Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (08.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2016.07.13/1(35)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата вступления в силу
08.05.2016

Փ Ո Փ Ո Խ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ

 

1. 1979 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված՝ Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վերնագիրը փոխարինվում է հետևյալով`

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ:

 

2. Կոնվենցիայի նախաբանը փոխարինվում է հետևյալ տեքստով`

 

ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

 

ՃԱՆԱՉԵԼՈՎ բոլոր պետությունների` խաղաղ նպատակներով միջուկային էներգիա մշակելու ու կիրառելու իրավունքը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումից ստացվող հնարավոր օգտի նկատմամբ նրանց օրինական շահերը,

 

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման համար միջազգային համագործակցության և միջուկային տեխնոլոգիաների փոխանակման անհրաժեշտության մեջ,

 

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ ֆիզիկական պաշտպանությունը կենսական նշանակություն ունի հանրության առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի պահպանման և ազգային ու միջազգային անվտանգության համար,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության այն նպատակներն ու սկզբունքները, որոնք վերաբերում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը և պետությունների միջև բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների ու համագործակցության խթանմանը,

 

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ պարբերության դրույթների համաձայն՝ «Բոլոր անդամները պետք է իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության սպառնալիքի, ուժի կամ այլ միջոցների կիրառումից, որոնք հակասում են ՄԱԿ-ի նպատակներին»,

 

ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ Գլխավոր ասամբլեայի՝ 1994 թվականի դեկտեմբերի 9-ի հմ. 49/60 բանաձևին կից՝ Միջազգային ահաբեկչության վերացման միջոցառումների մասին հռչակագիրը,

 

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ կասեցնել միջուկային նյութի անօրինական շրջանառության հետ կապված վտանգները, միջուկային նյութի անօրինական ձեռքբերումն ու օգտագործումը, միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների սաբոտաժը` հաշվի առնելով, որ նման գործողություններից ֆիզիկական պաշտպանությունը դարձել է ազգային ու միջազգային՝ աճող մտահոգության առարկա,

 

ԽՈՐԱՊԵՍ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՎ ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների համաշխարհային տարածումով և միջազգային ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության սպառնալիքներով,

 

ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼՈՎ, որ ֆիզիկական պաշտպանությունը կարևոր դեր է խաղում միջուկային զենքի չտարածման և հակաահաբեկչական նպատակներին աջակցելիս,

 

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ սույն Կոնվենցիայի միջոցով նպաստել խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ամրապնդմանը ողջ աշխարհում,

 

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքերի հետ կապված իրավախախտումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, և որ հրատապ անհրաժեշտություն կա` ձեռնարկելու պատշաճ, արդյունավետ միջոցներ կամ ամրապնդելու առկա միջոցները` նման իրավախախտումների կանխումը, հայտնաբերումն ու պատժամիջոցների կիրառումն ապահովելու նպատակով,

 

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ամրապնդել միջազգային համագործակցությունը, կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետության ազգային օրենսդրությանը և սույն Կոնվենցիային համապատասխան, մշակել արդյունավետ միջոցներ` միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համար,

 

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ սույն Կոնվենցիան պետք է նպաստի միջուկային նյութերի անվտանգ օգտագործմանը, պահեստավորմանն ու փոխադրմանը և միջուկային տեղակայանքների անվտանգ շահագործմանը,

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ առկա են ֆիզիկական պաշտպանության միջազգայնորեն ձևավորված առաջարկություններ, որոնք ժամանակ առ ժամանակ նորացվում են ու կարող են ֆիզիկական պաշտպանության արդյունավետ մակարդակին հասնելու համար ժամանակակից կիրառվող միջոցների մասին ուղեցույց հանդիսանալ,

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ նաև, որ ռազմական նպատակներով օգտագործվող միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների արդյունավետ ֆիզիկական պաշտպանության համար պատասխանատու է այն պետությունը, որին պատկանում են տվյալ միջուկային նյութն ու միջուկային տեղակայանքները, և գիտակցելով, որ այդ նյութերի ու տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությունն ապահովվում է և կշարունակվի ապահովվել,

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի մասին.

 

3. Կոնվենցիայի 1-ին հոդվածում «գ» պարբերությունից հետո պետք է ավելացվեն երկու նոր պարբերություններ` հետևյալ խմբագրությամբ.

 

«դ) «միջուկային տեղակայանք» նշանակում է` տեղակայանք (ներառյալ հարակից շինություններն ու սարքավորումները), որտեղ արտադրվում, մշակվում, օգտագործվում, տնօրինվում, պահեստավորվում կամ թաղվում է միջուկային նյութը, և նման տեղակայանքին հասցված վնասը կամ միջամտությունը դրա աշխատանքում կարող է առաջացնել զգալի ճառագայթում կամ ռադիոակտիվ նյութերի արտանետում,

 

ե) «սաբոտաժ» նշանակում է` միջուկային տեղակայանքի կամ օգտագործվող, պահեստավորված կամ փոխադրվող միջուկային նյութի դեմ ուղղված ցանկացած կանխամտածված գործողություն, որը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել անձնակազմի, հանրության առողջությունը կամ շրջակա միջավայրը ճառագայթահարման կամ ռադիոակտիվ նյութերի արտանետման միջոցով:»:

 

4. Կոնվենցիայի 1-ին հոդվածից հետո ավելացվում է նոր՝ 1Ա հոդված՝ հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1Ա

 

Սույն Կոնվենցիայի նպատակներն են` համաշխարհային մակարդակով ապահովել և պահպանել խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների արդյունավետ ֆիզիկական պաշտպանությունը, կանխել դրանց հետ կապված իրավախախտումները և պայքարել դրանց դեմ, ինչպես նաև կողմ հանդիսացող պետությունների միջև դյուրացնել այդ նպատակով համագործակցությունը:»:

 

5. Կոնվենցիայի 2-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«1. Սույն Կոնվենցիան կիրառվում է խաղաղ նպատակներով օգտագործվող, պահեստավորված և փոխադրվող միջուկային նյութի և խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային տեղակայանքների նկատմամբ` պայմանով, սակայն, որ սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածները և 5-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը կիրառվեն միայն այն միջուկային նյութի նկատմամբ, որը միջազգային փոխադրման ընթացքում է:

2. Կողմ հանդիսացող պետության սահմաններում ֆիզիկական պաշտպանության ռեժիմի սահմանման, իրականացման և պահպանման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է տվյալ պետությունը:

3. Կողմ հանդիսացող պետությունների` սույն Կոնվենցիայով հստակորեն ստանձնած պարտավորություններից բացի՝ Կոնվենցիայի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որ ազդի պետության ինքնիշխան իրավունքների վրա:

4. ա) Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող ազդել կողմ հանդիսացող պետության` միջազգային իրավունքի, մասնավորապես` Միավորված ազգերի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և միջազգային հումանիտար իրավունքի համաձայն ստանձնած այլ իրավունքների, պարտավորությունների և պատասխանատվության վրա:

բ) Զինված հակամարտության ընթացքում զինված ուժերի գործողությունները, այնպես, ինչպես դրանք սահմանված են և կարգավորվում են միջազգային հումանիտար իրավունքով, չպետք է կարգավորվեն սույն Կոնվենցիայով, իսկ պետության զինված ուժերի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների ընթացքում իրականացվող գործողությունները, այնքանով, որքանով դրանք կարգավորվում են միջազգային

իրավունքի այլ կանոններով, չպետք է կարգավորվեն սույն Կոնվենցիայով:

գ) Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի դեմ ուղղված զինված ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի օրինական թույլտվություն:

դ) Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի թույլատրում կամ օրինականացնում անօրինական համարվող այլ գործողությունները և չի բացառում քրեական հետապնդումը այլ օրենքների շրջանակներում:

 

5. Սույն Կոնվենցիան չի կիրառվում ռազմական նպատակներով օգտագործվող կամ պահվող միջուկային նյութի նկատմամբ կամ այդպիսի նյութեր պարունակող միջուկային տեղակայանքերի նկատմամբ:»:

 

6. Կոնվենցիայի 2-րդ հոդվածից հետո ավելացվում է նոր` 2Ա հոդված` հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2Ա

 

1. Կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն իր իրավասությունների շրջանակներում պետք է մշակի, ներդնի և պահպանի միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համապատասխան ռեժիմ` նպատակ ունենալով.

ա) պաշտպանելու օգտագործվող, պահեստավորված և փոխադրվող միջուկային նյութը գողությունից կամ դրան անօրինական այլ ձևերով տիրանալուց.

բ) ապահովելու արագ ու համապարփակ միջոցառումների իրականացում կորսված կամ գողացված միջուկային նյութի հայտնաբերման և, անհրաժեշտության դեպքում, վերականգնման համար: Եթե միջուկային նյութը գտնվում է պետության տարածքից դուրս, կողմ հանդիսացող տվյալ պետությունը պետք է գործի Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան.

գ) պաշտպանելու միջուկային նյութերն ու միջուկային տեղակայանքները սաբոտաժից, և

դ) մեղմելու կամ նվազեցնելու սաբոտաժի հետևանքով առաջացած ճառագայթային հետևանքները:

2. 1-ին պարբերությունն իրականացնելիս կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն պետք է.

ա) ստեղծի ու պահի ֆիզիկական պաշտպանությունը կարգավորող իրավական և կարգավորող համակարգ.

բ) ստեղծի կամ նշանակի իրավասու մարմին կամ մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն իրավական և կարգավորող համակարգի ներդրման համար.

գ) ձեռնարկի միջուկային նյութի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համար անհրաժեշտ այլ միջոցներ:

3. 1-ին և 2-րդ պարբերություններում նշված դրույթները կատարելիս կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն, առանց ազդելու սույն Կոնվենցիայի մյուս դրույթների վրա և որքանով նպատակահարմար է ու իրագործելի, պետք է կիրառի միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ հետևյալ հիմնարար սկզբունքները.

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Ա. Պետության պատասխանատվությունը

Յուրաքանչյուր պետությունում ֆիզիկական պաշտպանության համապատասխան ռեժիմի հաստատման, իրականացման ու պահպանման համար ամբողջությամբ պատասխանատու է տվյալ պետությունը:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Բ. Պատասխանատվությունը միջազգային փոխադրման ժամանակ

Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է փոխադրման ժամանակ միջուկային նյութի պատշաճ պաշտպանության համար, մինչև այդ պատասխանատվությունը սահմանված կարգով փոխանցվի մեկ այլ պետության:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Գ. Իրավական և կարգավորող համակարգ

Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է ֆիզիկական պաշտպանության իրավական և կարգավորող համակարգ ստեղծելու ու պահելու համար: Այդ համակարգը պետք է ապահովի ֆիզիկական պաշտպանության կիրառելի պահանջների մշակումը և ներառի գնահատման ու լիցենզավորման համակարգ կամ թույլտվություն տրամադրելու համար նախատեսված այլ ընթացակարգեր: Այդ համակարգը պետք է ներառի միջուկային տեղակայանքների և փոխադրումների տեսչական ստուգումների անցկացման համակարգ՝ ստուգելու համար կիրառելի պահանջների և լիցենզիայի կամ թույլտվություն տրամադրող այլ փաստաթղթի պայմանների կատարումը, և միջոցներ ձեռք առնի` կիրառելի պահանջների ու պայմանների կատարումն ապահովելու համար` ներառյալ արդյունավետ պատժամիջոցների կիրառումը:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Դ. Իրավասու մարմին

Պետությունը պետք է ստեղծի կամ նշանակի իրավասու մարմին, որը պատասխանատու կլինի իրավական և կարգավորման համակարգի ներդրման համար, և որին կտրամադրվեն ստանձնած պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ լիազորություններ, իրավասություն, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ: Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի` ապահովելու, որ պետության իրավասու մարմնի և միջուկային էներգիայի մշակմամբ կամ օգտագործմամբ զբաղվող ցանկացած այլ մարմնի գործառույթներն իրականացվեն միմյանցից անկախ:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Ե. Լիցենզիա ունեցողների պատասխանատվությունը

Պետք է հստակ սահմանվի պետության ներսում ֆիզիկական պաշտպանության տարբեր տարրերի իրականացման համար պատասխանատվությունը: Պետությունը պետք է ապահովի, որ միջուկային նյութերի կամ միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության իրականացման առաջնային պատասխանատվությունը կրեն համապատասխան լիցենզիա կամ թույլտվություն տրամադրող այլ փաստաթղթեր ունեցող անձինք (օրինակ` շահագործողները կամ փոխադրողները):

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Զ. Անվտանգություն

Ֆիզիկական պաշտպանության իրականացման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունները պետք է առաջնահերթությունը տան անվտանգությանը, դրա ապահովմանն ու պահպանմանը, ինչն անհրաժեշտ է ամբողջ կազմակերպությունում արդյունավետ անվտանգություն ապահովելու համար:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Է. Սպառնալիք

Պետության կողմից ֆիզիկական պաշտպանության հիմքում պետք է լինի սպառնալիքի ընթացիկ գնահատումը պետության կողմից:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Ը. Աստիճանական մոտեցում

Ֆիզիկական պաշտպանության պահանջները պետք է հիմնված լինեն աստիճանական մոտեցման վրա՝ հաշվի առնելով սպառնալիքի ընթացիկ գնահատումը, նյութի նկատմամբ հարաբերական հետաքրքրությունը, նյութի բնույթը և միջուկային նյութի անօրինական տեղափոխման ու միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքների սաբոտաժի հետ կապված հնարավոր հետևանքները:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Թ. Խոր պաշտպանություն

Ֆիզիկական պաշտպանության պետության պահանջները պետք է արտացոլեն պաշտպանության բազմաշերտ հայեցակարգը և պաշտպանության այնպիսի մեթոդներ (կառուցվածքային կամ տեխնիկական, անձնակազմի հետ կապված կամ կազմակերպական), որոնք պետք է հաղթահարվեն կամ շրջանցվեն հակառակորդի կողմից` իր նպատակներին հասնելու համար:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Ժ. Որակի ապահովում

Պետք է մշակվեն և ներդրվեն որակի ապահովման քաղաքականություն և որակի ապահովման ծրագրեր՝ հավաստիանալու համար, որ բավարարվել են ֆիզիկական պաշտպանության տեսակետից կարևոր բոլոր միջոցառումների նկատմամբ սահմանված պահանջները:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ ԺԱ. Չնախատեսված իրավիճակների պլաններ

Լիցենզիա ունեցող անձինք և շահագրգիռ մյուս մարմինները պետք է մշակեն և պատշաճ կերպով փորձարկեն միջուկային նյութի անօրինական հեռացման կամ միջուկային տեղակայանքների կամ միջուկային նյութերի սաբոտաժի կամ սաբոտաժի փորձի հետ կապված՝ չնախատեսված (արտակարգ) իրավիճակների պլաններ:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ ԺԲ. Գաղտնիությունը

Պետությունը պետք է սահմանի պահանջներ` պաշտպանելու համար այն տեղեկությունների գաղտնիությունը, որոնց անօրինական բացահայտումը կարող է վտանգել միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությունը:

 

4. ա) Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում միջուկային այն նյութի նկատմամբ, որը, կողմ հանդիսացող պետության ողջամիտ որոշման համաձայն, չպետք է գտնվի 1-ին պարբերությամբ սահմանված ֆիզիկական պաշտպանության ռեժիմի ներքո, հաշվի առնելով նյութի բնույթը, դրա քանակն ու հարաբերական հետաքրքրությունը դրա նկատմամբ և հնարավոր ճառագայթային ու այլ հետևանքները` կապված դրա դեմ ուղղված ցանկացած անօրինական գործողության հետ, ինչպես նաև՝ այդ միջուկային նյութի հետ կապված սպառնալիքի ընթացիկ գնահատումը:

բ) Այն միջուկային նյութը, որի նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի դրույթները, «ա» ենթակետի համաձայն՝ պետք է պաշտպանվի` կառավարման շրջահայաց գործելակերպին համապատասխան:»:

 

7. Կոնվենցիայի 5-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«1. Կողմ հանդիսացող պետությունները պետք է նշանակեն Կոնվենցիայի հետ կապված հարցերով կապն ապահովող բաժին և միմյանց այդ մասին տեղեկացնեն ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցով:

2. Միջուկային նյութի գողության, կողոպուտի կամ դրա նկատմամբ որևէ այլ անօրինական գործողության դեպքում կամ դրա ակնհայտ սպառնալիքի դեպքում կողմ հանդիսացող պետությունները, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, պետք է միմյանց տրամադրեն հնարավոր առավելագույն աջակցություն և համագործակցեն` նման դիմում ներկայացրած պետությանը այդ նյութը վերադարձնելու և այն պաշտպանելու նպատակով: Մասնավորապես`

ա) կողմ հանդիսացող ցանկացած պետություն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի` հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնելու համար մյուս պետություններին միջուկային նյութի գողության, կողոպուտի կամ այլ անօրինական գործողության մասին կամ դրա ակնհայտ սպառնալիքի մասին և անհրաժեշտության դեպքում տեղեկացնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և համապատասխան միջազգային այլ կազմակերպություններին:

բ) Կողմ հանդիսացող ներգրավված պետություններն այդ ընթացքում պետք է տեղեկություններ փոխանակեն միմյանց, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և համապատասխան միջազգային այլ կազմակերպությունների հետ՝ վտանգված միջուկային նյութը պաշտպանելու, տեղափոխող բեռնարկղի ամբողջականությունն ստուգելու կամ միջուկային նյութի անօրինական շրջանառությունը կանխելու համար, և պետք է`

i) համակարգեն իրենց ջանքերը դիվանագիտական և համաձայնեցված այլ ուղիներով,

ii) անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն,

iii) ապահովեն վերը նշված դեպքերի հետևանքով գողացված կամ կորած միջուկային նյութի վերադարձը:

Այս համագործակցության իրականացման միջոցները պետք է սահմանվեն կողմ հանդիսացող ներգրավված պետությունների կողմից:

3. Միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի դեմ իրական սաբոտաժի սպառնալիքի կամ նման գործողությունների դեպքում կողմ հանդիսացող պետությունները հնարավոր առավելագույն սահմաններում, իրենց ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է համագործակցեն հետևյալ կերպ.

ա) եթե կողմ հանդիսացող որևէ պետություն տեղյակ է մեկ այլ պետությունում միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի նկատմամբ հնարավոր սաբոտաժի սպառնալիքի մասին, առաջին պետությունը պետք է որոշում կայացնի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում իրազեկի մյուս պետությանը, անհրաժեշտության դեպքում նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և համապատասխան միջազգային այլ կազմակերպություններին` սաբոտաժը կանխելու նպատակով.

բ) կողմ հանդիսացող պետության տարածքում միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի սաբոտաժի դեպքում և դրա պատճառով մյուս պետություններում հնարավոր ճառագայթման հետևանքների դեպքում առաջին պետությունը, չխախտելով միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած իր մյուս պարտավորությունները, պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր` հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնելու համար ճառագայթային հնարավոր ազդեցության ենթակա պետությանը կամ պետություններին, անհրաժեշտության դեպքում` նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և համապատասխան միջազգային այլ կազմակերպություններին՝ ճառագայթման հետևանքները նվազեցնելու կամ մեղմացնելու նպատակով.

գ) եթե «ա» և «բ» ենթակետերի համատեքստում կողմ հանդիսացող պետությունը հայցում է աջակցություն, ապա կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն, որին ուղղված է աջակցության հայտը, պետք է անհապաղ որոշում կայացնի և ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցով տեղեկացնի հայցող պետությանը այն մասին, թե կարող է արդյոք ցուցաբերել տվյալ աջակցությունը, ինչպես նաև տեղեկացնի հնարավոր աջակցության ծավալի ու պայմանների մասին.

դ) «ա»-«գ» ենթակետերով սահմանված համագործակցության համակարգումը պետք է իրականացվի դիվանագիտական կամ համաձայնեցված այլ ուղիներով: Այս համագործակցության իրականացման միջոցները պետք է սահմանվեն երկկողմ կամ բազմակողմ համաձայնությամբ՝ կողմ հանդիսացող ներգրավված պետությունների կողմից:

4. Կողմ հանդիսացող պետությունները պետք է համագործակցեն և խորհրդակցեն միմյանց հետ ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և համապատասխան միջազգային այլ կազմակերպությունների միջոցով՝ միջազգային փոխադրման մեջ գտնվող միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության համակարգերի մշակման, պահպանման և բարելավման վերաբերյալ ցուցումներ ստանալու նպատակով:

5. Կողմ հանդիսացող պետությունը կարող է անհրաժեշտության դեպքում խորհրդակցել և համագործակցել կողմ հանդիսացող այլ պետությունների հետ ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և համապատասխան միջազգային այլ կազմակերպությունների միջոցով` պետության ներսում օգտագործվող, պահեստավորված կամ փոխադրվող միջուկային նյութի ու միջուկային տեղակայանքի ֆիզիկական պաշտպանության ազգային համակարգի մշակման, պահպանման և բարելավման վերաբերյալ ցուցումներ ստանալու նպատակով:»:

 

8. Կոնվենցիայի 6-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալ տեքստով.

1. Կողմ հանդիսացող պետությունները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան պահպանելու համար ցանկացած տեղեկության գաղտնիությունը, որն ստացել են կողմ հանդիսացող մեկ այլ պետությունից` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն կամ սույն Կոնվենցիայի իրականացման համար կազմակերպված ցանկացած միջոցառման մասնակցելու արդյունքում: Եթե կողմ հանդիսացող պետությունները գաղտնի տեղեկություն են տրամադրում միջազգային կազմակերպություններին կամ այն պետություններին, որոնք սույն կոնվենցիայի կողմ չեն հանդիսանում, պետք է քայլեր ձեռնարկվեն՝ ապահովելու համար այդ տեղեկության գաղտնիությունը: Կողմ հանդիսացող այն պետությունը, որն ստացել է գաղտնի տեղեկություն կողմ հանդիսացող մեկ այլ պետությունից, կարող է այդ տեղեկությունը տրամադրել երրորդ կողմի միայն այդ պետության համաձայնությամբ:

2. Սույն Կոնվենցիայով կողմ հանդիսացող պետություններից չի պահանջվում տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնց տրամադրումը չի թույլատրվում ազգային օրենսդրությամբ, կամ որոնք կարող են վտանգել տվյալ պետության անվտանգությունը կամ միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությունը:

 

9. Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին պարբերությունը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«1. Հետևյալ գործողությունների նկատմամբ կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն պետք է կիրառի պատժամիջոցներ՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան՝

ա) առանց օրինական թույլտվության ցանկացած գործողություն, որը ենթադրում է միջուկային նյութի ստացումը, տնօրինումը, օգտագործումը, փոխադրումը, ձևափոխումը, պահեստավորումը կամ տարածումը, և որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել անձի մահվան կամ պատճառել ծանր վնասվածք կամ վնաս գույքին կամ շրջակա միջավայրին.

բ) միջուկային նյութի գողություն կամ կողոպուտ.

գ) միջուկային նյութի յուրացում կամ խարդախությամբ ձեռք բերելը.

դ) գործողություն, որը ենթադրում է պետության ներսում կամ դրանից դուրս, առանց օրինական թույլտվության, միջուկային նյութի ներմուծումը, ուղարկումը կամ տեղափոխումը.

ե) միջուկային տեղակայանքի դեմ ուղղված գործողություն կամ միջուկային տեղակայանքի շահագործմանը միջամտող գործողություն, եթե հանցագործը կանխամտածված կերպով պատճառում է կամ տեղյակ է, որ կպատճառի մահ կամ լուրջ վնասվածք անձանց կամ՝ էական վնաս գույքին կամ շրջակա միջավայրին ճառագայթման ազդեցությամբ կամ ռադիոակտիվ նյութերի արտանետմամբ, եթե այդ գործողությունը չի իրականացվում կողմ հանդիսացող այն պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում տեղակայված է միջուկային տեղակայանքը.

զ) գործողություն, որը հանդիսանում է միջուկային նյութ տրամադրելու պահանջ` սպառնալիքով կամ ուժի գործադրմամբ կամ ահաբեկչական այլ գործողությունների միջոցով.

է) սպառնալիք՝

i) օգտագործելու միջուկային նյութը որևէ անձի մահ կամ լուրջ վնասվածք պատճառելու, գույքին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար կամ «ե» ենթակետում նշված իրավախախտումը կատարելու համար, կամ

ii) կատարելու «բ» և «ե» ենթակետերում նկարագրված իրավախախտումը՝ հարկադրելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ միջազգային կազմակերպությանը կամ պետությանը կատարել որևէ գործողություն կամ խուսափել որևէ գործողություն կատարելուց.

ը) «ա»-«ե» ենթակետերում նկարագրված իրավախախտումները կատարելու փորձ.

թ) «ա»-«ը» ենթակետերում նկարագրված իրավախախտումներին մասնակցություն ենթադրող գործողություն.

ժ) որևէ անձի գործողություն, որը կազմակերպում կամ ուղղորդում է այլ անձանց` կատարելու «ա»-«ե» ենթակետերում նկարագրված իրավախախտումները, և

ժա) գործողություն, որը նպաստում է «ա»-«ե» ենթակետերում նշված որևէ իրավախախտման կատարմանը անձանց խմբի կողմից, որոնք գործում են` հետապնդելով ընդհանուր նպատակ. այդպիսի գործողությունը պետք է լինի կանխամտածված կամ պետք է`

i) կատարվի խմբի հանցավոր գործունեությունը կամ հանցավոր մտադրությունը խթանելու նպատակով, եթե այդպիսի գործունեությունը կամ մտադրությունը ներառում է «ա»-«է» ենթակետերում նկարագրված իրավախախտման կատարում, կամ

ii) կատարվի` տեղյակ լինելով «ա»-«է» ենթակետերում նկարագրված իրավախախտումը կատարելու խմբի մտադրության մասին:»:

 

10. Կոնվենցիայի 11-րդ հոդվածից հետո ավելացվում է երկու նոր հոդված` 11Ա և 11Բ՝ հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11Ա

 

7-րդ հոդվածում նշված իրավախախտումներից ոչ մեկը չպետք է դիտարկվի անձի հանձնման կամ փոխադարձ իրավական աջակցության նպատակների համար՝ որպես քաղաքական հանցագործություն կամ որպես քաղաքական հանցագործության հետ կապված իրավախախտում կամ որպես քաղաքական նկատառումներով կատարված իրավախախտում: Հետևաբար նման իրավախախտման հիմքով անձի հանձնման կամ փոխադարձ իրավական աջակցության դիմումը կարող են չմերժել միայն այն հիմնավորմամբ, որ այն վերաբերում է քաղաքական հանցագործության կամ քաղաքական հանցագործության հետ կապված իրավախախտման կամ քաղաքական նկատառումներով կատարված իրավախախտման:

 

Հոդված 11Բ

 

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես անձի հանձնման կամ փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելու պարտավորության հարկադրում, եթե կողմ հանդիսացող հայցող պետությունը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ 7-րդ հոդվածում նշված իրավախախտում կատարած անձին հանձնելու կամ դրա հետ կապված իրավական աջակցության դիմումը ներկայացվել է՝ անձին մեղադրելու կամ պատժելու նպատակով` ռասայական, կրոնական, ազգության, էթնիկական ծագման կամ քաղաքական հայացքների հիմքերով, կամ՝ որ այդ դիմումի բավարարումը կարող է վնասել այդ անձին՝ թվարկված այս հիմքերից որևէ մեկի պատճառով:»:

 

11. Կոնվենցիայի 13-րդ հոդվածից հետո ավելացվում է նոր հոդված` 13Ա՝ հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13Ա

 

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է ազդի խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների փոխանցման վրա, որն իրականացվում է միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ուժեղացման նպատակով:»:

 

12. Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«3. Եթե իրավախախտումը կապված է պետության ներսում միջուկային նյութի օգտագործման, պահեստավորման կամ փոխադրման հետ, և ենթադրվող հանցագործն ու միջուկային նյութը մնում են կողմ հանդիսացող այն պետության տարածքում, որտեղ կատարվել է իրավախախտումը, կամ եթե իրավախախտումը կապված է միջուկային տեղակայանքի հետ, և ենթադրվող հանցագործը մնում է կողմ հանդիսացող այն պետության տարածքում, որտեղ կատարվել է իրավախախտումը, սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես կողմ հանդիսացող տվյալ պետությանն ուղղված պահանջ` տրամադրել տեղեկատվություն այդ իրավախախտումից բխող քրեական գործընթացների վերաբերյալ:»:

 

13. Կոնվենցիայի 16-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալ տեքստով.

 

«1. 2005թ. հուլիսի 8-ին ընդունված Փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո ավանդապահը պետք է հրավիրի Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների խորհրդաժողով՝ դիտարկելու համար սույն Կոնվենցիայի իրականացումը և դրա նախաբանի, գործառնական հիմնական մասի և հավելվածների համապատասխանությունը տվյալ պահին առկա իրավիճակին:

2. Այնուհետև ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ, կողմ հանդիսացող պետությունների մեծամասնությունը կարող է ստանալ նույն նպատակով խորհրդաժողով հրավիրելու հնարավորություն` ավանդապահին համապատասխան առաջարկություն ներկայացնելով:»:

 

14. Կոնվենցիայի II հավելվածի տողատակի «բ» ծանոթագրությունը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«բ)  Ռեակտորում գտնվող չճառագայթված նյութ կամ ռեակտորում գտնվող ճառագայթված նյութ, որի ճառագայթման մակարդակը, սակայն, հավասար է կամ ցածր է 1 գրեյ/ժամից (100 ռադ/ժամ)՝ մեկ մետր հեռավորության վրա՝ առանց պաշտպանության:»:

 

15. Կոնվենցիայի II հավելվածի տողատակի «ե» ծանոթագրությունը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«ե)  Այլ վառելիք, որը բնական տրոհվող նյութ պարունակելու պատճառով դասակարգվել է որպես I և II կատեգորիա, որի դասակարգման մակարդակը նախքան ճառագայթելը կարող է մեկ մակարդակով իջնել, եթե վառելիքի ճառագայթման մակարդակը գերազանցում է 1 գրեյ/ժամը (100 ռադ/ժամ) մեկ մետր հեռավորության վրա՝ առանց պաշտպանության:»:

 

Փոփոխությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 8-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան