Գլխավոր տեղեկություն
Номер
N 133-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2003-26.06.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.12/14(249) Հոդ.230
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2003
Дата вступления в силу
13.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 133-Ն

 

«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Արփա-Սևան» թունելի հետագա անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման, ինչպես նաև հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքները թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

ա) մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կանոնադրությունը.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել «Արփա-Սևան» թունելի ու դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման ժամանակավոր կանոնները՝ սահմանված կարգով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ.

գ) վերանայել «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի իրավասությունները, նրան վերապահելով՝

«Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքում համապատասխան թերությունների ակտերի կազմման աշխատանքների կատարումը.

«Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների նորոգման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների պատվիրատուի գործառույթները.

«Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների ու սարքավորումների անխափան, անվտանգ շահագործումը, պահպանումը, ինչպես նաև թունելով Սևանա լիճ ջրի անխափան տեղափոխումը, կարգավորումն ու ջրաչափությունը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) 2003 թվականից սկսած տալ մասնագիտական եզրակացություն «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի կողմից «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքների հիման վրա կազմված թերությունների ակտերի մասին.

բ) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման արդյունքներով կազմված թերությունների ակտերի հիման վրա փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ներկայացնել փորձագիտական եզրակացություն՝ այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին վճարում իրականացնելու նպատակով.

գ) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման ընթացքում, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի աշխատանքներում լրացուցիչ ընդգրկել իրավասու նախարարությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետներին:

4. Սահմանել, որ՝

ա) «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնանորոգման, վերակառուցման, շինարարական և նախագծային աշխատանքները, ինչպես նաև ընթացիկ նորոգումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

բ) ընթացիկ նորոգման և վերանորոգման աշխատանքները կատարվում են առանց Սևանա լիճ տեղափոխվող ջրի չափաքանակի նվազեցման.

գ) հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսը վերագրել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանման ծախսերին, իսկ 2004 թվականի և հետագա տարիների համար նշված խնդիրները սահմանված կարգով քննարկել, համապատասխան հայտերով, բյուջետային գործընթացի շրջանակներում:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Արփա-Սևան թունելի անխափան շահագործման և տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 189 որոշումը՝ բացառությամբ 1-ին և 9-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Արփա-Սևան թունելի հիմնանորոգման աշխատանքները կազմակերպելու մասին» N 188 որոշումը և սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի N 188 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պայմանագիր կնքելու մասին» N 586 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2003 թ. փետրվարի 21
  Երևան 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 133-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Ղուկասյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Է. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական համակարգերի շահագործման համակարգման վարչության ոռոգման բաժնի պետ
Թ. Մարգարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ
Է. Մանվելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության պետի տեղակալ
Վ. Սարգսյան - ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության հիդրոլոգիայի և ջրային ռեսուրսների կենտրոնի  պետ
Թ. Մկրտչյան - ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության լեռնային տեսչության պետ
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան - «Հայկական սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանության գիտահետազոտական ինստիտուտ»  փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիայի վարիչ
Մ. Խաչատրյան - «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության ինժեներահետախուզական բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Գ. Պետրոսյան - «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության «Արփա-Սևան» թունելի նախագծի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Լ. Մանուկյան - «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաց լեռնային աշխատանքների և գեոմեխանիկայի լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Թովմասյան - «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան