Գլխավոր տեղեկություն
Номер
N 426-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2004-29.08.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.539
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2004
Дата вступления в силу
08.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2004 թվականի N 426-Ն

ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄՅՈՒՍ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 6
Երևան

  

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 31-ի N 426-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄՅՈՒՍ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կենդանական ծագում ունեցող մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանվում են կենդանիների (այդ թվում` թռչունների) մսեղիքի ու կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական անվտանգության նորմերը, անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման, լաբորատոր հետազոտությունների, վարակազերծման ենթակա մսեղիքի և կենդանիների, ինչպես նաև սպանդից գոյացած մթերքի վերամշակման, վարակազերծման ու ոչնչացման մեթոդները:

2. Կարգը վերաբերում է մսեղիքի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի վերամշակման, արտադրության և իրացման ոլորտներում իրականացվող գործունեությանը:

3. Կարգի պահանջների կատարումը պարտադիր է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, որոնք գործունեություն են իրականացնում մսեղիքի և մսամթերքի վերամշակման, արտադրության, իրացման և առևտրի ոլորտներում:

4. Բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիները և թռչուններն իրացման նպատակով սպանդից առաջ ենթակա են անասնաբուժական զննման, իսկ միսն ու սպանդից գոյացած մյուս մթերքները՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի և կենդանիների (այդ թվում` թռչունների) սպանդից գոյացած մյուս մթերքների իրացումն արգելվում է:

5. Իրացման կամ վերամշակման համար միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները պետք է պարտադիր ուղեկցվեն համապատասխան անասնաբուժական վկայականով, իսկ մարզի տարածքում՝ անասնաբուժական տեղեկանքով:

6. Մսի և կենդանիների (այդ թվում` թռչունների) սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն անցկացնում են համապատասխանաբար «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Անասնաբուծության, անասնաբուժության սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի, իսկ Երևան քաղաքում` «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության անասնաբույժները:

7. Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնում են ատեստացիա անցած պետական անասնաբուժական ծառայության՝ «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Անասնաբուծության, անասնաբուժության սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց մասնաճյուղերի, իսկ Երևան քաղաքում` «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության անասնաբույժները:

8. Մսի և կենդանիների (այդ թվում` թռչունների) սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո տրվում է եզրակացություն արտադրանքի հետագա օգտագործման վերաբերյալ:

9. Կարգի իրականացման ապահովման պատասխանատվությունը դրվում է կենդանիների (այդ թվում` թռչունների) սպանդն իրականացնող, սպանդից գոյացած մթերքը վերամշակող ու իրացնող կազմակերպության և քաղաքացիների վրա:

 

II. ՄՍԻ ԵՎ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄՅՈՒՍ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ

 

10. Անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա են`

ա) սպանդի ենթակա բոլոր տեսակի ընտանի կենդանիների (այդ թվում` թռչունների և ճագարների), ինչպես նաև վայրի, որսորդությամբ ձեռք բերված միսը` պաղեցված, սառեցված կամ աղ դրված.

բ) կենդանիների ներքին օրգանները (թոքերը, սիրտը, լյարդը, փայծաղը, երիկամները) և սպանդից գոյացած մյուս մթերքները (գլուխ, ոտքեր), որոնք բերվել են մսեղիքի հետ միասին.

գ) ընտանի և վայրի կենդանիների ճարպը (ճարպ-հումք, հալած ճարպ):

11. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար ներկայացվում են մսեղիքը, ներքին օրգանների առկայությամբ (փայծաղ, լյարդ, թոքեր, սիրտ, երիկամներ), իսկ խոզի, ձիու, տավարի մսեղիքի հետ միասին պարտադիր ներկայացվում են նաև գլուխները:

Գլխի կամ ներքին օրգանների բացակայության դեպքում մսեղիքը տեղավորում են առանձին սառցախցիկում` ժամանակավոր պահպանման համար, վերցնում նմուշներ և ուղարկում «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և «Անասնաբուծության, անասնաբուժության սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ, որտեղ կատարվում է լաբորատոր ստուգում՝ մանրէաբանական հետազոտություն:

12. Ընտանի և վայրի թռչունների մսեղիքը թույլատրվում է զննման` միայն ամբողջական տեսքով:

Արդյունաբերական մշակման ենթարկված թռչունների սպանդից գոյացած մթերքը (այդ թվում` նաև արտերկրներից ներմուծված)` վիզը, թևերը, կրծոսկրը, ազդրերը, փորոտիքը, որոնք մտել են շուկա կամ իրացման կետ` վաճառքի, ենթակա են պետական անասնաբուժական վերահսկողության: Այդ դեպքում ուշադրություն է դարձվում կից անասնաբուժական փաստաթղթերի, թարմության ցուցանիշների և իրացման ժամկետների վրա:

13. Ճագարի, կուղբի և նապաստակի մսեղիքը շուկա, վերամշակման արտադրամաս, իրացման կետ բերելիս, հետին բարձից մեկի վրա, ցատկիչ հոդից ցածր, պետք է թողնված լինի առնվազն 3 սանտիմետր մաշկի (մորթու) մաս:

14. Շուկաներում, վերամշակման արտադրամասերում և իրացման կետերում անցկացվում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության բակտերիոսկոպիկ հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում (հիվանդության նկատմամբ կասկածի) նմուշներն ուղարկվում են մանրէաբանական հետազոտության: Պատասխանը պետք է ստացվի մինչև 10 օրվա ընթացքում:

15. Բակտերիոսկոպիայի համար վերցվում են ավշային հանգույցները, մկանների և ներքին օրգանների (փայծաղ, լյարդ, երիկամներ), ինչպես նաև փոփոխված հյուսվածքների (արյունազեղված, այտուցված և ինֆիլտրատներով) հատվածներ:

16. Մանրէաբանական հետազոտություններն անցկացվում են կենդանիների և թռչունների վարակիչ, մակաբուծական, ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում ու կենդանիների հարկադիր սպանդից գոյացած մսի և այլ մթերքների նկատմամբ անասնաբուժասանիտարական պահանջներով նախատեսված բոլոր դեպքերում (սիբիրյան խոց, խոզերի կարմիր քամի, պաստերելյոզ, լեպտոսպիրոզ, ֆասցելիոզ, ցիստիցերկոզ և այլն):

17. Ենթադրվող ախտորոշումից կախված` մանրէաբանական հետազոտությունների համար ուղարկվում են 8x6x6 սանտիմետրից ոչ պակաս փակեղով պատված մկանի կտոր, ավշային հանգույցներ, ինչպես նաև փայծաղը, երիկամները, լյարդի բիլթը` լյարդային ավշահանգույցներով (կամ լեղապարկը` առանց լեղու):

Սույն կետում նշված հետազոտության համար նմուշներ վերցնելիս` կազմվում է արձանագրություն, որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը և նմուշների քանակը: Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որն ստորագրվում է նաև տիրոջ կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան:

Սիբիրախտի նկատմամբ կասկածի դեպքում հետազոտության համար լրացուցիչ ուղարկվում են նաև փայծաղը և ականջը (կաշին), իսկ խոզերի դեպքում` նաև ենթածնոտային ավշային հանգույցը:

18. Հետազոտության համար վերցված նյութերն ուղարկվում են կից փաստաթղթերով (ակտ, ուղեգիր), անջրաթափանց տարայով ու կնքված:

Կից փաստաթղթում նշվում են կենդանու կամ մթերքի տեսակը, պատկանելությունը, թե ինչ նմուշ է ուղարկվում, քանակը, տիրոջ անունը (անվանումը), նմուշի անվանումը, հետազոտության համար նմուշի ուղարկման պատճառը, ենթադրվող ախտորոշումը և թե ինչպիսի՜ հետազոտություններ պետք է կատարվեն (մանրէաբանական, ֆիզիկաքիմիական և այլն):

19. Սպանդից գոյացած մթերքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման դեպքում մսեղիքն ու ներքին օրգաններն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

20. Մինչև լաբորատոր հետազոտության արդյունքներն ստանալը միսը, սպանդից գոյացած մյուս մթերքները պետք է պահվեն մեկուսացված պայմաններում` ոչ ավելի, քան +40 C ջերմաստիճանում:

21. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների թարմության նկատմամբ կասկածի և օրգանոլեպտիկ եղանակով դրանց բարորակության որոշման անհնարինության դեպքում, ինչպես նաև այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ անասնաբուժասանիտարական գնահատականը տալ անասնաբուժական զննման արդյունքների հիման վրա, անցկացվում են պարտադիր քիմիական և մանրէաբանական հետազոտություններ:

22. Տրիխինելյոզի նկատմամբ պարտադիր քննության է ենթարկվում խոզերի (բացի մինչև 3 շաբաթական խոճկորներից), վարազների, արջերի, կուղբերի, փորսուղների և այլ ամենակեր ու մսակեր կենդանիների մսեղիքը, որոնք տրիխինելյոզի նախատրամադիր են:

23. Սննդի համար պիտանի ճանաչված միսը դրոշմվում է սահմանված ձևի դրոշմով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

Լաբորատոր հետազոտությունների համար յուրաքանչյուր մսեղիքից կամ դրա մասերից վերցվում է մսի նմուշ` 200 - 250 գրամ զանգվածի չափով:

Սառեցված կամ պաղեցված մսի բլոկներից և ենթամթերքներից կամ կասկածելի թարմություն ունեցող առանձին բլոկներից մսի նմուշը վերցվում է 250 - 300 գրամ զանգվածի չափով:

24. Սննդի համար ոչ պիտանի միսը և մսամթերքը ենթակա են վարակազերծման և ոչնչացման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշմամբ հաստատված` մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգով (N 2 հավելված):

25. Նույն օրը չվաճառված միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն պահվել սառնարանում, հաջորդ օրը ենթարկվում են կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 31-ի N 426-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՍԻ, ՄՍԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Վարակազերծման ենթակա են միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն կարող թույլատրվել սննդի համար` առանց նախնական մշակման:

2. Միսը և մյուս մթերքները վարակազերծվում են եփելու միջոցով` առնվազն 1000C ջերմաստիճանի պայմաններում, 2 կիլոգրամից ոչ ավելի ծավալով և մինչև 8 սանտիմետր հաստությամբ կտորներով, բաց կաթսաներում` 3 ժամ տևողությամբ, իսկ ավտոկլավում` գոլորշու 0,5 մթնոլորտային ճնշման տակ, 2,5 ժամ տևողությամբ:

3. Միսը համարվում է վարակազերծված, եթե մսի կտորի ներսում ջերմաստիճանը հասնում է առնվազն 800C-ի, խոզի մսի գույնը կտրվածքում դառնում է սպիտակագորշավուն, իսկ մյուս կենդանատեսակների միսը՝ գորշ: Եփված մսի կտրվածքի մակերեսով հոսող հյութը լինում է անգույն:

Ներքին և ենթամաշկային ճարպը հալում են, այդ պրոցեսի ընթացքում ջերմաստիճանը պետք է հասնի մինչև 1000C-ի, այդ ջերմաստիճանում պահում են մինչև 20 րոպե:

4. Ցիստիցերկոզով ախտահարված միսը վարակազերծում են սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով:

5. Միսը համարվում է առողջ կենդանուց ստացված, եթե առկա են մսեղիքի օրգանոլեպտիկ (արտաքին տեսքը, գույնը, պարզությունը, հոտը) դրական ցուցանիշներ, և քսուքներում բացակայում են ախտածին մանրէները:

Փորձնական եփման ժամանակ արգանակի օրգանոլեպտիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն թարմ մսի ցուցանիշներին:

 Հիվանդ կենդանիների միսը, ինչպես նաև հոգեվարքի վիճակում մորթված կենդանիների միսն ունենում է անբավարար կամ վատ արնաքամվածություն, ավշային հանգույցները կապտավարդագույն են կամ կապտավուն գունավորմամբ, հնարավոր է նաև ախտածին մանրէների առկայությունը մսում: Փորձնական եփման ժամանակ արգանակը պղտոր է, կարող է լինել փաթիլներով, ունենալ կողմնակի՝ մսին ոչ յուրահատուկ հոտ:

6. Սառեցման միջոցով վարակազերծումը կատարվում է հետևյալ ռեժիմներով`

ա) խոզի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում մինչև
-100C-ի, խցիկում հետագա պահման պայմանով` 10 օրվա ընթացքում` -120C-ից ոչ ավելի ջերմության պայմաններում կամ ջերմաստիճանը հասցնում են մսի խորքում -120C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, խցիկում հետագա պահպանման պայմանով` 4 օրվա ընթացքում` -130C-ից ոչ ավելի ջերմության պայմաններում: Մսի խորքում առկա ջերմաստիճանը չափում են կոնքազդրային մկաններում` 7-10 սանտիմետր խորությամբ.

բ) տավարի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում -120C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, առանց հետագա պահպանման, կամ հասցնելով մսի խորքում -60C-ից ոչ ավելի ջերմաստիճանի, բայց հետագայում խցիկում պահելով -90C-ից ոչ ավելի ջերմաստիճանում` առնվազն 24 ժամ: Սառեցմամբ վարակազերծված միսն ուղարկվում է վերամշակման` ֆարշային երշիկներ (այդ թվում` նաև լիվերային) կամ ֆարշային պահածոներ պատրաստելու համար:

Աղաջրի միջոցով վարակազերծման համար միսը կտրատում են 2,5 կիլոգրամից ոչ ավելի զանգվածով կտորների, լցնում են կերակրի աղ` մսի 10 տոկոսի չափով, այնուհետև լցնում առնվազն 24,0 տոկոս խտություն ունեցող աղի լուծույթ և պահում 20 օր.

գ) թռչունների մսեղիքը բաժանում են 2 կամ 4 մասի և վարակազերծում ստորև նշված եղանակներից որևէ մեկով`

միսը եփում են կափարիչով ծածկված պղնձի մեջ, եռացող ջրում լրիվ խորասուզված վիճակում` հետևյալ տևողությամբ՝

հավի, սագի, բադի, հնդկահավի, խայտահավի, լորի ճտերի համար` 40 րոպե,

հավի ու բադի համար` 60-70 րոպե,

սագի և հնդկահավի համար` 90 րոպե.

միսը եփելու վերջում ջերմաստիճանը կրծքի մկանների խորքում չպետք է ցածր լինի 780C-ից:

Մսի պահածոները պատրաստվում են համաձայն գործող տեխնոլոգիաների:

Սալմոնելյոզով և տուբերկուլյոզով ախտահարված թռչունների մսեղիքը եփվում է 1000C ջերմաստիճանում` 90 րոպե տևողությամբ:

7. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների վարակազերծման աշխատանքների ավարտից հետո անցկացվում է շենքերի, գույքի, սարքավորումների և այլ օժանդակ նյութերի անասնաբուժասանիտարական մշակում:

8. Կենդանիների դիակների անասնաբուժական կոնֆիսկանտների (կենդանիների մորթից գոյացած հումք և մթերք, որոնք անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ ճանաչվել են սննդի համար ոչ պիտանի), ոչնչացվում են այրման կամ բիոթերմիկ հորերում թաղման միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան