Գլխավոր տեղեկություն
Номер
N 2146-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2003-29.08.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.127
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.2003
Дата вступления в силу
15.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2013

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2146-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մաքսային ծառայողի ծառայողական քննության անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունվարի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2146-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային ծառայողի ծառայողական քննության անցկացման կարգը:

2. Ծառայողական քննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրով սահմանված մաքսային ծառայողի կողմից պարտականությունների և լիազորությունների խախտման, թերացման, չկատարման կամ վերազանցման բացահայտման միջոցառումների ամբողջությունն է:

3. Ծառայողական քննությունն անցկացվում է մաքսային ծառայողի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի կամ մաքսային ծառայողի «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված պահանջի հիման վրա՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ:

4. Ծառայողական քննություն կարող է անցկացվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ:

5. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) նախագահի որոշմամբ՝ ծառայողական քննության վարույթն իրականացնում է վերադաս մաքսային մարմնի վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման աշխատողը կամ աշխատանքային խումբը՝ ելնելով գործի բնույթից:

6. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող մաքսային ծառայողն իրավունք ունի իմանալու, թե ինչում է մեղադրվում, ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ներկայացնելու ապացույցներ, հարուցելու միջնորդություններ, ստանալու իրավաբանական օգնություն:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող մաքսային ծառայողը պարտավոր է ժամանակին ներկայանալ հանձնաժողովի, վարույթ իրականացնող աշխատողի (աշխատանքային խմբի) կանչով, տալ ճշմարտացի բացատրություններ:

8. Ծառայողական քննության վարույթ իրականացնող աշխատողը (աշխատանքային խումբը) ծառայողական քննություն անցկացնելիս, անհրաժեշտության դեպքում, հարցումների միջոցով կարող է տեղեկատվություն ստանալ նաև ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:

9. Ծառայողական քննության վարույթ իրականացնող աշխատողը (աշխատանքային խումբը) ծառայողական քննության վարույթ անցկացնելիս ծառայողական քննության հետ առնչվող անձանցից վերցնում է բացատրություններ, ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքները և այլ նյութեր, անհրաժեշտության դեպքում՝ պատճենահանում դրանք, կազմում է առաջարկություն և ներկայացնում հանձնաժողովին:

10. Առաջարկությունը քննարկվում է հանձնաժողովի նիստում և տրվում է համապատասխան եզրակացություն, որը ներկայացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:

11. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա վերադաս մաքսային մարմնի ղեկավարը ընդունում է համապատասխան որոշում:

12. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև 60 օր՝ հանձնաժողովի որոշմամբ:

Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների հետ, կարող է երկարաձգվել մինչև 30 օր:

13. Հանձնաժողովի որոշման հիման վրա վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան