Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (07.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Принят
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Дата принятия
31.10.2003
Дата вступления в силу
07.04.2007

Կ Ո Ռ ՈՒ Պ Ց Ի Ա Յ Ի  Դ Ե Մ  Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Նախաբան

 

Սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունները,

անհանգստացած լինելով հասարակությունների կայունության և անվտանգության համար կոռուպցիայի առաջացրած խնդիրներով և սպառնալիքներով, որոնք խարխլում են ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները, բարոյական արժեքներն ու արդարությունը և վտանգում են կայուն զարգացումն ու օրենքի գերակայությունը,

անհանգստացած լինելով նաև կոռուպցիայի և հանցավորության այլ ձևերի միջև կապերով, մասնավորապես` կազմակերպված հանցավորության և տնտեսական հանցավորության, ներառյալ` փողերի լվացման հետ,

այնուհետև անհանգստացած լինելով կոռուպցիայի դեպքերով, որոնք ներառում են արժեքների հսկայական ծավալներ, որոնք կարող են կազմել պետությունների միջոցների նշանակալից մասը, և որոնք վտանգում են այդ Պետությունների քաղաքական կայունությունը և կայուն զարգացումը,

համոզված լինելով, որ կոռուպցիան այլևս ոչ թե տեղական խնդիր է, այլ վերազգային երևույթ, որն ազդում է հասարակությունների և տնտեսությունների վրա, որը կենսական կարևոր է դարձնում դրա կանխարգելմանը և վերահսկմանն ուղղված միջազգային համագործակցությունը,

համոզված լինելով նաև նրանում, որ համապարփակ և համակողմանի մոտեցումն անհրաժեշտ է կոռուպցիայի արդյունավետ կանխարգելման և դրա դեմ պայքարի համար,

այնուհետև համոզված լինելով նրանում, որ տեխնիկական աջակցության առկայությունը կարող է կարևոր դեր խաղալ Պետությունների հնարավորությունների ընդլայնման գործում, այդ թվում՝ կոռուպցիայի արդյունավետ կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում կարողությունների ուժեղացման և ինստիտուտների ստեղծման միջոցով,

համոզված լինելով նրանում, որ անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը կարող է ուղղակիորեն վնաս հասցնել ժողովրդավարական ինստիտուտներին, ազգային տնտեսություններին և օրենքի գերակայությանը,

վճռական լինելով ապօրինի ձեռք բերված արժեքների միջազգային փոխանցումները ավելի արդյունավետ ձևով կանխարգելելու, հայտնաբերելու և խափանելու և արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցությունն ամրապնդելու գործում,

հաստատելով գույքային իրավունքները պարզելու համար քրեական վարույթի և քաղաքացիական կամ վարչական վարույթի ընթացքում արդար դատավարության հիմնարար սկզբունքները,

հաշվի առնելով, որ կոռուպցիայի կանխարգելումը և արմատախիլ անելը բոլոր պետությունների պարտականությունն է, և որ այդ բնագավառում իրենց ջանքերի արդյունավետության ապահովման համար նրանք պետք է համագործակցեն միմյանց հետ պետական սեկտորի շրջանակներից դուրս առանձին անձանց և այնպիսի խմբերի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, ոչ կառավարական կազմակերպությունները և համայնքների հիմքի վրա գործող կազմակերպությունները,

հաշվի առնելով նաև պետական գործերի և պետական գույքի պատշաճ կառավարման, արդարության, պատասխանատվության և օրենքի առջև հավասարության սկզբունքները և ազնվության ու անկաշառության ապահովման, ինչպես նաև կոռուպցիան մերժելու մշակույթի ձևավորմանը նպաստելու անհրաժեշտությունը,

բարձր գնահատելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության` թմրանյութերի և հանցավորության հարցերով գրասենյակի աշխատանքը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում,

վկայակոչելով այդ բնագավառում այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքները, ներառյալ Աֆրիկական միության, Եվրոպայի խորհրդի, Մաքսային համագործակցության խորհրդի (նաև հայտնի` որպես Համաշխարհային մաքսային կազմակերպություն), Եվրամիության, Արաբական պետությունների լիգայի, Տնտեսական համագործակցության և Զարգացման կազմակերպության և Ամերիկյան պետությունների կազմակերպության գործունեությունը,

երախտագիտությամբ ի գիտություն ընդունելով կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին բազմակողմ փաստաթղթերը, ներառյալ inter alia, Ամերիկյան պետությունների կազմակերպության կողմից 1996 թ. մարտի 29-ին ընդունված «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» միջամերիկյան կոնվենցիան, Եվրոպայի միության խորհրդի կողմից 1997 թ. մայիսի 26-ին ընդունված «Եվրոպական համայնքների կամ Եվրամիության անդամ պետությունների պաշտոնատար անձանց ներառող կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիան, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 1997 թ. նոյեմբերի 21-ին ընդունված «Միջազգային առևտրային գործարքներում օտարերկրյա պաշտոնատար անձանց կաշառման դեմ պայքարի մասին» կոնվենցիան, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1999 թ. հունվարի 27-ին ընդունված՝ Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիան, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1999 թ. նոյեմբերի 4-ին ընդունված՝ Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիան և Աֆրիկական միության պետությունների ու կառավարությունների ղեկավարների կողմից 2003 թ. հուլիսի 12-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Աֆրիկական միության կոնվենցիան,

ողջունելով Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի` 2003 թ. սեպտեմբերի 29-ին ուժի մեջ մտնելը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Գ լ ու խ  I

 

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Նպատակները

 

Սույն Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կոռուպցիան կանխարգելելուն և դրա դեմ ավելի արդյունավետ և ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը և ուժեղացումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության և տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը և օժանդակումը.

գ) պետական գործերի և պետական սեփականության ազնիվ, պատասխանատու և պատշաճ կառավարման խրախուսումը:

 

Հոդված 2. Տերմինների օգտագործումը

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

ա) «պաշտոնատար անձ» նշանակում է.

i) նշանակովի կամ ընտրովի ցանկացած անձ, որը մշտական կամ ժամանակավոր հիմունքներով, վարձատրությամբ կամ առանց աշխատանքի վարձատրության որևէ պաշտոն է զբաղեցնում Մասնակից պետության օրենսդիր, գործադիր, վարչական կամ դատական մարմնում` անկախ այդ անձի պաշտոնի մակարդակից.

ii) պետական գործառույթ իրականացնող ցանկացած այլ անձ, այդ թվում՝ պետական գերատեսչության կամ պետական ձեռնարկության համար, կամ որևէ հանրային ծառայություն մատուցող, ինչպես դա սահմանված է Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, և ինչպես դա կիրառվում է այդ Մասնակից պետության իրավական կարգավորման համապատասխան բնագավառում.

iii) որևէ այլ անձ, որը Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ սահմանվում է որպես «պաշտոնատար անձ»։ Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիայի II գլխով նախատեսված որոշակի միջոցների նպատակով «պաշտոնատար անձ»-ը կարող է նշանակել ցանկացած անձ, որն իրականացնում է որևէ պետական գործառույթ կամ մատուցում է որևէ հանրային ծառայություն, ինչպես դա սահմանված է Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, և ինչպես դա կիրառվում է տվյալ Մասնակից պետության իրավական կարգավորման համապատասխան բնագավառում.

բ) «օտարերկրյա պաշտոնատար անձ» նշանակում է՝ նշանակովի կամ ընտրովի ցանկացած անձ, որը որևէ պաշտոն է զբաղեցնում օտարերկրյա պետության օրենսդիր, գործադիր, վարչական կամ դատական մարմնում, և ցանկացած անձ, որը որևէ պետական գործառույթ է կատարում օտարերկրյա պետության համար, այդ թվում՝ պետական գերատեսչության կամ պետական ձեռնարկության համար.

գ) «միջազգային կազմակերպության պաշտոնատար անձ» նշանակում է` միջազգային քաղաքացիական ծառայող կամ ցանկացած անձ, որն այդպիսի կազմակերպության կողմից լիազորված է` գործելու նրա անունից.

դ) «գույք» նշանակում է` ցանկացած արժեք` լինի նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ, իրերի կամ իրավունքների ձևով արտահայտված, ինչպես նաև իրավաբանական փաստաթղթեր կամ ակտեր, որոնք հաստատում են այդպիսի արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը կամ դրանցում շահ ունենալը.

ե) «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ» նշանակում է` ցանկացած գույք, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք է բերվել կամ ստացվել է որևէ իրավախախտում կատարելու հետևանքով.

զ) «սառեցում» կամ «առգրավում» նշանակում է` դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումով գույքի փոխանցումը, փոխակերպումը, օտարումը կամ տեղափոխումը ժամանակավոր արգելել կամ այդպիսի գույքի տիրապետումը ժամանակավորապես ստանձնել կամ դրա նկատմամբ հսկողություն իրականացնել.

է) «բռնագրավում», որը կիրառելի դեպքերում ներառում է նաև արգելանքը, նշանակում է` դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումով գույքից վերջնականորեն զրկել.

ը) «հիմնական իրավախախտում» նշանակում է` ցանկացած իրավախախտում, որի հետևանքով ստացվել են եկամուտներ, որոնց նկատմամբ կարող են կատարվել սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածում նշված` հանցակազմ ձևավորող արարքները.

թ) «վերահսկվող մատակարարում» նշանակում է` մեթոդ, որի դեպքում ապօրինի կամ կասկած հարուցող բեռների խմբաքանակի արտահանումը, փոխադրումը կամ ներմուծումը մեկ կամ մի քանի պետությունների տարածք թույլատրվում է նրանց իրավասու մարմինների գիտությամբ և հսկողության ներքո՝ որևէ իրավախախտման հետաքննության և այդ իրավախախտման կատարմանը մասնակցող անձանց բացահայտման նպատակով։

 

Հոդված 3. Կիրառման ոլորտը

 

1. Սույն Կոնվենցիան, իր դրույթների համաձայն, պետք է կիրառվի կոռուպցիայի կանխարգելման, քննության և քրեական հետապնդման նկատմամբ և այն իրավախախտումներից ստացված եկամուտների սառեցման, առգրավման, բռնագրավման և վերադարձման նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն։

2. Սույն Կոնվենցիայի իրականացման նպատակների համար, եթե նրանում այլ բան նախատեսված չէ, պարտադիր չէ, որ նրանում նշված իրավախախտումների կատարման հետևանքով պետական գույքին վնաս կամ կորուստ պատճառված լինի։

 

Հոդված 4. Ինքնիշխանության պաշտպանությունը

 

1. Սույն Կոնվենցիայի համաձայն` իրենց պարտավորությունները մասնակից պետությունները պետք է իրականացնեն պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան։

2. Ոչինչ սույն Կոնվենցիայում Մասնակից պետությանը չի օժտի մյուս Պետության տարածքում այնպիսի իրավասություն և գործառույթներ իրականացնելու իրավունքով, որոնք նրա ներքին օրենսդրությանը համապատասխան` բացառապես մտնում են այդ մյուս Պետության մարմինների իրավասության մեջ:

 

Գ լ ու խ  II

 

Կանխարգելման միջոցները

 

Հոդված 5. Կանխարգելիչ հակակոռուպցիոն քաղաքականությունը և պրակտիկան

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է մշակի և իրականացնի կամ վարի հանրության մասնակցությանը և օրենքի գերակայության սկզբունքների արտացոլմանը, պետական գործերի և պետական գույքի պատշաճ կառավարմանը, ազնվությանը և անկաշառությանը, թափանցիկությանը և պատասխանատվությանը նպաստող` կոռուպցիայի հակազդման արդյունավետ, համակարգված քաղաքականություն:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի սահմանել և խրախուսել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված պրակտիկայի արդյունավետ տեսակները:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի պարբերաբար գնահատել համապատասխան իրավական փաստաթղթերը և վարչական միջոցները` կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի տեսանկյունից դրանց համարժեքությունը որոշելու նպատակով։

4. Մասնակից պետությունները, համապատասխան դեպքերում և իրենց իրավական համակարգերի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է փոխգործակցեն միմյանց և համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սույն հոդվածում նշված միջոցների մշակմանը և իրականացմանն աջակցելու գործում։ Այդ փոխգործակցությունը կարող է ներառել մասնակցությունը կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջազգային ծրագրերին և նախագծերին:

 

Հոդված 6. Կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմին կամ մարմիններ

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի մարմնի կամ, անհրաժեշտության դեպքում, մարմինների առկայությունը, որոնք իրականացնում են կոռուպցիայի կանխարգելում այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են.

ա) սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշված քաղաքականության իրականացումը և, համապատասխան դեպքերում, այդպիսի քաղաքականություն իրականացման հսկողությունը և համակարգումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման հարցերով գիտելիքներն ընդլայնելը և տարածելը:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմնին կամ մարմիններին պետք է ապահովի անհրաժեշտ ինքնուրույնությամբ, որպեսզի մարմինը կամ մարմինները կարողանան իրականացնել իրենց գործառույթներն արդյունավետ և անհարկի ազդեցությունից ազատված: Կտրամադրվեն անհրաժեշտ նյութական պաշարներ և մասնագիտացված անձնակազմ, ինչպես նաև անձնակազմի այնպիսի դասընթացներ, որոնք կարող են պահանջվել նրանց գործառույթների իրականացման համար:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հայտնի այն մարմնի կամ մարմինների անվանումները և հասցեները, որոնք կարող են աջակցել մյուս Մասնակից պետություններին կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ որոշակի միջոցների մշակման և իրականացման գործում։

 

Հոդված 7. Հանրային հատվածը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, համապատասխան դեպքերում և իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձգտի ստեղծել, պահպանել և ամրապնդել քաղաքացիական ծառայողների և, համապատասխան դեպքերում, ոչ ընտրովի այլ պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունման, հավաքագրման, ծառայություն անցկացնելու, ծառայողական առաջխաղացման և պաշտոնաթողության անցնելու այնպիսի համակարգեր, որոնք.

ա) հիմնվում են արդյունավետության և թափանցիկության սկզբունքների և օբյեկտիվ այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են արժանիքները, արդարությունը և ընդունակությունները.

բ) ընդգրկում են կադրերի ընտրության և նախապատրաստման պատշաճ ընթացակարգեր պետական այնպիսի պաշտոններ զբաղեցնելու համար, որոնք կոռուպցիայի տեսանկյունից հատկապես խոցելի են համարվում և, համապատասխան դեպքերում, այդպիսի պաշտոններում նման կադրերի ռոտացիայի համար.

գ) նպաստում են պատշաճ վարձատրությանը և աշխատավարձի արդարացի սանդղակին` հաշվի առնելով Մասնակից պետության տնտեսական զարգացման մակարդակը.

դ) նպաստում են կրթական և ուսումնական ծրագրերի իրականացմանը այն բանի համար, որ այդպիսի անձինք կարողանան բավարարել պետական գործառույթների ճիշտ, բարեխիղճ և պատշաճ կատարման պահանջները, ինչպես նաև նրանց ապահովում են մասնագիտացված և պատշաճ պատրաստվածությամբ նրա համար, որ խորացնեն նրանց կողմից այն ռիսկերի գիտակցումը, որոնք կապված են կոռուպցիայի հետ և կապված են նրանց կողմից իրենց գործառույթների կատարման հետ։ Այդպիսի ծրագրերը կարող են վկայակոչումներ պարունակել կիրառվող բնագավառներում կանոնագրքերի կամ վարքագծի չափանիշներին:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նաև քննարկի համապատասխան օրենսդրական և վարչական միջոցները, սույն Կոնվենցիայի նպատակների և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքների համաձայն, պետական պաշտոններում թեկնածուների և ընտրությունների չափանիշները սահմանելու համար:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նաև քննարկի համապատասխան օրենսդրական և վարչական միջոցները, սույն Կոնվենցիայի նպատակների և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքների համաձայն, ընտրովի պետական պաշտոններում թեկնածուների ֆինանսավորման և, որտեղ կիրառելի է, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը մեծացնելու համար։

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձգտի ստեղծել, պահպանել և ամրապնդել այնպիսի համակարգեր, որոնք նպաստում են թափանցիկությանը և կանխարգելում են շահերի բախման առաջացումը։

 

Հոդված 8. Պաշտոնատար անձանց վարքագծի կանոնագրքերը

 

1. Կոռուպցիայի դեմ պայքարելու համար յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, inter alia, պետք է խրախուսի իր պաշտոնատար անձանց շրջանում անկաշառությունը, ազնվությունը և պատասխանատվությունը:

2. Մասնավորապես, յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի իր ենթակառուցվածքային և իրավական համակարգերի շրջանակներում կիրառել վարքագծի կանոնագրքեր և ստանդարտներ պետական գործառույթների ճշգրիտ, բարեխիղճ և պատշաճ իրականացման համար։

3. Սույն հոդվածի դրույթների իրականացման նպատակներով յուրաքանչյուր Մասնակից պետություն, համապատասխան դեպքերում և իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է նկատի ունենա տարածաշրջանային, միջտարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների համապատասխան նախաձեռնությունները, օրինակ` Գլխավոր վեհաժողովի 1996 թ. դեկտեմբերի 12-ի 51/59 բանաձևին կից հավելվածում պարունակվող` Պաշտոնատար անձանց վարքագծի միջազգային կանոնագիրքը:

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է քննարկի նաև այնպիսի միջոցներ և համակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնք նպաստում են այն բանին, որ պաշտոնատար անձինք համապատասխան իրավասու մարմիններին հայտնեն իրենց գործառույթների իրականացման ժամանակ իրենց հայտնի դարձած կոռուպցիոն դեպքերի մասին։

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի, համապատասխան դեպքերում և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, սահմանել այնպիսի միջոցներ և համակարգեր, որոնք պաշտոնատար անձանց կպարտավորեցնեն համապատասխան մարմիններին ներկայացնել հայտարարագրեր, inter alia, արտածառայողական գործունեության, զբաղմունքի, ներդրումների, ակտիվների մասին և էական նվիրատվությունների կամ օգուտների մասին, որոնց հետ կապված կարող է շահերի բախում առաջանալ որպես պաշտոնատար անձ նրանց գործառույթների առնչությամբ։

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է քննարկի այն պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական կամ այլ միջոցներ կիրառելու հնարավորությունը, ովքեր խախտում են սույն հոդվածին համապատասխան սահմանված վարքագծի կանոնագրքերը կամ ստանդարտները:

 

Հոդված 9. Հանրային գնումները և պետական ֆինանսների կառավարումը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի գնումների պատշաճ համակարգեր ստեղծելու համար, որոնք հիմնվում են թափանցիկության, մրցակցության և որոշումների ընդունման օբյեկտիվ չափանիշների վրա, որոնք, inter alia, կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից արդյունավետ են համարվում: Այդպիսի համակարգերը, որոնք դրանց կիրառման ժամանակ կարող են նախատեսել պատշաճ շեմային ցուցանիշներ, inter alia, շոշափում են հետևյալը.

ա) գնումների ընթացակարգերին և գնումների պայմանագրերին վերաբերող տեղեկատվության հրապարակային տարածումը, ներառյալ գնումներին մասնակցելու հրավիրվածների մասին տեղեկատվությունը և պատշաճ կամ հարմար կերպով այն տեղեկատվությունը, որը թույլ է տալիս սակարկության հավանական մասնակիցներին բավարար ժամանակ ունենալ նախապատրաստվելու և իրենց տենդերային դիմումները ներկայացնելու համար.

բ) մասնակցության պայմանների նախօրոք սահմանումը, ներառյալ ընտրություն կատարելու և պայմանագրերի կնքման վերաբերյալ որոշումներ ընդունելու չափանիշները, ինչպես նաև սակարկության անցկացման կանոնները և դրանց հրապարակումը.

գ) հրապարակային գնումների վերաբերյալ որոշումների ընդունման առնչությամբ նախապես սահմանված և օբյեկտիվ չափանիշների օգտագործումը՝ կանոնների կամ ընթացակարգերի կիրառման ճշտության հետագա ստուգմանն օժանդակելու նպատակով.

դ) ներքին վերահսկողության արդյունավետ համակարգը, ներառյալ բողոքարկման արդյունավետ համակարգը` սույն կետի համաձայն սահմանված կանոնները կամ ընթացակարգերը չպահպանելու դեպքում վիճարկման իրավաբանական միջոցների և իրավական պաշտպանության միջոցների ապահովման համար.

ե) համապատասխան դեպքերում՝ գնումների համար պատասխանատվություն կրող անձնակազմին վերաբերող հարցերի կարգավորումը, ինչպիսիք են որոշակի հրապարակային գնումներով շահագրգռված լինելու` հայտարարագրման, ստուգման ընթացակարգերի վերաբերյալ պահանջները և դասընթացների նկատմամբ պահանջները:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի պետական ֆինանսների կառավարման թափանցիկությանը և հաշվետվությանը նպաստելու ուղղությամբ։ Այդպիսի միջոցները, inter alia, պետք է ներառեն.

ա) ազգային բյուջեի ընդունման ընթացակարգերը.

բ) մուտքերի և ծախսերի մասին ժամանակին զեկուցումը.

գ) հաշվապահական հաշվառման ստանդարտների համակարգը և ստուգման ու դրա հետ կապված հսկողության համակարգը.

դ) ռիսկերի և ներքին վերահսկողության կառավարման արդյունավետ և ներգործուն համակարգերը, և

ե) համապատասխան դեպքերում՝ սույն կետում սահմանված պահանջները չպահպանելու դեպքում շտկումներ կատարելը:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի քաղաքացիաիրավական և վարչական միջոցներ, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետական ծախսերին և եկամուտներին վերաբերող հաշվապահական գրքերի, գրանցումների, ֆինանսական տեղեկագրերի կամ այլ փաստաթղթերի պահպանումը ապահովելու և այդպիսի փաստաթղթերի կեղծմանը հակազդելու համար։

 

Հոդված 10. Հրապարակային հաշվետվությունը

 

Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը` յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր պետական վարչակազմում թափանցիկության մեծացման համար, այդ թվում՝ դրա կազմակերպման, գործունեության և, համապատասխան դեպքերում, որոշումների կայացման գործընթացների առնչությամբ: Այդպիսի միջոցները. inter alia, կարող են ներառել հետևյալը.

ա) ընթացակարգերի կամ կանոնակարգերի ընդունումը, որոնք բնակչությանը թույլ կտան, համապատասխան դեպքերում, տեղեկատվություն ստանալ իր պետական վարչակազմի կազմակերպման, գործունեության և որոշումների ընդունման գործընթացների վերաբերյալ և, պատշաճորեն հաշվի առնելով մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանության նկատառումները, հանրության անդամների շահերը շոշափող որոշումների և իրավաբանական ակտերի վերաբերյալ.

բ) վարչական ընթացակարգերի հստակեցումը, համապատասխան դեպքերում, որոշումներ կայացնող իրավասու մարմինների նկատմամբ հանրության մուտքը դյուրացնելու համար, և

գ) այն տեղեկատվության հրապարակումը, որը կարող է ներառել պետական վարչակազմում կոռուպցիայի վտանգների մասին պարբերական հաշվետվությունները։

 

Հոդված 11. Դատական և դատախազական մարմիններին վերաբերող միջոցներ

 

1. Հաշվի առնելով դատական իշխանության անկախությունը և կոռուպցիայի դեմ պայքարում նրա որոշիչ դերը` յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան և առանց դատական մարմինների անկախությանը վնասելու, պետք է միջոցներ ձեռնարկի դատական մարմինների աշխատակիցների ազնվության մեծացման ուղղությամբ և նրանց շրջանում կոռուպցիայի հնարավորությունները բացառելու համար։ Այդպիսի միջոցները կարող են ներառել դատական մարմինների աշխատակիցների գործողություններին վերաբերող կանոնները։

2. Համանման միջոցները, որոնք կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, կարող են ներդրվել և կիրառվել Մասնակից պետությունների այն դատախազական մարմիններում, որոնցում դրանք չեն մտնում դատական իշխանության կազմի մեջ, բայց օգտվում են դատական մարմինների անկախությանը համանման անկախությունից:

 

Հոդված 12. Մասնավոր հատված

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի մասնավոր հատվածում կոռուպցիայի կանխարգելման, մասնավոր հատվածում հաշվապահական հաշվառման ստանդարտների և աուդիտի ուժեղացման և, համապատասխան դեպքերում, այդպիսի միջոցների չպահպանման համար արդյունավետ, համաչափ և զսպող ներգործություն ունեցող քաղաքացիաիրավական, վարչական կամ քրեական պատժամիջոցների սահմանման ուղղությամբ։

2. Այդ նպատակներին հասնելուն ուղղված միջոցները կարող են, inter alia, ներառել հետևյալը.

ա) իրավապահ մարմինների և համապատասխան մասնավոր կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսումը.

բ) համապատասխան մասնավոր կազմակերպությունների աշխատանքում բարեխղճության ապահովման համար նախատեսված ստանդարտների և ընթացակարգերի մշակման խրախուսումը, ներառյալ ձեռնարկատերերի և բոլոր համապատասխան մասնագիտությունների ներկայացուցիչների կողմից գործունեության բարեխիղճ և պատշաճ իրականացման համար վարքագծի կանոնագրքերը և շահերի բախումների առաջացման կանխարգելումը, ինչպես նաև առևտրային ձեռնարկությունների միջև և նրանց ու պետության միջև պայմանագրային հարաբերություններում բարեխիղճ առևտրային պրակտիկայի օգտագործման խրախուսման համար.

գ) մասնավոր կազմակերպությունների գործունեության թափանցիկության խրախուսումը, ներառյալ, համապատասխան դեպքերում, այն իրավաբանական և ֆիզիկական անձանց նույնականացման միջոցները, որոնք մասնակից են կորպորատիվ կազմակերպությունների ստեղծմանը և դրանց ղեկավարմանը.

դ) մասնավոր կազմակերպությունների գործունեությունը կարգավորող ընթացակարգերի չարաշահումների կանխարգելումը, ներառյալ այն ընթացակարգերը, որոնք վերաբերում են առևտրային գործունեություն իրականացնելու համար պետական մարմինների կողմից տրամադրվող օժանդակություններին և լիցենզիաներին.

ե) շահերի բախումների առաջացման կանխարգելումը` համապատասխան դեպքերում և խելամիտ ժամկետով նախկին պաշտոնատար անձանց մասնագիտական գործունեության նկատմամբ կամ մասնավոր հատվածում պաշտոնատար անձանց աշխատանքի նկատմամբ սահմանափակումներ դնելու միջոցով՝ նրանց պաշտոնաթող լինելուց կամ կենսաթոշակի անցնելուց հետո, երբ այդպիսի գործունեությունը կամ աշխատանքը ուղղակիորեն կապված է այնպիսի գործառույթների հետ, որոնք այդպիսի պաշտոնատար անձինք կատարել են իրենց պաշտոնում գտնվելու ժամանակաշրջանում, կամ որոնք վերահսկվել են նրանց կողմից.

զ) ապահովումը, որ մասնավոր կազմակերպությունները, իրենց կառուցվածքը և մեծությունը հաշվի առնելով, ունենան ներքին աուդիտորական վերահսկողության բավարար մեխանիզմներ՝ կոռուպցիոն դեպքերի կանխարգելման և բացահայտման գործում օգնություն ցույց տալու համար, և որպեսզի այդպիսի մասնավոր կազմակերպությունների հաշիվները և պահանջվող ֆինանսական տեղեկագրերը ենթակա լինեն աուդիտի և հավաստագրման ընթացակարգերի:

3. Կոռուպցիայի կանխարգելման նպատակներով յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը և հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվության ներկայացման, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտները կարգավորող կանոններին համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել հետևյալ արարքներն արգելելու համար, որոնք իրականացվում են իրավախախտումներից որևէ մեկը կատարելու համար` համաձայն սույն Կոնվենցիայի.

ա) չգրանցված հաշվետվության ստեղծում.

բ) չհաշվառված կամ ոչ ճիշտ գրանցված գործարքների կատարում.

գ) գոյություն չունեցող ծախսերի հաշվառում.

դ) պարտավորությունների ներառում` առանց դրանց նպատակի ճշգրիտ սահմանման.

ե) կեղծ փաստաթղթերի օգտագործում, և

զ) օրենսդրությամբ նախատեսված ժամկետներից շուտ հաշվապահական փաստաթղթերի միտումնավոր ոչնչացում։

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է մերժի իրենցից կաշառք ներկայացնող այն ծախսերի առնչությամբ հարկումից ազատումը, որոնք համարվում են սույն Կոնվենցիայի 15-րդ և 16-րդ հոդվածներով այդպիսին ճանաչված իրավախախտումների տարրերից մեկը և, համապատասխան դեպքերում, այլ ծախսերի առնչությամբ, որոնք հետևել են կոռուպցիոն արարքներին։

 

Հոդված 13. Հասարակության մասնակցությունը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր հնարավորությունների սահմաններում և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի պետական հատվածից դուրս առանձին անհատների և խմբերի, ինչպես, օրինակ, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների և համայնքների հիմքի վրա գործող կազմակերպությունների, կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում ակտիվ մասնակցությանը նպաստելու համար և հասարակության կողմից կոռուպցիայի առկայության փաստի, դրա պատճառների և վտանգավորության բնույթի, ինչպես նաև դրա կողմից ստեղծվող սպառնալիքների գիտակցումը մեծացնելու համար։

Այդ մասնակցությունը պետք է ամրապնդվի այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են.

ա) թափանցիկության ուժեղացումը և որոշումների ընդունման գործընթացներում բնակչության ներգրավմանն աջակցելը.

բ) բնակչության համար տեղեկատվության նկատմամբ արդյունավետ մուտքը ապահովելը.

գ) հանրության տեղեկացվածության միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև պետական կրթության ծրագրեր իրականացնելը, ներառյալ ուսումնական ծրագրերը դպրոցներում և համալսարաններում.

դ) կոռուպցիայի մասին տեղեկատվություն փնտրելու, ստանալու, հրապարակելու և տարածելու ազատությունը հարգելը, խրախուսելը և պաշտպանելը: Այդ ազատությունը կարող է ենթակա լինել սահմանափակումների, սակայն դրանք պետք է լինեն այնպես, ինչպես սահմանված է օրենքով, և որոնք անհրաժեշտ են.

i) այլ անձանց իրավունքները կամ համբավը հարգելու համար.

ii) ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանման կամ բնակչության առողջության կամ բարոյականության պաշտպանության համար։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի` ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայում հիշատակված հակակոռուպցիոն մարմինները հայտնի լինեն հանրությանը, և պետք է ապահովի մուտքը դեպի այդ մարմինները, այդ թվում՝ անանուն ձևով` ամեն մի դեպքի մասին նրանց հաղորդումներ տրամադրելու համար, որը կարող են դիտարկվել որպես իրավախախտում` սույն Կոնվենցիային համապատասխան։

 

Հոդված 14. Փողերի լվացման կանխարգելման միջոցներ

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է.

ա) սահմանի կարգավորման և հսկողության համապարփակ ներքին ռեժիմ` բանկերի և ոչ բանկային ֆինանսական հիմնարկների, այդ թվում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պաշտոնական կամ ոչ պաշտոնական ծառայություններ են տրամադրում դրամական միջոցների կամ արժեքների փոխանցումների հետ կապված, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, իր իրավասության սահմաններում` այլ մարմինների նկատմամբ, որոնք փողերի լվացման տեսակետից հատկապես խոցելի են, փողերի լվացում թույլ չտալու և դրա բոլոր ձևերը բացահայտելու նպատակներով. ընդ որում՝ նման ռեժիմն առաջին հերթին հիմնվում է հաճախորդի և, համապատասխան դեպքերում, սեփականատեր բենեֆիցիարի ինքնության նույնականացման նկատմամբ պահանջների, հաշվետվություն վարելու և կասկածելի գործարքների մասին հաղորդումներ ներկայացնելու վրա.

բ) առանց խախտելու սույն Կոնվենցիայի 46-րդ հոդվածը` ապահովի, որ վարչական, կարգավորող, իրավապահ և մյուս մարմինները, որոնք նշանակված են փողերի լվացման դեմ պայքարելու համար (ներառյալ, ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան դեպքերում, դատական մարմինները), ընդունակ լինեն իր ներքին օրենսդրությամբ սահմանված պայմաններով ազգային և միջազգային մակարդակներում համագործակցություն իրականացնել և տեղեկատվություն փոխանակել, և այդ նպատակով պետք է քննարկի ֆինանսական օպերատիվ տեղեկատվության գծով ստորաբաժանում հիմնելու հարցը, որը պետք է գործի որպես փողերի լվացման հնարավոր դեպքերին առնչվող տեղեկությունների հավաքման, վերլուծության և տարածման ազգային կենտրոն։

2. Մասնակից պետությունները պետք է քննարկեն կանխիկ դրամական միջոցների և համապատասխան շրջանառու գործիքների` իրենց սահմաններով տեղափոխումները բացահայտելու և այդպիսի տեղափոխումները վերահսկելու ուղղությամբ պրակտիկ հնարավոր միջոցներ ձեռնարկելու մասին հարցը` տեղեկատվության պատշաճ օգտագործման ապահովմանն ուղղված երաշխիքների պահպանման պայմանով և օրինական կապիտալի տեղափոխման համար որևէ արգելք չստեղծելով: Այդպիսի միջոցները կարող են ներառել պահանջներ այն մասին, որ ֆիզիկական անձինք և առևտրային ձեռնարկությունները հայտնեն նշանակալից ծավալների կանխիկ դրամական միջոցների անդրսահմանային փոխանցումների և համապատասխան շրջանառու գործիքների հանձնման մասին։

3. Մասնակից պետությունները պետք է քննարկեն համապատասխան և գործնական միջոցների կիրառումը, որպեսզի պահանջեն ֆինանսական հիմնարկներից, ներառյալ` դրամական միջոցներ փոխանցող հիմնարկներից.

ա) միջոցների էլեկտրոնային փոխանցման համար ծառայողական ցուցակներում և դրանց հետ կապված հաղորդումներում մտցնել ճշգրիտ և բովանդակալից տեղեկատվություն ուղարկողի մասին.

բ) այդպիսի տեղեկատվությունը պահպանել վճարումն իրականացնելու ողջ շղթայի ընթացքում, և

գ) անցկացնել միջոցների փոխանցման խորացված ստուգում ուղարկողի մասին տեղեկատվության լրիվ բացակայության դեպքում։

4. Սույն հոդվածի դրույթների համաձայն կարգավորման և հսկողության ներքին ռեժիմ սահմանելիս և չխախտելով սույն Կոնվենցիայի որևէ այլ հոդված` Մասնակից պետություններին առաջարկվում է ղեկավարվել տարածաշրջանային, միջտարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների համապատասխան նախաձեռնություններով, որոնք ուղղված են փողերի լվացման դեմ:

5. Մասնակից պետությունները պետք է ձգտեն դատական, իրավապահ մարմինների և ֆինանսական կարգավորման մարմինների միջև համաշխարհային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համագործակցության զարգացմանը և խրախուսմանը` փողերի լվացման դեմ պայքարելու նպատակներով։

 

Գ լ ու խ  III

 

Քրեականացումը եվ իրավապահ գործունեությունը

 

Հոդված 15. Պաշտոնատար անձանց կաշառելը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել քրեական իրավախախտում սահմանելու համար, երբ դրանք կատարվում են միտումնավոր.

ա) պաշտոնատար անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնական պարտականությունները կատարելիս.

բ) շորթումը կամ պաշտոնատար անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն ընդունելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնական պարտականությունները կատարելիս:

 

Հոդված 16. Օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց կաշառելը

 

1. Յուրաքանչյուր Պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ քրեական իրավախախտում ճանաչվեն օտարերկրյա պաշտոնատար անձին կամ միջազգային կազմակերպության պաշտոնատար անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալու, առաջարկելու կամ տրամադրելու արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ` այն բանի համար, որ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն` միջազգային գործեր վարելու կապակցությամբ առևտրային կամ որևէ ոչ իրավաչափ այլ առավելություն ստանալու կամ պահպանելու համար։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի շորթումը կամ օտարերկրյա պաշտոնատար անձի կողմից կամ միջազգային կազմակերպության պաշտոնատար անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալը, եթե դա կատարվել է դիտավորությամբ` այն բանի համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնական պարտականությունները կատարելիս։

 

Հոդված 17. Պաշտոնատար անձի կողմից գույքի հափշտակումը, ապօրինի յուրացումը կամ այլ` ոչ նպատակային օգտագործումը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն պաշտոնատար անձի կողմից անձամբ իր կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ գույքի, պետական կամ մասնավոր միջոցների կամ արժեթղթերի կամ այդ պաշտոնատար անձի` իր ծառայողական դրության ուժով տնօրինության տակ գտնվող ցանկացած այլ արժեքավոր առարկայի հափշտակությունը, ապօրինի յուրացումը կամ այլ` ոչ նպատակային օգտագործումը, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ:

 

Հոդված 18. Ազդեցության չարաշահումը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) պաշտոնատար անձին կամ որևէ այլ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կամ այդպիսի այլ անձը չարաշահի իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը` այդպիսի գործողություններ սկզբնապես նախաձեռնողի կամ ցանկացած ուրիշ անձի համար Մասնակից պետության վարչակազմից կամ պետական մարմնից որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով.

բ) պաշտոնատար անձի կամ ցանկացած այլ անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն անձամբ իր կամ ուրիշ անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն շորթելը կամ ընդունելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կամ այդպիսի ուրիշ անձը չարաշահի իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը՝ Մասնակից պետության վարչակազմից կամ պետական մարմնից որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով։

 

Հոդված 19. Պաշտոնական դիրքը չարաշահելը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի ծառայողական լիազորությունները կամ պաշտոնական դիրքը չարաշահելու արարքը, երբ դա կատարվել է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից իր գործառույթները կատարելիս, ի խախտումն օրենսդրության, որևէ գործողություն կամ որևէ գործողություն չկատարելը` անձամբ իր համար կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով:

 

Հոդված 20. Ապօրինի հարստանալը

 

Իր սահմանադրությունը և իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։

 

Հոդված 21. Կաշառքը մասնավոր հատվածում

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ` տնտեսական, ֆինանսական կամ առևտրային գործունեության ընթացքում`

ա) անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ անձի, որը ղեկավարում է մասնավոր հատվածի կազմակերպության աշխատանքը կամ որևէ կարգավիճակով աշխատում է այդպիսի կազմակերպությունում, անձամբ այդպիսի անձի կամ ուրիշ անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ անձը, ի խախտումն իր պարտականությունների, կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն.

բ) որևէ անձի կողմից, որը ղեկավարում է մասնավոր հատվածի կազմակերպության աշխատանքը կամ որևէ կարգավիճակով աշխատում է այդպիսի կազմակերպությունում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ այդպիսի անձի կամ ուրիշ անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն շորթելը կամ ընդունելը նրա համար, որ այդ անձը, ի խախտումն իր պարտականությունների, կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն։

 

Հոդված 22. Գույքի հափշտակությունը մասնավոր հատվածում

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի տնտեսական, ֆինանսական կամ առևտրային գործունեության ընթացքում մասնավոր հատվածի կազմակերպության աշխատանքը ղեկավարող կամ այդպիսի կազմակերպությունում որևէ կարգավիճակով աշխատող անձի կողմից կատարված արարքը, երբ դա կատարվել է դիտավորությամբ` որևէ գույքի, մասնավոր միջոցների կամ արժեթղթերի կամ որևէ այլ արժեքավոր առարկայի հափշտակությունը, որը գտնվում է այդ անձի տիրապետության ներքո` նրա պաշտոնական դիրքի ուժով:

 

Հոդված 23. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացումը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) i) գույքի փոխարկումը կամ փոխանցումը` գիտակցմամբ, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ` այդպիսի գույքի հանցավոր աղբյուրը քողարկելու կամ թաքցնելու նպատակով կամ հիմնական իրավախախտման մեջ ներգրավված որևէ անձի օգնություն ցույց տալու նպատակով, որպեսզի նա կարողանա խուսափել իր արարքների համար պատասխանատվությունից.

ii) գույքի իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, տիրապետման եղանակը, տեղափոխելը, գույքի նկատմամբ իրավունքները կամ նրա պատկանելությունը քողարկելը կամ թաքցնելը` գիտակցմամբ, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.

բ) իր իրավական հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով՝

i) գույք ձեռք բերելը, տիրապետելը կամ օգտագործելը` դրա ստացման պահին գիտակցելով, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.

ii) իրավախախտումներից որևէ մեկը կատարելու նպատակով մասնակցելը, առնչությունը կամ հանցակցության մեջ մտնելը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն հոդվածին համապատասխան, դրա կատարման փորձը, ինչպես նաև օժանդակելը, դրդելը, աջակցելը կամ դրա կատարման ժամանակ խորհուրդներ տալը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի իրականացման կամ կիրառման նպատակներով`

ա) յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի սույն հոդվածի 1-ին կետը կիրառել հիմնական իրավախախտումների ամենալայն շրջանակի նկատմամբ.

բ) յուրաքանչյուր Մասնակից պետություն հիմնական իրավախախտումների շարքում որպես նվազագույնը պետք է ընդգրկի այն քրեական իրավախախտումների համապարփակ շրջանակը, որոնք այդպիսին են ճանաչված սույն Կոնվենցիայի համաձայն.

գ) վերը նշված «բ» ենթակետի նպատակներով հիմնական իրավախախտումները պետք է ներառեն այն իրավախախտումները, որոնք կատարվել են ինչպես շահագրգիռ Մասնակից պետության իրավասության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ Մասնակից պետության իրավասությունից դուրս կատարված իրավախախտումներն իրենցից հիմնական իրավախախտումներ են ներկայացնում միայն այն պայմանով, որ համապատասխան արարքը քրեական իրավախախտում է համարվում այն պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ դա կատարվել է, և քրեական իրավախախտում կճանաչվեր այն Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ իրականացվում կամ կիրառվում է սույն հոդվածը, եթե այն կատարված լիներ այնտեղ.

դ) յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տրամադրի իր այն օրենքների տեքստերը, որոնք ապահովում են սույն հոդվածի դրույթների իրականացումը, ինչպես նաև այդպիսի օրենքների հետագա ցանկացած փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունները.

ե) եթե պահանջվում է Մասնակից պետության ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներով, ապա կարելի է նախատեսել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավախախտումները չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են հիմնական իրավախախտումը:

 

Հոդված 24. Պարտակելը

 

Չխախտելով սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի դրույթները` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն այն արարքները, որոնք կատարվում են դիտավորությամբ և այն իրավախախտումներից որևէ մեկը կատարելուց հետո` առանց այդպիսի իրավախախտումներին մասնակցելու, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան. գույքը պարտակելը կամ անընդմեջ պահելը, եթե ներգրավված անձին հայտնի է, որ այդպիսի գույքը ստացվել է այն իրավախախտումներից որևէ մեկի արդյունքում, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն:

 

Հոդված 25. Արդարադատության խոչընդոտումը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) ֆիզիկական ուժի օգտագործումը, սպառնալը կամ վախեցնելը կամ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը` կեղծ ցուցմունքներ տալուն դրդելու կամ ցուցմունքներ տալու գործընթացին միջամտելու կամ վարույթի ընթացքում ապացույցներ ներկայացնելու նպատակով, այն իրավախախտումների կատարման կապակցությամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն.

բ) ֆիզիկական ուժ, սպառնալիք գործադրելը կամ վախեցնելը` դատարանների կամ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրավախախտումների կատարման կապակցությամբ վարույթի ընթացքում պաշտոնական պարտականությունների կատարմանը միջամտելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն: Սույն ենթակետում ոչինչ չպետք է խախտի Մասնակից պետության այնպիսի օրենսդրություն ունենալու իրավունքը, որը պաշտպանում է այլ կատեգորիաների պաշտոնատար անձանց:

 

Հոդված 26. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր իրավական սկզբունքների համաձայն, կարող են անհրաժեշտ լինել իրավախախտումներին մասնակցելու համար իրավաբանական անձանց պատասխանատվություն սահմանելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

2. Մասնակից պետության իրավական սկզբունքների պահպանման պայմանով` իրավաբանական անձանց պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիաիրավական կամ վարչական։

3. Նման պատասխանատվությունը չպետք է խախտի իրավախախտումներ կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությունը:

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, մասնավորապես, պետք է ապահովի սույն հոդվածին համապատասխան պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձանց նկատմամբ արդյունավետ, համաչափ և զսպող ներգործություն ունեցող քրեական կամ ոչ քրեական պատժամիջոցների, ներառյալ դրամական պատժամիջոցների կիրառումը:

 

Հոդված 27. Մասնակցությունը և հանցափորձը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, քրեական իրավախախտում ճանաչվի ցանկացած կարգավիճակով մասնակցությունը, օրինակ` հանցակցի, օժանդակողի կամ դրդիչի կարգավիճակով մասնակցությունը որևէ իրավախախտմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, որպես քրեական իրավախախտում ճանաչվի որևէ իրավախախտման կատարման ցանկացած փորձը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ձեռնարկել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, որպես քրեական իրավախախտում ճանաչվի որևէ իրավախախտման նախապատրաստությունը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն:

 

Հոդված 28. Գիտակցելը, մտադրությունը և դիտավորությունը որպես իրավախախտման տարրեր

 

Գիտակցելը, մտադրությունը կամ դիտավորությունը, որոնք պահանջվում են որպես որևէ իրավախախտման տարրեր, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն, կարող են պարզվել գործի օբյեկտիվ փաստական հանգամանքներից։

 

Հոդված 29. Վաղեմության ժամկետը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն համապատասխան դեպքերում, իր ներքին օրենսդրության համաձայն, սահմանում է վաղեմության երկար ժամկետ՝ այն իրավախախտումների առնչությամբ վարույթ հարուցելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն, և սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետ կամ վաղեմության ժամկետի կասեցման հնարավորություն այն դեպքերում, երբ հանցագործության կատարման մեջ կասկածվողը խուսափում է արդարադատությունից։

 

Հոդված 30. Հետապնդումը, դատական որոշում կայացնելը և պատժամիջոցները

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նախատեսի սույն Կոնվենցիայով սահմանված հանցագործության համար համապատասխան պատժամիջոցներ` հաշվի առնելով հանցագործության ծանրության աստիճանը:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ, իր իրավական համակարգին և սահմանադրական սկզբունքներին համապատասխան, սահմանի կամ ապահովի ցանկացած անձեռնմխելիության կամ իրավազորության արտոնությունների միջև պատշաճ հավասարակշռություն, որոնք իր կողմից տրամադրվում են պաշտոնատար անձանց` իրենց գործառույթները կատարելու կապակցությամբ և, անհրաժեշտության դեպքում, արդյունավետ քննություն և քրեական հետապնդում իրականացնելու և իրավախախտումների կապակցությամբ դատական որոշումներ կայացնելու հնարավորությամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի ապահովել իր ներքին օրենսդրությամբ նախատեսված ցանկացած ինքնիշխան իրավաբանական լիազորության օգտագործումը, որն առնչվում է անձանց քրեական հետապնդմանը իրավախախտումների համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն` այդ իրավախախտումների վերաբերյալ իրավապաշտպան միջոցների առավելագույն արդյունավետության հասնելու համար և այդպիսի իրավախախտումների կատարմանը հակազդելու անհրաժեշտությունը պատշաճորեն հաշվի առնելով:

4. Սույն Կոնվենցիայով ճանաչված իրավախախտումների դեպքում յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան և պաշտպանության իրավունքները պատշաճորեն հաշվի առնելով, պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ նախքան դատը կամ վճռաբեկ գանգատի կամ բողոքի առնչությամբ որոշում կայացնելը ազատ արձակելու վերաբերյալ որոշումների կապակցությամբ սահմանված պայմանները հաշվի առնեն հետագա քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի ներկայության ապահովման անհրաժեշտությունը։

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է հաշվի առնի համապատասխան իրավախախտումների վտանգավորության աստիճանը այդպիսի իրավախախտումների համար դատապարտված անձանց վաղաժամկետ կամ պայմանական ազատման հնարավորության մասին հարցը քննարկելիս։

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան չափով, պետք է քննարկի այնպիսի ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնց օգնությամբ պաշտոնատար անձը, որը մեղադրվում է իրավախախտման կատարման համար, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն, համապատասխան դեպքերում կարող է պաշտոնազրկվել, ժամանակավորապես հեռացվել ծառայողական պարտականությունների կատարումից կամ համապատասխան մարմնի կողմից փոխադրվել այլ պաշտոնի՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը։

7. Երբ իրավախախտման վտանգավորության աստիճանը հաշվի առնելով դա հիմնավորված է համարվում, յուրաքանչյուր Մասնակից պետություն, այն չափով, որքանով դա համապատասխանում է իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին, քննարկում է իր ներքին օրենսդրությամբ սահմանված որոշակի ժամկետով` դատարանի որոշմամբ կամ ցանկացած այլ պատշաճ միջոցների օգնությամբ այն անձանց հետևյալ իրավունքներից զրկելու համար ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնք դատապարտվել են իրավախախտումների համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

ա) զբաղեցնել պետական պաշտոն, և

բ) պաշտոն զբաղեցնել ամբողջությամբ կամ մասնակիորեն պետության սեփականության ներքո գտնվող որևէ ձեռնարկությունում:

8. Սույն հոդվածի 1-ին կետը վնաս չի պատճառում իրավասու մարմինների կողմից քաղաքացիական ծառայողների նկատմամբ կարգապահական լիազորությունների իրականացմանը։

9. Ոչինչ, ինչ պարունակում է սույն Կոնվենցիան, չի շոշափում այն սկզբունքը, որի համաձայն իրավախախտումների սահմանումը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, և կիրառվելիք իրավաբանական առարկությունները կամ այլ իրավական սկզբունքները, որոնք սահմանում են արարքների իրավաչափությունը, մտնում է յուրաքանչյուր Մասնակից պետության ներքին օրենսդրության ոլորտի մեջ, իսկ այդպիսի իրավախախտումների համար քրեական հետապնդումը և պատիժը իրականացվում են այդ օրենսդրության համապատասխան։

10. Մասնակից պետությունները ձգտում են նպաստել հասարակության մեջ այն անձանց վերամիավորմանը, որոնք դատապարտվել են իրավախախտումների համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

 

Հոդված 31. Սառեցնելը, առգրավումը և բռնագրավումը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն առավելագույն չափով, որը հնարավոր է իր ներքին իրավական համակարգի շրջանակներում, պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել բռնագրավման հնարավորությունն ապահովելու համար՝

ա) հանցագործություններից ստացված եկամուտների, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, կամ այն գույքի, որի արժեքը համապատասխանում է այդպիսի եկամուտների արժեքին.

բ) գույքի, սարքավորման և այլ միջոցների, որոնք օգտագործվել են կամ նախատեսվել են իրավախախտումներ կատարելիս օգտագործելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն հոդվածի 1-ին կետում թվարկվածներից ամեն մեկի բացահայտման, հետամուտ լինելու, սառեցնելու կամ առգրավելու հնարավորության ապահովման համար՝ հետագա բռնագրավման նպատակով:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իրավասու մարմինների կողմից սառեցված, կալանված կամ բռնագրավված գույքի կառավարումը կարգավորելու համար, որը նշված է սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում:

4. Եթե հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները ամբողջությամբ կամ մասնակիորեն վերածվել կամ փոխակերպվել են այլ գույքի, ապա սույն հոդվածում նշված միջոցները պետք է կիրառվեն այդպիսի գույքի նկատմամբ։

5. Եթե հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները միացվել են օրինական աղբյուրներից ձեռք բերված գույքին, ապա, առանց սառեցմանը և առգրավմանը վերաբերող ցանկացած լիազորությանը վնասելու, բռնագրավման ենթակա է գույքի այն մասը, որը համապատասխանում է միացված եկամուտների գնահատված արժեքին։

6. Շահույթի կամ այլ եկամուտների նկատմամբ, որոնք ստացվել են հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտներից` այն գույքից, որին վերածվել կամ փոխակերպվել են հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները, կամ այն գույքից, որին միացվել են հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները, նույնպես կիրառվում են սույն հոդվածում նշված միջոցները նույն կերպով և նույն աստիճանով, ինչ որ հանցագործություններից ստացված եկամուտների վերաբերյալ։

7. Սույն հոդվածի և սույն Կոնվենցիայի 55-րդ հոդվածի նպատակների համար յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է լիազորի իր դատարաններին կամ այլ իրավասու մարմիններին կարգավորել բանկային, ֆինանսական կամ առևտրային փաստաթղթերի ներկայացման կամ արգելադրման մասին որոշումները։ Մասնակից պետությունը չպետք է խուսափի սույն կետի դրույթներին համապատասխան միջոցներ ձեռնարկելուց՝ վկայակոչելով բանկային գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությունը:

8. Մասնակից պետությունները կարող են քննարկել այն մասին պահանջներ սահմանելու հնարավորությունը, որ հանցագործություն կատարած անձը, այն չափով, որքանով այդպիսի պահանջը համապատասխանում է իրենց ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին և դատական ու այլ քննության բնույթին, ապացուցի հանցագործություններից ստացված այնպիսի ենթադրյալ եկամուտների կամ այլ գույքի օրինական ծագումը, որոնք ենթակա են բռնագրավման:

9. Սույն հոդվածի դրույթները չպետք է մեկնաբանվեն այնպես, որ վնաս պատճառվի բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներին։

10. Ոչինչ, ինչ պարունակում է սույն հոդվածը, չպետք է ազդի այն սկզբունքի վրա, ըստ որի այն միջոցները, որոնց մասին դրանում խոսվում է, սահմանվում և իրականացվում են Մասնակից պետության ներքին օրենսդրության դրույթներին համապատասխան և դրանք պահպանելու պայմանով։

 

Հոդված 32. Վկաների, փորձագետների և տուժողների պաշտպանությունը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին իրավական համակարգին համապատասխան և իր հնարավորությունների սահմաններում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որ հնարավոր վրեժից և վախեցնելուց արդյունավետ պաշտպանություն ապահովի այն վկաների և փորձագետների նկատմամբ, որոնք ցուցմունքներ են տալիս իրավախախտումների կապակցությամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, և, համապատասխան դեպքերում, նրանց հարազատների և մերձավոր այլ անձանց նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները, առանց մեղադրյալի իրավունքները վնասելու, այդ թվում՝ պատշաճ քննության իրավունքը, կարող են, inter alia, ներառել.

ա) այդպիսի անձանց ֆիզիկական պաշտպանության համար ընթացակարգերի սահմանումը, օրինակ` այն չափով, որքանով դա անհրաժեշտ է և գործնականում իրագործելի այլ տեղ նրանց վերաբնակեցնելու համար, և այնպիսի դրույթների ընդունումը, որոնք, համապատասխան դեպքերում, թույլատրում են չհրապարակել այդպիսի անձանց ինքնությանը և գտնվելու վայրին վերաբերող տեղեկատվություն կամ տեղեկատվության այդպիսի տարածման նկատմամբ սահմանում են սահմանափակումներ.

բ) ապացուցման կանոնների ընդունումը, որոնք վկաներին և փորձագետներին հնարավորություն են տալիս ցուցմունքներ տալ այնպիսի եղանակով, որն ապահովում է այդպիսի անձանց անվտանգությունը, օրինակ` կապի միջոցների օգնությամբ ցուցմունքներ տալ թույլատրելը, ինչպիսիք են տեսակապը կամ պատշաճ այլ միջոցները:

3. Մասնակից պետությունները պետք է քննարկեն մյուս պետությունների հետ սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց վերաբնակեցնելու վերաբերյալ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը:

4. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն նաև տուժողների նկատմամբ` այնքանով, որքանով նրանք վկաներ են:

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությունը պահպանելու պայմանով, հնարավորություններ է ստեղծում, այնպես, որ դա վնաս չպատճառի պաշտպանության իրավունքներին, տուժողների կարծիքներն ու մտահոգությունները շարադրելու և քննարկելու համար` այն անձանց նկատմամբ քրեական վարույթի համապատասխան փուլերում, որոնք հանցագործություն են կատարել:

 

Հոդված 33. Տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանությունը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի իր ներքին իրավական համակարգի մեջ բոլոր անձանց որևէ անարդարացի վերաբերմունքից պաշտպանության ապահովման համար պատշաճ միջոցներ ներառելու հնարավորությունը, ովքեր բարեխղճորեն և խելամիտ հիմքերով իրավասու մարմիններին հայտնում են այն իրավախախտումների հետ կապված փաստերի մասին, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

 

Հոդված 34. Կոռուպցիոն արարքների հետևանքները

 

Պատշաճորեն հաշվի առնելով բարեխղճորեն ձեռք բերված երրորդ անձանց իրավունքները` Մասնակից պետությունը, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի, որ կարգավորի կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ հարցը։ Այդ համատեքստում Մասնակից պետությունները կարող են դիտարկել կոռուպցիան որպես պայմանագրերն առոչինչ հայտարարելու կամ լուծելու համար վարույթում նշանակություն ունեցող կամ կոնցեսիան հետ կանչելու գործոն կամ կիրառել համանման այլ գործիքներ կամ ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ ձեռնարկել այլ միջոցներ:

 

Հոդված 35. Վնասը հատուցելը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրության սկզբունքներին համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք վնաս են կրել կոռուպցիոն որևէ արարքի հետևանքով, իրավունք ունենան այդ վնասի համար պատասխանատվություն կրող անձանց նկատմամբ վարույթ հարուցել փոխհատուցում ստանալու համար։

 

Հոդված 36. Մասնագիտացած մարմինները

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի այնպիսի մարմնի կամ մարմինների կամ անձանց առկայությունը, որոնք մասնագիտացած են կոռուպցիայի դեմ պայքարում` իրավապահ միջոցների օգնությամբ: Մասնակից պետության իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան` այդպիսի մարմնին կամ մարմիններին կամ անձանց պետք է անհրաժեշտ անկախություն ապահովվի, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց գործառույթները առանց որևէ անհարկի ազդեցության։ Այդպիսի անձինք կամ այդպիսի մարմնի կամ մարմինների աշխատակիցները իրենց խնդիրների կատարման համար պետք է օժտված լինեն պատշաճ որակավորմամբ և պաշարներով:

 

Հոդված 37. Համագործակցությունը իրավապահ մարմինների հետ

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի խրախուսի այն անձանց, ովքեր մասնակցում են կամ մասնակցել են որևէ իրավախախտման, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, քննության և ապացուցման նպատակներով իրավասու մարմիններին օգտակար տեղեկատվություն ներկայացնելու առումով և իրավասու մարմիններին փաստացի, որոշակի օգնություն տրամադրելու առումով, որը կարող է նպաստել հանցագործություններից ստացված եկամուտներից հանցագործներին զրկելուն և այդպիսի եկամուտները վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելուն։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այն մասին հարցը, որ նախատեսի, համապատասխան դեպքերում, մեղադրվող այն անձի պատիժը մեղմացնելու հնարավորությունը, որն արդյունավետորեն համագործակցում է որևէ իրավախախտման կապակցությամբ քննությանը կամ քրեական հետապնդմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի է այն մասին հարցը, որ նախատեսի, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, այն անձին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տրամադրելու հնարավորությունը, որն արդյունավետորեն համագործակցում է որևէ իրավախախտման կապակցությամբ քննությանը կամ քրեական հետապնդմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան։

4. Այդպիսի անձանց պաշտպանությունը, mutatis mutandis, պետք է ապահովվի սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածով նախատեսված կարգով։

5. Երբ անձը, որը հիշատակվում է սույն հոդվածի 1-ին կետում և գտնվում է Մասնակից պետություններից մեկում, կարող է արդյունավետորեն համագործակցել Մասնակից մյուս պետության իրավասու մարմինների հետ, ապա շահագրգիռ Մասնակից պետությունները կարող են քննարկել համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը, իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան, այլ Մասնակից պետության կողմից այդպիսի անձին սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ռեժիմի հնարավոր տրամադրման առնչությամբ:

 

Հոդված 38. Համագործակցությունը ազգային մարմինների միջև

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել իր պետական մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջև համագործակցությունը խրախուսելու համար, մի կողմից, և, մյուս կողմից, իրենց այն մարմինների միջև, որոնք պատասխանատու են քրեական իրավախախտումների կապակցությամբ քննության և հետապնդման համար: Այդպիսի համագործակցությունը կարող է ներառել.

ա) սեփական նախաձեռնությամբ այդ մարմիններին տեղեկատվություն տրամադրելը, եթե առկա են խելամիտ հիմքեր` կարծելու, որ կատարվել է իրավախախտումներից որևէ մեկը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 15-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, կամ

բ) այդ մարմիններին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը տրամադրելը` ըստ համապատասխան խնդրանքի:

 

Հոդված 39. Համագործակցությունը ազգային մարմինների և մասնավոր հատվածի միջև

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել ազգային քննչական մարմինների և դատախազության և մասնավոր հատվածի, մասնավորապես` ֆինանսական հիմնարկների միջև այնպիսի հարցերով համագործակցությունը խրախուսելու համար, որոնք կապված են իրավախախտումների կատարման հետ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այն մասին հարցը, որ խրախուսի իր քաղաքացիներին և այլ անձանց, որոնք սովորաբար բնակվում են իր տարածքում, ազգային քննչական մարմիններին և դատախազական մարմիններին հայտնել իրավախախտումներից որևէ մեկի կատարման մասին, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

 

Հոդված 40 Բանկային գաղտնիքը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ապահովի իրավախախտումների կապակցությամբ ներքին քրեական քննությունների դեպքում, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, իր ներքին իրավական համակարգի շրջանակներում պատշաճ մեխանիզմների առկայությունն այն արգելքները հաղթահարելու համար, որոնք կարող են առաջանալ բանկային գաղտնիքի մասին օրենսդրության կիրառման հետևանքով։

 

Հոդված 41. Դատվածության մասին տեղեկությունները

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ձեռնարկել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` հաշվի առնելու համար, այնպիսի պայմաններով և այնպիսի նպատակներով, որոնք ինքը անհրաժեշտ կհամարի, այն անձի նկատմամբ այլ պետությունում ավելի վաղ կայացված ցանկացած մեղադրական դատավճիռը, որը կասկածվում է քննվող հանցագործության կատարման մեջ` այդպիսի տեղեկատվությունը իրավախախտման կապակցությամբ քրեական վարույթի ընթացքում օգտագործելու համար, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան։

 

Հոդված 42. Իրավազորություն

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իր իրավազորությունը սահմանի իրավախախտումների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ.

ա) իրավախախտումը կատարվել է այդ Մասնակից պետության տարածքում, կամ

բ) իրավախախտումը կատարվել է նավակողի վրա, որը իրավախախտման կատարման պահին կրել է այդ Մասնակից պետության դրոշը, կամ օդանավի վրա, որն այդ պահին գրանցված է եղել այդ Մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան։

2. Սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահպանելու պայմանով` Մասնակից պետությունը կարող է նաև իր իրավազորությունը սահմանել այդպիսի ցանկացած իրավախախտման նկատմամբ, երբ.

ա) իրավախախտումը կատարվել է այդ Մասնակից պետության քաղաքացու դեմ, կամ

բ) իրավախախտումը կատարվել է այդ Մասնակից պետության քաղաքացու կողմից կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որը սովորաբար բնակվում է նրա տարածքում, կամ

գ) իրավախախտումը համարվում է այն իրավախախտումներից մեկը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին «բ» ii կետին համապատասխան և կատարվել է նրա տարածքից դուրս՝ որևէ իրավախախտում կատարելու համար, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին «ա» i կամ ii կամ «բ» i կետին համապատասխան, կամ

դ) իրավախախտումը կատարվել է այդ Մասնակից պետության դեմ։

3. Սույն Կոնվենցիայի 44-րդ հոդվածի նպատակների համար յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իր իրավազորությունը սահմանի իրավախախտումների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ անձը, որը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, գտնվում է իր տարածքում, և ինքը այդ անձին չի հանձնում միայն այն հիմքով, որ նա հանդիսանում է իր քաղաքացիներից մեկը։

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է նաև ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել նրա համար, որ իր իրավազորությունը սահմանի այն իրավախախտումների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձը գտնվում է իր տարածքում, և ինքը չի հանձնում նրան։

5. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան իր իրավազորությունն իրականացնող Մասնակից պետությունը ծանուցագիր է ստանում կամ որևէ այլ եղանակով տեղեկանում է այն մասին, որ ցանկացած այլ Մասնակից պետություն քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն են իրականացնում այդ նույն արարքի կապակցությամբ, ապա այդ Մասնակից պետությունների իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքերում, միմյանց հետ խորհրդատվություններ են անցկացնում իրենց գործողությունները համակարգելու նպատակով։

6. Առանց վնասելու ընդհանուր միջազգային իրավունքի նորմերը` սույն Կոնվենցիան չպետք է բացառի ցանկացած քրեական իրավազորություն իրականացնելը, որը Մասնակից պետության կողմից սահմանվել է իր ներքին օրենսդրությանը համապատասխան:

 

Գ լ ու խ  IV

 

Միջազգային համագործակցությունը

 

Հոդված 43. Միջազգային համագործակցությունը

 

1. Մասնակից պետությունները պետք է քրեաիրավական հարցերով համագործակցեն սույն Կոնվենցիայի 44-50-րդ հոդվածներին համապատասխան: Երբ դա նպատակահարմար է և համապատասխանում է իրենց ներքին իրավական համակարգին, Մասնակից պետությունները պետք է քննարկեն կոռուպցիայի հետ կապված քաղաքացիաիրավական և վարչական հարցերով քննությանը և վարույթին միմյանց աջակցություն ցույց տալու հնարավորությունը։

2. Երբ միջազգային համագործակցության հարցերի առնչությամբ պահանջվում է պահպանել համապատասխան արարքը փոխադարձորեն իրավախախտում ճանաչելու սկզբունքը, ապա այն պետք է պահպանվի` անկախ նրանից` հայցվող Մասնակից պետության օրենսդրությունը համապատասխան արարքը ընդգրկո՞ւմ է այդ նույն կատեգորիայի իրավախախտումների մեջ, կամ նա արդյոք նկարագրո՞ւմ է այն նույն տերմինների օգնությամբ, ինչպես հայցող Մասնակից պետությունը, եթե իրավախախտումը, որի կապակցությամբ օգնություն է հայցվում, քրեական իրավախախտում է ճանաչվում երկու Մասնակից պետությունների օրենսդրության համաձայն։

 

Հոդված 44. Հանձնումը

 

1. Սույն հոդվածը պետք է կիրառվի այն իրավախախտումների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ անձը, որի վերաբերյալ հայցվում է հանձնումը, գտնվում է հայցվող Մասնակից պետության տարածքում` պայմանով, որ իրավախախտումը, որի կապակցությամբ հայցվում է հանձնումը, պատժելի է համարվում ինչպես հայցող Մասնակից պետության, այնպես էլ հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն։

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին` Մասնակից պետությունը, որի օրենսդրությունը թույլ է տալիս, կարող է թույլատրել որևէ անձի հանձնումը սույն Կոնվենցիայով ընդգրկվող այն իրավախախտումներից որևէ մեկի կապակցությամբ, որոնք, իր սեփական ներքին օրենսդրության համաձայն, պատժելի չեն համարվում:

3. Եթե հանձնման մասին խնդրանքը վերաբերում է մի քանի առանձին իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը, սույն հոդվածի համաձայն, կարող է հանձնում առաջացնել, իսկ մյուսները չեն կարող հանձնում առաջացնել դրանց համար պատժի ժամկետի պատճառով, սակայն առնչվում են այն իրավախախտումներին, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համաձայն, ապա հայցվող Մասնակից պետությունը սույն հոդվածը կարող է կիրառել նաև այդպիսի իրավախախտումների նկատմամբ։

4. Իրավախախտումներից յուրաքանչյուրը, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, համարվում է Մասնակից պետությունների միջև գոյություն ունեցող` հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ ընդգրկված իրավախախտում, որը կարող է հանձնում առաջացնել: Մասնակից պետությունները պարտավորվում են այդպիսի իրավախախտումներն ընդգրկել որպես իրավախախտումներ, որոնք կարող են հանձնում առաջացնել` հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ, որը կկնքվի նրանց միջև: Այն Մասնակից պետությունը, որի օրենսդրությունը դա թույլ է տալիս, այն դեպքում, երբ սույն Կոնվենցիան օգտագործում է որպես հանձնման համար հիմք, իրավախախտումներից որևէ մեկը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, չպետք է համարի քաղաքական իրավախախտում:

5. Եթե Մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին խնդրանք է ստանում այլ Մասնակից պետությունից, որի հետ հանձնման մասին պայմանագիր չունի, ապա կարող է սույն Կոնվենցիան դիտարկել որպես իրավական հիմք ցանկացած իրավախախտման կապակցությամբ հանձնման համար, որի նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան։

6. Մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ.

ա) իր վավերագիրը կամ սույն Կոնվենցիան ընդունելու կամ հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հայտնում է այն մասին, թե արդյոք ինքը օգտագործելո՞ւ է սույն Կոնվենցիան որպես իրավական հիմք հանձնման հարցերում մյուս Մասնակից պետությունների հետ համագործակցության համար, և

բ) եթե նա սույն Կոնվենցիան չի օգտագործում որպես իրավական հիմք հանձնման հարցերում համագործակցության համար, ապա, համապատասխան դեպքերում, ձգտում է հանձնման մասին պայմանագրեր կնքել մյուս Մասնակից պետությունների հետ՝ սույն հոդվածը կիրառելու նպատակներով։

7. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, միմյանց միջև հարաբերություններում այն իրավախախտումները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, ճանաչում են որպես այնպիսի իրավախախտումներ, որոնք կարող են հանձնում առաջացնել:

8. Հանձնումը պետք է ենթակա լինի հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ նախատեսված կամ հանձնման մասին կիրառելի պայմանագրերի պայմաններին, ներառյալ, inter alia, հանձնման առնչությամբ նվազագույն պատժի վերաբերյալ պահանջների հետ կապված պայմանները և այն հիմքերը, որոնցով հայցվող Մասնակից պետությունը կարող է մերժել հանձնումը:

9. Ցանկացած իրավախախտման վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, Մասնակից պետությունը, իր ներքին օրենսդրությունը պահպանելու պայմանով, պետք է ջանքեր գործադրի, որ արագացնի հանձնման ընթացակարգերը և պարզեցնի դրա հետ կապված ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ պահանջները:

10. Իր ներքին օրենսդրության և հանձնման մասին իր պայմանագրերի դրույթները պահպանելու պայմանով` հայցվող Մասնակից պետությունը, համոզվելով, որ հանգամանքներն այդպես են պահանջում և անհետաձգելի բնույթ են կրում, և հայցող Մասնակից պետության խնդրանքով կարող է կալանավորել իր տարածքում գտնվող անձին, որի հանձնումը հայցվում է, կամ ձեռնարկել համապատասխան այլ միջոցներ` հանձնման ընթացակարգի ժամանակ նրա ներկայությունն ապահովելու համար։

11. Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձը, եթե չի հանձնում այդ անձին իրավախախտման կապակցությամբ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը միայն այն հիմքով, որ նա հանդիսանում է իր քաղաքացիներից մեկը, ապա հանձնումը, հայցող Մասնակից պետության խնդրանքով, պետք է գործն առանց չարդարացված ձգձգումների փոխանցի իր իրավասու մարմիններին` հետապնդման նպատակի համար: Այդ մարմինները պետք է կայացնեն իրենց որոշումը և իրականացնեն վարույթը նույն կարգով, ինչպես, այդ Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն, վտանգավոր բնույթի որևէ այլ իրավախախտման դեպքում: Շահագրգիռ Մասնակից պետությունները պետք է համագործակցեն միմյանց հետ, մասնավորապես` դատավարական հարցերով և ապացուցման հարցերով, այդպիսի հետապնդման արդյունավետությունն ապահովելու համար։

12. Բոլոր դեպքերում, երբ Մասնակից պետությանը, նրա ներքին օրենսդրության համաձայն, թույլատրվում է իր քաղաքացիներից որևէ մեկին հանձնել կամ որևէ այլ եղանակով փոխանցել միայն այն պայմանով, որ այդ անձը պետք է այդ Մասնակից պետություն վերադարձվի պատիժը կրելու համար, որը նշանակվել է այն դատաքննության կամ վարույթի արդյունքում, որի կապակցությամբ հայցվել է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և այդ Մասնակից պետությունը կամ այդ անձի հանձնումը հայցած Մասնակից պետությունը համաձայնել են այդպիսի կարգին և այլ պայմաններին, որոնք նրանք կարող են անհրաժեշտ համարել, ապա այդպիսի պայմանական հանձնումը կամ փոխանցումը բավարար է համարվում սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված պարտավորությունը կատարելու համար:

13. Եթե հանձնումը, որը հայցվում է դատավճիռն ի կատար ածելու նպատակով, մերժվում է, որովհետև հետախուզվող անձը հանդիսանում է հայցվող Մասնակից պետության քաղաքացի, ապա հայցվող Մասնակից պետությունը, եթե նրա ներքին օրենսդրությունը դա թույլ է տալիս, և եթե դա համապատասխանում է այդպիսի օրենսդրությանը, հայցող Մասնակից պետության դիմումով պետք է քննարկի հայցող Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն կայացված դատավճիռը կամ դատավճռի մնացած մասը ի կատար ածելու մասին հարցը։

14. Ցանկացած անձի, որի գործով վարույթ է իրականացվում որևէ իրավախախտման կապակցությամբ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, երաշխավորվում է վարույթի բոլոր փուլերում արդարացի վերաբերմունք` ներառյալ այն Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքների և երաշխիքների իրականացումը, որի տարածքում գտնվում է այդ անձը։

15. Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես հանձնման պարտականության սահմանում, եթե հայցվող Մասնակից պետությունն էական հիմքեր ունի հավատալու, որ հանձնման մասին խնդրանքը նպատակ ունի որևէ անձի հետապնդելու և նրան պատժելու սեռի, ռասայի, հավատի, քաղաքացիության, էթնիկական ծագման կամ քաղաքական կարծիքների պատճառով, կամ որ այդ խնդրանքի բավարարումը վնաս կպատճառի այդ անձի դրությանը այդ պատճառներից որևէ մեկով:

16. Մասնակից պետությունները չեն կարող հանձնման մասին խնդրանքի կատարումը մերժել միայն այն հիմքով, որ իրավախախտումը համարվում է որպես հարկային հարցեր ընդգրկող։

17. Նախքան հանձնումը մերժելը հայցվող Մասնակից պետությունը համապատասխան դեպքերում պետք է խորհրդակցություններ անցկացնի հայցող Մասնակից պետության հետ այն բանի համար, որ նրան բավարար հնարավորություններ ընձեռի նրա կարծիքները շարադրելու և նրա խնդրանքում շարադրված փաստերին առնչություն ունեցող տեղեկատվությունը ներկայացնելու համար։

18. Մասնակից պետությունները պետք է ձգտեն կնքել երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ՝ հանձնում իրականացնելու կամ դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

 

Հոդված 45. Դատապարտված անձանց փոխանցելը

 

Մասնակից պետությունները կարող են քննարկել սույն Կոնվենցիային համապատասխան ճանաչված իրավախախտումների համար կալանքի կամ ազատազրկման այլ տեսակների դատապարտված անձանց իրենց տարածք փոխանցելու մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատժի ժամկետը կրել նրանց տարածքներում։

 

Հոդված 46. Փոխադարձ իրավական օգնությունը

 

1. Մասնակից պետությունները պետք է ամենալայն փոխադարձ իրավական օգնություն ցույց տան միմյանց սույն Կոնվենցիայով ընդգրկած իրավախախտումների հետ կապված քննության, քրեական հետապնդման և դատաքննության գործում:

2. Փոխադարձ իրավական օգնությունը պետք է ցուցաբերվի առավելագույն ծավալով, որը հնարավոր է հայցվող Մասնակից պետության համապատասխան օրենքների, միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների համաձայն այն իրավախախտումների հետ կապված քննության, քրեական հետապնդման և դատաքննության առնչությամբ, որոնց կատարման համար հայցող Մասնակից պետությունում կարող է պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձը` սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն:

3. Սույն հոդվածի համաձայն տրամադրվող փոխադարձ իրավական օգնությունը կարող է հայցվել հետևյալ նպատակներից որևէ մեկով.

ա) վկայի ցուցմունքներ կամ առանձին անձանցից հայտարարություններ ստանալու.

բ) դատական փաստաթղթեր հանձնելու.

գ) խուզարկություն անցկացնելու և առգրավելու, ինչպես նաև գործառնությունները սառեցնելու.

դ) օբյեկտները և տեղանքի հատվածները զննելու.

ե) տեղեկատվություն, իրեղեն ապացույցներ և փորձագետների գնահատականներ տրամադրելու.

զ) համապատասխան փաստաթղթերի և նյութերի բնօրինակները կամ հաստատված պատճենները ներկայացնելու, ներառյալ կառավարական, բանկային, ֆինանսական, կորպորատիվ կամ առևտրային փաստաթղթերը.

է) հանցագործությունից ստացված եկամուտները, գույքը, հանցագործության կատարման գործիքները կամ այլ առարկաները բացահայտելու կամ դրան հետամուտ լինելու.

ը) հայցվող Մասնակից պետության մարմիններ համապատասխան անձանց կամավոր ներկայանալուն օժանդակելու.

թ) ցանկացած այլ տեսակի օգնություն ցույց տալու, որը չի հակասում հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությանը.

ժ) սույն Կոնվենցիայի V գլխի դրույթների համաձայն` հանցագործությունից ստացված եկամուտները բացահայտելու, սառեցնելու և հետամուտ լինելու.

ժա) սույն Կոնվենցիայի V գլխի դրույթների համաձայն` ակտիվներն առգրավելու նպատակներով։

4. Առանց խախտելու ներքին օրենսդրությունը, Մասնակից պետության իրավասու մարմինները կարող են, առանց նախնական խնդրանքի, քրեաիրավական հարցերով տեղեկատվություն փոխանցել մյուս Մասնակից պետության իրավասու մարմնին, երբ նրանք հավատում են, որ այդպիսի տեղեկատվությունը կարող է օգնել այդ մարմնին քննության և քրեական հետապնդման իրականացման կամ բարեհաջող ավարտելու գործում կամ կարող է հանգեցնել այդ Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կազմվող խնդրանքի։

5. Սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն տեղեկատվության փոխանցումը չպետք է վնասի տեղեկատվություն տրամադրած Պետությունում իրավասու մարմինների քննությանը և քրեական հետապնդմանը։ Տեղեկատվություն ստացած իրավասու մարմինները պետք է կատարեն այդ տեղեկատվության գաղտնի բնույթը պահպանելու մասին խնդրանքը նույնիսկ ժամանակավոր հիմունքներով կամ դրա օգտագործման սահմանափակումներով։ Այնուամենայնիվ, չպետք է խանգարի տեղեկատվություն ստացած Մասնակից պետությանը իր մոտ անցկացվող վարույթի ընթացքում բացահայտել այն տեղեկատվությունը, որը արդարացնում է մեղադրյալին։ Այդ դեպքում, նախքան տեղեկատվությունը բացահայտելը, տեղեկատվություն ստացած Մասնակից պետությունը տեղեկատվությունը պետք է հայտնի փոխանցող Մասնակից պետությանը և, եթե այդ մասին խնդրանք է ստացվել, խորհրդատվություններ անցկացնի տեղեկատվություն փոխանցած Պետության հետ: Եթե, բացառիկ դեպքերում, հնարավոր չէ վաղօրոք ծանուցել, ապա ստացող Մասնակից պետությունը պետք է այդպիսի բացահայտման մասին անհապաղ տեղեկացնի տեղեկատվություն փոխանցած Մասնակից պետությանը:

6. Սույն հոդվածի դրույթները չպետք է ազդեն որևէ այլ պայմանագրով պարտավորությունների վրա` լինեն դրանք երկկողմ, թե բազմակողմ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարգավորում է կամ կարգավորելու է փոխադարձ իրավական օգնությունը։

7. Սույն հոդվածի 9-29-րդ կետերը չպետք է կիրառվեն սույն հոդվածի հիման վրա ուղարկված խնդրանքների նկատմամբ, եթե համապատասխան Մասնակից պետությունները կապված չեն փոխադարձ իրավական օգնության մասին որևէ պայմանագրով։ Եթե այդ Մասնակից պետությունները կապված են այդպիսի պայմանագրով, ապա պետք է կիրառվեն այդ պայմանագրի համապատասխան դրույթները, եթե միայն Մասնակից պետությունները չեն համաձայնում դրանց փոխարեն կիրառել սույն հոդվածի 9-29-րդ կետերը։ Մասնակից պետություններին վճռականորեն կոչ է արվում կիրառել այդ կետերը, եթե դրանք դյուրացնում են համագործակցությունը։

8. Մասնակից պետությունները չպետք է մերժեն սույն հոդվածի համաձայն փոխադարձ իրավական օգնության տրամադրումը` հիմնվելով բանկային գաղտնիքի վրա։

9. ա) Հայցվող Մասնակից պետությունը, պատասխանելով սույն հոդվածի համաձայն օգնություն ցույց տալու մասին խնդրանքին` երկուստեք համապատասխան արարքը հանցագործություն ճանաչելու բացակայության պայմաններում, պետք է հաշվի առնի սույն Կոնվենցիայի նպատակները, ինչպես նշված է 1-ին հոդվածում.

բ) Մասնակից պետությունները կարող են մերժել սույն հոդվածի համաձայն օգնություն տրամադրելը երկուստեք համապատասխան արարքը հանցագործություն ճանաչելու բացակայության հիմքով: Այնուամենայնիվ, հայցվող Մասնակից պետությունը պետք է, երբ դա համապատասխանում է իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին, օգնություն տրամադրի, որը չի ուղեկցվում հարկադրանքի միջոցներով։ Այդպիսի օգնությունը կարող է մերժվել, երբ խնդրանքները ընդգրկում են de minimis բնույթի հարցեր կամ այնպիսի հարցեր, որոնց կապակցությամբ հայցվող համագործակցությունը կամ օգնությունը կարող են ապահովվել սույն Կոնվենցիայի այլ դրույթների համաձայն.

գ) յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է քննարկել այնպիսի միջոցներ ընդունելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ նա ի վիճակի լինի սույն հոդվածի համաձայն օգնություն ցույց տալ ավելի լայն ծավալով` համապատասխան արարքը երկուստեք հանցագործություն ճանաչելու բացակայության պարագայում:

10. Անձը, որը կալանքի տակ է գտնվում կամ պատիժ է կրում Մասնակից պետություններից որևէ մեկի տարածքում, և որի ներկայությունը մյուս Մասնակից պետությունում պահանջվում է ինքնությունը պարզելու, ցուցմունքներ տալու կամ քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության համար ապացույցներ ստանալու համար այն իրավախախտումների կապակցությամբ, որոնք ընդգրկված են սույն Կոնվենցիայով, կարող է փոխանցվել հետևյալ պայմանների պահպանումով.

ա) տվյալ անձը ազատորեն տալիս է իր գիտակցված համաձայնությունը.

բ) երկու Մասնակից պետությունների իրավասու մարմինները համաձայնություն են ձեռք բերել այնպիսի պայմաններով, որոնք այդ Մասնակից պետությունները կարող են անհրաժեշտ համարել։

11. Սույն հոդվածի 10-րդ կետի նպատակների համար՝

ա) այն Մասնակից պետությունը, որին փոխանցվում է անձը, պետք է իրավասություն և պարտավորություն ունենա կալանքի տակ պահել անձին, եթե միայն անձին փոխանցած Մասնակից պետությունը այլ բան չի խնդրել կամ այլ բան չի թույլատրել.

բ) Մասնակից պետությունը, որին անձը փոխանցվում է, պետք է անհապաղ կատարի այդ անձին այն Մասնակից պետության տրամադրության տակ վերադարձնելու պարտավորությունը, որը փոխանցել է այդ անձին, ինչպես դա համաձայնեցված է եղել վաղօրոք, կամ ինչպես դա այլ կերպ համաձայնեցված է եղել երկու Մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից.

գ) Մասնակից պետությունը, որին փոխանցվում է անձը, չի կարող պահանջել Մասնակից պետությունից, որը փոխանցել է այդ անձին, հարուցել հանձնման ընթացակարգ նրան վերադարձնելու համար.

դ) փոխանցվող անձին Մասնակից պետությունում պատիժը կրելու ժամկետի մեջ պետք է հաշվակցվի այն ժամկետը, որը նա կրել է իրեն փոխանցած Պետությունում։

12. Առանց Մասնակից պետության համաձայնության, որը սույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան պետք է փոխանցի որևէ անձի, այդ անձը, անկախ իր քաղաքացիությունից, չի ենթարկվում քրեական հետապնդման, կալանավորման, պատժի կամ անձնական ազատության որևէ այլ սահմանափակման այն պետության տարածքում, որին փոխանցվում է, այն գործողության, անգործության կամ դատապարտման կապակցությամբ, որն առնչվում է այն պետության տարածքից նրա մեկնելուց առաջ ժամանակաշրջանին, որն այդ անձին փոխանցել է։

13. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նշանակի կենտրոնական մարմին, որը պատասխանատվություն և իրավունք կունենա փոխադարձ օգնության խնդրանքների վերաբերյալ և պետք է կամ իրականացնի դրանք, կամ դրանք իրականացման փոխանցի իրավասու մարմիններին: Երբ Մասնակից պետությունում կա հատուկ տարածաշրջան կամ տարածք` փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու առանձին համակարգով, ապա նա կարող է նշանակել հատուկ կենտրոնական մարմին, որը պետք է կատարի այդ նույն գործառույթը այդ տարածաշրջանի կամ տարածքի նկատմամբ: Կենտրոնական մարմինները պետք է ապահովեն ստացված խնդրանքների օպերատիվ և պատշաճ կատարումը կամ վերահասցեագրումը:

Երբ կենտրոնական մարմինը կատարման համար խնդրանքը վերահասցեագրում է իրավասու մարմին, ապա նա պետք է խրախուսի իրավասու մարմնի կողմից այդ խնդրանքի արագ և պատշաճ կատարումը:

Յուրաքանչյուր Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայի վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցվի այդ նպատակով նշանակված կենտրոնական մարմնի մասին:

Փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքները, դրան վերաբերող ցանկացած հաղորդումը վերահասցեագրվում են Մասնակից պետությունների կողմից նշանակված կենտրոնական մարմիններին: Այդ պահանջը չպետք է վնասի Մասնակից պետության իրավունքը` պահանջել, որ այդպիսի խնդրանքները և հաղորդումները իրեն ուղարկվեն դիվանագիտական ուղիներով և, արտակարգ իրավիճակների դեպքում, երբ Մասնակից պետությունները պայմանավորվել են այդ մասին, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության միջոցով, եթե դա հնարավոր է:

14. Խնդրանքներն ուղարկվում են գրավոր կամ, եթե հնարավոր է, ցանկացած միջոցի օգնությամբ, որը հնարավորություն է տալիս հայցվող Մասնակից պետության համար ընդունելի լեզվով կազմել գրավոր նշումներ այնպիսի պայմաններով, որոնք այդ Մասնակից պետությանը հնարավորություն են տալիս պարզելու վավերականությունը:

Սույն Կոնվենցիայի վավերագիրը կամ ընդունելու կամ հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցվի այն լեզվի կամ լեզուների մասին, որոնք ընդունելի են յուրաքանչյուր Մասնակից պետության համար: Շտապ իրավիճակներում և Մասնակից պետությունների համաձայնելու դեպքում խնդրանքները կարող են ուղարկվել բանավոր, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր:

15. Փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը պետք է ընդգրկի.

ա) խնդրանքով դիմող մարմնի անվանումը.

բ) հարցի էությունը կամ քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության բնույթը, որոնց առնչվում է խնդրանքը, ինչպես նաև այդ քննությունը, քրեական հետապնդումը կամ դատաքննությունն իրականացնող մարմնի անվանումը և գործառույթները.

գ) համապատասխան փաստերի համառոտ շարադրանքը` բացառությամբ դատական փաստաթղթերի հանձնմանը վերաբերող խնդրանքների.

դ) հայցվող օգնության նկարագրությունը և մանրակրկիտ տեղեկատվություն ցանկացած որոշակի ընթացակարգի մասին, որի պահպանումը հայցող Մասնակից պետությունը կցանկանար, որ պահպանվեր.

ե) ըստ հնարավորության` ցանկացած շահագրգիռ անձի ինքնության, գտնվելու վայրի և քաղաքացիության վերաբերյալ տվյալները, և

զ) այն նպատակը, որի համար հայցվում են ապացույցները, տեղեկատվությունը կամ գործողությունը:

16. Հայցվող Մասնակից պետությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, երբ այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է համարվում իր ներքին օրենսդրությանը համապատասխան խնդրանքը կատարելու համար, կամ եթե այդ տեղեկատվությունը կարող է դյուրացնել այդպիսի խնդրանքի կատարումը:

17. Խնդրանքը պետք է կատարվի հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն և այն չափով, որը չի հակասում հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությանը և, երբ հնարավոր է, խնդրանքում նշված ընթացակարգերին համապատասխան:

18. Երբ հնարավոր է և համապատասխանում է ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին, երբ որևէ անձ գտնվում է Մասնակից պետության տարածքում և պետք է լսվի որպես վկա կամ փորձագետ մյուս Մասնակից պետության դատական մարմինների կողմից, ապա առաջին Մասնակից պետությունը, մյուս Մասնակից պետության խնդրանքով, կարող է թույլատրել լսումն անցկացնել տեսակապի օգնությամբ, եթե համապատասխան անձի համար հնարավոր կամ ցանկալի չէ լինել հայցող Մասնակից պետության տարածքում: Մասնակից պետությունները կարող են պայմանավորվել այն մասին, որ հայցող Մասնակից պետության դատական մարմնի կողմից լսումը պետք է անցկացվի հայցվող Մասնակից պետության դատական մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ:

19. Հայցող Մասնակից պետությունը առանց հայցվող Պետության վաղօրոք համաձայնության չպետք է փոխանցի կամ օգտագործի հայցվող Մասնակից պետության կողմից տրամադրված տեղեկատվությունը կամ ապացույցները քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու համար. պետք է օգտագործի այն նպատակով, որը նախատեսված է խնդրանքում: Ոչինչ սույն կետում չպետք է խանգարի հայցող Մասնակից պետությանը իր մոտ անցկացվող վարույթի ընթացքում բացահայտել այն տեղեկատվությունը կամ ապացույցները, որոնք արդարացնում են մեղադրյալին: Այդ դեպքում, նախքան տեղեկատվությունը կամ ապացույցները բացահայտելը, հայցող Մասնակից պետությունը պետք է ծանուցի հայցվող Մասնակից պետությանը և, եթե այդ մասին խնդրանք է ստացվել, հայցվող Մասնակից պետության հետ խորհրդատվություններ անցկացնի: Եթե բացառիկ դեպքերում հնարավոր չէ վաղօրոք ծանուցել, ապա հայցող Մասնակից պետությունն այդպիսի բացահայտման մասին պետք է անհապաղ հայտնի հայցվող Մասնակից պետությանը:

20. Հայցող Մասնակից պետությունը կարող է պահանջել, որ հայցվող Մասնակից պետությունը պահպանի խնդրանքի փաստի և բովանդակության գաղտնիությունը` բացառությամբ այն չափի, որն անհրաժեշտ է բուն խնդրանքի կատարման համար: Եթե հայցվող Մասնակից պետությունը չի կարող կատարել գաղտնիության վերաբերյալ պահանջը, ապա նա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի հայցող Մասնակից պետությանը:

21. Փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը կարող է մերժվել.

ա) եթե խնդրանքը չի ներկայացվել սույն հոդվածի դրույթների համաձայն.

բ) եթե հայցվող Մասնակից պետությունը գտնում է, որ խնդրանքի կատարումը կարող է վնասել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ կենսականորեն կարևոր այլ շահերին.

գ) եթե հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությունը նրա մարմիններին արգելում է հայցվող միջոցներն իրականացնել համանման ցանկացած իրավախախտման առնչությամբ, եթե այդպիսի իրավախախտումը նրա իրավազորության շրջանակներում ենթակա է քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության.

դ) եթե խնդրանքի կատարումը հակասում է փոխադարձ իրավական օգնության հարցերին առնչվող` հայցվող Մասնակից պետության իրավական համակարգին:

22. Մասնակից պետությունները չեն կարող մերժել փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը միայն այն հիմքով, որ իրավախախտումն ընդգրկում է նաև հարկային հարցեր։

23. Փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու ամեն մի մերժման համար պետք է ներկայացվեն պատճառաբանություններ:

24. Հայցվող Մասնակից պետությունը պետք է, որքան հնարավոր է, շուտ կատարի փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը և պետք է հնարավորինս մեծ չափով հաշվի առնի Մասնակից պետության կողմից առաջարկված բոլոր առավելագույն ժամկետները, որոնք բուն խնդրանքում պատճառաբանված են նախընտրելիորեն:

Հայցող Մասնակից պետությունը կարող է դիմել խելամիտ հարցումներով իրականացվող միջոցների կարգավիճակի և ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին, որոնք հայցվող Մասնակից պետության կողմից կիրառվում են իր խնդրանքը բավարարելու համար: Հայցվող Մասնակից պետությունը պետք է պատասխանի խնդրանքի կարգավիճակի և կատարման ընթացքի վերաբերյալ հայցող Մասնակից պետության խելամիտ հարցումներին: Հայցող Մասնակից պետությունը հայցվող Մասնակից պետությանը պետք է օպերատիվորեն հայտնի այն մասին, որ հայցվող օգնության անհրաժեշտություն այլևս չկա:

25. Փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը հայցվող Մասնակից պետության կողմից կարող է հետաձգվել այն հիմքով, որ դա խոչընդոտում է քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացմանը:

26. Նախքան, սույն հոդվածի 21-րդ կետի համաձայն, խնդրանքի կատարումը մերժելը կամ, սույն հոդվածի 25-րդ կետի համաձայն, դրա կատարումը հետաձգելը, հայցվող Մասնակից պետությունը պետք է խորհրդակցություններ անցկացնի հայցող Մասնակից պետության հետ, որպեսզի որոշի` կարող է արդյոք օգնությունը տրամադրվել այնպիսի ժամկետներում և այնպիսի պայմաններով, որոնք հայցվող Մասնակից պետությունը անհրաժեշտ է համարում: Եթե հայցող Մասնակից պետությունը օգնությունն ընդունում է այդպիսի պայմաններով, ապա նա պետք է պահպանի տվյալ պայմանները:

27. Չխախտելով սույն հոդվածի 12-րդ կետի կիրառումը` վկան, փորձագետը կամ որևէ այլ անձ, որը, հայցող Մասնակից պետության խնդրանքով, համաձայնում է ցուցմունքներ տալ կամ օգնություն ցույց տալ հայցող Մասնակից պետության տարածքում քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելիս, այդ տարածքում չպետք է ենթարկվեն քրեական հետապնդման, կալանավորման, պատժի կամ անձնական ազատության որևէ այլ սահմանափակման այն գործողության, անգործության կամ դատապարտման կապակցությամբ, որոնք առնչվում են հայցվող Մասնակից պետության տարածքից նրանց մեկնելուց առաջ ժամանակաշրջանին: Անձնական անվտանգության այդպիսի երաշխիքի գործողությունը պետք է դադարեցվի, եթե վկան, փորձագետը կամ այլ անձը տասնհինգ հաջորդող օրերի ընթացքում կամ Մասնակից պետությունների միջև համաձայնեցված ցանկացած ժամկետի ընթացքում, սկսած այն տարվա ամիս-ամսաթվից, երբ այդպիսի անձինք պաշտոնապես ծանուցվել են այն մասին, որ իրենց ներկայությունը դատական մարմնի կողմից այլևս չի պահանջվում, հնարավորություն են ունեցել թողնելու հայցող Մասնակից պետության տարածքը, սակայն, այնուամենայնիվ, կամավոր մնացել են նրա տարածքում կամ, թողնելով այն, սեփական կամքով հետ են վերադարձել:

28. Խնդրանքի կատարման հետ կապված սովորական ծախսերը պետք է հոգա հայցվող Մասնակից պետությունը, եթե շահագրգիռ Մասնակից պետություններն այլ կերպ չեն պայմանավորվել: Եթե խնդրանքի կատարման համար պահանջվում են կամ կպահանջվեն էական կամ արտակարգ ծախսեր, ապա Մասնակից պետությունները պետք է խորհրդակցեն` որոշելու համար այն պայմանները, ինչպես նաև ծախսերը հոգալու կարգը, որոնցով պետք է կատարվի խնդրանքը:

29. Հայցվող Մասնակից պետությունը.

ա) հայցող Մասնակից պետությանը պետք է տրամադրի իր տրամադրության տակ գտնվող կառավարական նյութերի, փաստաթղթերի կամ տեղեկատվության պատճենները, որոնք, իր ներքին օրենսդրության համաձայն, բաց են հանրության համար.

բ) իր հայեցողությամբ կարող է ամբողջությամբ, մասնակիորեն կամ այն պայմանների պահպանումով, որոնք ինքն անհրաժեշտ է համարում, հայցող Մասնակից պետությանը տրամադրել իր տրամադրության տակ գտնվող կառավարական ցանկացած նյութի, փաստաթղթի կամ տեղեկատվության պատճենը, որոնք, իր ներքին օրենսդրության համաձայն, փակ են հանրության համար:

30. Մասնակից պետությունները, ըստ անհրաժեշտության, պետք է քննարկեն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը, որոնք կարող են ծառայել սույն հոդվածի նպատակներին, ապահովել նրա գործնական կիրառումը կամ ամրապնդել նրա դրույթները:

 

Հոդված 47. Քրեական վարույթի փոխանցումը

 

Մասնակից պետությունները պետք է քննարկեն վարույթը միմյանց փոխանցելու հնարավորությունը այն իրավախախտման կապակցությամբ քրեական հետապնդման նպատակներով, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն, այն դեպքերում, երբ համարվում է, որ այդպիսի փոխանցումը համապատասխանում է պատշաճ արդարադատության իրականացման շահերին, մասնավորապես` այն դեպքերում, երբ քրեական գործերի միացումն ապահովելու համար շոշափվում են մի քանի իրավազորություններ:

 

Հոդված 48. Համագործակցությունը իրավապահ մարմինների միջև

 

1. Մասնակից պետությունները պետք է սերտորեն համագործակցեն միմյանց հետ, իրենց ներքին իրավական և վարչական համակարգերի համաձայն, սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների դեմ պայքարի համար իրավապահ մարմինների արդյունավետությունը բարձրացնելու նպատակներով: Մասնակից պետությունները, մասնավորապես, պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն` ուղղված.

ա) իրենց իրավասու մարմինների, հիմնարկների և ծառայությունների միջև կապուղիների ամրապնդմանը կամ, որտեղ դա անհրաժեշտ է, հիմնադրմանը, որպեսզի ապահովվի տեղեկատվության վստահելի և արագ փոխանակումը սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների բոլոր հարցերի վերաբերյալ, ներառյալ, եթե շահագրգիռ Մասնակից պետությունները անհրաժեշտ համարեն, այլ տեսակների հանցավոր գործունեության առնչությամբ.

բ) սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների կապակցությամբ քննության անցկացման գործում մյուս Մասնակից պետությունների հետ համագործակցությանը՝ նպատակ ունենալով բացահայտել.

i) այդպիսի իրավախախտումների կատարմանը մասնակցելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը, գտնվելու վայրը և գործունեությունը կամ մասնակցություն ունեցող այլ անձանց գտնվելու վայրը.

ii) հանցագործություններից ստացված եկամուտների կամ այդպիսի իրավախախտումների հետևանքով ստացված գույքի տեղափոխումները.

iii) այդպիսի իրավախախտումներ կատարելիս օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքի, սարքավորումների կամ այլ միջոցների տեղափոխումները.

գ) համապատասխան դեպքերում՝ վերլուծության կամ քննության նպատակների համար անհրաժեշտ առարկաներով կամ անհրաժեշտ քանակի իրերով ապահովմանը.

դ) համապատասխան դեպքերում՝ մյուս Մասնակից պետությունների հետ որոշակի միջոցների և մեթոդների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, որոնք կիրառվում են սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների կատարման համար, ներառյալ անձը հաստատող կեղծված վկայականների օգտագործումը, կեղծ, փոփոխված կամ կեղծված փաստաթղթերը և գործունեությունը թաքցնելու համար այլ միջոցները.

ե) նրանց իրավասու մարմինների, հիմնարկների և ծառայությունների միջև արդյունավետ համակարգման օժանդակմանը և աշխատակիցների ու այլ փորձագետների փոխանակման խրախուսմանը, ներառյալ, շահագրգիռ Մասնակից պետությունների կողմից երկկողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքվելու պայմանով, կապի գծով աշխատակիցներ նշանակելը.

զ) տեղեկատվության փոխանակմանը և վարչական ու այլ միջոցների համակարգմանը, որոնք ձեռնարկվում են որպես համապատասխան միջոցներ` սույն Կոնվենցիայի գործողության տակ ընկնող իրավախախտումները շուտ բացահայտելու նպատակով:

2. Սույն Կոնվենցիայի գործնական կիրառման նպատակների համար Մասնակից պետությունները պետք է քննարկեն իրենց իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու, իսկ այն դեպքերում, երբ այդպիսի համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ արդեն առկա են, դրանք փոփոխելու հնարավորությունը:

Շահագրգիռ Մասնակից պետությունների միջև այդպիսի համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Մասնակից պետությունները սույն Կոնվենցիան կարող են դիտարկել որպես հիմք սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների առնչությամբ իրավապահ մարմինների միջև հնարավոր համագործակցության համար:

Համապատասխան դեպքերում Մասնակից պետությունները պետք է ամբողջ ծավալով օգտագործեն համաձայնագրերը կամ պայմանավորվածությունները, այդ թվում՝ միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների մեխանիզմները, իրենց իրավապահ մարմինների միջև համագործակցությունը բարելավելու համար։

3. Մասնակից պետություններն իրենց հնարավորությունների սահմաններում պետք է ձգտեն համագործակցել սույն Կոնվենցիայի գործողության տակ ընկնող իրավախախտումներին հակազդելու նպատակով, որոնք կատարվել են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

Հոդված 49. Համատեղ քննությունները

 

Մասնակից պետությունները պետք է քննարկեն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը, որոնց ուժով մեկ կամ մի քանի պետություններում քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության առարկա հանդիսացող գործերի կապակցությամբ շահագրգիռ իրավասու մարմինները կարող են ստեղծել համատեղ քննություն անցկացնող մարմիններ: Այդպիսի համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում համատեղ քննությունները յուրաքանչյուր առանձին դեպքի համար կարող են անցկացվել փոխադարձ համաձայնությամբ: Համապատասխան Մասնակից պետություններն ապահովում են այն Մասնակից պետության ինքնիշխանության լիակատար հարգումը, որի տարածքում պետք է կատարվի այդպիսի քննություն:

 

Հոդված 50. Քննության հատուկ մեթոդները

 

1. Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով յուրաքանչյուր Մասնակից պետություն, այնքանով, որքանով դա թույլատրվում է նրա ներքին իրավական համակարգի հիմնարար սկզբունքներով և այն պայմաններով, որոնք սահմանված են նրա ներքին օրենսդրությամբ, իր հնարավորությունների սահմաններում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր իրավասու մարմինների կողմից վերահսկվող մատակարարումների պատշաճ օգտագործումը և, այն դեպքերում, երբ ինքը դա տեղին կհամարի, քննության այլ հատուկ միջոցների օգտագործումը, ինչպիսիք են էլեկտրոնային դիտարկումը կամ դիտարկման այլ ձևերը, ինչպես նաև իր տարածքում գործակալական գործառնությունները, ինչպես նաև այն բանի համար, որ այդպիսի մեթոդների օգնությամբ հավաքված ապացույցները թույլատրելի լինեն դատարանում:

2. Սույն Կոնվենցիայով ընդգրկվող իրավախախտումների քննության նպատակի համար Մասնակից պետությունները խրախուսվում են, անհրաժեշտության դեպքում, կնքել համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ՝ քննության այդպիսի հատուկ մեթոդները միջազգային մակարդակով համագործակցության համատեքստում օգտագործելու համար։

Այդպիսի համաձայնագրերը կամ պայմանավորվածությունները պետք է կնքվեն և իրագործվեն Պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի լիարժեք պահպանումով և պետք է իրականացվեն այդ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների պայմաններին խիստ համապատասխան։

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության պարագայում միջազգային մակարդակով քննության այդպիսի հատուկ մեթոդների օգտագործման վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն յուրաքանչյուր առանձին դեպքի համար և կարող են, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնել շահագրգիռ Մասնակից պետությունների կողմից իրավազորության իրականացման առնչությամբ ֆինանսական պայմանավորվածություններն ու փոխըմբռնումները։

4. Միջազգային մակարդակով վերահսկվող մատակարարումների օգտագործման վերաբերյալ որոշումները շահագրգիռ Մասնակից պետությունների համաձայնությամբ կարող են ներառել այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բեռները կամ միջոցները բռնելը և դրանք անձեռնմխելի թողնելը կամ լրիվ կամ մասնակիորեն առգրավելը կամ փոխելը։

 

Գ լ ու խ  V

 

Ակտիվները վերադարձնելու միջոցները

 

Հոդված 51. Ընդհանուր դրույթներ

 

Սույն գլխի համաձայն` ակտիվները վերադարձնելը իրենից ներկայացնում է սույն Կոնվենցիայի հիմնարար սկզբունքը, և Մասնակից պետություններն ամենալայն ձևով պետք է համագործակցեն միմյանց հետ և այդ կապակցությամբ աջակցեն միմյանց:

 

Հոդված 52. Հանցագործություններից ստացված եկամուտների փոխանցումների կանխարգելումը և բացահայտումը

 

1. Չխախտելով սույն Կոնվենցիայի 14-րդ հոդվածը` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են պահանջվել այն բանի համար, որ ֆինանսական հիմնարկներից, որոնց վրա տարածվում է նրա իրավազորությունը, պահանջի ստուգել հաճախորդների ինքնությունը, խելամիտ միջոցներ ձեռնարկել այն միջոցների սեփականատեր բենեֆիցիարների ինքնությունը պարզելու համար, որոնք դեպոնացված են մեծ ծավալի միջոցներով հաշիվներում, և իրականացնել վերահսկողության առավել խիստ միջոցներ այն հաշիվների նկատմամբ, որոնք փորձում են բացել, կամ որոնք վարվում են նշանակալից պետական լիազորություններով օժտված կամ նախկինում օժտված անձանց, նրանց ընտանիքների անդամների և նրանց հետ սերտորեն կապված գործընկերների կողմից կամ վերոթվարկյալ անձանցից որևէ մեկի անունից։ Վերահսկողության այդպիսի առավել խիստ միջոցները խելամիտ չափով պետք է կոչված լինեն բացահայտելու կասկածելի գործառնությունները՝ դրանց վերաբերյալ իրավասու մարմիններին տեղեկատվություն տրամադրելու նպատակների համար, և որևէ օրինական հաճախորդի հետ գործեր վարելու առումով դրանք չպետք է մեկնաբանվեն իբրև ֆինանսական հիմնարկներին խոչընդոտող կամ արգելող:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցների իրականացումը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան և ղեկավարվելով փողերի լվացմանը հակազդելու տարածաշրջանային, միջտարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների համապատասխան նախաձեռնություններով, պետք է.

ա) հրապարակի խորհրդատվական ցուցումներ այն կատեգորիայի ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց հաշիվների առնչությամբ ֆինանսական հիմնարկներից, որոնց վրա տարածվում է իր իրավազորությունը, սպասվելու է վերահսկողության առավել խիստ միջոցների կիրառում այն հաշիվների և գործառնությունների տեսակների նկատմամբ, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել, և հաշիվներ բացելու և վարելու պատշաճ միջոցների, ինչպես նաև այն հաշիվներով հաշվետվություն վարելու նկատմամբ, որոնք անհրաժեշտ է ընդունել նման հաշիվների վերաբերյալ, և

բ) համապատասխան դեպքերում, մյուս Մասնակից պետության խնդրանքով կամ իր սեփական նախաձեռնությամբ, ֆինանսական հիմնարկներին, որոնց վրա տարածվում է իր իրավազորությունը, պետք է ծանուցի որոշակի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ինքնության մասին, որոնց վերաբերյալ հաշիվների առնչությամբ այդպիսի հիմնարկներից սպասվելու է վերահսկողության առավել խիստ միջոցների կիրառում` ի լրումն այն անձանց, որոնց ինքնությունը ֆինանսական հիմնարկները կարող են պարզել այլ կարգով։

3. Սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համատեքստում յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ապահովի ֆինանսական հիմնարկների կողմից պատշաճ ժամկետի ընթացքում պատշաճ հաշվետվություն այն հաշիվների և գործառնությունների մասին, որոնց առնչվում են սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված անձինք, որում նվազագույնը պետք է ընդգրկվի այն տեղեկատվությունը, որը վերաբերում է հաճախորդի անձին, ինչպես նաև, որքանով դա հնարավոր է, սեփականատեր բենեֆիցիարին:

4. Իրավախախտումներից ստացված եկամուտները կանխարգելելու և բացահայտելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, յուրաքանչյուր Մասնակից պետություն կանխարգելման համար պետք է պատշաճ և գործուն միջոցներ իրականացնի իր կարգավորող և հսկող մարմինների, բանկային հիմնարկների օգնությամբ, որոնք ֆիզիկական ներկայություն չունեն, և որոնք կապակցված չեն որևէ կարգավորվող ֆինանսական խմբի հետ։ Ավելին. Մասնակից պետությունները կարող են քննարկել իրենց ֆինանսական հիմնարկների նկատմամբ պահանջներ սահմանելու հնարավորությունը` հրաժարվելու այդպիսի հիմնարկների հետ թղթակցային բանկային հարաբերությունների մեջ մտնելուց կամ շարունակելու այդպիսի հարաբերությունները, ինչպես նաև զգուշանալու օտարերկրյա ֆինանսական հիմնարկների հետ հարաբերություններ հաստատելուց, որոնք թույլատրում են հաշիվների օգտագործումը այն բանկերի կողմից, որոնք ֆիզիկական ներկայություն չունեն կամ որոնք կապակցված չեն որևէ կարգավորվող ֆինանսական խմբի հետ:

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է քննարկի այնպիսի արդյունավետ համակարգեր ստեղծելու հնարավորությունը, որոնք նախատեսում են համապատասխան պաշտոնատար անձանց առնչվող ֆինանսական տեղեկատվության բացահայտումը և այդ պահանջները չպահպանելու համար սահմանում են պատշաճ պատժամիջոցներ:

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իրենց իրավասու մարմիններին թույլատրեն այդպիսի տեղեկատվության փոխանակում իրականացնել մյուս Մասնակից պետությունների իրավասու մարմինների հետ, երբ դա անհրաժեշտ է իրավախախտումներից ստացված եկամուտների քննության, իրավունքների հայտարարման և հետ վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան։

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են պահանջվել այն բանի համար, որ համապատասխան պաշտոնատար անձանց համար, ովքեր որևէ օտարերկրյա պետությունում որևէ ֆինանսական հաշվի նկատմամբ շահ կամ ստորագրության իրավունք կամ այլ իրավասություն ունեն, սահմանի այդ մասին համապատասխան մարմիններին հայտնելու և այդպիսի հաշիվներին վերաբերող պատշաճ հաշվետվություն վարելու պահանջ։ Այդպիսի միջոցները նաև նախատեսում են պատշաճ պատժամիջոցներ` այդ պահանջները չկատարելու համար։

 

Հոդված 53. Գույքի անմիջական վերադարձմանն ուղղված միջոցները

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է, իր ներքին օրենսդրության համաձայն՝

ա) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ մյուս Մասնակից պետությանը թույլատրի իր դատարաններ քաղաքացիական հայցեր ներկայացնել այն գույքի նկատմամբ իրավական տիտղոսը կամ սեփականության իրավունքը պարզելու մասին, որը ձեռք է բերվել իրավախախտումներից որևէ մեկի կատարման հետևանքով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

բ) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր դատարաններին իրավախախտումներ կատարած անձանց, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, պարտավորեցնել փոխհատուցում վճարել կամ վնասները հատուցել մյուս Մասնակից պետությանը, որին վնաս է պատճառվել այդպիսի իրավախախտումներ կատարելու հետևանքով, և

գ) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր դատարաններին կամ իրավասու մարմիններին բռնագրավման մասին որոշումներ կայացնելիս ճանաչել մյուս Մասնակից պետության պահանջները` որպես գույքի օրինական սեփականատիրոջ, որը ձեռք է բերվել իրավախախտումներից որևէ մեկը կատարելու հետևանքով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

 

Հոդված 54. Բռնագրավման գործում միջազգային համագործակցության միջոցով գույքի առգրավման մեխանիզմները

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, սույն Կոնվենցիայի 55-րդ հոդվածի համաձայն, գույքի առնչությամբ փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու նպատակներով, որը ձեռք է բերվել իրավախախտումներից որևէ մեկի կատարման հետևանքով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, կամ որոնք օգտագործվել են այդպիսի իրավախախտումները կատարելիս, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է.

ա) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել այն բանի համար, որ իր իրավասու մարմիններին թույլատրի ի կատար ածել բռնագրավման մասին մյուս Մասնակից պետության դատարանների կողմից կայացված որոշումները.

բ) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր իրավասու մարմիններին իրենց իրավազորության սահմաններում այդպիսի օտարերկրյա ծագման գույքի բռնագրավման մասին որոշում կայացնել փողերի լվացման իրավախախտումների կամ այնպիսի այլ իրավախախտումների կապակցությամբ դատական որոշումներ կայացնելիս կամ այլ ընթացակարգեր օգտագործելիս, որոնք թույլատրված են նրա ներքին օրենսդրությամբ, և

գ) քննարկի այնպիսի միջոցներ ձեռնարկելու մասին հարցը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ այդպիսի գույքի բռնագրավման համար հնարավորություն ստեղծվի` առանց այնպիսի գործերով քրեական վարույթի շրջանակներում դատավճիռ կայացնելու, երբ հանցագործը չի կարող հետապնդվել մահվան, թաքնվելու կամ բացակայելու պատճառով կամ այլ համապատասխան դեպքերում։

2. Սույն Կոնվենցիայի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուղարկված խնդրանքով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու նպատակներով յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է.

ա) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իր իրավասու մարմիններին թույլատրի սառեցնել կամ առգրավել գույքը` սառեցնելու կամ արգելանք դնելու մասին որոշման համաձայն, որը կայացվել է հայցող Մասնակից պետության դատարանի կամ իրավասու մարմնի կողմից, և որում շարադրվում են այնպիսի խելամիտ հիմքեր, որոնք հայցվող Մասնակից պետությանը հնարավորություն են տալիս ենթադրելու, որ այդպիսի միջոցներ ձեռնարկելու համար կան բավարար պատճառներ, և որ այդ գույքի նկատմամբ վերջնական արդյունքում կայացվելու է բռնագրավման մասին որոշում սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նպատակների համար.

բ) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իր իրավասու մարմիններին թույլատրի սառեցնել կամ գույքի վրա արգելանք դնել այն խնդրանքով, որում շարադրվում են այնպիսի խելամիտ հիմքեր, որոնք հայցվող Մասնակից պետությանը հնարավորություն են տալիս ենթադրելու, որ այդպիսի միջոցներ ձեռնարկելու համար կան բավարար պատճառներ, և որ այդ գույքի նկատմամբ վերջնական արդյունքում կայացվելու է բռնագրավման մասին որոշում սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նպատակների համար, և

գ) քննարկի լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին հարցը, որպեսզի իր իրավասու մարմիններին թույլատրի պահպանել գույքը բռնագրավման նպատակների համար, օրինակ՝ նման գույք ձեռք բերելու կապակցությամբ արգելանք դնելու կամ քրեական մեղադրանք առաջադրելու մասին օտարերկրյա որոշման հիման վրա։

 

Հոդված 55. Բռնագրավման նպատակով միջազգային համագործակցությունը

 

1. Այն Մասնակից պետությունը, որը մյուս Մասնակից պետությունից, որի իրավազորության տակ է ընկնում որևէ իրավախախտում, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, խնդրանք է ստացել սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից ստացված եկամուտների, գույքի, սարքավորման կամ հանցագործության կատարման այլ միջոցների բռնագրավման մասին, որոնք գտնվում են նրա տարածքում, առավելագույն չափով, որը հնարավոր է իր ներքին իրավական համակարգի շրջանակներում, պետք է.

ա) այդ խնդրանքն ուղարկի իր իրավասու մարմիններին` բռնագրավման մասին որոշում ստանալու նպատակով, և այդպիսի որոշում կայացնելու դեպքում ի կատար ածի այն, կամ

բ) իր իրավասու մարմիններին ուղարկի բռնագրավման մասին որոշումը, որը դատարանի կողմից կայացվել է հայցող Մասնակից պետության տարածքում` սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետին և 54-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան, այն ծավալով դրա կատարման նպատակով, որը նշված է խնդրանքում, և այն չափով, որքանով այն առնչվում է հայցվող Մասնակից պետության տարածքում գտնվող` հանցագործություններից ստացված եկամուտներին, գույքին, սարքավորմանը կամ 31-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված հանցագործությունների կատարման մյուս միջոցներին:

2. Մյուս Մասնակից պետության կողմից ուղարկված խնդրանքն ստանալուց հետո, որի իրավազորության տակ է գտնվում որևէ իրավախախտում, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, հայցվող Մասնակից պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից ստացված եկամուտները, գույքը, սարքավորումները կամ հանցագործությունների կատարման մյուս միջոցները բացահայտելու, հետամուտ լինելու, սառեցնելու կամ արգելանքի տակ դնելու համար` հետագա բռնագրավման նպատակով, որի վերաբերյալ որոշումը կայացվում է կամ հայցող Մասնակից պետության կողմից, կամ, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, հայցվող Մասնակից պետության կողմից։

3. Սույն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի դրույթները mutatis mutandis կիրառվում են սույն հոդվածի նկատմամբ։ Ի լրումն 46-րդ հոդվածի 15-րդ կետում նշված տեղեկատվության` սույն հոդվածի հիման վրա ուղարկված խնդրանքները պետք է պարունակեն.

ա) սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նախատեսված խնդրանքի առումով` բռնագրավման ենթակա գույքի նկարագրությունը, այդ թվում, որքանով հնարավոր է, գտնվելու վայրի մասին տվյալները և, եթե դա տեղին է, գույքի գնահատման արժեքը` հայտարարություն այն փաստերի շարադրումով, որոնց վրա հղում է կատարում հայցող Մասնակից պետությունը, և որոնք բավարար են նրա համար, որ հայցվող Մասնակից պետությունը կարողանա միջոցներ ձեռնարկել իր ներքին օրենսդրության համաձայն որոշում կայացնելու համար.

բ) սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված խնդրանքի առումով` հայցող Մասնակից պետության կողմից տրված բռնագրավման մասին որոշման` իրավաբանորեն թույլատրելի պատճենը, որի վրա հիմնվում է խնդրանքը, հայտարարություն` փաստերի շարադրումով, և տեղեկատվություն հայցվող որոշման կատարման ծավալի վերաբերյալ, որում նշվում են այն միջոցները, որոնք հայցող Մասնակից պետության կողմից ձեռնարկվել են բարեխիղճ երրորդ կողմերին պատշաճ ծանուցագրեր ուղարկելու և պատշաճ իրավական ընթացակարգեր ապահովելու համար, և հայտարարություն այն մասին, որ բռնագրավման մասին որոշումը վերջնական է համարվում.

գ) սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված խնդրանքի առումով` հայտարարություն` այն փաստերի շարադրումով, որոնց վրա հղում է կատարում հայցող Մասնակից պետությունը, և հայցվող միջոցների նկարագրությունը, ինչպես նաև, եթե դա կիրառելի է, այն որոշման իրավաբանորեն թույլատրելի պատճենը, որի վրա հիմնվում է խնդրանքը:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված որոշումները կամ միջոցները հայցվող Մասնակից պետության կողմից պետք է ձեռնարկվեն նրա ներքին օրենսդրության դրույթներին և դատավարական նորմերին կամ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին կամ պայմանավորվածություններին համապատասխան, որոնցով նա կարող է կապված լինել հայցող Մասնակից պետության հետ հարաբերություններում և դրանք պահպանելու պայմանով։

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տրամադրի սույն հոդվածի դրույթների իրականացումն ապահովող իր օրենքների և կանոնների տեքստերը, ինչպես նաև այդ օրենքների և կանոնների կամ դրանց նկարագրության հետագա բոլոր փոփոխությունների տեքստերը:

6. Եթե Մասնակից պետությունը ցանկանա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված միջոցների ձեռնարկումը պայմանավորել համապատասխան պայմանագրի առկայությամբ, ապա այդ Մասնակից պետությունը պետք է դիտարկի սույն Կոնվենցիան որպես անհրաժեշտ և բավարար պայմանագրային հիմք։

7. Սույն հոդվածի համաձայն` համագործակցությունը կարող է նաև մերժվել կամ ապահովող միջոցները կարող են հանվել, եթե հայցվող Մասնակից պետությունը ժամանակին բավարար ապացույցներ չստանա, կամ եթե գույքը նվազագույն արժեք ունենա:

8. Նախքան սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված որևէ ապահովող միջոցը հանելը հայցվող Մասնակից պետությունը, երբ դա հնարավոր է, հայցող Մասնակից պետությանը հնարավորություն է ընձեռում շարադրելու իր պատճառաբանությունները հօգուտ այդպիսի միջոցի իրականացման շարունակման:

9. Սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում այնպես, որ վնաս պատճառվի բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին:

 

Հոդված 56. Հատուկ համագործակցություն

 

Չխախտելով իր ներքին օրենսդրությունը` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք նրան հնարավորություն կտան, առանց վնասելու իր սեփական քննությունը, քրեական հետապնդումը և դատաքննությունը, առանց նախնական խնդրանքի` մյուս Մասնակից պետությանը տեղեկատվություն ուղարկել այն իրավախախտումներից ստացված եկամուտների մասին, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ նա գտնում է, որ այդպիսի տեղեկատվության բացահայտումը կարող է այն ստացող Մասնակից պետությանն օժանդակել քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն հարուցելու կամ վարելու գործում կամ կարող է հանգեցնել, սույն Կոնվենցիային համապատասխան, այդ Մասնակից պետության կողմից խնդրանքի ուղարկմանը:

 

Հոդված 57. Ակտիվները վերադարձնելը և դրանք տնօրինելը

 

1. Սույն Կոնվենցիայի 31-րդ կամ 55-րդ հոդվածի հիման վրա Մասնակից պետության կողմից բռնագրավված գույքը պետք է տնօրինվի, ներառյալ այդպիսի գույքը, սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, նախկին օրինական սեփականատիրոջը վերադարձնելու առումով, այդ Մասնակից պետության կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին և իր ներքին օրենսդրությանը համապատասխան:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր իրավասու մարմիններին վերադարձնել բռնագրավված գույքը, երբ նրանք գործում են մյուս Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան ուղարկված խնդրանքով` հաշվի առնելով բարեխիղճ երրորդ Կողմերի իրավունքները:

3. Սույն Կոնվենցիայի 46-րդ և 55-րդ հոդվածներին և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` հայցվող Մասնակից պետությունը պետք է.

ա) պետական միջոցների հափշտակության կամ հափշտակված պետական միջոցների լվացման դեպքում, ինչպես այդ մասին նշվում է սույն Կոնվենցիայի 17-րդ և 23-րդ հոդվածներում, եթե բռնագրավումն իրականացվել է 55-րդ հոդվածին համապատասխան և հայցող Մասնակից պետությունում կայացված վերջնական դատական որոշման հիման վրա, ընդ որում` այդ պահանջը հայցվող Մասնակից պետության կողմից կարող է հանվել, բռնագրավված գույքը վերադարձնի հայցող Մասնակից պետությանը.

բ) սույն Կոնվենցիայի գործողության տակ ընկնող որևէ այլ իրավախախտումից ստացված եկամուտների դեպքում, եթե բռնագրավումը կատարվել է սույն Կոնվենցիայի 55-րդ հոդվածին համապատասխան և հայցող Մասնակից պետությունում կայացված վերջնական դատական որոշման հիման վրա, ընդ որում` այդ պահանջը հայցվող Մասնակից պետության կողմից կարող է հանվել, բռնագրավված գույքը վերադարձնի հայցող Մասնակից պետությանը, եթե հայցող Մասնակից պետությունը հայցվող Մասնակից պետությանը խելամտորեն ապացուցում է այդպիսի բռնագրավված գույքի նկատմամբ ավելի վաղ գոյություն ունեցող իր սեփականության իրավունքը կամ, եթե հայցվող Մասնակից պետությունը հայցող Մասնակից պետությանը պատճառված վնասը ընդունում է որպես հիմք, բռնագրավված գույքը վերադարձնելու համար.

գ) բոլոր մյուս դեպքերում առաջնահերթության կարգով պետք է քննարկի բռնագրավված գույքը հայցող Մասնակից պետությանը վերադարձնելու, այդպիսի գույքը նախկին օրինական սեփականատերերին վերադարձնելու կամ հանցագործությունից տուժածներին փոխհատուցում վճարելու մասին հարցը։

4. Համապատասխան դեպքերում, եթե միայն Մասնակից պետություններն այլ որոշում չընդունեն, հայցվող Մասնակից պետությունը կարող է հանել քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության ընթացքում կրած խելամիտ ծախսերը, որոնք, սույն հոդվածի համաձայն, հանգեցրել են բռնագրավված գույքի վերադարձմանը կամ դրա տնօրինմանը։

5. Համապատասխան դեպքերում Մասնակից պետությունները կարող են հատուկ քննարկել յուրաքանչյուր առանձին դեպքում բռնագրավված գույքի վերջնական տնօրինման վերաբերյալ համաձայնագրեր կամ փոխընդունելի պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը:

 

Հոդված 58. Օպերատիվ ֆինանսական տեղեկատվություն հավաքող ստորաբաժանումները

 

Մասնակից պետությունները պետք է միմյանց հետ համագործակցեն այն իրավախախտումներից ստացված եկամուտների փոխանցումները կանխարգելելու և դրանց դեմ պայքարի նպատակներով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, ինչպես նաև այդպիսի եկամուտների առգրավման ուղիների և եղանակների օգտագործմանն օժանդակելու, և այդ նպատակներով պետք է քննարկեն օպերատիվ ֆինանսական տեղեկատվություն հավաքելու համար ստորաբաժանում ստեղծելու մասին հարցը, որը պետք է պատասխանատվություն կրի կասկածելի ֆինանսական գործառնությունների մասին հաղորդումներ ստանալու, վերլուծելու և իրավասու մարմիններին ուղարկելու համար։

 

Հոդված 59. Երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր և պայմանավորվածություններ

 

Մասնակից պետությունները պետք է քննարկեն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը Կոնվենցիայի սույն գլխի համաձայն իրականացվող միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման համար։

 

Գ լ ու խ  VI

 

Տեխնիկական օգնությունը եվ տեղեկատվության փոխանակումը

 

Հոդված 60. Կադրերի պատրաստումը և տեխնիկական օգնությունը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, որքանով դա անհրաժեշտ է, պետք է նախաձեռնի, մշակի կամ կատարելագործի կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար պատասխանատվություն կրող իր անձնակազմի նախապատրաստման որոշակի ծրագրեր: Կադրերի նախապատրաստման այդպիսի ծրագրերը կարող են, inter alia, շոշափել հետևյալ բնագավառները.

ա) կոռուպցիոն արարքների կանխարգելման, բացահայտման և քննության, ինչպես նաև դրանց համար պատժելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ արդյունավետ միջոցները, ներառյալ ապացույցների հավաքման և քննության մեթոդների օգտագործումը.

բ) հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարության մշակման և պլանավորման բնագավառում կարողության ստեղծումը.

գ) սույն Կոնվենցիայի պահանջները բավարարող փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքների կազմման հարցերով իրավասու մարմինների աշխատակիցների նախապատրաստումը.

դ) հիմնարկների, հանրային ծառայության կառավարման և պետական ֆինանսների կառավարման գնահատումը և ամրապնդումը, այդ թվում` պետական գնումների և մասնավոր հատվածի.

ե) իրավախախտումներից ստացված եկամուտների փոխանցումների կանխարգելումը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, ինչպես նաև այդպիսի եկամուտների առգրավումը.

զ) իրավախախտումներից ստացված եկամուտների փոխանցման գծով գործառնությունների բացահայտումը և սառեցումը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

է) իրավախախտումներից ստացված եկամուտների տեղափոխումներին և այդպիսի եկամուտների փոխանցման, թաքցնելու կամ քողարկման համար օգտագործվող մեթոդներին հետամուտ լինելը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

ը) պատշաճ և գործուն իրավական ու վարչական մեխանիզմները և մեթոդները, որոնք նպաստում են հանցագործություններից ստացված եկամուտների առգրավմանը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

թ) դատական մարմինների հետ համագործակցող տուժողների և վկաների պաշտպանության համար օգտագործվող մեթոդները, և

ժ) ազգային և միջազգային կանոններին վերաբերող հարցերով աշխատակիցների նախապատրաստումը և լեզուների ուսուցումը։

2. Մասնակից պետությունները, հաշվի առնելով իրենց հնարավորությունները, պետք է քննարկեն միմյանց ամենալայն տեխնիկական օգնություն ցույց տալու մասին հարցը, հատկապես` հօգուտ զարգացող երկրների, կոռուպցիայի դեմ պայքարի գծով նրանց համապատասխան պլանների և ծրագրերի կապակցությամբ, ներառյալ նյութական օժանդակությունը և սույն հոդվածի 1-ին կետում նշված բնագավառներում կադրերի նախապատրաստումը, ինչպես նաև կադրերի նախապատրաստումը և օգնություն ցույց տալը և համապատասխան փորձի և հատուկ գիտելիքների փոխանակումը, որը նպաստելու է Մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը հանձնման և փոխադարձ իրավական օգնության հարցերով:

3. Մասնակից պետությունները անհրաժեշտ չափով պետք է ակտիվացնեն ջանքերը, որոնք ուղղված են միջազգային և տարածաշրջանային մակարդակներում և համապատասխան երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների շրջանակներում գործնական և ուսումնական միջոցառումների արդյունավետության առավելագույն բարձրացմանը։

4. Մասնակից պետությունները պետք է քննարկեն, խնդրանքի հիման վրա, միմյանց աջակցություն ցույց տալու հնարավորությունը` գնահատումներ, հետազոտություններ և մշակումներ կատարելու գործում, որոնք առնչվում են իրենց համապատասխան պետություններում կոռուպցիայի տեսակներին, պատճառներին, հետևանքներին և ծախսերին` իրավասու մարմինների և հասարակության մասնակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարում ռազմավարության և գործողությունների պլանների մշակման նպատակով։

5. Իրավախախտումներից ստացված եկամուտների վերադարձմանը նպաստելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, Մասնակից պետությունները միմյանց հետ կարող են համագործակցել մեկը մյուսին փորձագետների անունների փոխանակումով, ովքեր կարող են օգնություն ցույց տալ այդ նպատակին հասնելու գործում:

6. Մասնակից պետությունները պետք է քննարկեն ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային խորհրդաժողովների և սեմինարների օգտագործման հնարավորությունը՝ համագործակցությանը և տեխնիկական օգնությանը օժանդակելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկումը խթանելու համար, այդ թվում՝ զարգացող երկրների և անցումային տնտեսությամբ երկրների հատուկ խնդիրները և պահանջմունքները:

7. Մասնակից պետությունները պետք է քննարկեն սույն Կոնվենցիայի կիրառման գործում զարգացող երկրների և անցումային տնտեսությամբ երկրների ջանքերին ֆինանսական օժանդակություն ցույց տալու նպատակով կամավոր մեխանիզմներ ստեղծելու հնարավորությունը` տեխնիկական օգնության բնագավառում ծրագրեր և նախագծեր իրականացնելու միջոցով:

8. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի Միավորված ազգերի կազմակերպության` թմրանյութերի և հանցավորության վարչության կարիքների համար կամավոր մուծումներ կատարելու հնարավորությունը՝ սույն Կոնվենցիայի իրականացման համար զարգացող երկրներում ծրագրերի և նախագծերի իրականացմանը վարչության միջոցով օժանդակելու նպատակով։

 

Հոդված 61. Կոռուպցիայի մասին տեղեկատվության հավաքումը, փոխանակումը և վերլուծությունը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, փորձագետների հետ խորհրդակցելով, պետք է քննարկի իր տարածքում կոռուպցիայի բնագավառում միտումների, ինչպես նաև այն պայմանների վերլուծություն կատարելու հնարավորությունը, որոնցում կատարվում են կոռուպցիոն իրավախախտումներ:

2. Մասնակից պետությունները, որքանով դա հնարավոր է, ընդհանուր սահմանումներ, ստանդարտներ և մեթոդաբանություններ մշակելու նպատակով պետք է քննարկեն կոռուպցիային և տեղեկատվությանը վերաբերող վիճակագրական տվյալների, վերլուծական գիտելիքների ընդլայնման հնարավորությունը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում պրակտիկայի ամենանպաստավոր տեսակների և միմյանց միջև ու միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով դրանց փոխանակման մասին հարցը:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի կոռուպցիայի դեմ պայքարում իր քաղաքականության և գործնական միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև դրանց արդյունավետության և ներգործության գնահատում անցկացնելու հնարավորությունը։

 

Հոդված 62. Այլ միջոցներ. սույն Կոնվենցիայի իրականացումը տնտեսական զարգացման և տեխնիկական օգնության միջոցով

 

1. Մասնակից պետությունները պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որոնք կնպաստեն սույն Կոնվենցիայի ամենանպաստավոր իրականացմանը, որքանով դա հնարավոր է, միջազգային համագործակցության միջոցով` հաշվի առնելով կոռուպցիայի բացասական հետևանքներն ամբողջությամբ վերցրած հասարակության համար, այդ թվում՝ կայուն զարգացման համար:

2. Մասնակից պետությունները, որքանով դա հնարավոր է, միմյանց հետ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգված ձևով, պետք է որոշակի ջանքեր գործադրեն հետևյալի համար.

ա) տարբեր մակարդակներում զարգացող երկրների հետ իրենց համագործակցության ակտիվացման համար` կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում վերջիններիս հնարավորություններն ամրապնդելու նպատակներով.

բ) ֆինանսական և նյութական օգնության ընդլայնման` կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետության գործում զարգացող երկրների ջանքերը պաշտպանելու և սույն Կոնվենցիայի հաջող իրականացման համար նրանց օգնություն ցույց տալու նպատակներով.

գ) զարգացող երկրներին և անցումային տնտեսություն ունեցող երկրներին տեխնիկական աջակցություն ցույց տալու` սույն Կոնվենցիայի իրականացման կապակցությամբ նրանց պահանջմունքների բավարարմանն օժանդակելու նպատակներով:

Այդ նպատակով Մասնակից պետությունները պետք է ձգտեն համարժեք և կանոնավոր կերպով կամավոր վճարումներ կատարել Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսավորման մեխանիզմում այդ նպատակի համար նախատեսված հաշվին: Մասնակից պետությունները, իրենց ներքին օրենսդրությանը և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են նաև հատուկ քննարկել վերոհիշյալ հաշվին սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան բռնագրավված` հանցագործություններից ստացված դրամական միջոցների կամ եկամուտների կամ գույքի համապատասխան արժեքի որոշակի տոկոսը փոխանցելու հնարավորությունը.

դ) համապատասխան դեպքերում այլ պետություններին և ֆինանսական հիմնարկներին խրախուսելու և համոզելու` միանալ սույն հոդվածին համապատասխան ձեռնարկվող իրենց ջանքերին, այդ թվում՝ զարգացող երկրների համար կադրերի նախապատրաստման և ժամանակակից սարքավորումների մեծ ծավալ ապահովելու միջոցով, որպեսզի նրանց աջակցություն ցուցաբերվի սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու գործում:

3. Որքանով հնարավոր է, այդ միջոցները չպետք է վնաս պատճառեն օտարերկրյա օգնության առնչությամբ գոյություն ունեցող պարտավորություններին կամ երկկողմ, տարածաշրջանային կամ միջազգային մակարդակով ֆինանսական համագործակցության վերաբերյալ այլ պայմանավորվածություններին:

4. Մասնակից պետությունները կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ նյութատեխնիկական օգնության մասին` նկատի ունենալով ֆինանսական պայմանավորվածությունները, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով նախատեսված միջազգային համագործակցության արդյունավետության ապահովման համար, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ու բացահայտման և դրա դեմ պայքարի համար:

 

Գ լ ու խ  VII

 

Իրականացման մեխանիզմները

 

Հոդված 63. Կոնվենցիայի Մասնակից պետությունների Խորհրդաժողովը

 

1. Սույնով հիմնվում է Կոնվենցիայի Մասնակից պետությունների Խորհրդաժողով՝ Մասնակից պետությունների հնարավորություններն ընդլայնելու և սույն Կոնվենցիայով սահմանված նպատակներին հասնելու, ինչպես նաև սույն Կոնվենցիայի իրականացմանն օժանդակելու և դրա իրականացման ընթացքի դիտարկում անցկացնելու նպատակներով։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է Մասնակից պետությունների Խորհրդաժողով հրավիրի ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Հետագայում, Մասնակից պետությունների Խորհրդաժողովի կողմից ընդունված ընթացակարգերի կանոնակարգերի համաձայն, անցկացվում են Խորհրդաժողովի հերթական խորհրդակցություններ։

3. Մասնակից պետությունների Խորհրդաժողովն ընդունում է ընթացակարգերի կանոններ և սույն հոդվածում նշված գործողությունների տեսակների իրականացումը կարգավորող կանոններ, այդ թվում՝ դիտորդներին թույլատրելու և մասնակցելու և գործունեության այդ տեսակներն իրականացնելիս կրած ծախսերի վճարմանը վերաբերող կանոններ։

4. Մասնակից պետությունների Խորհրդաժողովը պետք է համաձայնեցնի գործունեության տեսակները, ընթացակարգերը և աշխատանքի մեթոդները սույն հոդվածի 1-ին կետում շարադրված նպատակներին հասնելու համար. ներառյալ՝

ա) սույն Կոնվենցիայի 60-րդ և 62-րդ հոդվածների և II - V գլուխների համաձայն` Մասնակից պետությունների գործունեությանն օժանդակելը, այդ թվում՝ կամավոր վճարների հավաքման խրախուսման միջոցով.

բ) կոռուպցիայի ձևերի և այդ բնագավառում միտումների մասին, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ պայքարի և հանցագործություններից ստացված եկամուտների վերադարձման հաջողված մեթոդների մասին Մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակմանն օժանդակելը, inter alia, սույն հոդվածում նշված համապատասխան տեղեկատվության հրապարակման միջոցով.

գ) համագործակցությունը համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և մեխանիզմների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների հետ.

դ) աշխատանքի ավելորդ կրկնությունից խուսափելու համար` համապատասխան տեղեկատվության պատշաճ օգտագործումը, որը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի նպատակով պատրաստվել է այլ միջազգային և տարածաշրջանային մեխանիզմների կողմից.

ե) սույն Կոնվենցիայի իրականացման մասին հարցի պարբերական քննարկումը նրա Մասնակից պետությունների կողմից.

զ) սույն Կոնվենցիայի կատարելագործմանը և դրա իրականացմանը վերաբերող առաջարկների ներկայացումը.

է) սույն Կոնվենցիայի իրականացման հետ կապված տեխնիկական օգնության առումով Մասնակից պետությունների պահանջմունքները հաշվի առնելը և ցանկացած գործողության առնչությամբ խորհրդատվություններ ընդունելը, որոնք այդ կապակցությամբ նա կարող է անհրաժեշտ համարել:

5. Սույն հոդվածի 4-րդ կետի նպատակի համար Մասնակից պետությունների Խորհրդաժողովը պետք է անհրաժեշտ տվյալներ ստանա սույն Կոնվենցիայի իրականացման ընթացքում Մասնակից պետությունների ձեռնարկած միջոցների և այն դժվարությունների մասին, որոնց հետ նրանք, ըստ այդմ, բախվել են` իրենց կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա և դիտարկում անցկացնելու այնպիսի լրացուցիչ մեխանիզմների միջոցով, ինչպիսիք կարող են ստեղծվել Մասնակից պետությունների Խորհրդաժողովի կողմից:

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն Մասնակից պետությունների Խորհրդաժողովին պետք է տեղեկատվություն ներկայացնի իր ծրագրերի, պլանների և պրակտիկայի մասին, ինչպես նաև օրենսդրական և վարչական միջոցների մասին, որոնք ուղղված են սույն Կոնվենցիայի իրականացմանը, ինչպես դա պահանջվում է Մասնակից պետությունների Խորհրդաժողովի կողմից: Մասնակից պետությունների Խորհրդաժողովը պետք է ուսումնասիրի այդպիսի տեղեկատվություն ստանալու և դրա հիման վրա համապատասխան որոշումներ ընդունելու առավել արդյունավետ ուղիների մասին հարցը, ներառյալ, inter alia, Մասնակից պետություններից և իրավասու միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը։ Կարող են քննարկվել նաև համապատասխան ոչ կառավարական այն կազմակերպություններից ստացված նյութերը, որոնք պատշաճ կերպով հավատարմագրված են այն ընթացակարգերին համապատասխան, որոնք սահմանվելու են Մասնակից պետությունների Խորհրդաժողովի որոշմամբ:

7. Սույն հոդվածի 4-6-րդ կետերի համաձայն` Մասնակից պետությունների Խորհրդաժողովը, եթե անհրաժեշտ համարի, պետք է ստեղծի ցանկացած համապատասխան մեխանիզմ կամ մարմին` Կոնվենցիայի արդյունավետ իրականացմանն օժանդակելու համար։

 

Հոդված 64. Քարտուղարությունը

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կոնվենցիայի Մասնակից պետությունների Խորհրդաժողովին ապահովում է քարտուղարական անհրաժեշտ ծառայություններով:

2. Քարտուղարությունը պետք է.

ա) աջակցի Մասնակից պետությունների Խորհրդաժողովին այն գործունեության իրականացման մեջ, որի մասին խոսվում է սույն Կոնվենցիայի 63-րդ հոդվածում, և կազմակերպի Մասնակից պետությունների Խորհրդաժողովի նստաշրջանները և դրանք ապահովի անհրաժեշտ ծառայություններով.

բ) ըստ խնդրանքի` աջակցի Մասնակից պետություններին Մասնակից պետությունների Խորհրդաժողովին տեղեկատվություն տրամադրելու գործում, ինչպես նախատեսված է սույն Կոնվենցիայի 63-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով, և

գ) ապահովի անհրաժեշտ համակարգում քարտուղարության և համապատասխան այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

 

Գ լ ու խ  VIII

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 65. Կոնվենցիայի իրականացումը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, ներառյալ օրենսդրական և վարչական միջոցները, սույն Կոնվենցիայի համաձայն` իրենց պարտավորությունների իրականացումն ապահովելու համար։

2. Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ձեռնարկել առավել կտրուկ կամ խիստ միջոցներ, քան նրանք են, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով:

 

Հոդված 66. Վեճերի կարգավորումը

 

1. Մասնակից պետությունները պետք է ձգտեն սույն Կոնվենցիայի մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով։

2. Երկու կամ ավելի Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ցանկացած վեճ, որը խելամիտ ժամկետի ընթացքում չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, այդ Մասնակից պետություններից որևէ մեկի խնդրանքով` փոխանցվում է արբիտրաժային քննության: Եթե արբիտրաժի վերաբերյալ դիմելու օրվանից հաշված` վեց ամսվա ընթացքում այդ Մասնակից պետությունները չկարողանան պայմանավորվել դրա կազմավորման շուրջ, ապա այդ Մասնակից պետություններից որևէ մեկը կարող է վեճը փոխանցել Միջազգային դատարան` դատարանի կանոնադրության համապատասխան դիմում ներկայացնելով:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս կամ հաստատելիս կամ դրան միանալիս կարող է հայտարարել այն մասին, որ ինքը իրեն կապված չի համարում սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով։ Մյուս Մասնակից պետությունները սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով կապված չեն լինի այն Մասնակից պետության նկատմամբ, որն այդպիսի վերապահում է կատարել:

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը վերապահում է արել սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ վերապահումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցագիր ուղարկելու միջոցով։

 

Հոդված 67. Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը և միանալը

 

1. Սույն Կոնվենցիան պետք է բաց լինի բոլոր Պետությունների ստորագրման համար 2003 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 11-ը` Մերիդում, Մեքսիկա, իսկ հետագայում` Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, մինչև 2005 թ. դեկտեմբերի 9-ը:

2. Սույն Կոնվենցիան պետք է ստորագրման համար բաց լինի նաև տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների համար` պայմանով, որ այդպիսի կազմակերպության անդամ առնվազն մեկ պետություն ստորագրել է սույն Կոնվենցիան` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան:

3. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերագրերը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող է ի պահ հանձնել իր վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը, եթե նրա անդամ պետություններից առնվազն մեկը վարվել է այդպես: Այդ վավերագրում կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթում այդպիսի կազմակերպությունը պետք է հայտարարի սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ իր իրավասության ոլորտի մասին: Այդպիսի կազմակերպությունը ավանդապահին պետք է տեղեկացնի նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին:

4. Սույն Կոնվենցիան բաց է ցանկացած պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության միանալու համար, որի անդամ պետություններից առնվազն մեկը սույն Կոնվենցիայի մասնակից է համարվում։ Միանալու մասին փաստաթղթեր պետք է ի պահ հանձնվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Միանալիս տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը պետք է հայտարարի սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ իր իրավասության ոլորտի մասին։ Այդպիսի կազմակերպությունը ավանդապահին պետք է տեղեկացնի նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին։

 

Հոդված 68. Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի երեսուներորդ վավերագիրը կամ ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու օրվանից հետո` իննսուներորդ օրը։ Սույն կետի նպատակի համար ցանկացած այդպիսի վավերագիր կամ փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից, չի դիտվում իբրև լրացնող այդպիսի կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ տրված վավերագրերին կամ փաստաթղթերին:

2. Յուրաքանչյուր Պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում դրան երեսուներորդ վավերագիրը կամ այդպիսի գործողության մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի այդպիսի Պետության կամ կազմակերպության կողմից համապատասխան վավերագիրը կամ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեսուներորդ օրը կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի ուշ:

 

Հոդված 69. Փոփոխություններ

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարի անց Մասնակից պետությունը կարող է փոփոխություն առաջարկել և այն ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետև առաջարկվող փոփոխությունը վերահասցեագրում է Մասնակից պետություններին և Մասնակից պետությունների Խորհրդաժողովին` այդ առաջարկությունը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու նպատակներով: Մասնակից պետությունների Խորհրդաժողովը պետք է գործադրի բոլոր ջանքերը յուրաքանչյուր ուղղման վերաբերյալ փոխհամաձայնության հասնելու համար։ Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր ջանքերը սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես ծայրահեղ միջոց, ուղղման ընդունման համար պահանջվում է Մասնակից պետությունների երկու երրորդի մեծամասնությունը, որոնք Մասնակից պետությունների Խորհրդաժողովի նստաշրջանին ներկա են և մասնակցում են քվեարկությանը:

2. Իրենց իրավասության ոլորտի մեջ մտնող հարցերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները պետք է իրենց ձայնի իրավունքն իրականացնեն սույն հոդվածի համաձայն՝ օժտվելով այնքան թվով ձայներով, որը հավասար է սույն Կոնվենցիայի Մասնակից հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին: Այդպիսի կազմակերպությունները չպետք է իրականացնեն ձայնի իրենց իրավունքը, եթե նրանց անդամ պետություններն իրականցնում են ձայնի իրենց իրավունքը և՝ հակառակը։

3. Սույն հոդվածին համապատասխան ընդունված փոփոխությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման Մասնակից պետությունների կողմից։

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված փոփոխությունը Մասնակից պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում նրա կողմից այդպիսի փոփոխության վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվելու օրից իննսուն օր անց։

5. Երբ փոփոխությունն ուժի մեջ է մտնում, այն պետք է պարտադիր դառնա այն Մասնակից պետությունների համար, որոնք համաձայնություն են հայտնել կապված լինել դրանով: Մասնակից մյուս Պետությունները պետք է շարունակեն կապված լինել սույն Կոնվենցիայի դրույթներով և նրանց կողմից ավելի վաղ վավերացված, ընդունված կամ հաստատված ցանկացած փոփոխությամբ:

 

Հոդված 70. Չեղյալ հայտարարելը

 

1. Մասնակից պետությունը կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցագիր ուղարկելու միջոցով։ Այդպիսի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի անց:

2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը պետք է դադարի սույն Կոնվենցիայի Կողմ լինելուց, եթե նրա բոլոր անդամ Պետությունները չեղյալ հայտարարեն սույն Կոնվենցիան։

 

Հոդված 71. Ավանդապահը և լեզուները

 

1. Սույն Կոնվենցիայի ավանդապահ է նշանակվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը։

2. Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան։

 

Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 7-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան