Գլխավոր տեղեկություն
Номер
N 1673-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2004-28.12.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.26
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.2003
Дата вступления в силу
15.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 դեկտեմբերի 2003 թ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1673-Ն

 

 ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 16
Երևան

 

 


Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 11-ի N 1673-Ն որոշման

 

2004  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաեւ`

ա) 2003 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշումը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2172-Ն որոշմամբ հաստատված` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2003 թվականի ծրագիրը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակները և խնդիրներն են`

ա) փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և ամրապնդումը.

բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը,

դ) ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը,

ե) ՓՄՁ-ի սուբյեկտների որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրմանն աջակցությունը,

զ) ՓՄՁ-ի սուբյեկտների` գործարար տեղեկատվության, խորհրդատվության, ուսուցման ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը:

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2004 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`
 

1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում

 

1.1. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության ընդլայնում. դրա մարզային 3 մասնաճյուղերի ստեղծում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու և Կոտայքի մարզերում

 

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրներից է Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ գործում հատկապես կարևորվում է ձեռնարկատիրական գործունեության, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացումը տարածաշրջաններում:

Այդ նպատակով փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2003 թվականի ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) 3 մասնաճյուղ` Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում, որոնք համակարգում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը` վերոհիշյալ մարզերում:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության որոշակի ճյուղերի զարգացման համար առկա պայմանները` ծրագրով նախատեսվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 3 մասնաճյուղ ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու և Կոտայքի մարզերում, ինչը պայմանավորված է այնտեղ ՓՄՁ-ին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ ներուժի առկայությամբ:

Այդ մասնաճյուղերի գործունեությունը կնպատակաուղղվի ՓՄՁ-ի զարգացման տարածաշրջանային և մարզային ու համայնքային ծրագրերի իրականացմանը` հաշվի առնելով տարածաշրջանային զարգացման գերակայությունները, առանձին բնակավայրերի առանձնահատկությունները և առկա ներուժը:

 

1.2. Բիզնես ինկուբատորի ստեղծում Գյումրիում

 

Հայաստանում ՓՄՁ-ի հիմնախնդիրներն առավել սուր են արտահայտված հեռավոր և սահմանամերձ մարզերում, մասնավորապես, Շիրակի մարզում, որը ժամանակին հանդիսացել է երկրի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկը: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի արդյունքում և շուկայական տնտեսությանն անցման փուլում նկատվեց Հայաստանի տնտեսության, այդ թվում` նրա արդյունաբերական արտադրանքի կտրուկ անկում, որն իր ծանր ազդեցությունը թողեց հատկապես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վրա:

Դիտարկումները ցույց են տալիս, որ միջազգային պրակտիկայում ձեռնարկատիրության, մասնավորապես, ՓՄՁ պետական աջակցության առավել արդյունավետ և հեռանկարային ուղղություններից է բիզնես ինկուբատորի ստեղծումը, հատկապես տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող տարածաշրջաններում:

Բիզնես ինկուբատորները նոր ստեղծվող և զարգացող ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրում են տարածք և կենտրոնացված գործարար ծառայություններ, շուկայական ենթակառուցվածքներից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ և տեխնիկական այլ աջակցություն:

Բիզնես ինկուբատորներում ընդգրկված ՓՄՁ-ի սուբյեկտների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ և միացյալ ուժերով գործելու հնարավորություն, ինչն զգալիորեն հեշտացնում է դրանց կայացումն ու հետագա արդյունավետ գործունեությունը:

Հաշվի առնելով այն, որ սննդամթերք արտադրող և վերամշակող կազմակերպություններն ունեն զարգացման մեծ հեռանկարներ, այդ ուղղվածության բիզնես ինկուբատորի ստեղծումը Գյումրիում հնարավորություն կտա սննդամթերքի արտադրության (վերամշակման) և սպառման արդյունավետ կազմակերպման շնորհիվ մեղմացնել ինչպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, այնպես էլ այն ընդգրկող տարածաշրջանի պարենային ապահովվածության հիմնախնդիրը:

Գործարար աջակցության նման մեխանիզմի կիրառմանը կարող են օժանդակել տեղական ինքնակառավարման մարմինները` տրամադրելով չօգտագործվող տարածքները` բիզնես ինկուբատորի ստեղծման համար, դրանով իսկ նպաստելով մարզային և համայնքային ՓՄՁ-ի սուբյեկտների միջև կոոպերացիայի զարգացմանը:

 

1.3. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության նպատակով տեխնոպարկի ստեղծում Երևան քաղաքի տարածքում

 

ՓՄՁ-ի սուբյեկտների տեխնոլոգիական և նորարարական աջակցության ձևերից է տեխնոպարկը: Այն գիտական կենտրոնի շուրջ համախմբված նորաստեղծ կազմակերպությունների համախումբ է, որն առաջարկում է ժամանակակից բարձրորակ խորհրդատվություն և տեղեկատվություն` ուղղված դրանց տեխնոլոգիական զարգացմանը, արտադրանքի որակի կատարելագործմանը, ինչպես նաև տրամադրում է իրացման շուկաների ուսումնասիրություններ իրականացնելու լայն հնարավորություններ:

Տեխնոպարկերն ավելի հարմար են արդյունաբերական կամ բարձր տեխնոլոգիական ոլորտներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար, որտեղ արտադրանքի կամ արտադրական պրոցեսների կատարելագործման համար շատ կարևոր է նոր տեխնոլոգիաների և գիտական նոր մշակումների կիրառումը: Սա փոխշահավետ է ինչպես գիտնականների, այնպես էլ ձեռնարկատերերի համար` փորձի և հմտությունների փոխանակման առումով, երբ գիտական ծրագրերը կարող են ներդրվել գործարարության մեջ, իսկ ձեռնարկատերերը կարող են օգտվել գիտական մշակումներից:

Այս մոդելն արդյունավետ կարող է գործել արդյունաբերական և գիտական ներուժ ունեցող խոշոր քաղաքներում, մասնավորապես, Երևանում` հաշվի առնելով պարապուրդի մատնված արդյունաբերական կազմակերպությունների և հիմնական միջոցների, ինչպես նաև մասնագիտական բարձր մակարդակ ունեցող աշխատուժի առկայությունը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է համագործակցել տեղական գիտական և գիտակրթական հաստատությունների (կենտրոնների) հետ:

ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանը, արտահանման ներուժի ընդլայնմանը:

 

2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ընդլայնելով իր գործունեությունը, կշարունակի իրականացնել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական ու ներդրումային աջակցության շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման գործառույթը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրները հաղթահարելու, նրանց ֆինանսական ու ներդրումային աջակցություն ցուցաբերելու նպատակով 2004 թվականին կընդլայնվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրային այս միջոցառման կատարելագործման աշխատանքներում կներգրավի այս բնագավառում մեծ փորձառություն ունեցող փորձագետների:

ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը պայմանագրային հիմունքներով կհամագործակցի ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող առևտրային բանկերի հետ:

Վարկային երաշխիքների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Ծրագրի շրջանակներում նախապատվությունը կտրվի գրավի բացակայության պատճառով մերժվող հայտերին, արտադրության կամ ծառայությունների բնագավառում, ինչպես նաև նոր, ոչ առևտրական գործունեություն ծավալած ՓՄՁ-ի սուբյեկտներին և Երևան քաղաքի տարածքից դուրս գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

 

3. ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման միջազգային ստանդարտների (ԻՍՕ 9000 շարքի) ներդրմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում, հատկապես ՓՄՁ-ի սուբյեկտների համար, ձեռնարկատիրական արդյունավետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականը թողարկվող արտադրանքի, մատուցվող ծառայությունների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին: Մասնավորապես, ներքին շուկայում ամրապնդվելու և արտաքին շուկաներ մուտք գործելու կարևոր նախապայման է որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրումը:

Տնտեսավարող սուբյեկտներում որակի կառավարման համակարգերի ներդրումն էականորեն բարելավում է դրանց կառավարման արդյունավետությունը, ավելի մատչելի է դարձնում տեղեկատվությամբ ապահովումը և, վերջապես, բարձրացնում է տնտեսավարող սուբյեկտների մրցունակությունն ու հեղինակությունը:

Ներկայումս ՓՄՁ-ի սուբյեկտները, որակի կառավարման համակարգերի ներդրման հետ կապված, տեխնիկական ու ֆինանսական աջակցության կարիք ունեն:

Ելնելով նշված նկատառումներից և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գերակայություններից` 2004 թվականին ծրագրի շրջանակներում կցուցաբերվի աջակցություն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, ԻՍՕ 9000 շարքի որակի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ խորհրդատվական աշխատանքների իրականացման համար կցուցաբերվի աջակցություն, ինչպես նաև կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտներում ԻՍՕ 9000 շարքի որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված դասընթացներ /սեմինարներ/, կհրատարակվեն համապատասխան տեղեկատվական նյութեր:

 

4. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվությամբ ապահովումը դրանց արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից է: ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ է ունենալ օպերատիվ տեղեկատվություն ընդհանուր տնտեսական վիճակի (կոնյունկտուրայի), արտաքին և ներքին շուկաներում, օրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի ու բարձր տեխնոլոգիաների կիրառման, պետական գնումների իրականացման ընթացքի և ձեռնարկատիրության ոլորտին առնչվող այլ գործընթացների մասին:

Նման տեղեկատվությունը հիմնականում տարածվում է զանգվածային լրատվության միջոցներով, որը միշտ չէ, որ ամբողջական է, և չի բավարարում գործարարների պահանջները:

Ծրագրով նախատեսվում է տեղեկատվական ու վերլուծական նյութերի և պարբերականի հրատարակում (դրանք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում), ինչը համապարփակ գործարար տեղեկատվությամբ կապահովի Հայաստանի գործարար համայնքին (ՓՄՁ-ի սուբյեկտներ, գործարարությանն աջակցող կառույցներ և ՓՄՁ-ի սուբյեկտների շահերը ներկայացնող այլ կառույցներ):

Ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ի սուբյեկտներին` ինտերնետային էջերի պատրաստման ուղղությամբ:

ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար որակյալ գործարար խորհրդատվության ապահովումը: Ծրագրով նախատեսվում է շարունակել պետական աջակցությունը ՓՄՁ-ի սուբյեկտներին` խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման գործում:

ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական աջակցությունը կիրականացվի մասնագիտացված խորհրդատվական կազմակերպությունների միջոցով ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման, շուկայական հետազոտությունների իրականացման, պարբերաբար կազմակերպվող բաց դռների միջոցով գործարար խորհրդատվության տրամադրման (Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում), պոտենցիալ գործընկերների հայտնաբերման, ինչպես նաև այլ ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված պահանջների:

Մաքսային բրոքերի ինստիտուտի զարգացման նպատակով մաքսային միջնորդներին (բրոքերներին) և մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին կցուցաբերվի խորհրդատվական աջակցություն մաքսային ընթացակարգային հիմնահարցերի հաղթահարման (լուծման) և ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցվող մաքսային միջնորդական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

 

5. ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական ուսուցում և վերապատրաստում

 

Որպես տեխնիկական բնույթի առաջնահերթ հիմնախնդիր կարելի է առանձնացնել գործարարների համապատասխան գիտելիքների, ֆինանսական, հաշվապահական հաշվետվությունները գրագետ կազմելու և գործարար ծրագրեր մշակելու ունակությունների պակասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը թերի տիրապետելը և այլն:

ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար հմտությունների զարգացման և մասնագիտական վերապատրաստման նպատակով կապահովվի նրանց մասնակցությունն ուսուցողական և վերապատրաստման դասընթացներին: Դրա հետ մեկտեղ` մաքսային բրոքերի ինստիտուտի զարգացման նպատակով պարբերաբար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծ մասամբ հասանելի չեն գործարար ծառայությունները` հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել նրանց մասնակցությանն այդ դասընթացներին` ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:

Նման դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կընձեռի սկսնակ գործարարներին ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ստանալու պարզաբանումներ գործող հարկային և մաքսային համակարգերի, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ու գործարար ծրագրերի կազմման ուղղությամբ, ինչպես նաև` ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի և այլ բնագավառներում:

 

 IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:

2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ի զարգացման տարեկան պետական ծրագրերի ֆինանսավորումը, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի, մշակում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ, որը հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

4. Ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից սահմանված մրցույթների անցկացման կարգով:

5. Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2004 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր (համաֆինանսավորման սկզբունքով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

 


Հավելված

փոքր և միջին ձեռնարկատիրությանը
պետական աջակցության 2004 թվականի ծրագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1.

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության
զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի
գործունեության ընդլայնում. դրա մարզային 3 մասնաճյուղերի
ստեղծում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի,
Լոռու և Կոտայքի մարզերում


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

2004 թվականի
ընթացքում

2.

Որպես ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող այլ ենթակառույցներ՝
բիզնես ինկուբատորի ստեղծում Գյումրիում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

2004 թվականի
3-րդ եռամսյակ

3.

ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և
ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության
նպատակով Երևանում տեխնոպարկի ստեղծում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զար-
գացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ,
Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններ

2004 թվականի
4-րդ եռամսյակ

4.

ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային
աջակցության նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային
երաշխիքների տրամադրման ծրագրի շարունակում և ընդլայնում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ,
Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններ

սկսած
2004 թվականի
1-ին եռամսյակից

5.

ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման միջազգային
ստանդարտների (ԻՍՕ 9000 շարքի) ներդրմանն
աջակցություն


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

սկսած
2004 թվականի
1-ին եռամսյակից

6.

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և
խորհրդատվական աջակցություն


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

սկսած
2004 թվականի
1-ին եռամսյակից

7.

ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական ուսուցման և
վերապատրաստման դասընթացների կազմակերպում` ինչպես
ՓՄՁ-ի սուբյեկտների, այնպես էլ ուսուցողական
ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

սկսած
2004 թվականի
1-ին եռամսյակից

8.

Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի
ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման
սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ,
Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններ

2004 թվականի ընթացքում