Գլխավոր տեղեկություն
Номер
N 585-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2004-24.06.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.643
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2004
Дата вступления в силу
20.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 585-Ն

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1. Հիմնադրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ:

2. Հաստատել`

ա) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ` որպես գույքային ներդրում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 585-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտային կազմակերպություն է, որը հետապնդում է մշակութային, սոցիալական և բարեգործական նպատակներ:

2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Հիմնադրամի գործունեության ժամկետը՝ անժամկետ։

5. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 100.0 հազ. դրամի չափով գույքային ներդրում:

6. Հիմնադրամի անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

հայերեն կրճատ` ՄԱՄՄՀ

ռուսերեն լրիվ՝ Ôîíä «Åäèíàÿ íàöèÿ, åäèíàÿ êóëüòóðà»

ռուսերեն կրճատ՝ ÅÍÅÊÔ

անգլերեն լրիվ՝ «One nation, one culture» fund

անգլերեն կրճատ՝ ONOCF

7. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կառավարական տուն 3:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

8. Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը մշակույթի պահպանման տարածման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մշակույթի գործիչների սոցիալական պաշտպանության իրականացումն է:

9. Հիմնադրամի խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը աջակցությունը.

բ) առանձին մշակութային ծրագրերի իրականացմանը և դրանց տարածմանը աջակցությունը.

գ) մշակույթի բնագավառում ռազմավարական ծրագրերի մշակմանը աջակցությունը.

դ) միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը նպաստումը.

ե) ստեղծագործական ներուժի վերարտադրմանն աջակցությունը.

զ) մշակույթի գործիչներին կամ նրանց անապահով ընտանիքներին սոցիալական պաշտպանության աջակցությունը.

է) գիտական սեմինարների, համաժողովների, փառատոների անցկացումը և ցուցահանդեսների կազմակերպումը.

ը) ուսուցման կազմակերպման միջոցով մշակույթի բնագավառի մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.

թ) տեղեկատվական շտեմարանների և ցանցի ստեղծումը.

ժ) Հայաստանի Հանրապետությունում մշակութային զբոսաշրջության զարգացմանն աջակցությունը.

ժա) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

10. Հիմնադրամը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից:

11. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտավորություններ:

12. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում բանկային հաշվարկային և այլ հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության դրամով ու արտարժույթով, իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր եռալեզու կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, ինչպես նաև` օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ և այլ նշաններ:

13. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

14. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հիմնադրամը կարող է զբաղվել հետևյալ ձեռնարկատիրական գործունեությամբ՝

ա) հրատարակչական գործ,

բ) համերգային գործունեություն,

գ) տեղեկատվության կրիչների վերարտադրում,

դ) լեկտորիումների և ժողովրդական համալսարանների գործունեություն,

ե) հրատարակչական գործի այլ տեսակներ,

զ) ցուցահանդեսների կազմակերպում:

15. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

16. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը՝ հիմնադրամի պարտավորությունների համար:

17. Հիմնադրամի հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

18. Հիմնադրի՝ հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

19. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցներն իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

20. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ՝ դրամով ու արտարժույթով:

21. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝

ա) հիմնադրի ներդրումը.

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

գ) դրամական մուտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

դ) դրամաշնորհները.

ե) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

զ) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվել են դրանց կուտակմանն ուղղված մշակութային և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթման գործունեությունից.

է ) օրենքով չարգելված այլ միջոցներ:

22. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամի կազմակերպման և միջոցների հավաքա- գրման գործին մեծ նպաստ բերած անձանց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կարող են շնորհվել պատվավոր կոչումներ:

23. Հիմադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունները կարող են օգտագործվել այլ նպատակներով՝ միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են օգտագործվել միայն այն նպատակով, որը հայտարարվել է նախապես:

24. Հիմնադրամի ծախսերն են՝

ա) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը,

բ) վարչակառավարչական ծախսերը:

25. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը չպետք է գերազանցեն հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

26. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր գույքի օգտագործման մասին:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

27. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

Հիմնադրամի մարմիններն են՝

ա) հոգաբարձուների խորհուրդը,

բ) կառավարիչը՝ գործադիր տնօրենը:

28. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողությունն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ՝ խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

29. Խորհրդի առաջին կազմը կազմավորում է հիմնադիրը:

30. Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

31. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամներն իրենց կազմից՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

32. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամի համար կարող է սահմանվել փոխհատուցում նրա այն ծախսերի համար, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է խորհուրդը:

33. Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետի դադարման և նոր անդամի ընտրության կարգը սահմանվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք):

34. Խորհուրդն իր լիազորություններն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

35. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել խորհրդի պատվավոր անդամները, որոնք ներդրումներ են կատարել կամ աջակցում են հիմնադրամի գործունեության առարկայի և նպատակների իրականացման հարցում: Խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է խորհուրդը:

36. Խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

37. Խորհրդի նիստերը գումարվում են պարբերաբար՝ բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ նախագահի կողմից՝ պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

38. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային և այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

39. Խորհրդի իրավասություններն են`

ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրերի հաստատումը.

բ) հիմնադրամի բյուջեի, նրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

գ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

դ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

ե) խորհրդի նոր անդամի ընտրությունը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

զ) խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

է) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.

ը) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների մասին որոշումների ընդունումը.

թ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

ժ) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը.

ժա) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

ժբ) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

ժգ) կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

40. Խորհրդի իրավասության հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

41. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

42. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները:

Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` իր անդամների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ:

43. Խորհրդի նախագահը՝

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները,

բ) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք,

գ) կազմակերպում է նիստի արձանագրության վարումը:

44. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է անդամներից մեկը:

45. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը:

46. Գործադիր տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի:

Գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:

Գործադիր տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է խորհուրդը: Նրան առաջին անգամ կարող է պաշտոնի նշանակել նաև հիմնադիրը:

Գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:

Հիմնադրի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը:

47. Հիմնադրամի գործադիր տնօրենը՝

ա) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, հիմնադրամի անունից կնքում է գործարքներ.

բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

զ) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ.

է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպման կառուցվածքը և հաստիքացուցակը.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ) սահմանված կարգով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.

ժա) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

48. Գործադիր տնօրենն այլ կազմակերպությունում կարող է վճարովի այլ պաշտոններ զբաղեցնել միայն խորհրդի համաձայնությամբ:

49. Խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու գործադիր տնօրենի հետ կնքած պայմանագիրը՝ օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

50. Խորհրդի նիստերն արձանագրվում են օրենքին համապատասխան:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

51. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

Գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, նրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված՝ պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին ու այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, իրավական այլ ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

52. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը կատարվում է անկախ աուդիտորների կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ:

53. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

54. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

55. Հիմնադրամի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

56. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգը և ժամկետները:

57. Հիմնադրամը հաշվետվությունը հրապարակելուց հետո 15 օրվա ընթացքում, դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակվելու կամ նախազգուշացման պահանջները չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դրմել դատարան` հիմնադրամը լուծարելու համար:

58. Հիմնադրամը ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել`

ա) հաշվետվություն իր գործունեության մասին,

բ) իր տարեկան ֆինանսական հաշվետությունները,

գ) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

59. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

60. Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 585-Ն որոշման

Կ Ա Զ Մ

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (Ազգային ժողովի Նախագահի համաձայնությամբ)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ

Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ

Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ

Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ

Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ

Հայաստանի կոմպոզիտորների և երաժիշտների միության նախագահ

Հայաստանի գրողների միության նախագահ

Հայաստանի նկարիչների միության նախագահ

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

Գործարարներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.03.2011, N 303-Ն 07.04.2011, N 585-Ն
03.06.2004, N 829-Ն 24.06.2004, N 585-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան