Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Исходный акт (27.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Принят
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Дата принятия
25.10.1921
Дата подписания
25.10.1921
Дата вступления в силу
27.01.2006

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Ամենշաբաթյա հանգստի մասին (արդյունաբերության ոլորտում)

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

հրավիրվելով Ժնևում` Աշխատանքի միջազգային բյուրոյի վարչական խորհրդի կողմից, և հավաքվելով 1921 թ. հոկտեմբերի 25-ին` իր երրորդ նստաշրջանին,

որոշելով ընդունել առաջարկություններ արդյունաբերական ձեռնարկություններում շաբաթվա ընթացքում տրվող հանգստյան օրվա վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի յոթերորդ կետն է, և

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

ընդունում է սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել 1921 թվականի Կոնվենցիա Ամենշաբաթյա հանգստի մասին (արդյունաբերության ոլորտում)` Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության դրույթների համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության Անդամների կողմից վավերացման համար:

 

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի նպատակով արդյունաբերական ձեռնարկություն տերմինը ներառում է.

ա) հանքահորերը, քարհանքերը և օգտակար հանածոների արդյունահանման այլ աշխատանքները,

բ) ձեռնարկությունները, որտեղ ապրանքներն արտադրվում, փոփոխվում, մաքրվում, վերանորոգվում, զարդարվում, ողորկվում, նախապատրաստվում են վաճառքի, քայքայվում կամ ոչնչացվում են, կամ որտեղ նյութերը ձևափոխվում են. ներառյալ նավաշինությունը և էլեկտրաէներգիայի կամ ցանկացած տեսակի էներգիայի արտադրության, տրանսֆորմացիայի և փոխանցման ձեռնարկությունները,

գ) բոլոր շինությունների, երկաթուղիների, տրամվայի ուղիների, նավահանգիստների, նավանորոգարանների, կառանացցերի, ջրանցքների, ներքին ջրային ուղիների, ճանապարհների, թունելների, կամուրջների, ուղեկամուրջների, կոյուղու համակարգերի, ջրահոսքերի, ջրամբարների, հեռագրային և հեռախոսային սարքավորումների տեղադրման, էլեկտրական սարքերի, գազային գործարանների, ջրամատակարարման համակարգերի կառուցումը, վերականգնումը, պահպանումը, վերանորոգումը, վերաշինումը կամ ապամոնտաժումը կամ այլ շինարարական աշխատանքները, ինչպես նաև նշված աշխատանքների և կառույցների նախապատրաստման աշխատանքները և հիմքադրումը,

դ)  ճանապարհով, երկաթուղով կամ ներքին ջրային ուղիներով ուղևորների կամ ապրանքների տեղափոխումը, ներառյալ բեռների մշակումը նավանորոգարաններում, կառամատույցներում, նավամատույցներում կամ պահեստներում, բացառելով, սակայն, առձեռն տեղափոխումը:

2. Սույն սահմանումը ենթակա է հատուկ ազգային բացառությունների, որոնք ընդգրկված են արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքային ժամանակն օրական մինչև ութ և շաբաթական մինչև քառասունութ ժամ սահմանափակող Վաշինգտոնի կոնվենցիայում` այնքանով, որքանով այդ բացառությունները կիրառելի են սույն Կոնվենցիայի նկատմամբ:

3. Անհրաժեշտության դեպքում Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է, ի լրումն վերը թվարկվածի, որոշել արդյունաբերությունն առևտրից և գյուղատնտեսությունից առանձնացնող բաժանարար գիծը:

 

Հոդված 2

1. Պետական կամ մասնավոր արդյունաբերական ձեռնարկությունում կամ ցանկացած  նրա մասնաճյուղում աշխատող ողջ անձնակազմին, բացառությամբ հաջորդող հոդվածներում նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր յոթնօրյա ժամանակահատվածի ընթացքում տրվում է առնվազն քսանչորս անընդմեջ ժամեր ընդգրկող հանգիստ:

2. Հնարավորության դեպքում հանգստի ժամանակահատվածը տրվում է յուրաքանչյուր ձեռնարկության ողջ անձնակազմին միաժամանակ:

3. Ժամանակահատվածը հնարավորության դեպքում սահմանվում է այնպես, որ համընկնի տվյալ երկրի կամ տարածաշրջանի` արդեն հաստատված ավանդույթների կամ սովորույթների հետ:

 

Հոդված 3

Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է չկիրառել 2-րդ հոդվածի դրույթներն այն արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ, որտեղ աշխատող անձինք միայն մեկ ընտանիքի անդամներ են:

 

Հոդված 4

1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կարող է լրիվ կամ մասնակի բացառություններ թույլ տալ 2-րդ հոդվածի դրույթներից (ներառյալ դադարեցումները կամ կրճատումները)՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդասիրական և տնտեսական բոլոր անհրաժեշտ գործոններին և գործատուների ու աշխատողների պատասխանատու կազմակերպությունների առկայության դեպքում դրանց հետ խորհրդակցելուց հետո:

2. Նման խորհրդակցություններն անհրաժեշտ չեն լինի այն բացառությունների դեպքում, որոնք արդեն արված են գործող օրենսդրությամբ:

 

Հոդված 5

Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ հնարավորության սահմաններում 4-րդ հոդվածի հիման վրա նախատեսված դադարեցումների կամ կրճատումների դիմաց տրամադրում է հանգստի փոխհատուցման ժամանակահատվածներ` բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայնագրերը կամ սովորույթներն արդեն նախատեսում են նման ժամանակահատվածներ:

 

Հոդված 6

1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ կազմում է սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածների հիման վրա կատարված բացառությունների ցանկը, ուղարկում է այն Աշխատանքի միջազգային բյուրոյին և այնուհետև` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաղորդում է այդ ցանկում կատարվելիք բոլոր փոփոխությունների մասին:

2. Աշխատանքի միջազգային բյուրոն զեկույց է ներկայացնում Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովին այդ հարցի վերաբերյալ:

 

Հոդված 7

Սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր գործատու, տնօրեն կամ ղեկավար պարտավոր է.

ա) երբ ամենշաբաթյա հանգիստը տրամադրվում է հավաքական կերպով` ողջ անձնակազմին, տեղեկացնել հավաքական հանգստի օրվա և ժամերի մասին ձեռնարկության կամ այլ հարմար վայրի նկատելի տեղում փակցված հայտարարության միջոցով կամ Կառավարության հավանությունն ստացած այլ ձևով,

բ) երբ հանգստի ժամանակահատվածը հավաքական կերպով չի տրամադրվում ողջ անձնակազմին, երկրի օրենսդրության կամ իրավասու մարմնի կանոնակարգի կողմից հավանություն ստացած մեթոդներին համապատասխան ժամանակացանկով տեղեկացնել բանվորներին կամ ծառայողներին, որ իրենց նկատմամբ կիրառվում է հանգստի հատուկ համակարգ, և նշել այդ համակարգը:

 

Հոդված 8

Սույն Կոնվենցիայի վավերագրերը, Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրությունում ձևակերպված դրույթներին համապատասխան, գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 9

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու Անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի գրանցելու օրվանից:

2. Այն պարտադիր է միայն այն Անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային բյուրոյում:

3. Հետագայում սույն Կոնվենցիան յուրաքանչյուր Անդամի նկատմամբ ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյում նրա վավերագրի գրանցման օրվանից:

 

Հոդված 10

Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու Անդամների վավերագրերը Աշխատանքի միջազգային բյուրոյում գրանցվելուց անմիջապես հետո Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը այդ մասին ծանուցում է Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր Անդամներին: Նա նրանց ծանուցում է նաև Կազմակերպության մյուս Անդամների կողմից հետագայում ուղարկված վավերագրերի գրանցման մասին:

 

Հոդված 11

Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր Անդամ համաձայնում է ուժի մեջ դնել 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների դրույթները ոչ ուշ, քան մինչև 1924 թ. հունվարի 1-ը, և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ դրույթներն արդյունավետ դարձնելու համար:

 

Հոդված 12

Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, պարտավորվում է այն կիրառել իր գաղութներում, տիրույթներում և հովանավորյալ տարածքներում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 35-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 13

Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած Անդամ կարող է այն չեղյալ համարել ուժի մեջ մտնելու պահից տասնամյա ժամկետը լրանալուց հետո` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթ ներկայացնելու միջոցով: Նման չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

 

Հոդված 14

Ամեն անգամ, երբ Աշխատանքի միջազգային բյուրոյի վարչական խորհուրդը անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

Հոդված 15

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. հունվարի 27-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան