հաճախականությամբ:

 

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում իր տարածքների համար վթարային պլաններ մշակելու և փորձարկելու համար, եթե իր տարածքի մերձակայքում տեղակայված՝ աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքում ռադիոլոգիական վթարի դեպքում այն կարող է ազդեցություն կրել:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար միջուկային տեղակայանքի անվտանգությունը շահագործումից հանելու ընթացքում: Այդ քայլերը պետք է ապահովեն, որ.

 

i) առկա լինեն որակավորված աշխատակազմ և համապատասխան ֆինանսական միջոցներ,

 

ii) կիրառվեն 24-րդ հոդվածի դրույթները` շահագործման ժամանակ ճառագայթային պաշտպանության, թողքերի և չպլանավորված ու չվերահսկվող արտանետումների վերաբերյալ,

 

iii) կիրառվեն 25-րդ հոդվածի դրույթները` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության վերաբերյալ, և

 

iv) կատարվեն շահագործումից հանելու հետ կապված կարևոր տեղեկատվության մասին գրառումներ:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 27. ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը ներգրավված է անդրսահմանային տեղափոխության մեջ, համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ այդ տեղափոխությունը կատարվի սույն Կոնվենցիայում ամրագրված դրույթներին և միջազգային՝ իրավապարտադիր իրավական փաստաթղթերին համապատասխան:

 

Ըստ այդմ`

 

i) Պայմանավորվող կողմը, որը ծագման պետություն է, համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ անդրսահմանային տեղափոխությունը լինի լիազորված և կատարվի միայն` նախապես ծանուցելով նշանակման պետությանը և վերջինիս համաձայնությամբ:

 

ii) Անդրսահմանային տեղափոխությունը տարանցիկ պետությունների տարած-քով իրականացվում է այն միջազգային պարտավորություններին համապատասխան, որոնք վերաբերում են կիրառվող կոնկրետ փոխադրամիջոցներին:

 

iii) Պայմանավորվող կողմը, որը նշանակման պետություն է, համաձայնում է անդրսահմանային տեղափոխությանը միայն այն դեպքում, եթե ունի վարչական և տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև կարգավորող այնպիսի կառույց, որն անհրաժեշտ է աշխատած վառելիքը և ռադիոակտիվ թափոնները սույն Կոնվենցիային համաձայն կառավարելու համար:

 

iv) Պայմանավորվող կողմը, որը ծագման պետություն է, թույլատրում է անդրսահմանային տեղափոխությունը միայն այն դեպքում, եթե այդ պետությունը, նշանակման պետության համաձայնությանը համապատասխան, կարող է բավարարված լինել, որ տեղափոխությունից առաջ կատարվել են iii ենթակետի պահանջները:

 

v) Պայմանավորվող կողմը, որը ծագման պետություն է, ձեռնարկում է համապատասխան քայլեր` թույլատրելու համար իր տարածք հետ վերադարձը այն դեպքերում, եթե անդրսահմանային տեղափոխությունը չի կարող կամ չի կատարվում սույն հոդվածի դրույթներին համապատասխան` մինչև այլընտրանքային անվտանգ միջոցառումների իրականացումը:

 

2. Պայմանավորվող կողմը չպետք է լիցենզավորի իր աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների` պահեստավորման կամ թաղման նպատակով փոխադրումը նշանակման այնպիսի վայր, որը հարավային լայնության 60 աստիճանից ավելի հարավ է գտնվում:

 

3. Սույն Կոնվենցիայի դրույթները ոչ մի կերպ չեն վնասում կամ ազդում հետևյալի վրա.

 

i) բոլոր պետությունների նավերով և օդանավերով ծովային, գետային կամ օդային նավարկության իրավունքի և ազատությունների իրականացում, ինչպես նախատեսված է միջազգային իրավունքով,

 

ii) ռադիոակտիվ թափոնները կամ այլ նյութերը մշակելուց հետո ծագման պետություն վերադարձնելու կամ վերադարձը ապահովելու այն Պայմանավորվող կողմի իրավունքներ, ուր արտահանվում են ռադիոակտիվ թափոնները վերամշակման նպատակով,

 

iii) Պայմանավորվող կողմի իրավունք` վերամշակման նպատակով արտահանելու իր աշխատած վառելիքը,

 

iv) ռադիոակտիվ թափոնները կամ վերամշակման արդյունքում առաջացած այլ արտադրանքը ծագման պետություն վերադարձնելու կամ դրանց վերադարձը ապահովելու այն Պայմանավորվող կողմի իրավունք, ուր վերամշակման նպատակով արտահանվել են այդ ռադիոակտիվ թափոնները:

 

ՀՈԴՎԱԾ 28. ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՓԱԿ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր ազգային օրենսդրության շրջանակում համապատասխան քայլեր է ձեռնարկում` ապահովելու համար, որ օգտագործումից հանված փակ աղբյուրների տնօրինումը, վերագործածումը կամ թաղումն իրականացվի անվտանգ կերպով:

 

2. Պայմանավորվող կողմը թույլատրում է օգտագործումից հանված փակ աղբյուրների վերադարձը իր տարածք, եթե, իր ազգային օրենսդրության համաձայն, տվյալ Կողմն ընդունում է, որ այդ աղբյուրները վերադարձվեն այն արտադրողին, որն իրավասու է ստանալու և տնօրինելու օգտագործումից հանված փակ աղբյուրները:

 

ԳԼՈՒԽ 6. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՆԻՍՏԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 29. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՆԻՍՏ

 

1. Պայմանավորվող կողմերի նախապատրաստական նիստը կկայանա Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո՝ ոչ ուշ, քան վեց ամիս անց:

 

2. Այս նիստին Պայմանավորվող կողմերը`

 

i) կորոշեն 30-րդ հոդվածում նշված՝ վերահսկիչ առաջին նիստի ամսաթիվը: Այդ նիստը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից երեսուն ամիս անց,

 

ii) կմշակեն և ընդհանուր համաձայնությամբ կընդունեն Ընթացակարգային կանոններն ու Ֆինանսական կանոնները,

 

iii) ընթացակարգային կանոններին համապատասխան` կսահմանեն, մասնավորապես`

 

ա. 32-րդ հոդվածի համաձայն ներկայացվող ազգային հաշվետվությունների ձևի և կառուցվածքի վերաբերյալ ուղեցույցը,

 

բ. այդ հաշվետվությունների ներկայացման օրը,

 

գ. այդ հաշվետվություններն ուսումնասիրելու գործընթացը:

 

3. Ցանկացած պետություն, ինտեգրացիոն կամ այլ բնույթի տարածաշրջանային կազմակերպություն, որը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան, սակայն որի համար այն դեռ ուժի մեջ չի մտել, կարող է ներկա գտնվել նախապատրաստական նիստին` իբրև Կոնվենցիայի կողմ:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՆԻՍՏԵՐ

 

1. 32-րդ հոդվածի համաձայն ներկայացվող հաշվետվություններն ուսումնասիրելու նպատակով Պայմանավորվող կողմերը կանցկացնեն նիստեր:

 

2. Յուրաքանչյուր այդպիսի նիստին Պայմանավորվող կողմերը`

 

i) կորոշեն հաջորդ նման նիստի ամսաթիվը` չգերազանցելով նիստերի միջև ընկած ժամանակահատվածը ավելի քան երեք տարով,

 

ii) կարող են ուսումնասիրել 29-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն ձեռնարկված միջոցառումները և ընդհանուր համաձայնությամբ ընդունել փոփոխություններ, եթե այլ բան նախատեսված չէ Ընթացակարգային կանոններով: Ընդհանուր համաձայնությամբ կարող են նաև փոփոխվել Ընթացակարգային կանոններն ու Ֆինանսական կանոնները:

 

3. Վերահսկիչ յուրաքանչյուր նիստի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ողջամիտ հնարավորություն է ընձեռվում քննարկելու մյուս Պայմանավորվող կողմերի ներկայացրած հաշվետվություններն ու ստանալ դրանց վերաբերյալ պարզաբանումներ:

 

ՀՈԴՎԱԾ 31. ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐ

 

 Պայմանավորվող կողմերի արտահերթ նիստը տեղի է ունենում`

 

i) նիստին ներկա և քվեարկությանը մասնակցող Պայմանավորվող կողմերի մեծամասնության համաձայնությամբ, կամ

 

ii) որևէ Պայմանավորվող կողմի գրավոր դիմումի հիման վրա՝ ոչ ուշ, քան դիմումը բոլոր Պայմանավորվող կողմերին փոխանցելուց և վեց ամսվա ընթացքում 37-րդ հոդվածում նշված ծանուցումը քարտուղարություն ներկայացնելուց հետո, որով Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը կողմ է այդ դիմումի բավարարմանը:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

1. 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացնում է ազգային հաշվետվություն Պայմանավորվող կողմերի յուրաքանչյուր վերահսկիչ նիստին: Այդ հաշվետվության մեջ դիտարկվում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են Կոնվենցիայով ամրագրված պարտավորություններից յուրաքանչյուրը կատարելու նպատակով: Հաշվետվության մեջ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար դիտարկվում է նաև`

 

i) աշխատած վառելիքի կառավարման քաղաքականությունը,

 

ii) աշխատած վառելիքի կառավարման գործելակերպերը,

 

iii) ռադիոակտիվ թափոնների կառավարման քաղաքականությունը,

 

iv) ռադիոակտիվ թափոնների կառավարման գործելակերպերը,

 

v) ռադիոակտիվ թափոնները սահմանելու և դասակարգելու չափանիշները:

 

2. Այս հաշվետվությունը ներառում է նաև`

 

I) Սույն Կոնվենցիային ենթակա՝ աշխատած վառելիքի կառավարման տեղակայանքների ցանկը, դրանց տեղակայման վայրը, հիմնական նշանակությունը և հիմնական հատկանիշները,

 

II) Սույն Կոնվենցիային ենթակա՝ աշխատած այն վառելիքի գույքացուցակը, որը թաղվել և պահվում է պահեստարանում: Այս գույքացուցակը պետք է պարունակի նաև նյութի նկարագրություն և զանգվածի ու ընդհանուր ակտիվության մասին տվյալներ, եթե այդպիսիք առկա են,

 

III) Սույն Կոնվենցիային ենթակա՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքների ցանկը, դրանց տեղակայման վայրը, հիմնական նշանակությունը և հիմնական հատկանիշները,

 

IV) Սույն Կոնվենցիային ենթակա՝ ռադիոակտիվ այն թափոնների գույքացուցակը, որոնք`

 

ա) պահվում են ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային վառելիքի ցիկլի տեղակայանքների պահեստարաններում,

 

բ) թաղվել են կամ

 

գ) առաջացել են նախկինում իրականացված գործունեությունից:

 

Այս գույքացուցակը պետք է պարունակի նաև նյութերի նկարագրությունը և առկա այլ համապատասխան տվյալներ, օրինակ` զանգվածի կամ ծավալի, ակտիվության և առանձնահատուկ ռադիոնուկլիդների մասին,

 

V) Միջուկային այն տեղակայանքների ցանկը, որոնք գտնվում են շահագործումից հանելու ընթացքում, և այդ տեղակայանքները շահագործումից հանելու աշխատանքների կարգավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԻՍՏԵՐԻՆ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մասնակցում է Պայմանավորվող կողմերի նիստերին և ներկայացվում է մեկ պատվիրակով, իր հայեցողությամբ՝ անհրաժեշտ փոխարինողներով, փորձագետներով և խորհրդատուներով:

 

2. Պայմանավորվող կողմերը կարող են ընդհանուր համաձայնությամբ հրավիրել ցանկացած միջկառավարական կազմակերպության, որը սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի ոլորտում իրավասու է դիտորդի կարգավիճակով մասնակցելու ցանկացած նիստի կամ դրա առանձին մասերի:

Դիտորդները պետք է նախապես գրավոր ընդունեն 36-րդ հոդվածի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 34. ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 Պայմանավորվող կողմերը ընդհանուր համաձայնությամբ ընդունում և հանրությանն են ներկայացնում մի փաստաթուղթ, որտեղ շարադրված են նիստերի ընթացքում Պայմանավորվող կողմերի քննարկած հարցերը և ստացված եզրակացությունները:

 

ՀՈԴՎԱԾ 35. ԼԵԶՈՒՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերի նիստերի լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը, եթե այլ բան նախատեսված չէ Ընթացակարգային կանոններում:

 

2. 32-րդ հոդվածի համաձայն ներկայացված հաշվետվությունները պատրաստվում են Պայմանավորվող կողմի պետական լեզվով կամ հաստատված միասնական լեզվով, որը կհաստատվի Ընթացակարգային կանոններում: Եթե հաշվետվությունը ներկայացվում է կողմի պետական լեզվով, որը նշանակված լեզուն չէ, ապա հաշվետվության թարգմանությունը նշանակված լեզվով ապահովում է տվյալ Պայմանավորվող կողմը:

 

3. Չնայած 2-րդ պարբերության դրույթներին` քարտուղարությունը փոխհատուցում ստանալու դեպքում ստանձնում է այլ լեզուներով ներկայացված հաշվետվությունները նշանակված լեզվով թարգմանելու գործը:

 

ՀՈԴՎԱԾ 36. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում Պայմանավորվող կողմերի` տեղեկությունները չբացահայտելու՝ ազգային օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտավորությունները: Սույն հոդվածի նպատակների համար «տեղեկություններ» հասկացությունը ներառում է, ի թիվս այլնի, ազգային անվտանգության կամ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ տեղեկություններ, մտավոր սեփականության իրավունքով պաշտպանված կամ արդյունաբերական կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաև անձնական տվյալներ:

 

2. Եթե Կոնվենցիայի համատեքստում Պայմանավորվող կողմը ներկայացնում է տեղեկություններ, որոնք տվյալ Կողմը, 1-ին պարբերությունում նշվածի համաձայն, համարում է պաշտպանված, այդ տեղեկությունները պետք է օգտագործվեն միայն այն նպատակով, որի համար տրամադրվել են, և պետք է պահպանվի դրանց գաղտնիությունը:

 

3. Ինչ վերաբերում է սույն Կոնվենցիայով կարգավորվող՝ աշխատած վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների մասին տեղեկություններին, ելնելով 3-րդ հոդվածի 3-րդ պարբերության պահանջներից, սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում համապատասխան Պայմանավորվող կողմի բացառիկ իրավունքները` որոշելու հետևյալը.

 

i) համարվո՞ւմ են արդյոք այդ տեղեկությունները փակ կամ այլ կերպ վերահսկվող` դրանց բացահայտումը բացառելու նպատակով,

 

ii) արդյոք անհրաժե՞շտ է տրամադրել վերոնշյալ i ենթակետում նշված տեղեկությունները սույն Կոնվենցիայի համատեքստում, և

 

iii) գաղտնիության ինչպիսի՞ պայմաններ են կիրառելի այդ տեղեկությունների նկատմամբ, եթե դրանք տրամադրվում են Կոնվենցիայի համատեքստում:

 

30-րդ հոդվածի համաձայն անցկացվող վերահսկիչ նիստերի ընթացքում ազգային հաշվետվությունների վերաբերյալ քննարկումների բովանդակությունը համարվում է գաղտնի:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (այսուհետև` «Գործակալություն») տրամադրում է քարտուղարություն Պայմանավորվող կողմերի նիստերի համար:

 

2. Քարտուղարությունը`

 

i) հրավիրում, նախապատրաստում և սպասարկում է Պայմանավորվող կողմերի նիստերը, որոնց մասին նշված է 29-րդ, 30-րդ և 31-րդ հոդվածներում,

 

ii) Պայմանավորվող կողմերին է փոխանցում Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ստացված կամ պատրաստված տեղեկությունները:

 

i և ii պարբերություններում նշված գործառույթների կատարման ծախսերը կրում է Գործակալությունը իր կանոնավոր բյուջեի շրջանակներում:

 

3. Պայմանավորվող կողմերը ընդհանուր համաձայնությամբ կարող են դիմել Գործակալություն` Պայմանավորվող կողմերի նիստերին աջակցելու նպատակով այլ ծառայություններ տրամադրելու համար: Գործակալությունը կարող է տրամադրել այդ ծառայությունները, եթե դրանք կարող են ձեռնարկվել իր ծրագրի և կանոնավոր բյուջեի շրջանակներում: Եթե դա հնարավոր չէ ապահովել, ապա Գործակալությունը կարող է տրամադրել այդ ծառայությունները, եթե այլ աղբյուրներից կամավոր ֆինանսավորում է տրամադրվում:

 

ԳԼՈՒԽ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 38. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառության վերաբերյալ երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում Պայմանավորվող կողմերը բանակցում են իրար հետ Պայմանավորվող կողմերի նիստի շրջանակներում` տարաձայնությունները լուծելու նպատակով: Եթե բանակցություններն արդյունավետ չեն, ապա կարող են դիմել միջազգային իրավունքով նախատեսված միջնորդության, հաշտեցման և արբիտրաժով կարգավորման մեխանիզմների օգնությանը` ներառյալ ԱԷՄԳ-ում գերակայող կանոններն ու գործելակերպերը:

 

ՀՈԴՎԱԾ 39. ՍՏՈՐԱԳՐՈՒՄ, ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՄԻԱՑՈՒՄ

 

1. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար Վիեննայում՝ Գործակալության կենտրոնական գրասենյակում, 1997 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև ուժի մեջ մտնելը:

 

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրած պետությունների կողմից:

 

3. Ուժի մեջ մտնելուց հետո Կոնվենցիան միանալու համար բաց է բոլոր ցանկացող պետությունների համար:

 

4. i) Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար` հաստատման կամ միանալու պայմանով, ինտեգրացիոն կամ այլ բնույթի տարածաշրջանային կազմակերպությունների համար` պայմանով, որ ցանկացած այդպիսի կազմակերպություն կազմված լինի ինքնիշխան պետությունների կողմից և իրավասու լինի Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ բանակցություններ վարելու, միջազգային պայմանագրեր ստորագրելու և կիրառելու:

 

ii) Իրենց իրավասության հարցերի նկատմամբ նման կազմակերպություններն իրենց անունից իրականացնում են այն իրավունքները և կատարում են այն պարտավորությունները, որոնք Կոնվենցիայով սահմանված են մասնակից պետությունների համար:

 

iii) Երբ այդպիսի կազմակերպությունը դառնում է Կոնվենցիայի կողմ, նա 43-րդ հոդվածում նշված Ավանդապահին է փոխանցում հայտարարագիր, որտեղ նշված է, թե որ պետություններն են այդ կազմակերպության անդամները, Կոնվենցիայի որ հոդվածներն են կիրառվում իր նկատմամբ, և ինչպիսին է կազմակերպության իրավասությունների շրջանակը այդ հոդվածներով կարգավորվող հարցերի նկատմամբ:

 

iv) Այդ կազմակերպությունը չպետք է ունենա հավելյալ ձայնի իրավունք` ի լրումն իր մասնակից պետությունների ձայների:

 

5. Վավերացման, ընդունման, հաստատման և միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ են հանձնվում Ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 40. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ քսանհինգերորդ փաստաթուղթը Ավանդապահին ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը, ներառյալ գործող ատոմակայաններ ունեցող տասնհինգ պետությունների փաստաթղթերը:

 

2. Յուրաքանչյուր պետության կամ ինտեգրացիոն կամ այլ բնույթի տարածաշրջանային կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան 1-ին պարբերությունում նշված պահանջները բավարարելու համար վերջին փաստաթուղթը Ավանդապահին հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից համապատասխան փաստաթղթերն Ավանդապահին ի պահ հանձնվելուց հետո՝ իննսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 41. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ

 

1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայի փոփոխություններ: Առաջարկվող փոփոխությունները կքննարկվեն վերահսկիչ կամ արտահերթ նիստերին:

 

2. Առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստը և դրա հիմնավորումը ներկայացվում են Ավանդապահին, որն այն ուղարկում է բոլոր Պայմանավորվող կողմերին քննարկման նիստից առնվազն իննսուն օր առաջ: Նման առաջարկի վերաբերյալ ստացված դիտողությունները Ավանդապահի միջոցով շրջանառվում են Պայմանավորվող կողմերի միջև:

 

3. Պայմանավորվող կողմերը առաջարկն ուսումնասիրելուց հետո որոշում են այն ընդունել ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` այն ներկայացնել Դիվանագիտական կոնֆերանսի քննարկմանը: Դիվանագիտական կոնֆերանսին ներկայացնելու մասին որոշումը կայացվում է նիստին ներկա և քվեարկող Կողմերի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ` պայմանով, որ քվեարկության պահին ներկա լինի Պայմանավորվող կողմերի առնվազն կեսը:

 

4. Դիվանագիտական կոնֆերանսը, որի ժամանակ քննարկվում և ընդունվում են առաջարկվող փոփոխությունները, հրավիրվում և անցկացվում է Ավանդապահի կողմից՝ ոչ ուշ, քան սույն հոդվածի 3-րդ պարբերությունում նշված որոշումը կայացնելուց մեկ տարի հետո: Դիվանագիտական կոնֆերանսը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի փոփոխություններն ընդունվեն ընդհանուր համաձայնությամբ: Եթե դա հնարավոր չէ, ապա փոփոխություններն ընդունվում են Պայմանավորվող կողմերի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:

 

5. 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն ընդունված փոփոխությունները ենթակա են Պայմանավորվող կողմերի վավերացմանը, ընդունմանը կամ հաստատմանը, իսկ այն Կողմերի համար, որոնք վավերացրել, ընդունել կամ հաստատել են փոփոխությունները, դրանք ուժի մեջ են մտնում Պայմանավորվող կողմերի առնվազն երկու երրորդի կողմից համապատասխան փաստաթղթերը Ավանդապահին ներկայացնելուց հետո՝ իննսուներորդ օրը: Այն Պայմանավորվող կողմի համար, որը հետագայում կվավերացնի, կընդունի կամ կհաստատի այդ փոփոխությունները, դրանք ուժի մեջ կմտնեն տվյալ Պայմանավորվող կողմի` համապատասխան փաստաթղթերը Ավանդապահին ի պահ հանձնելուց հետո՝ իննսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 42. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել Կոնվենցիան` Ավանդապահին գրավոր ծանուցելով:

 

2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Ավանդապահի ստանալուց մեկ տարի հետո կամ ավելի ուշ, ինչպես նշված է ծանուցման մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 43. ԱՎԱՆԴԱՊԱՀ

 

1. Գործակալության գլխավոր տնօրենը սույն Կոնվենցիայի Ավանդապահն է:

 

2. Ավանդապահը Պայմանավորվող կողմերին տեղեկացնում է.

 

i) Կոնվենցիայի ստորագրման և վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին` 39-րդ հոդվածին համապատասխան,

 

ii) Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվա մասին` 40-րդ հոդվածին համապատասխան,

 

iii) Կոնվենցիան չեղյալ հայտարարելու ծանուցումների և դրանց ամսաթվերի մասին` 42-րդ հոդվածին համապատասխան,

 

iv) Պայմանավորվող կողմերի առաջարկած փոփոխությունների, համապատասխան Դիվանագիտական կոնֆերանսի կամ Պայմանավորվող կողմերի նիստին ընդունված փոփոխությունների և այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվա մասին` 41-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 44. ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՏԵՔՍՏԵՐ

 

 Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ են հանձնվում Ավանդապահին, որը բնօրինակի հաստատված կրկնօրինակներն ուղարկում է Պայմանավորվող կողմերին:

 

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ՆԵՐՔՈՍՏՈՐԱԳՐՅԱԼՆԵՐԸ, ԼԻՆԵԼՈՎ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ, ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ:

 

Կատարված է Վիեննա քաղաքում հազար ինը հարյուր իննսունյոթ թվականի սեպտեմբերի հինգին:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. օգոստոսի 20-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան