Գլխավոր տեղեկություն
Номер
N 1654-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.14/2(301) Հոդ.17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.11.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.12.2003
Дата вступления в силу
15.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


 27 նոյեմբերի 2003 թվականի N 1654-Ն

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների գործունեությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սահմանված ժամկետներում ապահովել երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագրի կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 


Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 27-ի N 1654-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Մեր երկիրը թևակոխել է հասարակական հարաբերությունների արդիականացման, սոցիալական փոխակերպումների ժամանակաշրջան, որն ի հայտ է բերել նոր` երկրի դժվար իրավիճակով պայմանավորված սոցիալական հիմնախնդիրներ, ձեռք բերված որոշ նվաճումների կորուստ, որոնք պահանջում են հասարակության և պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանն ուղղված արդիական մոտեցումներ: Այդ համատեքստում նոր բովանդակություն են ստանում երեխաների հիմնախնդիրների նկատմամբ ձևավորված պետական մոտեցումները և իրականացման մեխանիզմները, որոնցով և պայմանավորված է մանկական խնամակալական կազմակերպությունների բարեփոխման համար պետական ռազմավարական ծրագրի մշակումը: Երեխաների պաշտպանության ապահովումն այսօր նշանակում է հավասարակշռության հաստատում երեք կարևորագույն բաղադրիչների միջև` երեխա, ընտանիք և հասարակություն: Դրա ապահովումը պետք է շարունակաբար կանոնակարգվի, իրականացվի և վերահսկվի, ինչպես պետության, այնպես էլ հասարակության կողմից, որպես հիմնարար պարտավորություններից մեկն ապագա հասարակության նկատմամբ:

 

ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Երեխան առանձին վերցված, որպես հասարակության դեռևս ոչ ամբողջապես ձևավորված և աշխատունակ ինքնուրույն անդամ, ֆունկցիոնալ կախվածության մեջ է իր ծնողներից, ընտանիքից, վերջինիս սոցիալական ապահովվածությունից: Նրա լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է ծնողների սերը, հոգածությունը, խնամքն ու դաստիարակությունը: Սակայն հասարակության կյանքում տեղի ունեցող ճգնաժամային պրոցեսները ներխուժել են ընտանիք` փոխելով ստեղծված ներընտանեկան հարաբերությունները, ազդել սերունդների փոխհարաբերությունների վրա, բերել բազմաթիվ կոնֆլիկտների, ինչ արդյունքներում խեղաթյուրվում են երեխայի զարգացման բնականոն պայմանները, խախտվում հիմնական իրավունքները և օրինական շահերը: Հասարակությունն այսօր կիսում է այն համոզմունքը, որ տարբեր դրդապատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կազմում են սոցիալական առավել խոցելի խումբը: Այդ առումով մտահոգության առիթ է հանրապետությունում սոցիալական որբության երևույթի խորացումը` ընդհանուր անբարենպաստ ժողովրդագրական ֆոնի վրա: Դա է վկայում այն փաստը, որ վերջին տարիներին միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների հետ մեկտեղ մանկական խնամակալական կազմակերպություններում հայտնվում են նաև ծնողներ ունեցող, բայց տարբեր պատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Նման երեխաների խնամքը և դաստիարակությունը համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի իրականացվում է պետության կողմից մանկական խնամակալական կազմակերպություններում (այսուհետ` մանկատուն): Մանկատունն ապահովում է մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական վերականգնումը` նրանց մշտական խնամքը և դաստիարակությունը, ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Ներկայումս հանրապետությունում գործում են 8 պետական և երեք ոչ պետական մանկատներ, որտեղ իրականացվում են շուրջ 1000 երեխայի մշտական խնամքն ու դաստիարակությունը: Վերջին տարիներին գրանցվել է մանկատներում խնամվող երեխաների թվի զգալի աճ: Միայն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության 8 մանկատանը խնամվում են 900 երեխա, որից 320-ը` մասնագիտացված մանկատներում: Ոչ պետական մանկատներում համապատասխանաբար խնամվում են` Սպիտակի «Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղում»`-32, Գյումրիի «Տիրամայր Հայաստանի կենտրոնում»`-60, Աբովյանի ընտանեկան տիպի «ՍՕՍ մանկական գյուղում»`-74 երեխաներ:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնամքի, բուժման, դաստիարակության և զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալիզացիայի, նրանց անձի պահպանման և կայացման համար անհրաժեշտ է բարելավել հաստատությունների գործունեությունը, կատարելագործել աշխատանքի մեթոդները` ներդնելով միջազգային առաջավոր փորձը:

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում ամրագրված է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը և համաձայն երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, մանկատների միջոցով խնամքը ոչ մի դեպքում չպետք է փոխարինի աղքատության նվազեցման ռազմավարություններին և ընտանիքի աջակցության ծառայություններին: Մանկատներում երեխաների խնամքը պետք է լինի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի վերջին ատյանը, այլ ոչ թե միակը: Պետության քաղաքականությունը և միջոցառումները պետք է ուղղված լինեն ընտանիքների աջակցությանը` իրենց երեխաների գոյատևումը և զարգացումն ապահովելու համար:

Ծրագրի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության իրականացման ապահովումն ընտանեկան կամ ընտանեկանին մոտեցված միջավայրում` ստեղծելով նրանց լիարժեք կյանքի կայուն երաշխիքներ:

Ծրագրի խնդիրներն են քննության առնել և համապատասխան լուծումներ ու միջոցառումներ առաջարկել հետևյալ հարցերին`

1. մանկատներում երեխաների թվի ավելացման կանխարգելում,

2. մանկատների բեռնաթափում,

3. մանկատներում գտնվող երեխաների կյանքի որակի բարելավում, երեխաների ինտեգրում հասարակության մեջ,

4. մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանություն,

5. օրենքով սահմանված կարգով մանկատների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում:

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. Մանկատներում երեխաների թվի ավելացման կանխարգելում

 

2002 թ. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության 8 մանկատան ուսումնասիրության արդյունքները փաստում են խնամվող երեխաների թվի աճ` մոտ 17%-ով` հատկապես մասնագիտացված մանկատներում, որը բնակչության խորացող աղքատության, դեղորայքի և բուժծառայությունների բարձր գների, ծնողների հմտությունների պակասի այլընտրանքային ծառայությունների բացակայության և այլ երևույթների համալիր ազդեցության արդյունք է: Մանկատներում խնամվող երեխաների թվի աճը զուգակցվում է, հիմնականում, սոցիալական որբություն վերապրող երեխաների թվի տեսակարար կշռի մեծացմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է ընտանիքների ծանր սոցիալ-տնտեսական վիճակով: Այլընտրանքային ծառայությունների բացակայությունը, մսուր-մանկապարտեզների թվի խիստ կրճատումը, երեխաների ցերեկային խնամքի հաստատությունների բացակայությունը նպաստում են երևույթի խորացմանը:

Այս խնդրի լուծման համար արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել «Մանկական խնամակալական կազմակերպություններում երեխաների տեղավորման և դուրսգրման կարգը», որը հնարավորություն կտա կանխելու մանկատանը տեղավորման ոչ ենթակա երեխաների հոսքը, և կանխարգելելու սոցիալական որբության երևույթը: Սակայն, սահմանելով մանկատուն տեղավորման ավելի խիստ պայմաններ, հարցը չի ստանում բավարար լուծում, քանզի երեխաների խոցելի մի խումբ, որոնք հիմնականում սոցիալապես անապահով և միածնող (միայնակ մոր) երեխաներ են, հայտնվում են անբարենպաստ պայմաններում: «Երեխաների բարեկեցության ազգային ռազմավարություն» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում 2003 թ. ընթացքում նախատեսված է ստեղծել երկու համայնքային կենտրոն (Երևանում, Գյումրիում) հարցին տալիս է միայն մասնակի լուծում:

Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներն են`

1.1. Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի բարելավումը.

ա) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում,

բ) երեխայի հարցերով սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրում,

գ) աջակցության մեխանիզմների մշակում` կոնֆլիկտային կամ սոցիալապես անապահով ընտանիքների և նրանց երեխաների համար:

1.2 Երեխաների խնամքի ժամանակավոր կացարանների ստեղծումը.

ա) մսուր-մանկապարտեզների ցանցի ընդլայնում և դրանց մատչելիության ապահովում,

բ) երեխաների ցերեկային կենտրոնների ստեղծում բոլոր մարզերում:

 

2. ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄԸ

 

Մանկատների բեռնաթափումը մի հասկացություն է, որը շատ հաճախ օգտագործվում է նկարագրելու կամ բարեփոխումները, որոնք ուղղված են երեխայի պաշտպանության համակարգում հաստատությունների դերի փոփոխմանը: Անկախ նրանից, թե որ մակարդակում են իրականացվում այդ բարեփոխումները, մանկատնից երեխաների դուրսբերման նպատակն է վերականգնել երեխաների կապեր իրենց ընտանիքների և համայնքների հետ, նպաստել այնպիսի միջավայրի հաստատմանը, որը կհեշտացնի նրանց իրավունքների լրիվ իրականացմանը:

Մանկատներից երեխաների դուրս բերումը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում: Այն կարող է ներառել ընտանիքի վրա հիմնվող այլընտրանքներ մանկատներում խնամքի փոխարեն, ինչպիսիք են` խնամակալությունը, խնամատար ընտանիքը և որդեգրումը: Այն կարող է իրագործվել սոցիալական բարեկեցության համակարգի բարեփոխման մեջ, երբ մանկատանը խնամվող երեխաների համար պետության կողմից արված ծախսերն ուղղվում են ընտանիքի աջակցությանը և սոցիալական պաշտպանության ծառայությունների վերակառուցմանը, ընտանիքը փոխարինող ծառայությունների ստեղծմանը:

Այս խնդրի իրականացմանն է ուղղված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Մանկական խնամակալական կազմակերպությունների բեռնաթափում» ծրագիրը, որի նպատակն է մանկատան երեխաների կարգավիճակի ուսումնասիրությունը, նրանց տվյալների տեղեկատվական շտեմարանի ստեղծումը, ծնողներ ունեցող երեխաների ընտանիքների վիճակի ուսումնասիրությունը և նման երեխաներին ընտանիք վերադարձնելու մեխանիզմների մշակումը:

Ծրագրի իրականացումն ակնկալում է մանկատան երեխաների թվի 10% կրճատում:

Մանկատներից երեխաների դուրսբերման խնդրի լուծմանը մեծապես կնպաստի խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը, որը կապահովի ընտանեկան միջավայրում նման երեխաների խնամքը և դաստիարակությունը, կմեծանա երեխաներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, կկրճատվեն պետական բյուջեով կատարվող ծախսերը և կստեղծվեն նոր աշխատատեղեր (խնամատար ընտանիքների համար):

Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներն են`

2.1. Իրականացնել միջոցառումներ մանկատանը խնամվող երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու համար.

ա) երեխայի կենսաբանական ընտանիքի կարիքների գնահատում,

բ) ընտանիքի աջակցության մեխանիզմների մշակում,

գ) ծնողներին երեխայի (հատկապես հաշմանդամ) խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների տրամադրման ապահովում:

2.2. Որդեգրությունը կարգավորող օրենսդրության կատարելագործում.

ա) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի ընդունումից հետո օրենսգրքով նախատեսված իրավական ակտերի ընդունում,

բ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում, որի նպատակն է ընդունված նոր օրենքում վերականգնել նախկին օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պատվիրակած լիազորություններից մեկը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարցերի լուծումը:

 

3. ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Ընտանիքում երեխայի ապրելու գաղափարի որդեգրումը մեծ առաջընթաց է պետական քաղաքականության մեջ: Այսօր զարգացած շատ երկրներում երեխաների սոցիալական որբության դեմ պայքարի լավագույն եղանակը երեխային կրկին ընտանիքում տեղավորելն է, նրան ընտանեկան միջավայրում ընտանեկան դաստիարակությամբ ապահովելը: Մի շարք երկրների հաջողվել է հասնել դրան, վերացնել մանկատները` ապահովելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կյանքի և զարգացման համար լավագույն պայմաններ: Այս խնդրի լուծումը մեզանից կպահանջի մեծ ջանքեր և երկար ժամանակ: Այդ կապակցությամբ այսօր կարևորվում է մանկատներում խնամվող երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավումը, նրանց կյանքի որակի բարձրացումը և ինտեգրումը հասարակության մեջ: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ ուղղված մանկատան երեխաների հետմանկատնային ժամանակաշրջանում ինքնուրույն կյանքի դժվարությունները դիմագրավելու հմտությունների և կարողությունների նախադրյալների հայտնաբերմանը և զարգացմանը` տնային տնտեսության վարմանը, ապագա ծնողի, քաղաքացու, կոլեկտիվի անդամի դերային վարքագծի գիտելիքների, հմտությունների ուսուցմանը, սեփական ուժի և կարողությունների նկատմամբ հավատի ու վստահության ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության ձեռքբերման հնարավորությունների ընձեռմանը:

Կադրերի որակավորման և վերապատրաստման համակարգի երկարատև բացակայության պատճառով ներկայումս մանկատներում աշխատողներից շատերը չեն տիրապետում երեխաների խնամքի, վերականգնողական միջոցառումների և բուժման ժամանակակից մեթոդներին:

Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներն են`

3.1. Իրականացնել մանկատների բժշկական օգնության և մանկավարժական աշխատանքի բարելավում

ա) մանկատանը բժշկական օգնության, խնամքի և դաստիարակչական աշխատանքների կատարելագործում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում,

բ) մանկատները սոցիալական մանկավարժության, սոցիալական հոգեբանության մասնագետներով ապահովում,

գ) մանկատան կադրերի պարբերական վերապատրաստման ապահովում:

3.2. Ներդնել սոցիալական աշխատանքի ինստիտուտը մանկատներում

ա) մանկատան երեխաների անհատական սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերի մշակում և իրականացում,

բ) մանկատան երեխաներին մասնագիտական կողմնորոշման ապահովում,

գ) մանկատան երեխաներին միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության ձեռքբերման հնարավորությունների ընձեռում:

 

4. ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հանրապետությունում ներկայումս գործող 11 մանկատնից 8-ում, ամեն տարի չափահաս են դառնում մոտ 20 սան: Սկսած 1991 թ.-ից հանրապետության այդ տարիներին գործող մանկատներից դուրս են գրվել շուրջ 150 շրջանավարտներ, որոնց հաշվառման, աշխատանքի տեղավորման, բնակելի տարածքով ապահովման խնդիրների լուծման աջակցությունը կրել է տարերային բնույթ: Նրանք այս տարիների ընթացքում պետության կողմից որևէ աջակցություն չեն ստացել, բնակվում են հիմնականում տարբեր հանրակացարաններում կամ պատահական վայրերում, ծայրահեղ անբարենպաստ պայմաններում: Մի մասին էլ իրենց խնամառությանն են վերցրել մանկատան` համեմատաբար տարիքով մեծ շրջանավարտները:

Այդ առումով մեծ ձեռքբերում էր «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի ընդունումը: Խնդրի լուծմանն է ուղղված նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից իրականացվող «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որն առաջիկա երկու տարվա ընթացքում կլուծի մանկատների շուրջ 100 շրջանավարտի սոցիալական, կրթական և առողջապահական խնդիրներ:

Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ են`

4.1. Մանկատների շրջանավարտներին սոցիալական աջակցության ապահովում

«Աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին»  ծրագրի իրականացում:

 

5. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Հանրապետությունում վերջին տարիներին մանկատներում խնամվող երեխաների թվի աճի հետ մեկտեղ ավելացել է նաև մանկատների թիվը, մասնավորապես ոչ պետական մանկատները, ինչը հակասում է ներկայումս պետության կողմից իրականացվող մանկատների բեռնաթափման քաղաքականությանը: Ոչ պետական մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության նկատմամբ փաստացի վերահսկողություն որևէ ձևով չի իրականացվում: Չկա հստակ պատկերացում ոչ պետական մանկատներում տարվող դաստիարակչական աշխատանքների, երեխաների խնամքի, նրանց հետագա ճակատագրի առումով:

Ելնելով վերոհիշյալ պահանջից` կատարվել են փոփոխություններ և լրացումներ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես, օրենքի 25-րդ հոդվածը նախատեսում է մանկատների վերահսկողությունը պետության կողմից: Պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների, մանկատներ երեխաների տեղավորման և դուրսգրման կարգի ընդունումը մեծապես կնպաստի հարցի կարգավորմանը:

Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներն են`

5.1. Ապահովել մանկատների վերահսկողությունը

ա) «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի կիրարկումն ապահովող իրավական ակտերի ընդունում,

բ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 27-ի N 1654-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

N N
ը/կ

Միջոցառումները

Նպատակը

Պատասխանատու
կազմակերպությունը և
համագործակցող
կազմակերպությունները

Կատարման ժամկետը

1.

 

Մանկատներում երեխաների
թվի աճի կանխարգելում

 

 

1.1

 

 

 

 

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների
կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում

Խնամակալության հոգաբարձության
մարմինների աշխատանքի կատարելագործում

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարություն

2003 թ.

1. 2

Երեխայի հարցերով սոցիալական
աշխատանքի ինստիտուտի ներդրում

Խնամակալության և հոգաբարձության
մարմինների աշխատանքի կատարելագործում

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարություն Հայաստանի
Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարություն

2004 թ.

1. 3

Աջակցության մեխանիզմների մշակում՝
կոնֆլիկտային կամ սոցիալապես
անապահով ընտանիքները և նրանց
երեխաների համար

Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի կատարելագործում

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարություն

2005 թ.

1.4

Մսուր-մանկապարտեզների ցանցի
ավելացում և դրանց մատչելիության 
ապահովում 

Երեխաների խնամքի ժամանակավոր կացարանների ստեղծում ապահովում

Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

Մինչև
2010 թ.

1. 5

Երեխաների ցերեկային կենտրոնների
ստեղծում բոլոր մարզերում

Երեխաների խնամքի ժամանակավոր կացարանների ստեղծում

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարություն

Մինչև
2010 թ.

2.

 

Մանկատների բեռնաթափում

 

 

2. 1

Երեխայի կենսաբանական ընտանիքի
կարիքների գնահատում

Մանկատանը խնամվող երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության 
նախարարություն

 

2. 2

Ընտանիքի աջակցության
մեխանիզմների մշակում

Մանկատանը խնամվող երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարություն

2004 թ.

2. 3

Ծնողներին երեխայի(հատկապես հաշմանդամ)
խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ
գիտելիքների ու հմտությունների ուսուցման ապահովում

Մանկատանը խնամվող երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք

Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

2004-2010 թթ.

2. 4

Հայաստանի Հանրապետության ընտանեկան
օրենսգրքի ընդունումից հետո օրենսգրքով
նախատեսված իրավական ակտերի ընդունում

Որդեգրությունը կարգավորող օրենսդրության կատարելագործում

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարություն

2004 -2005 թթ.

2. 5

«Տեղական ինքնակառավարման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի մշակում

Որդեգրությունը կարգավորող օրենսդրության կատարելագործում

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարություն

2004 թ.

3.

 

Մանկատներում գտնվող երեխաների կյանքի որակի բարելավում, երեխաների ինտեգրում հասարակության մեջ

 

 

3. 1

Մանկատանը օգնության,
խնամքի և բժշկական դաստիարակչական
աշխատանքների կատարելագործում, ժամանակակից
տեխնոլոգիաների ներդրում

Մանկատների բժշկական օգնության
և մանկավարժական աշխատանքի բարելավում

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարություն
Հայաստանի Հանրապետության սոցիալական
ապահովության նախարարություն

2005 թ.

3. 2

Մանկատները սոցիալական
մանկավարժության, սոցիալական
հոգեբանության մասնագետներով ապահովում

Մանկատների բժշկական օգնության և մանկավարժական աշխատանքի բարելավում

էկոնոմիկայի նախարարություն

2005 թ.

3. 3

Մանկատան կադրերի պարբերական
վերապատրաստման ապահովում

Մանկատների բժշկական օգնության
և մանկավարժական աշխատանքի բարելավում

Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն Հայաստանի
Հանրապետության առողջապահության
նախարարություն Հայաստանի
Հանրապետության սոցիալական
ապահովության նախարարություն

պարբերաբար

3. 4

Մանկատան երեխաների անհատական
սոցիալ-հոգեբանական վերականգնողական
ծրագրերի մշակում և իրականացում

Մանկատներում սոցիալական
աշխատանքի ինստիտուտի ներդրում

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության
նախարարություն

մշտապես

3. 5

Մանկատան երեխաներին
մասնագիտական կողմնորոշման
ապահովում

Մանկատներում սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրում

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

պարբերաբար

3. 6

Մանկատան երեխաներին
միջին կամ բարձրագույն մասնագիտական
կրթության ձեռքբերման հնարավորությունների ընձեռում

Մանկատներում սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրում

Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովության նախարարություն կրթության
և գիտության նախարարություն

պարբերաբար

4.

 

Մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանություն

 

 

4. 1

«Աջակցություն մանկական
խնամակալական կազմակերպությունների»
ծրագրի իրականացում

Մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանություն

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

2004 թ.

5.

 

Մանկատների գործունեության
նկատմամբ վերահսկողության
ապահովում

 

 

5. 1

ա) «Երեխայի իրավունքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ
հոդվածի կիրարկումն ապահովող իրավական
ակտերի ընդունում

Մանկատների գործունեության
նկատմամբ վերահսկողության
ապահովում

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

2004 թ.

5 .2

բ) «Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և
անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում

Մանկատների գործունեության
նկատմամբ վերահսկողության
ապահովում

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

2004 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան