Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Ինկորպորացիա (18.03.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Եվրոպայի երկրներ
Дата принятия
15.05.1972
Дата подписания
15.05.1972
Дата вступления в силу
18.03.2005

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

Սույն Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է իր անդամ պետությունների միջև ավելի սերտ միասնության հասնել,

ցանկանալով լրացնել քրեական իրավունքի ոլորտում արդեն իսկ կատարված աշխատանքը` առավել արդարացի և արդյունավետ պատժամիջոցներ նշանակելուն հասնելու համար,

այս նպատակով օգտակար համարելով փոխադարձ վստահության ոգով միջազգային մակարդակով քրեական վարույթների կազմակերպման ապահովումը, մասնավորապես, խուսափելով իրավասությունների բախումից ծագող թերություններից,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Մ ա ս  I

 

Սահմանումներ

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով՝

ա. «հանցագործություն» նշանակում է՝ քրեական օրենքով և սույն Կոնվենցիայի III Հավելվածում թվարկված իրավական դրույթներով նախատեսված արարքներ` պայմանով, որ եթե հանցագործության վերաբերյալ քննություն իրականացնելու համար իրավասու է վարչական մարմինը, շահագրգիռ անձին գործի դատական քննության հնարավորություն տրվի,

բ. «պատժամիջոց» նշանակում է՝ հանցագործության կամ III Հավելվածում թվարկված իրավական դրույթների խախտմամբ առաջացած կամ նշանակված պատիժ կամ այլ միջոց:

 

Մ ա ս  II

 

Իրավասություն

 

Հոդված 2

 

1. Սույն Կոնվենցիայի կիրառման նպատակով ցանկացած Պայմանավորվող պետություն, իր քրեական օրենքին համապատասխան, իրավասու է հետապնդում իրականացնելու ցանկացած հանցագործության առնչությամբ, որի նկատմամբ կիրառելի է մեկ այլ Պայմանավորվող պետության քրեական օրենքը:

2. Պայմանավորվող պետությանը բացառապես սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունը կարող է իրականացվել միայն մեկ այլ Պայմանավորվող պետության ներկայացրած` վարույթ իրականացնելու մասին խնդրանքի հիման վրա:

 

Հոդված 3

 

Ցանկացած Պայմանավորվող պետություն, իր օրենքին համապատասխան՝ հանցագործության առնչությամբ հետապնդում իրականացնելու իրավասություն ունենալով, սույն Կոնվենցիայի կիրառման նպատակով կարող է հրաժարվել կամ դադարեցնել կասկածվող անձի նկատմամբ հետապնդումը, եթե վերջինս արդեն հետապնդվում է կամ հետապնդվելու է մեկ այլ Պայմանավորվող պետության կողմից: Հաշվի առնելով 21-րդ հոդվածի 2-րդ կետը` քրեական վարույթից հրաժարվելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը ժամանակավոր է, քանի դեռ մյուս Պայմանավորվող պետությունում վերջնական որոշում չի կայացվել:

 

Հոդված 4

 

Հայցվող Պետությունը դադարեցնում է բացառապես 2-րդ հոդվածի վրա հիմնված վարույթը, եթե տեղեկանում է, որ պատժելու իրավունքի իրականացումը դադարեցված է հայցող Պետության օրենսդրության համաձայն` վաղեմության ժամկետի լրանալուց տարբերվող պատճառով, որի նկատմամբ մասնավորապես կիրառվում են 10-րդ հոդվածի «գ» կետը, 11-րդ հոդվածի «զ» և «է» կետերը, 22-րդ, 23-րդ և 26-րդ հոդվածները:

 

Հոդված 5

 

Սույն Կոնվենցիայի III Մասի դրույթները չեն սահմանափակում հայցվող Պետության ներպետական օրենսդրությամբ հետապնդում իրականացնելու համար նախատեսված իրավասությունը:

 

Մ ա ս  III

 

Վարույթների փոխանցումը

 

Բաժին 1. Վարույթ իրականացնելու մասին խնդրանքը

 

Հոդված 6

 

1. Եթե, Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն, անձը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, ապա տվյալ Պետությունը կարող է վարույթ իրականացնելու համար դիմել մեկ այլ Պայմանավորվող պետության սույն Կոնվենցիայով նախատեսված դեպքերում և կարգով:

2. Եթե, սույն Կոնվենցիայի համաձայն, Պայմանավորվող պետությունն իրավասու է վարույթ իրականացնելու խնդրանքով դիմել մեկ այլ Պայմանավորվող պետության, ապա առաջին Պետության իրավասու մարմինները պետք է քննարկեն այդ հնարավորությունը:

 

Հոդված 7

 

1. Հայցվող Պետությունում վարույթ կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ խնդրո առարկա հանցագործությունն իր տարածքում կատարվելու դեպքում կդիտվի որպես այդպիսին, և երբ այդ դեպքում հանցագործություն կատարած անձը ենթակա կլինի պատասխանատվության նաև իր սեփական օրենսդրության համաձայն:

2. Եթե հանցագործությունը կատարվել է հայցող Պետության տարածքում պետական կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ պետական կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ օբյեկտի դեմ, ապա հայցվող Պետությունում դա համարվում է այդ Պետությունում պետական կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ պետական կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ համապատասխան օբյեկտի դեմ կատարված հանցագործություն:

 

Հոդված 8

 

1. Պայմանավորվող պետությունը կարող է դիմել մեկ այլ Պայմանավորվող պետության, որպեսզի վերջինս վարույթ իրականացնի հետևյալ մեկ կամ մի քանի դեպքերում.

ա. եթե կասկածվող անձը մշտապես բնակվում է հայցվող Պետությունում,

բ. եթե կասկածվող անձը հայցվող Պետության քաղաքացի է, կամ ծագումով հայցվող Պետությունից է.

գ. եթե կասկածվող անձը հայցվող Պետությունում կրում է կամ կրելու է պատիժ ազատազրկման ձևով,

դ. եթե հայցվող Պետությունում տվյալ կասկածվող անձի նկատմամբ իրականացվում է վարույթ նույն կամ այլ հանցագործությունների կապակցությամբ,

ե. եթե գտնում է, որ վարույթի փոխանցումը բխում է ճշմարտությունը բացահայտելու շահերից և, մասնավորապես, որ ապացույցի կարևորագույն տարրերը հայցվող Պետությունում են,

զ. եթե գտնում է, որ հայցվող Պետության կողմից դատավճիռն ի կատար ածվելու դեպքում դրա իրականացումը կբարելավի դատապարտյալի սոցիալական վերականգնման հնարավորությունները,

է. եթե գտնում է, որ չի կարող ապահովվել կասկածվող անձի ներկայությունը հայցող Պետությունում իրականացվող դատաքննությանը, և որ կարող է ապահովվել նրա ներկայությունը դատաքննությանը հայցվող Պետությունում,

ը. եթե գտնում է, որ հնարավոր դատավճիռը կայացնելու դեպքում այն ի կատար չի ածվի նույնիսկ հանձնման մասին խնդրանք ներկայացնելու դեպքում, բայց գտնում է, որ հայցվող Պետությունը կարող է դա անել:

2. Եթե Պայմանավորվող պետությունում կասկածվող անձը վերջնականորեն դատապարտվել է, ապա տվյալ Պետությունը կարող է դիմել` սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված մեկ կամ մի քանի դեպքերում վարույթը փոխանցելու համար, եթե միայն ինքը չի կարող ի կատար ածել դատավճիռը, նույնիսկ հանձնման մասին խնդրանք ներկայացնելու դեպքում, և եթե մյուս Պայմանավորվող պետությունը չի ընդունում օտարերկրյա պետության դատավճռի կատարման սկզբունքը կամ հրաժարվում է տվյալ դատավճիռն ի կատար ածելուց:

 

Հոդված 9

 

1. Հայցվող Պետության իրավասու մարմինները քննության են առնում նախորդ հոդվածների համաձայն ներկայացված` վարույթը փոխանցելու մասին խնդրանքը: Նրանք, իրենց ներպետական օրենսդրության համապատասխան, որոշում են, թե ինչ ընթացք պետք է տալ դրան:

2. Եթե հայցվող Պետության օրենսդրությամբ նախատեսվում է արարք կատարողի նկատմամբ պատժի նշանակում վարչական մարմնի կողմից, ապա այդ Պետությունը պարտավոր է հնարավորին չափ շուտ այդ մասին տեղեկացնել հայցող Պետությանը, եթե հայցվող Պետությունը սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան հայտարարություն չի արել:

3. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելիս,  վավերագիրը, միանալու կամ ընդունման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ` ցանկացած պահի, հայտարարություն ուղղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին` նշելով այն պայմանները, որոնց դեպքում իր ներպետական օրենսդրությամբ որոշ հանցագործությունների համար վարչական մարմինների կողմից է սահմանվում պատասխանատվություն: Այդպիսի հայտարարությունը փոխարինում է սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսվող տեղեկացմանը:

 

Հոդված 10

 

Հայցվող Պետությունը դիմումին ընթացք չի տալիս, եթե՝

ա. դիմումը չի համապատասխանում 6-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին,

բ. վարույթի իրականացումը հակասում է 35-րդ հոդվածի դրույթներին,

գ. եթե խնդրանքը ներկայացնելու պահին քրեական հետապնդում իրականացնելու վաղեմության ժամկետն արդեն լրացել է հայցող Պետությունում` այդ Պետության օրենսդրության համաձայն:

 

Հոդված 11

 

Առանց ազդելու 10-րդ հոդվածի դրույթներին` հայցվող Պետությունը կարող է մերժել խնդրանքի ընդունումը մասամբ կամ ամբողջությամբ միայն հետևյալ մեկ կամ մի քանի դեպքերում.

ա. եթե համարում է, որ արդարացված չեն 8-րդ հոդվածի համաձայն խնդրանքը ներկայացնելու հիմքերը,

բ. եթե կասկածվող անձը հայցվող Պետության մշտական բնակիչ չէ,

գ. եթե կասկածվող անձը հայցվող Պետության քաղաքացի չէ և հանցագործությունը կատարելիս վերջինիս մշտական բնակիչ չի եղել,

դ. եթե գտնում է, որ հանցագործությունը, որի կապակցությամբ վարույթ իրականացնելու խնդրանք է ներկայացվել, քաղաքական բնույթի կամ զուտ զինվորական կամ ֆինանսական բնույթի հանցագործություն է,

ե. եթե գտնում է, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ վարույթ իրականացնելու խնդրանքը բխում է ռասայական, կրոնական, ազգային պատկանելության կամ քաղաքական համոզմունքների նկատառումներից,

զ. եթե իր օրենքն արդեն իսկ կիրառելի է տվյալ հանցագործության նկատմամբ, և եթե խնդրանքն ստանալու պահին վարույթ իրականացնելն արդեն բացառված էր օրենքով նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով. այս դեպքում չի կիրառվում 26-րդ հոդվածի 2-րդ կետը,

է. եթե իր իրավասությունը բացառապես հիմնված է 2-րդ հոդվածի վրա, և եթե խնդրանքն ստանալու պահին վարույթ իրականացնելն արդեն իսկ բացառված է իր օրենքով նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով, հաշվի առնելով 23-րդ հոդվածի դրույթների համաձայն վաղեմության ժամկետի վեց ամսով երկարաձգումը,

ը. եթե հանցագործությունը կատարվել է հայցող Պետության տարածքից դուրս,

թ. եթե վարույթը հակասում է հայցվող Պետության միջազգային պարտավորություններին,

ժ. եթե վարույթը հակասում է հայցվող Պետության իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին,

ժա. եթե հայցող Պետությունը խախտել է սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգը:

 

Հոդված 12

 

1. Հայցվող Պետությունը հրաժարվում է ընդունված խնդրանքին ընթացք տալուց, եթե ընդունելուց հետո առաջ է գալիս սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված` ընթացք չտալու հիմքերից որևէ մեկը:

2. Հայցվող Պետությունը կարող է հրաժարվել ընդունված խնդրանքին ընթացք տալուց, եթե.

ա. ակնհայտ է դառնում, որ կասկածվող անձի ներկայությունը հայցվող Պետությունում իրականացվող դատաքննությանը չի կարող ապահովվել, կամ որ կասկածվող անձի նկատմամբ կայացվելիք դատավճիռը չի կարող կատարվել տվյալ Պետությունում,

բ. նախքան գործը դատարան ներկայացնելը երևան է եկել 11-րդ հոդվածում նշված հիմքերից մեկը,

գ. այլ դեպքերում` հայցող Պետության համաձայնությամբ:

 

Բաժին 2. Փոխանցման ընթացակարգը

 

Հոդված 13

 

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր խնդրանքները պետք է ներկայացվեն գրավոր: Դրանք, ինչպես նաև Կոնվենցիայի կիրառման համար անհրաժեշտ բոլոր այլ հաղորդագրությունները հայցող Պետության արդարադատության նախարարության կողմից ուղարկվում են հայցվող Պետության արդարադատության նախարարություն կամ, հատուկ փոխադարձ համաձայնությամբ, ուղղակիորեն հայցող Պետության իրավասու մարմիններից հայցվող Պետության իրավասու մարմիններին. դրանք հետ են ուղարկվում նույն ճանապարհով:

2. Հրատապ դեպքերում խնդրանքները և հաղորդագրությունները կարող են ուղարկվել Միջազգային քրեական ոստիկանություն կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ ծանուցել, որ իրեն վերաբերող մասով մտադիր է ընդունել փոխանցման այլ կանոններ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին կետով:

 

Հոդված 14

 

Եթե Պայմանավորվող պետությունը գտնում է, որ մեկ այլ Պայմանավորվող պետության կողմից ներկայացված տեղեկությունները բավարար չեն, որ իրեն հնարավորություն տրվի՝ կիրառելու սույն Կոնվենցիան, ապա պահանջում է անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն: Նման տեղեկատվություն ստանալու համար Պետությունը կարող է ժամկետ նշանակել:

 

Հոդված 15

 

1. Վարույթ իրականացնելու մասին խնդրանքին կից պետք է ներկայացվեն  քրեական գործի և անհրաժեշտ բոլոր մյուս փաստաթղթերի բնօրինակները կամ հաստատված պատճենները: Այնուամենայնիվ, եթե կասկածվող անձը, 5-րդ Բաժնի դրույթներին համապատասխան, պահվում է կալանքի տակ, և եթե հայցող Պետությունը չի կարող այս փաստաթղթերը փոխանցել վարույթ իրականացնելու մասին խնդրանքի հետ միասին, ապա փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև հետագայում:

2. Հայցող Պետությունը պետք է նաև հայցվող Պետությանը գրավոր տեղեկացնի խնդրանքը ներկայացնելուց հետո հայցող Պետության տարածքում իրականացված ընթացակարգային գործողությունների կամ միջոցառումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ վարույթի վրա: Այս հաղորդագրությանը կցվում են համապատասխան փաստաթղթեր:

 

Հոդված 16

 

1. Հայցվող Պետությունն անհապաղ տեղեկացնում է հայցող Պետությանը վարույթ իրականացնելու մասին խնդրանքի վերաբերյալ իր կայացրած որոշման մասին:

2. Հայցվող Պետությունը հայցող Պետությանը տեղեկացնում է նաև վարույթից հրաժարվելու կամ վարույթի արդյունքում իր կողմից կայացվող որոշման մասին: Գրավոր որոշման հաստատված պատճենը պետք է ուղարկվի հայցող Պետությանը:

 

Հոդված 17

 

Եթե հայցվող Պետության իրավասությունը հիմնված է բացառապես 2-րդ հոդվածի վրա, ապա այդ Պետությունը պարտավոր է կասկածվող անձին տեղեկացնել վարույթ իրականացնելու խնդրանքի մասին` վերջինիս թույլ տալով, որ նա հայցվող Պետությանը ներկայացնի իր տեսակետները նախքան այդ պետության կողմից խնդրանքի կապակցությամբ որոշում կայացվելը:

 

Հոդված 18

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների` Կոնվենցիայի կիրառմանն առնչվող փաստաթղթերի թարգմանություն չի պահանջվում:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելիս, վավերագիրը, ընդունելու կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հայտարարություն ուղղել` իրեն իրավունք վերապահելով պահանջել ներկայացնել վերը նշված փաստաթղթերի զուգահեռ թարգմանությունը` բացառությամբ 16-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված գրավոր որոշման: Մյուս Պայմանավորվող պետությունները պարտավոր են ուղարկել թարգմանությունները կամ ստացող Պետության ազգային լեզվով, կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկով` ըստ ստացող Պետության նշման: Այսուհանդերձ, նման նշումը պարտադիր չէ: Մյուս Պայմանավորվող պետությունները կարող են պահանջել փոխադարձություն:

3. Սույն հոդվածի դրույթները չեն ազդում երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև գործող կամ ապագայում կնքվելիք պայմանագրերով կամ համաձայնագրերով` դիմումների և կից փաստաթղթերի թարգմանությանը վերաբերող դրույթներին:

 

Հոդված 19

 

Սույն Կոնվենցիայի կիրառման համար ուղարկված փաստաթղթերի օրինականացում չի պահանջվում:

 

Հոդված 20

 

Պայմանավորվող պետությունները միմյանցից չեն պահանջում սույն Կոնվենցիայի կիրառումից առաջացող ծախսերի փոխհատուցում:

 

Բաժին 3. Վարույթ իրականացնելու մասին խնդրանքի հետևանքները հայցող Պետության համար

 

Հոդված 21

 

1. Վարույթ իրականացնելու մասին խնդրանք ներկայացնելու պահից հայցող Պետությունն այլևս իրավունք չունի կասկածվող անձի նկատմամբ հետապնդում իրականացնել խնդրանքի առարկա հանցագործության համար կամ ի կատար ածել որոշում, որը տվյալ Պետության տարածքում նախկինում կայացվել է տվյալ անձի նկատմամբ տվյալ հանցագործության համար: Մինչև հայցվող Պետության կողմից վարույթ իրականացնելու մասին խնդրանքի առնչությամբ կայացված որոշումն ստանալը հայցող Պետությունը, այսուհանդերձ, իրավունք ունի հետապնդման համար ձեռնարկել բոլոր քայլերը` բացառությամբ գործը դատարան ներկայացնելու կամ թույլատրելու, որ իրավասու վարչական մարմինը գործի վերաբերյալ որոշում կայացնի:

2. Հետապնդման և կատարման իրավունքը կրկին փոխանցվում է հայցող Պետությանը, եթե.

ա. հայցվող Պետությունը, 10-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացնում է նրան խնդրանքին ընթացք չտալու իր որոշման մասին,

բ. հայցվող Պետությունը, 11-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացնում է նրան խնդրանքի ընդունումը մերժելու որոշման մասին,

գ. հայցվող Պետությունը, 12-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացնում է նրան ընդունված խնդրանքին ընթացք չտալու  իր որոշման մասին,

դ. հայցվող Պետությունը տեղեկացնում է նրան հետապնդում չհարուցելու կամ վարույթը դադարեցնելու իր որոշման մասին,

ե. հետ է վերցնում խնդրանքը նախքան հայցվող Պետության` խնդրանքին ընթացք տալու վերաբերյալ որոշման մասին տեղեկանալը:

 

Հոդված 22

 

Սույն մասի դրույթներին համապատասխան ներկայացված` վարույթ իրականացնելու խնդրանքի հիման վրա հայցող Պետությունում քրեական հետապնդման վաղեմության ժամկետը երկարաձգվում է վեց ամսով:

 

Բաժին 4. Վարույթ իրականացնելու մասին խնդրանքի հետևանքները հայցվող Պետության համար

 

Հոդված 23

 

Եթե հայցվող Պետության իրավասությունը հիմնված է բացառապես 2-րդ հոդվածի վրա, ապա տվյալ Պետությունում քրեական հետապնդման վաղեմության ժամկետը  երկարաձգվում է վեց ամսով:

 

Հոդված 24

 

1. Եթե հետապնդման հարուցումը երկու Պետություններում էլ կախված է մասնավոր բողոքի ներկայացումից, ապա հայցող Պետությունում ներկայացված բողոքը ունի այն իրավական ուժը, ինչ հայցվող Պետությունում ներկայացված բողոքը:

2. Եթե բողոքն անհրաժեշտ է միայն հայցվող Պետությունում, ապա այդ Պետությունը կարող է սկսել վարույթը նույնիսկ բողոքի բացակայության դեպքում, եթե բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձը չի առարկել իր այդ իրավունքի մասին իրավասու մարմնի կողմից ծանուցվելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 25

 

Հանցագործության համար կիրառելի պատժամիջոցը պետք է լինի այն, ինչ նախատեսված է հայցվող Պետության օրենքով` բացառությամբ, եթե այդ օրենքով այլ բան նախատեսված չէ:  Եթե հայցվող Պետության իրավասությունը բացառապես հիմնված է 2-րդ հոդվածի վրա, ապա տվյալ Պետությունում նշանակված պատիժը չի կարող ավելի խիստ լինել, քան հայցող Պետության օրենքներով այդ կապակցությամբ նախատեսվող պատիժն է:

 

Հոդված 26

 

1. Հետապնդման նպատակով հայցող Պետությունում, նրա օրենքների և կանոնների համաձայն, կատարված ցանկացած գործողություն հայցվող Պետությունում ունի նույն իրավական ուժը, որը կունենար, եթե կատարվեր հայցող Պետության իրավասու մարմինների կողմից` պայմանով, որ այդպիսի նույնացումը տվյալ գործողությանն ավելի մեծ ապացուցողական ուժ չի հաղորդի, քան հայցող Պետությունում:

2. Վաղեմության ժամկետը ընդհատող ցանկացած գործողություն, որն օրինական կերպով կատարվել է հայցող Պետությունում, ունի միևնույն իրավական ուժը հայցվող Պետության տարածքում և ընդհակառակը:

 

Բաժին 5.  Հայցվող Պետությունում ձեռնարկվող ժամանակավոր միջոցառումները

 

Հոդված 27

 

1. Եթե հայցող Պետությունը հայտարարում է վարույթ իրականացնելու մասին խնդրանք փոխանցելու իր մտադրության մասին, և եթե հայցվող Պետության իրավասությունը բացառապես հիմնված է 2-րդ հոդվածի վրա, ապա վերջինս կարող է, հայցող Պետության դիմումի և սույն Կոնվենցիայի համաձայն, ժամանակավորապես կալանքի տակ վերցնել կասկածվող անձին, եթե՝

ա. հայցվող Պետության օրենսդրությամբ թույլատրվում է նախնական կալանք տվյալ հանցագործության համար, և

բ. հիմքեր կան կասկածելու, որ կասկածվող անձը կփախչի կամ ապացույցների ոչնչացման վտանգ կներկայացնի:

2. Ժամանակավոր կալանավորման մասին դիմումի մեջ պետք է նշվի, որ գոյություն ունի կալանքի մասին որոշում կամ նույն ուժն ունեցող այլ որոշում, որը կայացվել է հայցող Պետության տարածքում սահմանված կարգով, ինչպես նաև պետք է նշվի այն հանցագործությունը, որի կապակցությամբ հետապնդում իրականացնելու մասին խնդրանք պետք է ներկայացվի, որտեղ և երբ է կատարվել հանցագործությունը, կասկածյալի հնարավորին չափ ստույգ նկարագրությունը: Պետք է ներառվի նաև գործի հանգամանքների համառոտ նկարագրությունը:

3. Ժամանակավոր կալանավորման դիմումը պետք է հայցող Պետության` 13-րդ հոդվածում նշված մարմինների կողմից փոստով, հեռագրով, գրավոր կամ հայցվող Պետության համար ընդունելի այլ կրիչով ուղղակիորեն ուղարկվի հայցվող Պետության համապատասխան մարմիններին: Հայցող Պետությունը անհապաղ տեղեկացվում է իր դիմումին տրված ընթացքի մասին:

 

Հոդված 28

 

15-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի հետ վարույթ իրականացնելու մասին խնդրանքը ստանալուն պես հայցվող Պետությունն իրավասու է կիրառելու բոլոր այն ժամանակավոր միջոցառումները, այդ թվում` կասկածվող անձին կալանավորել և գույքը առգրավել, որոնք կարող էին կիրառվել նրա օրենսդրության համաձայն, եթե վարույթի առարկա հանցագործությունը կատարված լիներ նրա տարածքում:

 

Հոդված 29

 

1. 27-րդ և 28-րդ հոդվածներով նախատեսվող ժամանակավոր միջոցառումները կարգավորվում են սույն Կոնվենցիայի դրույթներով և հայցվող Պետության օրենքով: Տվյալ Պետության օրենքներով և Կոնվենցիայով սահմանվում են նաև այն պայմանները, որոնց դեպքում միջոցառումները ավարտվում են:

2. Այս միջոցառումները դադարում են 21-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերում:

3. Կալանքի տակ պահվող անձը պետք է ազատ արձակվի, եթե կալանավորվել է 27-րդ հոդվածի համաձայն, և եթե հայցվող Պետությունը վարույթ իրականացնելու խնդրանք չի ստանում կալանքի տակ պահելու օրվանից հետո 18 օրվա ընթացքում:

4. Կալանքի տակ պահվող անձը ցանկացած դեպքում պետք է ազատ արձակվի, եթե կալանավորվել է 27-րդ հոդվածի համաձայն, և եթե վարույթ իրականացնելու դիմումին կից պահանջվող փաստաթղթերը հայցվող Պետությունը չի ստացել խնդրանքը  ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:

5. Բացառապես 27-րդ հոդվածի հիման վրա կիրառվող կալանքի ժամկետը չի կարող ոչ մի դեպքում գերազանցել 40 օրը:

 

Մ ա ս  IV

 

Քրեական վարույթների բազմակիությունը

 

Հոդված 30

 

1. Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը ոչ քաղաքական և ոչ զուտ զինվորական բնույթի հանցագործության առնչությամբ վարույթ իրականացնելուց առաջ կամ վարույթի իրականացման ընթացքում տեղեկանում է մեկ այլ Պետությունում նույն անձի հանդեպ նույն հանցագործության հետ կապված գործով ընթացքի մեջ գտնվող վարույթի մասին, պարտավոր է պարզել, թե կարո՞ղ է արդյոք հրաժարվել իր վարույթից կամ կասեցնել վարույթը կամ վարույթը փոխանցել մյուս Պետությանը:

2. Եթե նա տվյալ հանգամանքներում նպատակահարմար է համարում չհրաժարվել իր վարույթից կամ չկասեցնել իր վարույթը, ապա պետք է այդ մասին ժամանակին տեղեկացնի մյուս Պետությանը. ցանկացած դեպքում` նախքան ըստ էության դատավճիռ կայացնելը:

 

Հոդված 31

 

1. 30-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում շահագրգիռ Պետությունները պետք է 8-րդ հոդվածում նշված դեպքերից յուրաքանչյուրը գնահատելուց հետո հնարավորության սահմաններում փորձեն պարզել, թե իրենցից որ մեկն է միայն շարունակելու վարույթի իրականացումը: Այս խորհրդակցական գործընթացի ժամանակ շահագրգիռ Պետությունները հետաձգում են ըստ էության դատավճռի կայացումը, այնուամենայնիվ, պարտավորված չլինելով երկարացնել հետաձգումը 30-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող ծանուցումը ուղարկելուց հետո 30 օրից ավելի:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները պարտադիր չեն՝

ա. 30-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծանուցումը ուղարկող Պետության համար, եթե նախքան ծանուցումն ուղարկելը այնտեղ հայտարարվել է մեղադրյալի ներկայությամբ քրեական գործով դատաքննություն սկսելու մասին,

բ. ծանուցման հասցեատեր Պետության նկատմամբ, եթե նախքան ծանուցումն ստանալը այնտեղ հայտարարվել է մեղադրյալի ներկայությամբ քրեական գործով դատաքննությունը սկսելու մասին:

 

Հոդված 32

 

Ճշմարտությունը բացահայտելու նպատակից ելնելով և նպատակ ունենալով կիրառելու համարժեք պատիժ` շահագրգիռ Պետությունները պետք է պարզեն, թե արդյոք նպատակահարմա՞ր է, որ իրենցից մեկը միայն իրականացնի վարույթը, և, եթե՝ այո, ապա փորձեն պարզել, թե իրենցից որ մեկը, եթե.

ա. ըստ էության տարբեր մի քանի հանցագործություններ, որոնք նախատեսված են Պետություններից յուրաքանչյուրի քրեական օրենսդրությամբ, վերագրվում են մեկ անձի կամ համատեղ գործած մի քանի անձանց,

բ. մեկ հանցագործությունը, որը նախատեսված է Պետություններից յուրաքանչյուրի քրեական օրենսդրությամբ, վերագրվում է համատեղ գործած մի քանի անձանց:

 

Հոդված 33

 

31-րդ հոդվածի 1-ին կետի և 32-րդ հոդվածի համաձայն կայացված բոլոր որոշումների դեպքում Պետությունների միջև առաջանում են բոլոր այն հետևանքները, որոնք առաջանում են սույն Կոնվենցիայի համաձայն վարույթը փոխանցելու դեպքում: Եթե Պետությունը հրաժարվում է իր սեփական վարույթից, ապա համարվում է, որ այն փոխանցել է այլ Պետության:

 

Հոդված 34

 

III Մասի 2-րդ Բաժնով նախատեսված փոխանցման ընթացակարգը կիրառվում է այնքանով, որքանով դրա դրույթները համատեղելի են սույն Մասի դրույթներին:

 

Մ ա ս  V

 

Ne bis in idem

 

Հոդված 35

 

1. Անձը, որի նկատմամբ կայացվել է վերջնական և կատարման ենթակա դատավճիռ, չի կարող նույն արարքի համար հետապնդվել, դատապարտվել կամ ենթարկվել պատժի մեկ այլ Պայմանավորվող պետությունում՝

ա. եթե նա արդարացվել է,

բ. եթե նշանակված պատիժը՝

i. ամբողջությամբ ի կատար է ածվել կամ ի կատար է ածվում, կամ

ii. համաներման կամ ներման պատճառով մասամբ կամ ամբողջությամբ ի կատար չի ածվել, կամ

iii. վաղեմության ժամկետը լրանալու պատճառով այլևս չի կարող ի կատար ածվել,

գ. եթե դատարանը հանցագործություն կատարած անձին մեղավոր է ճանաչել` առանց պատիժ նշանակելու:

2. Այնուհանդերձ, Պետությունը, բացառությամբ, եթե ինքն է դիմել վարույթ իրականացնելու համար, պարտավոր չէ ճանաչել «ne bis in idem»-ի սկզբունքը, եթե դատավճռի կայացման հիմքում ընկած գործողությունն ուղղված է եղել տվյալ Պետության պետական կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ օբյեկտի դեմ, կամ եթե դատապարտված անձը տվյալ Պետությունում պետական կարգավիճակ ունեցող անձ է:

3. Բացի այդ` Պայմանավորվող պետությունը, որտեղ կատարվել է արարքը կամ համարվում է կատարված` նրա օրենքին համապատասխան, պարտավոր չէ ճանաչելու «ne bis in idem»-ի սկզբունքը, եթե Պետությունն ինքը չի դիմել վարույթ իրականացնելու համար:

 

Հոդված 36

 

Եթե նոր վարույթ է իրականացվում մի անձի նկատմամբ, որը մեկ այլ Պետության տարածքում արդեն դատապարտվել է միևնույն հանցագործության համար, ապա նշանակվելիք պատիժը կրճատվում է ազատազրկման ձևով արդեն իսկ կրված պատժի չափով:

 

Հոդված 37

 

Սույն Մասի դրույթները չեն խոչընդոտում «ne bis in idem»-ի առավել լայն հարաբերություններ կարգավորող ներպետական դրույթների կիրառմանը՝ կապված օտարերկրյա դատավճիռների հետ:

 

Մ ա ս  V I

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 38

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման կամ ընդունման։ Վավերագրերը, ընդունման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո։

3. Կոնվենցիան հետագայում վավերացրած կամ ընդունած Ստորագրող պետության համար  սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո։

 

Հոդված 39

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի ցանկացած ոչ անդամ պետության՝ միանալու սույն Կոնվենցիային: Հրավերի վերաբերյալ բանաձևը պետք է ստանա սույն Կոնվենցիան վավերացրած՝ Եվրոպայի խորհրդի անդամների միաձայն համաձայնությունը։

2. Նման միացումը ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

 

Հոդված 40

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Կոնվենցիան։

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ հետագայում` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ տարածել սույն Կոնվենցիայի կիրառումը յուրաքանչյուր այլ տարածքի կամ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ որոնց անունից ինքը լիազորված է` ստանձնելու պարտավորություններ։

3. Նախորդ կետով նախատեսված յուրաքանչյուր հայտարարության մեջ նշված տարածքի կապակցությամբ այդպիսի հայտարարությունը կարող է հետ վերցվել Կոնվենցիայի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

 

Հոդված 41

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ կատարում է I Հավելվածով նախատեսված վերապահումներից մեկը կամ մի քանիսը, կամ կատարել սույն Կոնվենցիայի II Հավելվածով նախատեսված հայտարարություն:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է նախորդ կետին համապատասխան կատարած վերապահումից կամ հայտարարությունից մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով, որն ուժի մեջ է մտնում ստացման օրվանից:

3. Պայմանավորվող պետությունը, որը վերապահում է արել Կոնվենցիայի որևէ դրույթի նկատմամբ, չի կարող պահանջել, որ որևէ այլ Պայմանավորվող պետություն կիրառի այդ դրույթը. այնուամենայնիվ, նա կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել այդ դրույթի կիրառում այնքանով, որքանով ինքն է ընդունել այդ դրույթը:

 

Հոդված 42

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված գրավոր հայտարարությամբ ցանկացած պահի սահմանել սույն Կոնվենցիայի III Հավելվածում ընդգրկվելիք իրավական դրույթները:

2. III Հավելվածում թվարկված ներպետական դրույթների ցանկացած փոփոխության մասին պետք է ծանուցվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, եթե այդպիսի փոփոխության արդյունքում նշված Հավելվածի տեղեկությունները դառնում են ոչ ճիշտ:

3. Նախորդ երկու կետերի կիրառմամբ III Հավելվածում կատարված ցանկացած փոփոխություն յուրաքանչյուր Պայմանավորվող պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում դրա մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելուց մեկ ամիս հետո:

 

Հոդված 43

 

1. Սույն Կոնվենցիան չի շոշափում այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ծագում են հանձնման մասին պայմանագրերից և հատուկ հարցերով միջազգային բազմակողմ կոնվենցիաներից կամ սույն Կոնվենցիային առնչվող հարցերով դրույթներից, որոնք նախատեսված են Պայմանավորվող պետությունների միջև գործող այլ կոնվենցիաներով:

2. Պայմանավորվող պետությունները չեն կարող սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր` բացառությամբ, երբ դա կատարվում է սույն Կոնվենցիայի դրույթները լրացնելու կամ սույն Կոնվենցիայով սահմանված սկզբունքների կիրառումը դյուրացնելու նպատակով:

3. Այսուհանդերձ, եթե երկու կամ ավելի Պայմանավորվող պետություններ տվյալ ոլորտում իրենց հարաբերություններն արդեն իսկ սահմանել են կամ կսահմանեն միասնական օրենսդրությամբ կամ ստեղծել են կամ կստեղծեն իրենց առանձին համակարգը, ապա նրանք իրավասու են համապատասխան կերպով կարգավորել իրենց այդ հարաբերությունները` անկախ սույն Կոնվենցիայի դրույթներից:

4. Նախորդ կետի համաձայն` այս ոլորտում իրենց փոխադարձ հարաբերությունների նկատմամբ Կոնվենցիայի դրույթների կիրառումը դադարեցնող Պայմանավորվող պետությունները պարտավոր են այդ մասին ծանուցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 44

 

Եվրոպայի խորհրդի Հանցագործությունների հիմնախնդիրների եվրոպական հանձնաժողովը պետք է տեղեկացված լինի սույն Կոնվենցիայի կիրառման մասին և անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է Կոնվենցիայի կատարումից ծագող դժվարությունների խաղաղ լուծման համար:

 

Հոդված 45

 

1. Սույն Կոնվենցիան ուժի է մնում անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:

3. Այդպիսի չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

Հոդված 46

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ Պետություններին և Կոնվենցիային միացած բոլոր Պետություններին տեղեկացնում է.

ա. յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,

գ. սույն Կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

դ. 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

ե. 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

զ. 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

է. 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

ը. 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն արված յուրաքանչյուր վերապահման կամ հայտարարության մասին,

թ. 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր վերապահման կամ հայտարարության չեղյալ հայտարարման մասին,

ժ. 42-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության և նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն հետագայում ստացված յուրաքանչյուր ծանուցման մասին,

ժա. 43-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր ծանուցման մասին,

ժբ. 45-րդ հոդվածի համաձայն ստացված յուրաքանչյուր ծանուցման և չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին:

 

Հոդված 47

 

Սույն Կոնվենցիան և դրա շրջանակներում թույլատրելի ծանուցումներն ու հայտարարությունները կիրառվում են միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են համապատասխան Պետությունների համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

 

Ի վկայություն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Ստրասբուրգում 1972 թվականի մայիսի 15-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները ուղարկում է Կոնվենցիան ստորագրող և դրան միացող յուրաքանչյուր Պետության կառավարության:

 

ՀԱՎԵԼՎԱԾ I

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում.

ա. հրաժարվել վարույթի խնդրանքն ընդունելուց, եթե գտնում է, որ հանցագործությունը զուտ կրոնական բնույթի է,

բ. հրաժարվել վարույթի խնդրանքն ընդունելուց, եթե, իր օրենսդրության համաձայն, տվյալ հանցագործության համար նախատեսվող պատիժը կարող է նշանակվել միայն վարչական մարմնի կողմից,

գ. չընդունել 22-րդ հոդվածը,

դ. չընդունել 23-րդ հոդվածը,

ե. չընդունել 25-րդ հոդվածի երկրորդ նախադասության դրույթները սահմանադրական պատճառներով,

զ. չընդունել 26-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթները այն դեպքում, երբ ինքը իրավասու է իր օրենսդրության համաձայն,

է. 30-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի դրույթները չկիրառել այն գործողությունների նկատմամբ, որոնց համար, իր օրենսդրության համաձայն կամ այլ շահագրգիռ Պետության օրենսդրությամբ, պատիժ կարող է նշանակվել միայն վարչական մարմնի կողմից,

ը. չընդունել V  Մասը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ II

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ իր սահմանադրական պատճառներով կարող է վարույթի փոխանցման խնդրանքներ ներկայացնել կամ ստանալ միայն ներպետական օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարությամբ սահմանել Կոնվենցիայում օգտագործվող «քաղաքացի» հասկացությունը իրեն վերաբերող մասով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ III

 

Քրեական օրենքով կարգավորման առարկա հանդիսացող հանցագործություններից տարբեր այլ իրավախախտումների ցանկ
      Հետևյալ հանցագործությունները նույնացվում են քրեական իրավունքի առարկա հանդիսացող իրավախախտումներին.

- Ֆրանսիայում `

«contravention de grande voirie»-ով պատժվող ցանկացած ապօրինի վարքագիծ.

- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում`

«Կանոնակարգերի խախտման մասին ակտով» («Gesetz uber Ordnungswidrigkeiten», 1968թ., մայիսի 24-BGB1 1968, 1, 481) կարգավորվող ընթացակարգի ցանկացած խախտում.

- Իտալիայում`

ցանկացած ապօրինի վարքագիծ, որի նկատմամբ կիրառել է 1967թ. մարտի 3-ի հմ. 317 օրենքը:

 

Ուժի մեջ է մտել 2005թ. մարտի 18-ին