«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 2024-Ն
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը, ինչպես նաև նշված որոշմամբ ամրագրված գործընթացները հանրապետությունում առավել արդյունավետ իրականացնելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակավոր կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 17 |
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ր Գ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ)
1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքները` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին» N 1384-Ն որոշմամբ հաստատված կարգով շենքերում ջերմամատակարարման իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակ նախկինում գործող շինարարական նորմերի համաձայն լողասենյակներում տեղադրված ջրատաքացուցիչները գազիֆիկացվում են գազային տնտեսության շահագործող տեղական կազմակերպության հետ համաձայնեցված նախագծային լուծմամբ` լողասենյակներին ներկայացվող հետևյալ պահանջների բավարարման դեպքում`
բարձրությունը` առնվազն 2,2 մետր.
ծավալը` առնվազն 7,5 խոր. մետր.
մեկուսացված` ջրատաքացուցչի ծխանցքին հավասար կամ մեծ տրամաչափ ունեցող ծխատար, և արտածող օդատար` շենքի տանիքից վեր դուրս բերված պահանջվող բարձրության, որոնց գործունակությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հաստատված լինի համապատասխան արտոնագիր ունեցող հրշեջ ընկերության կողմից վավերացված փաստաթղթով.
դուռը պետք է բացվի դեպի դուրս.
դռան ներքևի մասում` օդի ներածման համար, պետք է լինի ճեղք` 4-5 սմ բարձրությամբ (0,02 քառ. մետր կենդանի կտրվածքով ցանց):
3. Կենտրոնացված ջեռուցման բացակայության դեպքում սենքերի (այդ թվում` նաև բնակելի` բացի ննջասենյակներից) սեզոնային ջեռուցման նպատակով առաջարկվում է տեղադրել ճառագայթման և կոնվեկտիվ գործողության գազային սարքեր (բուխարի, կալորիֆեր և այլն): Տեղադրվող գազասարքերը պետք է լինեն գործարանային արտադրության` այրման արգասիքների ծխատարով հեռացմամբ:
Տվյալ սարքերի գազայրիչները պետք է ունենան, բոցի հանգչելու դեպքում, այրիչի անջատման ավտոմատ սարքավորում:
Վերոհիշյալ ջեռուցման սարքավորումների տեղադրման սենքերը պետք է ունենան օդանցքով լուսամուտներ (բացվող վերնափեղկով) կամ ջեռուցվող սենքի 1 քառ. մետր մակերեսի հաշվով 3 խոր. մետր օդի արտածման ծավալ ապահովող, շենքի տանիք դուրս եկող խողովակ (կանալ):
Օդի ներածումն ապահովելու համար սենքի դռան ներքևի մասում տեղադրվում է ցանց կամ հատակի ու դռան միջև թողնվում է ճեղք:
Արտածման խողովակի և ներածման ճեղքի չափերը յուրաքանչյուր դեպքում որոշվում է հաշվարկով:
Փայտե հատակի վրա տեղադրելիս ջեռուցման սարքավորումն անհրաժեշտ է մեկուսացնել մետաղյա թերթով, որի չափերը բոլոր կողմերից պետք է 10 սանտիմետրից ավելի լինի:
4. Ջեռուցվող սենքերում նոր ծխատարների տեղադրումը պետք է ապահովի շենքի հիմնական կառուցվածքային մասերի, ճարտարապետական տեսքի անձեռնմխելիությունը և համաձայնեցված լինի համայնքի ճարտարապետական ու քաղաքաշինական ծառայության հետ:
5. Բաժանորդի և ներտնային գազահամակարգն սպասարկող ընկերության միջև կնքվող պայմանագրում պարտադիր նշվում է օգտագործվող գազասարքի տեխնիկական հնարավորություններին համապատասխան շահագործման կանոնների` բաժանորդի կողմից անվերապահ կատարման մասին:
6. Բաժանորդի հետ պայմանագրի կնքումից հետո կատարվում է համակարգի տեխնիկական զննում, կանխարգելիչ հետազննում և դրանցից օգտվելու անվտանգության կանոնների հրահանգավորում, այնուհետև տեխնիկական սպասարկումն իրականացվում է ժամանակացույցով, որտեղ նշվում է սպասարկման աշխատանքների կատարման պարբերականությունը:
7. Բազմաբնակարան շենքերում կենցաղային գազասարքերի (գազասալիկ, ջրատաքացուցիչ, ջեռուցման սարք) տեղադրումը թույլատրվում է անկախ հարկայնությունից, եթե դրանց տեղադրման սենքերն ապահովում են գործող շինարարական նորմերի և համապատասխան տեխնիկական պայմանների պահանջները: Ջրատաքացուցիչ և ջեռուցման գազային սարքերը տասը և ավելի հարկայնության շենքերում տեղադրելու դեպքում պարտադիր է աշխատունակ ներքին հակահրդեհային ջրացանցերի և ծխահեռացման ինքնաշխատ համակարգերի առկայությունը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |