Գլխավոր տեղեկություն
Номер
N 869-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2003-23.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.730
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2003
Дата вступления в силу
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2003 թվականի N 869-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄՈՏ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՈՒ ՍՏՈՒԳՎՈՂ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետին ու «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային մարմնի կողմից ստուգվող սուբյեկտի մոտ գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքերում գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային ու ստուգվող այլ ստորաբաժանումների տարածքների կապարակնքման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կապարակնիքների պատվիրման և տրամադրման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 869-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄՈՏ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՈՒ ՍՏՈՒԳՎՈՂ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումների ընթացքում ստուգվող սուբյեկտի մոտ գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքերում, չխոչընդոտելով տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքը, տարածքների (գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային տարածքներ, շինություններ, դրամարկղներ և ստուգվող այլ ստորաբաժանումներ) կապարակնքման գործընթացը:

2. Սույն կարգի իմաստով կապարակնքումը հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստուգումների ընթացքում ստուգվող տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվող՝ հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների ու հաշվարկների գույքագրումների կամ ստուգման նպատակին առնչվող չափագրումների դեպքերում տարածքների և դրանց պարունակության ժամանակավոր անձեռնմխելիության ապահովումն է:

3. Կապարակնքման ենթակա չեն այն տարածքները, որոնց կապարակնքումը խոչընդոտում է ստուգվող սուբյեկտի բնականոն աշխատանքը։

4. Կապարակնքելու իրավասություն ունի տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնող հարկային ծառայության մարմնի՝ կապարակնքման նպատակով անհատական կապարակնիք ունեցող պաշտոնատար անձը (անձինք)։

Կապարակնքումն իրականացվում է փականների մասում՝ այնպես, որ կապարակնքված տարածքներ մուտք գործելիս կապարակնիքը խախտվի:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված անձը (անձինք) տարածքները կապարակնքում է գույքագրումների կամ չափագրումների գործընթացի ժամանակավոր դադարեցման (ընդհատման) ժամանակ։

Ելնելով ստուգվող սուբյեկտի բնականոն գործունեության պահանջներից՝ ստուգվող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կամ նրա (նրանց) անմիջական ղեկավարին պետք է ներկայացնի ժամանակացույց՝ նշելով իր աշխատանքային օրվա սկիզբը և ավարտը, ինչպես նաև այդ ժամերից դուրս կապարակնքված տարածքներ մուտք գործելու ժամանակահատվածը՝ անհրաժեշտ հիմնավորումներով։ Ժամանակացույցում նշված՝ աշխատանքային օրվա կամ կապարակնքված տարածքներ մուտք գործելու ժամանակահատվածի սկզբից կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից կապարակնիքները չբացվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց մեկ ժամ հետո՝ ստուգվող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) կարող է բացել կապարակնիքները՝ կազմելով համապատասխան արձանագրություն։

Նշված ժամանակացույցի մեկ օրինակն ստուգման ընթացքում ստուգվող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հանձնում է կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց) կամ նրա (նրանց) անմիջական ղեկավարին։

6. Կապարակնքումն իրականացվում է ստուգվող սուբյեկտի ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի ներկայությամբ: Ստուգվող սուբյեկտի ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի` կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում է կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու մասին արձանագրություն, և կապարակնքումն իրականացվում է առանց ստուգվող սուբյեկտի ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի ներկայության:

7. Կապարակնքումն ավարտելու պահին կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ձևով կազմում է (են) արձանագրություն, որտեղ նշվում են կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքման օրը, ժամը, վայրը և կապարակնիքի համարը: Արձանագրությունն ստորագրվում է կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) և ստուգվող սուբյեկտի ղեկավարի (նրան փոխարինող պաշտոնատար անձի) կողմից: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է ստուգվող սուբյեկտի ղեկավարին (նրան փոխարինող պաշտոնատար անձին), որը պարտավոր է ապահովել կնքված տարածքների և կապարակնիքների պահպանությունը:

8. Կապարակնքված տարածքներ մուտքը թույլատրվում է սույն կարգի 4-րդ կետում նշված հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան (նրանց) փոխարինող անձի (անձանց) կողմից կապարակնիքը բացվելուց հետո՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքի։

9. Ստուգվող սուբյեկտի տարածքները չեն կարող կապարակնքված մնալ ստուգման ընդհանուր տևողությունից ավելի երկար ժամկետով։

10. Սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտումը, մասնավորապես, կապարակնիքների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ