Գլխավոր տեղեկություն
Номер
N 988-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.08.2004-18.03.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.28/41(340) Հոդ.933
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2004
Дата вступления в силу
07.08.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հուլիսի 2004 թվականի N 988-Ն

 

«ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ» ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Մանկատների բեռնաթափում» փորձնական ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Մանկատանը խնամվող երեխայի կենսաբանական ընտանիքին պետության կողմից որպես աջակցություն տրամադրվող ամսական գումարի չափը սահմանել 30 հազ. դրամ` կենսաբանական ընտանիք վերադարձած յուրաքանչյուր երեխայի համար:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել մանկատներում խնամվող երեխային (երեխաներին) կենսաբանական ընտանիք վերադարձնելու կապակցությամբ ընտանիքին աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի և ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի ուսումնասիրման ակտի ձևերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 10
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 1-ի N 988-Ն որոշման

 

«ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ» ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն ծրագիրը մշակվել է համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 1654-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի:

Պետությունն ամրագրելով ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը, մանկատները դիտում է նրանց խնամքի վերջին ատյանը և իր քաղաքականությունն ու միջոցառումներն ուղղում է ընտանիքների աջակցությանը` երեխաների գոյատևումը և բնականոն զարգացումը լավագույնս ապահովելու համար:

Ներկայումս հանրապետությունում գործում են 8 պետական և 4 ոչ պետական մանկական խնամակալական կազմակերպություններ (այսուհետ` մանկատուն), որտեղ իրականացվում է 1150-ից ավելի երեխաների մշտական խնամքն ու դաստիարակությունը: Միայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության 8 մանկատներում առ 01.01.2004 թ. տվյալներով խնամվում են շուրջ 940 երեխաներ, որից 320-ը` մասնագիտացված մանկատներում: Վերջին տարիներին գրանցվել է մանկատներում խնամվող երեխաների թվի զգալի աճ: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ մեկտեղ մանկատներում հայտնվում են նաև ծնողներ ունեցող, բայց տարբեր պատճառներով իրենց երեխաների խնամքից և դաստիարակությունից, նրանց օրինական շահերի պաշտպանությունից հրաժարված ծնողների երեխաներ, ինչը վկայում է հանրապետությունում սոցիալական որբության երևույթի խորացման մասին:

Երեխայի ընտանիքում ապրելու գաղափարի որդեգրումը մեծ առաջընթաց է պետական քաղաքականության մեջ: Այսօր զարգացած շատ երկրներում երեխաների սոցիալական որբության դեմ պայքարի լավագույն եղանակը երեխային կրկին ընտանիքում տեղավորելն է, նրան ընտանեկան միջավայրում ընտանեկան դաստիարակությամբ ապահովելը:

Հաշվի առնելով վերոգրյալը` նախարարությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ հաստատված տարեկան ծրագրերի շրջանակներում 2002-2003 թթ. իրականացրել է «Մանկատների բեռնաթափում» ծրագիրը: Այն իրականացվել է երկու փուլով` 2002 թ. իրականացվել է «Մանկատանը խնամվող երեխաների ուսումնասիրություն», որի նպատակն էր հստակեցնել նախարարության ենթակայության մանկատներում խնամվող երեխաների կարգավիճակը: Այդ կապակցությամբ մշակվել են մանկատներում խնամվող երեխաների ուսումնասիրման երկու հարցաշարեր, անցկացվել է ուսումնասիրությունն անցկացնողների վերապատրաստում և իրականացվել է 8 մանկատներում խնամվող շուրջ 875 երեխաների ուսումնասիրություն:

Մանկատների ուսումնասիրության արդյունքները փաստում են 1998 թ. համեմատությամբ խնամվող երեխաների թվի աճ` մոտ 17%-ով` հատկապես մասնագիտացված մանկատներում, որը բնակչության խորացող աղքատության, դեղորայքի և բուժծառայությունների բարձր գների, ծնողների հմտությունների պակասի, երեխաներին ուղղված խնամքի ծառայությունների բացակայության համալիր ազդեցության արդյունք է: Մանկատներում խնամվող երեխաների թվի աճը զուգակցվում է, հիմնականում, սոցիալական որբություն վերապրող երեխաների թվի տեսակարար կշռի մեծացմամբ: Հարկ է նշել նաև, 2002 թ. համեմատությամբ 2003 թ. վերոհիշյալ մանկատներում խնամվող երեխաների թիվն ավելացել է ևս 50-ով:

Ուսումնասիրությունների հիման վրա ստացված տվյալների համաձայն` նախարարությունում 2003 թ. ստեղծվել է «Մանուկ» տեղեկատվական շտեմարանը:

2003 թ. իրականացվել է ծրագրի երկրորդ փուլը` մանկատանը խնամվող երեխաների ընտանիքների ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել այդ ընտանիքների կարգավիճակները, երեխաներին մանկատուն հանձնելու դրդապատճառները և այն ընտանիքների ընտրությունը, որոնց հնարավոր կլինի վերադարձնել երեխաներին` պետության կողմից համապատասխան աջակցություն ցուցաբերելու միջոցով: Այդ կապակցությամբ մշակվել է մանկատներում խնամվող երեխաների ընտանիքների ուսումնասիրման հարցաշար, անցկացվել է ուսումնասիրությունն անցկացնողների վերապատրաստում և ընտրվել են մանկատներում խնամվող երեխաների 187 ընտանիքներ` ուսումնասիրության համար: Ընտանիքների ուսումնասիրման համար հիմնական չափանիշներ են ընտրվել ընտանիքի սոցիալ-տնտեսական, բնակարանային և կենցաղային պայմանները, ընտանիքի անդամների առողջական վիճակը, նրանց զբաղվածության խնդիրները, ինչպես նաև ընտանիքի բարոյահոգեբանական իրավիճակը: Փաստացի ուսումնասիրվել են 168 ընտանիքներ, որոնցից 78-ը երկու ծնող ունեցող ընտանիքներ են, 90-ը` միածնող:

Ծրագրի իրականացումն ակնկալում էր մանկատան երեխաների թվի 10% կրճատում, սակայն, ուսումնասիրության արդյունքները չարդարացրին կանխատեսումները և մասնագետների կողմից ուսումնասիրված 168 ընտանիքներից միայն 13-ը ճանաչվեցին երեխաներին ընտանիք վերադարձնելու համար պայմանական բարենպաստ ընտանիքներ, որոնց սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման դեպքում հնարավոր կլինի երեխային վերադարձնել ընտանիք: Այդ ընտանիքներից 9-ը բնակվում են Երևանում, 3-ը` Գեղարքունիքի մարզում և 1-ը Լոռու մարզում, իսկ նրանց 26 երեխաները` համապատասխանաբար «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն», «Երևանի «Զատիկ» մանկատուն», «Գավառի մանկատուն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում:

Մնացած ընտանիքները ճանաչվել են երեխաներին ընտանիք վերադարձնելու համար անբարենպաստ` հիմք ընդունելով նրանց սոցիալ-տնտեսական, կենցաղային ծայրահեղ վատ պայմանները:

Ոչ բարենպաստ ճանաչված ընտանիքների հիմնական կարիքներն են բնակարանի (50%), աշխատանքի (40%), սոցիալ-կենցաղային տարրական պայմանների բացակայությունը (70%) և առողջական վատ վիճակը (25%): Ոչ բարենպաստ են ճանաչվել նաև այն ընտանիքները, որտեղ ամուսիններից մեկը լքել է ընտանիքը (15%), ընտանիքում առկա է տևական կոնֆլիկտային իրավիճակ (4%), ընտանիքի հայրը հարբեցող (թմրամոլ) է (2%) և այլն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

Ծրագրի ընդհանուր նպատակն է մանկատների բեռնաթափումը և սոցիալական որբության կրճատումը:

 

III. ՏՎՅԱԼ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Ծրագրի նպատակն է մանկատանը խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիքներ, ստեղծելով նրանց լիարժեք կյանքի կայուն երաշխիքներ:

Ծրագրի նպատակն է նաև մանկատանը խնամվող երեխաների համար պետության կողմից արված ծախսերն ուղղել ընտանիքի աջակցությանը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.

1. մանկատներում խնամվող երեխաների վերադարձը իրենց կենսաբանական ընտանիքներ,

2. կենսաբանական ընտանիքներին աջակցության տրամադրում:

 

V. ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐԴՅՈՒՆՔԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. Մանկատներում խնամվող երեխաների վերադարձը իրենց կենսաբանական ընտանիք

2. Ընտանիքների և երեխաների ուսումնասիրություն և ընտրություն.

Նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ հաստատված տարեկան ծրագրերի շրջանակներում 2002-2003 թթ. իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների և մանկատների համապատասխան աշխատակիցների կողմից կընտրվեն մանկատներում խնամվող երեխաները և նրանց ընտանիքները` սույն ծրագրում ընդգրկվելու նպատակով:

3. Հոգեբանական աշխատանք ընտանիքների և երեխաների հետ.

Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների և մանկատների համապատասխան աշխատակիցների կողմից կիրականացվեն հոգեբանական աշխատանքներ ընտրված ընտանիքների և երեխաների հետ, համատեղ կյանքին նախապատրաստելու նպատակով: Երեխաների հետ հոգեբանական աշխատանքը կիրականացվի մանկատների համապատասխան մասնագետների կողմից: Ընտանիքների հետ նմանատիպ աշխատանքների իրականացման համար, անհրաժեշտության դեպքում, նախարարության կողմից պայմանագրային կարգով կներգրավվեն համապատասխան հոգեբան մասնագետներ:

4. Ընտանիքների հետ պայմանագրերի կնքում.

Ծնողների (կամ ծնողի) հետ նախարարությունը յուրաքանչյուր տարի կնքում է պայմանագիր մանկատնից երեխային (երեխաներին) տուն վերադարձնելու կապակցությամբ ցուցաբերվող սոցիալական աջակցության մասին, ըստ որի ծնողը (կամ ծնողները) պարտավորվում է ապահովել մանկատնից ընտանիք վերադարձած երեխայի (երեխաների) խնամքի, բնականոն զարգացման և դաստիարակության համար նպաստավոր պայմաններ, իրականացնել երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ապահովել դպրոցահասակ երեխայի հաճախումը հանրակրթական հաստատություն, հետևել նրա առաջադիմությանը: Ծնողի կողմից վերոհիշյալ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նախարարությունը պարտավորվում է երեխային հետ վերադարձնել համապատասխան մանկատուն:

Պայմանագրի ժամկետը յուրաքանչյուր տարի կարող է երկարացվել կողմերի համաձայնությամբ:

Մանկատանը խնամվող երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմինները կկայացնեն համապատասխան որոշում:

5. Ընտանիքներում երեխաների հետագա կյանքի վերահսկողություն.

Ծնողները (կամ ծնողը) պետք է տան իրենց գրավոր համաձայնությունը սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների և խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների կողմից ընտանիքում երեխաների խնամքի և դաստիարակության իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով օրվա ցանկացած ժամին բնակարան մուտք գործելու վերաբերյալ:

Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցները ամիսը ոչ պակաս, քան երկու անգամ և ըստ անհրաժեշտության կայցելեն ընտանիքները և համապատասխան հաշվետվություն կներկայացնեն սոցիալական ծառայության տարածքային գործակալության տնօրենին` ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ:

Սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, իսկ դեկտեմբեր ամսին` մինչև դեկտեմբերի 25-ը, նախարարություն է ներկայացնում նախորդ ամսվա տուն-այցերի արդյունքների հիման վրա կազմված ակտը ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ:

6. Կենսաբանական ընտանիքներին աջակցության տրամադրում

7. Աջակցությունը ընտանիքներին աշխատանքի տեղավորման հարցում.

Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցները կաջակցեն ընտանիքին զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով ապահովելու ընտանիքի անդամների զբաղվածությունը, անհրաժեշտության դեպքում ընդգրկելով մասնագիտական վերապատրաստման կամ վերաորակավորման համապատասխան դասընթացներում:

8. Ֆինանսական աջակցություն ընտանիքներին.

9. Ընդգրկում աղքատության ընտանեկան նպաստի համակարգում.

Սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի եզրակացության հիման վրա, ամեն ամիս, կենսաբանական ընտանիք վերադարձած յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքին կտրվի 30 հազ. դրամ աջակցություն, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախարարության համակարգի մանկատներում խնամվողների համար նախատեսված պահպանման ծախսի չափին` առանց վարչական ծախսերի:

Այդ նպատակով ընտանիք տեղափոխված երեխայի ծնողներից մեկի անվամբ իրենց բնակության վայրի բանկային գործառույթներն իրականացնող հաստատությունում բացվում է անձնական հաշիվ, որտեղ նախարարության կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվում է դրամական օգնության գումարը:

Դրամական աջակցությունը ընտանիքին կդադարեցվի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի եզրակացության հիման վրա, ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության համար առկա խոչընդոտները վերանալու և ընտանիքի մեկ շնչին ընկնող փաստացի եկամտի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի համապատասխանության դեպքում:

10. Սոցիալ-հոգեբանական աշխատանք ընտանիքների հետ:

Համապատասխան սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների միջոցով կիրականացվեն ընտանիքների սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրեր:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՀԱՋՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

 

նկարագիրը

ցուցանիշը

ծրագրի ընդհանուր նպատակը

մանկատների բեռնաթափումը և սոցիալական որբության կրճատումը

10% բեռնաթափում մինչև 2007 թ.

տվյալ ծրագրի նպատակը

մանկատանը խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիքներ, ստեղծելով նրանց լիարժեք կյանքի կայուն երաշխիքներ

26 երեխաներ տեղափոխված ընտանիքներ մինչև 2005 թ.

ակնկալվող արդյունք 1.

մանկատներում խնամվող երեխաների վերադարձը իրենց կենսաբանական ընտանիքներ

26 երեխա

ակնկալվող արդյունք 2.

կենսաբանական ընտանիքներին աջակցության տրամադրում

13 ընտանիք

միջոցառում 2.

ընտանիքների և երեխաների ուսումնասիրություն և ընտրություն

26 երեխաներ,
13 ընտանիք

միջոցառում 3.

հոգեբանական աշխատանք ընտանիքների և երեխաների հետ

26 երեխաներ,
13 ընտանիք

միջոցառում 4.

ընտանիքների հետ պայմանագրերի կնքում

13 ընտանիք

միջոցառում 5.

ընտանիքներում երեխաների հետագա կյանքի վերահսկողություն

13 ընտանիք

միջոցառում 7.

աջակցությունը ընտանիքներին աշխատանքի տեղավորման հարցում

13 ընտանիք

միջոցառում 8.

ընդգրկում աղքատության ընտանեկան նպաստի համակարգում

13 ընտանիք

միջոցառում 9.

դրամական օգնություն ընտանիքներին

13 ընտանիք

միջոցառում 10.

սոցիալ-հոգեբանական աշխատանք ընտանիքների հետ

13 ընտանիք

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան