Գլխավոր տեղեկություն
Номер
N 886-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.743
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.07.2003
Дата вступления в силу
14.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2003 թվականի N 886-Ն

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 51-րդ կետի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 886-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈԻՐ ԴՐՈԻՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բազմաբնակարան շենքերի բնակարաններում և անհատական բնակելի տներում (այսուհետ՝ բնակարաններ) ջրամատակարարման (այսուհետ՝ ջրամատակարարման և ջրահեռացման) ներքին ցանցերի, ինչպես նաև մինչև սպառողն ընկած նկուղային, ձեղնահարկային, միջբնակարանային ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վթարների և անսարքությունների (այսուհետ՝ վթարներ) վերացման հետ կապված հարաբերություններն ու պայմանները՝ ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի անխափան շահագործման, խմելու ջրի կորուստների կրճատման ու վթարների հետևանքով հնարավոր վնասների կանխման նպատակով:

 

II. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Բնակարանում վթարի վերացման նպատակով այդ բնակարանի սեփականատերը կամ վարձակալը (այսուհետ՝ սեփականատեր) կարող է ներկայացնել դիմում բազմաբնակարան շենքի կառավարման մարմին կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին կամ տվյալ համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը շահագործող (այդ համակարգերով ծառայություններ մատուցող) կազմակերպություն:

3. Բնակարանում վթարը վերացվում է այդ բնակարանի սեփականատիրոջ միջոցների հաշվին, եթե օրենքով կամ ջրամատակարարման (ջրահեռացման) պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը կամ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը շահագործող (այդ համակարգերով ծառայություններ մատուցող) կազմակերպությունը բնակարանում վթարի մասին դիմումն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն և կազմում արձանագրություն, որում նշվում են վթարի բնույթը, պատճառները, այն վերացնելու համար անհրաժեշտ ծախսերն ու ժամկետը: Բնակարանի սեփականատերը և վթարը վերացնող կազմակերպության (մարմնի) ներկայացուցիչն ստորագրում են արձանագրությունը, որը հիմք է հանդիսանում վթարի վերացման աշխատանքների կատարման և վճարման համար:

5. Բնակարանի սեփականատիրոջ նախաձեռնությամբ բնակարանում վթարները կարող են վերացվել նաև սեփական ուժերով կամ այլ անձանց կողմից՝ պայմանագրային հիմունքներով:

6. Ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի վթարների կամ դրանց վերացման հետևանքով այլ անձանց պատճառված վնասները փոխհատուցվում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՄԻՆՉԵՎ ՍՊԱՌՈՂՆ ԸՆԿԱԾ ՆԿՈՒՂԱՅԻՆ, ՁԵՂՆԱՀԱՐԿԱՅԻՆ, ՄԻՋԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Մինչև սպառողն ընկած նկուղային, ձեղնահարկային, միջբնակարանային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վթարները վերացվում են բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի միջոցների հաշվին, եթե օրենքով կամ ջրամատակարարման (ջրահեռացման) պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

8. Համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը կամ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը շահագործող (այդ համակարգերով ծառայություններ մատուցող) կազմակերպությունը բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի դիմումն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն և կազմում արձանագրություն, որում նշվում են վթարի բնույթը, պատճառները, այն վերացնելու համար անհրաժեշտ ծախսերն ու ժամկետը: Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի և վթարը վերացնող կազմակերպության (մարմնի) ներկայացուցիչն ստորագրում են արձանագրությունը, որը հիմք է հանդիսանում վթարի վերացման աշխատանքների կատարման և վճարման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան պայմանագրի կնքման համար:

9. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի նախաձեռնությամբ վթարները կարող են վերացվել նաև սեփական ուժերով կամ այլ անձանց կողմից՝ պայմանագրային հիմունքներով:

10. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի բացակայության դեպքում մինչև սպառողն ընկած նկուղային, ձեղնահարկային, միջբնակարանային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վթարները վերացնում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը կամ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը շահագործող (այդ համակարգերով ծառայություններ մատուցող) կազմակերպությունը` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ