Գլխավոր տեղեկություն
Номер
N 1586-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2002-20.08.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1071
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2002
Дата вступления в силу
31.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.08.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1586-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 203 որոշման 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1586-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կրթության բնագավառում մատուցում է ծառայություններ՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակը կրթական գործունեության լիցենզավորման և ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրման համար եզրակացություն տալն է։

8. Գործակալության խնդիրն է նախարարին ներկայացնել եզրակացություններ՝

ա) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կրթական գործունեության լիցենզավորման մասին,

բ) միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման մասին,

գ) լիցենզիա ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից լիցենզավորման պայմանների ապահովման ու պահանջների բավարարման մասին։

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) իրականացնում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերում նշված տվյալների՝ ըստ կրթական ծրագրերի (նրանց մասնագիտությունների) լիցենզավորման պայմաններին ու պահանջներին համապատասխանության ստուգում և ուսումնասիրություններ.

բ) նախարարին է ներկայացնում եզրակացություն միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց մասնաճյուղերին կրթական գործունեության լիցենզիա տալու, ինչպես նաև տրված լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին.

գ) փորձաքննության, ուսումնական հաստատության և նրա շրջանավարտների ատեստավորման արդյունքների հիման վրա նախարարին ներկայացնում է եզրակացություն մասնագիտությունների պետական հավատարմագրման, ինչպես նաև տրված հավատարմագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.

դ) տրամադրում է տեղեկատվություն լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին.

ե) մասնակցում է լիցենզավորման, ուսուցման որակի նկատմամբ պետական վերահսկողության և հավատարմագրման ոլորտի վերաբերյալ նորմատիվ ակտերի նախագծերի, մեթոդական փաստաթղթերի մշակման աշխատանքներին.

զ) կազմակերպում է քննարկումներ, գիտաժողովներ, խորհրդակցություններ լիցենզավորման և հավատարմագրման հարցերի վերաբերյալ:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ։

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է կրթական գործունեության լիցենզավորման, ուսումնական հաստատությունների ուսուցման որակի ատեստավորման և դրանց մասնագիտությունների հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Գործակալության պետն իր գործունեությամբ անմիջականորեն ենթարկվում է նախարարին և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ե) նախարարին, անհրաժեշտության դեպքում, նրա տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) կատարում է աշխատանքի բաշխում գործակալության աշխատողների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1586-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Հանրակրթական ծրագրերի բաժին

 

Մասնագիտական կրթական ծրագրերի բաժին

 

Վերլուծական-տեղեկատվական բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2009, N 915-Ն 20.08.2009, N 1586-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան