Գլխավոր տեղեկություն
Номер
N 1278-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ.1031
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.10.2003
Дата вступления в силу
06.11.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

                21 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1278-Ն

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 2141-Ն որոշման 242-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրօգտագործման ոլորտում ապօրինությունների կանխման ու վերացման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրամատակարարման և ջրօգտագործման ոլորտում ապօրինությունների կանխման ու վերացման աշխատանքների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի՝

ա) կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժգ» ենթակետով.

«ժգ) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը».

բ) կանոնադրության 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ պարբերությամբ.

«Նախագահը միաժամանակ Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչն է».

գ) կառուցվածքը «Իրավաբանական վարչություն» տողից հետո լրացնել «Տեսչական վերահսկողության վարչություն» տողով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի աշխատողների թվի փոփոխման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1278-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ջրամատակարարման և ջրօգտագործման ոլորտում ապօրինությունների հայտնաբերման, կանխման ու վերացման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ սահմանված է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով։

 

II. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

3. Ջրային համակարգերի անվտանգությունն ապահովելու, դրանց նկատմամբ խախտումներն ու ապօրինությունները կանխելու, օգտագործման համար սահմանված կանոնների, սանիտարական պայմանների պահպանման և անօտարելի գոտիների նկատմամբ խախտումների հայտնաբերման, կանխման ու վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով իրականացվում են հիդրոտեխնիկական կառուցվածքների զննումներ:

4. Ջրային համակարգերի օգտագործման և պահպանման նկատմամբ խախտումներն ու ապօրինությունները հայտնաբերելու, կանխելու ու վերացնելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է վերահսկողություն`

ա) ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների, ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման նկատմամբ.

բ) առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

գ) ջրային համակարգերի կամ դրանց մի մասի նկատմամբ (այդ թվում` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) սեփականության իրավունքը (ինքնակամ զբաղեցնելու) և դրանց օգտագործման կարգը խախտելու, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի (այդ թվում` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) օգտագործման իրավունք ձեռք բերելու և (կամ) փոխանցելու նկատմամբ.

դ) ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելու (այդ թվում` ինքնակամ օգտագործելու), ջուրն անտնտեսվար օգտագործելու, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).

ե) ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների ու անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելու, չկապարակնքելու, կապարակնիքները փոխելու (կեղծելու) կամ դիտավորյալ պոկելու, օգտագործման կանոնները խախտելու նկատմամբ.

զ) ջրային համակարգերի սանիտարական պայմանների պահպանման և անօտարելի գոտիները խախտելու նկատմամբ.

է) առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելու, ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելու նկատմամբ.

ը) արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու նկատմամբ.

թ) ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու նկատմամբ.

ժ) հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).

ժա) մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).

ժբ) բազմաբնակարան շենքի ջրի պոմպերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սանիտարական պայմանների պահպանման, շահագործման կանոնները խախտելու նկատմամբ.

ժգ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

6. Հայտնաբերված ապօրինությունների և խախտումների վերաբերյալ վարչական վարույթն իրականացվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

7. Ոռոգման ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում ապօրինությունների կանխումն ու վերացումը, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է նաև այդ համակարգերն օգտագործող կազմակերպությունների կողմից՝ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի համաձայն։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան