Գլխավոր տեղեկություն
Номер
N 989-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2003-31.05.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.812
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Дата вступления в силу
13.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2012

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

31 հուլիսի 2003 թվականի N 989-Ն

 

ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել կոնցեսիոն պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 12
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 31-ի N 989-Ն որոշման

 

Կ Ո Ն Ց Ե Ս Ի Ո Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

(օրինակելի ձև)

 

քաղ. Երևան

____ _____________200  թ.

 

Հայաստանի Հանրապետության ______________________ նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին), ի դեմս նախարար ________________ -ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, մի կողմից, և ______________________ _______________________________________ ընկերությունը (այսուհետ՝ լիցենզառու), ի դեմս ____________________ -ի, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ կոնցեսիայի օրենք) 51-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 385-Ն որոշմամբ և հիմք ընդունելով հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու նպատակով լիցենզառուի 200  թ. ___________ _____ -ի գրավոր դիմումը, ինչպես նաև դրա վերաբերյալ ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի 200  թ.____________ ____ - ի N ______ դրական եզրակացությունը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրում օգտագործվող հասկացություններն են՝

լիազոր մարմին՝ կոնցեսիայի օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին.

լիցենզիա՝ կոնցեսիայի օրենքով սահմանված կարգով լիցենզառուին 200  թ. ______________ _____ - ին տրված N ____ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա.

երաշխավոր՝ կազմակերպություն կամ անձ, որը լիցենզառուի հետ կնքված երաշխավորության պայմանագրով կամ այլ եղանակով երաշխավորում է լիցենզառուի` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող ֆինանսական կարողությունը։ Երաշխավորության առկայության դեպքում երաշխավորությունը հավաստող փաստաթուղթը կցվում է պայմանագրին և դրա անբաժանելի մասն է.

պարտատեր՝ հանքարդյունահանման ծրագրի շրջանակներում լիցենզառուին ֆինանսավորում ապահովող բանկեր, վարկային և (կամ) այլ ֆինանսական կազմակերպություններ, այլ փոխատուներ, որոնք լիցենզառուի հայեցողությամբ ներկայացված և լիազոր մարմնի կողմից գրանցված են համապատասխան գրանցամատյանում.

վերահսկողության իրավունք՝ պարտատերերի և (կամ) երաշխավորի կողմից լիցենզիայի շրջանակներում լիցենզառուի գործունեության նկատմամբ կոնցեսիայի օրենքի 67-րդ հոդվածի համաձայն վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, որը ձեռք է բերվել լիցենզառուի հետ կնքված լիցենզիայի գրավի, այլ պայմանագրի կամ այլ համաձայնության ուժով:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

2. Լիցենզառուի և լիազոր մարմնի միջև 200  թ. _____________ ______-ին կնքված լիցենզային պայմանագիրը պայմանագրի մասն է: Պայմանագրի դրույթները մեկնաբանվում են լիցենզային պայմանագրով կողմերի իրավունքների և ստանձնած պարտավորությունների համադրմամբ:

3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում լիցենզիայի հետ միաժամանակ և գործում է լիցենզիայի գործողության ամբողջ ժամանակահատվածում։

4. Պայմանագիրը գործում է նաև լիցենզիայի ժամկետի կամ լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի հնարավոր փոփոխության դեպքում։

 

III. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Լիցենզառուն մինչև պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը կամ այդ օրը լիազոր մարմին է ներկայացնում մասնագիտական եզրակացություն, որը հավաստում է, որ լիցենզառուն՝

ա) վճարունակ է.

բ) ունի կամ կունենա լիցենզիայի շրջանակներում հանքարդյունահանման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ ներառյալ հիմնական և շրջանառու միջոցները։

6. Մասնագիտական եզրակացությունը կարող է վերաբերել՝

ա) լիցենզառուի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող անձանց կամ այլ ընկերությունների խմբի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությանը, որի դեպքում նշված անձինք ստանձնում են համապատասխան ֆինանսական պարտավորություն.

բ) ֆինանսավորմանը, որի աղբյուրը դեռևս ճշտված չէ, և պահանջվում է միջազգային հեղինակություն վայելող բանկի կողմից տրված հավաստագիր, որի համաձայն՝

լիցենզառուն և (կամ) լիցենզառուի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող անձը ֆինանսապես կայուն է,

լիցենզառուն ի վիճակի է ձեռք բերել ֆինանսական միջոցներ՝ նշված հավաստագրով նախատեսված ֆինանսավորման ժամանակացույցին համապատասխան։

7. Պայմանագրի 5-րդ կետում նշված մասնագիտական եզրակացությունը կարող է տրամադրվել լիազոր մարմնի առաջարկած ցանկում ընդգրկված ցանկացած անձի կողմից։

 

IV. ԲՈՆՈՒՍ

 

8. Կողմերը հաստատում են, որ՝

ա) լիցենզառուի լիցենզիան տրված է բոնուսի վճարման պայմանով՝ հաշվի առնելով, որ լիազոր մարմնի կողմից լիցենզառուին տրամադրվում է ____________________ __________ հանքավայրի մասին առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվություն.

բ) տրամադրվող տեղեկատվությունը և բոնուսի չափը որոշված են բոնուսի հավաստագրում, որը կցված է պայմանագրին և կազմում է դրա անբաժանելի մասը.

գ) բոնուսի գումարը լիցենզառուի կողմից պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ լիցենզային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետում և կարգով.

դ) սահմանված ժամկետում բոնուսը չվճարելը պայմանագրի լուծման և լիցենզիայի գործողության դադարեցման հիմք է։

 

V. ՀԱՐԿԵՐԸ, ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

9. Սույն օրինակելի պայմանագրի հիման վրա կնքվող կոնցեսիոն պայմանագրում կարող է կիրառվել սույն կետով սահմանված տարբերակներից միայն մեկը` լիցենզառուի ընտրությամբ, ընդ որում, տարբերակն ընտրվում է բացառապես կոնկրետ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին Հայաստանի Հանրապետության օրենքներով համապատասխան կարգավորում նախատեսված լինելու դեպքում:

 

Տարբերակ I.

 

ա) լիցենզառուի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությունները.

բ) լիազոր մարմինը հավաստում, իսկ լիցենզառուն ընդունում է, որ պայմանագրի ստորագրման պահին, համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, սահմանված են շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հետևյալ դրույքաչափերը՝

շահութահարկ՝ ____________ տոկոս,

ավելացված արժեքի հարկ՝ ___________ տոկոս։

Հարկվող շահույթի մեծության որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող թույլատրելի նվազեցումների գծով լիցենզառուի համար սահմանվում են՝

սեփական և ներգրավված միջոցների թույլատրելի հարաբերակցությունը՝ __________ տոկոս,

ֆինանսական միջոցների ներգրավման առավելագույն դրույքաչափը՝ ____ տոկոս.

գ) լիազոր մարմինը երաշխավորում է, որ եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող որևէ փոփոխության դեպքում շահութահարկի և (կամ) ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը գերազանցեն պայմանագրի 9-րդ կետի տարբերակի «բ» ենթակետում նշված չափը, որի հետևանքով լիցենզառուն կկրի հավելյալ ծախսեր, ապա այդ ծախսերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կփոխհատուցվեն:

Սույն ենթակետով սահմանված դրույթը կիրառվում է բացառապես լիցենզառուի գործունեության նկատմամբ։

Սույն ենթակետի իմաստով՝ «գործունեություն» հասկացությունը նշանակում է ընդերքի ուսումնասիրության կամ հանքարդյունահանման գործողություն, որն իրականացվում է լիցենզիայով լիցենզառուին տրամադրված ընդերքի տեղամասում` բացառապես լիցենզիայի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության հետևանքով սույն ենթակետով սահմանված հավելյալ ծախսերի փոխհատուցումները վճարվում են յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում.

դ) լիցենզառուն պարտավոր է վճարել՝

ռոյալթի (այդ թվում՝ լրացուցիչ ռոյալթի)՝ կոնցեսիայի օրենքով սահմանված չափով և կարգով,

կոնցեսիոն վճար՝ _______________ չափով.

շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող հատկացումները՝ ____________ չափով.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված և սույն ենթակետով չնախատեսված հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները լիցենզառուի կողմից ենթակա են վճարման՝ համապատասխան օրենքներով սահմանված ընդհանուր կարգով։

 

Տարբերակ II (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանվող հարկման այլընտրանքային մեխանիզմներ).

 

ա) եթե լիցենզառուն համաձայն է N _____ հավելվածով սահմանված վճարման պայմաններին, ապա լիցենզառուի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ վճարային պարտավորությունները սահմանափակվում են հետևյալ լրացուցիչ հարկերով ու տուրքերով՝

_____________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

(նշվում են հարկերի ու տուրքերի այն տեսակները, որոնք պայմանագրի հիման վրա կնքվող կոնկրետ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին սահմանված կլինեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ).

բ) կողմերն ընդունում են, որ, անկախ հարկման ընտրված եղանակից, պարտադիր վճարման ենթակա են՝

կոնցեսիայի օրենքով նախատեսված ռոյալթիները, այդ թվում՝ լրացուցիչ ռոյալթիները՝ կոնցեսիայի օրենքով սահմանված չափով և կարգով,

կոնցեսիոն վճարը՝ _______________ չափով,

շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող հատկացումները՝ ____________ չափով,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները։

 

VI. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Լիցենզառուն պարտավոր է լիազոր մարմնին տրամադրել հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու նպատակով առաջարկվող ծրագրերի մասին առկա համապատասխան տեղեկատվությունը, ինչպես նաև պահանջվող այլ նյութեր` լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում:

 

VII. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

11. Լիազոր մարմինը պարտավոր է գրանցել այն պարտատերերին, որոնց լիցենզառուն իր հայեցողությամբ ներկայացրել է գրանցման համար և գրանցման պահից 5 օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցել լիցենզառուին:

 

VIII. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Լիցենզառուն պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում, ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները գործունեության առավել վտանգավորության աղբյուր են, հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում պարտավոր է ապահովագրել հետևյալ ռիսկերը՝

ա) հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում կամ դրա հետևանքով երրորդ անձի գույքին հասցված վնաս,

բ) հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում կամ դրա հետևանքով քաղաքացիների, այդ թվում՝ նաև հանքարդյունահանման աշխատանքների հետ անմիջականորեն չկապված քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս,

գ) հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում կամ դրանց հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնաս,

դ) հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում կամ դրանց հետևանքով իր կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի արդյունքում երրորդ անձի գույքին, կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս:

13. Լիցենզառուն Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է բոլոր գործողություններից, պահանջներից, վնասներից, կորուստներից, ինչպես նաև սեփականության կորստին կամ վնասին, կամ անձանց վնաս պատճառելուն, կամ մահվանն առնչվող պահանջներից, որոնք առաջացել են լիցենզառուի կողմից կամ նրա անունից, կամ պայմանագրի, լիցենզիայի համաձայն իրականացված հանքարդյունահանման աշխատանքների կապակցությամբ որևէ գործողության կամ անգործության հետևանքով:

Սույն կետով սահմանված երաշխիքը չի կիրառվում, եթե այդ գործողությունը, պահանջը, կորուստը կամ վնասը Հայաստանի Հանրապետության կողմից տրված ցուցումների կամ նրա անունից տրված օրենքին հակասող ակտի հետևանք են։

 

IX. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Լիցենզառուն հանքարդյունահանման կամ ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել բնապահպանության ոլորտը կանոնակարգող օրենքներով և այլ իրավական ակտերով, սահմանված կարգով ու ժամկետներում իրականացնել հանքարդյունահանման կամ ուսումնասիրության նախագծերով հաստատված շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները, օգտագործել արդիական տեխնիկական սարքավորումներ և կիրառել մեթոդներ՝ նպատակաուղղված շրջակա միջավայրին վնաս պատճառելը կանխելուն, արտանետումների, արտահոսքերի և արտադրական թափոնների կրճատմանը, բնական ռեսուրսների չնախատեսված կորստից կամ վնասից խուսափելուն և բնապահպանական սահմանափակումների, նորմերի ու կանոնների պահպանության նկատմամբ հսկողության իրականացմանը:

15. Բացի լիցենզիայով և պայմանագրի 14-րդ կետով լիցենզառուի ստանձնած շրջակա միջավայրի պահպանության պարտավորություններից՝ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից 12 տարվա ընթացքում լիազոր մարմինը լիցենզառուին չի պարտավորեցնում ստանձնել շրջակա միջավայրին առնչվող լրացուցիչ պարտավորություններ, եթե՝

ա) գիտական նորույթը, որը բացահայտում է լիցենզիայով նախատեսված հանքարդյունահանման աշխատանքների իրականացման ընթացքում վտանգի առկայությունը կամ վնասակար հետևանքները, հայտնի է դարձել լիցենզիայի տրամադրումից հետո.

բ) հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում ընդունվել են շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող նոր օրենքներ, և տեղի է ունեցել անկանխատեսելի բնական աղետ, կամ բացահայտվել են լրացուցիչ բնապահպանական ռիսկեր, տեխնիկական նորույթ։

Անկախ պայմանագրի 15-րդ կետով նախատեսված պայմանից՝ լիցենզառուն երաշխավորում է, որ իր կողմից կձեռնարկվեն առավելագույն հնարավոր միջոցներ՝ հանքարդյունահանման կամ ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում ներդնելու համար լիցենզիայի տրամադրումից հետո բացահայտված շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազեցնող առաջադեմ տեխնոլոգիաներ։

16. Լիցենզառուի նկատմամբ կիրառվում են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հետևյալ սահմանափակումները՝

____________________________________________________

____________________________________________________

 

X. ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

17. Կոնցեսիայի օրենքի 31-րդ հոդվածի համաձայն լիցենզառուին գրավոր զգուշացում (այսուհետ` զգուշացում) ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա պատճենն ուղարկում է լիցենզառուի պարտատերերին, իսկ երաշխավորության առկայության դեպքում՝ նաև երաշխավորին՝ զգուշացման մեջ նշելով զգուշացման պատճառները վերացնելու ժամկետը:

18. Զգուշացումը ներկայացվելուց հետո 5 օրվա ընթացքում լիցենզառուն իրավունք ունի դիմելու ___________________ մասնագիտացված կազմակերպություն (այսուհետ՝ փորձագետ)՝ զգուշացման պատճառները վերացնելու ժամկետի մասին եզրակացություն ստանալու նպատակով՝ դրա մասին գրավոր ծանուցելով լիազոր մարմնին։

19. Եթե զգուշացումը ներկայացվելուց հետո 40 օրվա ընթացքում լիցենզառուն լիազոր մարմին է ներկայացնում փորձագետի եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է տվյալ խախտումը վերացնելու համար այլ ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը, քան սահմանված է լիազոր մարմնի կողմից, ապա լիազոր մարմինը 5 օրվա ընթացքում, փորձագետի եզրակացության հիման վրա, սահմանում է զգուշացման պատճառների վերացման նոր ժամկետ` դրա մասին գրավոր ծանուցելով լիցենզառուին։ Ընդ որում, զգուշացման պատճառների վերացման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել զգուշացման օրվանից 180 օրը:

20. Լիցենզառուի կողմից պայմանագրի 18-րդ կետով սահմանված ժամկետում փորձագետին դիմելու վերաբերյալ լիազոր մարմնին չծանուցելու դեպքում զգուշացման պատճառների վերացման համար լիազոր մարմնի սահմանած ժամկետը մնում է անփոփոխ։

21. Փորձագիտական եզրակացություն ստանալու հետ կապված բոլոր ծախսերը կրում է լիցենզառուն։

22. Եթե լիցենզառուն լիազոր մարմնի սահմանած ժամկետում չի վերացրել զգուշացման պատճառները, ապա լիազոր մարմինը դրա մասին ծանուցում է պարտատերերին:

23. Եթե պայմանագրի 22-րդ կետով նախատեսված ծանուցումից հետո 10 օրվա ընթացքում պարտատիրոջ (իսկ երաշխավորության առկայության դեպքում՝ նաև երաշխավորի) անունից գործելու համար նշանակված կառավարիչը կամ գործակալը (այսուհետ՝ կառավարիչ) և լիազոր մարմինը համաձայնագիր են կնքում կառավարչի կողմից զգուշացման պատճառները վերացնելու կամ, եթե զգուշացման պատճառները հնարավոր չէ վերացնել, դրա դիմաց համարժեք փոխհատուցում վճարելու մասին (այսուհետ` համաձայնագիր), ապա լիազոր մարմինը համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում չի դադարեցնում լիցենզիայի գործողությունը: Ընդ որում, համաձայնագրի ժամկետը սահմանվում է զգուշացման պատճառները վերացնելու համար սահմանված ժամկետի չափով:

24. Կառավարիչը համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում կարող է՝

ա) վերացնել զգուշացման պատճառները կամ վճարել դրա դիմաց առաջարկված փոխհատուցումը.

բ) վերահսկողության իրավունքը վաճառել կամ այլ կերպ օտարել երրորդ անձի, որը կպարտավորվի այդ ընթացքում վերացնել զգուշացման պատճառները կամ վճարել համապատասխան փոխհատուցում։

25. Համաձայնագիրը չկնքվելու կամ համաձայնագրով զգուշացման պատճառները վերացնելու համար սահմանված ժամկետում զգուշացման պատճառները կառավարչի կամ նրանից վերահսկողության իրավունքը ձեռք բերած անձի կողմից չվերացվելու կամ համարժեք փոխհատուցումը չվճարվելու դեպքերը կարող են հիմք հանդիսանալ լիազոր մարմնի որոշմամբ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար:

26. Զգուշացումից հետո նոր զգուշացման համար հիմք հանդիսացող որևէ գործողության կամ անգործության փաստի առկայության դեպքում պայմանագրի 23-րդ կետն ուժը կորցնում է:

27. Պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է լիցենզային պայմանագրի գործողության ժամկետի դադարեցմանը համապատասխան:

 

XI. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

28. Լիցենզառուն պայմանագիրը կարող է լուծել ցանկացած ժամանակ՝ դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով լիազոր մարմնին։

29. Լիազոր մարմնի կողմից լիցենզիայի գործողությունը կոնցեսիայի օրենքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված։

 

XII. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՓՈԽԱՆՑԵԼԸ

 

30. Լիցենզիան կոնցեսիայի օրենքով սահմանված կարգով այլ անձի փոխանցվելու դեպքում նրան են անցնում լիցենզառուի՝ պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները։

 

XIII. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

31. Պայմանագրի իմաստով՝ «վեճ» հասկացությունը նշանակում է ցանկացած անհամաձայնություն, որը կողմերի միջև առաջանում է պայմանագրի կամ լիցենզիայի շրջանակներում:

32. Պայմանագրով վեճերը ենթակա են լուծման հետևյալ ընթացակարգի համաձայն՝

ա) բանակցությունների միջոցով,

բ) անկախ փորձագետի (այսուհետ` փորձագետ) միջոցով, որը նշանակվում է կողմերի համաձայնությամբ,

գ) դատական կարգով`

կողմերի համաձայնության դեպքում վեճի լուծումը կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության դատարաններին: Այս դեպքում հայցվոր կողմը նախապես ծանուցում է պատասխանողին՝ վեճը Հայաստանի Հանրապետության դատարաններին հանձնելու մասին: Ծանուցման ստացման պահից 10-օրյա ժամկետում ծանուցմանը չառարկելու դեպքում ծանուցումը համարվում է ընդունված, համաձայնությունը` տրված.

այն դեպքում, երբ կողմերի միջև չկա վեճը Հայաստանի Հանրապետության դատարաններին հանձնելու համաձայնություն, վեճը ենթակա է լուծման Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի (այսուհետ` ՆՎԼՄԿ) կողմից:

33. Պայմանագրի 31-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված կարգով վեճերի լուծման դեպքում կողմերը համաձայնում են, որ՝

ա) 1965 թվականի մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրված «Պետությունների և այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 25(1)-րդ կետի հիման վրա պայմանագրի հետ կապված կամ դրանից բխող յուրաքանչյուր վեճ համարվում է ներդրումներից ուղղակիորեն բխող իրավական վեճ.

բ) կոնվենցիայի 25(2)-րդ կետի հիման վրա լիցենզառուն կոնվենցիան ստորագրած և վավերացրած երկրի տնտեսավարող սուբյեկտ է.

գ) վեճը ՆՎԼՄԿ-ի միջնորդ դատարան ուղղելու լիցենզառուի իրավունքի վրա չպետք է ազդի այն փաստը, որ լիցենզառուն երրորդ կողմից ստացել է վեճի առարկա հանդիսացող որևէ կորստի կամ վնասի լրիվ կամ մասնակի փոխհատուցում` պայմանով, որ լիազոր մարմինը պահանջում է ապացույց, որ երրորդ կողմը համաձայն է լիցենզառուի կողմից նման իրավունքի իրականացմանը.

դ) 1984 թվականի սեպտեմբերի 26-ի ՆՎԼՄԿ-ի միջնորդ դատավարության կանոններն իրենց բոլոր փոփոխություններով հանդերձ կիրառվում են պայմանագրին համապատասխան վարվող բոլոր միջնորդ դատավարությունների նկատմամբ.

ե) պայմանագրին համապատասխան վարվող միջնորդ դատավարությունները տեղի են ունենում Լոնդոնում.

զ) պայմանագրին համապատասխան ստեղծված ՆՎԼՄԿ-ի միջնորդ դատարանը կազմված է երեք միջնորդ դատավորից։ Միջնորդ դատավորներից մեկը նշանակվում է լիազոր մարմնի կողմից, երկրորդ միջնորդ դատավորը՝ լիցենզառուի կողմից, և երրորդը, որը պետք է լինի միջնորդ դատարանի նախագահը, նշանակվում է կողմերի համաձայնությամբ կամ, եթե կողմերը համաձայնության չեն գալիս, ապա նշանակվում է ՆՎԼՄԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Միջնորդ դատավորներից ոչ մեկը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության կամ այն պետության քաղաքացի, որի քաղաքացին վիճող կողմերից մեկն է:

 

XIV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

34. Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած կողմն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ դրանց իրականացմանը խոչընդոտել են անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորային) հանգամանքները: Պայմանագրի շրջանակներում պարտավորությունների կատարման ժամկետը կարող է երկարաձգվել այն ժամկետով, որի ընթացքում առկա է անհաղթահարելի ուժի ազդեցությունը:

35. Պայմանագրի շրջանակներում անհաղթահարելի ուժեր են համարվում խոշոր ջրհեղեղները, երկրաշարժերը և մյուս բնական աղետները, ռազմական գործողությունները կամ այլ գործողություններ ու հանգամանքներ, որոնք ենթակա չեն կողմերի հսկողությանը և ծագել են պայմանագրի կնքումից հետո ու նյութական տեսակետից բացասաբար են ազդում կողմերի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորության վրա:

36. Անհաղթահարելի ուժ ներկայացնող հանգամանքի ծագումից հետո 14 օրվա ընթացքում այն կողմը, որը նման հանգամանքի պատճառով ի վիճակի չէ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պետք է մյուս կողմին նման հանգամանքի մասին տեղեկացնող գրավոր ծանուցում ներկայացնի: Ծանուցման մեջ պետք է պատճառաբանվի, թե որքանով է ստեղծված իրավիճակը խոչընդոտում տվյալ կողմի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը:

Հակառակ կողմի պահանջով` անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պետք է նման հանգամանքները հավաստող բավարար ապացույցներ ներկայացնի: Անհաղթահարելի ուժի ազդեցության ավարտից հետո՝ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պարտավոր է դրա մասին անհապաղ գրավոր ծանուցել մյուս կողմին: Ընդ որում, ծանուցման մեջ պետք է նշվի, թե, արդյոք, անհաղթահարելի ուժի ազդեցության ավարտը հնարավորություն ստեղծու՞մ է գործունեությունը շարունակելու համար:

37. Եթե կողմը չուղարկի կամ ոչ ժամանակին ուղարկի պայմանագրի 36-րդ կետում նշված ծանուցումները, ապա պարտավոր է մյուս կողմին փոխհատուցել դրա մասին չծանուցման կամ ոչ ժամանակին ծանուցման հետ կապված վնասները։

38. Պարտավորությունների կատարումը հնարավոր դառնալուն պես՝ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմը պետք է ձեռնամուխ լինի իր այն պարտավորությունների կատարմանը, որոնց իրագործումն ընդհատվել կամ դադարեցվել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:

Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 6 ամսվանից ավելի (կամ, երբ ակնհայտ է դառնում, որ նման իրավիճակը կամ դրա հետևանքները կշարունակվեն 6 ամսվանից ավելի), ապա կողմերը պետք է բանակցություններ սկսեն՝ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ հայտնված կողմի համար հնարավոր ելք գտնելու նպատակով, ինչը վերջինիս թույլ կտա կատարել պայմանագրի համաձայն ստանձնած իր պարտավորությունները։

 

XV. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել կողմերի ստորագրած գրավոր փաստաթղթի միջոցով:

40. Եթե պայմանագրի որևէ դրույթ ճանաչվի օրենքին հակասող կամ ուժը կորցրած, ապա պայմանագրի մնացած դրույթները կմնան ուժի մեջ:

41. Պայմանագիրը կնքված է հայերենով և ___________ լեզվով (եթե լիցենզառուն օտարերկրյա իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է): Հայերեն և __________ տարբերակների միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին։

 

XVI. ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

42. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

 

XVII. ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

43. Կողմերից յուրաքանչյուրը հավաստում և երաշխավորում է, որ իրենց անունից պայմանագիրն ստորագրող անձինք լիազորված են և, որ պայմանագիրը կնքվել է պատշաճ ձևով, և դրանով կողմերը ձեռք են բերել իրավունքներ ու ստանձնել համապատասխան պարտավորություններ։

44. Լիազոր մարմինը հավաստում և երաշխավորում է, որ՝

ա) ձեռք է բերել բոլոր իրավասությունները և լիազորությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկվել են նաև օրենսդրական գործողություններ, որպեսզի պայմանագիրը լինի վավերական և ունենա իրավաբանական ուժ.

բ) լիցենզառուին ամբողջ ներդրումների և այլ գույքի սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով սահմանված դեպքերում: Հասարակության և պետության կարիքների համար լիցենզառուի սեփականությունը կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

գ) լիցենզառուի նկատմամբ չի կիրառի որևէ փոխանցման սահմանափակում (այն իմաստով, ինչպես սահմանված է Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության կողմից).

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կտրամադրի արտոնագրեր, կընդունի որոշումներ, եթե այդպիսիք պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որպեսզի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզառուին ընձեռվի հնարավորություն՝ օգտվելու Հայաստանի Հանրապետության կողմից կնքված կամ կնքվելիք՝ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ առևտրին, ներդրումներին վերաբերող միջազգային համաձայնագրերի դրույթներից` պայմանով, որ լիցենզառուն տրամադրի բոլոր անհրաժեշտ կամ օրենքով նախատեսված հայտերը, տվյալները և նյութերը.

ե) լիցենզիայի գործողության ընթացքում լիցենզառուի կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում կոնցեսիայի օրենքով սահմանված կարգով կտրամադրի ընդերքի իրեն հատկացված տեղամասում լիցենզիայում չնշված օգտակար հանածոների հայտնաբերման դեպքում՝ համապատասխան հանքարդյունահանման լիցենզիաներ:

45. Կողմերն ընդունում են, որ, առանց որևէ սահմանափակման, նշված հավաստիացումների և երաշխիքների խախտումը կդիտվի որպես պայմանագրի դրույթների խախտում։

46. Լիցենզառուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները (ներառյալ լիազոր մարմինը) իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են, առանց անհիմն հետաձգումների, լիցենզառուին տրամադրել թույլտվություններ, լիցենզիաներ և այլ փաստաթղթեր, եթե դրանք լիցենզառուին անհրաժեշտ են՝ պայմանագրով ու լիցենզիայով լիցենզառուի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար։

47. Եթե լիցենզառուն որևէ պետության կառավարությունից կամ որևէ միջազգային և օտարերկրյա պետական ու մասնավոր հաստատություններից ձեռք կբերի ապահովագրական պոլիսներ, վարկեր, շնորհներ և (կամ) այլ ծրագրեր, որոնք կարող են լիցենզառուի կողմից դիտվել որպես լիցենզառուի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարրեր, ապա նման հաստատություններ դիմելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կտրամադրի լիցենզառուի դիմումին օժանդակող գրություններ՝ առանց ֆինանսական պարտավորություններ ստանձնելու։

 

XVIII. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

48. Հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե տրված է գրավոր կամ ուղարկված է էլեկտրոնային փոստով կամ կատարված է փոխանցում ֆաքսի միջոցով (յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է լինել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով փոխանցված) կողմի՝ ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով՝

 

Լիազոր մարմնին՝

հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, _________________,

ֆաքսի համարը՝ _________________________________________:

 

Լիցենզառուին՝

հասցեն՝ _____________________________________________,

ֆաքսի համարը՝ ________________________________________:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ