Գլխավոր տեղեկություն
Номер
N 1354-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.2003-27.03.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1091
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.11.2003
Дата вступления в силу
06.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1354-Ն

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական փոխհատուցման նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական փոխհատուցման ֆինանսավորումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1354-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցներին և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիներին (այսուհետ` վետերաններ) էլեկտրաէներգիայի վարձավճարի համար և տրանսպորտից օգտվելու արտոնության փոխարեն դրամական փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

ա) վետերաններին` ամսական 2000 դրամ,

բ) հաշմանդամ վետերաններին՝ ամսական 2500 դրամ:

3. Փոխհատուցումը տրվում է տրանսպորտից անվճար երթևեկության վկայականը հետ վերադարձնելու մասին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա:

4. Փոխհատուցումը նշանակում է վետերանի գրանցման վայրի, իսկ վճարում՝ փաստացի բնակության վայրի սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն)՝ վետերանի կողմից գրավոր դիմումն անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացվելու դեպքում:

5. Փոխհատուցում ստանալու համար վետերանները կենտրոն են ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք բնակության վայրից, վետերանի կարգավիճակը հաստատող վկայական, իսկ հաշմանդամ վետերանների համար՝ նաև հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից՝ տրանսպորտից անվճար օգտվելու վկայականը վերադարձնելու վերաբերյալ:

6. Փոխհատուցումը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից և վճարվում է պատվովճարների համար սահմանված կարգով:

Վետերանի ցանկությամբ, հետագայում կրկին դրամական փոխհատուցման փոխարեն նրան կարող է տրամադրվել տրանսպորտով անվճար երթևեկելու կտրոն: Այս դեպքում վետերանի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենտրոնը դադարեցնում է նրան նշանակված փոխհատուցման վճարումը: Վճարման դադարեցման մասին տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սահմանված կարգով վետերանին տրամադրում է տրանսպորտով անվճար երթևեկելու կտրոն:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը փոխհատուցման վճարման համար անհրաժեշտ գումարների մասին ամփոփ տվյալներն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, ֆինանսավորումից հետո, ապահովում է յուրաքանչյուր ամիս փոխհատուցման վճարումը կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:

8. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն ըստ փոխհատուցում ստացած վետերանների ցուցակների Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին տեղեկատվություն:

9. Վետերաններին արտոնությունների փոխարեն դրամական փոխհատուցում նշանակելու պահից դադարեցվում է ներհանրապետական միջքաղաքային ուղևորատար տրանսպորտից (50 կմ-ից ավելի) տարեկան մեկ անգամ երկկողմանի կարգով անվճար կամ զեղչ սակագներով օգտվելու համար կտրոնային թերթիկների տրամադրումը: Այն վետերաններին, որոնց արտոնությունների փոխարեն դրամական փոխհատուցում չի վճարվում, ներհանրապետական միջքաղաքային ուղևորատար տրանսպորտից (50 կմ-ից ավելի) տարեկան մեկ անգամ երկկողմանի կարգով անվճար կամ զեղչ սակագներով օգտվելու համար կտրոնային թերթիկ տրվում է միայն կենտրոններից փոխհատուցում չստանալու մասին համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան