Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (13.10.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՄՊՀՀՊՏ 2008/Հատուկ թողարկում
Принят
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Дата принятия
10.12.1984
Дата подписания
10.12.1984
Дата вступления в силу
13.10.1993

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ԴԵՄ*

 

(10 դեկտեմբերի 1984 թ.)

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

հաշվի առնելով, որ, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքների համաձայն, մարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և աշխարհում խաղաղության հիմքն է,

ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատականությանը ներհատուկ արժանապատվությունից,

հաշվի առնելով Կանոնադրությամբ, մասնավորապես, 55-րդ հոդվածով պետությունների ստանձնած պարտավորությունը՝ աջակցել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը,

հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածն ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածը, որոնք երկուսն էլ նախատեսում են, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների ու դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի,

հաշվի առնելով նաև 1975 թվականի դեկտեմբերի 9-ին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի ենթարկվելուց բոլոր անձանց պաշտպանության մասին հռչակագիրը,

կամենալով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ պայքարը ողջ աշխարհում դարձնել ավելի արդյունավետ,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

Մ ա ս  1

 

Հ ո դ վ ա ծ  1

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց։

2. Սույն հոդվածը չի խոչընդոտում միջազգային որևէ փաստաթղթի կամ ներպետական օրենսդրության, որոնք բովանդակում են կամ կարող են բովանդակել ավելի լայն կիրառման դրույթներ։

 

Հ ո դ վ ա ծ  2

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո ցանկացած գտնվող տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար։

2. Ոչ մի բացառիկ հանգամանք, ինչպիսին էլ այն լինի՝ պատերազմական դրություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում։

3. Վերադաս պետի կամ պետական իշխանության հրամանը չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

1. Ոչ մի մասնակից պետություն չպետք է որևէ անձի արտաքսի, վերադարձնի (եrefouler”) կամ հանձնի մեկ այլ պետության, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նրան կարող է սպառնալ խոշտանգումների ենթարկվելու վտանգ։

2. Նման հիմքերի առկայությունը որոշելու նպատակով իրավասու իշխանությունները նկատի են առնում գործին առնչվող բոլոր հանգամանքները, ներառյալ, համապատասխան դեպքերում, տվյալ պետությունում մարդու իրավունքների կոպիտ, աղաղակող և զանգվածային խախտումների գոյությունը։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ խոշտանգման բոլոր գործողություններն իր քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ։ Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև ցանկացած անձի այն գործողություններին, որոնք ներկայանում են որպես մասնակցություն կամ գործակցություն խոշտանգմանը։

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն այս հանցագործությունների համար սահմանում է համապատասխան պատիժներ՝ հաշվի առնելով դրանց ծանր բնույթը։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 4-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հետևյալ դեպքերում հաստատելու համար.

(ա) երբ հանցագործությունները կատարվել են նրա իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված ծովային կամ օդային նավի վրա,

(բ) երբ ենթադրյալ հանցագործը տվյալ պետության քաղաքացի է,

(գ) երբ զոհը տվյալ պետության քաղաքացի է և եթե տվյալ պետությունը նպատակահարմար է գտնում դա։

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն համանման կերպով ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր իրավազորությունը նման հանցագործությունների նկատմամբ որոշելու համար այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր իրավազորությանը ենթակա ցանկացած տարածքում, և այդ պետությունը 8-րդ հոդվածին համապատասխան չի հանձնում նրան սույն հոդվածի 1-ին կետում նշված պետություններից որևէ մեկին։

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ներպետական օրենսդրությանը համապատասխան ցանկացած քրեական իրավազորության իրականացում։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Ցանկացած մասնակից պետություն, որի տարածքում գտնվում է 4-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարման մեջ կասկածվող անձը, առկա տեղեկատվությունը քննության առնելուց հետո համոզվելով, որ հանգամանքներն այդ են պահանջում, կալանավորում է նրան կամ ձեռնարկում նրա ներկայությունն ապահովող իրավական այլ միջոցներ։ Կալանքը կամ նմանօրինակ միջոցառումներն իրականացվում են տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան, սակայն, կարող են տևել միայն այնքան ժամանակ, որն անհրաժեշտ է քրեադատավարական կամ հանձնման գործողություններ ձեռնարկելու համար։

2. Այդ պետությունն անհապաղ կատարում է փաստերի նախնական քննություն։

3. Սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա կալանքի տակ գտնվող ցանկացած անձի ցույց է տրվում աջակցություն՝ անհապաղ կապ հաստատելու այն պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը, կամ, եթե քաղաքացիություն չունեցող անձ է, այն պետության ներկայացուցչի հետ, որտեղ նա սովորաբար բնակվում է։

4. Երբ պետությունը, սույն հոդվածին համապատասխան, կալանավորում է որևէ անձի, ապա 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններին անհապաղ տեղեկացնում է այդ անձի կալանավորման և այն հանգամանքների մասին, որոնք հիմք են ծառայել նրան կալանքի վերցնելու համար։ Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ նախնական հետաքննություն անցկացնող պետությունն իր ստացած տվյալների մասին անմիջապես հայտնում է վերոհիշյալ պետություններին և մատնանշում, թե մտադիր է արդյոք իրականացնել իր իրավազորությունը։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

1. Մասնակից պետությունը, որի իրավազորությանը ենթակա տարածքում հայտնաբերվել է 4-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարման մեջ կասկածվող անձը, 5-րդ հոդվածում նշված դեպքերում, եթե չի հանձնում նրան, տվյալ գործը հետապնդման նպատակով հանձնում է իր իրավասու մարմիններին։

2. Այս մարմիններն իրենց որոշումը կայացնում են նույն կարգով, ինչ լուրջ բնույթի ցանկացած սովորական հանցագործության դեպքում՝ այդ պետության օրենսդրության համաձայն։ 5-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված դեպքերում հետապնդման և դատապարտման համար անհրաժեշտ ապացույցներին ներկայացվող պահանջները ոչ մի դեպքում չպետք է լինեն պակաս խիստ, քան նրանք, որոնք կիրառվում են 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում։

3. Ցանկացած անձի համար, որի նկատմամբ քննություն է կատարվում՝ կապված 4-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի հետ, երաշխավորվում է արդարացի վերաբերմունք՝ դատավարության բոլոր փուլերում։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

1. 4-րդ հոդվածում նշված հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ենթակա են ներառման մասնակից պետությունների միջև հանձնման մասին գոյություն ունեցող ցանկացած պայմանագրի մեջ։ Մասնակից պետությունները պարտավորվում են նման հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառել իրենց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած պայմանագրում։

2. Եթե մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, մեկ այլ մասնակից պետությունից, որի հետ չունի հանձնման մասին պայմանագիր, ստանում է հանձնման խնդրանք, նա կարող է սույն Կոնվենցիան դիտել որպես այդպիսի հանցագործությունների դեպքում հանձնման իրավական հիմք։ Հանձնումն իրականացվում է խնդրանքն ստացած պետության օրենսդրությամբ նախատեսված այլ պայմաններին համապատասխան։

3. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, իրենց միջև հարաբերություններում նման հանցագործությունները դիտում են որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ՝ խնդրանքն ստացող պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան։

4. Նման հանցագործությունները մասնակից պետությունների միջև հանձնման նպատակով դիտվում են այնպես, ինչպես, եթե դրանք կատարված լինեին ոչ միայն իրենց կատարման վայրում, այլև այն պետությունների տարածքներում, որոնք իրենց իրավազորությունը պետք է հաստատեն 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

1. Մասնակից պետությունները 4-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի առնչությամբ իրականացվող քրեական դատավարության կապակցությամբ միմյանց տրամադրում են առավել լայն աջակցություն, ներառյալ՝ իրենց տրամադրության ներքո եղած, դատավարության համար անհրաժեշտ բոլոր ապացույցների տրամադրումը։

2. Մասնակից պետությունները սույն հոդվածի 1-ին կետի համաձայն իրենց պարտավորությունները կատարում են փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրին համապատասխան, որ կարող է կնքված լինել նրանց միջև։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի խոշտանգումների արգելմանը վերաբերող ուսումնական նյութերն ու տեղեկատվությունն ամբողջովին ընդգրկվեն իրավակիրառող մարմինների՝ քաղաքացիական, թե ռազմական, և բժշկական աշխատակազմերի, պետական ծառայողների և այլոց վերապատրաստման ծրագրերում, ովքեր կարող են ներգրավված լինել ձերբակալության, կալանավորման կամ բանտարկության ցանկացած ձևի ենթարկված անձանց կալանքի տակ պահելու, հարցաքննելու կամ նրանց հետ վարվեցողության մեջ։

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն այս արգելքը ներառում է ցանկացած այդպիսի անձի պարտականություններին ու գործառույթներին վերաբերող կանոնների կամ հրահանգների մեջ։

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն պարբերաբար վերանայում է հարցաքննության կանոնները, հրահանգները, մեթոդներն ու պրակտիկան, ինչպես նաև իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ցանկացած ձևով ձերբակալման, կալանավորման կամ բանտարկության ենթարկված անձին կալանքի տակ պահելու կամ նրա հետ վարվելու պայմանները։

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ հետաքննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգումը կիրառվել է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում։

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք։ Ձեռնարկվում են միջոցներ՝ ապահովելու համար հայցվորի և վկաների պաշտպանությունն ընդդեմ վատ վերաբերմունքի կամ ահաբեկման՝ որպես նրա բողոքի կամ վկայության հետևանքի։

 

Հ ո դ վ ա ծ  14

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգում ապահովում է, որպեսզի խոշտանգումների զոհը ստանա փոխհատուցում և ունենա հարկադրանքի միջոցով ապահովվող արդարացի և համարժեք փոխհատուցման իրավունք, ներառյալ՝ հնարավորինս լիակատար արդարացման (ռեաբիլիտացման) միջոցները։ Խոշտանգումների պատճառով զոհի մահվան դեպքում փոխհատուցման իրավունքը վերապահվում է նրա խնամառուներին։

2. Սույն հոդվածում ոչինչ չի շոշափում զոհի կամ այլոց փոխհատուցման ցանկացած իրավունք, որը կարող է գոյություն ունենալ ներպետական օրենսդրության համաձայն։

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի ցանկացած վկայություն, որ տրվել է խոշտանգման արդյունքում, ցանկացած դատավարության ընթացքում չվկայակոչվի որպես ապացույց, բացառությամբ այն դեպքերը, երբ վկայությունն օգտագործվում է ընդդեմ խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող անձի՝ որպես ապացույց, որ այդ վկայությունը տրվել է։

 

Հ ո դ վ ա ծ  16

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կանխել դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն դասվում 1-ին հոդվածում որպես խոշտանգում սահմանվածների շարքը, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից, կամ նրանց հրահրմամբ, կամ նրանց գիտությամբ կամ լուռ համաձայնությամբ։ Մասնավորապես, 10, 11, 12 և 13-րդ հոդվածներում նշված պարտավորությունները կիրառվում են՝ խոշտանգման մասին հիշատակությունը փոխարինելով դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի մասին հիշատակմամբ։

2. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում ցանկացած այլ միջազգային փաստաթղթի կամ ներպետական օրենսդրության դրույթներին, որոնք արգելում են դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը, կամ վերաբերում են հանձնմանը կամ արտաքսմանը։

 

Մ ա ս  2

 

Հ ո դ վ ա ծ  17

 

1. Ստեղծվում է Խոշտանգումների դեմ կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), որն իրականացնում է ստորև նախատեսված գործառույթները։ Կոմիտեն կազմված է 10 փորձագետից, որոնք ունեն բարոյական բարձր նկարագիր և ճանաչված իրազեկություն մարդու իրավունքների բնագավառում. նրանք հանդես են գալիս անձնապես։ Փորձագետներին ընտրում են մասնակից պետությունները, ընդ որում, հաշվի է առնվում աշխարհագրական արդարացի բաշխումը և իրավաբանական աշխատանքի փորձ ունեցող մի քանի անձանց մասնակցության նպատակահարմարությունը։

2. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, մասնակից պետությունների առաջադրած անձանց ցուցակից։ Յուրաքանչյուր մասնակից պետություն իր քաղաքացիների թվից կարող է առաջադրել մեկ թեկնածու։ Մասնակից պետությունները հաշվի են առնում այն անձանց առաջադրման նպատակահարմարությունը, ովքեր անդամակցում են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի համաձայն ստեղծված Մարդու իրավունքների կոմիտեին և ովքեր ցանկություն են հայտնում աշխատել Կոմիտեում։

3. Կոմիտեի անդամների ընտրություններն անցկացվում են մասնակից պետությունների՝ երկու տարին մեկ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի հրավիրած նիստերում։ Այդ նիստերում, որտեղ քվորում է կազմում մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեում ընտրված անդամներ են համարվում Կոնվենցիայի՝ ներկա և քվեարկությանը մասնակցող մասնակից պետությունների ներկայացուցիչների ամենաշատ ձայները և ձայների բացարձակ մեծամասնությունն ստացած թեկնածուները։

4. Առաջին ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո։ Հերթական ընտրությունների օրվանից առնվազն չորս ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը մասնակից պետություններին է ուղարկում նամակ՝ առաջարկելով եռամսյա ժամկետում ներկայացնել իրենց թեկնածուներին։ Գլխավոր քարտուղարն այբբենական կարգով կազմում է այս կերպ առաջադրված անձանց ցուցակ՝ նշելով նրանց առաջադրած մասնակից պետություններին, և այդ ցուցակը ներկայացնում է վերջիններիս։

5. Կոմիտեի անդամներն ընտրվում են չորսամյա ժամկետով։ Կրկին առաջադրվելու դեպքում նրանք ունեն վերընտրության իրավունք։ Սակայն, առաջին ընտրություններում ընտրված հինգ անդամի լիազորությունների ժամկետը լրանում է երկրորդ տարվա վերջին. առաջին ընտրություններից անմիջապես հետո այդ հինգ անդամների անունները որոշում է սույն հոդվածի 3-րդ կետում նշված նիստի նախագահողը՝ վիճակահանությամբ։

6. Կոմիտեի անդամի մահվան կամ պաշտոնաթողության դեպքում կամ եթե ցանկացած այլ պատճառով նա այլևս Կոմիտեում չի կարող իրականացնել իր պարտականությունները, նրա թեկնածությունն առաջադրած մասնակից պետությունը, մասնակից պետությունների մեծամասնության հաստատմամբ, իր քաղաքացիների թվից նշանակում է մեկ այլ փորձագետի՝ մնացած ժամկետի համար։ Թեկնածությունը համարվում է հաստատված, եթե մասնակից պետությունների կեսը կամ ավելին առաջարկվող նշանակման մասին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղեկացնելուց հետո վեց շաբաթվա ընթացքում բացասական պատասխան չի տալիս։

7. Մասնակից պետությունները հոգում են Կոմիտեի անդամների ծախսերը՝ Կոմիտեում իրենց պարտականությունները կատարելու ընթացքում։

 

Հ ո դ վ ա ծ  18

 

1. Կոմիտեն ընտրում է իր պաշտոնատար անձանց՝ երկամյա ժամկետով։ Նրանք կարող են վերընտրվել։

2. Կոմիտեն սահմանում է իր ընթացակարգի կանոնները, բայց այդ կանոնները, մասնավորապես, նախատեսում են, որ.

(ա) քվորում կազմում են վեց անդամներ,

(բ) Կոմիտեի որոշումներն ընդունվում են ներկա գտնվող անդամների ձայների մեծամասնությամբ։

3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն ապահովում է անհրաժեշտ աշխատակազմ և պայմաններ՝ Կոմիտեի գործառույթները սույն Կոնվենցիային համապատասխան արդյունավետորեն իրականացնելու համար։

4. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը գումարում է Կոմիտեի առաջին նիստը։ Իր առաջին նիստից հետո Կոմիտեն հավաքվում է իր ընթացակարգով նախատեսված հաճախականությամբ։

5. Մասնակից պետությունները հոգում են մասնակից պետությունների ու Կոմիտեի նիստերի հետ կապված ծախսերը, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպության այնպիսի ցանկացած ծախսերի փոխհատուցումը, ինչպիսին են՝ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան Միավորված ազգերի կազմակերպության կողմից ապահովվող աշխատակազմի ու պայմանների համար կատարվող ծախսերը։

 

Հ ո դ վ ա ծ  19

 

1. Մասնակից պետությունները համապատասխան մասնակից պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնում են զեկույցներ այն միջոցառումների մասին, որ իրենք ձեռնարկել են սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար։ Հետագայում մասնակից պետությունները չորս տարին մեկ անգամ ներկայացնում են լրացուցիչ զեկույցներ ցանկացած նոր միջոցառման մասին և այլ զեկույցներ, որոնք կարող է պահանջել Կոմիտեն։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն այդ զեկույցներն ուղարկում է բոլոր մասնակից պետություններին։

3. Յուրաքանչյուր զեկույց քննարկվում է Կոմիտեի կողմից, որը կարող է զեկույցի վերաբերյալ անել ընդհանուր բնույթի այնպիսի դիտողություններ, որոնք ինքը նպատակահարմար կգտնի, և դրանք ուղարկել համապատասխան մասնակից պետությանը։ Տվյալ մասնակից պետությունն ի պատասխան կարող է Կոմիտեին ներկայացնել ցանկացած դիտողություն, որն ինքը տեղին կհամարի։

4. Կոմիտեն իր հայեցողությամբ կարող է որոշել 24-րդ հոդվածին համապատասխան կազմված իր տարեկան զեկույցում ընդգրկել սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն իր կատարած ցանկացած դիտողություն՝ վերջինիս վերաբերյալ շահագրգիռ մասնակից պետությունից ստացած դիտողությունների հետ միասին։ Կոմիտեն կարող է ընդգրկել նաև սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա ներկայացված զեկույցի պատճենը, եթե այդ մասին խնդրում է շահագրգիռ մասնակից պետությունը։

 

Հ ո դ վ ա ծ  20

 

1. Եթե Կոմիտեն ստանում է վստահելի տեղեկատվություն, որը, նրա կարծիքով, պարունակում է հիմնավորված ցուցումներ, թե մասնակից պետություններից որևէ մեկի տարածքում կանոնավոր կերպով կիրառվում են խոշտանգումներ, ապա նա տվյալ մասնակից պետությանն առաջարկում է համագործակցել այդ տեղեկատվության քննարկման հարցում և այդ նպատակով ներկայացնել իր դիտողությունները տվյալ տեղեկատվության վերաբերյալ։

2. Հաշվի առնելով բոլոր դիտողությունները, որոնք կարող է ներկայացնել համապատասխան մասնակից պետությունը, ինչպես նաև գործին առնչվող առկա ցանկացած տեղեկատվություն, Կոմիտեն կարող է, եթե նպատակահարմար է համարում, նշանակել իր մեկ կամ մի քանի անդամի՝ անցկացնելու խորհրդապահական քննություն և անհապաղ Կոմիտեին ներկայացնելու համապատասխան զեկուցագիր։

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն անցկացվում է քննություն, Կոմիտեն ձգտում է համագործակցել համապատասխան մասնակից պետության հետ։ Նման հետաքննությունը, տվյալ մասնակից պետության համաձայնությամբ, կարող է ներառել նաև այցելություն այդ պետության տարածք։

4. Կոմիտեի անդամի կամ անդամների կողմից սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ներկայացված եզրակացությունների քննարկումից հետո Կոմիտեն այդ եզրակացություններն ուղարկում է համապատասխան մասնակից պետությանը՝ ցանկացած դիտողության կամ առաջարկության հետ միասին, որոնք նպատակահարմար են համարվում տվյալ իրավիճակում։

5. Կոմիտեի՝ սույն հոդվածի 1-4-րդ կետերում նշված ողջ ընթացակարգը խորհրդապահական է, և նրա բոլոր փուլերում պետք է ձգտել համագործակցել մասնակից պետության հետ։ 2-րդ կետին համապատասխան անցկացված հետաքննության կապակցությամբ նման ընթացակարգի ավարտից հետո Կոմիտեն կարող է, համապատասխան մասնակից պետության հետ խորհրդակցելուց հետո, որոշել այդ ընթացակարգի արդյունքների մասին համառոտ հաշվետվությունն ընդգրկել 24-րդ հոդվածին համապատասխան կազմված իր ամենամյա զեկույցում։

 

Հ ո դ վ ա ծ  21

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն, սույն հոդվածին համապատասխան, ցանկացած ժամանակ կարող է հայտարարել, թե ինքը ճանաչում է Կոմիտեի՝ այնպիսի հաղորդումներ ստանալու և քննության առնելու իրավասությունը, որոնք վերաբերում են այդ մասնակից պետության հայտարարությանն այն մասին, թե մեկ այլ մասնակից պետություն չի կատարում սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ Նման հաղորդումները կարող են սույն հոդվածում շարադրված ընթացակարգերին համապատասխան ընդունվել և քննարկվել միայն այն դեպքում, եթե ներկայացվել են այն մասնակից պետության կողմից, որն իր առնչությամբ հայտարարել է Կոմիտեի այդ իրավասությունը ճանաչելու մասին։ Կոմիտեն սույն հոդվածի համաձայն չի քննարկում որևէ հաղորդում, եթե դա վերաբերում է նման հայտարարություն չկատարած մասնակից պետությանը։ Սույն հոդվածի համաձայն ստացված հաղորդումները քննարկվում են հետևյալ ընթացակարգով.

(ա) եթե որևէ մասնակից պետություն գտնում է, որ մեկ այլ մասնակից պետություն չի կատարում սույն Կոնվենցիայի դրույթները, ապա նա կարող է, գրավոր հաղորդմամբ, տվյալ հարցի մասին տեղեկացնել այդ մասնակից պետությանը։ Հաղորդումն ստացած պետությունն այն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում հաղորդումն ուղարկած պետությանը ներկայացնում է այդ հարցի պարզաբանմամբ գրավոր բացատրություն կամ որևէ այլ հայտարարություն, որը, որքան հնարավոր է ու նպատակահարմար, ներառում է տվյալ հարցի առնչությամբ ձեռնարկված, ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք ներպետական ընթացակարգերը և պաշտպանության միջոցները,

(բ) եթե հաղորդումն ստացող պետության կողմից նախնական հաղորդումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում հարցը չի կարգավորվում ի բավարարումն երկու շահագրգիռ մասնակից պետությունների, նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի հարցը ներկայացնել Կոմիտե՝ վերջինիս և մյուս պետությանը ծանուցելու միջոցով,

(գ) Կոմիտեն սույն հոդվածի համաձայն իրեն հանձնված հարցը քննարկում է միայն այն բանից հետո, երբ համոզվում է, որ տվյալ հարցի կապակցությամբ կիրառվել և սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին համապատասխան։ Այս կանոնը չի գործում այն դեպքում, երբ պաշտպանության միջոցների կիրառումն անհիմն կերպով ձգձգվում է կամ հազիվ թե արդյունավետ լինի սույն Կոնվենցիայի խախտման զոհ հանդիսացող անձի համար,

(դ) սույն հոդվածի համաձայն հաղորդումները քննարկելիս Կոմիտեն գումարում է փակ նիստեր,

(ե) պահպանելով (գ) ենթակետի դրույթները՝ Կոմիտեն իր բարի ծառայություններն է առաջարկում համապատասխան մասնակից պետություններին՝ սույն Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների հարգման հիման վրա հարցի բարիդրացիական լուծման նպատակով։ Այս նպատակով, անհրաժեշտության դեպքում, Կոմիտեն կարող է ստեղծել ad hoc համաձայնեցման հանձնաժողով,

(զ) սույն հոդվածի համաձայն իրեն հանձնված ցանկացած հարցի կապակցությամբ Կոմիտեն կարող է դիմել (բ) ենթակետում նշված համապատասխան մասնակից պետություններին՝ ներկայացնելու գործին վերաբերող ցանկացած տեղեկատվություն,

(է) (բ) ենթակետում նշված համապատասխան մասնակից պետություններն իրավունք ունեն ներկայացված լինելու Կոմիտեում հարցի քննարկման ժամանակ և հանդես գալու բանավոր կամ գրավոր հաղորդումներով,

(ը) Կոմիտեն (բ) ենթակետի համաձայն ծանուցում ստանալու օրվանից հետո տասներկու ամսվա ընթացքում ներկայացնում է զեկույց.

(i) եթե հարցը լուծվում է (ե) ենթակետի պայմաններին համապատասխան, ապա Կոմիտեն իր զեկույցում սահմանափակվում է փաստերի և ձեռք բերված կարգավորման համառոտ շարադրանքով,

(ii) եթե հարցը (ա) ենթակետի պայմաններին համապատասխան չի կարգավորվում, ապա Կոմիտեն իր զեկույցում սահմանափակվում է փաստերի համառոտ շարադրանքով. զեկույցին կցվում են համապատասխան մասնակից պետությունների գրավոր դիմումներն ու բանավոր դիմումների գրառումը։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ զեկույցն ուղարկվում է շահագրգիռ մասնակից պետություններին։

2. Սույն հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում, երբ Կոնվենցիայի հինգ մասնակից պետություն հայտարարություն են կատարել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան։ Այդպիսի հայտարարությունները մասնակից պետություններն ի պահ են հանձնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճեններն ուղարկում է մյուս մասնակից պետություններին։ Հայտարարությունը ցանկացած ժամանակ կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով։ Հայտարարության հետ վերցնելը չի խոչընդոտում քննությանը ցանկացած հարցի, որը սույն հոդվածին համապատասխան արդեն ներկայացված հաղորդման առարկա է. ցանկացած մասնակից պետությունից սույն հոդվածի հիման վրա ոչ մի հետագա հաղորդում չի ընդունվում այն բանից հետո, երբ Գլխավոր քարտուղարն ստացել է հայտարարությունը հետ վերցնելու մասին ծանուցումը, եթե համապատասխան մասնակից պետությունը չի կատարել նոր հայտարարություն։

 

Հ ո դ վ ա ծ  22

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունը կարող է ցանկացած ժամանակ սույն հոդվածին համապատասխան հայտարարել, որ ինքը ճանաչում է Կոմիտեի՝ տվյալ պետության իրավազորության ներքո գտնվող այն անձանցից կամ նրանց անունից հաղորդումներ ստանալու և քննարկելու իրավասությունը, ովքեր պնդում են, թե իրենք մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայի դրույթների խախտման զոհ են։ Կոմիտեն չի ընդունում որևէ հաղորդում, եթե դա վերաբերում է նման հայտարարություն չկատարած մասնակից պետությանը։

2. Կոմիտեն չի քննարկում սույն հոդվածի համաձայն ցանկացած հաղորդում, որն անանուն է կամ որը, իր կարծիքով, նման հաղորդումների ներկայացման իրավունքի չարաշահում է կամ անհամատեղելի է սույն Կոնվենցիայի դրույթների հետ։

3. Պահպանելով 2-րդ կետի դրույթները՝ Կոմիտեն սույն հոդվածի համաձայն իրեն ներկայացված ցանկացած հաղորդման մասին տեղեկացնում է սույն Կոնվենցիայի այն մասնակից պետությանը, որը հայտարարություն է կատարել 1-ին կետի համաձայն և մատնանշվում է որպես սույն Կոնվենցիայի որևէ դրույթ խախտող պետություն։ Հաղորդումն ստացող պետությունը վեց ամսվա ընթացքում Կոմիտեին ներկայացնում է գրավոր բացատրություն կամ հարցը պարզաբանող հայտարարություններ, ինչպես նաև պաշտպանության միջոցը, որը կարող է կիրառված լինել այդ պետության կողմից։

4. Սույն հոդվածի համաձայն ստացված հաղորդումները Կոմիտեն քննարկում է այն ողջ տեղեկատվության լույսի ներքո, որը նրան ներկայացվել է տվյալ անձի կողմից կամ նրա անունից և համապատասխան մասնակից պետության կողմից։

5. Կոմիտեն սույն հոդվածի համաձայն չի քննարկում որևէ անձի որևէ հաղորդում, եթե չի համոզվում, որ.

(ա) նույն հարցը չի քննարկվել և չի քննարկվում միջազգային քննության կամ կարգավորման որևէ այլ ընթացակարգով,

(բ) տվյալ անձն սպառել է իրավական պաշտպանության գոյություն ունեցող բոլոր ներքին միջոցները. այս կանոնը չի գործում այն դեպքում, երբ պաշտպանության միջոցների կիրառումն անհիմն կերպով ձգձգվում է կամ հազիվ թե արդյունավետ լինի սույն Կոնվենցիայի խախտման զոհ հանդիսացող անձի համար։

6. Սույն հոդվածի համաձայն հաղորդումներ քննարկելիս Կոմիտեն գումարում է փակ նիստեր։

7. Կոմիտեն իր տեսակետները ներկայացնում է համապատասխան մասնակից պետությանը և տվյալ անձին։

8. Սույն հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում, երբ սույն Կոնվենցիայի հինգ մասնակից պետություն հայտարարություն են կատարել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան։ Նման հայտարարությունները մասնակից պետություններն ի պահ են հանձնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճեններն ուղարկում է մյուս մասնակից պետություններին։ Հայտարարությունը ցանկացած ժամանակ կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով։ Հայտարարության հետ վերցնելը չի խոչընդոտում ցանկացած հարցի քննությանը, որը դարձել է սույն հոդվածին համապատասխան արդեն ներկայացված հաղորդման առարկա. որևէ անձի կողմից կամ նրա անունից ոչ մի հետագա հաղորդում չի ընդունվում այն բանից հետո, երբ Գլխավոր քարտուղարն ստացել է հայտարարությունը հետ վերցնելու մասին ծանուցումը, եթե համապատասխան մասնակից պետությունը չի կատարել նոր հայտարարություն։

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Կոմիտեի և ad hoc համաձայնեցման հանձնաժողովների անդամները, ովքեր կարող են նշանակվել 21-րդ հոդվածի 1-ին կետի (ե) ենթակետի համաձայն, ունեն Միավորված ազգերի կազմակերպության առաքելության փորձագետների արտոնությունների, առավելությունների և անձեռնմխելիության իրավունք, ինչպես նախատեսված է Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայի համապատասխան բաժիններում։

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Կոմիտեն, սույն Կոնվենցիային համապատասխան, մասնակից պետություններին և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային ներկայացնում է իր գործունեության մասին տարեկան զեկույց։

 

Մ ա ս  3

 

Հ ո դ վ ա ծ  25

 

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման բոլոր պետությունների համար։

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման։ Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Սույն Կոնվենցիան բաց է միանալու բոլոր պետությունների համար։ Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ  27

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը։

2. Յուրաքանչյուր պետության համար, որը սույն Կոնվենցիան վավերացնում կամ նրան միանում է քսաներորդ վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը։

 

Հ ո դ վ ա ծ  28

 

1. Ցանկացած պետություն սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերացնելիս կամ նրան միանալիս կարող է հայտարարել, որ ինքը չի ճանաչում Կոմիտեի՝ 20-րդ հոդվածով նախատեսված իրավասությունը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերապահում կատարած ցանկացած մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել իր վերապահումը՝ այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հ ո դ վ ա ծ  29

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակից ցանկացած պետություն կարող է առաջարկել և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ներկայացնել փոփոխություն ու լրացում։ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն առաջարկված փոփոխությունն ու լրացումն այնուհետև ուղարկում է մասնակից պետություններին՝ խնդրելով ծանուցել իրեն, թե կողմնակից են արդյոք մասնակից պետությունների խորհրդաժողովի հրավիրմանն այդ առաջարկությունը քննարկելու և քվեարկելու նպատակով։ Եթե այդպիսի հաղորդում ուղարկելու օրվանից հետո չորս ամսվա ընթացքում մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդն արտահայտվում է նման խորհրդաժողովի օգտին, Գլխավոր քարտուղարը հրավիրում է խորհրդաժողով Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Խորհրդաժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող մասնակից պետությունների մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն ու լրացում Գլխավոր քարտուղարը հաստատման է ներկայացնում բոլոր մասնակից պետություններին։

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված փոփոխությունն ու լրացումն ուժի մեջ են մտնում այն բանից հետո, երբ սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների երկու երրորդը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցում է իրենց սահմանադրական ընթացակարգի համաձայն տվյալ փոփոխությունն ու լրացումն ընդունելու մասին։

3. Ուժի մեջ մտնելուց հետո փոփոխություններն ու լրացումները պարտադիր են դառնում այն մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են դրանք, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Կոնվենցիայի այն դրույթները և նախորդ ցանկացած փոփոխություններն ու լրացումները, որոնք իրենք ընդունել են։

 

Հ ո դ վ ա ծ  30

 

1. Երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, նրանցից մեկի խնդրանքով տրվում է արբիտրաժի։ Եթե խնդրանքն արբիտրաժի հանձնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում կողմերն ի վիճակի չեն համաձայնության գալու արբիտրաժի կազմակերպման հարցում, ցանկացած կողմի խնդրանքով վեճը կարող է փոխանցվել Միջազգային դատարան՝ նրա ստատուտի համաձայն։

2. Յուրաքանչյուր պետություն սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ նրան միանալիս կարող է հայտարարել, որ ինքն իրեն կապված չի համարում սույն հոդվածի 1-ին կետի դրույթներով։ Մյուս մասնակից պետությունները ևս կապված չեն լինի սույն հոդվածի առաջին կետի դրույթներով՝ նման վերապահում կատարած ցանկացած մասնակից պետության վերաբերմամբ։

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն վերապահում կատարած ցանկացած պետություն ցանկացած ժամանակ կարող է հանել իր վերապահումը՝ այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հ ո դ վ ա ծ  31

 

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցման միջոցով։ Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի անց։

2. Այդպիսի չեղյալ հայտարարումը մասնակից պետությանը չի ազատում սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններից՝ ցանկացած գործողության կամ անգործության կապակցությամբ, որը տեղի է ունեցել չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելուց առաջ, և չեղյալ հայտարարումը ոչ մի դեպքում չի խոչընդոտում այն հարցի քննարկումը շարունակելուն, որը մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելն արդեն քննարկման առարկա էր Կոմիտեում։

3. Որևէ մասնակից պետության համար չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելուց հետո Կոմիտեն չի սկսում տվյալ պետությանը վերաբերող ցանկացած նոր հարցի քննարկում։

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին և սույն Կոնվենցիան ստորագրած կամ նրան միացած բոլոր պետություններին տեղեկացնում է.

(ա) 25-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան ստորագրման, վավերացման և միանալու մասին,

(բ) սույն Կոնվենցիայի՝ 27-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելու և ցանկացած փոփոխության ու լրացման՝ 29-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելու մասին,

(գ) 31-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարումների մասին։

 

Հ ո դ վ ա ծ  33

 

1. Սույն Կոնվենցիան, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի վավերացված պատճեններն ուղարկում է բոլոր պետություններին։

 

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 13-ից: