Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Գլուխ 1
Կարգավորման առարկան
Սահմանումներ
Հ ո դ վ ա ծ 1
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է օդանավով վճարի դիմաց իրականացվող անձանց, ուղեբեռի կամ բեռների ցանկացած միջազգային փոխադրման դեպքում: Այն կիրառվում է նաև օդային փոխադրումների ձեռնարկության կողմից իրականացվող անվճար օդային փոխադրումների դեպքում:
2. Սույն Կոնվենցիայի իմաստով, «միջազգային փոխադրում» արտահայտությունը նշանակում է ցանկացած փոխադրում, որի ժամանակ, ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի դրույթների, մեկնման և նշանակման վայրերը, անկախ նրանից, թե փոխադրումն ընթանալու է ընդհատումներով կամ կատարվելու է փոխաբեռնում, թե ոչ, գտնվում են կամ երկու Բարձր պայմանավորվող կողմերի տարածքում, կամ էլ միևնույն Բարձր պայմանավորվող կողմի տարածքում, եթե նախատեսվող կանգառի վայրը գտնվում է այլ տերության ինքնիշխանության, ավատիշխանության, մանդատի կամ տիրապետության ներքո, անգամ եթե այդ տերությունը սույն Կոնվենցիայի կողմ չի հանդիսանում: Միևնույն Բարձր պայմանավորվող կողմի ինքնիշխանության, ավատիշխանության, մանդատի կամ տիրապետության ներքո գտնվող տարածքների միջև փոխադրումը, որն իրականացվում է առանց այդպիսի կանգառի, սույն Կոնվենցիայի իմաստով որպես միջազգային չի դիտարկվում:
3. Մի քանի հաջորդական օդային փոխադրողների միջոցով իրականացվող փոխադրումը սույն Կոնվենցիայի իմաստով համարվում է մեկ միասնական փոխադրում, եթե Կողմերն այն դիտարկել են որպես միասնական գործողություն, անկախ նրանից, թե այն նախատեսված է եղել մեկ կամ մի շարք պայմանագրերով, թե ոչ, և չի զրկվում իր միջազգային բնույթից այն պատճառով, որ մեկ կամ մի շարք պայմանագրերը պետք է ստորագրվեն միևնույն Բարձր պայմանավորվող կողմի ինքնիշխանության, ավատիշխանության, մանդատի կամ տիրապետության ներքո գտնվող տարածքում:
Հ ո դ վ ա ծ 2
1. Կոնվենցիան կիրառվում է Պետության կամ այլ հանրային-իրավական իրավաբանական անձանց կողմից իրականացվող փոխադրումների նկատմամբ` պայմանով, որ այդ փոխադրումներն իրականացվում են համաձայն 1-ին հոդվածով սահմանված կարգի:
2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում միջազգային փոստային կոնվենցիաների հիման վրա իրականացվող փոխադրումների նկատմամբ:
Գլուխ 2
Փոխադրման փաստաթղթեր
Բ ա ժ ի ն 1
Ուղևորի տոմսը
Հ ո դ վ ա ծ 3
1. Ուղևորներ տեղափոխելու դեպքում, փոխադրողը պարտավոր է տալ տոմսեր, որոնք պետք է պարունակեն հետևյալ մանրամասն տեղեկությունները.
ա/ տրման վայրը և ամսաթիվը,
բ/ մեկնման և նշանակման վայրը,
գ/ նախատեսված կանգառները` պայմանով, որ փոխադրողը կարող է վերապահել անհրաժեշտության դեպքում դրանք փոփոխելու իրավունքը, և որ այդ իրավունքի կիրառման արդյունքում կատարված փոփոխությունը չի ազդի փոխադրման միջազգային բնույթի վրա,
դ/ փոխադրողի կամ փոխադրողների անվանումը և հասցեն,
ե/ նշում այն մասին, որ փոխադրումը ենթարկվում է սույն Կոնվենցիայով սահմանված պատասխանատվության վերաբերյալ կանոններին:
2. Տոմսի բացակայությունը, անճշտությունը կամ կորուստը չի ազդում ոչ փոխադրման պայմանագրի գոյության, ոչ էլ դրա վավերականության վրա, մինչդեռ այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն Կոնվենցիայով սահմանված կանոնները: Սակայն, եթե փոխադրողը ուղևորներին ընդունում է առանց նրանց տոմս հատկացնելու, նա իրավունք չի ունենա վկայակոչելու սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք նրան պատասխանատվությունից ազատում են կամ սահմանափակում են այն:
Բ ա ժ ի ն 2
Ուղեբեռի ստացականը
Հ ո դ վ ա ծ 4
1. Ուղեբեռ տեղափոխելու դեպքում` բացառությամբ մանր անձնական իրերի, որոնք ուղևորն իր հետ է կրում, փոխադրողը պարտավոր է ուղեբեռի ստացական տալ:
2. Ուղեբեռի ստացականը կազմվում է երկու օրինակից` մեկը ուղևորի, մյուսը` փոխադրողի համար:
3. Ստացականը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա/ տրման վայրը և ամսաթիվը,
բ/ մեկնման և նշանակման վայրը,
գ/ փոխադրողի կամ փոխադրողների անվանումը և հասցեն,
դ/ ուղևորի տոմսի համարը,
ե/ նշում այն մասին, որ ուղեբեռի հանձնումը կատարվում է ստացականը ներկայացնող անձին,
զ/ տեղերի քանակը և քաշը,
ե/ նշում այն մասին, որ փոխադրումը ենթարկվում է սույն Կոնվենցիայով սահմանված պատասխանատվության վերաբերյալ Կանոններին:
4. Ուղեբեռի ստացականի բացակայությունը, անճշտությունը կամ կորուստը չի ազդում ոչ փոխադրման պայմանագրի գոյության, ոչ էլ դրա վավերականության վրա, մինչդեռ այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն Կոնվենցիայով սահմանված կանոնները: Սակայն, եթե փոխադրողը ուղեբեռն ընդունում է առանց ստացական տալու, կամ եթե ուղեբեռի ստացականը չի պարունակում «դ», «զ» և «ե» ենթակետերում նշված տեղեկությունները, նա իրավունք չի ունենա վկայակոչելու սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք նրան պատասխանատվությունից ազատում են կամ սահմանափակում են այն:
Բ ա ժ ի ն 3
Օդային բեռնագիրը
Հ ո դ վ ա ծ 5
1. Ապրանք փոխադրող ցանկացած անձ կարող է առաքողից պահանջել կազմել և իրեն հանձնել փաստաթուղթ, որը կոչվում է «օդային բեռնագիր». յուրաքանչյուր առաքող իրավունք ունի ապրանք տեղափոխող անձից պահանջել ընդունել այն:
2. Սակայն այդ փաստաթղթի բացակայությունը, անճշտությունը կամ կորուստը չի ազդում ոչ փոխադրման պայմանագրի գոյության, ոչ էլ դրա վավերականության վրա, մինչդեռ այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն Կոնվենցիայով սահմանված կանոնները` 9-րդ հոդվածով նախատեսված վերապահումով:
Հ ո դ վ ա ծ 6
1. Օդային բեռնագիրը առաքողի կողմից կազմվում է երեք բնօրինակից և տրվում է ապրանքի հետ միասին:
2. Առաջին օրինակի վրա կատարվում է «փոխադրողի համար» նշումը, այն ստորագրվում է առաքողի կողմից: Երկրորդ օրինակի վրա կատարվում է «ստացողի համար» նշումը, այն ստորագրվում է առաքողի և փոխադրողի կողմից և ուղեկցում է ապրանքը: Երրորդ օրինակը ստորագրվում է փոխադրողի կողմից և վերադարձվում է առաքողին ապրանքն ստանալուն պես:
3. Փոխադրողը իր օրինակը ստորագրում է անմիջապես ապրանքն ստանալուն պես:
4. Փոխադրողի ստորագրությունը կարող է փոխարինվել կնիքով, առաքողի ստորագրությունը կարող է լինել տպագիր կամ նույնպես փոխարինվել կնիքով:
5. Եթե առաքողի պահանջով օդային բեռնագիրը կազմում է փոխադրողը, վերջինս համարվում է առաքողի անունից գործող` մինչև հակառակն ապացուցելը:
Հ ո դ վ ա ծ 7
Ապրանք փոխադրողն իրավունք ունի առաքողից պահանջելու կազմել մի քանի օդային բեռնագրեր, եթե տեղերի քանակը մեկից ավելի է:
Հ ո դ վ ա ծ 8
Օդային բեռնագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա/ կազմելու վայրը և ամսաթիվը,
բ/ մեկնման և նշանակման վայրը,
գ/ նախատեսված կանգառները` պայմանով, որ փոխադրողը կարող է վերապահել անհրաժեշտության դեպքում դրանք փոփոխելու իրավունքը, և որ այդ իրավունքի կիրառման արդյունքում կատարված փոփոխությունը չի ազդի փոխադրման միջազգային բնույթի վրա,
դ/ առաքողի անվանումը և հասցեն,
ե/ ստացողի անվանումը և հասցեն, եթե նշված է,
զ/ ապրանքների բնույթը,
է/ տեղերի քանակը, փաթեթավորումը, տեղերի նշմարումը կամ համարները,
ը/ ապրանքների քաշը, քանակը կամ չափսերը,
թ/ ապրանքների և դրանց փաթեթավորման արտաքին տեսքը,
ժ/ փոխադրման արժեքը, եթե այդպիսին նախատեսված է, վճարման վայրը և ամսաթիվը, վճարող անձը,
ժա/ եթե ապրանքների առաքումն իրականացվում է վերադիր վճարով` ապրանքների արժեքը և, անհրաժեշտության դեպքում, ծախսերի գումարը,
ժբ/ 22-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հայտարարված արժեքը,
ժգ/ օդային բեռնագրերի օրինակների քանակը,
ժդ/ օդային բեռնագրի հետ միասին փոխադրողին տրված փաստաթղթերը,
ժե/ փոխադրման ժամկետը և ընդհանուր տեղեկություններ երթուղու մասին, եթե այն համաձայնեցված է,
ժզ/ նշում այն մասին, որ փոխադրումը ենթարկվում է սույն Կոնվենցիայով սահմանված պատասխանատվության վերաբերյալ կանոններին:
Հ ո դ վ ա ծ 9
Եթե փոխադրողն ապրանքներն ընդունում է առանց օդային բեռնագիր կազմելու, կամ եթե բեռնագիրը չի պարունակում 8-րդ հոդվածի «ա»-ից «ը» և …/ ենթակետերում նշված տեղեկությունները, նա իրավունք չի ունենա վկայակոչելու սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք նրան պատասխանատվությունից ազատում են կամ սահմանափակում են այն:
Հ ո դ վ ա ծ 10
1. Առաքողը պատասխանատվություն է կրում ապրանքի վերաբերյալ օդային բեռնագրում իր կողմից լրացվող տեղեկությունների ճշտության և արժանահավատության համար:
2. Առաքողը պատասխանատվություն է կրում իր կողմից տրված տեղեկությունների անճշտության, անարժանահավատության կամ թերի լինելու պատճառով փոխադրողին կամ որևէ այլ անձին հասցված ցանկացած վնասի համար:
Հ ո դ վ ա ծ 11
1. Օդային բեռնագիրը prima facie հանդիսանում է պայմանագրի կնքման, ապրանքների ստացման և փոխադրման պայմանների հաստատում:
2. Օդային բեռնագրում ապրանքների քաշի, չափսերի, փաթեթավորման, ինչպես նաև տեղերի քանակի մասին նշված տեղեկությունները prima facie հանդիսանում են որպես նշված տեղեկությունների հաստատում. ապրանքների քանակի, ծավալների և վիճակի մասին տեղեկությունները չեն փաստում փոխադրողի դեմ, քանի որ վերջինիս կողմից առաքողի ներկայությամբ կատարվել է ապրանքների ստուգում, ինչի մասին նշվել է օդային բեռնագրում, կամ քանի որ դրանք վերաբերում են միայն ապրանքների արտաքին վիճակին:
Հ ո դ վ ա ծ 12
1. Փոխադրման պայմանագրով սահմանված բոլոր պարտավորությունների կատարման պայմանով, առաքողն իրավունք ունի տնօրինել ապրանքները` դրանք հետ վերցնելով մեկնման կամ նշանակման օդանավակայանից, կանգնեցնելով երթուղու վրա կատարվող վայրէջքի ժամանակ, ցուցում տալով նշանակման վայրում դրանք հանձնել որևէ այլ անձի, քան օդային բեռնագրում նշված անձը, կամ էլ պահանջելով դրանք վերադարձնել մեկնման օդանավակայան, քանի դեռ այդ իրավունքի իրականացումը վնաս չի հասցնում ոչ փոխադրողին, ոչ էլ այլ առաքողներին, ստանձնելով դրանից բխող ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
2. Այն դեպքերում, երբ առաքողի ցուցումների կատարումն անհնար է, փոխադրողը պարտավոր է անմիջապես նրան այդ մասին տեղեկացնել:
3. Եթե փոխադրողը ենթարկվում է ապրանքների տնօրինման վերաբերյալ առաքողի ցուցումներին առանց վերջինիս տրված օդային բեռնագրի օրինակը ներկայացնելու պահանջի, նա պատասխանատվություն է ստանձնում, առաքողին հետպահանջ ներկայացնելու իր իրավունքի պահպանմամբ, այն վնասի համար, որը կարող է դրանով հասցվել օդային բեռնագրի օրինական տիրոջը:
4. Առաքողի իրավունքները դադարում են գործել ստացողի իրավունքների 13-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու պահից: Սակայն, եթե ստացողը հրաժարվում է ընդունել բեռնագիրը կամ ապրանքները, կամ եթե դրանք հնարավոր չէ առաջինիս հանձնել, ապա առաքողը կրկին վերականգնում է տնօրինման իր իրավունքը:
Հ ո դ վ ա ծ 13
1. Բացառությամբ նախորդ հոդվածով նախատեսված դեպքերի, ստացողը, նշանակման վայր ապրանքների ժամանման պես, իրավունք ունի փոխադրողից պահանջելու իրեն հանձնել օդային բեռնագիրը և ապրանքները` օդային բեռնագրում նշված պահանջների և փոխադրման պայմանների կատարման համար վճարման ենթակա գումարների վճարման դիմաց:
2. Եթե այլ կերպ պայմանավորված չէ, փոխադրողը պարտավոր է ապրանքի ժամանման մասին անմիջապես տեղեկացնել ստացողին:
3. Եթե փոխադրողն ընդունում է ապրանքների կորուստի փաստը, կամ եթե ապրանքների ժամանման համար նախատեսված ժամկետից յոթ օրվա ընթացքում ապրանքը չի ժամանում, ստացողն իրավունք ունի փոխադրողի նկատմամբ իրականացնել փոխադրման պայմանագրով սահմանված իր իրավունքները:
Հ ո դ վ ա ծ 14
Առաքողը և ստացողը կարող են իրականացնել 12-րդ և 13-րդ հոդվածներով իրենց վերապահված բոլոր իրավունքները` յուրաքանչյուրն իր անունից, անկախ նրանից, թե գործում են սեփական շահերից ելնելով, թե` մեկը մյուսի, պայմանով, որ երկուսն էլ կատարում են պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 15
1. 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների դրույթները որևէ կերպով չեն ազդում ոչ առաքողի և ստացողի հարաբերությունների վրա, ոչ էլ որևէ երրորդ անձանց հարաբերությունների վրա, որոնց իրավունքները բխում են կամ առաքողից, կամ էլ ստացողից:
2. Եթե 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածի դրույթները այլ կերպ են կիրառվում, այդ մասին պարտադիր նշում է կատարվում օդային բեռնագրում:
Հ ո դ վ ա ծ 16
1. Առաքողը պարտավոր է տրամադրել այնպիսի տեղեկություններ և օդային բեռնագրին կից ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնք, մինչև ապրանքները ստացողին հանձնելը, կարող են պահանջվել մաքսային, ներքին մաքսային և ոստիկանական ձևակերպումների իրականացման համար: Առաքողը պատասխանատվություն է կրում փոխադրողի նկատմամբ բոլոր այն վնասների համար, որոնք կարող են առաջանալ այդ տեղեկությունների և փաստաթղթերի բացակայության, թերի լինելու կամ անճշտության պատճառով` բացառությամբ փոխադրողի կամ իր կողմից լիազորված անձանց մեղքով առաջացած վնասների:
2. Փոխադրողը պարտավոր չի ստուգել այդ տեղեկությունների և փաստաթղթերի ճշտությունը և ամբողջականությունը:
Գլուխ 3
Փոխադրողի պարտականությունները
Հ ո դ վ ա ծ 17
Փոխադրողը պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք առաջացել են ուղևորի մահվան, վիրավորման կամ այլ մարմնական վնասվածքներ հասցնելու պատճառով, եթե դժբախտ պատահարը, որի հետևանքով առաջացել է վնասը, տեղի է ունեցել օդանավի մեջ կամ նստեցման կամ ցած իջեցման գործողությունների ժամանակ:
Հ ո դ վ ա ծ 18
1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք առաջացել են գրանցված ուղեբեռի կամ ապրանքների ոչնչացման, կորուստի կամ վնասվելու պատճառով, եթե պատահարը, որի հետևանքով առաջացել է վնասը, տեղի է ունեցել օդային փոխադրման ընթացքում:
2. Նախորդ հոդվածի իմաստով, օդային փոխադրումը ներառում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ուղեբեռը կամ ապրանքները գտնվում են փոխադրողի պահպանության ներքո, անկախ նրանից, թե որտեղ է այդ պահպանումն իրականացվում` օդանավակայանում, օդանավի մեջ կամ որևէ այլ վայրում` օդանավակայանի տարածքից դուրս վայրէջք կատարելու դեպքում:
3. Օդային փոխադրման ժամանակահատվածն իր մեջ չի ներառում օդանավակայանի տարածքից դուրս իրականացվող որևէ ցամաքային, ծովային կամ գետային փոխադրում: Սակայն եթե այդպիսի փոխադրումն իրականացվում է համաձայն օդային փոխադրման պայմանագրի բեռնման, հանձնման կամ փոխաբեռնման նպատակով, ցանկացած վնաս, մինչև հակառակը չապացուցվի, համարվում է օդային փոխադրման ընթացքում տեղի ունեցած պատահարի հետևանքով առաջացած:
Հ ո դ վ ա ծ 19
Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորների, ուղեբեռի կամ ապրանքների օդային փոխադրման ժամանակ տեղի ունեցած ուշացման հետևանքով առաջացած վնասների համար:
Հ ո դ վ ա ծ 20
1. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացույցներ է ներկայացնում, որ ինքը և իր գործակալները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները վնասներից խուսափելու համար կամ որ այդպիսի միջոցներ ձեռնարկելն անհնար էր:
2. Ապրանքներ և ուղեբեռ տեղափոխելիս, փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացույցներ է ներկայացնում, որ վնասներն առաջացել են օդանավն անփույթ վարելու կամ նավագնացության մեջ թույլ տրված սխալների հետևանքով, և որ բոլոր այլ առումներով ինքն ու իր գործակալները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները:
Հ ո դ վ ա ծ 21
Եթե փոխադրողն ապացույցներ ներկայացնի, որ վնասներն առաջացել են տուժող անձի անփութության հետևանքով, կամ այդ անձի անփութությունը նպաստել է վնասների առաջացմանը, դատարանը կարող է փոխադրողին ազատել պատասխանատվությունից կամ սահմանափակել այն` իր օրենսդրության դրույթներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 22
1. Ուղևորների փոխադրման դեպքում, յուրաքանչյուր ուղևորի նկատմամբ փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է հարյուր քսանհինգ հազար ֆրանկ գումարով: Եթե հայցի ներկայացման դատարանի օրենքի համաձայն վնասների փոխհատուցումը կարող է կատարվել պարբերական վճարումների տեսքով, ապա այդ վճարումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի հարյուր քսանհինգ հազար ֆրանկը: Սակայն, փոխադրողի հետ հատուկ պայմանագիր կնքելով, ուղևորը կարող է սահմանել պատասխանատվության ավելի բարձր աստիճան:
2. Գրանցված ուղեբեռ և ապրանքներ տեղափոխելիս, փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է երկու հարյուր հիսուն ֆրանկ գումարով` յուրաքանչյուր կիլոգրամի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ փաթեթը փոխադրողին հանձնելու պահին առաքողը հայտարարություն է անում առաքման կարևորության մասին և վճարում է հնարավոր լրացուցիչ վճարները: Այս դեպքում փոխադրողը պարտավոր է վճարել հայտարարված գումարը չգերազանցող գումար, եթե նա չապացուցի, որ այդ գումարը գերազանցում է առաքողի իրական առաքման կարևորությունը:
3. Ուղևորի ուղեկցող բեռի նկատմամբ փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է հինգ հազար ֆրանկ գումարով` յուրաքանչյուր ուղևորի համար:
4. Վերը նշված գումարներն արտահայտված են ֆրանսիական ֆրանկով, որը բաղկացած է իննը հարյուր հազարերորդական հարգի վաթսունհինգ ու կես միլիգրամ ոսկուց: Գումարները կարող են արտահայտված լինել ցանկացած այլ արտարժույթով` թվերի կլորացմամբ:
Հ ո դ վ ա ծ 23
Ցանկացած դրույթ, որը ձգտում է փոխադրողին ազատել պատասխանատվությունից կամ սահմանել պատասխանատվության ավելի ցածր սահմանագիծ, քան սույն Կոնվենցիայով նախատեսվածը, համարվում է անվավեր և որևէ հետևանքներ չի առաջացնում, սակայն այդ դրույթի անվավերությունը առաջ չի բերում ամբողջ պայմանագրի անվավեր ճանաչելը, և դրա նկատմամբ շարունակ կիրառելի են մնում սույն Կոնվենցիայի դրույթները:
Հ ո դ վ ա ծ 24
1. 18-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, վնասներ պատճառելու համար պատասխանատվության ենթարկելու հայցը, անկախ նրանից, թե ինչպես է այն հիմնավորված, կարող է հարուցվել միայն սույն Կոնվենցիայով սահմանված պահանջներին և սահմանագծերին համապատասխան:
2. 17-րդ հոդվածով նախատեսված դեպքերում նույնպես կիրառվում են նախորդ կետի դրույթները` առանց խախտելու հայց հարուցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանող դրույթը և այդ անձանց պատասխանատու իրավունքները:
Հ ո դ վ ա ծ 25
1. Փոխադրողն իրավունք չունի ի օգուտ իրեն վկայակոչելու սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք իրեն ազատում են պատասխանատվությունից կամ սահմանափակում են այն, եթե վնասները պատճառվել են կանխամտածված սխալ վարքի հետևանքով, կամ այնպիսի մեղքի հետևանքով, որը հայցի հարուցման դատարանի օրենքների համաձայն դիտարկվում է որպես կանխամտածված սխալ վարքին հավասարազոր:
2. Փոխադրողը նաև իրավունք չունի ի օգուտ իրեն վկայակոչելու սույն Կոնվենցիայի նշված դրույթները, եթե վնասները պատճառվել են իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում գործող` փոխադրողի գործակալի գործողությունների հետևանքով;
Հ ո դ վ ա ծ 26
1. Եթե ստացողը ուղեբեռն ու ապրանքներն ստանալիս որևէ բողոք չի հարուցում, դա prima facie նշանակում է, որ ապրանքներն առաքվել են լավ վիճակում և փոխադրման փաստաթղթին համապատասխան:
2. Բեռի վնասված լինելու դեպքում, ստացողը, վնասվածքը հայտնաբերելուց անմիջապես հետո` բեռը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, բողոք է ուղղում առաքողին: Ուշացման դեպքում բողոքը կարող է հարուցվել ոչ ուշ, քան ուղեբեռը կամ ապրանքներն իր տնօրինմանը հանձնելու պահից տասնչորս օրվա ընթացքում:
3. Բողոքը պետք է կատարվի գրավոր` փոխադրման փաստաթղթի մեջ կամ առանձին փաստաթղթի տեսքով, որը ենթակա է ուղարկման վերը նշված ժամկետներում:
4. Նշված ժամկետներում բողոքը չներկայացնելու դեպքում փոխադրողի դեմ հարուցված հայցերը չեն ընդունվում, բացառությամբ վերջինիս կողմից խարդախություններ գործելու դեպքերի:
Հ ո դ վ ա ծ 27
Պատասխանատվություն կրող անձի մահվան դեպքում սույն Կոնվենցիայով նախատեսված պատասխանատվությունը ստանձնում են առաջինիս իրավահաջորդները:
Հ ո դ վ ա ծ 28
1. Պատճառված վնասների համար հայցը հարուցվում է, հայցվորի ընտրությամբ, Բարձր պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, փոխադրողի բնակության վայրի դատարանում, փոխադրողի ձեռնարկության կենտրոնական գրասենյակի գտնվելու վայրում կամ այն վայրում, որտեղ փոխադրողն ունի գրասենյակ, որի միջոցով կնքվել է պայմանագիրը, կամ էլ նշանակման վայրի դատարանում:
2. Դատական ընթացակարգերը սահմանվում են համաձայն այն դատարանի օրենքների, որտեղ հայցը հարուցվել է:
Հ ո դ վ ա ծ 29
1. Պատճառված վնասների համար հայց հարուցելու իրավունքը դադարում է գործել, եթե հայցը չի հարուցվում նշանակման վայր ժամանելու, օդանավի նախատեսված ժամանման կամ փոխադրման ավարտի պահից երկու տարվա ընթացքում:
2. Ժամկետի հաշվարկման կարգը սահմանվում է հայցի հարուցման դատարանի օրենքին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 30
1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված փոխադրումների դեպքում, որոնք իրականացվում են մի քանի հաջորդական փոխադրողների կողմից, ուղևորներ, ուղեբեռ կամ ապրանքներ ընդունող յուրաքանչյուր փոխադրողի նկատմամբ գործում են սույն Կոնվենցիայով սահմանված կանոնները և, նա համարվում է փոխադրման պայմանագրի պայմանավորվող կողմերից մեկը, քանի որ նշված պայմանագիրը առնչվում է փոխադրման այն հատվածին, որն իրականացվում է իր հսկողության ներքո:
Նման փոխադրումների դեպքերում, ուղևորը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող են հայց հարուցել միայն այն փոխադրողի դեմ, որի կողմից իրականացվող փոխադրման ընթացքում է տեղի ունեցել դժբախտ պատահարը կամ ուշացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ պայմանավորվածության համաձայն առաջին փոխադրողը պատասխանատվություն է կրում ամբողջ փոխադրման համար:
Ուղեբեռի կամ ապրանքների դեպքում, առաքողը կարող է հայց հարուցել առաջին փոխադրողի դեմ, իսկ ուղևորը կամ ստացողը` վերջինի դեմ, ինչպես նաև երկուսն էլ կարող են հայց հարուցել այն փոխադրողի դեմ, որի կողմից իրականացվող փոխադրման ընթացքում տեղի են ունեցել ոչնչացումը, կորուստը, վնասումը կամ ուշացումը: Այդ փոխադրողները կոլեկտիվ պատասխանատվություն են կրում առաքողի և ստացողի նկատմամբ:
Գլուխ 4
Համակցված փոխադրումների վերաբերյալ դրույթներ
Հ ո դ վ ա ծ 31
1. Այն փոխադրումների նկատմամբ, որոնք մասամբ իրականացվում են փոխադրման որևէ այլ եղանակով, սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են միայն օդային փոխադրման հատվածի մասով` պայմանով, որի վերջինս համապատասխանում է 1-ին հոդվածով սահմանված պայմաններին:
2. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ համակցված փոխադրման դեպքում կողմերին չի արգելում օդային բեռնագրում ներառել փոխադրման այլ ձևերին վերաբերող պայմանները` պայմանով, որ սույն Կոնվենցիայի դրույթները կկիրառվեն միայն օդային փոխադրման նկատմամբ:
Գլուխ 5
Ընդհանուր եզրափակիչ դրույթներ
Հ ո դ վ ա ծ 32
Փոխադրման պայմանագրի ցանկացած դրույթ և մինչև վնասների առաջացման պահը գործող ցանկացած համաձայնագիր, որի կիրառմամբ կողմերը խախտում են սույն Կոնվենցիայի դրույթները` սահմանելով կիրառվելիք օրենքը կամ փոփոխելով իրավազորության իրականացման կանոնները, համարվում են ուժը կորցրած: Սակայն ապրանքների փոխադրման դեպքերում, սույն Կոնվենցիայի շրջանակներում, թույլատրվում է իրավարարության դրույթների կիրառումը, եթե իրավարարությունը տեղի է ունենում 28-րդ հոդվածի 1-ին կետում նշված դատարանների իրավազորության ներքո գտնվող վայրերում:
Հ ո դ վ ա ծ 33
Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ փոխադրողին չի արգելում հրաժարվել փոխադրման պայմանագիր կնքելուց կամ սահմանել սույն Կոնվենցիայի դրույթներին չհակասող կանոններ:
Հ ո դ վ ա ծ 34
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում ինչպես կանոնավոր օդային ուղիների ստեղծման նպատակով օդային նավագնացության ձեռնարկությունների կողմից իրականացվող փորձնական միջազգային օդային փոխադրումների, այնպես էլ օդային փոխադրողի սովորական գործառույթների շրջանակից դուրս` արտակարգ հանգամանքներում իրականացվող փոխադրումների նկատմամբ:
Հ ո դ վ ա ծ 35
Սույն Կոնվենցիայի իմաստով «օրեր» արտահայտությունը նշանակում է օրերը` իրենց բնական հաջորդականությամբ, այլ ոչ թե աշխատանքային օրերը:
Հ ո դ վ ա ծ 36
Սույն Կոնվենցիան կատարված է մեկ օրինակից, ֆրանսերեն, որն ի պահ է հանձնվում Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արխիվներին, իսկ սահմանված կարգով հաստատված պատճենը Լեհաստանի Կառավարության կողմից ուղարկվում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:
Հ ո դ վ ա ծ 37
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արխիվներին, որն ի պահ հանձնելու մասին տեղեկացնում է Բարձր պայմանավորվող կողմերի Կառավարություններին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ Բարձր պայմանավորվող կողմերի համար` վերջիններիս կողմից այն վավերացնելու պահից` հինգերորդ վավերագիրն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը: Ապա Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն վավերացրած Բարձր պայմանավորվող կողմերի և իր վավերագիրն ի պահ հանձնող Բարձր պայմանավորվող կողմի համար` ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
3. Լեհաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է Բարձր պայմանավորվող կողմերի կառավարություններին սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու և յուրաքանչյուր վավերագրի ի պահ հանձնման ամսաթվի մասին:
Հ ո դ վ ա ծ 38
1. Ուժի մեջ մտնելու պահից սույն Կոնվենցիային կարող է միանալ ցանկացած պետություն:
2. Միացումը կատարվում է Լեհաստանի Հանրապետության Կառավարությանն ուղղված ծանուցման միջոցով, որն այդ մասին տեղեկացնում է Բարձր պայմանավորվող կողմերի Կառավարություններին:
3. Միացումն ուժի մեջ է մտնում Լեհաստանի Հանրապետության Կառավարության կողմից կատարված ծանուցման պահից իննսուներորդ օրը:
Հ ո դ վ ա ծ 39
1. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` այդ մասին ծանուցում ուղղելով Լեհաստանի Հանրապետության Կառավարությանը, որն ապա այդ մասին տեղեկացնում է Բարձր պայմանավորվող կողմերի Կառավարություններին:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում դրա մասին ծանուցելու պահից վեց ամիս հետո և միմիայն չեղյալ հայտարարող կողմի համար:
Հ ո դ վ ա ծ 40
1. Բարձր պայմանավորվող կողմերը ստորագրման, վավերագրերն ի պահ հանձնելու կամ միանալու պահին կարող են հայտարարել, որ սույն Կոնվենցիայի դրույթները չեն տարածվելու իրենց բոլոր գաղութների կամ դրանց մի մասի, իրենց պրոտեկտորատների, ենթամանդատային տարածքների կամ իրենց ինքնիշխանության, տիրապետության կամ ավատիշխանության ներքո գտնվող այլ տարածքների վրա:
2. Հետագայում ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է միանալ առանձին` իրենց բոլոր գաղութների կամ դրանց մի մասի, իրենց պրոտեկտորատների, ենթամանդատային տարածքների կամ իրենց ինքնիշխանության, տիրապետության կամ ավատիշխանության ներքո գտնվող այլ տարածքների անունից, որոնք սկզբնապես ներառված չէին վերը նշված հայտարարության մեջ:
3. Նրանք կարող են նաև սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` առանձին կամ իրենց բոլոր գաղութների կամ դրանց մի մասի, իրենց պրոտեկտորատների, ենթամանդատային տարածքների կամ իրենց ինքնիշխանության, տիրապետության կամ ավատիշխանության ներքո գտնվող այլ տարածքների համար:
Հ ո դ վ ա ծ 41
Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ոչ շուտ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երկու տարի հետո, նախաձեռնել նոր միջազգային համաժողովի կազմակերպում` քննարկելու համար այն փոփոխությունները և լրացումները, որոնք կարող են կատարվել սույն Կոնվենցիայում` վերջինիս կատարելագործման նպատակով: Դրա համար Կողմը պետք է դիմի Ֆրանսիայի Հանրապետության Կառավարությանը, որը և կձեռնարկի նշված համաժողովի նախապատրաստման համար անհրաժեշտ միջոցները:
Սույն Կոնվենցիան, որը կատարված է Վարշավայում 1929 թվականի հոկտեմբերի 12-ին, բաց է ստորագրման համար մինչև 1930 թվականի հունվարի 31-ը:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
/2-րդ հոդվածի վերաբերյալ/
Բարձր պայմանավորվող կողմերն իրավունք են վերապահում վավերացման կամ միանալու պահին հայտարարել, որ սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվելու անմիջապես Պետության, իր գաղութների, պրոտեկտորատների, ենթամանդատային տարածքների կամ իր ինքնիշխանության, տիրապետության կամ ավատիշխանության ներքո գտնվող այլ տարածքների կողմից իրականացվող միջազգային օդային փոխադրումների նկատմամբ:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի փետրվարի 23-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|