Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Тип
Ինկորպորացիա (01.07.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Եվրոպայի երկրներ
Дата принятия
20.10.2000
Дата подписания
20.10.2000
Дата вступления в силу
01.07.2004

Լ Ա Ն Դ Շ Ա Ֆ Տ Ի

 Ե Վ Ր Ո Պ Ա Կ Ա Ն  Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

Նախաբան

 

Սույն Կոնվենցիան ստորագրող Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է անդամ պետությունների միջև ավելի սերտ միասնության հասնելը` իրենց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող սկզբունքներն ու գաղափարները պահպանելու և զարգացնելու համար, և որ այդ նպատակին, մասնավորապես, կարելի է հասնել տնտեսական և հասարակական ոլորտների համաձայնագրերով,

շահագրգռված լինելով հասնել հասարակության կարիքների, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև համաչափ և ներդաշնակ հարաբերությունների վրա հիմնված կայուն զարգացման,

նշելով, որ լանդշաֆտը կարևոր դեր ունի հասարակության շահերում մշակույթի, բնապահպանության, շրջակա միջավայրի ու սոցիալական ոլորտներում և հանդիսանում է տնտեսական գործունեության զարգացմանը նպաստող ռեսուրս, ինչպես նաև այն, որ լանդշաֆտի պահպանությունը, կառավարումն ու պլանավորումը կարող են նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը,

գիտակցելով, որ լանդշաֆտը նպաստում է տեղական մշակույթի ձևավորմանը` հանդիսանալով Եվրոպայի բնական և մշակութային ժառանգության հիմնական բաղադրամաս, նպաստում է մարդկանց բարեկեցությանն ու եվրոպական ինքնության ամրապնդմանը,

ընդունելով, որ լանդշաֆտը մարդկանց բարեկեցության կարևոր բաղկացուցիչ մաս է ամենուրեք` քաղաքային և գյուղական միջավայրում, հետընթաց ապրող և զարգացման բարձր մակարդակի հասած բնակավայրերում, այնպիսի տարածքներում, որոնք համարվում են առանձնապես գեղեցիկ, և սովորական (ամենօրյա) տարածքներում,

նշելով, որ գյուղատնտեսության, անտառաբուծության, արդյունաբերական և հանքային արտադրության մեթոդների նվաճումները, տարածքային պլանավորման, քաղաքաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության և հանգստի ոլորտների զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մակարդակի համաշխարհային տնտեսության փոփոխությունները շատ դեպքերում արագացնում են լանդշաֆտի ձևափոխումը,

ցանկանալով արձագանքել բարձր որակի լանդշաֆտ վայելելու և լանդշաֆտի զարգացման գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հանրության ցանկությանը,

հավատալով, որ լանդշաֆտն անհատական ու սոցիալական բարեկեցության հիմնական գործոնն է, և որ լանդշաֆտի պահպանությունը, կառավարումն ու պլանավորումը իրավունքներ և պարտականություններ են առաջացնում յուրաքանչյուրի համար,

հաշվի առնելով բնական ու մշակութային ժառանգության պահպանության և կառավարման, տարածքային պլանավորման, տեղական ինքնակառավարման և անդրսահմանային համագործակցության ոլորտները` մասնավորապես` միջազգային մակարդակով գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի առկայությունը, Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիան (Բեռն, սեպտեմբերի 19, 1979թ.), Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին կոնվենցիան (Գրանադա, հոկտեմբեր 3, 1985թ.), Հնագիտական ժառանգության պահպանության եվրոպական համաձայնագիրը (վերանայված), (Վալետտա, հունվարի 16, 1992թ.), Տարածքային համայնքների և իշխանությունների անդրսահմանային համագործակցության Եվրոպական շրջանակային կոնվենցիան (Մադրիդ, մայիսի 21, 1980թ.), և լրացուցիչ արձանագրությունները, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան (Ստրասբուրգ, հոկտեմբերի 15, 1985թ.), Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան (Ռիո դե Ժանեյրո, հունիսի 5, 19992թ.), Համաշխարհային մշակույթի և բնության ժառանգության պահպանության մասին համաձայնագիրը (Փարիզ, նոյեմբերի 16, 1972թ.), Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան (Օրհուս, հունիսի 5, 19998թ.),

ընդունելով, որ եվրոպական լանդշաֆտի որակն ու բազմազանությունը համընդհանուր ռեսուրսներ են, և որ անհրաժեշտ է համագործակցել լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման խնդիրներում,

ցանկանալով ապահովել նոր իրավական փաստաթուղթ` բացառապես ուղղված Եվրոպայի բոլոր լանդշաֆտների պահպանմանը, կառավարմանն ու պլանավորմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Գ լ ու խ  1 

 

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1 Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիաի նպատակների համար`

ա) «Լանդշաֆտ» - մարդու կողմից ընկալվող տարածք, որի բնույթը բնական և մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է,

բ) «Լանդշաֆտային քաղաքականություն» - իրավասու իշխանությունների կողմից ընդհանուր սկզբունքների, ռազմավարությունների և հիմնակլան ուղղությունների մի ամբողջական արտահայտումն է, որը թույլ կտա իրականացնել միջոցառումներ` ուղղված լանդշաֆտի պահպանությանը, կառավարմանն ու պլանավորմանը,

գ) «Լանդշաֆտի որակի նպատակը» - նշանակում է` շրջակա միջավայրի վերաբերյալ հասարակության ձգտումների վրա հիմնված և իրավասու մարմինների կողմից հատուկ լանդշաֆտի առանձնահատկությունների վերաբերյալ ձևակերպումներ,

դ) «Լանդշաֆտի պահպանություն» - լանդշաֆտի էական կամ առանձնահատուկ հատկանիշների պահպանությանն ուղղված գործունեություն` պայմանավորված բնական և/կամ մարդկային գործունեության արդյունք հանդիսացող ժառանգության արժեքավորմամբ,

ե) «Լանդշաֆտի կառավարում» - կայուն զարգացման հեռանկարներն ապահովող և սոցիալական, տնտեսական և այլ միջավայրային գործընթացներով պայմանավորված` լանդշաֆտի վրա ազդող փոփոխությունների ներդաշնակեցմանն ու կարգավորմանն ուղղված հետևողական գործունեություն,

զ) «Լանդշաֆտի պլանավորում» - նշանակում է` ուժեղ կանխորոշող գործողություն` ուղղված լանդշաֆտի զարգացմանը, վերականգնմանը կամ կարգավորմանը:

 

Հոդված 2 Կիրառման ոլորտը

 

Համաձայն 15-րդ հոդվածի դրույթների` Կոնվենցիա կիրառվում է Կողմերի ամբողջ տարածքների համար և ընդգրկում է բնական, գյուղական, քաղաքային և քաղաքամերձ տարածքները: Այն ներառում է հողային, ջրային և ծովային մակերևույթների տարածքները: Դա վերաբերում է ինչպես առանձնահատուկ լանդշաֆտներին, այնպես էլ սովորական և հետ զարգացող տարածքներին:

 

Հոդված 3 Նպատակները

 

Սույն Կոնվենցիայի նպատակներն են` խթանել լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացը և կազմակերպել լանդշաֆտի հարցերով եվրոպական համագործակցությունը:

 

Գ լ ու խ  2 

 

Ազգային միջոցառումներ

 

Հոդված 4 Պարտավորությունների տարանջատում

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է իրականացնի սույն Կոնվենցիան, մասնավորապես` 5-րդ և 6-րդ հոդվածները, համաձայն իր իշխանությունների տարանջատման սկզբունքի, սահմանադրական սկզբունքներին և վարչական նորմերին համապատասխան` հարգելով կայուն զարգացման սկզբունքներն ու նկատի ունենալով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան: Չթերագնահատելով սույն Կոնվենցիայի դրույթները` յուրաքանչյուր Կողմ պետք է ներդաշնակեցնի սույն Կոնվենցիայի իրականացումն իր քաղաքականությանը:

 

Հոդված 5 Ընդհանուր միջոցառումներ

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է.

ա) օրենքով ճանաչել լանդշաֆտները` որպես բնակչության կենսավայրի էական բաղադրամասեր, մշակութային և բնական ընդհանուր ժառանգության բազմազանության արտահայտություն և նրա ինքնության հիմք,

բ) 6-րդ հոդվածով ամրագրված հատուկ միջոցառումների ընդունմամբ հաստատել և ապահովել լանդշաֆտային քաղաքականությունը, որն ուղղված է լանդշաֆտների պահպանությանը, կառավարմանն ու պլանավորմանը,

գ) սահմանել ընթացակարգերը սույն հոդվածի «բ» կետով ամրագրված լանդշաֆտային քաղաքականության սահմանմանը և իրականացմանը հանրության, տեղական և տարածքային իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցության համար,

դ) ներառել լանդշաֆտը տարածքային պլանավորման և քաղաքաշինական պլանավորման, քաղաքականության, մշակութային, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, սոցիալական և տնտեսական, ինչպես նաև ցանկացած այլ քաղաքականության մեջ, որն ուղիղ կամ անուղղակի ազդեցություն կարող է թողնել լանդշաֆտի վրա:

 

Հոդված 6 Հատուկ միջոցառումներ

 

Ա. Իրազեկության բարձրացում

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է բարձրացնել քաղաքացիական հասարակության, մասնավոր կազմակերպությունների և իշխանության մարմինների իրազեկությունը լանդշաֆտի արժեքի, դերի և փոփոխությունների մասին:

Բ. Ուսուցում և կրթություն

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է խրախուսել`

ա) մասնագետների պատրաստումը` լանդշաֆտի գնահատման և այլ գործառույթներով զբաղվելու համար,

բ) լանդշաֆտային քաղաքականության, լանդշաֆտի պահպանության, կառավարման ու պլանավորման մուլտիդիսցիպլինար ծրագրերի մշակումը մասնավոր և պետական հատվածների մասնագետների ուսուցման համար,

գ) դպրոցական և համալսարանական դասընթացների նախապատրաստումը, որոնք համապատասխան առարկաներում բացահայտում են լանդշաֆտների արժեքը և հիմնախնդիրները` կապված դրանց պահպանության, կառավարման և պլանավորման հետ:

Գ. Նույնացում և գնահատում

1. Շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ, ինչպես նախատեսված է 5-րդ հոդվածում, և լանդշաֆտների մասին գիտելիքների ամրապնդման նպատակով յուրաքանչյուր Կողմ նախաձեռնում է.

ա) 1. իրականացնել իր ամբողջ տարածքում լանդշաֆտների նույնացումը,

2. վերլուծել դրանց հատկություններն ու դրանք ձևափոխող ուժերն ու գործոնները,

3. նկատի առնել փոփոխությունները,

բ) գնահատել նույնացված լանդշաֆտը` հաշվի առնելով շաահգրգիռ կողմերի և բնակչության կողմից առանձնացված արժեքները:

4. Այդպիսի դասակարգման և գնահատման գործընթացները պետք է ուղեկցվեն Եվրոպայի մակարդակով կազմակերպվող` Կողմերի միջև փորձի ու մեթոդների փոխանակությամբ` 8-րդ հոդվածի համաձայն:

Դ. Լանդշաֆտի որակի նպատակը

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է սահմանել դասակարգված և գնահատված լանդշաֆտի նպատակահարմար որակի նպատակը հասարակության հետ խորհրդակցելուց հետո` 5-րդ հոդվածի «գ» կետի համաձայն:

Ե. Իրականացում

Լանդշաֆտային քաղաքականությունն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ներկայացնել համապատասխան իրավական ակտեր` ուղղված լանդշաֆտի պահպանությանը, կառավարմանն ու պլանավորմանը:

 

Գ լ ու խ  3 

 

Եվրոպական համագործակցություն

 

Հոդված 7 Միջազգային քաղաքականություն և ծրագրեր

 

Կողմերը պարտավորվում են համագործակցել միջազգային քաղաքականության և ծրագրերի շրջանակներում լանդշաֆտների հետ կապված քննարկումների առումով և երաշխավորել, որ, անհրաժեշտության դեպքում, լանդշաֆտի հետ կապված նկատառումները կընդգրկվեն այդ քննարկումներում:

 

Հոդված 8 Փոխադարձ աջակցության և տեղեկատվության փոխանակում

 

Սույն Կոնվենցիայի այլ հոդվածներով ամրագրված դրույթների արդյունավետության բարձրացման նպատակով Կողմերը պարտավորվում են համագործակցել, մասնավորապես`

ա) լանդշաֆտային խնդիրների վերաբերյալ մինյանց տեխնիկական և գիտական աջակցություն ցուցաբերելու, միասնաբար գործելու, գիտահետազոտական ծրագրերի և փորձի փոխանակման միջոցով,

բ) նպաստել լանդշաֆտի մասնագետների փոխանակմանը, մասնավորապես` ուսուցման և տեղեկատվության նպատակով,

գ) տեղեկատվություն փոխանակել սույն Կոնվենցիայի դրույթների շրջանակներում ընդգրկված բոլոր խնդիրների վերաբերյալ:

 

Հոդված 9 Անդրսահմանային լանդշաֆտներ

 

Կողմերը կխրախուսեն անդրսահմանային համագործակցությունը տեղական և տարածաշրջանային մակարդակով և, անհրաժեշտության դեպքում, կմշակեն և կիրականացնեն համատեղ լանդշաֆտային ծրագրեր:

 

 

Հոդված 10 Կոնվենցիայի իրականացման նկատմամբ հսկողությունը

 

1. Եվրոպայի խորհրդի կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն` գոյություն ունեցող իրավասու Փորձագետների կոմիտեները կնշանակվեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից, որոնք պատասխանատու կլինեն սույն Կոնվենցիայի իրականացմանը հետևելու համար:

2. Փորձագետների կոմիտեների յուրաքանչյուր հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի ընթացիկ և կատարված աշխատանքների մասին զեկույցը կփոխանցի նախարարների կոմիտեին:

3. Փորձագետների կոմիտեները Նախարարների կոմիտեին կառաջարկեն Եվրոպայի խորհրդի` Լանդշաֆտի մրցանակով պարգևատրման չափանիշները ու կանոնները:

 

Հոդված 11 Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակը

 

1. Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակը շնորհվում է տեղական և տարածաշրջանային իշխանության մարմիններին և դրանց խմբերին, կազմելով սույն Կոնվենցիայի Կողմի լանդշաֆտային քաղաքականության մի մասը, լանդշաֆտային քաղաքականության կամ պաշտպանության, կառավարման և/կամ պլանավորման միջոցառումների իրականացման համար, որոնք հաստատվել են իրենց երկարաժամկետ արդյունավետությամբ և կարող են օրինակ ծառայել Եվրոպայի այլ տարածաշրջանային իշխանությունների համար: Մրցանակը կարող է շնորհվել նաև ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք հատուկ նշանակալի ավանդ ունեն լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում:

2. Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակի համար դիմումները կներկայացվեն Փորձագետների կոմիտեներին` սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված դրույթներին համապատասխան:

Անդրսահմանային տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինները, տեղական և տարածաշրջանային մարմինների խմբերը կարող են դիմել այն դեպքում, եթե դիտարկվող լանդշաֆտը կառավարվում է համատեղ:

3. Փորձագետների կոմիտեների առաջարկությամբ, ինչպես նշված է 10-րդ հոդվածում, նախարարների կոմիտեն որոշում և հրապարակում է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի մրցանակով պարգևատրման չափանիշները, ընդունում է անհրաժեշտ կանոններն ու շնորհում մրցանակները:

4. Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի մրցանակի շնորհումը պետք է խրախուսվի պարգևատրվողին և երաշխավորի լանդշաֆտի տարածքի կայուն պահպանությունը, կառավարումը և/կամ պլանավորումը:

 

Գ լ ու խ  4 

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 12 Այլ փաստաթղթերի հետ հարաբերակցությունը

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն վնասի լանդշաֆտի պահպանության, կառավարման ու պլանավորման հետ կապված ավելի խիստ դրույթների, որոնք ընդգրկված են գործող կամ հետագայում պարտավորեցնող ազգային կամ միջազգային փաստաթղթերում:

 

Հոդված 13 Ստորագրումը, վավերացումը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի 10 անդամ պետությունների կողմից սույն հոդվածի նախորդ կետի դրույթներին համապատասխան Կոնվենցիայով պարտավորված լինելու համաձայնություն հայտնելուց հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Ինչ վերաբերում է սույն Կոնվենցիան ստորագրած այլ պետության, որը Կոնվենցիայով պարտավորված լինելու իր համաձայնությունը կհայտնի հետագայում, ապա Կոնվենցիան նրա համար ուժի մեջ կմտնի վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ տալու օրվանից երեք ամիս անց:

 

Հոդված 14 Միանալը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպական համայնքին և որևէ եվրոպական պետության, որը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, միանալու սույն Կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետում նախատեսված ձայների մեծամասնության որոշմամբ և Նախարարների կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող կողմ պետությունների միաձայն քվեարկությամբ:

2. Ինչ վերաբերում է որևէ պետության կամ Եվրոպական համայնքին, որը միացել է սույն Կոնվենցիային, ապա Կոնվենցիան նրա համար ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու օրվանից հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 15 Տարածքային կիրառություն

 

1. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական համայնք կարող է ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման կամ միացման փաստաթուղթը ի պահ տալիս մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ գործելու է սույն Կոնվենցիան:

2. Յուրաքանչյուր Կողմ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ավելի ուշ հասցեագրված հայտարարության համապատասխան, կարող է տարածվել սույն Կոնվենցիայի կիրառումը հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Նման տարածքի վերաբերյալ Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից երեք ամիս անց:

3. Յուրաքանչյուր հայտարարությունից, որը արված է ըստ վերը նշված երկու կետերի, Կողմը կարող է հրաժարվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցմամբ: Այդպիսի հրաժարումը ուժի մեջ կմտնի համապատասխան ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 16 Չեղյալ հայտարարելը

 

1. Յուրաքանչյուր Կողմ ցանկացած պահի կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին այդ մասին ծանուցում ուղարկելով:

2. Այդպիսի չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 17 Փոփոխություններ

 

1. Յուրաքանչյուր Կողմ կամ 10-րդ հոդվածում հիշատակված Փորձագետների կոմիտեները կարող են սույն Կոնվենցիայում փոփոխություններ առաջարկել:

2. Փոփոխության յուրաքանչյուր առաջարկության մասին կծանուցվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որն, իր հերթին, կհայտնի այդ մասին Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, այլ Կողմերին և 14-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիային միանալու հրավեր ստացած յուրաքանչյուր եվրոպական ոչ անդամ պետության:

3. 10-րդ հոդվածում հիշատակված Փորձագետների կոմիտեները ուսումնասիրում են յուրաքանչյուր առաջարկված փոփոխություն և Կողմերի ներկայացուցիչների ձայների երեք քառորդ մեծամասնությամբ ընդունված տեքստը ներկայացնում են Նախարարների կոմիտեի ընդունմանը: Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` Նախարարների կոմիտեում նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անդամ Կողմերի միաձայն քվեարկությամբ ընդունված տեքստը պետք է ուղարկվի Կողմերին` ընդունման համար:

4. Յուրաքանչյուր փոփոխություն Կողմերի համար ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի 3 անդամ պետությունների կողմից փոփոխությունը ընդունվելու մասին Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը: Յուրաքանչյուր Կողմի համար, որը հետագայում կընդունի նման փոփոխությունը, այն ուժի մեջ կմտնի դրա ընդունման վերաբերյալ Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո երեք ամիսը հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 18 Ծանուցումներ

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, յուրաքանչյուր պետության կամ Եվրոպական համայնքին, որոնք միացել են սույն Կոնվենցիային, հետևյալի մասին.

ա) Կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրման,

բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման փաստաթուղթ ի պահ տալու,

գ) 13-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածներին համապատասխան` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ժամկետի,

դ) 15-րդ հոդվածին համապատասխան կատարված հայտարարության,

ե) 16-րդ հոդվածին համապատասխան կատարված չեղյալ հայտարարմանը,

զ) 17-րդ հոդվածին համապատասխան կատարված փոփոխման առաջարկության, ընդունված փոփոխության և դրա ուժի մեջ մտնելու ժամկետի,

է) սույն Կոնվենցիային առնչվող այլ փաստաթղթի ծանուցման, տեղեկատվության կամ հաղորդման:

Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Ֆլորենցիա քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 20-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստն էլ հավասարազոր են, որոնք կպահպանվեն Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, որևէ պետության կամ Եվրոպական համայնքին, որոնք հրավիրված են` միանալու սույն Կոնվենցիային:

 

Ուժի մեջ է մտել 01.07.2004թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան