Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ղեկավարվելով հայ-բուլղարական միջազգային կապերի զարգացման, անասնաբուժության բնագավառում համագործակցությունը խորացնելու ցանկությամբ,
որոշեցին կնքել սույն Կոնվենցիան և պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերի համագործակցությունը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածման հնարավոր աղբյուրներ հանդիսացող կենդանիների, կենդանական ծագման մթերքների և հումքի, անասնակերերի ու այլ ապրանքների ներկրման, արտահանման ու տարանցման ժամանակ անասնահամաճարակից իրենց տարածքները պաշտպանելու անհրաժեշտությամբ:
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց տեղեկացնել Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի «Ա» ցուցակում նշված հիվանդությունների հայտնաբերման մասին` նշելով անապահով գոտու, օբյեկտի, դրանում հիվանդ կենդանիների տեսակի ու քանակի, հիվանդության ընթացքի ձևերի, վարակի բռնկման ենթադրվող ուղիների, ինչպես նաև հիվանդության տարածումը կանխելու և վերացնելու համար ձեռնարկվող միջոցառումների մասին:
2. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար տեղեկացնել տարափոխիկ հիվանդությունների հայտնաբերման, կենդանիների մոտ կամ կենդանական ծագման արտադրանքի մեջ կենսաբանական ու քիմիական նյութերի և մեխանիկական կերախառնուրդների առկայության մասին, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց և կենդանիների առողջության համար:
3. Անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերը փոխադարձ օգնություն են ցույց տալիս կենդանիների բռնկված հիվանդությունների ախտորոշման գործում, իրականացնում են մանրէաբանական և վիրուսային շտամների փոխանակում, ընդ որում պահպանելով գործող միջազգային կանոնները:
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայում «կենդանիներ» տերմինի տակ հասկացվում են`
ա) միասմբակավորները (ձիեր, ավանակներ, ջորիներ և այլն),
բ) ընտանի և վայրի երկսմբակավորները (խոշոր եղջերավոր անասուններ, ցուլեր, ուղտեր, ոչխարներ, այծեր, խոզեր),
գ) ընտանի և վայրի կրծողները,
դ) ընտանի թռչունները (հավեր, հնդկահավեր, սագեր, բադեր, խայտահավեր և այլն),
ե) դեկորատիվ թռչունները (փասիաններ, կաքավներ, ցախաքլորներ և այլն),
զ) տարաշխարհիկ թռչունները և կենդանիները,
է) մեղուները,
ը) ձկները, կակղամորթները, խեցեմորթները, կրիաները, գորտերը, շերամաորդերը և այլն:
2. Սույն Կոնվենցիայում «կենդանիների վերարտադրության նյութեր» տերմինի տակ հասկացվում են`
ա) սերմնահեղուկը, ձվաբջիջները, զիգոտան և սաղմը:
3. Սույն Կոնվենցիայում «կենդանիների վերարտադրության մթերքներ» տերմինի տակ հասկացվում են`
ա) կենդանական ծագման հումքը` չվերամշակված վիճակում,
բ) սննդի մեջ օգտագործվող կենդանական ծագման մթերքները, ենթամթերքները և պատրաստի անասնապահական արտադրանքը, միսը և մսամթերքները, կաթը և կաթնամթերքները, մեղրը և այլն,
գ) կենդանական պատկանելության ոչ սննդային մթերքները:
4. «Անասնակեր» ասելով` սույն Կոնվենցիայում պետք է հասկանալ`
ա) բուսական, կենդանական, հանքային, մանրէաբանական, քիմիական և կենդանիների կերակրման համար օգտագործվող այլ պատկանելության բոլոր կերերը, որոնք չեն պարունակում թունավոր նյութեր և թույլատրելի սահմանը գերազանցող չափաքանակներ:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «կենդանիների» ցանկում չնախատեսված` վերարտադրության համար նյութերը և կենդանական ծագման մթերքները պետք է, յուրաքանչյուր առարկայական դեպքում, հատուկ քննության առնվեն Պայմանավորվող կողմերի անասնաբուժական ծառայությունների ղեկավարությունների կողմից:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար միմյանց կտեղեկացնեն կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ իրենց երկրներում գործող հրահանգների մասին, տեղեկատվություն փոխանակեն կենդանիների և կենդանական ծագման մթերքների, անասնակերերի և պետական անասնաբուժական հսկողությանը ենթակա մյուս բեռների արտահանման, ներմուծման և տարանցման գծով անասնաբուժասանիտարական պահանջների մասին, ինչպես նաև այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվում են ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` թունավոր մթերքների, ռադիոակտիվ նյութերի օգտագործման հետևանքով ծագած հիվանդությունների ժամանակ, որոնք կարող են տնտեսական մեծ կորուստներ պատճառել:
Հոդված 4
Անասնաբուժության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները.
1. Փոխանակում են նորմատիվ ակտեր և անասնաբուժական բժշկության հետ կապված հատուկ այլ տեղեկատվություն:
2. Ժամանակին փոխադարձաբար տեղեկացնում են անասնաբուժական բժշկության բնագավառում նախանշվող հանդիպումների ու խորհրդակցությունների մասին, որպեսզի Պայմանավորվող կողմերի մասնագետները հնարավորություն ունենան մասնակցելու դրանց:
3. Անասնաբուժական բժշկության բնագավառում համագործակցում են`
ա) անասնաբուժաբժշկական գործունեության զարգացման և հետագա կատարելագործման, անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման համար փորձի և գիտելիքների փոխանակման ձևով,
բ) անասնաբուժական բժշկության բնագավառում մասնագիտական գրականության ու պարբերական հրատարակությունների փոխանակման ձևով,
գ) անասնաբուժական մասնագետների փոխադարձ այցելությունների ձևով,
դ) Պայմանավորվող կողմերի արտադրած անասնաբուժական պատրաստուկների (դեղամիջոցներ, հակապարազիտային, իմունակենսաբանական և ախտորոշիչ միջոցներ) առևտրական փոխանակման համար փոխշահավետ պայմանների ստեղծման, ինչպես նաև արտադրական և անասնաբուժական առևտրական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղիով:
Հոդված 5
1. Սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված` փաստաթղթերի փոխանակման ծախսերը կիրագործվեն այն Կողմի հաշվին, որը դրանք ուղարկում է:
2. Մասնագետների փոխանակումը կիրագործվի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների փոխադարձ պայմանավորվածությամբ: Այդ դեպքում ուղևորությունների ծախսերը կատարվում են ուղարկող երկրների կողմից: Այն կողմը, որը նրանց ընդունում է, վճարում է օրավարձն ու բնակարանային ծախսերը, ինչպես նաև, հաստատված ծրագրին համապատասխան, երկրի ներսում ուղևորությունների հետ կապված ծախսերը:
Հոդված 6
Պայմանավորվող կողմերը կպարտավորեցնեն իրենց երկրների իրավասու պետական անասնաբուժական մարմիններին, համաձայն Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի Միջազգային կենդանասանիտարական օրենսգրքի, մշակել կենդանիների, անասնապահական ծագման մթերքների, անասնակերերի և այլ ապրանքների, որոնք կարող են լինել վարակիչ մակաբույծ, այդ թվում` տարափոխիկ հիվանդությունների հարուցիչներ կրողներ, արտահանման, ներմուծման, տարանցման գծով առևտրական գործարքների անասնաբուժասանիտարական հատուկ կանոններ և փոխհամաձայնեցված պահանջներ:
Երկու երկրների պետական անասնաբուժաբժշկական ծառայության ղեկավարները կարող են անմիջական կապեր իրականացնել սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված` անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման համար կամ հանդիպումներ կազմակերպել ծագող հիմնախնդիրների համար խորհրդակցությունների անցկացման և նախազգուշական միջոցառումների համատեղ մշակման համար:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում սահմանային անասնաբուժական հսկողություն է իրականացնում կենդանիների, կենդանական ծագման մթերքների և հումքի, անասնակերերի և այլ ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման ժամանակ, որոնք կարող են լինել կենդանիների վարակիչ, այդ թվում` տարափոխիկ հիվանդությունների հարուցիչներ կրողներ:
Սահմանային անասնաբուժական հսկողությունն իրականացվում է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների սահմանային հսկիչ անասնաբուժական կետերի կողմից: Անհրաժեշտության դեպքում սահմանային հսկիչ անասնաբուժական կետերը կարող են փակվել կամ բացվել նորերը` Պայմանավորվող կողմերի նախնական գրավոր ծանուցումից հետո:
Հոդված 8
Սույն Կոնվենցիայի համաձայն` անասնաբուժական հավաստագրերը կլինեն համանման, ինչպես որոշված է Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի Միջազգային կենդանասանիտարական օրենսգրքով, և կլրացվեն պետական անասնաբուժական ծառայության մասնագետների կողմից` երկու լեզվով` արտահանող երկրի լեզվով և անգլերեն (կամ ռուսերեն):
Հոդված 9
Եթե Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ծագում են Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի «Ա» ցուցակում նշված հիվանդություններ, ապա մյուս Կողմը այդ մասին պետք է տեղեկացնի հակառակ Կողմի Կենտրոնական պետական անասնաբուժական ծառայությանը` կենդանիների, կենդանական ծագման մթերքների և հումքի, կենսապատրաստուկների, անասնակերերի և այլ նյութերի ներմուծման և տարանցման սահմանափակումը կամ անհապաղ արգելումը, որոնց միջոցով կարող է փոխանցվել հիվանդության հարուցիչը:
Հոդված 10
Եթե բեռի (ծանրոցի) կամ կենդանիներով, կենդանական ծագման մթերքներով ու անասնակերերով բեռնված ինքնուրույն փոխադրամիջոցի սահմանային անասնաբուժական զննության ժամանակ պարզվի, որ դրանք չեն համընկնում անասնաբուժական հավաստագրի տվյալներին և չեն համապատասխանում անասնաբուժասանիտարական պահանջներին, ինչպես նաև, եթե ծանրոց տեղափոխող փոխադրամիջոցը նույնպես չի համապատասխանում անասնաբուժասանիտարական պահանջներին, ներմուծողի պետական անասնաբուժական մարմինները տեղեկացնում են արտահանող երկրի պետական անասնաբուժական մարմիններին և, գործող անասնաբուժական փաստաթղթերի համաձայն, ձեռնարկում են միջոցառումներ իր տարածքը կենդանիների վարակիչ ու ինվազիոն հիվանդություններից, այդ թվում` տարափոխիկ հիվանդություններից պաշտպանելու ուղղությամբ:
Հոդված 11
Սույն Կոնվենցիայի պայմանները կարող են ընդլայնվել Պայմանավորվող կողմերի համար վտանգավոր հայտնի և մինչ այժմ անհայտ հիվանդությունների մասին լրացուցիչ արձանագրություններով:
Հոդված 12
Սույն Կոնվենցիան չի վերաբերում Պայմանավորվող կողմերի համար միջազգային պայմանագրերով, որոնց նրանք մասնակցում են, սահմանված իրավական հարաբերություններին ու պարտավորություններին:
Հոդված 13
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում` դրա կատարման համար անհրաժեշտ ներքին գործընթացների կատարման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի վերջին ծանուցումից 30 օր հետո:
Հոդված 14
Կոնվենցիայի հանձնարարականների իրականացման ընթացքում ծագած վիճելի հարցերը լուծվում են յուրաքանչյուր կողմից երեք ներկայացուցիչ ընդգրկող խառն հանձնաժողովի կողմից: Այն հրավիրվում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից պահանջ ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում` նրա տարածքում: Եթե այս ձևով ձեռք չի բերվում ընդունելի որոշում, վիճելի հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհով:
Հոդված 15
Սույն Կոնվենցիան կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարվա համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը այդ ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուսին չի տեղեկացնի և չի արտահայտի իր ցանկությունը Կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 6-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|