Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (23.09.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
26.10.1979
Дата подписания
26.10.1979
Дата вступления в силу
23.09.1993

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

ճանաչելով բոլոր պետությունների իրավունքը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի զարգացման և կիրառման նկատմամբ և նրանց օրինական շահագրգռվածությունը` կապված խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի կիրառման արդյունքում հնարավոր օգուտի ստացման հետ,

համոզված լինելով խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի կիրառման ոլորտում միջազգային համագործակցությանը օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտության մեջ,

ցանկանալով կանխել միջուկային նյութի ապօրինի զավթման և օգտագործման պոտենցիալ վտանգը,

համոզված լինելով նրանում, որ միջուկային նյութի նկատմամբ կատարված իրավախախտումները հանդիսանում են լուրջ մտահոգության առարկա և որ գոյություն ունի խիստ անհրաժեշտություն ձեռնարկելու համապատասխան և արդյունավետ միջոցներ այդպիսի իրավախախտումները կանխելու, բացահայտելու և պատժելու համար,

 գիտակցելով, յուրաքանչյուր մասնակից պետության ազգային օրենսդրությանը և սույն Կոնվենցիային համապատասխան, միջազգային համագործակցության անհրաժեշտությունը միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության արդյունավետ միջոցների մշակման համար,

համոզված լինելով նրանում, որ սույն Կոնվենցիան պետք է նպաստի միջուկային նյութի անվտանգ տեղափոխմանը,

ընդգծելով նաև միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կարևորությունը երկրի ներսում նրա օգտագործման, պահպանման և տեղափոխման ընթացքում,

ընդունելով ռազմական նպատակներով օգտագործվող միջուկային նյութի արդյունավետ ֆիզիկական պաշտպանության կարևորությունը, հասկանալով, որ այդպիսի նյութը գտնվում է և պետք է գտնվի խիստ ֆիզիկական պաշտպանության տակ,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

ա) «միջուկային նյութ» նշանակում է պլուտոնիում, բացառությամբ պլուտոնիումի, որի իզոտոպների կոնցենտրացիան 80%-ով գերազանցում է պլուտոնիում-238-ը, ուրան-233-ը, ուրան, իզոտոպներով հարստացված ուրան-235-ը կամ ուրան-233-ը, իզոտոպների խառնուրդ պարունակող ուրան, որը բնության մեջ հանդիպում է հանքանյութերից կամ հանքանյութի մնացորդներից տարբերվող ձևով և ցանկացած նյութ, որը պարունակում է վերը նշված էլեմենտներից մեկը կամ ավելին,

բ) «իզոտոպներով հարստացված ուրան-235 կամ ուրան-233» նշանակում է ուրան, որը պարունակում է ուրան-235-ի կամ ուրան-233-ի իզոտոպներ կամ երկու իզոտոպներն էլ այնպիսի քանակությամբ, որ այդ իզոտոպների ավելցուկային գումարի տոկոսը, համեմատած ուրան-238-ի իզոտոպի, բարձր է, քան ուրան-235-ի իզոտոպի տոկոսը, համեմատած բնության մեջ հանդիպող ուրան-238-ի իզոտոպի հետ,

գ) «միջուկային նյութի միջազգային փոխադրում» նշանակում է միջուկային նյութի խմբաքանակի փոխադրում տրանսպորտի ցանկացած միջոցներով, որոնք ուղղվում են բեռի ծագման պետության տարածքից դուրս` սկսած այդ պետությունում ուղարկողի տեղակայանքից ուղարկելու պահից և վերջացրած վերջնական հասցեատեր պետությունում ստացողի տեղակայանք ժամանելու պահով:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է խաղաղ նպատակներով օգտագործվող և միջազգային փոխադրման գործընթացում գտնվող միջուկային նյութի նկատմամբ:

2. Բացառությամբ 3-րդ և 4-րդ հոդվածների և 5-րդ հոդվածի 3-րդ կետի, սույն Կոնվենցիան կիրառվում է նաև խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի նկատմամբ` պետության ներսում նրա օգտագործման, պահպանման և տեղափոխման ժամանակ:

3. Բացի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված պետության ներսում խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի օգտագործման, պահպանման և տեղափոխման ժամանակ մասնակից պետությունների կողմից իրենց վրա վերցրած հատուկ պարտավորություններից, ոչինչ սույն Կոնվենցիայում չի մեկնաբանվում որպես պետության ինքնիշխան իրավունքների խախտում, կապված պետության ներսում այդպիսի միջուկային նյութի օգտագործման, պահպանման և փոխադրման հետ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն իր ազգային օրենսդրության շրջանակներում, միջազգային իրավունքին համապատասխան, կիրառում է պատշաճ միջոցներ հնարավորինս ապահովելու այն, որ միջուկային նյութը միջազգային փոխադրման ժամանակ, որը գտնվում է իր տարածքի սահմաններում կամ իր իրավասության ներքո գտնվող նավում կամ ինքնաթիռում, եթե այդպիսի նավը կամ ինքնաթիռը մասնակցում է փոխադրմանը այդ պետություն կամ նրանից դուրս, պաշտպանվի Հավելված 1-ում նկարագրված մակարդակներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն չի արտահանում կամ չի թույլատրում արտահանել միջուկային նյութ, եթե այդ մասնակից պետությունը չի ստացել երաշխիքներ այն բանի համար, որ այդպիսի նյութը միջազգային փոխադրման ժամանակ կլինի պաշտպանված, Հավելված 1-ում նկարագրված մակարդակով:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն չի ներմուծում կամ չի թույլատրում ներմուծել միջուկային նյութ որևէ այլ պետությունից, որը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, եթե մասնակից պետությունը չի ստացել երաշխիքներ այն մասին, որ այդպիսի նյութը միջազգային փոխադրման ժամանակ կլինի պաշտպանված, Հավելված 1-ում նկարագրված մակարդակով:

3. Մասնակից պետությունը թույլ չի տալիս միջուկային նյութի տարանցիկ փոխադրում իր տարածքով` ցամաքով կամ ներքին ջրային ուղիներով, կամ իր օդանավակայաններով, կամ նավահանգիստներով այն պետությունների միջև, որոնք չեն հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակիցներ, եթե այդ մասնակից պետությունը հնարավորության սահմաններում չի ստացել երաշխիքներ, որ այդպիսի նյութը միջազգային փոխադրման ժամանակ պաշտպանված կլինի Հավելված 1-ում նկարագրված մակարդակով:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր ազգային օրենսդրության շրջանակներում կիրառում է Հավելված 1-ում նկարագրված ֆիզիկական պաշտպանության մակարդակները միջուկային նյութի նկատմամբ, որի տեղափոխումը իրականացվում է միջազգային ջրերով կամ օդային տարածքով այդ պետության մի մասից նույն պետության մեկ ուրիշ մաս:

5. Մասնակից պետությունը, որը պատասխանատու է երաշխիքների ստացման համար այն բանում, որ միջուկային նյութը կլինի պաշտպանված Հավելված 1-ում նկարագրված մակարդակներով` վերոնշյալ 1-ից 3-րդ կետերին համապատասխան, որոշում և վաղօրոք տեղեկացնում է այն պետություններին, որոնց տարածքներով ենթադրվում է միջուկային նյութի տարանցիկ փոխադրումը` ցամաքով կամ ներքին ջրային ուղիներով, կամ, որոնց օդանավակայաններ կամ նավահանգիստներ է ենթադրվում մտնել միջուկային նյութով:

6. 1-ին կետում նշված երաշխիքների ստացման պատասխանատվությունը, փոխադարձ համաձայնության հիման վրա, կարող է հանձնվել այն մասնակից պետությանը, որը տեղափոխման ժամանակ հանդիսանում է ներմուծող պետություն:

7. Սույն հոդվածում ոչինչ չի մեկնաբանվում որպես որևէ կերպ պետության տարածքային ինքնիշխանության և իրավասության խախտում, ներառյալ ինքնիշխանությունը և իրավասությունը նրա օդային տարածքի և տարածքային ծովի նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Մասնակից պետությունները որոշում են իրենց կենտրոնական մարմինը և կապի կետը, որոնք պատասխանատու են միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության և համաձայնեցված միջոցառումների ապահովման համար, կապված միջուկային նյութի ցանկացած անօրինական տեղափոխման, օգտագործման կամ միջուկային նյութի փոփոխման, կամ այդպիսի գործողությունների իրական վտանգի դեպքում վերադարձման և պատասխան գործողությունների հետ և անմիջականորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցով տեղեկացնում են միմյանց:

2. Միջուկային նյութի գողության, կողոպուտի միջոցով զավթման կամ միջուկային նյութի ցանկացած այլ անօրինական զավթման կամ այդպիսի գործողությունների իրական վտանգի առկայության դեպքում մասնակից պետությունները, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, ապահովում են առավելագույն համագործակցություն և ցուցաբերում են օգնություն այդպիսի նյութի վերադարձման և պաշտպանության գործում ցանկացած պետության, որը դիմում է նման խնդրանքով: Մասնավորապես`

ա) մասնակից պետությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի, որքան հնարավոր է արագ, տեղեկացնի մյուս պետություններին, որոնց, իր կարծիքով, դա վերաբերում է, միջուկային նյութի ցանկացած գողության, կողոպուտի միջոցով զավթման կամ միջուկային նյութի այլ անօրինական զավթման կամ այդպիսի գործողությունների իրական վտանգի մասին, ինչպես նաև տեղեկացնի միջազգային կազմակերպություններին, երբ դա անհրաժեշտ է,

բ) երբ դա անհրաժեշտ է, շահագրգիռ մասնակից պետությունները փոխանակում են տեղեկություն, միմյանց կամ միջազգային կազմակերպությունների հետ` վտանգի տակ գտնվող միջուկային նյութի պաշտպանությունն ապահովելու, տրանսպորտային կցորդի ամբողջականությունը ստուգելու կամ անօրինական զավթված միջուկային նյութը վերադարձնելու նպատակով, և

i) համադրում են իրենց ուժերը դիվանագիտական և այլ համաձայնեցված ուղիներով,

ii ) օգնություն են ցույց տալիս, եթե այն խնդրված է,

iii ) ապահովում են հափշտակված կամ կորած միջուկային նյութի վերադարձը` վերոհիշյալ դեպքերի արդյունքում:

Այդպիսի համագործակցության իրականացման ձևերը որոշվում են շահագրգիռ մասնակից պետությունների կողմից:

3. Մասնակից պետությունները, անմիջականորեն կամ միջազգային կազմակերպությունների օգնությամբ, միմյանց հետ պատշաճ կերպով համագործակցում և անցկացնում են խորհրդակցություններ, նպատակ ունենալով ստանալ առաջարկություններ` կապված միջազգային փոխադրման գործընթացում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության համակարգի կազմակերպման, շահագործման և բարելավման հետ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Մասնակից պետությունները ձեռնարկում են իրենց ազգային օրենսդրության հետ համատեղելի համապատասխան միջոցներ` ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու համար, որը նրանք ստանում են մեկ ուրիշ մասնակից պետությունից, գաղտնի կարգով, սույն Կոնվենցիայի դրույթների ուժով կամ սույն Կոնվենցիայի իրականացման նպատակով տարվող գործողություններին մասնակցելու արդյունքում: Եթե մասնակից պետությունները միջազգային կազմակերպություններին տրամադրում են գաղտնի տեղեկատվություն, ապա կիրառվում են միջոցներ այդպիսի տեղեկատվության գաղտնիության պահպանությունը ապահովելու համար:

2. Սույն Կոնվենցիայի պայմաններով, մասնակից պետություններից չի պահանջվում տրամադրել որևէ տեղեկատվություն, որը նրանք իրավունք չունեն հրապարակել իրենց ազգային օրենսդրության համաձայն կամ որը կարող է վտանգի տակ դնել շահագրգիռ պետության անվտանգությունը կամ միջուկային նյութի պաշտպանությունը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

1. Կանխամտածված կատարում.

ա) առանց իրավասու մարմինների թույլտվության, այնպիսի գործողությունները, ինչպիսիք են միջուկային նյութի ստացումը, տնօրինումը, օգտագործումը, փոխանցումը, ձևափոխումը, ոչնչացումն ու փոշիացումը, որն առաջ է բերում կամ կարող է առաջ բերել ցանկացած անձի մահ կամ պատճառել լուրջ խեղում, կամ էական վնաս հասցնել սեփականությանը,

բ) միջուկային նյութի գողությունը կամ կողոպուտի միջոցով նրա զավթումը,

գ) միջուկային նյութի յուրացումը կամ խաբեության միջոցով ձեռք բերումը,

դ) գործողություններ, որոնք իրենցից ներկայացնում են պահանջներ ուժային սպառնալիքների կամ ուժի կիրառման եղանակով կամ վախեցնելու որևէ այլ ձևերի օգնությամբ միջուկային նյութի հանձնման համար,

ե) սպառնալիքներ.

i) օգտագործել միջուկային նյութը, նպատակ ունենալով առաջ բերել ցանկացած անձի մահ կամ պատճառել նրան լուրջ խեղում, կամ էական վնաս հասցնել սեփականությանը, կամ

ii) կատարել «բ» ենթակետում նշված իրավախախտում, նպատակ ունենալով հարկադրել ֆիզիկական կամ իրավաբանական անձին, միջազգային կազմակերպությանը կամ պետությանը կատարելու որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրանից,

զ) փորձ անել կատարելու «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված որևէ իրավախախտում,

է) գործողություններ, ինչպիսին է «ա»-ից «զ» ենթակետերում նշված որևէ իրավախախտման մեջ մասնակցությունը,

հանդիսանում են իրավախախտումներ, որոնք պատժելի են յուրաքանչյուր մասնակից պետությունում` իրենց ազգային օրենսդրության շրջանակներում:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն, հաշվի առնելով իրավախախտման վտանգավորությունը, ընդունում է համապատասխան պատժիչ միջոցներ, սույն հոդվածում թվարկված իրավախախտումների կատարման համար:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն 7-րդ հոդվածում նշված իրավախախտումների նկատմամբ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր իրավասության հաստատման համար, հետևյալ դեպքերում.

ա) երբ իրավախախտումը կատարվել է այդ պետության տարածքում կամ այդ պետությունում գրանցված նավի վրա կամ ինքնաթիռում,

բ) երբ ենթադրվող իրավախախտը հանդիսանում է այդ պետության քաղաքացի:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ իրավախախտումների վրա իր իրավասության տարածման համար, այն դեպքերում, երբ ենթադրվող իրավախախտը գտնվում է իր տարածքում և այդ պետությունը, համաձայն 11-րդ հոդվածի, չի հանձնում նրան 1-ին կետում հիշատակված պետություններից ոչ մեկին:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավասություն, որը իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան:

4. Բացի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված մասնակից պետություններից, յուրաքանչյուր մասնակից պետություն, միջազգային իրավունքին համապատասխան, կարող է հաստատել իր իրավասությունը 7-րդ հոդվածում նշված իրավախախտումների նկատմամբ, երբ նա միջուկային նյութի փոխադրման ժամանակ հանդես է գալիս որպես արտահանող կամ ներմուծող պետություն:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Մասնակից պետությունը, որի տարածքում է գտնվում ենթադրվող իրավախախտը, հավաստիանալով բավարար հիմքերի առկայության մեջ, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է պատշաճ միջոցներ, ներառյալ կալանավորումը` ապահովելու համար նրա դատարան ներկայանալը կամ ապահովելու նրա հանձնումը: Պետությունը, որից, համաձայն 8-րդ հոդվածի, պահանջվում է հաստատել իրավասություն և, երբ դա անհրաժեշտ է, մյուս բոլոր շահագրգիռ պետությունները ևս, անմիջապես տեղեկացվում են սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին:

 

Հ ո դ վ ա ծ 10

 

Մասնակից պետությունը, որի տարածքում է գտնվում ենթադրվող իրավախախտը, եթե չի հանձնում նրան, ապա առանց որևէ բացառության և չարդարացված հետաձգման, գործը հանձնում է իր իրավասու մարմիններին, այդ պետության օրենսդրության համաձայն, դատական քննության միջոցով քրեական հետապնդումն ապահովելու նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ 11

 

1. 7-րդ հոդվածում թվարկված իրավախախտումները դիտվում են որպես իրավախախտների հանձնման հետ կապված իրավախախտումներ, որոնք ներառված են մասնակից պետությունների միջև գոյություն ունեցող հանձնման մասին ցանկացած համաձայնագրում: Մասնակից պետությունը պարտավորվում է ներառել այդ իրավախախտումները, որպես հանձնման հետ կապված իրավախախտումներ, հանձնման վերաբերյալ բոլոր հետագա համաձայնության մեջ, որոնք կկնքվեն նրանց միջև:

2. Եթե մասնակից պետությունը, որը պայմանավորում է իրավախախտի հանձնումը այդպիսի համաձայնագրի գոյությամբ, ստանում է հանձնման մասին պահանջ այլ մասնակից պետությունից, որի հետ նա չունի հանձնման մասին համաձայնագիր, ցանկության դեպքում, կապված այդպիսի խախտումների հետ, կարող է դիտել սույն Կոնվենցիան որպես հանձնման համար իրավական հիմք: Հանձնման վրա տարածվում են պահանջ ստացած պետության օրենսդրությամբ նախատեսված այլ դրույթներ:

3. Մասնակից պետությունները, որոնք չեն պայմանավորում իրավախախտի հանձնումը համաձայնագրի գոյությամբ, միմյանց միջև ճանաչում են հիշատակված իրավախախտումները, որպես հանձնման հետ կապված իրավախախտումներ, որոնք համընկնում են պահանջ ստացած պետության օրենսդրությամբ նախատեսված դրույթների հետ:

4. Իրավախախտումներից յուրաքանչյուրը, կապված մասնակից պետությունների միջև հանձնման իրականացման հետ, դիտվում է որպես իրավախախտում կատարված ոչ միայն այն վայրում, որտեղ այն տեղի է ունեցել, այլ նաև մասնակից պետությունների տարածքում, որոնցից պահանջվում է կիրառել իրենց իրավասությունները, 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ 12

 

Յուրաքանչյուր անձի, որի նկատմամբ իրականացվում է դատական քննություն, կապված 7-րդ հոդվածում նշված ցանկացած իրավախախտման հետ, դատական քննության բոլոր փուլերում երաշխավորվում է արդարացի վերաբերմունք:

 

Հ ո դ վ ա ծ 13

 

1. Մասնակից պետությունները միմյանց ցուցաբերում են առավելագույն աջակցություն, կապված 7-րդ հոդվածում նշված իրավախախտումների նկատմամբ քրեական դատաքննության հետ, ներառյալ այդպիսի դատաքննության համար անհրաժեշտ իրենց տնօրինության տակ գտնվող ապացույցների տրամադրումը: Այդ բոլոր դեպքերում կիրառվում է աջակցելու խնդրանք ստացած պետության օրենսրությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն խախտում երկկողմ կամ բազմակողմ ցանկացած այլ պայմանագրից բխող պարտավորությունները, որը ամբողջությամբ կամ մասնակի կարգավորում է կամ պետք է կարգավորի փոխադարձ օգնությունը` կապված քրեական գործերի քննության հետ:

 

Հ ո դ վ ա ծ 14

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն տեղեկացնում է ավանդապահին սույն Կոնվենցիայի կենսագործմանը վերաբերող իր օրենքների և որոշումների մասին: Ավանդապահը այդպիսի տեղեկությունները պարբերաբար ուղարկում է սույն Կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին:

2. Մասնակից պետությունը, որում, ընդդեմ ենթադրվող իրավախախտի, սկսված է քրեական հետապնդում, հնարավորության սահմաններում, առաջին հերթին տեղեկացնում է անմիջականորեն շահագրգիռ պետություններին դատական քննության վերջնական արդյունքի մասին: Մասնակից պետությունը վերջնական որոշման մասին տեղեկացնում է նաև ավանդապահին, որը տեղեկացնում է բոլոր մասնակից պետություններին:

3. Եթե իրավախախտումները վերաբերում են պետության ներսում խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի օգտագործմանը, պահպանմանը կամ փոխադրմանը, իսկ ենթադրվող իրավախախտը և միջուկային նյութը մնում են այն մասնակից պետության տարածքում, որտեղ տեղի է ունեցել իրավախախտումը, ոչինչ սույն Կոնվենցիայում չի մեկնաբանվի որպես պահանջ մասնակից պետությանը` տրամադրելու տեղեկություն այդպիսի իրավախախտումից բխող դատական քննության մասին:

 

Հ ո դ վ ա ծ 15

 

Հավելվածները հանդիսանում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը:

 

Հ ո դ վ ա ծ 16

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի անց, ավանդապահը հրավիրում է մասնակից պետությունների խորհրդաժողով` քննարկելու սույն Կոնվենցիայի կատարման հարցը և նրա նախաբանի, բոլոր բաղկացուցիչ մասերի և Հավելվածների համապատասխանությունը իրավիճակի այդ պահին գոյություն ունեցող պահանջներին:

2. Հետագայում` ոչ հաճախ, քան հինգ տարին մեկ անգամ, Կոնվենցիայի մասնակից պետությունների մեծամասնությունը նույն նպատակով կարող է հրավիրել հետագա խորհրդաժողովներ` դիմելով ավանդապահին համապատասխան առաջարկությամբ:

 

Հ ո դ վ ա ծ 17

 

1. Երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճի առկայության դեպքում այդպիսի մասնակից պետությունները անցկացնում են համատեղ խորհրդակցություններ` վեճը բանակցությունների կամ վեճի բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած այլ խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակով:

2. Նմանատիպ բնույթի ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել 1-ին կետում նշված միջոցներով, վեճին մասնակցող ցանկացած կողմի խնդրանքով, փոխանցվում է արբիտրաժ կամ ուղարկվում է Միջազգային դատարան` որոշում կայացնելու համար: Վեճը արբիտրաժ փոխանցելու դեպքում, եթե խնդրանքի ստացման պահից վեց ամսվա ընթացքում վիճող կողմերը չեն կարողանում գալ համաձայնության` կապված արբիտրաժային քննության կազմակերպման հետ, կողմերից մեկը կարող է խնդրել Միջազգային դատարանի նախագահին կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին նշանակելու մեկ կամ ավելի արբիտրներ: Վեճին մասնակցող կողմերի իրար հակասող խնդրանքների դեպքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին դիմելը ունի առավելություն:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, նրան հավանության արժանացնելու կամ միանալու ժամանակ կարող է հայտարարել այն մասին, որ նա չի համարում իրեն կապված 2-րդ կետում նախատեսված վեճի կարգավորման մեկ կամ երկու ընթացակարգերով: Մյուս մասնակից պետությունները չեն հանդիսանում 2-րդ կետում նախատեսված վեճը կարգավորող որևէ ընթացակարգով կապված այն բանում, ինչը վերաբերում է այդ ընթացակարգի նկատմամբ վերապահում կատարած մասնակից պետությանը:

4. Ցանկացած մասնակից պետություն, որը 3-րդ կետին համապատասխան կատարել է վերապահում, կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը` ավանդապահին այդ մասին ծանուցելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ 18

 

1. Սույն Կոնվենցիան, մինչև նրա ուժի մեջ մտնելը, բոլոր պետությունների կողմից ստորագրման համար բաց կլինի 1980 թվականի մարտի 3-ից, Վիեննայում` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնական հաստատություններում և Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու այն ստորագրած պետությունների կողմից:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, նրան միանալու համար, բաց կլինի բոլոր պետությունների համար:

4. ա) Սույն Կոնվենցիան բացվում է ստորագրման ինտեգրացիայի կամ այլ բնույթի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համար կամ այդ կազմակերպությունները նրան միանալու համար` այն պայմանով, որ ցանկացած այդպիսի կազմակերպություն բաղկացած լինի ինքնիշխան պետություններից և ունենա իրավասություններ սույն Կոնվենցիայում ընդգրկված հարցերով բանակցությունների վարման, միջազգային համաձայնագրերի կնքման և կիրառման ոլորտում:

բ) Իրենց իրավասության մեջ մտնող հարցերում այդպիսի կազմակերպությունները իրենց անունից իրականացնում են իրավունքներ և կատարում պարտականություններ, որոնցով սույն Կոնվենցիան օժտում է մասնակից պետություններին:

գ) Դառնալով սույն Կոնվենցիայի մասնակից, այդպիսի կազմակերպությունը ավանդապահին ուղարկում է հայտարարություն, որտեղ նշվում է, թե որ պետություններն են հանդիսանում նրա անդամները և սույն Կոնվենցիայի որ հոդվածներն են, որ չեն կիրառվում նրա նկատմամբ:

դ) Այդպիսի կազմակերպությունը չի տնօրինում որևէ այլ ձայն` ի լրումն իր անդամ պետությունների ձայների:

5. Վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միացման փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ 19

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին քսանմեկերորդ փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից հետո` երեսուներորդ օրը:

2. Սույն Կոնվենցիան վավերացնող, ընդունող, հավանության արժանացնող յուրաքանչյուր պետության համար կամ վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին քսանմեկերորդ փաստաթղթի հանձնումից հետո նրան միացող պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդպիսի պետության կողմից վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միացման մասին իր փաստաթղթի հանձնման օրվանից հետո` երեսուներորդ օրը:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

1. Առանց 16-րդ հոդվածը խախտելու մասնակից պետությունը կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում: Առաջարկված փոփոխությունը ուղարկվում է ավանդապահին, որը անմիջապես այն ուղարկում է բոլոր մասնակից պետություններին: Եթե մասնակից պետությունների մեծամասնությունը առաջարկված փոփոխությունները քննարկելու համար ավանդապահից պահանջում է խորհրդաժողովի գումարում, ապա ավանդապահը հրավիրում է բոլոր մասնակից պետություններին այդ խորհրդաժողովին, որը բացվում է ոչ շուտ, քան հրավերների ուղարկումից հետո երեսուն օր անց: Ցանկացած փոփոխություն, որը խորհրդաժողովում ընդունվել է մասնակից պետությունների երկու երրորդ ձայների մեծամասնությամբ, ավանդապահի կողմից անհապաղ ուղարկվում է բոլոր մասնակից պետություններին:

2. Յուրաքանչյուր մասնակից պետության համար, որը ի պահ է հանձնել փաստաթուղթը` փոփոխությունը վավերացնելու, ընդունելու կամ հավանության արժանացնելու մասին, փոփոխությունը ուժի մեջ է մտնում մասնակից պետությունների երկու երրորդի կողմից վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին իրենց փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու պահից հետո` երեսուներորդ օրը: Դրանից հետո փոփոխությունը ուժի մեջ է մտնում ցանկացած այլ մասնակից պետության համար, այդ պետության կողմից փոփոխության վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելու օրը:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել` ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարելը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցման ստացման օրվանից 180 օր հետո:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Ավանդապահն անհապաղ տեղեկացնում է բոլոր պետություններին.

ա) սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ) վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միացման մասին յուրաքանչյուր փաստաթուղթը ի պահ հանձնելու մասին,

գ) 17-րդ հոդվածի համապատասխան, յուրաքանչյուր վերապահման կամ այդպիսի վերապահման վերացման մասին,

դ) ցանկացած կազմակերպության կողմից ուղարկված ցանկացած հայտարարության մասին, 18-րդ հոդվածի 4 «գ» կետին համապատասխան,

ե) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու մասին,

զ) սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխությունը ուժի մեջ մտնելու մասին,

է) ցանկացած չեղյալ հայտարարելու մասին, 21-րդ հոդվածին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին, որը ուղարկում է նրա վավերացված պատճենները բոլոր պետություններին:

 

Ի վկայություն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար Վիեննայում և Նյու Յորքում 1980 թվականի մարտի 3-ից:

 

Կատարված է Վիեննա քաղաքում 1979 թվականի հոկտեմբերի 26-ին:

 

 

Հ ա վ ե լ վ ա ծ  1

 

Միջուկային նյութի միջազգային փոխադրման ժամանակ

կիրառվող ֆիզիկական պաշտպանության մակարդակները`

դասակարգված 2-րդ Հավելվածում

 

1. Պահպանության ընթացքում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մակարդակները, կապված միջուկային նյութի միջազգային փոխադրման հետ, ներառում են`

ա) 3-րդ կարգի նյութերի համար – պահպանումը գոտու սահմաններում, որտեղ մուտքը հսկվում է,

բ) 2-րդ կարգի նյութերի համար – պահպանումը գոտու սահմաններում, որը գտնվում է պահակային ծառայության կամ էլեկտրոնային սարքավորումների մշտական հսկողության տակ, շրջապատված է սահմանափակ մուտքի կետեր ունեցող ֆիզիկական արգելափակոցով` համապատասխան վերահսկման առկայությամբ, կամ պահպանումը ցանկացած գոտու սահմաններում ֆիզիկական պաշտպանության նմանատիպ մակարդակով:

գ) 1-ին կարգի նյութերի համար – պահպանումը պաշտպանված գոտու սահմաններում, ինչպես դա սահմանված է 2-րդ կարգի նյութերի համար, որտեղ մուտքը թույլատրված է միայն այն անձանց, ում վստահությունը հաստատված է և որը գտնվում է պատասխան գործողություններին պատրաստ համապատասխան ուժերի հետ մշտական սերտ կապի մեջ գտնվող պահակային ծառայության հսկողության տակ: Այսպիսի դեպքերում կիրառվող կոնկրետ միջոցառումների նպատակը հանդիսանում է ցանկացած հարձակման, չթույլատրվող ներթափանցման կամ նյութի չթույլատրված դուրս բերման դեպքերի հայտնաբերումը և կանխարգելումը:

2. Միջազգային փոխադրման ժամանակ միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մակարդակները ներառում են.

ա) 2-րդ և 3-րդ կարգերի նյութերի համար – փոխադրումը իրականացվում է անվտանգության հատուկ միջոցների պահպանմամբ, ներառյալ նախնական պայմանավորվածությունը ուղարկողի, ստացողի և փոխադրողի միջև, և նախնական համաձայնությունը արտահանող և ներմուծող պետությունների իրավական ակտերով ղեկավարվող և նրանց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև, որը փոխադրման ընթացքում պատասխանատվության հանձնման համար սահմանում է ժամանակը, վայրը և ընթացակարգերը,

բ) 1-ին կարգի նյութերի համար – փոխադրումը իրականացվում է անվտանգության հատուկ միջոցների պահպանմամբ, ինչպես դա սահմանված է 2-րդ և 3-րդ կարգերի նյութերի փոխադրման համար և, բացի այդ, պահակային ծառայության մշտական հսկողության տակ և այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են սերտ կապ պատասխան գործողություններին պատրաստ համապատասխան ուժերի հետ,

գ) բնական ուրանի, որն իր ձևով տարբեր է հանքանյութերի կամ հանքանյութերի մնացորդների ձևից, 500 կիլոգրամը գերազանցող քանակության փոխադրման պաշտպանությունը ներառում է փոխադրման մասին նախնական տեղեկացումը, որում նշվում է տրանսպորտային միջոցի տեսակը, ժամանման ենթադրվող ժամանակը և բեռի ստացման հաստատումը:

 

Հ ա վ ե լ վ ա ծ  2

 

Ա ղ յ ո ւ ս ա կ

 

Միջուկային նյութի դասակարգումը

 

Նյութ

Ձև

Կարգեր

 

 1

  2

  3c/

1. Պլուտոնիումa/

Չճառագայթվածb/

 

2 կգ կամ ավելի

2 կգ քիչ, բայց 500գ-ից ավելի

500գ կամ քիչ, բայց 15գ-ից ավելի

 

2. Ուրան -235

Չճառագայթվածb/ 

 

- ուրան, հարստացված 20% կամ ավելի ուրան-

235 իզոտոպով

 

 

 

- ուրան, հարստացված

10 – 20 % ուրան-235-ի իզոտոպով

 

- ուրան, բնականից բարձր հարստացումով, բայց ուրան-235-ի իզոտոպի

10% -ից պակաս պարունակությունով

 

 

5 կգ կամ ավելի

 

 

5կգ-ից քիչ, բայց 1կգ-ից ավելի

 

 

 

 

 

10կգ կամ ավելի

 

 

1կգ կամ քիչ, բայց 15գ-ից ավելի

 

10կգ-ից քիչ, բայց 1կգ-ից ավելի

 

10կգ կամ ավելի

3. Ուրան -233

Չճառագայթվածb/ 

2կգ կամ ավելի

2կգ-ից քիչ, բայց 500գ-ից ավելի

500գ կամ քիչ, բայց 15գ-ից ավելի

4. Ճառագայթված

վառելիք

   

Միացյալ կամ բնական ուրան, թորիում կամ թույլ հարստացված վառելիք (բաժանվող իզոտոպների 10% քիչ պարունակությամբ) «դ» «ե»

 

 

ա/ Պլուտոնիումի քաշը, բացառությամբ պլուտոնիումի, որի իզոտոպային կոնցենտրացիան 80 %-ով գերազանցում է պլուտոնիում-238-ը:

բ/ Ռեակտորում չճառագայթված նյութ կամ ռեակտորում ճառագայթված նյութ, բայց 100 ռադ/ժամ-ին հավասար կամ քիչ ճառագայթման մակարդակով մեկ մետր հեռավորության վրա առանց պաշտպանման:

գ/ 3-րդ կարգին չհամընկնող քանակությունը և բնական ուրանը անհրաժեշտ է պաշտպանել, ելնելով գործնական նպատակահարմարությունից:

դ/ Չնայած խորհուրդ է տրվում պաշտպանության տվյալ մակարդակը, պետությունները, ելնելով կոնկրետ հանգամանքների գնահատումից, կարող են սահմանել ֆիզիկական պաշտպանության այլ կարգեր:

ե/ Այլ վառելիք, որը մինչև ճառագայթումը մտնում էր 1-ին և 2-րդ կարգերի մեջ, կախված բաժանվող նյութի սկզբնական կազմից, կարող է լինել իջեցված իր մակարդակից ոչ ավելի, քան մեկ կարգ, եթե վառելիքի ճառագայթման մակարդակը գերազանցում է 100 ռադ/ժամ մեկ մետր հեռավորության վրա առանց պաշտպանության:

 

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ից: