Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Ինկորպորացիա (05.12.1993-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/4(12)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
15.12.1960
Дата подписания
15.12.1960
Дата вступления в силу
05.12.1993

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

 

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը 1960թ. նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը Փարիզում հրավիրված իր տասնմեկերորդ նստաշրջանում՝

հիշելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատում է խտրականության անթույլատրելիության սկզբունքը և հռչակում յուրաքանչյուր մարդու կրթության իրավունքը,

ուշադրության առնելով, որ կրթության բնագավառում խտրականությունն այդ Հռչակագրում շարադրված իրավունքների խախտում է,

ուշադրության առնելով, որ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը, իր Կանոնադրության համաձայն, նպատակ ունի համագործակցություն հաստատել ազգերի միջև, որպեսզի ապահովվեն մարդու իրավունքների համընդհանուր հարգումը և բոլորի համար կրթություն ստանալու հնարավորության հավասարությունը,

ճանաչելով, հետևաբար, որ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը, հաշվի առնելով ազգային կրթական համակարգերի բազմազանությունը, պարտականություն ունի ոչ միայն վերացնելու կրթության բնագավառում խտրականության ցանկացած ձև, այլև՝ խրախուսելու այդ բնագավառում բոլորի համար հավասար հնարավորություն ու վերաբերմունք,

իր տրամադրության ներքո ունենալով կրթության բնագավառում խտրականության տարբեր առումների վերաբերյալ առաջարկություններ, որոնք կազմում են նստաշրջանի օրակարգի 17.1.4 կետը,

որոշած լինելով իր տասներորդ նստաշրջանի ժամանակ, որ այդ հարցը պետք է դառնա միջազգային կոնվենցիայի, ինչպես նաև անդամ պետություններին հանձնարարականների առարկա,

 

ընդունում է սույն Կոնվենցիան 1960 թվականի դեկտեմբերի 14-ին:

 

Հոդված 1

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակի համար «խտրականություն» հասկացությունը ներառում է ցանկացած տարբերակում, բացառություն, սահմանափակում կամ նախապատվություն՝ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքի, ազգային կամ սոցիալական պատկանելության, տնտեսական դրության կամ ծննդի հիմքով, ինչի նպատակը կամ հետևանքն է կրթության բնագավառում հավասար վերաբերմունքի վերացումը կամ խախտումը, մասնավորապես.

ա) որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը,

բ) որևէ անձի կամ անձանց խմբի կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը,

գ) որևէ անձի կամ անձանց խմբի համար կրթական առանձին համակարգեր կամ ուսումնական հաստատություններ ստեղծելը կամ պահպանելը, բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթներով,

դ) որևէ անձի կամ անձանց խմբի մարդկային արժանապատվությանն անհարիր պայմաններ պարտադրելը:

2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կրթություն» հասկացությունը վերաբերում է կրթության բոլոր տեսակներին ու մակարդակներին և ներառում է կրթություն ստանալու հնարավորությունը, կրթության ստանդարտն ու որակը, ինչպես նաև կրթություն տալու պայմանները:

 

Հոդված 2

 

Հետևյալ իրավիճակները չեն դիտվում որպես խտրականություն սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված իմաստով, եթե դրանք թույլատրվում են առանձին պետությունում՝

ա) կրթական առանձին համակարգերի կամ ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումը տարբեր սեռի սովորողների համար այն դեպքերում, երբ այդ համակարգերը կամ հաստատություններն առաջարկում են կրթության համարժեք մատչելիություն, ապահովում են միևնույն ստանդարտի որակավորում ունեցող դասավանդող անձնակազմ, ինչպես նաև միևնույն որակի դպրոցական շենքեր ու սարքավորում, և տրամադրում են միևնույն կամ համարժեք ուսումնական դասընթացների հնարավորություն,

բ) կրոնական կամ լեզվական պատճառներով կրթական առանձին համակարգերի կամ ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումը, որոնք տալիս են սովորողների ծնողների կամ խնամակալների ցանկությանը համապատասխանող կրթություն, եթե մասնակցությունն այդ համակարգերին կամ այդ հաստատություններ հաճախելը կամավոր է, և եթե դրանց կողմից տրվող կրթությունը համապատասխանում է իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ստանդարտներին, մասնավորապես, միևնույն մակարդակի կրթության համար,

գ) մասնավոր ուսումնական հաստատությունների ստեղծումը կամ պահպանումն այն դեպքերում, եթե դրանց նպատակը ոչ թե որևէ խմբի բացառումն է, այլ կրթության հնարավորությունների տրամադրումը՝ ի լրումն պետական մարմինների տրամադրածի, եթե այդ հաստատությունները գործում են վերոհիշյալ նպատակին համապատասխան, և եթե տրամադրվող կրթությունը համապատասխանում է իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ստանդարտներին, մասնավորապես, միևնույն մակարդակի կրթության համար:

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիայում տեղ գտած իմաստով խտրականությունը վերացնելու և կանխարգելելու նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.

ա) չեղյալ հայտարարել ցանկացած նորմատիվ ակտ ու վարչական կարգադրություն և դադարեցնել վարչական ցանկացած պրակտիկա, որոնք խտրականություն են ներառում կրթության բնագավառում,

բ) երաշխավորել, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական կարգով, խտրականության բացառում ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության հարցում,

գ) չթույլատրել պետական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ որևէ տարբերակված վերաբերմունք, բացառությամբ ընդունակության կամ կարիքավորության հիմքով՝ կապված ուսման վարձի, կրթաթոշակների կամ սովորողներին աջակցության այլ ձևերի, ինչպես նաև՝ կրթությունն օտարերկրյա պետություններում շարունակելու համար անհրաժեշտ թույլատրության և հնարավորությունների հետ,

դ) պետական մարմինների կողմից ուսումնական հաստատություններին այս կամ այն տեսակի օգնություն ցուցաբերելիս թույլ չտալ որևէ սահմանափակում կամ նախապատվություն, որը բացառապես հիմնված լինի սովորողների՝ որևէ խմբին պատկանելության վրա,

ե) իրենց տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին տրամադրել կրթություն ստանալու նույն հնարավորությունները, ինչ որ սեփական քաղաքացիներին:

 

Հոդված 4

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, բացի այդ, պարտավորվում են մշակել, զարգացնել և կիրառել այնպիսի պետական քաղաքականություն, որն ազգային պայմաններին ու սովորույթներին համապատասխանող մեթոդներով միտված լինի նպաստելու կրթության բնագավառում հավասար հնարավորություն և վերաբերմունք ապահովելուն, մասնավորապես.

ա) տարրական կրթությունը դարձնել անվճար և պարտադիր, միջնակարգ կրթությունը՝ իր տարբեր ձևերով, դարձնել բոլորի համար հնարավոր և մատչելի, բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների, ապահովել դպրոց հաճախելու՝ օրենքով սահմանված պարտականության կատարումը բոլորի կողմից,

բ) միևնույն մակարդակի բոլոր պետական ուսումնական հաստատություններում ապահովել կրթական ստանդարտների, ինչպես նաև տրամադրվող կրթության որակի հետ կապված պայմանների համարժեքությունը,

գ) համապատասխան մեթոդներով խրախուսել և զարգացնել տարրական կրթություն չստացած կամ այն չավարտած անձանց կրթությունը, նրանց կողմից կրթությունը շարունակելը՝ յուրաքանչյուրի ընդունակություններին համապատասխան,

դ) ուսուցչի մասնագիտության համար ապահովել վերապատրաստում՝ առանց խտրականության:

 

Հոդված 5

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները համաձայնում են, որ.

ա) կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը. այն պետք է նպաստի բոլոր ազգերի և ռասայական կամ կրոնական բոլոր խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության՝ խաղաղության պահպանմանն ուղղված գործունեության զարգացմանը,

բ) էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների և, համապատասխան դեպքերում, խնամակալների՝ իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուսումնական հաստատություններից բացի այլ ուսումնական հաստատություններ ընտրելու ազատության հարգումը, պայմանով, որ այդ ուսումնական հաստատությունները համապատասխանեն իրավասու իշխանությունների սահմանած կրթական նվազագույն ստանդարտներին, ու երկրորդ, տվյալ երկրում օրենսդրության կիրառման ընթացակարգերին համապատասխան կարգով երեխաների համար՝ իրենց դավանանքին համապատասխան, կրոնական և բարոյական կրթության ապահովումը. ոչ մի անձի կամ անձանց խմբի չի կարելի պարտադրել ստանալու կրոնական ցուցումներ՝ հակառակ իր կամ իրենց դավանանքի,

գ) կարևոր է ճանաչել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ սեփական կրթական գործունեություն ծավալելու իրավունքը, ներառյալ դպրոցներ պահելը, և, պայմանավորված յուրաքանչյուր պետության կրթական քաղաքականությամբ, սեփական լեզուն օգտագործելու կամ դասավանդելու իրավունքը, պայմանով, որ.

(i) այդ իրավունքի իրականացումը չի խոչընդոտում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ հասկանալու ողջ համայնքի մշակույթն ու լեզուն և մասնակցելու նրա գործունեությանը կամ դա չի վտանգում ազգային ինքնիշխանությունը,

(ii) կրթության ստանդարտը ցածր չէ իրավասու իշխանությունների սահմանած կամ հաստատած ընդհանուր ստանդարտից,

(iii) այդպիսի դպրոցներ հաճախելը ֆակուլտատիվ է:

2. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքների կատարումն ապահովելու համար:

 

Հոդված 6

 

Սույն Կոնվենցիան կիրառելիս` մասնակից պետությունները պարտավորվում են մեծապես ուշադրության առնել հետագայում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվելիք հանձնարարականները, որոնք կսահմանեն կրթության բնագավառում խտրականության տարբեր ձևերի դեմ պայքարի միջոցառումներ և նպատակ կունենան ապահովելու հավասար հնարավորություն ու վերաբերմունք կրթության բնագավառում:

 

Հոդված 7

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովին, վերջինիս սահմանած ժամկետում ու կարգով ներկայացվող իրենց պարբերական զեկույցներով, տեղեկատվություն են հաղորդում իրենց ընդունած օրենսդրական ու վարչական դրույթների և այն միջոցառումների մասին, որ ձեռնարկել են սույն Կոնվենցիայի կատարման համար, ներառյալ այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են 4-րդ հոդվածում հիշատակված պետական քաղաքականության մշակման և զարգացման համար, ինչպես նաև տեղեկատվություն այդ քաղաքականության իրագործման արդյունքների և խոչընդոտների մասին:

 

Հոդված 8

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ Կոնվենցիայի երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, վեճի կողմերի խնդրանքով հանձնվում է Միջազգային դատարան, եթե վեճի լուծման այլ միջոցներն արդյունք չեն տալիս:

 

Հոդված 9

 

Սույն Կոնվենցիային որևէ վերապահում չի թույլատրվում:

 

Հոդված 10

 

Սույն Կոնվենցիան չի սահմանափակում այն իրավունքները, որոնցից անհատները կամ խմբերը կարող են օգտվել երկու կամ ավելի պետությունների միջև կնքված համաձայնագրերի ուժով, եթե այդ իրավունքները չեն հակասում Կոնվենցիայի տառին կամ ոգուն:

 

Հոդված 11

 

Սույն Կոնվենցիան կազմված է անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն, բոլոր չորս տեքստերն էլ հավասարազոր են:

 

Հոդված 12

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ պետությունների կողմից՝ իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

2. Վավերագրերը կամ ընդունման փաստաթղթերն ի պահ են տրվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 13

 

1. Սույն Կոնվենցիային կարող է միանալ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետություն, որը Կազմակերպության Գործադիր խորհրդի կողմից կստանա Կոնվենցիային միանալու հրավեր:

2. Միանալը կատարվում է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու միջոցով:

 

Հոդված 14

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը կամ ընդունման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալու օրվանից երեք ամիս անց, բայց միայն այն պետությունների համար, որոնք իրենց վավերացման, ընդունման կամ միանալու փաստաթղթերն ի պահ են տվել նշված օրը կամ ավելի վաղ: Ցանկացած այլ պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերացման, ընդունման կամ միանալու փաստաթղթերն ի պահ տալուց երեք ամիս անց:

 

Հոդված 15

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են, որ այն կիրառելի է ոչ միայն իրենց մետրոպոլիայի տարածքի, այլև՝ ոչ ինքնավար, խնամարկյալ, գաղութային և այլ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են. նրանք պարտավորվում են խորհրդակցել, եթե անհրաժեշտ է, նշված տարածքների կառավարությունների կամ այլ իրավասու իշխանությունների հետ վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ ավելի վաղ, որպեսզի ապահովեն Կոնվենցիայի կատարումն այդ տարածքներում, ինչպես նաև Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ծանուցել այն տարածքների վերաբերյալ, որտեղ Կոնվենցիան կատարվելու է: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց երեք ամիս անց:

 

Հոդված 16

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն կարող է այն չեղյալ հայտարարել իր անունից կամ ցանկացած տարածքի անունից, որի արտաքին հարաբերությունների համար պատասխանատու է:

2. Չեղյալ հայտարարելը ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որն ի պահ է տրվում Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:

3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման փաստաթուղթն ստանալուց 12 ամիս անց:

 

Հոդված 17

 

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը Կազմակերպության անդամ պետություններին, 13-րդ հոդվածում նշված` Կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը հայտնում է 12-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված վավերացման, ընդունման կամ միանալու բոլոր փաստաթղթերի ի պահ հանձնման, ինչպես նաև, համապատասխանաբար, 15 և 16-րդ հոդվածներում նշված ծանուցումների ու չեղյալ հայտարարումների մասին:

 

Հոդված 18

 

1. Սույն Կոնվենցիան կարող է վերանայվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից: Ցանկացած նման վերանայված տեքստ, սակայն, կպարտավորեցնի միայն այն պետություններին, որոնք կդառնան վերանայված Կոնվենցիայի մասնակիցներ:

2. Եթե Գլխավոր խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի ամբողջական կամ մասնակի վերանայման արդյունքում ընդունի նոր կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիան չնախատեսի այլ կարգ, սույն Կոնվենցիան կդադարի բաց լինել վավերացման, ընդունման կամ միանալու համար նոր, վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հոդված 19

 

Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիան Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի խնդրանքով գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:

Կատարված է Փարիզում, 1960 թվականի դեկտեմբերի 15-ին, Գլխավոր խորհրդաժողովի 11-րդ նստաշրջանի Նախագահի և Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի ստորագրությունները կրող երկու հավասարազոր բնօրինակներով, որոնք ի պահ են տրվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվ, և որոնց՝ պատշաճ կերպով վավերացված պատճեններն ուղարկվում են 12-րդ և 13-րդ հոդվածներում նշված բոլոր պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից: