Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (20.03.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
06.03.1998
Дата подписания
06.03.1998
Дата вступления в силу
20.03.2000

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ելնելով պետական ինքնիշխանության սկզբունքից,

ցանկանալով զարգացնելու փոխադարձ հարգանքի և համագործակցության ձևավորված հարաբերությունները,

հաշվի առնելով, որ դատապարտյալների կողմից իրենց քաղաքացիության պետությունում և նրա տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց պատժի կրումը նպաստում է պատժի կատարման ավելի արդյունավետ ձեռքբերմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար ներքոնշյալ հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունները.

ա) «վճռի կայացման պետություն»` Պայմանավորվող կողմ, որի դատարանը որոշում է կայացրել անձին ազատազրկման ձևով դատապարտելու վերաբերյալ,

բ) «վճռի կատարման պետություն»` Պայմանավորվող կողմ, որի պատիժը կրելու համար փոխանցվում է ազատազրկման դատապարտված անձը,

գ) «իրավասու մարմին»` պետական մարմին, որը ազգային օրենսդրությանը և սույն Կոնվենցիային համապատասխան որոշումներ է ընդունում պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտյալների փոխանցման մասին,

դ) «դատապարտյալ»` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի դատարանի կողմից հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ կրելու դատապարտված անձ,

ե) «մերձավոր ազգականներ»` Պայմանավորվող կողմերի ազգային գործող օրենսդրության համաձայն ազգական հանդիսացող անձինք:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ազատազրկման են դատապարտվել մյուս Պայմանավորվող կողմում, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պատիժը կրելու համար կարող են փոխանցվել այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում կամ որի տարածքում մշտապես բնակվում են (եթե քաղաքացիություն չունեցող անձ են հանդիսանում):

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Անձի դատապարտման և գտնվելու վայրի մասին համապատասխան դատարանը և մարմինը պետք է գրավոր ծանուցեն այն Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հաստատություններին, որի քաղաքացին է հանդիսանում դատապարտյալը կամ որի տարածքում մշտապես բնակվում է (եթե հանդիսանում է քաղաքացիություն չունեցող անձ), ինչպես նաև նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և փաստաբանը` փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու նրանց իրավունքների իրացման համար:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Դատապարտյալի փոխանցման մասին խնդրանքով կարող է դիմել ինչպես վճռի կայացման պետությունը, այնպես էլ վճռի կատարման պետությունը:

Դատապարտյալի փոխանցման մասին միջնորդությամբ Պայմանավորվող կողմերի իրավասու մարմնին իրավունք ունի դիմելու դատապարտյալն ինքը, նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:

Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը քառասունօրյա ժամկետում ընդունված որոշման մասին գրավոր ձևով հայտնում է փոխանցման մասին միջնորդությամբ դիմող կողմին: Փոխանցումը մերժելու մասին որոշումը պետք է պատճառաբանված լինի:

Դատապարտյալին կամ նրա օրինական ներկայացուցչին փոխանցման հնարավորության և նրա իրավական հետևանքների մասին գրավոր ձևով պետք է հայտնվի վճռի կայացման պետության քրեակատարողական համակարգի կենտրոնական կամ տարածքային մարմինների պաշտոնատար անձանց կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Ազատազրկման դատապարված անձի փոխանցումը կարող է իրականացվել հետևյալ պայմանների առկայության դեպքում.

անձի ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել,

առկա է սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից փոխանցման մասին միջնորդությունը,

առկա է դատապարտյալի գրավոր համաձայնությունը կամ այն դեպքում, եթե դատապարտյալը տարիքի, ֆիզիկական կամ հոգեկան վիճակի պատճառներով չի կարող ազատ արտահայտել իր կամքը` նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը,

անձը դատապարտվել է այնպիսի արարքների համար, որոնք ընդունում-հանձնում իրականացնող Պայմանավորվող կողմերի օրենքներով հանդիսանում են ազատազրկման ձևով պատժի հանգեցնող հանցագործություններ,

փոխանցման մասին խնդրանքի ստացման պահին ազատազրկում կրելու մնացած ժամկետը առնվազն վեց ամիս է,

առկա է վճռի կայացման պետության և վճռի կատարման պետության համաձայնությունը դատապարտյալի փոխանցման և ընդունման մասին:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Դատապարտյալի փոխանցումը չի կատարվում, եթե.

պատիժը չի կարող կատարվել վճռի կատարման պետության տարածքում վաղեմության ժամկետի լրացման կամ այդ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմունքներով,

վճռի կատարման պետության տարածքում կատարված արարքի համար նա պատիժ է կրել կամ արդարացվել է, կամ գործը դադարեցվել է, հավասարապես, եթե անձը այդ պետության իրավասու մարմնի կողմից ազատվել է պատժից,

դա վնաս կարող է հասցնել վճռի կայացման պետության կամ այն պետության շահերին, որի քաղաքացին է հանդիսանում դատապարտյալը:

Դատապարտյալի փոխանցումը կարող է մերժվել, եթե նրանց չի փոխհատուցվել հանցագործության կողմից հասցված վնասը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Կոնվենցիայի հարցերով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները միմյանց հետ հարաբերվում են անմիջականորեն:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում ավանդապահին հաղորդում է իր իրավասու մարմնի անվանումը:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցման նպատակով մի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը դիմում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

Խնդրանքը կազմվում է գրավոր ձևով և դրան կցվում են.

դատապարտյալի անձի մասին տվյալներ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան տարեթիվը և վայրը),

դատապարտյալի քաղաքացիության կամ նրա մշտական բնակության վայրի մասին տվյալներ,

օրենքների հոդվածների տեքստերը, որոնցից երևում է, որ արարքը, որի համար անձը դատապարտվել է ազատազրկման, հանցագործություն է հանդիսանում վճռի կատարման պետությունում,

իրեն փոխանցելու համար դատապարտյալի գրավոր համաձայնությունը այն Պայմանավորվող կողմի տարածքում վճռի կատարման նպատակով, որի քաղաքացին է նա հանդիսանում կամ որի տարածքում մշտապես բնակվում է (եթե հանդիսանում է քաղաքացիություն չունեցող անձ), իսկ եթե դատապարյալը չի կարող ազատ արտահայտել իր կամքը` նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

Վճռի կայացման պետության իրավասու մարմինը բացի այդ, խնդրանքին կցում է հաստատված հետևյալ փաստաթղթերը.

վճռի և գործի վերաբերյալ վերադաս դատական մարմինների որոշումների, վճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին փաստաթղթերի պատճենները,

քրեական օրենքի հոդվածների տեքստերը, որոնց հիման վրա անձը դատապարտվել է,

պատժի կրած մասի և կրման ենթակա մասի վերաբերյալ փաստաթուղթը,

դատապարտյալի առողջության վիճակի և վարքի առանձնահատկությունների մասին տեղեկություններ,

վնասի և դրա փոխհատուցման մասին տեղեկություններ,

այլ փաստաթղթեր, եթե դա անհրաժեշտ համարի վճռի կայացման պետությունը:

Դատապարտյալի փոխանցման մասին խնդրանքը պետք է հաստատված լինի ստորագրությամբ և կնքված լինի իրավասու մարմնի դրոշմակնիքով:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է պահանջել 8-րդ հոդվածում նշված փաստաթղթերը նախքան փոխանցման մասին խնդրանքով դիմելը կամ դատապարտյալին ընդունելու մասին որոշման կայացումը:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որին ուղարկվել է պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցման մասին խնդրանքը, անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից 40 օրը չգերազանցող ժամկետում, ծանուցում է խնդրանքը ուղարկած Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին դատապարտյալին փոխանցելու համաձայնության կամ մերժման մասին` սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Դատապարտյալի փոխանցման վայրը, ժամանակը և կարգը որոշվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև պայմանավորվածությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Վճռի կատարման պետությունը ապահովում է պատժի կրման շարունակությունը իր օրենսդրությանը համապատասխան` չվատթարացնելով դատապարտյալի վիճակը: Մյուս Պայմանավորվող կողմի վճռի կատարման մասին հարցի քննարկման ընդդատությունը որոշվում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ:

Դատապարտյալը նշանակված պատիժը կրում է վճռի կայացման պետության դատարանի վճռի հիման վրա: Ազատազրկման ձևով պատժի ժամկետում հաշվվում է վճռի կայացման պետությունում կրած պատժի ժամկետը: Վճռի կատարման պետության դատարանը, ելնելով կայացրած վճռից, որոշում է ընդունում դրա կատարման մասին` համաձայն իր պետության օրենքի սահմանելով ազատազրկման այնպիսի ժամկետ, ինչպիսին նշանակվել է վճռով:

Եթե վճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն պատժաչափը պակաս է, քան նշանակվել է վճռով, ապա դատարանը սահմանում է ազատազրկման առավելագույն պատժաչափը, որը նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ:

Եթե վճիռը վերաբերում է երկու կամ ավելի արարքների, որոնցից մեկը կամ մի քանիսը հանցագործություն են ճանաչվում վճռի կատարման պետությունում, ապա դատարանը սահմանում է, թե պատժի որ մասն է կիրառվում հանցագործություն հանդիսացող արարքին:

Լրացուցիչ պատժի կատարման մասին որոշումը ընդունում է վճռի կատարման պետության դատարանը, եթե այդ պետության օրենսդրությամբ նման պատիժ է նախատեսված կատարված արարքի համար: Լրացուցիչ պատիժը կատարվում է սույն հոդվածով նախատեսված կարգով:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Վճռի կատարման պետության իրավասու մարմինը մեկամսյա ժամկետում ծանուցում է վճռի կայացման պետության իրավասու մարմնին սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածին համապատասխան ընդունված վճռի կատարման վերաբերյալ դատարանի որոշման մասին:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Վճռի կատարման պետությունում պատիժը կրելու համար փոխանցված անձի նկատմամբ առաջ են գալիս դատապարտման նույնպիսի իրավական հետևանքներ, ինչպես և նման արարքի կատարման համար իր տարածքում դատապարտված անձանց նկատմամբ:

Մյուս Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից կայացրած վճռի կատարման համար փոխանցված անձը վճռի կատարման պետության տարածքում չի կարող կրկին քրեական պատասխանատվության ենթարկվել այն արարքի համար, որի հետ կապված կայացվել է օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Մինչև դատապարտյալի փոխանցումը պատժի մնացած մասի կրումը, ինչպես նաև վճռի կատարման վերաբերյալ որոշման ընդունումից հետո պատժից ամբողջական կամ մասնակի ազատումը իրականացվում է վճռի կատարման պետության օրենսդրությանը համապատասխան:

Ինչպես վճռի կայացման պետությունը, այնպես էլ վճռի կատարման պետությունը իրավունք ունեն կիրառելու համաներման և ամնիստիայի ակտեր, ինչպես նաև ազատել դատապարտյալին պատիժը հետագա կրելուց` անբուժելի ծանր հիվանդության դեպքում, եթե դա նախատեսված է վճռի կատարման պետության օրենսդրությամբ:

Վճռի կատարման պետությանը փոխանցված դատապարտյալի նկատմամբ վճռի վերանայումը կարող է իրականացվել միայն վճռի կայացման պետության իրավասու դատարանի կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Եթե պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցումից հետո վճիռը փոփոխվել է վճռի կայացման պետության իրավասու դատարանի կողմից, ապա դրա մասին որոշման պատճենը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկվում են վճռի կատարման պետության իրավասու մարմնին: Վճռի կատարման պետության դատարանը որոշում է նման որոշման կատարման վերաբերյալ հարցը, սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Եթե պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցումից հետո վճիռը կասեցվել է վճռի կայացման պետությունում քրեական գործի դադարեցմամբ, ապա դրա մասին որոշման պատճենը անհապաղ կատարման համար ուղարկվում է վճռի կատարման պետության իրավասու մարմնին:

Եթե պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցումից հետո վճռի կայացման պետությունում վերացվել է վճիռը և նախատեսվել է նոր քննություն կամ դատաքննություն, ապա դրա մասին որոշման պատճենը, քրեական գործի նյութերը և այլ նյութերը անհրաժեշտ դատավարական գործողությունների անցկացումից հետո դատապարտյալի բացակայությամբ ուղարկվում են վճռի կատարման պետությանը այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով թույլատրում է իր տարածքով երրորդ Պայմանավորվող կողմին սույն Կոնվենցիային համապատասխան փոխանցվող դատապարտյալների տարանցիկ փոխադրումը:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Դատապարտյալի փոխանցման հետ կապված ծախսերը իր տարածքի սահմաններում կրում է վճռի կայացման պետությունը, իսկ տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը` նման փոխանցման մասին միջնորդությամբ դիմած Պայմանավորվող կողմը:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը դատապարտված անձանց նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագող վեճերը կարգավորվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերից բխող Պայմանավորվող կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցներն են նրանք հանդիսանում:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Սույն Կոնվենցիայի կատարման ժամանակ Պայմանավորվող կողմերը օգտվում են պետական լեզուները կամ ռուսերենը:

Պայմանավորվող կողմերի պետական լեզուներով փաստաթղթերի կատարման դեպքում դրանց կցվում են ռուսերենով հաստատված պատճենները:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Սույն Կոնվենցիան բաց է այլ պետությունների կողմից նրան միանալու համար:

Միացած պետությունների համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի ավանդապահ հանդիսացող Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությանը միանալու մասին փաստաթուղթը հանձնելու օրվանից հետո երեսուներորդ օրը:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Պայմանավորվող կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերը ավելի ուշ կատարած Պայմանավորվող կողմերի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

Սույն Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Յուրաքանչյուր Կողմ է կարող դուրս գալ սույն Կոնվենցիայից այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Այդ Պայմանավորվող կողմի համար Կոնվենցիան կորցնում է ուժը` դուրս գալու մասին ծանուցումը ավանդապահի կողմից ստանալու օրվանից երեք ամիս հետո:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի մարտի 6-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի մարտի 20-ից: