Գլխավոր տեղեկություն
Номер
N 129-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2003-02.10.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.225
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2003
Дата вступления в силу
07.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.09.2013

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2003 թվականի N 129-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» N 1698-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամը» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 18
Երևան

  

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 129-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ, ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Ս. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ, ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական
Ս. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ, ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական
Ռ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության պետ, ՀՀ հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
Ս. Ղուշչյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության տեղեկատվության և վերլուծության բաժնի պետ, ՀՀ հարկային ծառայության մայոր
Ա. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ԴԱՀԿԾ-ի հետ աշխատանքների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 129-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի անհատական կազմը, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարի ներկայացմամբ, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույն որոշմամբ հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարն անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հիմնավորված առաջարկություն հանձնաժողովի անդամի փոփոխման վերաբերյալ:

4. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է սույն աշխատակարգի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարկային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման հավասար մատչելիության ապահովումը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,

բ) հարկային ծառայության համար արհեստավարժ կադրերի ընտրության և ծառայողական առաջխաղացման արդյունավետ իրականացումը,

գ) անցկացվող մրցույթների թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը՝ համաձայն հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի,

դ) ատեստավորման միջոցով հարկային ծառայողի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության, ինչպես նաև նրա ծառայողական առաջխաղացման նպատակահարմարության գնահատումը:

6. Հանձնաժողովը՝

ա) օրենքով նախատեսված հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ընդունում է որոշում բաց մրցույթ կազմակերպելու մասին.

բ) բաց մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ առնվազն 3 հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով և Ինտերնետի՝ հարկային ծառայության պաշտոնական էջում հրապարակում է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխան ներկայացվող պարտադիր պահանջներն ու թեստերի հարցաշարը.

գ) օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ընդունում է որոշում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ և Գ խմբերի թափուր պաշտոնները համալրելու նպատակով փակ մրցույթ կազմակերպելու մասին և հրապարակում այն.

դ) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման միջոցով ընդունում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների և հարկային ծառայողների (այսուհետ` քաղաքացիներ) փաստաթղթերը.

ե) ստուգում է քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի օրինականությունը և ընդունում որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

զ) կրկնակի մրցույթ անցկացնելու մասին ընդունում է որոշում և անցկացնում կրկնակի մրցույթ, եթե մրցույթի հարցազրույցի փուլ ոչ մի մասնակից չի անցել կամ եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել, կամ եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պարտադիր պահանջներին անհամապատասխանություն կամ օրենքով սահմանված սահմանափակում կամ անցկացված մրցույթը դատական կարգով անվավեր է ճանաչվել.

է) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ և ընդունում որոշումներ.

ը) կազմում և հաստատում է թեստավորման առաջադրանքները.

թ) մինչև թեստավորումը և հարցազրույցն սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեաթերթերի համար նախատեսված արկղերը.

ժ) կազմում է թեստեր՝ մրցույթի և ատեստավորման թեստավորման փուլն անցկացնելու համար.

ժա) գաղտնիությունն ապահովելու նպատակով թեստավորումն անցկացնում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ.

ժբ) իրականացնում է մրցույթի մասնակիցների և ատեստավորման ենթակա հարկային ծառայողների թեստավորում.

ժգ) ստուգում և գնահատում է մրցույթի մասնակիցների և ատեստավորվող հարկային ծառայողների թեստավորման արդյունքները.

ժդ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ժե) հաստատում և հրապարակում է մրցույթի ու ատեստավորման հաջորդ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների և ատեստավորվողների ցուցակը.

ժզ) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժէ) մրցույթի և ատեստավորման մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

ժը) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

ժթ) քվեարկության արդյունքում ընդունում է որոշում մրցույթի հաղթող (հաղթողներ) ճանաչելու մասին.

ի) համապատասխան պաշտոնի համար թեկնածուի ընտրության և ատեստավորման ժամանակ առաջնորդվում է տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխանող պահանջներով.

իա) ամփոփում է մրցույթի և ատեստավորման արդյունքները.

իբ) մրցույթի պայմանները չբավարարած անձանց գրավոր հայտնում է դրա մասին՝ մրցույթի ավարտից հետո 7-օրյա ժամկետում.

իգ) հրապարակում է մրցույթի կամ ատեստավորման արդյունքները.

իդ) մրցույթի ավարտից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարին ներկայացնում է գրավոր եզրակացություն մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին.

իե) ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարին ներկայացնում է հարկային ծառայողի մասին գրավոր եզրակացություն.

իզ) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուի մասին տալիս է եզրակացություն.

իէ) վարում է հարկային ծառայողների՝ սույն կետի «իե» ենթակետով նախատեսված եզրակացությունների ռեեստրը, ինչպես նաև հետևում է, որ նշված եզրակացությունները կցվեն հարկային ծառայողի անձնական գործին.

իը) քննարկում է մրցույթի և ատեստավորման արդյունքների հետ կապված մրցույթի մասնակիցների և ատեստավորվողների բողոքները, անհրաժեշտության դեպքում տալիս է նոր եզրակացություն.

իթ) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է քվեարկության միջոցով:

9. Հանձնաժողովի ընդունած որոշումներն իրավազոր են, եթե դրանց ընդունմանը մասնակցել է հանձնաժողովի առնվազն 6 անդամ:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

11. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են գրավոր և ստորագրվում հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի կողմից: Սույն աշխատակարգի 6-րդ կետի «ժթ», «իդ», «իե» և «իզ» ենթակետերով նախատեսված որոշումն ու եզրակացություններն ստորագրում են հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած բոլոր անդամները:

12. Հանձնաժողովն ունի իր անվանմամբ կնիք և ձևաթղթեր: Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ապահովման գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարի կողմից դրվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ստորաբաժանումներից մեկի վրա:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

13. Հանձնաժողովի նախագահը՝

ա) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) տնօրինում է հանձնաժողովի կնիքը.

դ) համաձայն սահմանված կարգի՝ կազմակերպում և իրականացնում է թեստերի կազմման և թեստավորման անցկացման աշխատանքների նկատմամբ հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է դադարեցնել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի և ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների ու բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

է) կնքում է թեստերի ամփոփաթերթերը, քվեաթերթերը և հանձնաժողովի որոշումները.

ը) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարի համաձայնությամբ իր գործառույթների իրականացումը ժամանակավորապես վերալիազորում է հանձնաժողովի այլ անդամի.

թ) հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարում է հանձնաժողովի այլ անդամի.

ժ) հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգի խախտման դեպքում գրավոր տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարին.

ժա) իրականացնում է սույն աշխատակարգի 15-րդ կետով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

14. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է մրցույթի մասնակիցներին և ատեստավորվողներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) կազմում է սույն աշխատակարգի 6-րդ կետի «իե» և «իզ» ենթակետերով նախատեսված եզրակացությունները.

դ) իրականացնում է սույն աշխատակարգի 15-րդ կետով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

15. Հանձնաժողովի անդամը՝

ա) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է հանձնաժողովի նիստը.

բ) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և իրավունք ունի հարցեր տալու մասնակիցներին.

դ) հարցազրույցից հետո մասնակցում է հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի (ատեստավորվողի) համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.

ե) մասնակցում է քվեաթերթիկների «կողմ» և «դեմ» ձայները հաշվելուն և հետևում հանձնաժողովի քարտուղարի կողմից դրանց գրացմանը եզրակացության մեջ.

զ) ստորագրում է մրցույթի կամ ատեստավորման եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և առանձին թղթի վրա շարադրած ու ստորագրած կարծիքը կցում եզրակացությանը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել հանձնաժողովին կամ դատարան:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.2013, N 873-Ն 07.09.2013, N 129-Ն
06.04.2006, N 445-Ն 27.04.2006, N 129-Ն
11.09.2003, N 1139-Ն 02.10.2003, N 129-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան