Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 104-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր անդամ պետության տարածքում Կազմակերպությունը օգտվում է այնպիսի իրավունակությունից, որը կարող է անհրաժեշտ լինել վերջինիս գործառույթների իրականացման և նպատակների իրագործման համար, և
նկատի ունենալով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 105-րդ հոդվածը նախատեսում է, որ Կազմակերպությունը իր անդամ պետությունների տարածքում օգտվում է այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնք անհրաժեշտ կլինեն իր նպատակների իրագործման համար, և որ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները և Կազմակերպության պաշտոնյաները պետք է նմանապես օգտվեն այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնք անհրաժեշտ են Կազմակերպությանն առնչվող գործառույթների անկախ իրագործման համար,
հետևաբար, Գլխավոր ասամբլեան 1946 թ. փետրվարի 13-ին ընդունված բանաձևով հավանություն է տալիս հետևյալ Կոնվենցիային և առաջարկում է այն Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետությանը՝ միանալու համար:
Հոդված I. | Իրավաբանական անձ |
ԲԱԺԻՆ 1. Միավորված ազգերի կազմակերպությունը համարվում է իրավաբանական անձ: Այն իրավասու է՝
ա) պայմանագիր կնքել,
բ) ձեռք բերել և տնօրինել անշարժ և շարժական գույք,
գ) հարուցել իրավական գործընթացներ:
Հոդված II. | Գույք, դրամական միջոցներ և ակտիվներ |
ԲԱԺԻՆ 2. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա գույքը և ակտիվները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում և ում կողմից են տնօրինվում, պետք է օգտվեն անձեռնմխելիությունից ցանկացած տեսակի իրավական գործընթացի նկատմամբ, բացի այն դեպքերից, երբ նա ինքն է հրաժարվում իր անձեռնմխելիությունից: Սակայն ոչ մի անձեռնմխելիությունից հրաժարում չի տարածվում իրականացման միջոցների վրա:
ԲԱԺԻՆ 3. Միավորված ազգերի կազմակերպության շենքերն անձեռնմխելի են: Միավորված ազգերի կազմակերպության գույքը և ակտիվները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում և ում կողմից են տնօրինվում, ենթակա չեն խուզարկման, բռնագրավման, սեփականազրկման, առգրավման կամ միջամտության այլ ձևերի, որոնք բխում են գործադիր, վարչական, դատական կամ օրենսդիր մարմինների գործողություններից:
ԲԱԺԻՆ 4. Միավորված ազգերի կազմակերպության արխիվները, հատկապես՝ նրան պատկանող կամ նրա կողմից տնօրինվող բոլոր փաստաթղթերը, անկախ իրենց գտնվելու վայրից, անձեռնմխելի են:
ԲԱԺԻՆ 5. Սահմանափակված չլինելով ֆինանսական հսկողությամբ, կանոնակարգերով և ցանկացած տեսակի մորատորիումով՝
ա) Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է ունենալ դրամական միջոցներ, ոսկի կամ ցանկացած ձևի տարադրամ և վարել հաշիվներ ցանկացած տարադրամով,
բ) Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է ազատորեն փոխանցի իր միջոցները, ոսկին կամ տարադրամը մի երկրից մյուսը կամ ցանկացած երկրի ներսում և փոխարկի իրեն պատկանող տարադրամը մեկ այլ տարադրամի:
ԲԱԺԻՆ 6. Վերոհիշյալ 5-րդ բաժնում նշված իր իրավունքները իրականացնելիս Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի անդամ պետության կառավարության կողմից կատարված առաջարկություններին, եթե նա գտնում է, որ նման ներկայացումները չեն վնասում Միավորված ազգերի կազմակերպության շահերին:
ԲԱԺԻՆ 7. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա ակտիվները, եկամուտները և այլ գույքը.
ա) ազատվում են բոլոր ուղղակի հարկերից: Ենթադրվում է, որ, այնուամենայնիվ, Միավորված ազգերի կազմակերպությունը չպետք է պահանջի հասարակական կոմունալ ծառայության համար նախատեսված հարկերից ազատում,
բ) Միավորված ազգերի կազմակերպության ծառայողական օգտագործման համար ապրանքներ ներմուծելիս և արտահանելիս ազատվում են մաքսատուրքերից, ներմուծման և արտահանման արգելքներից և սահմանափակումներից: Ենթադրվում է, որ, այնուամենայնիվ, նշված հարկերի ազատումով ներմուծված իրերը չպետք է վաճառվեն այն երկրի տարածքում, ուր դրանք ներմուծվել են, բացառությամբ տվյալ երկրի կառավարության հետ համաձայնեցված պայմանների,
գ) իր հրապարակումների կապակցությամբ ազատվում են մաքսատուրքերից, ներմուծման և արտահանման արգելքներից և սահմանափակումներից:
ԲԱԺԻՆ 8. Չնայած Միավորված ազգերի կազմակերպությունը, որպես կանոն, չպետք է պահանջի ազատում ակցիզային հարկից և շարժական ու անշարժ գույքի վաճառքի՝ վճարվելիք գնի մաս կազմող հարկից, այսուհանդերձ, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնական օգտագործման համար կատարում է կարևոր գույքային գնումներ, որոնց համար գանձվում կամ գանձվել են նման տուրքեր կամ հարկեր, անդամ պետությունները հնարավորության դեպքում պետք է համապատասխան վարչական միջոցներ ձեռնարկեն տուրքից կամ հարկից ազատման կամ դրանց գումարի վերադարձման համար:
Հոդված III. | Կապի միջոցներ |
ԲԱԺԻՆ 9. Յուրաքանչյուր անդամ պետության տարածքում Միավորված ազգերի կազմակերպությունը իր կապի պաշտոնական միջոցների համար օգտվում է ոչ պակաս նպաստավոր պայմաններից, քան այն պայմաններն են, որոնք այդ անդամ պետության կառավարությունը տրամադրում է ցանկացած այլ կառավարության, ներառյալ նրա դիվանագիտական ներկայացուցչությունը, արտոնությունների, փոստի, հեռագրերի, ռադիոհաղորդագրության, հեռալուսանկարչական, հեռախոսի և այլ հաղորդակցության միջոցների սակագների և հարկերի, ինչպես նաև ռադիոյով և մամուլով ստացվող տեղեկության սակագների հետ կապված հարցերում: Ոչ մի գրաքննություն չի կարող կիրառվել Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական գրագրության և այլ պաշտոնական հաղորդակցության նկատմամբ:
ԲԱԺԻՆ 10. Միավորված ազգերի կազմակերպությունը իրավունք ունի օգտագործելու ծածկագրեր, ուղարկել և ստանալ իր թղթակցությունը սուրհանդակների միջոցով կամ պայուսակներով, որոնք օգտվում են նույն անձեռնմխելիությունից և արտոնություններից, ինչպիսիք տրված են դիվանագիտական սուրհանդակներին և պայուսակներին:
Հոդված IV. | Անդամ պետությունների ներկայացուցիչները |
ԲԱԺԻՆ 11. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր և օժանդակ մարմիններում և նրանց կողմից հրավիրվող կոնֆերանսներում անդամ պետությունների ներկայացուցիչները իրենց գործառույթների իրականացման և հանդիպման վայր մեկնելու և վերադառնալու ընթացքում կօգտվեն հետևյալ անձեռնմխելիություններից և արտոնություններից.
ա) անձեռնմխելիություն ձերբակալումից կամ կալանքից, իրենց անձնական բեռների բռնագրավումից և, որպես ներկայացուցիչ, իրենց ասածի կամ գրածի և բոլոր գործողությունների նկատմամբ, անձեռնմխելիություն ցանկացած ձևի իրավական գործընթացից,
բ) բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,
գ) ծածկագրեր օգտագործելու և սուրհանդակների կամ կնքված պայուսակների միջոցով թղթեր ստանալու և թղթակցություն իրականացնելու իրավունք,
դ) իրենց և իրենց ամուսիններին՝ ազատում ներգաղթի սահմանափակումներից, արտասահմանցիների գրանցման կամ պետական ծառայողական պարտականություններից՝ այն երկրում, որտեղ նրանք ժամանակավորապես գտնվում են, կամ որով նրանք անցնում են իրենց գործառույթների իրականացման նպատակով,
ե) նույն հնարավորությունները տարադրամի կամ դրա փոխանակման սահմանափակման վերաբերյալ, որոնք տրամադրվում են ժամանակավոր պաշտոնական առաքելության մեջ գտնվող օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին,
զ) անձնական բեռների նկատմամբ նույն անձեռնմխելիությունները և հարմարությունները, որոնք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցիչներին,
է) այլ անձեռնմխելիություններ, արտոնություններ և հարմարություններ, որոնք չեն հակասում վերը շարադրյալին, և որոնցից օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները, բացառությամբ ներմուծվող իրերի /որոնք չեն կազմում անձնական իրերի մաս/ նկատմամբ մաքսատուրքից կամ ակցիզային գանձումներից կամ վաճառքից գանձվող հարկերից ազատելու պահանջի իրավունքի:
ԲԱԺԻՆ 12. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր և օժանդակ մարմիններում ու Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրավիրվող կոնֆերանսներին Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչներին իրենց պարտականությունները կատարելիս խոսքի և անկախության լիակատար ապահովման համար նրանց ասածի կամ գրածի, ինչպես նաև նրանց պարտականությունների իրականացման ժամանակ կատարած բոլոր գործողությունների նկատմամբ շարունակվում է տրամադրվել անձեռնմխելիություն իրավական գործընթացի կապակցությամբ՝ չնայած այն բանին, որ այդ անձինք այլևս անդամ պետության ներկայացուցիչներ չեն:
ԲԱԺԻՆ 13. Քանի որ ցանկացած տեսակի հարկման ոլորտում ընդգրկվելը կախված է բնակությունից, ապա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր և օժանդակ մարմիններում և Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրավիրվող կոնֆերանսներին անդամների ներկայացուցիչների` նրանց պարտականությունների կատարման ընթացքում որևէ պետությունում գտնվելու ժամանակահատվածները չպետք է համարվեն բնակության ժամանակահատվածներ:
ԲԱԺԻՆ 14. Արտոնությունները և անձեռնմխելիությունները Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչներին տրամադրվում են ոչ թե անձնական շահերի, այլ Միավորված ազգերի կազմակերպության հետ կապված իրենց գործառույթների անկախ իրագործման համար: Հետևաբար, անդամ պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է զրկել իր ներկայացուցչին անձեռնմխելիությունից այն յուրաքանչյուր դեպքում, երբ, անդամ պետության կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և դրանից զրկելը կարող է տեղի ունենալ առանց վնասելու այն նպատակին, որի համար տրվել է անձեռնմխելիությունը:
ԲԱԺԻՆ 15. 11-րդ, 12-րդ և 13-րդ բաժինների դրույթները չեն կիրառվում ներկայացուցչի և այն պետության իշխանությունների միջև, որի քաղաքացին է նա հանդիսանում կամ որի ներկայացուցիչն է հանդիսանում կամ հանդիսացել է:
ԲԱԺԻՆ 16. Սույն հոդվածում «ներկայացուցիչներ» արտահայտությունը ներառում է բոլոր պատվիրակներին, պատվիրակների տեղակալներին, խորհրդականներին, տեխնիկական փորձագետներին և պատվիրակների քարտուղարներին:
Հոդված V. | Պաշտոնյաներ |
ԲԱԺԻՆ 17. Գլխավոր քարտուղարը սահմանում է պաշտոնյաների այն կատեգորիաները, որոնց նկատմամբ կիրառվում են սույն և 7-րդ հոդվածների դրույթները: Նա պետք է ներկայացնի այդ կատեգորիաները Գլխավոր ասամբլեային: Դրանից հետո այդ կատեգորիաները պետք է հաղորդվեն բոլոր անդամ պետությունների կառավարություններին: Այդ կատեգորիաներում նշված պաշտոնյաների անունները պարբերաբար պետք է հայտնվեն անդամ պետությունների կառավարություններին:
ԲԱԺԻՆ 18. Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաները.
ա) իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս ասածի և գրածի և բոլոր կատարած գործողությունների համար ենթակա չեն իրավական գործընթացների,
բ) ազատվում են Միավորված ազգերի կազմակերպության կողմից իրենց վճարվող աշխատավարձերի կամ վարձատրության հարկումից,
գ) ազատվում են պետական ծառայության պարտականություններից,
դ) իրենց ամուսինների և իրենց խնամակալության տակ գտնվող ազգականների հետ միասին ազատվում են ներգաղթային սահմանափակումներից և օտարերկրացիների համար սահմանված գրանցումից,
ե) դրամի փոխանակման հարցում օգտվում են նույն արտոնություններից, ինչպիսիք տրված են համապատասխան կառավարության դիվանագիտական առաքելությունների համապատասխան աստիճանի պաշտոնյաներին,
զ) իրենց ամուսինների և իրենց խնամակալության տակ գտնվող ազգականների հետ միասին օգտվում են հայրենադարձության նույն հնարավորություններից, որոնցից օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային ճգնաժամի ժամանակ,
է) համապատասխան երկրում իրենց պաշտոնը առաջին անգամ զբաղեցնելիս իրավունք ունեն առանց մաքսերի ներմուծել կահույք և ունեցվածք:
ԲԱԺԻՆ 19. Ի հավելումն 18-րդ հոդվածում նշված անձեռնմխելիությունների և արտոնությունների՝ Գլխավոր քարտուղարը և Գլխավոր քարտուղարի բոլոր օգնականները իրենց ամուսինների և անչափահաս երեխաների հետ օգտվում են նույն արտոնություններից և անձեռնմխելիություններից, ազատումներից և հնարավորություններից, որոնք, միջազգային իրավունքի համաձայն, տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցիչներին:
ԲԱԺԻՆ 20. Արտոնությունները և անձեռնմխելիությունը պաշտոնյաներին տրամադրվում են Միավորված ազգերի կազմակերպության շահերից ելնելով և ոչ թե նրանց անձնական շահերի համար: Գլխավոր քարտուղարը իրավունք ունի և պարտավոր է ցանկացած պաշտոնյայի զրկել անձեռնմխելիությունից այն դեպքում, երբ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և այդ զրկելը կարող է տեղի ունենալ առանց Միավորված ազգերի կազմակերպության շահերին վնաս պատճառելու: Գլխավոր քարտուղարի դեպքում անձեռնմխելիությունից զրկելու իրավունքը պատկանում է Անվտանգության խորհրդին:
ԲԱԺԻՆ 21. Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է միշտ համագործակցի անդամ պետությունների համապատասխան մարինների հետ` արդարադատության պատշաճ իրականացումը հեշտացնելու, ոստիկանական կանոնակարգերի պահպանումը ապահովելու և սույն հոդվածում նշված արտոնությունների, անձեռնմխելիությունների և հնարավորությունների հետ կապված ցանկացած չարաշահում կանխելու նպատակով:
Հոդված VI. | Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունների փորձագետներ |
ԲԱԺԻՆ 22. Միավորված ազգերի կազմակերպությունում առաքելություններ իրականացնող փորձագետներին /որոնք այլ են, քան 5-րդ հոդվածում հիշատակվող պաշտոնյաներն են/ տրամադրվում են այնպիսի անձեռնմխելիություններ և արտոնություններ, ինչպիսիք անհրաժեշտ են նրանց առաքելությունների ընթացքում գործառույթների անկախ կատարման համար, այդ թվում նաև՝ նրանց առաքելությունների հետ կապված ճանապարհորդությունների ընթացքում: Մասնավորապես, նրանց տրվում են.
ա) անձեռնմխելիություն անձնական ձերբակալումից կամ կալանքից և նրանց անձնական բեռների բռնագրավումից,
բ) անձեռնմխելիություն նրանց առաքելության ընթացքում ասածի կամ գրածի և կատարած բոլոր գործողությունների առնչությամբ ցանկացած ձևի իրավական գործընթացից: Իրավական գործընթացներից այս անձեռնմխելիությունը շարունակում է տրամադրվել՝ անկախ նրանից՝ այդ անձինք շարունակո՞ւմ են աշխատել Միավորված ազգերի կազմակերպության առաքելություններում, թե ոչ,
գ) բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,
դ) Միավորված ազգերի կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու և սուրհանդակի կամ կնքված պայուսակների միջոցով թղթակցություն իրականացնելու իրավունք,
ե) նույն հնարավորությունները տարադրամի կամ դրա փոխանակման սահմանափակման կապակցությամբ, որոնք տրամադրվում են օտարերկրյա կառավարությունների ժամանակավոր պաշտոնական առաքելությունների ներկայացուցիչներին,
զ) անձնական բեռների առնչությամբ՝ նույն անձեռնմխելիությունները և հնարավորությունները, որոնք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցիչներին:
ԲԱԺԻՆ 23. Արտոնությունները և անձեռնմխելիությունները Միավորված ազգերի կազմակերպության փորձագետներին տրամադրվում են ոչ թե անձնական շահերի համար, այլ ելնելով Միավորված ազգերի կազմակերպության շահերից: Գլխավոր քարտուղարը իրավունք ունի և պարտավոր է ցանկացած փորձագետի զրկել անձեռնմխելիությունից այն դեպքում, երբ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատությանը, և այդ զրկումը կարող է տեղի ունենալ առանց Միավորված ազգերի կազմակերպության շահերին վնաս պատճառելու:
Հոդված VII. | Միավորված ազգերի կազմակերպության անցագրեր |
ԲԱԺԻՆ 24. Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է իր պաշտոնյաներին տալ անցագրեր: Համաձայն 25-րդ բաժնի դրույթների՝ այդ անցագրերը Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ճանաչվում և ընդունվում են որպես օրինական ճանապարհորդական փաստաթղթեր:
ԲԱԺԻՆ 25. Միավորված ազգերի կազմակերպության անցագիր ունեցողների՝ մուտքի արտոնագրեր ստանալու համար դիմումները /եթե պահանջվում է/, երբ դրանք ուղեկցվում են հավաստագրով, որ նրանք ճամփորդում են Միավորված ազգերի կազմակերպության գործերով, պետք է ձևակերպվեն հնարավորին չափ արագ: Դրա հետ մեկտեղ, նման անձանց պետք է հնարավորություններ տրամադրվեն արագ ճանապարհորդելու համար:
ԲԱԺԻՆ 26. 25-րդ բաժնում նշված նմանատիպ հնարավորությունները պետք է տրամադրվեն փորձագետներին և այն անձանց, որոնք, չունենալով Միավորված ազգերի կազմակերպության անցագրեր, ներկայացնում են փաստաթուղթ, որը հավաստում է, որ նրանք ճամփորդում են Միավորված ազգերի կազմակերպության գործերով:
ԲԱԺԻՆ 27. Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի օգնականները և տնօրենները Միավորված ազգերի կազմակերպության անցագրերով ՄԱԿ-ի նպատակների համար ճանապարհորդելիս օգտվում են այն նույն հնարավորություններից, որոնք տրվում են դիվանագիտական ներկայացուցիչներին:
ԲԱԺԻՆ 28. Սույն հոդվածի դրույթները կարող են կիրառվել նաև մասնագիտացված գործակալությունների համանման պաշտոնյաների նկատմամբ, եթե դա նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրության 63-րդ հոդվածի համաձայն կնքված բարեկամության համաձայնագրերով:
Հոդված VIII. | Վեճերի կարգավորում |
ԲԱԺԻՆ 29. Միավորված ազգերի կազմակերպությունը վեճերի համապատասխան կարգավորման համար սահմանում է հետևյալ դրույթները.
ա) պայմանագրերից ծագող կամ մասնավոր իրավունքի բնույթ ունեցող այլ վեճեր, որտեղ Միավորված ազգերի կազմակերպությունը կողմ է հանդիսանում,
բ) Միավորված ազգերի կազմակերպության որևէ պաշտոնյայի ներառող վեճեր, որը, իր պաշտոնական դիրքից ելնելով, օգտվում է անձեռնմխելիությունից, եթե Գլխավոր քարտուղարը չի զրկել այդ անձեռնմխելիությունից:
ԲԱԺԻՆ 30. Սույն Կոնվենցիայի մեկնաբանումից կամ կիրառումից բխող բոլոր տարաձայնությունները ներկայացվում են Միջազգային դատարանի քննարկմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը համաձայնում են վեճերի լուծման այլ կարգի շուրջ: Այն դեպքում, երբ վեճ է ծագում, մի կողմից, Միավորված ազգերի կազմակերպության և, մյուս կողմից, Կազմակերպության որևէ անդամի միջև, ցանկացած իրավական հարցի վերաբերյալ խորհրդակցական կարծիք է հայցվում ՄԱԿ-ի կանոնադրության 96-րդ և Դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածների համաձայն: Դատարանի կողմից տրված կարծիքը կողմերը ընդունում են որպես վերջնական:
Եզրափակիչ հոդված
ԲԱԺԻՆ 31. Սույն Կոնվենցիային միանալու համար այն ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետության:
ԲԱԺԻՆ 32. Միացումը կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին միացման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելով, և Կոնվենցիան յուրաքանչյուր անդամ պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում միացման մասին յուրաքանչյուր փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից:
ԲԱԺԻՆ 33. Գլխավոր քարտուղարը պետք է միացման մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին տեղյակ պահի բոլոր անդամ պետություններին:
ԲԱԺԻՆ 34. Ենթադրվում է, որ երբ որևէ անդամ պետության անունից ի պահ է հանձնվում միացման մասին փաստաթուղթ, այդ անդամ պետությունը պետք է, իր ներպետական օրենսդրության համաձայն, ուժի մեջ մտցնի սույն Կոնվենցիայի դրույթները:
ԲԱԺԻՆ 35. Սույն Կոնվենցիան շարունակում է ուժի մեջ մնալ Միավորված ազգերի կազմակերպության և միացման մասին փաստաթուղթը ի պահ հանձնած յուրաքանչյուր անդամ պետության միջև այնքան ժամանակ, քանի դեռ այդ անդամ պետությունը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ, կամ մինչև Գլխավոր ասամբլեան հաստատի վերափոխված ընդհանուր կոնվենցիա, և տվյալ անդամ պետությունը միանա այդ վերափոխված կոնվենցիային:
ԲԱԺԻՆ 36. Գլխավոր քարտուղարը կարող է ցանկացած անդամ պետության կամ անդամ պետությունների հետ կնքել սույն Կոնվենցիայի դրույթները կանոնակարգող լրացուցիչ համաձայնագրեր՝ այնքանով, որքանով դրանք կվերաբերեն տվյալ անդամ պետությանը կամ անդամ պետություններին: Յուրաքանչյուր դեպքում այդ լրացուցիչ համաձայնագրերը ենթակա են Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:
Ուժի մեջ է մտել 29.04.2004թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|