Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Միջպետական գիտատեխնիկական ծրագրերի ձևավորման և կարգավիճակի մասին
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր),
ձգտելով օգտագործել միջպետական գիտատեխնիկական ծրագրերը որպես գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական զարգացման առաջնային խնդիրների լուծման ռեսուրսների և ջանքերի համակարգման արդյունավետ միջոց,
միջպետական գիտատեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում փոխգործակցության համաձայնեցված իրավական հիմքի ձևավորման նպատակով,
գործելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնոլոգիական տարածք ստեղծելու մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի՝ Համաձայնագրին համապատասխան,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակների համար ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
«միջպետական գիտատեխնիկական ծրագիր» (այսուհետ` Ծրագիր)` ռեսուրսներով, կատարողներով և իրականացման ժամկետներով կապակցված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական մշակումների, ինչպես նաև դրանց ապահովման գծով կազմակերպատնտեսական միջոցառումների համալիր, որն իրագործում են կատարող Կողմերը և որն ուղղված է հասարակական ու բնական երևույթների հիմնական օրինաչափությունների և հատկությունների մասին նոր գիտելիքներ ստանալուն, ինչպես նաև Կողմերի սոցիալ-տնտեսական խնդիրները արդյունավետ լուծելուն, ներառյալ համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանքի նմուշների ստեղծումը՝ դրա հետագա արտադրության համար՝ նպատակ ունենալով բավարարել ազգային պահանջները և ընդլայնել արտահանման հնարավորությունները,
«Ծրագրի մասնակից պետություն»` պետություն, որը ստորագրել է Ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր (այսուհետ՝ Համագործակցության մասին համաձայնագիր) և դրա իրագործման համար ապահովում է իր պարտավորությունների կատարումը անհրաժեշտ ֆինանսական և այլ ռեսուրսներով, որոնց ծավալները որոշված են տվյալ Ծրագրի շրջանակներում,
«պետական պատվիրատու»` Ծրագրի մասնակից պետության գործադիր իշխանության մարմին (կամ այլ լիազորված կազմակերպություն), որը համագործակցության մասին Համաձայնագրին համապատասխան, պատասխանատու է այդ պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման և իր պետությունում Ծրագրի իրագործման աշխատանքների կազմակերպման համար,
«համակարգող»` պետական պատվիրատուներից մեկը, որը Ծրագրի իրականացման գործընթացում փոխադարձ համաձայնությամբ ապահովում է իրենց օպերատիվ փոխգործակցությունը, կազմակերպում է փոխադարձ խորհրդակցություններ և տեղեկատվության փոխանակում պետական պատվիրատուների միջև, Ծրագրի իրականացման առանձին փուլերում օպերատիվ պլանների համաձայնեցնում, համագործակցության կատարելագործման համար երաշխավորությունների մշակում, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ընթացիկ և վերջնական արդյունքների օգտագործում, նախապատրաստում և ներկայացնում է գիտատեխնոլոգիական զարգացման Միջպետական կոմիտեում (այսուհետ` ԳՏԶ ՄԿ) Ծրագրի իրագործման մասին համաձայնեցված տեղեկատվություն:
Որպես Ծրագրի համակարգող կարող են հանդես գալ միջազգային գիտափորձարարական կենտրոններ և գիտական կազմակերպություններ, անդրազգային ֆինանսաարդյունաբերական խմբեր և միջպետական (միջկառավարական) մարմիններ: Եթե Ծրագիրը բաղկացած է Ծրագրի համապատասխան մասնակից պետությունների կողմից ֆինանսավորվող առանձին նախագծերից, ապա այդպիսի նախագծերը համակարգողների դերը ստանձնում են այդ նախագծերի ազգային պետական պատվիրատուները:
Հ ո դ վ ա ծ 2
Ծրագրի ձևավորումը և իրագործումը
1. Ծրագրի ձևավորման և իրագործման աշխատանքների կազմակերպումն իրականացնում է ԳՏԶ ՄԿ:
2. Ծրագրի ձևավորման առաջարկությունները համապատասխան հիմնավորումներով մտցնում են ԳՏԶ ՄԿ նրա անդամները կամ ԱՊՀ միջպետական (միջկառավարական) մարմինները, որոնք զբաղվում են գիտատեխնիկական բնույթի հարցերի համակարգմամբ, ինչպես նաև գիտությունների ակադեմիաների Միջազգային միությունները՝ ԳՏԶ ՄԿ-ի սահմանած կարգին համապատասխան:
3. ԳՏԶ ՄԿ դիտարկում է ներկայացված առաջարկները և դրանց հավանության արժանանալու դեպքում առաջարկում է Կողմերի ԳՏԶ ՄԿ-ի ներկայացուցիչներին, որոնք շահագրգռված են կոնկրետ ծրագրերի մշակմամբ, նախապատրաստել և ԳՏԶ ՄԿ ներկայացնել Ծրագրի նախագիծ՝ կցելով բացատրական գրություն և տեխնիկատնտեսական հիմնավորում, ինչպես նաև համագործակցության Համաձայնագրի նախագիծ՝ նախապես համաձայնեցնելով յուրաքանչյուր պետությունում ընդունված ընթացակարգերին համապատասխան:
4. Համագործակցության Համաձայնագրիը պետք է ներառի.
համագործակցության նպատակները,
Ծրագրի իրականացման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները և կարգը,
Ծրագրի մասնակից պետությունների ֆինանսական և այլ փոխադարձ պարտավորություններ,
գիտատեխնիկական օբյեկտների և հետազոտությունների արդյունքների տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը և պայմանները, բացառիկ իրավունքների (մտավոր սեփականության) իրականացման կարգ,
վիճելի հարցերի լուծման կարգը,
համագործակցության կազմակերպչական մեխանիզմը, ներառյալ պետական պատվիրատուների և համակարգողի սահմանումը:
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված գիտատեխնիկական օբյեկտները և հետազոտությունների արդյունքները պատկանում են Ծրագրի մասնակից պետություններին՝ ընդհանուր սեփականության իրավունքով:
Եկամուտը բաշխվում է համամասնորեն Ծրագրի մասնակից պետությունների միջև ըստ Ծրագրի իրականացման աշխատանքների ֆինանսավորման նրանց բաժնային մասնակցության:
Համագործակցության մասին Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում Ծրագիրը, որում արտացոլվում են գիտատեխնիկական նախագծերի և դրանց կատարողների ցանկը, վերջնական արդյունքները, նախագծերի իրականացման ժամկետները և պայմանները:
5. ԳՏԶ ՄԿ կողմից հավանության արժանացած համագործակցության մասին Համաձայնագրի նախագիծը ներկայացվում է Տնտեսական միության Միջպետական տնտեսական Կոմիտե (այսուհետ՝ ՄՏԿ):
6. Ծրագիրը ձեռք է բերում միջպետական կարգավիճակ համագործակցության մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
7. Ծրագրի պարունակած գիտատեխնիկական նախագծերի իրագործումն իրականացվում է պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում են պետական պատվիրատուի և աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների միջև:
8. Ծրագրի իրականացման աշխատանքների ղեկավարումը, դրանց ֆինանսավորումը և նյութատեխնիակական ապահովումը Ծրագրի մասնակից պետություններում իրականացնում են պետական պատվիրատուները:
Պետական պատվիրատուն, որի վրա դրվում են համակարգողի գործառույթները, որոշվում է համագործակցության մասին Համաձայնագրով:
. Ծրագրի համակարգողը.
պատասխանատվություն է կրում Ծրագրի ժամանակին իրագործման համար,
իրականացնում է Ծրագրերով աշխատանքների կատարողների կառավարումը,
ապահովում է Ծրագրի իրականացման համար տրամադրված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը:
10. Ծրագրի համակարգողը ԳՏԶ ՄԿ է ներկայացնում հաշվետվություն Ծրագրի իրականացման ընթացքի մասին: ԳՏԶ ՄԿ այն վերլուծում է և ուղարկում ՄՏԿ:
Հ ո դ վ ա ծ 3
Ծրագրի ֆինանսավորումը
1. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևերով.
առանձին ֆինանսավորում, որի դեպքում Ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետություն ֆինանսավորում է իր կողմից իրականացվող Ծրագրի մասը,
ֆինանսավորում Ծրագրի կենտրոնացված ֆոնդից, որը կազմավորվում է Ծրագրի մասնակից պետությունների բաժնային մուծումների հաշվին:
Կենտրոնացված ֆոնդի ձևավորումն իրականացվում է ֆոնդի Կանոնադրությանը համապատասխան, որը հանդիսանում է համագործակցության մասին Համաձայնագրի բաղկացուցիչ մասը, որտեղ որոշվում են միջոցների ձևավորման և օգտագործման չափերը, աղբյուրները և կարգը,
համակցված ֆինանսավորում, որի դեպքում Ծրագրի իրականացման աշխատանքների մի մասը ֆինանսավորվում է կենտրոնացված ֆոնդից, իսկ մյուսը՝ առանձնացված ֆինանսավորման հիման վրա:
2. Ծրագրի իրականացման համար կարող են ներգրավվել ֆինանսավորման բյուջետային և արտաբյուջետային աղբյուրներ, բարեգործական և այլ կազմակերպությունների միջոցներ:
Հ ո դ վ ա ծ 4
Ծրագրի իրականացման պայմանները
Կողմերը Ծրագրի իրականացման համար իրենց օրենսդրությանը համապատասխան իրենց տարածքներում դրա մասնակիցներին տրամադրում են.
իրավունք՝ իրականացնելու դրամական միջոցների փոխարկում և ուղիղ փոխանցում, համատեղ և պատվիրված աշխատանքներ կատարող և Ծրագրի ուրիշ մասնակից պետությունում գտնվող իրենց հակագործակալներին,
այլ տեսակի աջակցություն ազգային գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական կազմակերպություններին Ծրագրի շրջանակներում կատարվող համատեղ գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական գործընթացների ժամանակ,
Ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների աշխատակիցներին՝ նրանց երկարատև գործուղումների ընթացքում բժշկական, սոցիալական, կենցաղային և կոմունալ ծառայությունների իրավունք՝ գտնվելու վայրի պետության քաղաքացիների համար գործող պայմաններով,
ազգային ռեժիմ Ծրագրի շրջանակներում ստեղծված գիտատեխնիկական ապրանքների և ծառայությունների շուկայում արտադրանքի իրացման համար:
Հ ո դ վ ա ծ 5
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերին համապատասխան ստանձնած պարտավորությունները:
2. Սույն Կոնվենցիան ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից, եթե դա չի հակասում Կողմերի օրենսդրությանը, և ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար, այն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
3. Սույն Կոնվենցիայում, Կողմերի ընդհանուր համաձայնությամբ, կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել: Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
4. Սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգռիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորվելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական Դատարան կամ այլ հաշտարար մարմիններ:
5. Սույն Կոնվենցիան գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը չընդունեն այլ որոշում:
6. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից՝ այդ մասին դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կարգավորելով Կոնվենցիայի գործողության ընթացքում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:
7. Սույն Կոնվենցիան բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի սեպտեմբերի 21-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|