«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1783-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման նպատակով և ի կատարումն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 4, 7, 8, 9, 10 և 17-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) սոցիալական ապահովության քարտ հատկացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է.
բ) սոցիալական ապահովության քարտերի հատկացումն ապահովող տեղեկատվական բազան ձևավորում և վարում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` իր ենթակայությամբ գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով:
2. Հաստատել`
ա) սոցիալական ապահովության քարտի համարի ձևավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) քաղաքացիների կողմից տվյալների ներկայացման, իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն փոխանցման և սոցիալական ապահովության քարտի հատկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) պետական կառավարման մարմինների կողմից սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի ձևավորման համար անհրաժեշտ տվյալների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրման և տեղեկատվական բազայի վարման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
դ) սոցիալական ապահովության քարտի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
ե) սոցիալական ապահովության քարտի հատկացմանը վերաբերող փաստաթղթերի պահպանման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
զ) իրավասու մարմինների ցանկը` համաձայն N 6 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին`
ա) ապահովել սույն որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.
բ) 2004 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակում և հուլիսի 2-րդ տասնօրյակում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ընթացքի ու արդյունքների մասին հաշվետվություն և առաջարկություններ:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սոցիալական ապահովության քարտերի հատկացման համար անհրաժեշտ տվյալների տրամադրումը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
5. Իրավասու մարմինների ղեկավարներին` իրենց լիազորությունների սահմաններում ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել մարզերի ու Երևան քաղաքի տարածքում սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման աշխատանքների բնականոն ընթացքը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների հետ:
7. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ` իրենց լիազորությունների սահմաններում` կառավարման համապատասխան բնագավառներում նպաստել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրմանն ու բնականոն գործունեությանը:
8. Ընդունել ի գիտություն, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քաղաքացիների ներկայացրած հայտերը հիմք են հանդիսանում այդ անձանց անհատական տվյալները սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայում ներառելու և նրանց սոցիալական ապահովության քարտեր հատկացնելու համար:
9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` «Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման, տեղեկատվական բազայի վարման և շահագործման գծով «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների 5 տոկոսն ուղղել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ժամանակ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից իրականացվող ուղեկցման ծախսերի (մեթոդական ցուցումների տպագրության, գործուղման, տրանսպորտի, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր) ֆինանսավորմանը:
10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգ ներդնելու մասին» N 190-Ն որոշումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Սոցիալական ապահովության քարտի (այսուհետ` սոցիալական քարտ) համարը թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է սոցիալական քարտ ստանալու հայտի հիման վրա ներկայացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սոցիալական քարտերի տեղեկատվական բազա մուտքագրված անհատական տվյալների` քաղաքացու սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև պարունակում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:
2. Սոցիալական քարտի համարը ձևավորվում է հետևյալ կերպ`
ա) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է քաղաքացու ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`
11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` տղամարդկանց համար.
51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` կանանց համար.
բ) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել`
01-12 (01` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում` 14).
21-32 (21` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում` 34).
41-52 (41` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 52` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 22-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում` 54).
61-72 (61` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 72` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 23-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում` 74).
81-92 (81` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 92` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 19-րդ դարի համար (հունիս ամսին ծնված լինելու դեպքում` 94).
գ) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.
դ) թվային նիշերի 3 զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների` սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999.
ե) վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
Սոցիալական քարտի համարը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
I. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
1. Սոցիալական ապահովության քարտերի (այսուհետ` սոցիալական քարտ) տրամադրումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ` լիազորված մարմին), լիազորված մարմնի ենթակայությամբ գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` կազմակերպություն) և իրավասու մարմինների միջոցով:
2. Քաղաքացիները սոցիալական քարտ ստանալու համար իրավասու մարմիններ են ներկայացնում «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետևյալ տվյալները`
ա) անունը, ազգանունը և հայրանունը,
բ) ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը,
գ) սեռը,
դ) Հայաստանի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիների համար` ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար` անձնագրի սերիան և համարը,
ե) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի սերիան և համարը,
զ) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար` անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան և համարը,
է) փախստականի կարգավիճակ ունեցողների համար` փախստականի վկայականի սերիան և համարը:
3. Անհատական տվյալները ներկայացվում են սոցիալական քարտ ստանալու մասին հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա:
4. Հայտի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
5. Հայտում տվյալները լրացվում են սույն կարգի 2-րդ կետի «դ»-«է» ենթակետերում նշված փաստաթղթերի հիման վրա:
Օտարերկրյա պետության համապատասխան մարմնի կողմից օտարերկրյա քաղաքացուն տրված` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա սոցիալական քարտ ստանալու համար հայտ ներկայացնելու դեպքում հայտատուի ազգանունը, անունը և հայրանունը լրացվում են անձը հաստատող փաստաթղթի` նոտարական կարգով վավերացված թարգմանության կամ հյուպատոսական ծառայության կողմից վավերացված փաստաթղթի, կամ համապատասխան մարմինների կողմից տրված ապոստիլի հիման վրա:
Օտար լեզվով ձևակերպված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ փախստականների անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա սոցիալական քարտ ստանալու համար հայտ կարող է ներկայացվել նաև իրավասու մարմնի կողմից կատարված հայերեն թարգմանությամբ:
6. Հայտն ստորագրում է տվյալ քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը:
7. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար լրացված հայտն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն): Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու հայտն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:
8. Լրացված հայտը ներկայացվում է իրավասու մարմին:
9. Իրավասու մարմնի աշխատողն ստուգում է ներկայացված հայտի բոլոր դաշտերի` հայտի լրացման կարգի համաձայն լրացված լինելը, լրացնում է հայտի և ստացականի համապատասխան դաշտերը և քաղաքացուն է տալիս ստացականը:
Սույն կարգի 5-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված դեպքերում իրավասու մարմնի աշխատողն ստուգում է նաև հայտում լրացված տվյալների և հայտը լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթում առկա տվյալների համապատասխանությունը: Փաստաթղթերի պատճենները պահվում են իրավասու մարմնում, իսկ մեկ օրինակն ուղարկվում է կազմակերպություն` կցելով հայտին:
10. Քաղաքացու ներկայացրած հայտի ընդունման վերաբերյալ գրառում է կատարվում հայտերի հաշվառման մատյանում, որի համապատասխան դաշտում ստորագրում է հայտ ներկայացնող անձը:
Հայտերի հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
11. Լրացված հայտն իրավասու մարմին կարող է ներկայացնել սոցիալական քարտ ստանալու համար դիմող քաղաքացին կամ այլ անձ: Այլ անձի կողմից ներկայացված հայտերն ստանալով` իրավասու մարմնի աշխատողը հայտերի հաշվառման մատյանում լրացնում է հայտը ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:
II. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
12. Իրավասու մարմինն ընդունված հայտերից կազմում է կապոցներ և 10-օրյա պարբերականությամբ կազմակերպություն է ուղարկում ընդունված հայտերի խմբաքանակը:
13. Իրավասու մարմնի կողմից ընդունված, սակայն սահմանված ժամկետում որևէ պատճառով կազմակերպություն չուղարկված հայտերն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո ուղարկվում են կազմակերպություն:
14. Ընդունված հայտերից կապոց կազմելու, փաթեթավորելու և դրանք կազմակերպություն ուղարկելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ
15. Կազմակերպությունն ստանում է հայտերի կապոցների խմբաքանակը և հայտերում ներառված տվյալները մուտքագրում համակարգիչ:
16. Հայտերի կապոցներն ստանալու և տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
17. Համակարգիչ մուտքագրված տվյալները կազմակերպությունում համադրվում են պետական կառավարման մարմիններից ստացված` անձնագրերի և ծննդյան վկայականների տվյալների հիման վրա ձևավորված` տեղեկատվական բազայի ու սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված տվյալների հետ, որի արդյունքում քաղաքացուն հատկացվում է սոցիալական քարտ կամ մերժվում է քաղաքացուն սոցիալական քարտ հատկացնելը:
18. Քաղաքացուն սոցիալական քարտ հատկացնելու դեպքում կազմակերպությունը, սոցիալական քարտի համարի ձևավորման կարգի համաձայն, համակարգչային ծրագրի միջոցով ձևավորում (գեներացնում) է տվյալ անձի սոցիալական քարտի համարը:
19. Քաղաքացու սոցիալական քարտի համարը և օրենքով սահմանված մյուս անհատական տվյալները ներառվում են սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում, և տպագրվում է քաղաքացու սոցիալական քարտը:
20. Կազմակերպությունը հայտերն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում` լիազորված մարմնի սահմանած կարգով իրավասու մարմին է առաքում հայտերի մշակման արդյունքները, քաղաքացիներին հատկացված սոցիալական քարտերը, մերժված հայտերի ցուցակները, ինչպես նաև հայտերի մշակման արդյունքների էլեկտրոնային բազան` մագնիսական կրիչով:
21. Սոցիալական քարտ ստանալու` օրենքով սահմանված 30-օրյա ժամկետից հետո ներկայացված ստացականի և (կամ) հայտատուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա քաղաքացուն է տրամադրվում նրա սոցիալական քարտը:
22. Եթե անձին սոցիալական քարտի հատկացումը մերժվել է, ապա քաղաքացուն տրամադրվում է հայտը մերժելու պատճառի և կրկին դիմելու ընթացակարգի մասին պատասխանը (տեղեկանքը):
IV. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
23. Քաղաքացին դիմում է տեղեկատվական բազայում կուտակված իր անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու համար, եթե`
ա) տեղեկատվական բազայում կուտակված` իր անհատական տվյալներում առկա են անճշտություններ.
բ) փոխվել է քաղաքացուն վերաբերող` տեղեկատվական բազայում կուտակված որևէ անհատական տվյալ:
24. Սույն կարգի 23-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում քաղաքացուն հատկացվում է նոր սոցիալական քարտ:
25. Քաղաքացուն սոցիալական քարտի կրկնօրինակ տրվում է`
ա) սոցիալական քարտը կորցնելու դեպքում,
բ) սոցիալական քարտի` կիրառման համար ոչ պիտանի լինելու դեպքում:
26. Իր` տեղեկատվական բազայում կուտակված անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու (նոր սոցիալական քարտ ստանալու) կամ սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու նպատակով քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հիման վրա լրացնում է հայտ` նոր սոցիալական քարտ ստանալու համար:
27. Նոր սոցիալական քարտ ստանալու մասին հայտի ձևը և լրացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
28. Լրացված հայտն ստանալով` իրավասու մարմնի աշխատողը քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալների հետ համապատասխանությունն ստուգելուց հետո հայտն ընդունելու մասին գրառում է կատարում հայտերի հաշվառման մատյանում, որի համապատասխան դաշտում ստորագրում է հայտ ներկայացնող անձը:
29. Իրավասու մարմնի աշխատողը լրացնում է հայտի և ստացականի համապատասխան դաշտերը, առանձնացնում ու քաղաքացուն է տալիս լրացված հայտի ստացականը, ինչպես նաև վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:
30. Նոր սոցիալական քարտ ստանալու մասին հայտերը լիազորված մարմին են ուղարկվում սոցիալական քարտ ստանալու մասին հայտերի հետ միասին` դրանց համար նախատեսված ընթացակարգով:
31. Նոր սոցիալական քարտ ստանալու մասին հայտի ստացականում նշված ժամկետից հետո իրավասու մարմին ներկայացած քաղաքացիներին տրամադրվում են իրենց սոցիալական քարտերը կամ հայտը մերժելու մասին պատասխանը (տեղեկանքը):
V. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
32. Քաղաքացին անհատական քարտը սոցիալական քարտով փոխարինելու համար դիմում է իրավասու մարմին` լրացնելով նոր սոցիալական քարտ ստանալու մասին հայտ:
33. Անհատական քարտերը սոցիալական քարտերով փոխարինելու համար նոր սոցիալական քարտ ստանալու մասին հայտը լրացնելու կանոնները սահմանում է լիազորված մարմինը:
34. Քաղաքացու ներկայացրած` նոր սոցիալական քարտ ստանալու մասին հայտն ընդունվում, այն կազմակերպություն է փոխանցվում, հայտի պատասխանն ստացվում և այն քաղաքացուն է տրամադրվում սույն կարգի 26-31-րդ կետերով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին) սոցիալական ապահովության քարտերի (այսուհետ` սոցիալական քարտ) տեղեկատվական բազան վարելու և դրանց հատկացման գործընթացն իրականացնելու համար պետական կառավարման համապատասխան մարմիններից ստանում է հետևյալ տեղեկությունները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից`
2003 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին տրված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, փախստականի վկայականի, կացության հատուկ կարգավիճակի անձնագրի սերիաներն ու համարները, դրանցում նշված` քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար հիմք հանդիսացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի սերիան և համարը` 15-օրյա պարբերականությամբ,
2003 թվականի հունվարի 1-ից հետո անվավեր համարված` անձը հաստատող փաստաթղթերի սերիաներն ու համարները` 15-օրյա պարբերականությամբ:
Տվյալները տրամադրվում են մագնիսական կրիչով.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից`
2003 թվականի հունվարի 1-ից հետո` յուրաքանչյուր ամիս` տրամադրված մահվան ակտերի երկրորդ օրինակները` երկամսյա պարբերականությամբ,
2003 թվականի հունվարի 1-ից հետո` յուրաքանչյուր ամիս` տրամադրված ծննդյան ակտերի երկրորդ օրինակները` երկամսյա պարբերականությամբ,
2003 թվականի հունվարի 1-ից հետո` մինչև 18 տարեկան անձանց տրված ծննդյան վկայականների կրկնօրինակների և դրանց նախորդած ծննդյան վկայականների սերիաներն ու համարները` մեկամսյա պարբերականությամբ:
Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված փաստաթղթերի երկրորդ օրինակները լիազորված մարմնին են տրամադրվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջոցով` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն վերադարձնելու պայմանով:
2. Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված տվյալների տրամադրման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրվում է տրամադրողի և ստացողի կողմից:
Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությունում նշված տվյալները տրամադրվում են փոստային ծառայության միջոցով կամ այլ պատշաճ կարգով:
3. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազայի վարումը ներառում է`
ա) պետական կառավարման համապատասխան մարմիններից սույն կարգի 1-ին կետով սահմանված տեղեկատվության ստացումն ու դրա օգտագործումը,
բ) սոցիալական քարտ ստացած քաղաքացիների մասին անհատական տվյալների մուտքագրումը սոցիալական քարտերի տեղեկատվական բազա,
գ) սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների` քաղաքացու ներկայացրած հայտի հիման վրա փոփոխումը,
դ) պետական կառավարման համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում փոփոխությունների կատարումը,
ե) քաղաքացիների դիմելու դեպքում սոցիալական քարտերի տեղեկատվական բազայից իրենց վերաբերող տվյալների տրամադրումը,
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այլ մարմինների` սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների տրամադրումը:
4. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված և հետագայում փոփոխություն կրած տվյալները պետք է սկզբնական (նախնական) տեսքով պահպանվեն սոցիալական քարտերի տեղեկատվական բազայի արխիվում:
5. Մահացած անձանց մասին ստացված տվյալների և սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրմամբ սոցիալական քարտերի տեղեկատվական բազա է ներմուծվում սոցիալական քարտ ստացած քաղաքացիների մահվան օրը, ամիսը և տարեթիվը:
6. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազայի վարման տեխնիկական ապահովումն իրականացվում է լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ
Սոցիալական ապահովության քարտը (այսուհետ` սոցիալական քարտ) բաղկացած է մեկ թերթից, չափսը` 55 x 80 միլիմետր:
Սոցիալական քարտի վերևի ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից աջ` գլխատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», դրանից ներքև` «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ» բառերը:
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ» բառերից ներքև սոցիալական քարտի երկայնքով տեղ է հատկացված կենտրոնում` քաղաքացու սոցիալական քարտի համարը տպագրելու, իսկ դրանից ներքև` այդ համարն արտահայտող գծիկավոր պայմանանշանը տպագրելու համար: Դրանից ներքև, սոցիալական քարտի ձախ մասում վերևից ներքև հաջորդականությամբ տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ՀԱՅՐԱՆՈՒՆԸ» բառերը, որոնց դիմաց տեղ է հատկացված համապատասխան տվյալները տպագրելու համար: Սոցիալական քարտի աջ մասում տպագրվում են «ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է» բառերը, որոնց տակ տեղ է հատկացված սոցիալական քարտը տրամադրելու օրը, ամիսը և տարեթիվը տպագրելու համար:
Սոցիալական քարտի ներքևի մասում տպագրվում է «ՀԻՄՔԸ» բառը, որի դիմաց տեղ է հատկացված սոցիալական քարտը տրամադրելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը տպագրելու համար:
Սոցիալական քարտի հակառակ երեսին տպագրվում է հետևյալ տեքստը`
«Սոցիալական ապահովության քարտը պաշտոնական փաստաթուղթ է:
Սոցիալական ապահովության քարտը պահեք խնամքով:
Սոցիալական ապահովության քարտը կորցնելու կամ գործածության համար ոչ պիտանի դառնալու դեպքում կարող եք դիմել և ստանալ կրկնօրինակը:
Սոցիալական ապահովության քարտի կամ դրա համարի ապօրինի կիրառումը պատասխանատվություն է առաջացնում` օրենքով սահմանված կարգով»:
Սոցիալական քարտի նույն երեսին, ներքևի ձախ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՏԿԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Սոցիալական ապահովության քարտ (այսուհետ` սոցիալական քարտ) ստանալու մասին հայտերի հաշվառման մատյանը կարվում է և կնքվում իրավասու մարմնի ու «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` կազմակերպություն) կնիքներով, իսկ էջերը համարակալվում են: Հայտերի հաշվառման մատյանի վարման համար պատասխանատու է իրավասու մարմնի` հայտերն ընդունող աշխատողը: Հայտերի հաշվառման մատյանի բոլոր էջերը լրացվելուց և մատյանում գրանցված հայտերի պատասխանները քաղաքացիներին տրամադրելուց հետո հայտերի հաշվառման մատյանի վրա նշվում է լրանալու ամսաթիվը, այն կնքվում է իրավասու մարմնի կնիքով ու պահվում իրավասու մարմնում` 3 տարի ժամկետով:
2. Քաղաքացիների ներկայացրած և կազմակերպություն ուղարկված սոցիալական քարտ ու նոր սոցիալական քարտ ստանալու մասին հայտերը մշակվելուց հետո փաթեթավորվում են այնպես, ինչպես ստացվել են իրավասու մարմնից և պահվում են կազմակերպությունում, այդ նպատակով հատկացված արխիվային սենյակում, ժամանակագրական կարգով` ըստ իրավասու մարմինների` 10 տարի ժամանակով:
3. Քաղաքացիների ներկայացրած հայտերը կազմակերպություն ուղարկելու, քաղաքացիներին սոցիալական քարտեր հատկացնելու և տրամադրելու, քաղաքացիների` սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու, հայտերի մշակման արդյունքներն իրավասու մարմիններին տրամադրելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության սահմանած փաստաթղթերը (դրանց կրկնօրինակները) պահպանվում են նրա սահմանած կարգով` 3 տարի ժամանակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
Ց Ա Ն Կ
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններ
Հայաստանի Հանրապետության մարզպետարանների սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ և Երևանի թաղային համայնքների սոցիալական ծառայությունների մարմիններ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային ստորաբաժանումներ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային մարմիններ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
* - Ծանոթություն - |
համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության թիվ 1 պաշտոնական տեղեկատվության սույն որոշումն ուժի մեջ է մտնում 05.02.2004 թ. |