Գլխավոր տեղեկություն
Номер
N 514-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.05.2004-06.08.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.584
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.2004
Дата вступления в силу
15.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2004 թվականի N 514-Ն

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 20
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 8-ի N 514-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող բույսերից, բուսական արտադրանքից և կարանտին օբյեկտի զննման ու բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշների տրամադրման կարգը:

2. Բույսերի, բուսական արտադրանքի և մյուս կարանտին օբյեկտների կարանտին վիճակը որոշվում է ամբողջ բեռնաբաժնի կարանտին զննման կամ վերահսկման ու դրանից վերցված նմուշների փորձաքննության հիման վրա:

3. Բույսերի, բուսական արտադրանքի և մյուս կարանտին օբյեկտների որոշակի խումբ (կաշվեղեն, բուրդ, թելատու բույսերից ստացված հումք, չորացրած մրգեր, համեմունքներ, դեղատու և եթերայուղատու բույսեր, ինչպես նաև փոխադրամիջոցները, տարան, փաթեթանյութը) ենթարկվում է արտաքին կարանտին զննման, մնացածները ենթարկվում են և արտաքին զննման, և բուսասանիտարական փորձաքննության:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

ա) զննում կամ վերահսկում` փոխադրամիջոցների, արտադրանքի և տարայի արտաքին ստուգում, բուսական արտադրանքում և այլ կարգավորվող առարկաներում հիվանդության հարուցիչների, միջատների ու մոլախոտերի սերմերի հայտնաբերման նպատակով դրանցից նմուշառում: Կարանտին և այլ վտանգավոր օրգանիզմների հայտնաբերման դեպքում զննումը դադարեցվում է, և բեռնաբաժինը ենթարկվում է վարակազերծման, որից հետո կատարվում է նմուշառում,

բ) փորձաքննություն` բեռնաբաժնից վերցված նմուշների լաբորատոր անալիզ` հայտնաբերված վնասատուների, հիվանդությունների հարուցիչների և մոլախոտերի սերմերի տեսակային կազմը որոշելու նպատակով,

գ) բեռնաբաժին` ցանկացած քանակի միասեռ արտադրանք, որը նախատեսված է միաժամանակյա ընդունման, բարձման համար, կամ պահպանվում է նույն պահեստում, սիլոսահորում, ամբարում,

դ) կետային նմուշ, կետային նմուշառում` բուսական արտադրանքի կամ կարգավորվող առարկայի ոչ մեծ քանակություն, որը բեռնաբաժնից վերցված է մեկ գործողության ընթացքում` միացյալ նմուշի ձևավորման համար,

ե) միացյալ նմուշ` բեռնաբաժնից վերցված կետային նմուշների ամբողջություն,

զ) միջին նմուշ` միացյալ նմուշի մի մասը, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության համար,

է) նմուշ-փաստաթուղթ` կարանտին միջատների, մակաբույծ նեմատոդների, մոլախոտերի սերմերի, հիվանդության հարուցիչների ու վնասատուների միկրոպատրաստուկները, հիվանդությունների և միջատների կողմից վնասված բույսերի մասերը, որոնք վերցվել են կարանտին զննման ու փորձաքննության համար, և որոնք բնութագրում են արտադրանքի բուսասանիտարական վիճակը:

 

III. ՍԵՐՄՆԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

5. Սերմնանյութի կետային նմուշառում կատարվում է յուրաքանչյուր բեռնաբաժնից: Խոշորասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 20-25 գրամից, իսկ մանրասերմերինը` 10 գրամից ոչ պակաս:

6. Պահպանվող և փոխադրվող սերմնանյութից կետային նմուշառումը կատարվում է`

ա) փոխադրվող սերմնանյութից` անմիջապես փոխադրամիջոցում` 5 կետից: Նշված յուրաքանչյուր կետում կետային նմուշները վերցվում են 3 շերտից.

բ) բեռնաբարձվող վագոններից, մեքենաներից` փոխադրիչի թափվող շիթից` հատուկ շերեփի միջոցով այն հատելով ամբողջ լայնքով, հավասար ժամանակահատվածներում, յուրաքանչյուր բարձված տոննայի հաշվով 100 գրամի չափով.

գ) վագոններում (կետային նմուշառումը կատարվում է անմիջապես վագոններում)` 16-20 տոննայի դեպքում` 5 կետից, 30-40 տոննայի դեպքում` 8 կետից, 60 տոննայի դեպքում` 11 կետից.

դ) վագոնային զետեղարաններով (բունկեր) տեղափոխման դեպքում` կարանտին փորձաքննության ենթակա վագոնի բոլոր զետեղարաններից (բունկերներից): Կետային նմուշի ընդհանուր քանակը` կախված վագոնի, ավտոմեքենայի տարողությունից, պետք է լինի 2-4,5 կգ:

7. Պահեստներում սերմնանյութի նմուշառման համար սերմնանյութի զբաղեցրած մակերեսը բաժանվում է մոտավորապես 20 քառ. մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից վերցվում է 5 կետից: Եգիպտացորենի կողրերից նմուշառումը կատարվում է նույն կարգով` վերցվում է առնվազն 30 կողր` յուրաքանչյուր 15 տոննայից:

8. Տարայով պահպանվող կամ փոխադրվող սերմնանյութի նմուշառման համար`

ա) պարկերով տարավորված սերմնանյութից կետային նմուշների քանակը որոշվում է` կախված բեռնաբաժնի մեծությունից`

մինչև 10 պարկի դեպքում` յուրաքանչյուր պարկից` 3 կետից նմուշ,

10-100 պարկի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդից` մեկական կետային նմուշ,

101-1000 պարկի դեպքում` յուրաքանչյուր տասներորդից` մեկական կետային նմուշ: Անհրաժեշտ է նմուշառումը կատարել այն պարկերից, որոնք գտնվում են մատչելի տեղերում, ընդ որում, մեկական նմուշ վերցնելու դեպքում նմուշառումը կատարվում է դարսակի վերին, միջին և ներքևի մասերից.

բ) փոքրածավալ պարկերում կամ ծրարներում փաթեթավորված (մինչև 3 կգ) սերմնանյութից նմուշառման դեպքում զննվում է փաթեթի ամբողջ պարունակությունը: Զննվող պարկերի քանակը կախված է բեռնաբաժնի մեծությունից`

մինչև 25 պարկի դեպքում զննվում են բոլոր պարկերը,

26-100 պարկի դեպքում զննվում է յուրաքանչյուր չորրորդ պարկը,

101-500 պարկի դեպքում զննվում է յուրաքանչյուր տասներորդը,

500-ից ավելիի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդը:

 

IV. ՏՆԿԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

9. Կախված տնկանյութի (տնկիներ, կտրոններ, մացառներ, արմատակտրոններ) բեռնաբաժնից` կարանտին զննման են ենթարկվում`

մինչև 500 հատի դեպքում` ամբողջ տնկանյութը,

501-3000 հատի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդը,

3001-10000 հատի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդը,

10000-ից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդը:

10. Արկղերում կամ պարկերով տարավորված գլուխ սոխի, պալարների, սոխուկների, տնկանյութերից կետային նմուշներ վերցվում են ձեռքով, պարկի (արկղի) ամբողջ խորությամբ` յուրաքանչյուրից 80-100 գրամի չափով:

Նմուշառման ենթակա արկղերի քանակը կախված է բեռնաբաժնի մեծությունից`

մինչև 500 պարկի (արկղի) դեպքում` յուրաքանչյուր քսաներորդից,

500-1000 պարկի դեպքում` յուրաքանչյուր երեսուներորդից,

1000-ից ավելիի դեպքում` յուրաքանչյուր քառասուներորդից:

Թույլատրվում է փոխադրամիջոցներում բեռնաբարձված պարկերից (արկղերից) կետային նմուշառում կատարել մատչելի տեղերում գտնվող պարկերից (արկղերից):

11. Առանց տարայի պահպանվող կամ փոխադրվող սերմացու կարտոֆիլից, սոխուկներից, պալարներից կետային նմուշառումը կատարվում է 11 տեղից, 2 խորության վրա:

Բեռնաբարձման ժամանակ կետային նմուշները վերցվում են հավասար ժամանակահատվածներում` յուրաքանչյուր 10 տոննայից 200 պալարի հաշվով:

Կարտոֆիլի սերմացուի տարայով պահպանման ժամանակ կետային նմուշները վերցվում են ընդհանուր պարկերի (արկղերի) քանակի 5 տոկոսից ոչ պակաս չափով:

12. Փորձաքննության համար վերցվում է նաև կարտոֆիլի պալարներից թափված հողը (հողի ավլուկը)`

ա) առանց տարայի պահպանվող կարտոֆիլից` կույտի վերին շերտից (մինչև 30 սմ),

բ) տեղափոխվող կարտոֆիլից` յուրաքանչյուր փոխադրամիջոցից, պալարների ներքևի շերտից կամ հատակից` բեռնաթափումից հետո,

գ) պահպանվող կամ տեղափոխվող կարտոֆիլից` 5-10 տեղից` հավասար հատվածներում:

 

V. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

13. Պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից (հացահատիկ, հատիկաընդեղեններ, ալրաղացային արտադրանք, եգիպտացորեն, արևածաղիկ, կարտոֆիլ, գլուխ սոխ, ճակնդեղ) կետային նմուշառման չափը որոշվում է` ելնելով փոխադրամիջոցների քանակից, և կետային նմուշառումը կատարվում է`

ա) մինչև 5 միավոր փոխադրամիջոցի դեպքում` յուրաքանչյուրից,

բ) 6-15 փոխադրամիջոցի դեպքում` յուրաքանչյուր երրորդից,

գ) 15-ից ավելի փոխադրամիջոցի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդից,

դ) պահպանվող կարտոֆիլից, արմատապտուղներից և սոխուկներից` նախապես 100 քառ. մետր բաժանված հատվածներից:

14. Տեղափոխվող և պահպանվող տարավորված մանրասերմ մշակաբույսերի մթերքներից վերցվում է`

մինչև 100 պարկի դեպքում` յուրաքանչյուր երկրորդից` մեկական կետային նմուշ,

101-ից 500 պարկի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդից` մեկական կետային նմուշ,

501-ից 1000 պարկի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդից` մեկական կետային նմուշ,

1000-ից ավելիի դեպքում` յուրաքանչյուր երկու հարյուրերորդից` մեկական կետային նմուշ:

Մեկական կետային նմուշառման դեպքում նմուշառման տեղերը տարածության մեջ պետք է հաջորդաբար փոփոխվեն:

15. Բանջարեղենից և պտուղներից կետային նմուշառումը կատարվում է բեռնաբաժնում նրանց ունեցած տեղերի քանակից`

մինչև 100 տեղի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդից,

101-500 տեղի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդից,

501-1000 տեղի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդից,

1000-ից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդից:

16. Յուրաքանչյուր կետային նմուշը պետք է կազմի 5-10 պալար, պտուղ, սոխուկ կամ 200-300 գրամ այլ մթերք:

 

VI. ԵԼԱՆՅՈՒԹԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

17. Բեռնաբաժնից վերցված կետային նմուշները մանրակրկիտ զննվում են: Նմուշների համասեռության դեպքում բոլոր կետային նմուշները դատարկվում են մաքուր, հարթ մակերեսի վրա և զննվում են վնասատուների ու մոլախոտերի սերմերի հայտնաբերման նպատակով:

Զննման ժամանակ հայտնաբերված վնասատուները (կենդանի կամ մեռած), հիվանդ և վնասված սերմերը, մոլախոտերի սերմերն առանձնացվում են փորձանոթներում և մոմլաթե տոպրակներում, պիտակավորվում և կցվում են միջին նմուշին: Բոլոր կետային նմուշների ընդհանրությունը կազմում է միացյալ նմուշ:

18. Եթե կետային նմուշների զննման ընթացքում նկատվում են ակնհայտ տարբերություններ, ապա կատարվում է կրկնակի կետային նմուշառում, ընդ որում, յուրաքանչյուր կետային նմուշ տեղում մանրազնին դիտվում է բեռնաբաժնի յուրաքանչյուր համասեռ բեռնամասի տարանջատման և տվյալ բեռնամասի համար առանձին միավորված նմուշ կազմելու նպատակով:

 

VII. ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ

 

19. Կարանտին զննում անցկացնելու համար գյուղատնտեսական մթերքներից միջին նմուշները վերցվում են հետևյալ չափերով`

 

NN ը/կ

Մշակաբույսի անվանումը

Միջին նմուշի չափը

1

2

3

 

1. ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐ (ՍԵՐՄԵՐ ԵՎ ՀԱՏԻԿ)

 

1.

Եգիպտացորեն հատիկ կողրեր

1500 գրամ  25 հատ

2.

Ցորեն, աշորա, գարի, բրինձ, վարսակ

1000 գրամ

3.

Կորեկ, չումիզա, հնդկացորեն

500 գրամ

4.

Մոգար, սորգո, աֆրիկյան կորեկ

250 գրամ

 

2. ԸՆԴԵՂԵՆՆԵՐ

 

5.

Ձավարային ընդեղեններ

2000 գրամ

6.

Ոլոռ, լոբի, ոսպ, տափոլոռ, սոյա, բակլա

1000 գրամ

 

3. ՀԱՑԱԶԳԻ ԵՎ ԸՆԴԱՎՈՐ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ

 

7.

Կորնգան, վիկ, լյուպին

1000 գրամ

8.

Առվույտ, իշառվույտ, երեքնուկ, սերադելլա, սուդանի խոտ

250 գրամ

9.

Ցորնուկ, անտառային տափոլոռ

100 գրամ

10.

Ոզնախոտ հավաքված, տափաստանային կերասեզ (ժիտնյակ),  շյուղախոտ, ռայգրաս, տիմոֆեևկա

150 գրամ

11.

Դաշտախոտուկ, դաշտավլուկ

30 գրամ

 

4. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ, ԿԵՐԱՅԻՆ ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՍԵՐՄԵՐ

 

12.

Ճակնդեղ (սեղանի, շաքարի, կերի)

800 գրամ

13.

Ձմերուկ, դդմիկ, դդում

500 գրամ

14.

Վարունգ, սեխ

250 գրամ

15.

Սպանախ, սոխ, կանգկուր

100 գրամ

16.

Սերմացու գլուխ սոխ

1500 գրամ

17.

Սամիթ, գինձ, գազար, պոմիդոր, կաղամբ, սմբուկ

30 գրամ

 

5. ԾԱՂԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ

 

18.

Հնդկոտեմ, ախրիզան, վիկ բուրավետ, ծնեբեկ, ձևավոր  (դեկորատիվ) դդում, արմավ

500 գրամ

19.

Խոշորասերմ` նարգիզ, նեմոֆիլա, արջտակ, ցիկլամեն, միամյա  գեորգինաներ

50 գրամ

20.

Միջին մեծության սերմեր` աստղածաղիկ, թավշածաղիկներ,  ագերատում, ալիսում, մեխակ, արևադարձ, շնորհիկ (կլարկիա)

15 գրամ

21.

Մանրասերմեր` ծխածաղիկ, բեգոնիա, լորեշիա, բուրավետ  ծխախոտ

1 գրամ

 

6. ԾԱՌԵՐԻ ԵՎ ԹՓՈՒՏՆԵՐԻ ՍԵՐՄԵՐ

 

22.

Խոշորապտուղներ` ծիրան, սալոր, կաղին, մայրի (կեդր), դեղձ

1000 գրամ

23.

Միջին մեծության սերմեր` խնձոր, ցախակեռաս, սզնի

100 գրամ

24.

Մանրասերմ` բարդի, հաղարջ, թույր, կենսածառ

20 գրամ

 

7. ՅՈՒՂԱՏՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

 

25.

Գերչակ (տզկանեփ), արախիս

1500 գրամ

26.

Արևածաղիկ, բամբակ, կակաոյի ունդեր, սուրճի հատիկներ

1000 գրամ

27.

Կանեփ, վուշ, կանճրակ

500 գրամ

28.

Բամիա, ախտորիկ (բամբակաղբեր)

200 գրամ

29.

Մանանեխ, քունջութ, դաշտակտավատ, պերիլլա, հլածուկ, սորուկ, սև պղպեղ, դարչին

100 գրամ

30.

Գվայուլլա, հնդկանեփ

40 գրամ

31.

Գայլուկ, ճարճատուկ

50 գրամ

32.

Կակաչ, ծխախոտ

20 գրամ

 

8. ԹԱՐՄ ԵՎ ՉՈՐԱՑՐԱԾ ՄՐԳԵՐ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆ

 

33.

Ադամաթուզ (բանան), արքայախնձոր (անանաս), նուռ,  թուրինջ (գրեյպֆրուտ), կիվի, ֆեյխոա, կոկոս

5000 գրամ

34.

Տանձ, խնձոր, լիմոն, մանդարին, դեղձ

3000 գրամ

35.

Կորիզավորներ` ծիրան, սալոր, կեռաս, շլոր

1000 գրամ

36.

Խաղող

2000 գրամ

37.

Սմբուկ, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ

5000 գրամ

38.

Ձմերուկ, սեխ, դդում, դդմիկ

5000 գրամ

39.

Չորացրած խառը մրգեր, չամիչ, քիշմիշ

2000 գրամ

40.

Ընկուզեղեն` տարբեր տեսակների

1500 գրամ

 

9. ՁԱՎԱՐԵՂԵՆ, ԹԵՅ, ԱԼՅՈՒՐ, ՀՈՂԻ ԱՎԼՈՒԿՆԵՐ

 

41.

Ձավարեղեն` բրնձի, ցորենի, հնդկացորենի, վարսակի, կորեկի 

1000 գրամ

42.

Թեյ

1000 գրամ

43.

Ալյուր

500 գրամ

44.

Հողի ավլուկներ (սերմացու և պարենային կարտոֆիլ)

200 գրամ

 

20. Թարմ պտուղներից և բանջարեղենից միջին նմուշը հիմնականում կազմվում է վնասատուներից ու հիվանդությունների հարուցիչներից վնասված նմուշներից: Կարտոֆիլի, արմատապտուղների, սոխի միջին նմուշներում պարտադիր ներառվում են նաև դրանցից թափվող հողը:

21. Միջին նմուշն առանձնացվելուց հետո, կարանտին տեսուչի կողմից, ապրանքի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցիչների և մաքսային ծառայողի ներկայությամբ կազմվում է նմուշառման ակտ, իսկ մնացած նմուշի մնացորդները վերադարձվում են:

 

VIII. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

22. Վերցված միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին օրգանիզմներ, վարակազերծվում են, առնվազն 3 ամիս պահպանվում սահմանային կետում կամ լաբորատորիայում, որից հետո հանվում են հաշվառումից և ոչնչացվում:

23. Վերցված միջին նմուշները, որոնցում չեն հայտնաբերվել կարանտին օրգանիզմներ, վերադարձվում են:

24. Շուտ փչացող մթերքների միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին օրգանիզմներ, ոչնչացվում են: Տվյալ կարանտին օրգանիզմի առավել բնութագրող նմուշները կարանտին օրգանիզմի հետ միասին և որպես նմուշ-փաստաթուղթ պահպանվում են 3 ամիս:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան